{{Անավարտ}}
= ՀԵՂԻՆԱԿԻ ՆԱԽԱԲԱՆԸ Հեղինակի նախաբանը =
Թեպետև ես կարող էի իմ «Հիշատակարան»-ում զետեղել ասպետ դե Գրիյոյի արկածների պատմությունը, բայց քանի որ դրանց միջև ոչ մի առնչություն չկա, ուստի ինձ թվաց, որ ընթերցողին ավելի հաճելի կլինի կարդալ այն առանձին։ Իսկ մյուս կողմից էլ այդքան երկարաշունչ պատմությունը տևականորեն կընդհատեր իմ սեփական վիպերգության թելը։ Որքան էլ հեռու լինեմ իսկական գրող կոչվելու հավակնությունից, այնուամենայնիվ ես լավ գիտեմ, որ պատմվածքը զերծ պետք է լինի այն բոլոր միջադեպերից, որոնք խճճում ու ծանրաբեռնում են երկը. տակավին Հորացիոսն է ասել,
= ԱՌԱՋԻՆ ՄԱՍ Առաջին մաս =
Ես ստիպված եմ խնդրել ընթերցողին՝ վերադառնալ դեպի իմ կյանքի այն շրջանը, երբ առաջին անգամ հանդիպեցի ասպետ դե Գրիյոյին։ Այդ դեպքը պատահեց իմ՝ Իսպանիա մեկնելուց մոտ վեց ամիս առաջ։ Թեև ես հազվադեպ էի դուրս գալիս իմ մենությունից, սակայն դեպի դստերս տածած գուրգուրանքը հարկադրում էր ինձ երբեմն կատարել զանազան փոքր ճանապարհորդություններ, որոնք ես կրճատում էի կարելույն չափ։
= ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ Երկրորդ մաս = Իմ ներկայությունը և պարոն դը Տ․-ի սիրալիր վերաբերմունքը բոլորովին փարատեցին Մանոնի թախիծը։ — Մոռանանք մեր անցած սարսափները,— ասացի ես նրան տուն վերադառնալով,— և սկսենք մի նոր, ավելի երջանիկ կյանք։ Վերջ ի վերջո, սերը մի բարի տնօրեն է․ ճակատագիրը չի կարող այնքան վշտեր պատճառել մեզ, որքան հաճույքներ սերն է պատճառում։ Մեր ընթրիքը վերածվեց իսկական տոնախմբության։ Իմ Մանոնի հետ ու հարյուր պիստոլով ես ինձ ավելի հպարտ ու երջանիկ էի զգում, քան Փարիզի ամենահարուստ վաճառականը իր դիզած գանձերով։ Հարստություն պետք է համարել այն միջոցները, որոնք բավարարություն են տալիս մեր ցանկություններին։ Մինչդեռ ես այլևս չունեի չիրագործված ցանկություն։ Անգամ ապագան քիչ էր անհանգստացնում ինձ։ Ես գրեթե վստահ էի, որ հայրս դժվարություն չի հարուցի ինձ միջոցներ հայթհայթելու՝ Փարիզում պատվավոր կերպով ապրելու համար, որովհետև, լինելով քսան տարեկան, ես ստանում էի մորս կարողությունից ինձ հասանելիք ժառանգության իրավունքները։ Ես Մանոնից չթաքցրի, որ իմ հարստությունը կազմում է հարյուր պիսաոլ։ Այս գումարը բավական էր, որպեսզի մենք հանգարտ սպասենք ավելի լավ օրերի, որոնք, ինձ թվում էր, անկասկած պիտի հասնեին, աչքի առաջ ունենալով իմ ժառանգական իրավունքները կամ թղթախաղից ստանալիք եկամուտներս։ Այսպես, առաջին շաբաթների ընթացքում ես ուրիշ հոգս չունեի, քան իմ անդորր վիճակի պարգևած վայելքները։ Եվ որովհետև մի կողմից պատվի զգացումը և մյուս կողմից ոստիկանության վախն ինձ ստիպում էր օրեցօր հետաձգել Տրանսիլվանյան խաղատան ընկերակիցներիս հետ կապ վերահաստատելը, ապա ես բավականացա խաղալ նվազ վատահամբավ ժողովարաններում, ուր բախտի բերումն ինձ ազատեց խարդախության դիմելու նվաստացումից։ Ետճաշյա ժամանակի մի մասը ես անց էի կացնում քաղաքում և Շայո վերադառնում ընթրելու, շատ հաճախ պարոն դը Տ․-ի ընկերակցությամբ, որի բարեկամությունն օրըստօրե ամրանում էր։ Մանոնը գտավ իր ձանձրույթը փարատելու միջոցը։ Նա մտերմացավ մի քանի ջահել հարևանուհիների հետ, որոնց գյուղ էր գրավել գարունը։ Նրանք ժամանակն անց էին կացնում զբոսանքով ու իրենց սեռին հատուկ զբաղմունքներով։ Թուղթ էին խաղում կանխորոշված գումարի սահմաններում և տարած դրամով հոգում կառեթի ծախսերը։ Թարմ օդ շնչելու համար գնում էին Բուլոնյան անտառ, և ես երեկոյան վերադարձիս Մանոնին տեսնում էի ավելի գեղեցիկ, ավելի կենսուրախ, ավելի գորովալից, քան երբևէ։ Այն ուամենայնիվ, իմ կյանքի երկնակամարում սև