{{{Վերնագիր
|վերնագիր = Առաջին հատոր: Գիրք առաջին - Կապիտալի Արտադրության Պրոցեսը
|հեղինակ = [[Կարլ Մարքս]]
Ընդհակառակը, կապիտալի այն մասը, որ փոխարկված է աշխատուժի, արտադրության պրոցեսում փոխում է իր արժեքը։ Նա վերարտադրում է իր սեփական համարժեքը և, բացի ղրանից, մի ավելցուկ, հավելյալ արժեք, որը, իր հերթին, կարող է փոփոխվել, ավելի մեծ կամ ավելի փոքր լինել։ Կապիտալի այդ մասը իր հաստատուն մեծությունից շարունակ փոխվում-դառնում է փոփոխուն մեծություն։ Ուստի ես այդ մասն անվանում եմ կապիտալի փոփոխուն մաս կամ, կարճ ասած, փոփոխուն կապիտալ։ Կապիտալի այն բաղկացուցիչ մասերը, որոնք աշխատանքի պրոցեսի տեսակետից տարբերվում են որպես օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ, որպես արտադրության միջոցներ ու աշխատուժ, այդ նույն մասերն արժեքի աճման պրոցեսի տեսակետից տարբերվում են որպես հաստատուն կապիտալ և փոփոխուն կապիտալ։
Հաստատուն կապիտալի հասկացողությունն ամենևին չի բացառում նրա բաղկացուցիչ մասերի արժեքի մեջ կատարվող ռևոլուցիան։ Ենթադրենք, որ բամբակի ֆունտն այսօր արժե 6 պենս, և որ վաղը բամբակի անբավարար բերքի հետևանքով նրա գինը բարձրանում է մինչև 1 շիլլինգ։ Առաջվա բամբակը, որ շարունակում է մշակվել, գնված է 6 պենս արժեքով, բայց արդյունքի արժեքի վրա նրա կողմից ավելացվող մասը հիմա կազմում է 1 շիլլինգ։ Իսկ արդեն մանած բամբակը, որը գուցե որպես մանվածք արդեն շրջանառության մեջ է շուկայում, արդյունքի վրա ավելացնում է նույնպես իր սկզբնական արժեքից երկու անգամ ավելի մեծություն։ Սակայն մենք տեսնում ենք, որ արժեքի այդ փոփոխությունները ոչ մի կապ չունեն բամբակի արժեքի այն աճման հետ, որ կատարվում է մանելու իսկ պրոցեսում։ Եթե հին բամբակը դեռ մտած չլիներ աշխատանքի պրոցեսի մեջ, այն հիմա կարելի էր 6 պենսի փոխարեն 1 շիլլինգով վաճառել։ Ընդհակառակը, աշխատանքի որքան քիչ պրոցես է նա անցել, այնքան ավելի է ապահովված այդ հետևանքը։ Ուստի սպեկուլյացիայի օրենքն է արժեքային այդպիսի ռևոլյուցիաների ժամանակ սպեկուլյացիա անել, օգտագործելով հում նյութի ամենից ավելի պակաս վերամշակված ձևը, այսինքն՝ ավելի շուտ մանվածքը, քան հյուսվածքը, և ավելի շուտ բամբակը, քան մանվածքը։ Այստեղ արժեքի փոփոխությունն առաջ է գալիս այն պրոցեսում, որը բամբակ է արտադրում, և ոչ թե այն պրոցեսում, որտեղ բամբակը գործում է որպես արտադրության միջոց և, ուրեմն, որպես հաստատուն կապիտալ։ Թեև ապրանքի արժեքը որոշվում է նրա մեջ պարունակված աշխատանքի քանակով, բայց այդ քանակը որոշվում է հասարակականորեն։ Եթե փոխվում է ապրանքի արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը,— իսկ բամբակի միևնույն քանակը. օրինակ, անբարեհաջող պայմաններում աշխատանքի ավելի մեծ քանակ է ներկայացնում, քան բարեհաջող պայմաններում,— ապա այդ հետադարձ ազդեցություն է ունենում հին ապրանքի վրա, որը միշտ իր սեռի լոկ եզակի նմուշահատի դեր է խաղում<ref>«Միևնույն֊ տեսակի բոլոր արդյունքները կազմում են, իսկապես ասած, մի մասսա, որի արժեքը որոշվում է միասին վերցրած, անկախ, առանձին դեպքի հատուկ պայմաններից (Le Trosne: «De l’Intérêt Social». «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 893)։<br>26a «Եթե մենք հաշվի առնենք այն հիմնական կապիտալի արժեքը, որ գործադրվում է որպես ամբողջ ավանսավորած կապիտալի մի մասը, ապա մենք տարվա վերջում ստիպված կլինենք հաշվի առնելու այդպիսի կապիտալի արժեքի մնացորդը որպես տարեկան մուտքի մի մասը» (Mallthus: «Principles of Political Economy», 2-րդ հրատ., London 1838, էջ 269)։</ref>, որի արժեքը միշտ չափվում է հասարակականորեն-անհրաժեշտ աշխատանքով, հետևապես, չափվում է միշտ այն աշխատանքով, որ անհրաժեշտ է տվյալ ժամանակում գոյություն ունեցող հասարակ ական պայմաններում։
