Changes
— Գ․ Մ․-ի խոստումները,— ասաց նա,— ավելի շուտ վրիժառության խթաններ են, քան սիրո սլաքներ։
Ես նրան հարցրի, թե նա մտադի՞ր է արդյոք ընդունել առանձնատունը և կառեթը։ Նա պատասխանեց, որ կամենում է տիրանալ միայն նրա դրամին։
Դժվարությունը մեկն առանց մյուսի ձեռք բերելն էր։ Մենք վճռեցինք սպասել Գ․ Մ․-ի ծրագրի լիակատար լուսաբանությանն այն նամակում, որ նա խոստացել էր գրել Մանոնին։ Հիրավի, Մանոնը նամակն ստացավ մի սպասավորի միջոցով, որը եկել էր առանց համազգեստի և մեծ ճարպկությամբ հարմար րոպե գտել նրա հետ երես առ երես խոսելու։ Մանոնը հրամայեց սպասավորին սպասել իր պատասխանին և իսկույն ինձ բերեց նամակը։ Մենք միասին բացեցինք այն։
Սովորական քնքշալի խոսքերից բացի, նամակը բովանդակում էր իմ ախոյանի խոստումների մանրամասն պարզաբանումը։ Նա իր ծախսերը չի սահմանափակում որոշ շրջանակներում։ Պարտավորվում է Մանոնին տալ տասը հազար ֆրանկ, հենց որ նա դառնա առանձնատան տիրուհին, և այնպես լրացնել գումարի հետզհետե պակասելը, որ Մանոնն իր տրամադրության տակ միշտ կանխիկ ունենա այն։ Առանձնատուն հանդիսավոր մուտք գործելու օրը հեռու չէր։ Նա խնդրում էր իրեն երկու օր ժամանակ տալ անհրաժեշտ պատրաստությունների համար և մատնանշում էր փողոցի ու առանձնատան անունները, ուր նա խոստանում էր սպասել Մանոնին երկրորդ օրը՝ կեսօրին, եթե նա կարողանա մի հնարքով պրծնել իմ ձեռքից։ Սա միակ կետն է, որի մասին նա աղաչում է հանգստացնել իրեն։ Մնացած բոլորը նա միանգամայն ապահով էր համարում, սակայն ավելացնում էր, որ եթե ինձնից հեռանալը դժվար է, ապա ինքը մի միջոց կգտնի դյուրացնելու նրա փախուստը։
Գ. Մ․-ն իր հորից ավելի խորամանկ էր։ Նա ուզում էր նախ՝ տիրանալ իր որսին, ապա՝ նոր համրել դրամը։ Մենք քննեցինք, թե Մանոնն ի՞նչ վարմունք պետք է ունենա։ Ես նորից աշխատեցի նրա մտքից հանել այս ծրագիրը և ցույց տվեցի դրա վտանգները․ ոչինչ չկարողացավ տատանել նրա որոշումը։
Նա մի կարճ պատասոխան գրեց Գ. Մ․-ին, վստահեցնելով, որ առանց դժվարության սահմանած օրը կլինի Փարիզում, և որ նա կարող է ապահով սպասել իրեն։
Այնուհետև մենք վճռեցինք, որ ես իսկույն ևեթ կմեկնեմ և մի նոր բնակարան կվարձեմ մեզ համար որևէ գյուղում՝ Փարիզի այն կողմում, և ինձ հետ կվերցնեմ մեր համեստ գույքը․ իսկ Մանոնը հետևյալ օրը կեսօրից հետո, ուղիղ որոշված ժամին, կգնա Փարիզ։ Գ․ Մ․-ից նվերներ ստանալուց հետո նա թախանձագին խնդրելու է թատրոն տանել իրեն և իր հետ վերցնելու է այնքան դրամ, որքան կարող է, իսկ մնացածը հանձնելու է սպասավորին, որը, համաձայն Մանոնի ցանկության, պիտի ուղեկցեր նրան։ Այդ սպասավորը հենց նա էր, որը Մանոնին