Ավելացվել է 47 304 բայտ,
18:03, 24 Մարտի 2014 {{{Վերնագիր
|վերնագիր = Առաջին հատոր: Գիրք առաջին - Կապիտալի Արտադրության Պրոցեսը
|հեղինակ = [[Կարլ Մարքս]]
|թարգմանիչ = անհայտ (ռուսերենից)
|աղբյուր = [[«Կապիտալ»]]
}}
{{անավարտ}}
==ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ==
===ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՐՈՑԵՍԸ ԵՎ ԱՐԺԵՔԻ ԱՃՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ===
====1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՐՈՑԵՍԸ====
Աշխատուժի սպառումը հենց ինքն աշխատանքն է։ Աշխատուժի գնորդը գործադրում է այդ աշխատուժը, նրա վաճառորդին հարկադրելով աշխատել։ Վերջինը դրա հետևանքով actu [փաստորեն] դառնում է ինքն իրեն կիրառող աշխատուժ, բանվոր, մինչդեռ առաջ նա բանվոր էր միայն potentia [պոտենցիալ կերպով]։ Իր աշխատանքն ապրանքների մեջ արտահայտելու համար նա պետք է ամենից առաջ այն արտահայտի սպառողական արժեքների մեջ, այնպիսի իրերի մեջ, որոնք այս կամ այն պահանջմունքների բավարարմանն են ծառայում։ Հետևաբար, կապիտալիստը բանվորին հարկադրում է պատրաստելու որևէ առանձնահատուկ սպառողական արժեք, որևէ որոշակի իր։ Սպառողական արժեքների կամ բարիքների արտադրության ընդհանուր բնույթը բոլորովին չի փոխվում այն հանգամանքից, որ արտադրությունը կատարվում է կապիտալիստի համար և նրա վերահսկողության տակ։ Ուստի աշխատանքի պրոցեսը անհրաժեշտ է նախ քննել որևէ որոշակի հասարակական ձևից անկախ։
Աշխատանքը նախ և առաջ մարդու ու բնության միջև կատարվող պրոցես է, մի պրոցես, որի մեջ մարդն իր սեփական գործունեությամբ միջնորդավորում, կարգավորում և վերահսկողության է ենթարկում նյութերի փոխանակությունը բնության և իր միջև։ Բնության նյութի դիմաց նա ինքն էլ կանգնած է իբրև բնության ուժ։ Իր մարմնին պատկանող բնական ուժերը՝ բազուկներն ու ոտքերը, գլուխն ու մատները նա շարժման մեջ է դնում, որպեսզի բնական նյութի յուրացնի իր սեփական կյանքի համար պիտանի որոշ ձևով։ Այդ շարժման միջոցով ներգործելով իրենից դուրս գտնվող բնության վրա և այն փոփոխելով, նա միևնույն ժամանակ փոփոխում է իր սեփական բնությունը։ Նա զարգացնում է իր բնության մեջ նիրհող կարողությունները և այդ ուժերի խաղը ենթարկում է իր սեփական իշխանությանը։ Մենք այստեղ չենք քննի աշխատանքի սկզբնական կենդանանման բնազդական ձևերը։
Հասարակության այն վիճակի համեմատությամբ, երբ բանվորը ապրանքային շուկայում հանդես է գալիս որպես իր սեփական աշխատուժի վաճառորդ՝ այն վիճակը, երբ մարդկային աշխատանքը դեռ չի ազատագրվել իր պրիմիտիվ բնազդական ձևից — նախնադարյան ժամանակների խորքերին է պատկանում։ Մենք ենթադրում ենք աշխատանքը այնպիսի ձևով, որով նա մարդու բացառիկ սեփականությունն է կազմում։ Մարդը կատարում է այնպիսի օպերացիաներ, որոնք հիշեցնում են ջուլհակի օպերացիաները, և մեղուն իր մոմեղեն բջիջների կառուցումով ամաչեցնում է մարդ-ճարտարապետներից ոմանց։ Բայց հենց սկզբից ամենավատ ճարտարապետը ամենալավ մեղվից տարբերվում է նրանով, որ ճարտարապետը նախքան բջիջը մեղրամոմից կառուցելը այն արդեն կառուցել է իր գլխում։ Աշխատանքի պրոցեսի վերջում ստացվում է այն հետևանքը, որն արդեն կար աշխատողի պատկերացման մեջ այդ պրոցեսն սկսելիս, այսինքն՝ իդեալապես։ Աշխատողը մեղվից տարբերվում է ոչ միայն նրանով, որ փոխում է բնության տվածի ձևը. բնության տվածի մեջ նա միաժամանակ իրականացնում է իր գիտակցական նպատակը, որն իբրև օրենք որոշում է նրա գործողությունների եղանակն ու բնույթը և որին նա պետք է ենթարկի իր կամքը։ Եվ այդ ենթարկումը եզակի ակտ չէ։ Բացի այն օրգանների լարումից, որոնք կատարում են աշխատանքը, աշխատանքի ամբողջ տևողության միջոցին անհրաժեշտ է նպատակահարմար կամք, որն արտահայտվում է ուշադրության մեջ և, ընդսմին այնքան ավելի շատ է անհրաժեշտ, որքան ավելի քիչ է հրապուրում բանվորին աշխատանքը իր բովանդակությամբ ու կատարման եղանակով, հետևապես, որքան ավելի քիչ է բանվորը հաճույք ստանամ աշխատանքից՝ որպես իր սեփական ֆիզիկական ու հոգեկան ուժերի խաղից։
Աշխատանքի պրոցեսի պարզ մոմենտներն են՝ նպատակահարմար գործունեությունը, կամ ինքը՝ աշխատանքը, աշխատանքի առարկան ու աշխատանքի միջոցները։
Հողը (տնտեսական տեսակետից նրա մեջ է հաշվվում նաև ջուրը), որը սկզբում մարդկանց մատակարարում է սնունդ, պատրաստի կենսամիջոցներ<ref>«Թվում է,— և իրոք հենց այդպես էլ է,— թե հողի սկզբնական արդյունքները, որոնք սահմանափակ քանակությամբ են և որոնք գոյություն ունեն մարդուց բոլորովին անկախ, բնության կողմից տրված են բոլորովին այնպես, ինչպես մի փոքր գումար փող է տրվում երիտասարդին՝ նրան գործունեության ճանապարհի վրա դնելու և նրա վիճակը տնօրինելու հնարավորություն տալու նպատակով» (James Steuart: «Principles of Political Economy», հրատ. Dublin 1770, հ. I, էջ 116)։</ref>, գոյություն ունի առանց մարդու աջակցության, որպես մարդկային աշխատանքի ընդհանուր առարկա։ Այն բոլոր առարկաները, որ աշխատանքը պետք է միայն պոկի հողի հետ ունեցած նրանց անմիջական կապից, բնությունից տրված աշխատանքի առարկաներ են։ Օրինակ, ձուկը, որին որսում, անջատում են իր կենսական տարերքից՝ ջրից, փայտը, որ կտրում են կուսական անտառում, հանքանյութը, որ հանում են երկրի ընդերքից։ Ընդհակառակը, եթե աշխատանքի առարկան ինքն արդեն, այսպես ասած, թորված է նախընթաց աշխատանքի միջոցով, ապա մենք այն անվանում ենք հում նյութ, օրինակ, արդեն հանած հանքանյութը, որ լվացման պրոցեսում է գտնվում։ Ամեն մի հում նյութ աշխատանքի առարկա է. բայց աշխատանքի ամեն մի առարկա հում նյութ չէ։ Աշխատանքի առարկան միայն այն դեպքում է հում նյութ, եթե աշխատանքի միջոցով արդեն որոշ փոփոխություն է կրել։
Աշխատանքի միջոցը իր է կամ իրերի մի կոմպլեքս, որ բանվորը զետեղում է իր և աշխատանքի առարկայի միջև, և որոնք հաղորդիչներ են ծառայում նրա ներգործությունն այդ առարկայի վրա փոխանցելու համար։ Նա օգտվում է իրերի մեխանիկական, ֆիզիկական, քիմիական հատկություններից, որպեսզի իր նպատակին համապատասխան նրանց հարկադրի գործելու որպես իր իշխանության գործիքներ<ref>«Բանականությունը նույնքան խորամանկ է, որքան և հզոր։ Խորամանկությունն ընդհանրապես այն միջնորդվող գործունեությունն է, որը առարկաներին հարկադրելով իրենց բնության համեմատ, իրար վրա ներգործելու և փոխադարձ մշակման ենթարկվելու, ընդ որում խորամանկությունն անմիջաբար չի միջամտում այդ պրոցեսին,— այնուամենայնիվ միայն իր նպատակն է իրագործում» (Hegel: «Encyklopádie». Մաս I, «Die Logik>. Berlin 1840, էջ 382)։ [Հմմտ. Гегель: «Энциклопедия философских наук». Часть I: «Логика». Госиздат, 1929, էջ 318—319։]</ref>։ Այն առարկան, որին բանվորն անմիջաբար է տիրապետում, աշխատանքի առարկա չէ, այլ աշխատանքի միջոց է,— մենք մի կողմ ենք թողնում պատրաստի կենսամիջոցներ, օրինակ, պտուղներ ձեռք գցելը, երբ միայն բանվորի մարմնի օրգաններն են ծառայում որպես աշխատանքի միջոցներ։ Այդ եղանակով հենց բնության տված իրը դառնում է նրա գործունեության օրգան, մի օրգան, որը նա միացնում է իր մարմնի օրգաններին, այդպիսով երկարացնելով, հակառակ աստվածաշնչի, իր մարմնի բնական չափերը։ Հողը, հանդիսանալով ֊մարդու սննդի սկզբնական մառան, նաև նրա աշխատանքի միջոցների սկզբնական զինարանն է։ Նա բանվորին տալիս է, օրինակ, քար, որ նա օգտագործում է նետելու, շփում առաջ բերելու, սեղմելու, կտրելու համար և այլն։ Հողն ինքը աշխատանքի միջոց է, բայց նա, գործելով հողագործության մեջ որպես