***
Այդ ժամանակ Խոյ, Սալմաստ եւ Թադէի Վանքը ունէինք սահմանագլխի կոմիտէներ, որոնք զբաղւում էին երկիր զէնք, ռազմամթերք եւ ընկերներ — խմբեր ճամբելով, երկրի եւ արտասահմանի միջեւ յարաբերութիւններ պահպանելով։
Այդ կոմիտէները, գլխաւորութեամբ Թաւրիզի Կ․ Կոպիտէի, եղել են, ճիշդ է, մեծապէս Երկրի համար աշխատող եւ անգնահատելի օրգաններ, բայց նրանք մեծ դեր են կատարել եւ Ատրպատականի հայոց կրթական, իրաւական, ինքնապաշտպանութեան եւ այլ գործերի մէջ։ Մակուի, Խոյի, Սալմաստի, Ուրմիի, Թաւրիզի եւ ուրիշ վայրերի բոլոր դպրոցների հիմնադիրներն եղել են Երկիր գնացող, կամ Երկրից եկող ու ժամանակաւորապէս այդ շրջաններն ապաստանող յեղափոխական գործիչներ, ո՛չ միայն մեր կուսակցութեան, այլեւ միւս կուսակցութիւններին պատկանող։
Ամէն մի կոպիտէ ունէր իր ներկայացուցիչները, որոնց այն ժամանակ մենք կատակով անուանում էինք «Դաշնակցական Խաներ»,— միշտ դրսեցի՝ ե՛ւ ռուսահայ, ե՛ւ թուրքահայ, ե՛ւ ամերիկահայ։
Ներկայացուցիչն ունէր իր տրամադրութեան տակ մի քանի սենեակնոց բնակարան, մի քանի զինուորներ, ձիեր եւայլն։ Սրանք, այսպէս կոչուած, Դաշնակցութեան կայաններն էին եւ ներկայացուցիչները՝ կայանի պետեր։
Նրանք էին հոգում երկրից եկող եւ գնացող, արտասահման անցնող ընկերների պէտքերը, — ապրուստը՝ քանի որ այնտեղ են, ճանապարհածախս, անցագիր, ճանապարհի դիւրութիւններ եւայլն։ Նրանք էին տեղաւորում եւ պաշտպանում դրսից եկած զէնքերը, ռամամթերք եւ այլ ապրանքներ՝ Երկրի համար։
Նրանք էին այդ ապրանքները, մաս առ մաս, Երկրից եկած եւ իրենց գտած սուրհանդակներով Երկիր փոխադրում։
Նրանք էին Երկրի հետ նամակային յարաբերութիւն պահողը, դարձեալ սուրհանդակներով՝ թերթ, ընթերցանութեան այլ նիւթեր ուղարկողը եւայլն։ Մի խօսքով, նրանք ե՛ւ մեր հաղորդակցութեանց միջոցն էին, ե՛ւ մեր դրսի հետ յարաբերելու խողովակը, ե՛կ ամէն բան։
Պէտք է ասել, որ այդ սահմանագլխի գործունէութիւնը նոյնքան դժուար ու զոհողութիւն պահանջող էր, որքան ե՛ւ Երկրի։ Բայց առհասարակ ամէնքը, մանաւանդ իրենք՝ ներկայացուցիչներն իրենց դերի մասին շատ քիչ կարծիք ունէին, իբր թէ ո՛վ Երկիր չի մտել, նա յեղափոխական ցենզ չունի, այսպէս կոչուած <i>թիկունքի հերոս է</i>․ միայն վախտոկներն են սահմանի վրայ նստում եւ այլ նման անարժէք առարկութիւններ։ Ամէնքը մոռանում էին, սակայն, որ առանց դրանց Երկրի գործունէութիւնը անհնարին էր եւ որ նրանք այդ գործունէութեան մի մասնիկն էին։
Պարսից կառավարութիւնը, ի հարկէ, այս բոլորը տեսնում էր, տեսնում էր եւ լռում։ Թէ ինչո՞ւ, այդ մասին պէտք է կարդալ սահմանագլխի ընկերների յիշողութիւնները։ Պէտք է ասել, որ մենք, ի հարկէ, որոշ չափով արտաքին երեւոյթը պահում էինք․ մէկը վարժապետ էր, միւսը՝ տեսուչ, երրորդը՝ առաջնորդի փոխանորդ, մի ուրիշը ատամնաբոյժ կամ լուսանկարիչ եւայլն։