Արտադրության պրոցեսում արդեն ծառայող աշխատանքի միջոցների, մեքենաների ու այլոց արժեքը, ուրեմն և արժեքի այն մասը, որ նրանք փոխանցում են արդյունքին, կարող է փոփոխվել ճիշտ այնպես, ինչպես հում նյութի արժեքը։ Եթե, օրինակ, նոր գյուտի հետևանքով տվյալ տեսակի մեքենաները կարող են վերարտադրվել աշխատանքի ավելի փոքր ծախսումով, ապա հին մեքենաները շատ կամ քիչ չափով արժեքազրկվում են, ուստի և համեմատաբար ավելի քիչ արժեք են փոխանցում արդյունքին։ Բայց այս դեպքում ևս արժեքի փոփոխությունն առաջ է գալիս արտադրության այն պրոցեսից դուրս, որտեղ մեքենան գործում է իբրև արտադրության միջոց։ Այս պրոցեսում նա երբեք ավելի արժեք չի փոխանցում, քան նա ունի այդ պրոցեսից անկախ։
Ինչպես որ արտադրության միջոցների արժեքի փոփոխությունը, թեև սա հետադարձ ազդեցություն է անում այն բանից հետո, երբ նրանք արդեն մտած են լինում արտադրության պրոցեսի մեջ, այնուամենայնիվ, չի փոխում նրանց՝ որպես հաստատուն կապիտալի բնույթը, ճիշտ այդպես էլ հաստատուն ու փոփոխուն կապիտալի հարաբերության փոփոխությունը չի շոշափում նրանց ֆունկցիոնալ տարբերությունը։ Օրինակ, աշխատանքի պրոցեսի տեխնիկական պայմանները կարող են այնպես բարեփոխվել, որ այնտեղ, որտեղ առաջ 10 բանվորը փոքր արժեք ունեցող 10 գործիքով վերամշակում էին համեմատաբար փոքր քանակությամբ հում նյութ, հիմա 1 բանվորր թանկ մեքենայի օգնությամբ հարյուրապատիկ ավելի մեծ քանակությամբ հում նյութ է վերամշակում։ Այս դեպքում հաստատուն կապիտալը, այսինքն՝ արտադրության կիրառվող միջոցների արժեքների մասսան, շատ զգալի չափով է աճում, իսկ կապիտալի փոփոխուն մասը, որ ավանսավորած է աշխատուժի հաշվին, շատ զգալի չափով ընկնում է։ Սակայն այս փոփոխությունը վերաբերում է միայն հաստատուն և փոփոխուն կապիտալի մեծությունների միջև եղած հարաբերությունը, կամ այն հարաբերությունը, որով ամբողջ կապիտալը տրոհվում է հաստատուն և փոփոխուն բաղկացուցիչ մասերի, բայց ընդհակառակը, չի շոշափում հաստատուն ու փոփոխուն կապիտալների միջև եղած տարբերությունը։
===ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱՆ===
====1. ԱՇԽԱՏՈՒԺԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ====
Այն հավելյալ արժեքը, որ արտադրության պրոցեսում ստեղծել է ավանսավորած K կապիտալը, կամ ավանսավորած կապիտալային արժեքի աճը, հանդես է գալիս մեր առջև ամենից առաջ որպես արդյունքի արժեքի ավելցուկ արդյունքի արտադրության տարրերի արժեքների գումարի համեմատությամբ։
K կապիտալը տրոհվում է երկու մասի՝ с փողի գումարի, որը ծախսված է արտադրության միջոցների վրա, և երկրորդ v փողի գումարի, որը ծախսված է աշխատուժի վրա. с-ն ներկայացնում է արժեքի այն մասը, որը փոխարկվել է հաստատուն կապիտալի, v-ն արժեքի այն մասը, որը փոխարկվել է փոփոխուն կապիտալի։ Հետևաբար, սկզբնապես K = c + v, օրինակ, 500 ֆունտ ստեռլինգ ավանսավորած կապիտալը = 410 ֆ. ստեռլինգ + 90 ֆ. ստեռլինգ։ Արտադրության պրոցեսի վերջում ստացվում է մի ապրանք, որի արժեքը = (c + v) + m, որտեղ m-ը հավելյալ արժեքն է, օրինակ՝ (410 ֆ. ստ. + 90 ֆ. ստ.) + 90 ֆ. ստ.։ Սկզբնական K կապիտալը փոխարկվել է K'-ի, 500 ֆ. ստեռլինգից աճել է մինչև 590 ֆ. ստեռլինգ։ Երկուսի միջև հղած տարբերությունը = m-ի։ 90 ֆ. ստ. հավելյալ արժեքի։ Քանի որ արտադրության տարրերի արժեքը հավասար է ավանսավորած կապիտալի արժեքին, ուստի իրապես մի հասարակ նույնաբանություն է այն պնդումը, թե արդյունքի արժեքի ավելցուկը նրա արտադրության տարրերի արժեքի համեմատությամբ՝ հավասար է ավանսավորած կապիտալի արժեքի աճին, կամ հավասար է արտադրված հավելյալ արժեքին։
Սակայն այդ նույնաբանությունը ավելի ճշգրիտ սահմանում է պահանջամ։ Արդյունքի արժեքի հետ համեմատվում է արտադրության այն տարրերի արժեքը, որոնք սպառվել են արդյունքը ստեղծելիս։ Բայց մենք արդեն տեսանք, որ գործադրված հաստատուն կապիտալի այն մասը, որը կազմված է աշխատանքի միջոցներից, արդյունքին փոխանցում է իր արժեքի մի մասը միայն, մինչդեռ մնացած մասը պահպանվում է իր գոյության հին ձևով։