ամպեր կուտակվեցին, որոնք կարծես սպառնում էին խորտակել երջանկությանս շենքը։ Սակայն դրանք շուտով իսպառ փարատվեցին, և Մանոնի չարաճճի բնավորությունն այնպիսի մի զավեշտական լուծում տվեց դրանց, որ մինչև հիմա էլ ինձ համար քաղցր է վերականգնել իմ մտքում նրա սրտի քնքշությունն ու հրապույրներն արտացոլող այդ հիշողությունը։ Միակ ծառան, որ սպասարկում էր մեզ, մի անգամ ինձ մի կողմ հրավիրեց և մեծ շփոթմունքով ասաց, որ կարևոր գաղտնիք ունի հաղորդելու։ Ես քաջալերեցի նրան՝ առաջարկելով ազատ խոսել։ Սկզբում նա մի քանի կցկտուր խոսքեր արտասանեց և ի վերջո հասկացրեց, որ օտարերկրացի մի սինյոր, ըստ երևույթին, սաստիկ հրապուրվել է օրիորդ Մանոնի գեղեցկությամբ։ Ես իմ բոլոր երակներում զգացի արյանս բորբոքումը։ — Իսկ Մանո՞նը, նա է՞լ է հրապուրվել,— ընդհատեցի ես նրան խիստ սաստկությամբ, քան պահանջում էր խոհեմությունը՝ լուսաբանությունը չխափանելու համար։ Իմ դյուրաբորբոքությունը սարսափեցրեց սպասավորին։ Նա շփոթված պատասխանեց, որ իր տեղեկությունները այնքան էլ հեռու չեն գնում։ Սակայն մի քանի օր շարունակ նկատելով, որ այդ օտարականը համառությամբ գալիս է Բուլոնյան անտառ, իջնում իր կառքից և, առանձնանալով հեռավոր ծառուղիներում, բացահայտորեն առիթ է փնտրում տեսնելու կամ հանդիպելու Մանոնին, ապա ինքը որոշում է ծանոթություն հաստատել օտարականի ծառաների հետ՝ նրանց տիրոջ անունն իմանալու նպատակով։ Ծառաներն ասել են, որ նա իտալացի իշխան է, որ իրենք էլ են կասկածում իրոք սիրային ինչ-որ արկածախնդրության։ Սպասավորն ավելացրեց, որ իրեն չի հաջողվել ուրիշ տեղեկություն ձեռք բերել, որովհետև այդ վայրկյանին իշխանը դուրս է եկել անտառից, մտերմորեն մոտեցել է իրեն ու հարցրել անունը։ Այնուհետև, երևի գուշակելով, որ նա մեր ծառան է, իշխանը շնորհավորել է իրեն, որ նա սպասավորում է աշխարհի ամենահրաշալի տիկնոջը։ Ես անհամբեր սպասում էի այս պատմության շարունակությանը։ Նա վերջացրեց այն՝ երկյուղած ներողություն խնդրելով, որը ես վերադրեցի իմ անխոհեմ վրդովմունքին։ Իզուր հորդորում էի նրան շարունակել և ոչինչ չթաքցնել։ Նա երդվեց, որ այլևս ոչ մի բան չգիտե և որովհետև այն ամենը, ինչ պատմել է, պատահել էր նախընթաց օրը, ուստի ժամանակ չի ունեցել կրկին տեսնելու իշխանի սպասավորներին։ Ես նրան քաջալերեցի ոչ միայն գովասանքներով, այլև առատաձեռն վարձատրությամբ և, առանց որևէ անվստահություն ցույց տալու Մանոնի նկատմամբ, ավելի հանգիստ խոսելով հանձնարարեցի նրան հետևել օտարականի յուրաքանչյուր քայլին։ Այնուամենայնիվ, սրտիս խորքում նրա երկյուղը սարսափելի կասկածներ հարուցեց։ Վախի ազդեցության տակ նա կարող էր թաքցնել ճշմարտության մի մասը։ Սակայն փոքր-ինչ խորհելուց հետո, ես այն աստիճան ազատվեցի ինձ ճնշող տագնապից, որ մինչև իսկ զղջացի ցուցաբերած թուլությանս այդ նշանի համար։ Արդարև, ես չէի կարող մեղադրել Մանոնին, որ ուրիշները սիրում են նրան։ Ամենայն հավանականությամբ նա ոչինչ չգիտե իր հաղթանակի մասին։ Եվ ապա՝ ինքս ինչ կյանք պիտի վարեմ, եթե խանդն այդքան դյուրությամբ մուտք է գործում իմ սիրտը։ Հետևյալ օրը ես վերադարձա Փարիզ մի մտադրությամբ․ արագացնել իմ հարստացումը մեծ գումարախաղով, որպեսզի ի վիճակի լինեմ առաջին իսկ փորձանքի դեպքում հեռանալ Շայոյից։ Այդ երեկո իմ հանգիստը վրդովող ոչինչ չիմացա ։ Օտարականն էլի եկել էր Բուլոնյան անտառ և նախընթաց օրը, հաստատած բարեկամության իրավունքից օգտվելով, մոտեցել էր իմ հավատարմատար սպասավորին և խոսել իր սիրո մասին, սակայն այնպիսի արտահայտություններով, որոնք Մանոնի կողմից ոչ մի փոխադարձություն չեն ցուցաբերել։ Օտարականը հարցուփորձ է արել հազար ու մի մանրամասնությունների