Այս կոպիտէների բիւտջէն մեծ մասով ապահովուած էր կուսակցութեան կեդրոնական սնտուկից։ Ի հարկէ, երբ դրամ կար այդ սնտուկի մէջ։ Իսկ շատ յաճախ այդ ներկայացուցիչները անձնական որեւէ պաշտօն կամ սեփական գործ ունէին եւ դրանով էին ապրում։ Զուտ տեղական եկամուտները ամենալաւ կազմակերպուած ժամանակներն անգամ չնչին բաներ էին, որովհետեւ տեղական դրամական զոհողութիւնները մեծ մասամբ վերապահում էին տեղական մշակութային կարիքներին։
Այդ ժամանակուայ Խոյի ներկայացուցիչն էր Ամերիկայից եկած մի երիտասարդ ընկեր — <i>Մալխասը՝ Ա․ Յովսէփեանը</i>, որը Ամերիկայից հետը բերել էր ամերիկացիներին յատուկ բոլոր տարօրինակութիւնները, որոնք յաճախ զաւեշտականութեան էին հասնում… Բայց պատմեմ իմ գլխուն եկածը։
Տղաներին թողնելով շուկայի խանի մէջ, ինքս անճամբ գնացի հայոց թաղը՝ մեր պարոններին տեսնելու եւ կարգադրութիւն խնդրելու մեր վիճակի մասին, թէեւ մարդ էի ճամբել եւ երկար սպասել անպատասխան։
Հարցուփորձով, վերջապէս, գտնում եմ «մեր տունը», որ այն ժամանակ Հայոց թաղը չգիտեմ ո՞ր փողոցն էր, գերմանական առաքելութեան ճիշդ դէմը։ Դուռը ծեծում եմ․ գալիս է ծառան կամ գուցէ զինուորներից մէկը։ Հարցնում եմ․
<i>
— Պր․ Արտաշէս Յովսէփեանը տա՞նն է։
— Այո՛։
— Խնդրում եմ դուրս կանչել, կարեւոր գործ ունիմ…
— Խնդրեմ, սպասեցէք այստեղ</i> (դռան անցքում, բայց ներսից)<i> ե՛ս նրան կանչեմ…</i>
Մի քանի րոպէ անց տեսնեմ գալիս է երկար մազերով, բանաստեղծի շարժումներով, միջահասակ մի պարոն եւ հարցնում է ինձ․
<i>
— Դուք ինձ կը հարցնէիք կոր։
— Այո՛, ես Թիֆլիսից եմ գալիս, նամակ ունիմ ձեզ եւ խնդրանք։
— Խնդրեմ։</i>
Նամակը տալիս եմ․ Բժ․ Տ․ Դաւթեանն էր գրել, մի քանի խօսք․— <i>«Նամակաբերը մեր լաւ ընկերներից է, գալիս է Վան անցնելու, խնդրում ենք ամէն դիւրութիւն ցոյց տալ…»</i>։
<i>
— Ախպա՛ր, մենք հոս իշու գլուխ ենք, ի՞նչ է․ տարիներով հոս կը սատկինք, կը նստինք, որ Երկիր երթանք․ անդին Թիֆլիսէն այսօր կու գան հոս, վաղը մեկնիլ կʼուզեն…</i>
Չգիտէի, թէ ի՞նչ ասեմ։ Ճիշդն ասած՝ մի քիչ վախեցայ․ ասեցի՝ չլինի՞ թէ ինձ խանգարէ։ Մէկ էլ դարձաւ ինձ, նայեց ոտքերիս եւ դեւոտուեց, — նկատելով, որ ես երկարավիզ կօշիկներով եմ…
<i>
— Ախպա՛ր, աս ի՞նչ խայտառակութիւն է․ չէ՞ք գիտեր, որ հոս մենք ամէն զգուշութիւն կʼընենք, որ կառավարութիւնը չնկատէ ֆիդայիներու անցուդարձը։ Վերջերս խիստ հսկողութիւն կայ, կʼուզեն մեզ ձերբակալել, դուք ալ կու գաք ու շուկայի մէջ ասանկ ճըզմաներով կը պտտիք կոր… Բէ՛, ախպար, սա ի՞նչ բէլա է…</i>
Չգիտէի, թէ ի՞նչ ասեմ․ կʼուզէի ներողութիւն խնդրել։ Բայց այնպիսի մի վիրաւորանքի զգացում, այնպիսի մի ապշութիւն եկաւ վրաս, որ խօսել չկարողացայ եւ ապուշի պէս յենուեցի պատին՝ վիրաւոր ու կապուած ձեռքերս կուրծքիս բռնած…