աշխատանքի միջոց, իր հերթին ենթադրում է աշխատանքի այլ միջոցների մի ամբողջ շարք և աշխատուժի համեմատաբար բարձր զարգացում<ref>«Théorie de l’Économie Politique, Paris 1815» [Հատ, I, էջ 266)] ընդհանրապես խղճուկ աշխատության մեջ Գանիլը, ֆիզիոկրատների դեմ բանավիճելով, հաջող կերպով թվարկում է աշխատանքի այն պրոցեսների երկար շարքը, որոնք բուն հողագործության նախադրյալն են կազմում։</ref>։ Ընդհանրապես, երբ աշխատուժի պրոցեսը գոնե որոշ զարգացման է հասել, նա արդեն կարիք է զգում աշխատանքի մշակված միջոցների։ Հնագույն մարդու քարանձավներում մենք գտնում ենք քարե գործիքներ, ու քարե զենք։ Մարդկության պատմության առաջին աստիճաններում մշակված քարի, փայտի, ոսկրների ու խեցիների կողքին, որպես աշխատանքի միջոցներ՝ գլխավոր դեր են խաղում ընտելացրած, հետևապես, աշխատանքի միջոցով արդեն փոխված, մարդու ձեռքով բուծած կենդանիները<ref>«Réflexions sur la Formation et la Distribution des Richesses» (1766)-ում [Oeuvres, հրատ, Daire, հատ. I] Տյուրգոն լավ պարզաբանում է ընտելացրած կենդանիների կարևորությունը կուլտուրայի սկզբնավորումների համար։</ref>։ Աշխատանքի միջոցների գործածումն ու ստեղծումը, որոնք թեկուզ և սաղմնային ձևով հատուկ են կենդանիների որոշ տեսակներին, կազմում են մարդկային աշխատանքի պրոցեսի սպեցիֆիկորեն բնորոշ գիծը, ուստի և Ֆրանկլինը մարդուն բնորոշում է որպես «a toolmaking anima», որպես գործիքներ պատրաստող կենդանի։ Ինչպիսի կարևորություն որ ունի ոսկրե մնացորդների կառուցվածքը կենդանիների չքացած տեսակների կազմվածքի ուսումնասիրության համար, նույնպիսի կարևորություն ունեն աշխատանքի միջոցների մնացորդները չքացած հասարակական-տնտեսական ֆորմացիաների ուսումնասիրության համար։ Տնտեսական դարաշրջաններն իրարից տարբերվում են ո՛չ թե նրանով, թե ի՛նչ է արտադրվում, այլ նրանով, թե ինչպե՛ս, աշխատանքի ի՛նչ միջոցներով է արտադրվում<ref>Բոլոր ապրանքներից բուն պերճանքի առարկաներն ամենից քիչ նշանակություն ունեն արտադրության տարբեր դարաշրջանները տեխնոլոգիապես համեմ ատելիս։<br>5a '''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Որքան էլ մինչև այժմ պատմական գիտությունը քիչ է. ծանոթ նյութական արտադրության զարգացմանը, հետևապես, ամբողջ հասարակական կյանքի հիմքին, ուստի և ամբողջ իրական պատմությանը, այնուամենայնիվ, գոնե նախապատմական ժամանակները շրջանների են բաժանվում բնագիտական և ոչ թե, այսպես կոչված, պատմական հետազոտությունների հիման վրա, ըստ գործիքների ու զենքերի նյութին քարե դար, բրոնզե դար, երկաթե դար։</ref>։ Աշխատանքի միջոցները ո՛չ միայն մարդկային աշխատուժի զարգացման չափանիշն են, այլև հասարակական այն հարաբերությունների ցուցանիշը, որոնցում կատարվում է աշխատանքը։ Աշխատանքի միջոցների թվում աչքի են ընկնում աշխատանքի մեխանիկական միջոցները, որոնց ամբողջությունը կարելի է անվանել արտադրության ոսկրային ու մկանային սիստեմ, և որոնք կազմում են հասարակական արտադրության մի որոշ դարաշրջանի անհամեմատ ավելի շատ բնորոշ տարբերիչ հատկանիշները, քան աշխատանքի այնպիսի միջոցները, որոնք միայն աշխատանքի առարկաները պահելու համար են ծառայում և որոնց ամբողջությունը միասին կարելի է անվանել արտադրության անոթային սիստեմ, ինչպես, օրինակ, խողովակները, տակառները, զամբյուղները, ամանեղենը և այլն։ Միայն քիմիական արտադրության մեջ են սրանք կարևոր դեր խաղում[''Տես 5a ծանոթ.'']։