ազատեց արգելատնից և որը հիմա միանգամայն նվիրված էր մեզ։ Ես պետք է վարձու կառքով գտնվեի Սենտ-Անդրե-դեզ-Առ փողոցի անկյունում և երեկոյան ժամը յոթի մոտերքը կառքն այդտեղ թողած, մթնով պետք է ուղևորվեի դեպի թատրոնի մուտքը։ Մանոնն ինձ խոստանում էր պատրվակ գտնել թատրոնից մի րոպեով դուրս գալու և միանալու ինձ։ Ծրագրի մնացած մասի իրագործումը ոչ մի դժվարություն չէր ներկայացնում։ Մենք մի րոպեում կհասնեինք իմ թողած կառապանին և Փարիզից կհեռանայինք Սենտ-Անտուան արվարձանով, որը դեպի մեր նոր բնակավայրն էր տանում։
Այս ծրագիրը, որքան և արտառոց լիներ, մեզ թվաg միանգամայն լավ կշռադատված։ Սակայն իրականում անմտություն էր երևակայել, որ ամենաբարենպաստ հաջողության դեպքում անգամ մենք ընդմիշտ կարող կլինենք խուսափել դրա հետևանքներից։ Այնուամենայնիվ, մենք մեզ վտանգի ենթարկեցինք ամենահանդուգն ինքնավստահությամբ։
Մանոնը մեկնեց Մարսելի հետ— այսպես էին կոչում մեր սպասավորին։ Ես տրտմագին ճանապարհ դրեցի և, գրկելով նրան, ասացի.
— Մանոն, չե՞ս խաբում, արդյոք հավատարիմ կմնա՞ս ինձ։
Նա քնքշանքով գանգատվեց իմ կասկածամտությունից և մի անգամ ևս կրկնեց իր բոլոր երդումները։
Նրա հաշվով ինքը Փարիզ պիտի հասներ ժամը երեքին։ Նրա ետևից մեկնեցի և ես։ Օրվա մնացած ժամանակը գնացի սպասելու Ֆերե սրճարանում, որը Սեն-Միշել կամուրջի մոտ է գտնվում։ Այստեղ մնացի մինչև մութն ընկնելը։ Այնուհետև դուրս եկա սրճարանից և մի կառք վարձեցի, որը մեր ծրագրի համաձայն թողեցի Սենտ-Անդրե-դեզ-Առ փողոցի անկյունում, իսկ ինքս ոտքով ուղղվեցի դեպի թատրոնի մուտքը։ Ես զարմացա, որ Մարսելն այնտեղ չէ, որովհետև նա թատրոնի դռան մոտ պետք է սպասեր ինձ։ Մի ամբողջ ժամ համբերությամբ սպասեցի, խառնվելով սպասավորների բազմությանը և ուշադրությամբ նայելով բոլոր անցորդներին։ Վերջապես, երբ ժամը յոթը խփեց, և տակավին ոչ մի նշան չկար, որ առնչություն ունենար մեր մտադրության հետ, ես մի տոմս վերցրեցին պարտերում նստելու, որպեսզի տեսնեմ, թե արդյոք որևէ օթյակում չե՞ն գտնվում Մանոնը և Գ․ Մ․-ն։ Ոչ մեկը և ոչ մյուսը չկային։ Ես փողոց վերադարձա և քառորդ ժամ նորից սպասեցի՝ անհամբերությունից և անհանգստությունից սաստիկ հուզված։ Դարձյալ ոչ ոք չերևաց, և ես գնացի դեպի իմ կառքը, առանց հանգելու որևէ որոշման։ Ինձ տեսնելով, կառապանս մի քանի քայլ առաջ եկավ և խորհրդավոր տեսքով ասաց, թե ահա մի ժամ է, ինչ մի սիրուն աղջիկ կառքում ինձ է սպասում։ Այդ աղջիկը նրան հարցրել է իմ մասին, հետաքրքրվել է իմ արտաքինով և հագուստներով, որոնց շնորհիվ հասկացել է, թե ում է վերաբերում խոսքը, և երբ իմացել է նրանից, որ ես շուտով պիտի վերադառնամ, ասել է, թե համբերությամբ կսպասի ինձ։