Վերջապէս, հաճեցաւ ներս հրաւիրել։ Բայց, փոխանակ իր սենեակը տանելու, առաջարկեց քովի սենեակը զինուորների մօտ նստիլ։ Գլխիկոր, յանցաւոր ներս եմ մտնում սենեակը, ուր մի քանի զինուոր կար․ ոմանք հաց էին ուտում, ուրիշներ թէյ խմում, իսկ մի երկուսն էլ գետնի վրայ փամփուշտներ էին ջոկում։ Նստելու տեղ կամ աթոռ չկայ․ ո՛չ ոք, ի հարկէ, իր տեղը ինձ չի տայ։ Նստում եմ ցածլիկ լայն պատուհանի առջեւ եւ նոր եմ նկատում, որ Մալխասն էլ յետեւիցս է ներս մտել։
<i>
— Կօշիկներնիդ իսկոյն հանեցէք եւ տակէն հագէք, ասանկ խայտառակութիւն չըլլար…</i>
Վիրաւոր ու կապուած ձեռքերով, շատ մեծ դժուարութեամբ քաշում եմ կօշիկները ոտներիցս, որ ութը օրից աւելի չեն հանուել, եւ փորձում եմ մեծ դժուարութեամբ հագնել։ Զինուորներից ո՛չ ոք չի՛ փորձում ինձ օգնելու։
Մալխասը անցնում է առանձնասենեակը։ Այնտեղ նրան սպասում էր մի վարդապետ։ Նստած, սպասում եմ իրերի ընթացքին։ Յանկարծ, ներս է մտնում մի վաղեմի ծանօթ, <i>Փայլակը — Ռուբէն Դերձակեանը</i>, որի հետ ես ծանօթացել եմ Բագու։ Մի ուրիշ ընկերոջ հետ Սիբիրից դառնալով, նա Քրիստափորի մօտ էր եկել տեսնուելու եւ գործ խնդրելու։ Քրիստափորը իմ միջոցով նրան ճանապարհածախս տուեց եւ խնդրեց որ ես համբու դնեմ։ Այն ժամանակից ծանօթացել էինք իրար հետ։ Ինձ տեսնելով, ուրախացավ եւ գրկախառնուեց։ Իսկոյն զինաթափ եղայ իմ զայրոյթից եւ յուսահատութիւնից, փառք տուի պատահականութեան, որ, վերջապէս, մի ծանօթ գտայ…
<i>
— Ապա ինչո՞ւ ես հոս նստեր․ ինչո՞ւ ներս չես գացեր․ ո՞ւր է ան Մալխասը…</i>
Տղաները յայտնեցին, որ առանձնասենեակն է եւ տեսակցութիւն ունի Նախվվկայի վանքի վանահօր հետ։ Իսկոյն գոռգոռալով ներս գնաց եւ եկաւ ինձ տանելու։ Վարդապետն արդեէն մեկնած էր, Փայլակը ինձ ներկայացրնում է։
<i>
— Ծանօթացա՞ր… մեր լաւ տղաներից է։
— Այո՛, տեսնուեցի։ Կը հասկնա՞ս, Փայլա՛կ, սա շունշանորդի թիֆլիսեցիներուն նայէ, ամբողջ տարի մըն է, կը պոռամ, կʼաղաչեմ, որ ինթի արտօնեն։ Մէկը ճամբեն իմ տեղս, որ ես Երկիր երթամ․ նորէն հոնկէ կʼուղարկեն Երկիր, իսկ մենք պիտի դատապարտուինք դարձեալ հոս նստելու, աս աջէմներուն մէջ…
— Թո՛ղ, ախպէր, քո հեքիաթները․ նայինք՝ մարդը ի՞նչ նորութիւններ է բերեր Կովկասէն։</i>
Նախ՝ խնդրում եմ, որ կարգադրութիւն անեն ընկերներիս համար, որոնք խանը ինձ են սպասում։ Ապա անցնում ենք գործի։ Իսկույն կարգադրւում է, որ զինուորներն երթան՝ տղաներին բերեն։
Պատմում եմ գիտցածս նորութիւնները։ Երեւում է, որ խօսքերս տպաւորութիւն են թողնում Մալխասի վրայ։ Ընդբռնում է, որ ես լաւատեղեակ եմ եւ, «Բիւրո»յին մօտ մարդ։ Իսկոյն պաշտօնական եղանակը փոխւում է մտերմականի․
<references/>