Բացի այն իրերից, որոնց միջոցով աշխատանքը ներգործում է աշխատանքի առարկայի վրա և որոնք այս կամ այն եղանակով ծառայում են որպես նրա գործունեության հաղորդիչներ, ավելի լայն իմաստով ըմբռնած աշխատանքի պրոցեսի միջոցներին են պատկանում այն բոլոր նյութական պայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի պրոցեսը կարողանա ընդհանրապես կատարվել։ Դրանք ուղղակի չեն մտնում պրոցեսի մեջ, բայց վերջինը առանց դրանց կամ բոլորովին անհնարին է, կամ կարող է տեղի ունենալ թերի կերպով։ Աշխատանքի այգ տեսակ ընդհանրական միջոց է դարձյալ հողը, որովհետև նա բանվորին տալիս է locus standi [կանգնելու տեղ], իսկ նրա պրոցեսին` գործողության ոլորտ (field of employment)։ Աշխատանքի այդպիսի միջոցների, բայց արդեն նախապես աշխատանքի պրոցեսին ենթարկված միջոցների օրինակ կարող են ծառայել աշխատանքի շենքերը, ջրանցքները, ճանապարհները և այլն։
Այսպես ուրեմն, աշխատանքի պրոցեսում մարդու գործունեությունն աշխատանքի միջոցի օգնությամբ առաջ է բերում աշխատանքի առարկայի նախօրոք նշված փոփոխություն։ Պրոցեսը մարում է արդյունքի մեջ։ Աշխատանքի պրոցեսի արդյունքը սպառողական արժեք է, բնության նյութ, որ ձևի փոփոխության միջոցով հարմարեցված է մարդկային պահանջմունքներին։ Աշխատանքը միացել է աշխատանքի առարկայի հետ։ Աշխատանքը դրոշմվել է առարկայի մեջ, իսկ առարկան մշակվել է։ Այն, ինչ բանվորի կողմում արտահայտվում է շարժման ձևով [Unruhe], արդյունքի կողմում հիմա երևան է գալիս հանգչող հատկության ձևով [ruhende Eigenschaft], կեցության ձևով։ Բանվորը մանել է, և արդյունքը մանվածք է։
Եթե ամբողջ պրոցեսը քննենք նրա հետևանքի — արդյունքի տեսակետից, ապա թե՛ աշխատանքի միջոցը և թե՛ աշխատանքի առարկան, երկուսն էլ հանդես են գալիս որպես արտադրամիջոցների<ref>Պարադոքսային է թվում, օրինակ, այն ձուկը, որ դեռ բռնված չէ, ձկնորսության համար արտադրամիջոց անվանելը։ Բայց մինչև հիմա դեռ չի գտնված այն արվեստը, որով կարելի չիներ ձուկ որսալ այն ջրերում, որտեղ ձկներ չկան։</ref>, իսկ ինքը աշխատանքը՝ որպես արտադրողական աշխատանք<ref>Արտադրողական աշխատանքի ալդ սահմանումը, որ աշխատանքի պարդ պրոցեսի տեսակետից է ստացվում, բոլորովին բավական չէ արտադրության կապիտալիստական պրոցեսի համար։</ref>։
Երբ մի սպառողական արժեք աշխատանքի պրոցեսից դուրս է գալիս որպես արդյունք, ապա, որպես արտադրության միջոցներ, նրա մեջ մտնում են ուրիշ սպառողական արժեքներ՝ աշխատանքի նախընթաց պրոցեսների արդյունքներ։ Միևնույն սպառողական արժեքը որպես աշխատանքի մեկ պրոցեսի արդյունք ծառայում է աշխատանքի մի ուրիշ պրոցեսի համար որպես արտադրամիջոց։ Ուստի արդյունքները աշխատանքի պրոցեսի ո՛չ միայն հետևանքը, այլև միաժամանակ նրա պայմանն են։
Բացի արդյունահանող արդյունաբերությունից, որն իր աշխատանքի առարկան բնության մեջ է գտնում,— ինչպես հանքային գործը, որսորդությունը, ձկնորսությունը և այլն (հողագործությունն այն չափով միայն, որչափով նա առաջին անգամ է կուսական հողը մշակում),— արդյունաբերության բոլոր ճյուղերը գործ ունեն այնպիսի առարկայի հետ, որը հում նյութ է, այսինքն՝ աշխատանքի այնպիսի առարկա, որն արդեն աշխատանքի պրոցեսի միջոցով թորվել է, և որը ինքն արդեն աշխատանքի արդյունք է։ Այսպես է, օրինակ, սերմացուն հողագործության մեջ։ Կենդանիներն ու բույսերը, որոնք սովորաբար բնության արդյունք են համարվում, փաստորեն ո՛չ միայն նախընթաց տարվա աշխատանքի արդյունք են, այլև իրենց այժմյան ձևերով շատ սերունդների ընթացքում մարդու վերահսկողության տակ, մարդկային աշխատանքի միջոցով կատարված ձևափոխությունների արդյունք են։ Իսկ ինչ վերաբերում է բուն աշխատամիջոցներին, ապա դրանց հսկայական մեծամասնությունը ամենամակերեսային հայացքի համար անգամ ցույց է տալիս անցյալ աշխատանքի հետքերը։