Քանի որ արժեք կազմելու գործում վերջին մասը ոչ մի դեր չի խաղում, մենք կարող ենք այստեղ անտեսել այն։ Այդ մասը հաշվի մեջ մտցնելը ոչինչ չէր փոխի։ Ընդունենք, որ c = 410 ֆ. ստ. և կազմված է 312 ֆ. ստ. հում նյութից, 44 ֆ. ստ. օժանդակ նյութերից և արտադրության պրոցեսում մեքենաների կրած 54 ֆ. ստ.։ մաշվածքից, իսկ փաստորեն գործադրվող մեքենաների արժեքը կազմում է 1054 ֆ. ստ.։ Մենք ընդունում ենք, որ արդյունքի արժեքի արտադրման համար ավանսավորած է միայն այդ 54 ֆ. ստ. արժեքը, որը մեքենաները կորցնում են իրենց գործելու հետևանքով, ուստի և փոխանցում են արդյունքին։ Եթե մենք հաշվարկման մեջ մտցնեինք այն 1000 ֆ. ստեռլինգը ևս, որ շարունակում է իր նախկին ձևով գոյություն ունենալ,— ինչպես շոգեմեքենան և այլն,— ապա այդ գումարը մենք պետք է հաշվարկման մեջ մտցնեինք երկու կողմում էլ, ավանսավորած արժեքի կողմում և արդյունքի արժեքի կողմում[''Տես 26a ծանոթ.''] և, այդպիսով, մենք կստանա էինք resp. [համապատասխանորեն] 1500 ֆ. ստեռլինգ և 1590 ֆ. ստեռլինգ։ Տարբերությունը, կամ հավելյալ արժեքը, առաջվա նման կկազմեր 90 ֆ. ստեռլինգ։ Ուստի այնտեղ, որտեղ շարադրանքի ընդհանուր կապից հակառակը չի բխում, մենք արժեքի արտադրության համար ավանսավորած հաստատուն կապիտալ ասելով միշտ հասկանում ենք արտադրության մեջ գործադրված արտադրամիջոցների արժեքը միայն։
Այսպիսի ենթադրություններով վերադառնում ենք K = c + v ֆորմուլային, որը փոխարկվում է K' = (c + v) + m, որի շնորհիվ իսկ K-ն փոխարկվում է K'-ի։ Մենք իմ անում ենք, որ հաստատուն կապիտալի արժեքը լոկ կրկին երևան է գալիս արդյունքի մեջ։ Հետևաբար, պրոցեսի մեջ իրոք արտադրված նոր արժեքը տարբեր է արդյունքի ամբողջ արժեքից, որ նա ստանում է պրոցեսում, ուստի և նա հավասար է ո՛չ թե (c + v) + m, այսինքն՝ ոչ թե 410 ֆ. ստ. + 90 ֆ. ստ. + 90 ֆ. ստ., ինչպես այդ թվում է առաջին հայացքից, այլ v + m կամ 90 ֆ. ստ. + 90 ֆ. ստ., այսինքն՝ ո՛չ թե 590 ֆ. ստ., այլ 180 ֆ. ստ.։ Եթե c-ն, հաստատուն կապիտալը, լիներ = 0-ի, ուրիշ խոսքով, եթե գոյություն ունենային արդյունաբերության այնպիսի ճյուղեր, որտեղ կապիտալիստը հարկադրված չէ արտադրության որևէ արտադրված միջոց գործադրելու— ո՛չ հում նյութ, ո՛չ օժանդակ նյութեր, ո՛չ էլ աշխատանքի գործիքներ, այլ ստիպված է միայն բնությունից արված նյութեր և աշխատուժ գործադրելու, ապա հաստատուն արժեքի ոչ մի մաս չէր փոխանցվի արդյունքին։ Արդյունքի արժեքի այս տարրը, մեր օրինակի մեջ՝ 410 ֆ. ստեռլինգը։ դուրս կընկներ, բայց նոր արտադրված 180 ֆ. ստ. արժեքը, որը 90 ֆ. ստեռլինգ հավելյալ արժեք է պարունակում, կպահպաներ բոլորովին նույն չափերը, ինչպես այն դեպքում, եթե արժեքի մի ահագին գումար ներկայացներ։ Մենք կունենայինք K = 0 + v = v-ի, և K', իր արժեքով աճած կապիտալը, = v + m, K' — K առաջվա նման = m-ի։ Եթե, ընդհակառակը, m = լիներ 0-ի, ուրիշ խոսքով, եթե աշխատուժը, որի արժեքը ավանսավորվում է փոփոխուն կապիտալի ձևով, միայն համարժեք արտադրեր, ապա K կլիներ = c + v, և K'-ը (արդյունքի արժեքը) = c + v + 0, ուստի և K' = K։ Ավանսավորած կապիտալը չէր աճի իր արժեքով։
Իրականում մենք արդեն գիտենք, որ հավելյալ արժեքը հետևանք է արժեքի լոկ այն փոփոխության, որին ենթարկվում է v-ն, կապիտալի այն մասը, որ վերածվել է աշխատուժի, որ, հետևապես, v + m = v + Δv (v պլյուս v-ի աճը)։ Բայց արժեքի իրական փոփոխությունն ու այն հարաբերությունը, որով փոխվում է արժեքի, մթագնվում են այն հանգամանքով, որ իր փոփոխվող բաղկացուցիչ մասի աճման հետևանքով աճում է նաև ավանսավորած ամբողջ կապիտալը։ Նա առաջ = 500-ի, այժմ նա = 590-ի։ Հետևաբար, պրոցեսի զուտ ձևով վերլուծությունը պահանջում է, որ մենք ամբողջովին աբստրահվենք արդյունքի արժեքի այն մասից, որի մեջ միայն նորից երևան է գալիս հաստատուն կապիտալային արժեքը, այսինքն՝ որ մենք c հաստատուն կապիտալը հավասարեցնենք զրոյի և դրանով կիրառենք ֊մաթեմատիկայի այն օրենքը, որի oգնությամբ նա գործառում է փոփոխուն ու հաստատուն մեծություններով, երբ հաստատուն մեծությունը կապված է փոփոխուն մեծության հետ միայն գումարման և հանման միջոցով։