մասին. ի վերջո, նա փորձել է մեծ խոստումներով կաշառել սպասավորիս և, գրպանից հանելով նախօրոք պատրաստած մի նամակ, իզուր առաջարկել է նրան մի քանի ոսկի՝ նամակն իր տիրուհուն հանձնելու համար։ Երկու օր անցավ առանց այլ պատահարների։ Երրորդ օրն ավելի փոթորկալից եղավ։ Բավական ուշ քաղաքից տուն վերադառնալով, ես իմացա, որ Մանոնը զբոսանքի պահին միառժամանակ հեռացել է իր ընկերուհիներից և, երբ քայլ առ քայլ հետևող օտարականը մոտեցել է նրա ազդանշանին, մի նամակ է տվել նրան, որը նա ընդունել է մեծ հաճույքով։ Օտարականը կարողացել է իր բերկրանքը հայտնել միայն քնքշանքով համբուրելով նամակը, որովհետև Մանոնն իսկույն հեռացել է։ Սակայն օրվա մնացած բոլոր ժամերին Մանոնը եղել է անսովոր ուրախ ու այդ զվարթ տրամադրությունը նա պահել է նաև տուն վերադառնալուց հետո։ Իհարկե, այս պատմության յուրաքանչյուր խոսքն ինձ սարսռեցրեց։ — Դու վստա՞հ ես,— տխրագին հարցրի ես սպասավորին,— որ քո աչքերը չեն խաբել քեզ։ Նա երկինքը վկա կանչեց, որ իր ասածը զուտ ճշմարտություն է։ Ես չգիտեմ, թե ինչ կաներ ինձ սրտիս մորմոքը, եթե Մանոնը, որը լսել էր իմ վերադարձը, չգար ինձ դիմավորելու՝ անհամբեր ու գանգատվելով իմ ուշացման համար։ Առանց սպասելու իմ պատասխանին, նա ինձ հեղեղեց փաղաքշանքներով և, երբ մենակ մնացինք, խստությամբ հանդիմանեց, որ սովորություն եմ դարձրել միշտ այդպես ուշ վերադառնալ։ Իմ լռությունը նրան թույլ էր տալիս ազատ շարունակելու իր զեղումները, և նա ասաց, որ ահա երեք շաբաթ է, ինչ ես ոչ մի օր լրիվ չեմ անցկացրել իր հետ։ Նա հայտարարեց, որ այլևս չի կարող տանել այդպիսի երկար անջատումներ և խնդրում է իմ բացակայություններն ընդմիջել գոնե մի-մի օրով՝ իրեն նվիրելու համար և որ հենց վաղվանից նա ցանկանում է առավոտից մինչև երեկո ինձ իր մոտ տեսնել։ — Կլինեմ, կարող ես չկասկածել,— պատասխանեցի ես փոքր-ինչ կտրուկ։ Նա քիչ ուշադրություն դարձրեց իմ տխրության վրա, և միանգամայն համակված անզուսպ ուրախությամբ, որն իրոք ինձ արտակարգ թվաց, հազար ու մի զվարճալի պատկերներով նկարագրեց, թե ինչպես է անցկացրել օրը։ «Տարօրինակ աղջիկ է,— մտածում էի ինքս ինձ,— արդյոք ի՞նչ է սպասում ինձ այս նախերգանքից հետո»։ Մտքովս անցավ մեր առաջին անջատման արկածի հիշողությունը։ Սակայն ինձ թվաց, թե նրա ուրախությունն ու փաղաքշանքները տոգորված են անկեղծությամբ և ներդաշնակ են իրենց արտաքին արտահայտությանը։ Ընթրիքի ժամանակ չհաղթահարվող տխրությունս ես հեշտությամբ կարող էի վերագրել թղթախաղում ունեցած անախորժ կորուստիս։ Իսկ այն, որ նա ինքը խնդրեց հետևյալ օրը չհեռանալ Շայոյից, չափից դուրս ձեռնտու էր ինձ։ Այդպիսով, ես ժամանակ ունեցա խորհրդածելու իմ անելիքի մասին։ Իմ ներկայությունը վերացնում էր յուրաքանչյուր կասկած այդ օրվա նկատմամբ։ Եթե ես նույնիսկ չնկատեի ոչ մի բան, որը ստիպեր ինձ բարձրաձայն արտահայտել իմ դիտումները, ապա, միևնույնն է, ես որոշել էի հետևյալ օրն ևեթ նրա հետ տեղափոխվել քաղաք և հաստաավել մի թաղում, ուր ազատ կլինեմ իտալացի իշխաններին հանդիպելու անախորժությունից։ Այդ որոշման շնորհիվ գիշերը անցկացրի հանգիստ, թեպետև դա ինձ չփրկեց մի նոր անհավատարմության սարսափից։ Առավոտյան, երբ ես արթնացա, Մանոնն ինձ ասաց, որ թեև մենք ամբողջ օրը տանն ենք անցկացնելու, այնուամենայնիվ, նա կուզեր, որ ես անփութություն չցուցաբերեմ իմ արտաքինի հանդեպ, և որ հենց այդ պատճառով էլ ինքը ցանկանում է իր ձեռքով հարդարել իմ մազերը։ Ես հրաշալի մազեր ունեի։ Նա բազմիցս մեծ բավականությամբ հարդարել էր դրանք։ Սակայն այդ օրը նա սովորականից ավելի խնամք գործ դրեց։ Ես ստիպված եղա զիջել նրան ու նստել իր զարդասեղանի առաջ և տանել այն բոլոր մանրակրկիտ աշխատանքը, որով նա հարդարում էր իմ մազերը։ Աշխատանքի ընթացքում նա հաճախ էր իմ երեսը շրջում դեպի իրեն և, երկու ձեռքով ուսերիս հենվելով, նայում ինձ անհագուրդ հետաքրքրությամբ։ Այնուհետև, երկու-երեք համբույրով իր բավականությունն արտահայտելով, վերստին ստիպում էր ինձ նախկին դիրքն ընդունել իր գործը շարունակելու համար։ Այդ զվարճախաղը մեղ զբաղեցրեց մինչև ճաշ։ Դրանով նրա հրապուրվելն ինձ թվում էր այնքան բնական և ուրախությունն այնքան անկեղծ ու սրտաբուխ, որ, չկարողանալով հաշտեցնել այսքան հարատև անկեղծության արտաքին արտահայտությունը մի սև դավաճանության ծրագրի հետ, ես բազմիցս պատրաստ էի նրան բացել իմ սիրտը և ազատվել մտատանջության այն բեռից, որը ճնշում էր ինձ։ Սակայն ամեն անգամ ես սպասում էի, որ նա ինքր կսկսի իր սրտաբաց բացատրությունը, և նախօրոք պատրաստվում էի ճաշակել հաղթանակի քաղցրությունը։ Մենք վերադարձանք նրա առանձնասենյակը։ Նա սկսեց նորից հարդարել իմ մազերը, և ես ամենայն սիրալիրությամբ զիջում էի նրա բոլոր ցանկություններին, երբ հանկարծ հայտնեցին, որ իշխան դը․-ն կամենում է նրան տեսնել։ Այդ անունը բորբոքեց իմ կատաղությունը։ — Ինչպե՞ս,— գոչեցի ես, ետ հրելով նրան,— ո՞վ, ի՞նչ իշխան։ Նա իմ հարցերին չպատասխանեց։— Ներս հրավիրեցեք պարոնին,— սառն ասաց նա սպասավորին և, դեպի ինձ դառնալով, ավելացրեց դյութող ձայնով. — Թանկագին իմ, մի վայրկյան, միայն մի վայրկյան․ ես քեզ հազար անգամ ավելի կսիրեմ, ամբողջ իմ կյանքում երախտապարտ կմնամ քեզ։ Զայրույթն ու անակնկալությունը կաշկանդեցին իմ լեզուն։ Նա կրկնում էր իր թախանձանքը, իսկ ես պատշաճ խոսքեր էի փնտրում՝ արհամարհանքով այն մերժելու համար։ Սակայն, երբ նա լսեց, որ նախասենյակի դուռը բացեցին, մի ձեռքով բռնեց ուսերիս ալիք-ալիք փռված իմ մազերից, իսկ մյուսով վերցրեց զարդասեղանի հայելին. նա իր բոլոր ուժը լարեց ինձ այս տարօրինակ վիճակում քարշ տալու մինչև սենյակի դուռը, որը բացեց ծնկով և աղմուկի պատճառով սենյակի մեջտեղում կանգնած օտարականին ցույց տվեց մի տեսարան, որը հավանորեն նրան քիչ չզարմացրեց։ Մեր առջև կանգնած էր մի վերին աստիճանի լավ հագնված մարդ, սակայն բավականին տգեղ դեմքով։ Այս տեսարանը նրան ծայր աստիճան շփոթեցրեց. այնուամենայնիվ, նա չհրաժարվեց խոնարհել գլուխը։ Մանոնը նրան ժամանակ չտվեց մի բառ անգամ արտասանելու։ Նա նրան մեկնեց հայելին. — Նայեցեք, պարոն,— ասաց նա,— լավ դիտեցեք ձեզ և ճշմարիտ եղեք։ Դուք խնդրում եք իմ սերը։ Ահա այն մարդը, որին ես սիրում եմ և երդվել եմ սիրել իմ ամբողջ կյանքում։ Ինքներդ համեմատեցեք։ Եթե դուք գտնում եք, որ կարող եք նրա հետ մրցակցել իմ սրտին տիրանալու համար, ապա ցույց տվեք, թե ինչ հիմունքով, որովհետև ես հայտարարում եմ, որ ձեր ամենախոնարհ սպասավորուհու աչքում Իտալիայի բոլոր իշխանները չարժեն մեկն այն մազերից, որ ես ահա բռնել եմ ձեռքովս։ Այս սեթևեթ խոսքերից հետո, որոնք նա անշուշտ մտածել էր նախօրոք, ես ապարդյուն ճիգ էի թավաւմ ազատվել նրա ձեռքից և կարեկցելով այդ ականավոր մարդուն, պահանջ էի զգում քաղաքավարությամբ մեղմել նրան հասցրած չնչին վիրավորանքը։ Սակայն հյուրը շատ շուտ ինքն իրեն հավաքեց, և նրա պատասխանը, որ փոքր-ինչ կոպիտ թվաց, ինձ ստիպեց փոխել իմ մտադրությունը։ — Օրիորդ, օրիորդ,— ասաց նա Մանոնին, բռնազբոսիկ մի ժպիտ դեմքին,— ես իրոք բացում եմ աչքերս և տեսնում, որ դուք շատ ավելի փորձված եք, քան ես ենթադրում էի։ Նա անմիջապես հեռացավ, առանց Մանոնին նայելու և ցածր ձայնով ավելացնելով, որ Ֆրանսիայի կանայք Իտալիայի կանանցից ավելին չարժեն։ Սրանից հետո ես ոչ մի ցանկություն չէի զգում նրան ստիպել, որ ավելի լավ կարծիք ունենա գեղեցիկ սեռի մասին։ Մանոնը բաց թողեց մազերս, նետվեց բազկաթոռի վրա և սենյակը լցրեց անզուսպ ու երկար քրքիջով։ Չեմ թաքցընում, որ մինչև սրտիս խորքը զգացվեցի սույն զոհաբերությամբ, որը միայն սիրո զգացմունքին կարող էի վերագրել։ Սակայն այս ծաղրը չափից դուրս վիրավորական թվաց ինձ։ Ես նրան հանդիմանեցի այդ առթիվ։ Նա պատմեց, որ իմ ախոյանը մի քանի օր Բուլոնյան անտառում իրեն անդադար հետապնդելուց և իր զգացումները ծամածռություններով հասկացնելուց հետո որոշում է բացահայտորեն դրանց խոստովանությունն անել մի նամակով, որը նա ստորագրել է իր իսկական անունով բոլոր տիտղոսների հետ միասին և նամակն իրեն հասցրել կառապանի միջոցով, որը նրան իր ընկերուհիների հետ միշտ տանում էր անտառ։ Նամակի մեջ նա խոստանում է փայլուն դիրք, հոյակապ կարողություն և հարատև սեր Ալպյան լեռների այն կողմում, ուր իր երկիրն է։ Ինքը՝ Մանոնը վերադարձել է Շայո այդ արկածն ինձ հաղորդելու դիտավորությամբ, սակայն մտածելով, որ մենք կարող ենք այդ մեր զվարճության առարկան դարձնել, նա չի հրաժարվել իր հղացած մտքից։ Խոստումնալից մի պատասխանով նա առաջարկել է իտալացի իշխանին այցելության գալ մեզ մոտ, և ավելորդ անգամ բավականություն է պատճառել իրեն՝ ինձ ևս մտցնելով իր ծրագրի մեջ, առանց այդ մասին իմ մեջ որևէ կասկած հարուցելու։ Ես ոչ մի խոսք չասացի Մանոնին այն տեղեկությունների մասին, որ ստացել էի ուրիշ ճանապարհով, և, հաղթական սիրո արբեցումից դրդված, հավանությունս տվի նրա բոլոր արարքներին։ Իմ ամբողջ կյանքում նկատել եմ, որ երկինքն իր ամենադաժան պատիժներին ենթարկել է ինձ հենց այն րոպեներին, երբ իմ երջանկությունն առանձնապես հաստատուն է թվացել։ Ես այն աստիճան ինձ երջանիկ էի զզում պարոն դը Տ․-ի բարեկամությամբ և Մանոնի քնքշությամբ, որ անկարելի էր հավատացնել, թե ինձ կարող է որևէ մի նոր դժբախտություն սպառնալ։ Մինչդեռ շատ շուտով չարաբաստիկ մի հարված նետեց ինձ այն ծանր կացության մեջ, որում դուք տեսաք Պասսիում և աստիճանաբար այնպիսի ցավալի ծայրահեղությունների հասցրեց, որ դուք դժվար թե հավատաք իմ ճշմարիտ պատմությանը։ Մի անգամ, երբ պարոն դը Տ․-ն ընթրիքի էր նստել մեզ հետ, լսվեց փողոցով ընթացող մի կառքի աղմուկ, որը կանգ առավ հյուրանոցի առաջ։ Հետաքրքրությունը մեզ դրդեց իմանալու, թե ով կարող էր գալ այդ ժամին։ Մեզ ասացին, որ դա երիտասարդ Գ. Մ.-ն է, այսինքն մեր ամենաոխերիմ թշնամու՝ այն տռփասեր ծերուկի որդին, որն ինձ բանտարկել էր տվել Սեն-Լազարում, իսկ Մանոնին՝ արգելատանր։ Նրա անունը լսելիս արյունը գլուխս խփեց։ — Երկինքն է դրան ուղարկել ինձ մոտ,— ասացի պարոն դը Տ.-ին,— որպեսզի նա կրի իր հոր ստորության պատիժը։ Նա չի կարող ինձնից խույս տալ մինչև մեր սրերը չբախվեն միմյանց։ Պարոն դը Տ․-ն, որը նրան ճանաչում էր և նրա լավագույն բարեկամներից էր, աշխատեց ինձ ուրիշ զգացմունքներ ներշնչել դեպի նա։ Նա հավատացրեց ինձ, որ երիտասարդ Գ. Մ.-ն մի շատ հաճելի անձնավորություն է, և պարզապես ոչ մի առնչություն չի կարող ունենալ իր հոր արարքի հետ և, եթե ես գեթ մի վայրկյան տեսնեմ նրան, չեմ կարող չհարգել նրան և չցանկանալ նրա փոխադարձ հարգանքը։ Հօգուտ նրան ուրիշ շատ բաներ ավելացնելուց հետո նա խնդրեց թույլ տալ, որ գնա նրան առաջարկի՝ գալ մեզ հետ ընթրելու։ Առարկությունը, թե Մանոնը կարող է վտանգի ենթարկվել, եթե նրա բնակավայրը հայտնի լինի մեր թշնամու որդուն, նա կանխեց, համոզելով իր պատվով ու հավատով, որ եթե երիտասարդ Գ․ Մ.