Հում նյութը կարող է արդյունքի գլխավոր սուբստանցը կազմել կամ նրա գոյացմանը մասնակցել միայն որպես օժանդակ նյութ։ Օժանդակ նյութը կամ սպառվում է աշխատամիջոցների կողմից, ինչպես օրին., ածուխը՝ շոգեմեքենայի կողմից, յուղը՝ անիվի կողմից, խոտը՝ բանող ձիու կողմից, կամ միանում է հումքին, որպեսզի նրա մեջ նյութական փոփոխություն կատարի — ինչպես օրին., քլորը՝ չսպիտակացրած կտավին, ածուխը՝ երկաթին, ներկը՝ բրդին,— կամ օժանդակում է հենց աշխատանքի կատարմանը, ինչպես, օրինակ, աշխատանքի շենքը լուսավորելու ու տաքացնելու համար գործադրվող նյութերը։ Բուն քիմիական արտադրության մեջ գլխավոր նյութի ու օժանդակ նյութի միջև եղած տարբերությունը չքանում է, որովհետև գործադրվող հում նյութերից ոչ մեկը կրկին երևան չի գալիս որպես արդյունքի սուբստանց<ref>Շտորխը տարբերություն է դնում բուն հում նյութի՝ որպես «matère»-i և օժանդակ նյութերի` որպես «matériaux»-ի միջև [H. Storch: «Cours d’Économie Politique», Paris 1815, հ. I, գլ. 6, գիրք II, էջ 288։ Հմմտ. Г. Шторх: «Kypc политической экономии», հ. I, գիրք II, գլ. 6, էջ 129։ Թարգմ. Վերնադսկու խմբագրությամբ, ՍՊԲ, 1881]։ Շերբուլյեն օժանդակ նյութերն անվանամ է «matières instrumentales» [Cհerbuliez: «Richesse ou Pauvreté», Paris 1841, էջ 14]։</ref>։
Որովհետև ամեն մի իր բազմաթիվ հատկություններ ունի, հետևապես և պիտանի է օգտագործման զանազան եղանակների համար, ուստի միևնույն արդյունքը կարող է աշխատանքի շատ տարբեր պրոցեսների համար հում նյութ ծառայել։ Օրինակ, հացահատիկը հում նյութ է ջրաղացպանի, օսլայի գործարանատիրոջ, օղեգործի, անասնաբույծի համար և այլն։ Որպես սերմացու նա հում նյութ է դառնում իր սեփական արտադրության համար։ Ճիշտ այդպես էլ ածուխը հանքարդյունաբերությունից դուրս է գալիս որպես արդյունք և հանքարդյունաբերության մեջ է մտնում որպես արտադրամիջոց։
Միևնույն արդյունքը կարող է աշխատանքի միևնույն պրոցեսի մեջ ծառայել որպես աշխատանքի միջոց ու որպես հում նյութ։ Օրինակ, գիրացվող անասունը մշակման ենթարկվող հում նյութ է և միաժամանակ պարարտանյութ պատրաստելու միջոց։
Սպառման համար պատրաստի ձևով գոյություն ունեցող արդյունքը կարող է նորից դառնալ մի ուրիշ արդյունքի հում նյութ, ինչպես, օրին., խաղողը՝ գինու հում նյութ։ Կամ թե աշխատանքը իր արդյունքը թողնում է այնպիսի ձևերով, երբ արդյունքը կարող է գործադրություն գտնել միայն որպես հում նյութ։ Հում նյութն այդ վիճակում կոչվում է կիսաֆաբրիկատ կամ, գուցե, ավելի ճիշտ կլիներ այն անվանել միջական ֆաբրիկատ [Stufenlabrikat], ինչպես, օրինակ, բամբակը, թելերը, մանվածքը և այլն։ Սկզբնական հում նյութը, ինքն արդեն արդյունք լինելով, պետք է, սակայն, անցնի մի ամբողջ շարք տարբեր պրոցեսներ, որտեղ նա շարունակ փոփոխվող ձևով յուրաքանչյուր անդամ գործում է նորից որպես հում նյութ, մինչև չհասնի, վերջապես, աշխատանքի վերջին պրոցեսին, որից նա դուրս է գալիս արդեն որպես սպառման պատրաստի առարկա կամ որպես պատրաստի աշխատամիջոց։
Այսպես ուրեմն, որոշ սպառողական արժեք հում նյութ է արդյոք, աշխատամիջոց է թե արդյունք, այդ ամբողջովին կախված է աշխատանքի պրոցեսում նրա կատարած որոշ ֆունկցիայից, այն տեղից, որ նա գրավում է այդ պրոցեսում, և այդ տեղի փոփոխվելով՝ փոխվում են նաև նրա սահմանումները։
Ուստի, աշխատանքի նոր պրոցեսների մեջ մտնելով որպես արտադրամիջոցներ, արդյունքները կորցնում են արդյունքների բնույթը։ Նրանք այստեղ արդեն գործում են լոկ որպես կենդանի աշխատանքի նյութական գործոններ։ Մանողը իլիկը համարում է միայն միջոց, որով նա մանում է, իսկ վուշը միայն մի առարկա, որ նա մանում է։ Իհարկե, չի կարելի մանել առանց մանելու նյութի ու առանց իլիկի։ Ուստի մանելն սկսելիս ենթադրվում է այդ արդյունքների առկայությունը։ Բայց այդ պրոցեսի համար նույնքան քիչ նշանակություն ունի այն հանգամանքը, որ վուշն ու իլիկը նախընթաց աշխատանքի արդյունք են, ինչպես սնման գործողության համար քիչ նշանակություն ունի այն, որ հացը գյուղացու, ջրաղացպանի, հացթուխի և ուրիշների նախընթաց աշխատանքի արդյունք է։ Ընդհակառակը։ Եթե արտադրամիջոցներն աշխատանքի պրոցեսում նույնիսկ երևան են հանում իրենց բնույթը որպես նախընթաց աշխատանքի արդյունքներ, ապա այդ երևան են հանում միայն իրենց պակասությունների հետևանքով։ Այն դանակը, որը չի կտրում, այն մանվածքը, որը շարունակ փրթվում է և այլն, իսկույն հիշեցնում են A դանակագործին և B մանողին։ Հաջողված արդյունքի մեջ ջնջված-չքացած է նրա սպառողական հատկությունների ստեղծման մեջ նախընթաց աշխատանքի մասնակցության ամեն մի հետք։
Այն մեքենան, որ աշխատանքի պրոցեսի մեջ չի ծառայում, անօգտակար է։ Բացի դրանից, նա ենթարկվում է նյութերի բնական փոխանակության քայքայիչ ներգործությանը։ Երկաթը ժանգոտում է, փայտը փտում է։ Այն մանվածքը, որը չի օգտագործվելու գործելու կամ հյուսելու համար, փչացած բամբակ է։ Կենդանի աշխատանքը պետք է ընդգրկի այդ իրերը, նրանց հարություն տա մեռելներից, միայն հնարավոր սպառողական արժեքներից նրանց դարձնի իրական ու գործող սպառողական արժեքներ։ Աշխատանքի հրով բռնված, որը նրանց ասիմիլյացիայի է ենթարկում որպես իր մարմինը, կոչված լինելով աշխատանքի պրոցեսում իրենց իդեային ու կոչմանը համապատասխանող ֆունկցիաների, նրանք թեև գործադրվում են, բայց գործադրվում են նպատակահարմար կերպով, որպես այնպիսի նոր սպառողական արժեքներ, նոր արդյունքներ ստեղծելու տարրեր, որոնք ընդունակ են որպես կենսամիջոցներ մտնելու անհատական սպառման ոլորտը կամ, որպես արտադրամիջոցներ՝ աշխատանքի նոր պրոցեսի մեջ։
Այսպես ուրեմն, եթե առկա արդյունքներն աշխատանքի պրոցեսի ո՛չ միայն հետևանքներն են, այլև նրա պայմանները, ապա, մյուս կողմից, աշխատանքի պրոցեսի մեջ նրանց մտնելը, այսինքն՝ կենդանի աշխատանքի հետ նրանց շփումը միակ միջոցն է՝ նախընթաց աշխատանքի այղ արդյունքները որպես սպառողական արժեքներ պահպանելու և իրացնելու համար։
Աշխատանքը սպառում է իր նյութական տարրերը, իր առարկան ու իր միջոցները, լափում է դրանք, ուստի և սպառման պրոցես է։ Այս արտադրողական սպառումը նրանով է տարբերվում անհատական սպառումից, որ վերջինում արդյունքները սպառվում են որպես կենդանի անհատի կենսամիջոցներ, իսկ առաջինում՝ որպես աշխատանքի, գործունեության մեջ դրսևորվող աշխատուժի կենսամիջոցներ։ Այս պատճառով անհատական սպառման արդյունքը հենց ինքն սպառողն է, իսկ արտադրողական սպառման հետևանքը՝ սպառողից տարբերվող արդյունքն է։
Որչափով իրենք՝ աշխատանքի միջոցներն ու աշխատանքի առարկան արդյունքներ են արդեն, աշխատանքը արդյունքները գործադրում է արդյունքներ արտադրելու համար, կամ օգտվում է արդյունքներից՝ որպես արդյունքներ արտադրելու միջոցներից։ Բայց, ինչպես որ աշխատանքի պրոցեսն սկզբում կատարվում է միայն մարդու ու. հողի միջև, որը գոյություն ունի առանց նրա աջակցության, այնպես էլ աշխատանքի պրոցեսում հիմա դեռ մասնակցում են այնպիսի արտադրամիջոցներ, որոնք բնությունից են տրված և բնության նյութի ու մարդկային աշխատանքի միացություն չեն ներկայացնում։
Աշխատանքի պրոցեսը, ինչպես որ մենք այն պատկերեցինք նրա պարզ ու աբստրակտ մոմենտներով, նպատակահարմար գործունեություն է սպառողական արժեքներ ստեղծելու համար, բնության տվածի յուրացում է մարդկային պահանջմունքները բավարարելու համար, մարդու և բնության միջև նյութերի փոխանակության ընդհանուր պայման է, մարդկային կյանքի հավիտենական բնական պայման, ուստի և նա կախված չէ այդ կյանքի որևէ ձևից, այլ, ընդհակառակը, հավասարապես ընդհանուր է մարդկային կյանքի բոլոր հասարակական ձևերի համար։ Ուստի մեզ համար անհրաժեշտ չէր բանվորին դիտել ուրիշ բանվորների հետ ունեցած հարաբերության մեջ։ Մարդն ու իր աշխատանքը մի կողմում, բնությունն ու իր նյութերը