Մյուս դժվարությունն առաջ է գալիս փոփոխուն կապիտալի սկզբնական ձևից։ Այսպես, վերը բերած օրինակի մեջ K' = 410 ֆ. ստեռլինգ հաստատուն կապիտալի + 90 ֆ. ստեռլինգ փոփոխուն կապիտալ + 90 ֆ. ստեռլինգ հավելյալ արժեք։ Սակայն իննսուն ֆ. ստեռլինգը տրված, հետևապես, հաստատուն մեծություն է, ուստի անհեթեթություն է թվում այն դիտել որպես փոփոխուն մեծություն։ Բայց 90 ֆ. ստեռլինգը, կամ 90 ֆ. ստեռլինգ փոփոխուն կապիտալը, այստեղ իրապես լոկ այն պրոցեսի սիմվոլն է, որի միջով անցնում է այդ արժեքը։ Կապիտալի այն մասը, որ ավանսավորվել է աշխատուժը գնելու համար, առարկայացած աշխատանքի մի որոշ քանակ է, հետևապես, արժեքի նույնքան հաստատուն մեծություն է, որքան և գնած աշխատուժի արժեքը։ Բայց արտադրության պրոցեսի մեջ ավանսավորված 90 ստեռլինգի փոխարեն հանդես է գալիս գործող աշխատուժը, մեռյալ աշխատանքի փոխարեն՝ կենդանի աշխատանքը, անշարժ մեծության փոխարեն՝ հոսուն մեծությունը, հաստատուն մեծության փոխարեն՝ փոփոխուն մեծությունը։ Հետևանքը լինում է v-ի վերարտադրությունը պլյուս v-ի աճը։ Կապիտալիստական արտադրության տեսակետից այդ ամբողջ պրոցեսը աշխատուժի վերածված սկզբնապես հաստատուն արժեքի
ինքնաշարժումն է։ Ամբողջ պրոցեսն ու նրա հետևանքր վերագրվում են այդ հաստատուն արժեքին։ Ուստի, եթե 90 ֆ. ստեռլինգ փոփոխուն կապիտալ, կամ ինքն աճուն արժեք ֆորմուլան թվում է հակասությամբ լի ինչ-որ մի բան, ապա նա լոկ արտահայտում է կապիտալիստական արտադրությանը ներհատուկ հակասություններից մեկը։
Հաստատուն կապիտալը զրոյի հավասարեցնելն առաջին հայացքից տարօրինակ տպավորություն է գործում։ Այնինչ այդ հավասարեցումը շարունակ կատարվում է ամենօրյա կյանքում։ Օրինակ, եթե մեկն ուզում է հաշվել Անգլիայի շահույթը բամբակեղենի արդյունաբերությունից, ապա ամենից առաջ նա հանում է բամբակի գինը, որ վճարված է Միացյալ Նահանգներին, Հնդկաստանին, Եգիպտոսին և այլն, այսինքն՝ զրոյի է հավասարեցնում այն կապիտալային արժեքը, որը սոսկ նորից երևան է գալիս արդյունքի արժեքի մեջ։
Իհարկե, իր խոշոր տնտեսական նշանակությունն ունի հավելյալ արժեքի հարաբերությունը ո՛չ միայն կապիտալի այն մասի նկատմամբ, որից նա ծագում է անմիջաբար և որի արժեքի փոփոխությունն է ներկայացնում նա, այլ նաև ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ։ Ուստի երրորդ գրքում մենք հանգամանորեն քննում ենք այդ հարաբերությունը։ Կապիտալի մի մասն աշխատուժի փոխարկելու միջոցով մեծացնելու համար անհրաժեշտ է կապիտալի մյուս մասը փոխարկել արտադրության միջոցների։ Որպեսզի փոփոխուն կապիտալը գործի, անհրաժեշտ է հաստատուն կապիտալն ավանսավորել որոշ համամասնությամբ, որ համապատասխանում է աշխատանքի պրոցեսի որոշ տեխնիկական բնույթին։ Սակայն այն հանգամանքը, որ քիմիական որոշ պրոցեսի համար կարիք է զգացվում փորձանոթների և ուրիշ անոթների, բնավ արգելք չի լինում, որ վերլուծության ժամանակ աբստրահվենք այդ իսկ փորձանոթից։ Որչափով արժեքի ստեղծումն ու արժեքի փոփոխումը քննության են առնվում ինքնըստինքյան, այսինքն՝ մաքուր ձևով, արտադրության միջոցները, հաստատուն կապիտալի այդ իրային ներկայացուցիչները, մատակարարում են լոկ այն նյութը, որի մեջ պետք է ֆիքսացիայի ենթարկվի արժեք, ստեղծող հոսուն ուժը։ Ուստի և ոչ մի նշանակություն չունի այդ նյութի բնույթը, այսինքն՝ միևնույն է — նա բամբակ է, թե երկաթ։ Նշանակություն չունի նաև այդ նյութի արժեքը։ Անհրաժեշտ է միայն, որ նրա մասսան բավարար լինի, որպեսզի կարողանա ներծծել արտադրության պրոցեսի ժամանակ ծախսվելիք աշխատանքի քանակը։ Երբ այդ մասսան տրված է, անկախ այն պարագայից, թե նրա արժեքը կբարձրանա, կամ կընկնի, կամ նա ոչ մի արժեք չի ունենա, ինչպես հողն ու ծովը,— այդ բնավ չի շոշափի արժեքի ստեղծման ու արժեքի փոփոխման պրոցեսը<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Ինքնըստինքյան հասկանալի է, ոը, ինչպես Լուկրեցիոսն է ասում, «nil posse creari de nihilo»։ Ոչնչից ոչինչ չի կարելի ստեղծել։ [Titus Lucretius Carus: «De rerum natura», գիրք I, ոտան. 155—156։] «Արժեքի ստեղծումը» աշխատուժի փոխարկումն է աշխատանքի։ Իր հերթին, աշխատուժը նախ և առաջ բնության մի նյութ է, որը փոխարկվել է մարդկային օրգանիզմի։</ref>։
Այսպես ուրեմն, մենք ամենից առաջ զրոյի ենք հավասարեցնում կապիտալի հաստատուն մասը։ Այս դեպքում ավանսավորած կապիտալը' c+v-ն, վեր է ածվում v-ի, իսկ արդյունքի արժեքը՝ (c + v) + m-ը, վեր է ածվում նոր արտադրված (v + m) արժեքի։ Եթե տրված է, որ նոր արտադրված արժեքը = 180 ֆ. ստեռլինգի, որի մեջ ներկայացված է արտադրության պրոցեսի ամբողջ տևողության ընթացքում շարունակվող աշխատանքը, ապա մենք պետք է հանենք փոփոխուն կապիտալի արժեքը = 90 ֆ. ստ., որպեսզի ստանանք հավելյալ արժեքը = 90 ֆ. ստեռլինգի։ 90 ֆ. ստեռլինգը = m թիվն այստեղ արտահայտում է արտադրված հավելյալ արժեքի բացարձակ մեծությունը։ Իսկ նրա հարաբերական մեծությունը, այսինքն՝ այն համամասնությունը, որով աճել է փոփոխուն կապիտալը, ակներևորեն, որոշվում է հավելյալ արժեքի հարաբերությամբ դեպի փոփոխուն կապիտալը, կամ արտահայտվում է m/v կոտորակով։ Հետևաբար՝ վերևի օրինակի մեջ այն կարտահայտվի 90/90 = 100 %-ով։ Փոփոխուն կապիտալի այս հարաբերական աճումը, կամ հավելյալ արժեքի հարաբերական մեծությունը ես անվանում եմ հավելյալ արժեքի նորմա<ref>ճիշտ այնպես, ինչպես անգլիացիներն ասում են «rate of profits», «rate of interest» [«շահույթի նորմա», «տոկոսի նորմա»] և այլն։ 3-րդ գրքից ընթերցողը կտեսնի, շահույթի նորման հեշտ է ըմբռնելը, եթե հայտնի են հավելյալ արժեքի օրենքները։ Հակառակ կարգով չի կարելի հասկանալ «ni l’un, ni l’autre» [ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը]։<br>{'''3—րդ հրատ. ծանոթագրություն.'''— Հեղինակն այստեղ տնտեսագիտական սովորական լեզու է գործածում։ Հիշեցնենք, որ ինչպես ցույց է արված 137-րդ էջում [այս Հատորի 184—185 էջերը], իրականության մեջ ո՛չ թե կապիտալիստն է «ավանսավորում» բանվորին, այլ բանվորը՝ կապիտալիստին։— Ֆ. Է.}</ref>։
Մենք արդեն տեսանք, որ բանվորն աշխատանքի պրոցեսի մի մասի ընթացքում արտադրում է միայն իր աշխատուժի արժեքը, այսինքն՝ իրեն անհրաժեշտ կենսամիջոցների արժեքը։ Որովհետև նա արտադրում է աշխատանքի հասարակական բաժանման վրա հիմնված հարաբերությունների շրջանակներում, ուստի նա իր կենսամիջոցներն արտադրում է ո՛չ թե անմիջականորեն, այլ մի որոշ հատուկ ապրանքի, օրինակ, մանվածքի ձևով, արտադրում է մի արժեք, որը հավասար է իր կենսամիջոցների արժեքին կամ այն փողին, որով նա այդ կենսամիջոցներն է գնում։ Իր աշխատանքային օրվա այն մասը, որ նա գործադրում է դրա համար, կարող է ավելի մեծ կամ ավելի փոքր լինել, նայած նրա օրական միջին կենսամիջոցների արժեքին, այսինքն՝ նայած նրանց արտադրության համար պահանջվող օրական միջին աշխատաժամանակին։ Եթե բանվորի օրական կենսամիջոցների արժեքը միջին հաշվով մարմնացնում է 6 առարկայացած աշխատաժամ, ապա բանվորը միջին հաշվով պետք է օրական 6 ժամ աշխատի՝ այդ արժեքն արտադրելու համար։ Եթե նա աշխատեր ո՛չ թե կապիտալիստի համար, այլ հենց իրեն համար, ինքնուրույն կերպով, նա ստիպված կլիներ, մյուս հավասար պայմաններում, առաջվա նման միջին հաշվով աշխատել օրվա նույնպիսի մասի տևողությամբ, որպեսզի արտադրի իր աշխատուժի արժեքը և այդպիսով ձեռք բերի իր սեփական պահպանման կամ իր մշտական վերարտադրության համար անհրաժեշտ կենսամիջոցները։ Բայց որովհետև աշխատանքային օրվա այն մասի ընթացքում, երբ նա արտադրում է աշխատուժի օրական արժեքը, ասենք՝ 3 