-ն մեզ ճանաչի, կդառնա մեր ամենաջերմ պաշտպանը։ Այսպիսի հավաստիացումներից հետո ես այլևս ոչ մի արգելք չհարուցեցի։ Նախքան նրան մեզ մոտ բերելը, պարոն դը Տ․-ն հաղորդել էր մեր ով լինելը։ Նա ներս մտավ այնպիսի մի տեսք ով, որ մեզ, իրոք, հօգուտ իրեն տրամադրեց։ Նա գրկախառնվեց ինձ հետ. մենք նստեցինք սեղանի շուրջը։ Նա սքանչացավ Մանոնով, ինձնով, մեր ողջ կահավորմամբ և կերավ մի այնպիսի ախորժակով, որը պատիվ էր բերում մեր ընթրիքին։ Ընթրիքից հետո, երբ սեղանը հավաքեցին, խոսակցությունն ավելի լուրջ բնույթ ստացավ։ Նա աչքերը գետին հառեց և խոսեց իր հոր՝ մեր դեմ գործ դրած ծայրահեղ միջոցների մասին։ Նա մեզնից խոնարհաբար ներողություն խնդրեց։ — Ես կկարճեմ իմ ներողություն խնդրելը,— ասաս նա,— որպեսզի իմ մեջ չարթնացնեմ ամոթ հարուցող մի հիշողություն։ Եթե սկզբից նա անկեղծորեն ներողություն էր խնդրում, ապա հետագայում նրա անկեղծությունն ավելի ակնհայտ դարձավ, որովհետև հազիվ էր կես ժամ անցկացրել մեզ հետ զրուցելով, երբ նկատեցի Մանոնի հմայքի թողած տպավորությունը։ Նրա հայացքն ու վարվեցողությունը հետզհետե քնքշացան։ Այսուհանդերձ, խոսելիս նա ոչ մի ակնարկ չարեց իր կրած տպավորության մասին։ Սակայն չխանդելով հանդերձ, ես բավական փորձառություն ունեի սիրո խնդիրներում, որպեսզի հասկանայի, թե ինչ է առաջ գալիս սիրուց։ Նա մեզ հետ անցկացրեց գիշերվա մի մասը և բաժանվելուց առաջ իր գոհունակությունն հայտնեց մեզ հետ ծանոթանալու առթիվ ու խնդրեց թույլ տալ երբեմն հաճախել և վերանորոգել մեզ ծառայելու իր պատրաստակամությունը։ Առավոտյան դեմ նա մեկնեց պարոն դը Տ.-ի հետ, որը նստեց նրա կառեթը։ Ինչպես ասացի, ես բնավ հակամետ չէի խանդին։ Ավելի քան երբևէ ես հավատում էի Մանոնի երդումներին։ Սույն չքնաղ արարածն այնպես բացարձակորեն էր տիրացել իմ հոգուն, որ դեպի նա ունեցած իմ ամենափոքր զգացմունքն անգամ համակված էր հարգանքով ու սիրով։ Հեռու այն մտքից, որ Մանոնը մեղապարտ է՝ երիտասարգ Գ․ Մ․-ին դուր գալով, ես սքանչանում էի նրա հմայքի ներգործությամբ և գերազանցապես գոհ ու հպարտ էի, որ ինձ սիրում է մի աղջիկ՝ զմայլելի բոլորի համար։ Ես նույնիսկ անտեղի համարեցի նրան հաղորդել իմ կասկածները։ Մի քանի օր մենք զբաղված էինք նրա զգեստները կարգի բերելու հոգսով և միտք անելով այն մասին, թե արդյոք կարո՞ղ ենք առանց ճանաչվելու երկյուղի գնալ թատրոն։ Մի շաբաթ անց պարոն դը Տ․-ն նորից եկավ մեզ այցելության․ մենք հարցրինք նրա կարծիքն այդ մասին։ Նա տեսավ, որ ստիպված էր «այո» ասելու ի հաճույս Մանոնին։ Մենք որոշեցինք բոլորս միասին հենց այդ երեկո գնալ թատրոն։ Սակայն այդ որոշումը չկարողացանք իրագործել, որովհետև պարոն դը Տ․-ն իսկույն մի կողմ հրավիրեց ինձ և ասաց․ — Մեր վերջին տեսակցությունից հետո ես մեծ անհանգստության մեջ եմ գտնվում և այսօրվա իմ այցելության դրդապատճառը հենց այդ է։ Գ. Մ․-ն սիրում է ձեր գեղեցկուհուն. նա ինքը խոստովանեց այդ։ Ես նրա մտերիմ բարեկամն եմ և պատրաստ եմ ամեն կերպ ծառայելու նրան։ Սակայն նմանապես և ձեր բարեկամն եմ։ Ես կարծում եմ, որ նրա մտադրություններն անազնիվ են և դատապարտում եմ դրանք։ Ես կպահեի նրա գաղտնիքը, եթե նա մտադրվեր մի այն սովորական միջոցներ գործ դնել՝ անձնապես դուր գալու համար. սակայն նա լավ տեղյակ է Մանոնի բնավորությանը։ Իմացել է, չգիտեմ ինչպես, որ Մանոնը սիրում է փարթամ կյանք և հաճույքներ, և որովհետև նա արդեն մեծ կարողության տեր է, ապա ինձ հայտնեց, որ կամենում է որևէ խոշոր նվերով և տասը հազար ֆունտ թոշակի առաջարկությամբ գերել նրան։ Ուրիշ հավասար պայմաններում ես, թերևս, մեծ ճնշում գործ դնեի ինձ վրա՝ նրան մատնելուս համար․ սակայն արդարությունը խոսում է հօգուտ ձեր բարեկամության, մանավանդ որ ես ինքս անխոհեմաբար պատճառ եղա նրա կրքին՝ ձեր տունը հրավիրելով նրան, ուստի և պարտավոր եմ կանխել ձեզ պատճառած չարիքի հետևանքները։ Ես շնորհակալությունս հայտնեցի պարոն դը Տ․-ին այդպիսի մի կարևոր ծառայության համար և, լիակատար վստահություն տածելով դեպի նա, խոստովանեցի, որ իրոք Մանոնի բնավորությունն այդպիսին է, ինչպես պատկերացնում է Գ. Մ․-ն, այսինքն՝ նա չի կարող տանել չքավորության անունն անգամ։ — Բայց և այնպես,— ասացի ես,— երբ հարցը շատի կամ քչի մասին է, ես չեմ կարծում, որ նա ընդունակ լինի ինձ թողնել մի ուրիշի համար։ Հիմա ես ի վիճակի եմ հոգալու, որ նա ոչնչի կարիք չզգա և հույս ունեմ, որ օրեցօր պիտի աճի իմ կարողությունը։ Միայն մի բանից եմ վախենում,— ավելացրի ես,— Գ․ Մ․-ն, գիտենալով մեր բնակատեղին, կարող է վատ ծառայություն մատուցել մեզ։ Պարոն դր Տ․-ն վստահեցրեց ինձ, որ այդ կողմից կարող եմ միանգամայն հանգիստ լինել։ Գ․ Մ․-ն ընդունակ է դիմելու սիրային որևէ խելագար ծայրահեղության, սակայն նա ընդունակ չէ ստորության։ Եթե նա նույնիսկ իրեն թույլ տա որևէ ստոր արարք, ապա ինքը՝ պարոն դը Տ․-ն առաջինը կպատմի նրան և այդպիսով կհարթի մեզ պատճառած դժբախտության հետևանքները։ — Ձեր այս բարեկամական զգացմունքը մեծապես պարտավորեցնում է ինձ,— պատասխանեցի ես։— Սակայն այդ դեպքում չարիքը կատարված կլինի, մինչդեռ բուժումը խիստ տարակուսելի է։ Ուստի, ավելի խելացի կլինի դժբախտությունը կանխել, հեռանալով Շայոյից՝ մի ուրիշ տեղ բնակություն հաստատելու համար։ — Այո,— ասաց պարոն դը Տ․-ն,— սակայն դժվար կլինի այդ անել անհրաժեշտ արագությամբ, որովհետև Մ․-ն կեսօրին այստեղ կլինի. նա այդ մասին ինձ ասաց երեկ, և դա է, որ ինձ դրդել է այսպես վաղ առավոտյան գալ ձեզ հաղորդելու նրա մտադրությունը։ Րոպե առ րոպե նա կարող է հայտնվել։ Այս վրդովեցուցիչ լուրն ինձ ստիպեց ավելի լուրջ մոտենալ խնդրին։ Մտածելով, որ արդեն անկարելի է խուսափել Գ. Մ․-ի այցելությունից և, անշուշտ, անհնարին կլինի նաև արգելել նրան՝ իր սիրո խոստովանությունը Մանոնին անելու, ես որոշեցի իմ նոր ախոյանի դիտավորության մասին ինքս զգուշացնել Մանոնին։ Ես ենթադրում էի, որ եթե նա գիտենա, որ ես իրազեկ եմ այն առաջարկություններին, որոնք իրեն պիտի անի Գ․ Մ․-ն և դրանք պիտի լսի իմ աչքի առաջ, ապա նա բավականաչափ կամքի ուժ կունենա նրան մերժելու։ Իմ միտքը ես հայտնեցի պարոն դը Տ․-ին, որը պատասխանեց, թե դա շատ փափուկ հարց է։ — Ձեզ հետ համաձայն եմ,— ասացի ես,— սակայն այն բոլոր հիմունքները, որ կարելի է ունենալ իր սիրուհու վրա վստահ լինելու համար, ես ունեմ, որպեսզի հաստատապես համոզվեմ, թե նա սիրում է ինձ։ Նրան կարելի կլինի շլացնել միայն ամենամեծ առաջարկություններով, և ես ձեզ ասացի, որ շահախնդրությունը միանգամայն անհայտ է նրան։ Մանոնը սիրում է ունենալ կյանքի լայն հարմարություններ, սակայն նա սիրում է և ինձ, իսկ հիմա իմ գործերը այնպիսի մի դրության մեջ են, որ ես հավատացած չեմ, թե Մանոնը ինձ կգերադասի մի մարդուց, որի հայրը իրեն արգելատուն է նետել։ Մի խոսքով, ես հաստատ մնացի իմ մտադրության մեջ և, մի կողմ կանչելով Մանոնին, ամենայն անկեղծությամբ պատմեցի այն ամենը, ինչ ես հենց հիմա լսել էի։ Մանոնն ինձ շնորհակալություն հայտնեց իր մասին ունեցած լավ կարծիքիս համար և խոստացավ այնպես ընդունել Գ. Մ․-ի առաջարկությունները, որ նա այլևս ցանկություն չունենա դրանք կրկնելու։ — Ոչ,— ասացի ես,— չպետք է նրան գրգռել կոպտությամբ, նա կարող է մեզ վնասել։ Առանց այդ էլ դու լավ գիտես, չարաճճի,— ավելացրի ես ծիծաղելով,— թե ինչպես պետք է ազատվել մի անախորժ կամ անհարմար երկրպագուից։ Մի քիչ մտածելուց հետո նա պատասխանեց։ — Գլխումս մի սքանչելի միտք ծագեց, և ես հիացած եմ դրանով։ Գ․ Մ․-ն մեր ամենաոխերիմ թշնամին է․ հոր՝ մեզ հասցրած վիրավորանքի վրեժը մենք