Ես իսկույն մտածեցի, թե դա Մանոնն է։ Մոտեցա կառքին։ Սակայն այնտեղ տեսա փոքրիկ, գեղեցիկ մի դեմք, որը բնավ նման չէր Մանոնին։ Դա մի անծանոթ աղջիկ էր, որը նախ և առաջ ինձ հարցրեց, թե արդյոք պատիվ չունի՞ խոսելու պարոն ասպետ դե Գրիյոյի հետ։ Ասացի, որ իրոք այդպես է իմ անունը։
— Մոտս մի նամակ կա ձեզ հանձնելու,— ասաց նա,— այդ կբացատրի, թե ինչու համար եմ եկել ձեզ մոտ և ինչ առնչությամբ եմ պատիվ ունեցել իմանալու ձեր անունը։
Ես խնդրեցի նրան ժամանակ տալ հարևան գինետանը նամակը կարդալու։ Աղջիկը կամեցավ հետևել ինձ այնտեղ և խորհուրդ տվեց առանձին սենյակ վերցնել։
— Ումի՞ց է այդ նամակը,— հարցրեցի ես նրան, սանդուղքներով բարձրանալիս։
Պատասխանի փոխարեն նա ինձ հանձնեց նամակը, հրավիրելով կարդալ այն։
Ես ճանաչեցի Մանոնի ձեռագիրր։ Ահա թե մոտավորապես ինչ էր նա գրում։
Գ․ Մ․-ն նրան ընդունել է սպասածից ավելի շքեզ և սիրալիր քաղաքավարությամբ։ Անհաշիվ նվերներ է տվել և թագուհու կյանք խոստացել։ Այնուամենայնիվ, նա հավատացնում է ինձ, որ նոր փարթամության մեջ նա ինձ չի մոռացել։ Բայց որովհետև չի կարողացել համոզել Գ․ Մ․-ին՝ նույն երեկո իրեն թատրոն տանելու, նա մի ուրիշ օրվա է հետաձգում ինձ տեսնելու հաճույքը։ Իսկ որպեսզի փոքր-ինչ մեղմի այն ցավը, որ, ինչպես ինքը նախատեսում է, ինձ պիտի պատճառի այդ տեղեկությունը, նա հնարավորություն է ունեցել ինձ մոտ ուղարկելու Փարիզի ամենագեղեցիկ աղջիկներից մեկին, որն ինձ պետք է հանձնի իր երկտողը։ Ստորագրված էր․ «Քո հավատարիմ և սիրելի *Մանոն Լեսկո*»:
Այս նամակում մի ինչ-որ անողոք, վիրավորական բան կար ինձ համար. զայրույթն ու ցավը միառժամանակ համակեցին իմ ողջ էությունը, և ես կորցրի դատելու կարողությունը։ Հետո փորձեցի ճիգ անել՝ մեկընդմիշտ մոռանալու իմ ապերախտ և ուխտադրուժ սիրուհուն։ Ես մի հայացք նետեցի առջևս կանգնած աղջկա վրա։ Նա չափազանց սիրունիկն էր, և ես կցանկանայի, որ նրա գեղեցկությունն այնպիսին լիներ, որ ինձ ևս դրդեր ուխտադրուժ և անհավատարիմ դառնալու։ Սակայն նրանում ես չգտա այն նրբագեղ ու քնքշանվաղ աչքերը, այն աստվածային բարեկազմությունը, այն՝ սիրո աստծուց ստացած երանգավորումը, վերջապես այն անհատնում հրապույրները, որոնցով բնությունը շռայլել էր նենգ Մանոնին։
— Ոչ, ոչ,— ասացի ես այդ աղջկան, դադարելով նրան նայելուց,— ձեզ ուղարկող երախտամոռը լավ գիտեր, որ ձեր քայլերն ապարդյուն կլինեն։ Վերադարձեք նրա մոտ և իմ կողմից ասացեք նրան, թող վայելե իր հանցանքը, և եթե հնարավոր է, առանց խղճի խայթի թող վայելե այն։ Ես անդարձ լքում եմ նրան և միաժամանակ հրաժարվում բոլոր կանանցից, որոնք չեն կարող նույնքան հրապուրիչ լինել, որքան նա է, և որոնք, անկասկած, նույնքան ստոր ու նենգ են, որքան և նա։
Այդ րոպեին ես պատրաստ էի դուրս նետվել սենյակից և մեկընդմիշտ հեռանալ բոլորովին ձեռք քաշելով Մանոնից։ Եվ որովհետև սիրտս խոշտանգող մահացու խանդը փոխվեց թախծոտ ու մռայլ անդորրության, ամոքումը մոտալուտ թվաց ինձ, քանի որ ես չէի զգում և ոչ մեկն այն բուռն հույզերից, որոնք ինձ վրդովում էին նման դեպքերում։
Ավա՜ղ, ես սիրո խաբեության զոհն էի, ինչպես նաև զոհն էի Գ․ Մ․-ի և Մանոնի խաբեության։ Տեսնելով, որ ես պատրաստ եմ սանդուղքներից ցած իջնել ու հեռանալ, նամակ բերող աղջիկը հարցրեց, թե ի՞նչ եմ ցանկանում հաղորդել իր միջոցով պարոն դը Գ․ Մ․-ին և նրա մոտ տեսած տիկնոջը։ Լսելով այս հարցը, ես նորից սենյակ մտա, և հանկարծ կարծեցյալ անդորրությունից ամենաահռելի կատաղության մոլուցքի մեջ ընկա մի այնպիսի սաստկությամբ, որն անհավատալի պիտի թվա բոլոր նրանց, ովքեր երբեք չեն ապրել բուռն կրքեր։
— Գնա,— ասացի ես նրան,— և հաղորդիր դավաճան Գ․ Մ․-ին ու նրա նենգ սիրուհուն, թե ինչպիսի վհատության մեջ գցեց ինձ քո բերած նզովյալ նամակը։ Սակայն հայտնիր նաև, որ նրանք երբեք չպիտի հրճվեն ու ծիծաղեն ինձ վրա և որ երկուսն էլ իմ ձեռքով դաշունահար պիտի լինեն։
Ես նետվեցի աթոռի վրա։ Գլխարկս ընկավ մի կողմ, ձեռնափայտս՝ մյուս։ Արտասուքի երկու վտակներ հոսեցին իմ աչքերից։ Կատաղության մոլուցքը, որ դեռ նոր էր համակել ինձ, տեղի տվեց խոր վշտի։ Ես լալիս էի, հառաչանքներ ու հեկեկանքներ արձակելով։
— Մոտեցիր, մանկիկս, մոտեցիր ինձ,— ասացի ես խոսքս ուղղելով ջահել աղջկան,— մոտեցիր, քանի որ քեզ են ուղարկել ինձ մխիթարելու։ Ասա ինձ, դու գիտե՞ս, թե ինչպես պետք է սփոփել վհատությունը, ցասումը և ինքնասպան լինելու ցանկությունը՝ երկու ապրելու անարժան դավաճանների սպանությունից հետո։ Այո, մոտեցիր ինձ,— ավելացրի ես տեսնելով, որ նա մի քանի երկչոտ ու անվստահ քայլ է անում դեպի ինձ։— Եկ, սրբիր իմ արտասուքները, եկ, վերադարձրու ինձ իմ հոգեկան անդորրությունը, եկ, ասա, որ դու սիրում ես ինձ, որպեսզի ես ընտելանամ մի այլ էակի սիրուն՝ երբ չունեմ իմ անհավատարիմ գեղհցկուհու սերը։ Դու լավիկն ես, թերևս ես էլ քեզ կարողանամ սիրել։
Այս խեղճ մանկիկը, որ հազիվ տասնվեց-տասնյոթ տարեկան էր և, ըստ երևույթին, ավելի ամոթխած, քան իր նմանները, չափից դուրս զարմացած էր այսպիսի մի անսովոր տեսարանից։ Այնուամենայնիվ, նա մոտեցավ և ուզեց փաղաքշել ինձ. սակայն ես իսկույն ձեռքով ետ մղեցի նրան։