շիլլինգ, նա միայն կապիտալիստի կողմից արդեն իրեն վճարված [''Տես 28a ծանոթ.''] արժեքի համարժեքն է արտադրում, այսինքն՝ նոր ստեղծված արժեքով լոկ փոխարինում է ավանսավորած փոփոխուն կապիտալային արժեքը, ուստի արժեքի այս արտադրությունը սոսկ վերարտադրություն է։ Այսպես ուրեմն, աշխատանքային օրվա այն մասը, որի ընթացքում կատարվում է այդ վերարտադրությունը, ես անվանում եմ անհրաժեշտ աշխատաժամանակ, իսկ այդ ժամանակի ընթացքում ծախսվող աշխատանքը՝ անհրաժեշտ աշխատանք<ref>Մինչև այժմ մենք այս աշխատության մեջ «անհրաժեշտ աշխատաժամանակ» բառերը գործ ենք ածել այն աշխատաժամանակի վերաբերմամբ, որ հասարակականորեն անհրաժեշտ է որոշ ապրանք արտադրելու համար։ Հիմա մենք նույն բառը գործ կածենք նաև այն աշխատաժամանակի վերաբերմամբ, որն անհրաժեշտ է մի այնպիսի առանձնահատուկ ապրանք արտադրելու համար. ինչպիսին է աշխատուժը։ Միևնույն termini technici [տեխնիկական տերմինները] տարբեր իմաստներով գործածելն անհարմար է, բայց ոչ մի գիտության մեջ չի հաջողվում լիովին խուսափել դրանից։ Համեմատեցեք, օրինակ, մաթեմատիկայի բարձրագույն ու ստորին բաժինները։</ref>։ Անհրաժեշտ՝ բանվորների համարի որովհետև այդ նրանց աշխատանքի հասարակական ձևից անկախ է։ Անհրաժեշտ՝ կապիտալի ու կապիտալիստական աշխարհի համար, որովհետև բանվորի մշտական գոյությունը նրանց բազիսն է։
Աշխատանքի պրոցեսի երկրորդ շրջանը,— այն շրջանը, որի ընթացքում բանվորն աշխատում է անհրաժեշտ աշխատանքի սահմաններից դուրս,— թեև նրա վրա աշխատանք, աշխատուժի ծախսում է նստում, սակայն բանվորի համար ոչ մի արժեք չի ստեղծում։ Նա գոյացնում է հավելյալ արժեք, որը կապիտալիստին գրավում է ոչնչից բան ստեղծելու ամբողջ հրապուրանքով։ Աշխատանքային օրվա այդ մասը ես անվանում եմ հավելյալ աշխատաժամանակ, իսկ նրա ընթացքում ծախսված աշխատանքը՝ հավելյալ աշխատանք (surplus labour)։ Որքան որ ընդհանրապես արժեքը հասկանալու համար կարևոր է արժեքը որպես սոսկ կարծրացած աշխատաժամանակ, որպես սոսկ առարկայացած աշխատանք գիտելը, նույնքան էլ հավելյալ արժեքը հասկանալու համար կարևոր է հավելյալ արժեքը որպես սոսկ կարծրացած հավելյալ աշխատաժամանակ, որպես սոսկ առարկայացած հավելյալ աշխատանք դիտելը։ Միայն այն ձևը, որով այդ հավելյալ աշխատանքը քամվում է անմիջական արտադրողից՝ բանվորից, իրարից տարբերում է հասարակության տնտեսական ֆորմացիաները, օրինակ, ստրկատիրության վրա հիմնված հասարակությունը վարձու աշխատանքի հասարակությունից<ref>Պարոն Վիլհելմ Թուկիդենես Ռոշերը իսկական գոտտշեդյան հանճարեղությամբ հայտնագործում է, որ հավելյալ արժեքը կամ հավելյալ արդյունքը և նրանց հետ կապված կուտակումն իրենց գոյացման համար ներկայումս պարտական են կապիտալիստի «խնայողությանը» կապիտալիստի, որը «դրա համար, օրինակ, տոկոս է պահանջում», ապա, ընդհակառակը, «կուլտուրայի ստորին աստիճանների վրա... ավելի ուժեղներն ավելի թույլերին հարկադրում են խնայողության» («Die Grundlagen der Nationalökonomie», 3-րդ հրատ., 1858, էջ 82, 78)։ Աշխատանքի՞, թե՞ արդյունքների գոյություն չունեցող ավելցուկի խնայողության։ Արժեքի ու հավելյալ արժեքի բարեխիղճ վերլուծության հանդեպ և ոստիկանական տեսակետից վտանգավոր հետևանքի հանդեպ ջատագովական վախը իրական տգիտության հետ միասին,— ահա ինչն է Ռոշերին ու Ընկ. հարկադրում՝ հավելյալ արժեքի ծագման հիմք դարձնելու ավելի կամ պակաս բարեմիտ այն պատճառաբանությունները, որոնցով կապիտալիստն արդարացնում է արդեն գոյություն ունեցող հավելյալ արժեքի յուրացումը։<br>30a 2-րդ հրատ. ծանոթագրություն.— Հավելյալ արժեքի նորման, աշխատուժի շահագործման աստիճանի ճիշտ արտահայտությունը լինելով, այնուամենայնիվ, ամենևին չի կարող շահագործման բացարձակ մեծության արտահայտություն ծառայել։ Օրինակ, եթե անհրաժեշտ աշխատանքը = 5 ժամի և հավելյալ աշխատանքը = 5 ժամի, ապա շահագործման աստիճանu = 100%-ի։ Շահագործման մեծությունն այստեղ չափվում է 5 ժամով։ Իսկ եթե անհրաժեշտ աշխատանքը = 6 ժամի և հավելյալ աշխատանքը = 6 ժամի, ապա 100% շահագործման աստիճանը մնում է անփոփոխ, այնինչ շահագործման մեծությունն աճում է 20%-ով, 5 ժամից դաոնում է 6 ժամ։</ref>։