պետք է առնենք ոչ թե որդուց, այլ նրա քսակից։ Ես ուշադրությամբ կլսեմ նրան, կընդունեմ նրա նվերները և կծիծաղեմ նրա վրա։ — Հիանալի ծրագիր է,— ասացի ես,— սակայն, իմ խեղճ մանկիկ, մի՞թե գու բնավ չես մտածել այն մասին, որ դա մեզ ուղղակի արգելաաուն տանող ճանապարհն է։ Իզուր ես ճիգ թափեցի մատնանշելու նրան այդ մտագրության վտանգները։ Նա ասաց, որ հարկավոր է միայն նախազգուշական միջոցներ ձեռք առնել, և առ ոչինչ համարեց իմ բոլոր առարկությունները։ Ցույց տվեք մի սիրեկան, որը կուրորեն չհավանի իր պաշտած սիրուհու բոլոր քմայքներին, և ես կհամաձայնեմ, որ սխալվել եմ, երբ այդպես դյուրությամբ զիջեցի նրան։ Մեր որոշումն եղավ ծանակել ու խաբել Մ․-ին, սակայն իմ ճակատագրի խաղով այնպես պատահեց, որ խաբվեցի ես։ Գ․ Մ․-ի կառեթը երևաց մոտավորապես ժամը տասնմեկին։ Նա նուրբ հաճոյախոսություններով խնդրեց ներել իրեն՝ մեզ մոտ ճաշի գալու համար։ Նա չզարմացավ, որ մեզ մոտ հանդիպում է պարոն դը Տ․-ին, որը նախընթաց օրը խոստացել էր նրան նույնպես այցելել, սակայն, որը ձևացրել էր իբրև թե զբաղված է ինչ-ինչ գործերով, որպեսզի ստիպված չլինի նրա հետ միևնույն կառեթով գալու։ Թեպետ մեզնից յուրաքանչյուրն իր սրտում գաղտնի դավաճանություն էր պահում, այնուամենայնիվ սեղան նստեցինք փոխադարձ վստահության ու բարեկամության քողի տակ։ Գ․ Մ․-ն հեշտությամբ առիթ ունեցավ իր զգացմունքները խոստովանելու Մանոնին։ Ես չէի կարող խանգարել նրան, որովհետև դիտմամբ մի քանի րոպեով դուրս էի եկել սենյակից։ Վերադարձիս ես նկատեցի, որ Մանոնը նրան հուսահատության չի մատնել իր չափազանց խստությամբ։ Նրա տրամադրությունը շատ լավ էր։ Ես էլ ձևացրի, թե նմանապես լավ եմ տրամադրված։ Նա ներքուստ ծիծաղում էր իմ, իսկ ես՝ նրա միամտության վրա։ Ամբողջ ետճաշյա ժամերի ընթացքում մենք միմյանց համար հաճելի տեսարաններ էինք ներկայացնում։ Նրա մեկնելուց առաջ ես մի քանի անգամ նորից հնարավորություն ընձեռեցի նրան առանձին զրույց ունենալու Մանոնի հետ, այնպես որ նա շատ գոհ մնաց թե իմ սիրալիրությունից և թե փառավոր ճաշից։ Հենց որ նա կառեթ նստեց պարոն դը Տ.-ի հետ, Մանոնը գրկաբաը դեպի ինձ վազեց և համբուրեց ուրախ քրքջալով։ Նա կրկնեց Գ. Մ․-ի խոսքերը և առաջարկությունները, չփոխելով մի բառ անգամ։ Ահա թե ինչին էին հանգում դրանք։ Գ. Մ.-ն պաշտում է Մանոնին, նա ցանկանում է նրա հետ կիսել քառասուն հազար ֆունտի հասույթը, որին արդեն տիրում է, չհաշված այն, որ նա պիտի ստանա իր հոր մահից հետո։ Մանոնը կլինի նրա սրտի և կարողության տիրուհին և իբրև երաշխիք իր բարերարության, պատրաստ է նրան տրամադրելու մի կառեթ, մի կահավորված առանձնատուն, մի աղախին, երեք սպասավոր և մի խոհարար։ — Ահա մի որդի,— ասացի ես Մանոնին,— որը շատ ավելի առատաձեռն է, քան իր հայրը։ Խոսենք ամենայն անկեղծությամբ,— ավելացրի ես,— արդյոք ձեզ չի՞ գայթակղեցնում Գ․ Մ․-ի առաջարկությունը։ — Ի՞նձ,— պատասխանեց նա, իր մտքին հարմարեցնելով Ռասինի երկու ոտանավորները։ ::::Ի՞նձ․ կասկածել, թե իրոք նենգ եմ այնքան,<br/>::::Որ դեմքն այն ահռելի տանե՞լ կարենամ,<br/>::::Որն ինձ արգելատունն է հիշեցնում։<br/> — Ոչ,— պատասխանեցի ես, շարունակելով պարոդիան։ ::::Մտածել իսկ դժվարանում եմ, տիկին,<br/>::::Որ այնտեղ սիրո մի սլաք կպավ ձեր սրտին։<br/> Այնուամենայնիվ, կահավորված առանձնատուն, աղախին, խոհարար, կառեթ և երեք սպասավորներ, գայթակղեցուցիչ է․ սերն այդպիսի հրապույր չունի։ Նա հանդիսավոր կերպով հավատացրեց, որ սիրտը հավիտյան ինձ է պատկանում և թե բացի իմ սիրո սլաքներից՝ այլ սլաքներ նա երբեք չի ընդունի։ — Գ․ Մ․-ի խոստումները,— ասաց նա,— ավելի շուտ վրիժառության խթաններ են, քան սիրո սլաքներ։