Կեսգիշերին հրաժեշտ տվեցի:
Երկու կիրակի անց Դաներին, իր կյանքում առաջին անգամ զանգահարեց ինձ; Առաջարկեց ժամը չորսին հանդիպել. «Միասին կաթ կխմենք մեր տան մոտի նոր բացված բար-սրահում, որը իմ տան տերերի, երևի հիշես Սունինոյի և Սունգրիի առաջադիմության հետևանքն է, հետաքրքրական կլինի քեզ համար»: Ավելի շուտ ճարահատյալ քան ոգևորված ընդունեցի հրավերը: Սեղան ճարելը դժվար եղավ «սրահ-բարը» անժխտելիորեն ժամանակակից իմ պատկերացրածի պես զազրելի էր, հարևան սեղանների շուրջը բորբոքված ժողովուրդը հիշատակում էր Սունինոյի և Սունգրիի շռայլորեն ծախսած գումարները, Կառլոս Արխենտինոն իբր թե զարմանքով ցույց տվեց ինչ որ էլեկտրական սարքեր (որ անկասկած արդեն ծանոթ էին իրեն) և բավականին խստությամբ ասաց.
— Ուզած չուզած պետք է ընդունես, որ այս սրահը կարող է մրցակցել Ֆլորեսի ամենաորակյալ սրահների հետ:
Հետո վերընթերցեց պոեմի չորս թե հինգ էջ: Սրբագրել էր, հենվելով բառապաշարային ցուցամոլության անխիղճ սկզբունքի վրա, ուր առաջ գրել էր կապտագույն, հիմա ճոխացրել էր կապ տորակով կապտավունով և նույնիսկ կապուտակով: Կաթնագույն բառը բրդի լվացքատուն նկարագրելու համար գեղեցիկ չէր համարում նախընտրում էր կաթնաթույրը կաթնորակը կաթնավունը կաթնաճերմակը... Մաղձ թափեց քննադատների հասցեին հետո, ավելի բարեհաճ նրանց համեմատեց մարդկանց հետ «որոնք ոչ անգին քարեր ունեն, ոչ շոգեմամլիչներ, ոչ հղկող հաստոցներ, ոչ էլ ծծմբաթթու դրամահատման համար, բայց այնուհանդերձ մյուսներին կարող են ցույց տալ գանձի տեղը» Անմիջապես անցավ նախաբանամոլության քննադատությանը «հիվանդություն, որով «Կիխոտը» նախաբանելիս արդեն վարակված էր հանճարների Իշխանը» Այնուամենայնիվ ընդունեց, որ Նոր գործի համար նախընտրելի է զորավոր գրիչ, ունեցողի կողմից ստորագրված ցուցադրական մի նախաբան, որ պատի պես կանգներ նոր գործի մեջքին: Այդ ժամանակ հասկացա նրա տարօրինակ հրավերը. խնդրելու էր, որ իր այդ հավակնոտ ցնդաբանության համար Նախաբան գրեի: Մտավախությունս անտեղի էր Կառլոս Արխենտինոն նախանձելի հիացմունքով նկատեց, որ ամենուր հեղինակավոր դիրք գրաված Ալվարո Մելիան Լաֆինուրի համբավը կայուն համարելը սխալ չէր լինի և որ եթե ես ցանկանայի այդ փայլուն մտավորականը կարող էր նախաբանել իր պոեմը կատարյալ վարպետությամբ: Ամենաաններելի ձախողումը կանխելու համար, ես պետք է լինեի երկու անժխտելի արժանիքների պատվարը՝ ձևական կատարելության և գիտական մանրակրկիտության «քանի որ դարձվածների պատկերների նրբամտությունների պարտեզը խստագույն ճշմարտությունը չհաստատող ոչ մի մանրամասնություն չի ընդունում»: Ավելացրեց, որ Բեատրիսն ու Ալվարոն հաճախ միասին էին զբոսնել:
Մի կերպ տվեցի համաձայնությունս: Ավելի հավաստի դարձնելու համար ասածս բացատրեցի, որ ոչ թե երկուշաբթի այլ հինգշաբթի օրը կխոսեմ Ալվարոյի հետ, օգտվելով այն համեստ ընթրիքից, որով սովորաբար ավարտվում են գրողների բոլոր հավաքույթները (նման ընթրիքներ գոյություն չունեն, սակայն անհերքելի է այն փաստը, որ հավաքույթները տեղի են ունենում հինգշաբթի օրերին և Կառլոս Արխենտինո Դաներին կարող էր այդ փաստն ստուգել թերթերով, իսկ այդ հանգամանքը որոշ իրական շեշտ էր հաղորդում ասածիս): Խոսքիս սրամիտ երանգ տալով ասացի, որ նախաբանին անցնելուց առաջ նկարագրելու եմ գործի ինքնատիպ ծրագիրը: Բաժանվեցինք Բեռնարդո դե Իրիգոժենից, թեքվելուց հետո ամենայն լրջությամբ քննեցի իմ ունեցած երկու միջոցները ա) խոսել Ալվարոյի հետ և ասել, որ Բեատրիսի հորեղբոր որդին (այդ բացատրական մեղմասածությունը ինձ թույլ կտար արտասանել նրա անունը) ստեղծել է մի պոեմ, որ անսահմանության է հասցնում տարահնչության ու քաոսի հնարավորությունները, բ) չխոսել Ալվարոյի հետ: Պայծառամտությամբ կանխագուշակեցի, որ ծուլությունս նախընտրելու էր երկրորդը:
Ուրբաթ օրն առավոտյան հեռախոսն արդեն սկսեց անհանգստացնել ինձ: Անհանդուրժելի էր ինչպես կարող էր այն սարքը, որ մի ժամանակ արտաբերել էր Բեատրիսի այսօր այլևս անկրկնելի ձայնը, նվաստանալ և դառնալ այդ խաբված Կառլոս Արխենտինո Դաներիի անօգուտ և գուցե զայրացկոտ բողոքների ընկալուչը: Բարեբախտաբար ոչինչ չպատահեց բացի այն անկանխագուշակելի զայրույթը, որ ինձ պատճառեց մի մարդ, ով հանձնարարելով նրբագույն մի գործարք մոռացել էր ինձ:
Հեռախոսը դադարեց ինձ ահաբեկել, սակայն հոկտեմբերի վերջերին Կառլոս Արխենտինոն վերստին զանգահարեց: Հուզված էր, ձայնը սկզբում չճանաչեցի: Տխուր ու զայրացած կմկմաց, որ Սունինոն և Սունգդին, իրենց անմիտ սրճարանի ապագա ծավալումը պատճառաբանելով ուզում էին քանդել իր տունը:
— Ծնողներիս տունը, իմ տունը, Դարայ փողոցի հինավուրց տունը, — կրկնեց կարծես թե բառերի մեղեդու մեջ խեղդելով իր վիշտը:
Դժվար չէր հասկանալ նրա վիշտը: Երբ լրանում է քառասունդ ամեն մի փոփոխություն դառնում է ժամանակի անցողիկության ատելի մի խորհրդանիշ թացի այդ հիշյալ տունն ինձ համար անբաժանելի էր: Բեատրիսի հիշատակից ուզում էի բացատրել այս նրբությունը. խոսակիցս չլսեց ինձ: Ասաց, որ եթե Սունինոն և Սունգրին համառ են իրենց անհեթեթ մտադրության մեջ, դոկտոր Սուննին իր փաստաբանը դիմելու է դատարան և ipso facto<ref>Փաստի զորությամր (լատ.)</ref> տեղական դրամով հարյուր հազարի հատուցում է պահանջելու:
Սուննիի անունն ազդեց վրաս, նրա գրասենյակը Կասերոս և Տակուարի խաչմերուկում, լուրջ համբավ էր վայելում: Հարցրի նա արդեն սկսել էր աշխատանքները թե ոչ, Դաներին ասաց, որ հենց այդ երեկո պիտի խոսի հետը: Տատանվեց և այն միապաղաղ անդեմ ձայնով, որով խոստովանում ենք մի շատ մեծ ու ներքին գաղտնիք ասաց որ տունն անհրաժեշտ էր պոեմն ավարտելու համար քանի որ ներքնահարկի անկյուններից մեկում մի Ալեֆ կա: Բացատրեց, որ Ալեֆը տարածության մեջ ընկած այն կետերից մեկն է որ իր մեջ պարունակում է բոլոր կետերը:
— Ճաշասենյակի տակի ներքնահարկում է, — բացատրեց մոր մոքից դողացող ձայնով, — Իմն է իմը, ես եմ հայտնաբերել, երբ դեռ երեխա էի նախադպրոցական տարիքում: Ներքնահարկի սանդուղքը բարձր է ինձ արգելված էր իջնելը, բայց լսել էի, որ ներքնահարկում մի աշխարհ կա խոսքը արկղի մասին էր, հետո իմացա բայց ես բառացի էի հասկացել աշխարհը: Իջա, գլորվեցի արգելված սանդուղքով, ընկա: Երբ բացեցի աչքերս տեսա Ալեֆը:
— Ալեֆը, — կրկնեցի:
— Այո այն տեղը, ուր աշխարհի բոլոր վայրերն են դիտված բոլոր հնարավոր անկյուններից: Ոչ ոքի չպատմեցի հայտնությանս մասին, սակայն էլի ու էլի նկուղ վերադարձա: Երեխան չէր կարող հասկանալ, որ այդ արտոնությունը նրան տրված էր, որպեսզի հասուն մարդ դառնալուց հետո պոեմ ստեղծեր: Սունինոն և Սունգրին չեն կարող ինձ զրկել իմ Ալեֆից, հազար անգամ ոչ:
Օրենսգիրքը ձեռքին դոկտոր Սուննին կփաստի, որ իմ Ալեֆն անփոխանցելի է.
Փորձեցի տրամաբանել.
— Բայց ներքնահարկը շատ մութ չէ՞:
— Այո, ճշմարտությունը դժվարությամբ է ուղի հարթում դեպի կարծր միտքը: Եթե աշխարհի բոլոր վայրերը Ալեֆում են, այնտեղ կլինեն նաև բոլոր լուսատուները բոլոր լամպերը լույսի բոլոր վտակները:
— Անմիջապես գալիս եմ:
Ընկալուչն իսկույն կախեցի, որ գնալս հանկարծ չխափանվեր: Մի դեպքի ճանաչումը հաճախ բավարարում է մանրամասնությունների այնպիսի մի ամբողջություն ընկալելու, որ նախքան այդ կասկած էլ չի հարուցել. զարմանալին այն էր, որ մինչև այդ ես չէի հասկացել, թե Կառլոս Արխենտինոն պարզապես խենթ է: Բացի այդ բոլոր Վիտերբոները Բեատրիսը (նույնիսկ ես եմ հաճախ կրկնում) անողոք ողջախոհություն ունեցող կին էր, սակայն նա երբեմն ունենում էր անհոգությունների, անուշադրությունների արհամարհանքների, իսկական դաժանությունների նոպաներ, որ գուցե պաթոլոգիական բացատրություն պահանջեին: Կառլոս Արխենտինոյի խենթության գաղափարը չարախինդ երջանկություն պատճառեց ինձ. սրտի խորքում իրար տանել չէինք կարողանում:
Գարայ փողոցում սպասուհին խնդրեց սպասել: Նա ինչպես միշտ ներքնահարկում նկարներ էր երևակում: Անպետքացած դաշնամուրի վրա անծաղիկ ծաղկամանի կողքին (ավելի անժամանակային քան ժամանակավրեպ), խամրած գույների միջից ժպտում էր Բեատրիսի մեծադիր պատկերը: Մեզ ոչ ոք չէր կարող տեսնել. քնքշանքն հաղթեց ինձ, և ես մոտեցա պատկերին:
— Բեատրիս, Բեատրիս, էլենա, Բեատրիս, էլենա, Վիտերբո սիրելի, Բեատրիս, արդեն ընդմիշտ հեռացած, Բեատրիս, ես եմ, Բորխեսը:
Կառլոսը քիչ անց ներս եկավ: Նրա խոսքերի մեջ որոշ չորություն կար, հասկացա, որ ուրիշ բանի մասին չէր կարող մտածել նրա մտքում միայն Ալեֆի կորուստի գաղափարն էր:
— Մի գավաթ կեղծ կոնյակ, — հրամայեց, — և անմիջապես կսուզվես ներքնահարկ: Պետք է մեջքի վրա պառկել: Նաև անհրաժեշտ է մթություն, անշարժություն և որոշ հարմարվածություն: Կպառկես սալահատակին և աչքերդ կհառես տասնիններորդ