Քանի որ փոփոխուն կապիտալի արժեքը հավասար է նրանով գնած աշխատուժի արժեքին, քանի որ այդ աշխատուժի արժեքով է որոշվում աշխատանքային օրվա անհրաժեշտ մասը, իսկ հավելյալ արժեքը, իր հերթին, որոշվում է աշխատանքային օրվա ավելցուկ մասով, ապա դրանից հետևում է, որ հավելյալ արժեքը հարաբերում է փոփոխուն կապիտալին, ինչպես հավելյալ աշխատանքը հարաբերում է անհրաժեշտ աշխատանքին, կամ հավելյալ արժեքի նորման
<br> m հավելյալ աշխատանք
<br>---- = ---------------------------------։
<br> v անհրաժեշտ աշխատանք
Համամասնության երկու մասերն էլ արտահայտում են միևնույն հարաբերությունը տարբեր ձևով, մի դեպքում՝ առարկայացած աշխատանքի ձևով, մյուս դեպքում՝ հոսուն աշխատանքի ձևով։
Ուստի հավելյալ արժեքի նորման կապիտալի կողմից՝ աշխատուժի կամ կապիտալիստի կողմից՝ բանվորի շահագործման աստիճանի ճշգրիտ արտահայտությունն է [''Տես 30a ծանոթ.'']։
Մեր ենթադրության համաձայն արդյունքի արժեքը = էր (410 ֆ. ստ. + 90 ֆ. ստ.) + 90 ֆ. ստ., (c + v) + m, ավանսավորած կապիտալը = էր 500 ֆ. ստ.։ Քանի որ հավելյալ արժեքը = 90, իսկ ավանսավորած կապիտալը = 500, ապա հաշվելու սովորական եղանակով կստացվեր, որ հավելյալ արժեքի նորման (որ շփոթում են շահույթի նորմայի հետ) = 18%, մի հարաբերություն, որի ցածր մակարդակը կհուզեր պարոն Քերիին և ներդաշն ակութ յան մյուս պաշտպաններին։ Բայց հավելյալ արժեքի նորման իրոք ո՛չ թե = m/K կամ m/(c + v), այլ m/v, հետևապես, ո՛չ թե 90/500, այլ = 90/90 = 100%, շահագործման թվացող աստիճանից հինգ անգամից էլ ավելի։ Թեև մենք տվյալ դեպքում չգիտենք ո՛չ աշխատանքային օրվա բացարձակ մեծությունը, n՛չ այն ժամանակաշրջանը, որի ընթացքում շարունակվում է աշխատանքի պրոցեսը (օր. շաբաթ և այլն), վերջապես, ո՛չ էլ բանվորների այն թիվը, որ 90 ֆ. ստ. փոփոխուն կապիտալը միաժամանակ շարժման մեջ է դնում, այնուամենայնիվ, հավելյալ արժեքի m/v նորման` քանի որ նա կարող է վերածվել (հավելյալ աշխատանք)/(անհրաժեշտ աշխատանք) ֆորմուլային, ճիշտ ցույց է տալիս աշխատանքային օրվա երկու բաղկացուցիչ մասերի փոխադարձ հարաբերությունը։ Այդ հարաբերությունը հավասար է 100%-ի։ Հետևաբար, բանվորն օրվա կեսը աշխատել է իրեն համար, իսկ մյուս կեսը՝ կապիտալիստի համար։
Այսպես ուրեմն, կարճ ասած, հավելյալ արժեքի նորման հաշվելու մեթոդն այս է. մենք վերցնում ենք արդյունքի ամբողջ արժեքը և զրոյի ենք հավասարեցնում հաստատուն այն կապիտալային արժեքը, որ միայն կրկին երևան է գալիս արդյունքի արժեքի մեջ։ Արժեքի մնացած գումարն ապրանքի գոյացման պրոցեսում միակ իրապես նոր արտադրված արժեքն է։ Եթե հավելյալ արժեքը տրված է, ապա վերջինը հանում ենք այդ նոր արտադրված արժեքից, որպեսզի գտնենք փոփոխուն կապիտալը։ Իսկ եթե տրված է փոփոխուն կապիտալը, և մենք որոնում ենք հավելյալ արժեքը, մենք հակառակ ձևով ենք վարվում։ Եթե տրված են թե՛ հավելյալ արժեքը և թե՛ փոփոխուն կապիտալը, ապա մնում է լոկ եզրափակիչ գործողությունը կատարել, հաշվել հավելյալ արժեքի հարաբերությունը փոփոխուն կապիտալի նկատմամբ՝ m/v-ն։
Որքան էլ պարզ է այս մեթոդը, բայց և այնպես տեղին է մի քանի օրինակով ընթերցողներին վարժեցնել ըմբռնման այն եղանակին, որը կազմում է այդ մեթոդի հիմքը և որը սովորական չէ նրանց համար։