— Ի՞նչ ես ուզում ինձնից,— ասացի ես։— Ախ, դու կի՞ն ես, դու մի սեռից ես, որին ատում եմ ես և որն այլևս անտանելի է ինձ համար։ Քո երեսի քնքշությունը տակավին ինձ դավաճանություն է սպառնում։ Հեռացիր և այստեղ ինձ մենակ թող։
Նա գլուխը խոնարհեց իմ առջև, առանց համարձակվելու մի բան արտասանել և երեսը դեպի դուռր շրջեց՝ դուրս գալու համար։ Ես ասացի, որ կանգ առնի։
— Սակայն գոնե ասա ինձ,— ավելացրի ես,— ինչո՞ւ, ինչպե՞ս և ի՞նչ նպատակով են քեզ ինձ մոտ ուղարկել։ Ինչպե՞ս դու իմացար իմ անունը և վայրը, ուր կարող էիր ինձ գտնել։
Աղջիկն ասաց, որ վաղուց է ճանաչում պարոն դը Գ․ Մ․-ին։ Վերջինս իր մոտ մարդ է ուղարկել ժամը հինգին։ Եվ աղջիկը հետևել է սպասավորին և եկել մի մեծ տուն, ուր գտել է Գ․ Մ․-ին՝ մի գեղեցիկ տիկնոջ հետ պիկե խաղալիս։ Նրանք երկուսով հանձնարարել են իրեն բերել այդ նամակը, բացատրելով, որ ինձ կարող է գտնել Սենտ-Անդրե փողոցի անկյունում՝ կառքի մեջ նստած։ Ես նրան հարցրի, թե նրանք ուրիշ ոչինչ չե՞ն ասել արդյոք։ Կարմրելով, նա պատասխանեց, որ նրանք հուսադրել են, թե ես իր հետ հաճելի ժամանց կունենամ։
— Քեզ խաբել են, խեղճ աղջիկս,— ասացի ես,— քեզ խաբել են։ Դու կին ես, և քեզ տղամարդ է հարկավոր, սակայն մի տղամարդ, որը հարուստ և երջանիկ լինի, մինչդեռ այստեղ այդպիսին չես գտնի։ Վերադարձիր, վերադարձիր պարոն դը Գ․ Մ․-ի մոտ։ Նա ունի այն ամենը, ինչ հարկավոր է, որպեսզի նվաճի գեղեցկուհիների սիրտը։ Նա կարող է կահավորված առանձնատներ և կառեթներ ընծայել։ Ինչ ինձ է վերաբերում, ես միայն սեր կարող եմ առաջարկել և սիրո մեջ հավատարմություն․ կանայք, սակայն, արհամարհում են իմ չքավորությունը և իմ միամտությունը դարձնում՝ են իրենց զվարճության առարկան։
Ես նորից հազար ու մի խոսք ասացի՝ մերթ թախծոտ, մերթ փոթորկալից, նայած թե ինձ փոխ առ փոխ հուզող կրքերից որն էր տեղի տալիս կամ գերիշխում։ Բայց և այնպես, ինձ երկար տանջելուց հետո կատաղությանս մոլուցքը մեղմացավ և տեղի տվեց տագնապալից խոհերի։ Այս վերջին դժբախտությունը ես համեմատեցի նույն կարգի դժբախտությունների հետ, որ արդեն կրել էի և եկա այն եզրակացության, թե այժմ ոչ մի հիմունք չունեմ ինձ ավելի մեծ վհատության մատնելու, քան առաջ։
Ես ճանաչում էի Մանոնին․ ինչո՞ւ վշտանալ մի դժբախտությունից, որը պետք է նախատեսեի։ Ինչո՞ւ չզբաղվել բուժիչ միջոցների որոնումով։ Դեռ ուշ չէ. համենայն դեպս, պետք է գործ դնեմ իմ բոլոր ջանքերը, եթե չեմ ուզում ինքս ինձ հանդիմանել, որ անփութությամբ նպաստում եմ սեփական տանջանքներիս։ Ըստ որում, ես սկսեցի կշռադատել այն բոլոր միջոցները, որոնք կարող կլինեն ճանապարհ հարթել դեպի հույսը։