մյուս կողմում, այսքանը բավական էր։ Ինչպես որ ցորենի համից չի կարելի իմանալ, թե ո՛վ է այն մշակել, այնպես էլ աշխատանքի այս պրոցեսից չի երևում, թե ի՛նչ պայմաններում է նա կատարվում՝ արդյոք ստրուկներին հսկող վերակացուի դաժան մտրակի տակ, թե կապիտալիստի մտահոգված աչքի առջև, արդյոք այն կատարում է իր մի քանի յուգերը մշակող Ցինցինատր, թե վայրենին, որ քարով գազան է սպանում<ref>Վերին աստիճանի տրամաբանական այս հիմքից ելնելով, գնդապետ Տորրենսը կապիտալի սկիզբը հայտնագործում է — վայրենու քարի մեջ։ «Առաջին քարի մեջ, որ վայրենին շպրտում է իր հետապնդած գազանի վրա, առաջին փայտի մեջ, որ նա բռնում է այն պտուղները ցած քաշելու համար, որոնք իր ձեռքը չի հասնում, մենք տեսնում ենք մի առարկայի յուրացում՝ մի ուրիշը ձեռք բերելու նպատակով, և այսպիսով հայտնագործում ենք կապիտալի սկիզբը» (R. Torrens։ «An Essay on the Production of Wealth etc.», էջ 70, 71)։ Հավանորեն, հենց այդ առսջին փայտով [stock] պետք է բացատրել, թե ինչու անգլերենում stock-ը կապիտալ բառի հոմանիշն է։</ref>։
Սակայն վերադառնանք մեր in spe կապիտալիստին [հեռանկարային կապիտալիստին]։ Մենք նրան թողինք այն բանից հետո, երբ նա ապրանքային շուկայում գնեց աշխատանքի պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր գործոնները՝ նյութական գործոնները, կամ արտադրամիջոցները, և անձնական գործոնը, կամ աշխատուժը։ Նա գործիմաց մարդու խորամանկ հայացքով տնտղեց իր առանձին ձեռնարկության՝ մանարանի, կոշկի գործարանի և այլ ձեռնարկությունների համար պահանջվող արտադրամիջոցներն ու աշխատասերը։ Եվ այսպես. մեր կապիտալիստը ձեռնամուխ է լինում իր գնած ապրանքը՝ աշխատուժը գործադրելուն, այսինքն՝ հարկադրում է աշխատուժը կրողին, բանվորին, որ սա իր աշխատանքի միջոցով գործադրի արտադրության միջոցները։ Աշխատանքի պրոցեսի ընդհանուր բնույթը, իհարկե, չի փոխվում այն բանից, որ բանվորն այգ աշխատանքը կատարում է կապիտալիստի համար և ոչ հենց իրեն համար։ Բայց այն որոշ եղանակն էլ, որով կոշիկ են պատրաստում կամ մանվածք մանում, նույնպես միանգամից չի կարոդ փոփոխվել կապիտալիստի միջամտության հետևանքով։ Սկզբի շրջանում կապիտալիստը պետք է աշխատուժը վերցնի այն ձևով, ինչպես գտնում է շուկայում, հետևապես, նույն կերպով պետք է վերցնի նաև աշխատանքը, ինչպես վերջինը զարգացել է այն ժամանակաշրջանում, երբ դեռ կապիտալիստներ չկային։ Արտադրության. բուն եղանակի փոփոխությունը, որպես աշխատանքը կապիտալին ենթարկելու հետևանք, կարող է կատարվել միայն հետագայում, ուստի և քննության ենթակա է միայն հետագայում։
Աշխատանքի պրոցեսը, որպես կապիտալիստի կողմից աշխատուժը գործադրելու պրոցես, երկու յուրատեսակ առանձնահատկություն է ներկայացնում։
Բանվորն աշխատում է կապիտալիստի հսկողության տակ, որին պատկանում է նրա աշխատանքը։ Կապիտալիստը հսկում է, որ աշխատանքը կատարվի կանոնավոր, և արտադրամիջոցները նպատակահարմար գործադրվեն, հետևապես՝ հում նյութը չվատնվի և աշխատանքի գործիքներին խնամքով վերաբերվեն, այսինքն՝ դրանք փչանան ։միայն այն չափով, որչափով այդ պահանջում է դրանց գործադրումը աշխատանքի մեջ։
Իսկ երկրորդ արդյունքը կապիտալիստի սեփականությունն է, ոչ թե անմիջաբար արտադրողինը, բանվորինը։ Կապիտալիստը վճարում է, օրինակ, աշխատուժի օրական արժեքը։ Ուրեմն, աշխատուժի, ինչպես և ամեն մի ուրիշ ապրանքի գործադրումը, օրինակ, ձիունը, որ նա վարձում է մի օրով,— օրվա ընթացքում պատկանում է նրան։ Ապրանքի սպառումը պատկանում է ապրանքի գնորդին, և աշխատուժի տերը, իր աշխատանքը տալով, փաստորեն տալիս է միայն իր վաճառած սպառողական արժեքը։ Այն րոպեից, երբ նա կապիտալիստի արհեստանոցն է մտնում, նրա աշխատուժի սպառողական արժեքը, այսինքն՝ նրա