Ամենից առաջ այն մանագործարանի օրինակը, որ 10 000 մյուլ-իլիկ ունի և որտեղ ամերիկյան բամբակից № 32 մանվածք է մանվում և մեկ իլիկին շաբաթական մեկ ֆունտ մանվածք է ընկնում։ Տականքը 6% է կազմում։ Այսպես ուրեմն, 10 600 ֆ. բամբակը շաբաթվա ընթացքում վերամշակվում, դառնում է 10 000 ֆ. մանվածք և 600 ֆ. տականք։ 1871 թ. ապրիլին այդ բամբակն արժեր ֆունտը 7¾ պենս, այսինքն՝ 10 600 ֆ. բամբակը կլոր հաշվով՝ 342 ֆ. ստեռլինգ։ Այդ 10 000 իլիկը, նախապատրաստական սարքավորումն ու շոգեմեքենան ներառյալ արժե իլիկը 1 ֆ. ստեռլինգ, հետևապես, 10 000 ֆ. ստեռլինգ։ Նրանց տարեկան մաշվածքն անում է 10% = 1000 ֆ, ստեռլինգ կամ շաբաթական 20 ֆ. ստեռլինգ։ Գործարանային շենքի վարձը 300 ֆ. ստեռլինգ է, կամ շաբաթական 6 ֆ. ստեռլինգ։ Ածուխը (ժամում մեկ ձիաուժին 4 ֆ., 100 (ինդիկատորային) ձիաուժի և շաբաթական 60 ժամի համար, շենքի տաքացումն էլ ներառյալ)՝ 11 տոննա շաբաթական, տոննան 8 շիլլինգ 6 պենսով արժե կլոր հաշվով շաբաթական 4½ ֆ. ստեռլինգ, գազը՝ շաբաթական 1 ֆ. ստեռլինգ յուղը՝ շաբաթական 4½ ֆ. ստեռլինգ, հետևապես, բոլոր օժանդակ նյութերը շաբաթական 10 ֆ. ստեռլինգ։ Այսպես ուրեմն, արժեքի հաստատուն մասը շաբաթական 378 ֆ. ստեռլինգ է տալիս։ Աշխատավարձը կազմում է շաբաթական 52 ֆ. ստեռլինգ։ Մանվածքի գինը ֆունտին 12¼ պենս, 10 000 ֆունտ մանվածքի համար կկազմի 510 ֆ. ստեռլինգ. հետևապես, հավելյալ արժեքը՝ 510 ֆ. ստ.—430
ֆ. ստ. = 80 ֆ. ստեռլինգ։ Մենք կապիտալի հաստատուն մասը՝ 378 ֆ. ստեռլինգը հավասարեցնում ենք զրոյի, որովհետև նա չի մասնակցում շաբաթական արժեքի ստեղծմանը։ Մնում է շաբաթական նոր արտադրված արժեքի 132 = 52 ֆ. ստ. + 80 ֆունտ ստեռլինգ (= v + m)։ Այսպիսով, հավելյալ արժեքի նորման = 80/32 = 153 11/13% Տասժամյա միջին աշխատանքային օրվա համար ստացվում է՝ անհրաժեշտ աշխատանքը = 3 31/33 ժամի և հավելյալ աշխատանքը = 6 2/33 ժամի<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Այն մանագործարանի օրինակը, որը մեջ էր բերված աոաջին հրատարակության մեջ և վերաբերում էր 1860 թվականին, մի քանի փաստական սխալ էր պարունակում։ Բնագրում բերված միանգամայն ստույգ թվերն ինձ հաղորդել է Մանչեստրի մի գործարանատեր։ — Պետք է նկատել, որ Անգլիայում հին ձիաուժը հաշվվում էր գլանի տրամագծի համեմատ, իսկ նոր ձիաուժը հաշվվում է այն իրական ուժի համեմատ, ցույց է տալիս ինդիկատորը։ <br>3la Մեջ բերված հաշվումները միայն լուսաբանման համար են։ Այս դեպքում մենք ելնում ենք այն ենթադրությունից, թե գները = արժեքներին։ III գրքում կտեսնենք, որ այս հավասարությունը մինչև անգամ միջին գների համար այդքան հասարակ կերպով չի սահմանվում։</ref>։
Ջեկոբը, ընդունելով, որ մի կվարտեր ցորենի գինը 80 շիլլինգ է, և մեկ ակրի միջին բերքը 22 բուշել է, այնպես որ մեկ ակրից 11 ֆ. ստեռլինգ է ստացվում, 1815 թվականի համար բերում է հետևյալ հաշիվը, որը լուրջ պակասություններ ունի,— որովհետև նրա մեջ նախապես կատարված է տարբեր հոդվածների փոխադարձ ծածկում,— բայց որը բավարար է մեր նպատակի համար.
Արժեքի արտադրությունը մեկ ակրից
Սերմացու (ցորեն) 1 ֆ. ստ. 9 շիլլինգ
Պարարտանյութ 2 ֆ. ստ. 10 »
Աշխատավարձ 3 ֆ. ստ. 10 »
Ընդամենը 7 ֆ. ստ. 9 շիլլինգ
Տասանորդներ, տուրքեր, և հարկեր 1 ֆ. ստ. 1 շիլլինգ
Ռենտա 1 ֆ. ստ. 1 »
Ֆերմերի շահույթ և տոկոս 1 ֆ. ստ. 2 »
Ընդամենը 3 ֆ. ստ. 11 շիլլինգ
Այն մշտական ենթադրությամբ, թե արդյունքի գինը = նրա արժեքին, հավելյալ արժեքը այստեղ տրոհվում է տարբեր հոդվածների՝ շահույթ, տոկոս, տասանորդներ և այլն։ Այդ հոդվածները մեզ համար հետաքրքրություն չունեն։ Մենք դրանք գումարում ենք և ստանում 3 ֆ. ստեռլինգ 11 շիլլինգ հավելյալ արժեք։ Սերմացուի և պարարտանյութի արժեք 3 ֆ. ստեռլինգ 19 շիլլինգը, որպես կապիտալի հաստատուն մաս, մենք հավասարեցնում ենք զրոյի։ Մնում է ավանսավորած 3 ֆ. ստեռլինգ 10 շիլլինգ փոփոխուն կապիտալը, որի փոխարեն արտադրված է 3 ֆ. ստ. 10 շիլլինգ + 3 ֆ. ստ. 11 շիլլինգ նոր արժեքը։ Այսպիսով, m/v կազմում է (3 ֆ. ստ. 11 շիլլինգ) / (3 ֆ. ստ. 10 շիլլինգ), 100%-ից ավելի։ Բանվորն իր աշխատանքային օրվա կեսից ավելին գործադրում է արտադրելու համար հավելյալ արժեք, որը զանազան անձինք զանազան պատրվակներով բաշխում են իրենց միջև31a [''Տես 31a ծանոթ.'']։
<references>