գործադրումը, աշխատանքը, կապիտալիստին է պատկանում։ Կապիտալիստը, աշխատուժը գնելով, հենց բուն աշխատանքը՝ որպես կենդանի ֆերմենտ, միացնում է արդյունքի գոյացման մեռյալ տարրերին, որոնք դարձյալ նրան են պատկանում։ Նրա տեսակետից աշխատանքի պրոցեսը լոկ նրա գնած ապրանքի, աշխատուժի սպառումն է, բայց նա միայն այն ժամանակ կարող է գործադրել աշխատուժը, երբ դրան միացնի արտադրամիջոցները։ Աշխատանքի պրոցեսը պրոցես է այն իրերի միջև, որ գնել է կապիտալիստը, պրոցես նրան պատկանող իրերի միջև։ Ուստի այդ պրոցեսի արդյունքը պատկանում է նրան ճիշտ այնպես, ինչպես նրա գինու մառանում կատարվող խմորման պրոցեսի արդյունքը<ref>«Արդյունքները յուրացվում են նախքան նրանց փոխարկումը կապիտալի. այդ փոխարկումը նրանց չի ազատում այդպիսի յուրացումից» (Cհerbuliez: «Richesse ou Pauvreté», հրատ. Paris, 1841, էջ 54)։ «Պրոլետարը, իր աշխատանքը վաճառելով կենսամիջոցների (approvisionnement) մի որոշ քանակով, բոլորովին հրաժարվում է արդյունքի որևէ բաժնից։ Արդյունքների յուրացումը մնում է նույնը, ինչպես և առաջ. այդ յուրացումը ամենևին չի փոխվում հիշյալ պայմանագրով։ Արդյունքը պատկանում է բացառապես կապիտալիստին, որը տվել է հում նյութերն ու approvisionnement-ը։ Այս մի խիստ հետևություն է յուրացման օրենքից, որի հիմնական սկզբունքը, ընդհակառակը, այն էր, թե ամեն մի բանվոր սեփականության բացառիկ իրավունք ունի իր արդյունքի վրա» (նույն տեղում, էջ 58)։ «Քանի որ բանվորները աշխատավարձով են աշխատում..., ապա կապիտալիստը ո՛չ միայն կապիտալի [այստեղ հասկացվում են արտադրամիջոցները], այլ նաև աշխատանքի (of the labour also) սեփականատերն է։ Եթե, ինչպես այս սովորաբար արվում է, կապիտալ հասկացության մեջ մտցվում է այն, ինչ որ տրվում է որպես աշխատավարձ, ապա անհեթեթություն է աշխատանքի մասին կապիտալից անջատ խոսելը։ Կապիտալ բառն այս իմաստով ընդգրկում է թե՛ մեկը և. թե՛ մյուսը, թե՛ կապիտալը և թե՛ աշխատանքը»։ (James Mill: «Elements of Political Economy etc.». London 1821, էջ 70, 71)։</ref>։
====2. ԱՐԺԵՔԻ ԱՃՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ====
Արդյունքը — կապիտալիստի սեփականությունը — որոշ սպառողական արժեք է՝ մանվածք, կոշիկներ և այլև։ Բայց թեև, օրինակ, կոշիկները որոշ չափով կազմում են հասարակական առաջադիմության պատվանդանը, և թեև մեր կապիտալիստը մի վճռական առաջադիմական մարդ է, նա, այնուամենայնիվ, կոշիկները հենց ի սեր կոշիկների չի պատրաստում։ Ապրանքային արտադրության պայմաններում սպառողական արժեքն ընդհանրապես այն իրը չէ, «qu’on aime pour lui-même» [որը սիրում են հենց նրա սիրուն]։ Այստեղ սպառողական արժեքներն ընդհանրապես արտադրվում են այն պատճառով ու այն չափով միայն, որ պատճառով ու որչափով նրանք նյութական սուբստրատ են, փոխանակային արժեքի կրողներ։ Եվ մեր կապիտալիստը հոգում է երկու տեսակ բանի մասին։ Առաջին, նա ուզում է արտադրել փոխանակային արժեքով օժտված սպառողական արժեք, վաճառելու հատկացված առարկա, ապրանք։ Եվ երկրորդ, նա ուզում է - արտադրել այնպիսի ապրանք, որի արժեքն ավելի է նրա արտադրության համար անհրաժեշտ ապրանքների արժեքից, ավելի է արտադրամիջոցների ու աշխատուժի արժեքի գումարից, որոնց համար նա ապրանքային շուկայում իր սեփական փողն է ավանսավորել։ Նա ուղում է nչ միայն սպառողական արժեք արտադրել, այլև ապրանք, ո՛չ միայն սպառողական արժեք, այլև արժեք, և ո՛չ միայն արժեք, այլև հավելյալ արժեք։
Եվ, իսկապես, որովհետև այստեղ խոսքն ապրանքային արտադրության մասին է, ապա, ակներև է, որ մինչև հիմա մենք քննել ենք պրոցեսի միայն մի կողմը։ Ինչպես որ ապրանքն ինքն սպառողական արժեքի ու արժեքի միասնություն է, այնպես էլ ապրանքի արտադրության պրոցեսը
<references>