Փորձել Մանոնին բռնությամբ հափշտակել Գ․ Մ․-ի ձեռքից— դա մի հուսահատական քայլ կլինի, որը կարող է միայն կործանել ինձ և ոչ մի հաջողություն չի խոստանում։ Սակայն ինձ թվում էր, որ եթե ես կարողանամ նրա հետ ունենալ թեկուզ ամենակարճ մի տեսակցություն, ապա անխուսափելիորեն կնվաճեմ նրա սրտի մեկ բեկորը։ Ես այնպես լավ գիտեի այդ սրտի բոլոր զգայուն լարերը։ Ես այնքան վստահ էի, որ նա սիրում է ինձ։ Սակայն սույն քմայքը՝ ինձ մխիթարելու համար մի սիրուն աղջիկ ուղարկելը, գրազ կարող էի գալ, նրա միտքն էր, և դա հետևանք էր դեպի ինձ տածած իր կարեկցանքի։
Ես որոշեցի իմ ամբողջ հնարամտությունը գործադրել նրան տեսնելու համար։ Բազմաթիվ միջոցներ մեկը մյուսի ետևից քննելուց հետո ես կանգ առա հետևյալի վրա․ պարոն դը Տ․-ն հենց մեր ծանոթության օրից սկսել էր ինձ ծառայություն մատուցել այնպիսի մի սիրալիր պատրաստակամությամբ, որ ես մի րոպե անգամ չէի կասկածում նրա անկեղծությանը և դեպի ինձ տածած բարեկամությանը։ Մտադրվեցի անհապաղ գնալ նրա մոտ և խնդրել, որ նա որևէ կարևոր գործի պատրվակով իր տուն հրավիրի Գ․ Մ․-ին։ Ինձ կես ժամ էր պետք Մանոնի հետ զրուցելու համար։ Իմ դիտավորությունն էր մտնել նրա սենյակը, և ես մտածում էի, թե դա դյուրին կլինի Գ․ Մ․-ի բացակայության դեպքում։
Այս որոշումն ինձ հանգստացրեց, և ես առատաձեռն վարձատրեցի այն դեռատի աղջկան, որը տակավին սպասում էր։ Իսկ որպեսզի նրան զրկեմ իրեն ուղարկողների մոտ վերադառնալու ցանկությունից, ես վերցրի նրա հասցեն, հույս ներշնչելով, թե կգնամ գիշերը նրա հետ անցկացնելու։ Ես կառք նստեցի և կառապանին հրամայեցի ամենայն արագությամբ ինձ տանել պարոն դը Տ․-ի մոտ։ Բարեբախտաբար, նա տանն էր․ ճանապարհին ես երկյուղ էի կրում դրանից։ Մի քանի խոսքով նրան պատմեցի իմ հոգեկան տառապանքների մասին և հասկացրի, թե ինչպիսի ծառայություն եմ խնդրում նրանից։
Նա այնպես ապշեց, երբ լսեց, թե Գ․ Մ․-ն կարողացել է գայթակղեցնել Մանոնին և չիմանալով, որ ինքս էլ եմ մասնակցել ինձ հարվածող այդ դժբախտությանը՝ մեծահոգությամբ առաջարկեց հավաքել բոլոր իր բարեկամներին, որպեսզի նրանց բազուկների ու սուսերի օգնությամբ ազատենք իմ սիրուհուն։ Ես նրան հասկացրի, որ այդ ձեռնարկն աղմուկ կբարձրացնի, և որ դա կարող է կորստաբեր լինել թե՛ Մանոնի և թե՛ ինձ համար։
— Խնայենք մեր արյունը,— ասացի ես նրան,— ավելի ծայրահեղ դեպքի համար։ Ես մտածում եմ մի ավելի մեղմ միջռցի մասին, որը հույս ունեմ, քիչ հաջողություն չպիտի ունենա։
Նա պարտավորվեց առանց վերապահության անել այն ամենը, ինչ ես կպահանջեմ իրենից։ Եվ երբ ես կրկնեցի, թե նրանից լոկ խնդրում եմ իր մոտ կանչել պարոն դը Գ. Մ․-ին՝ որպես թե զրույցի համար, և նրան մեկ-երկու ժամ պահել իր տանը, նա անմիջապես մեկնեց ինձ հետ, իմ խնդիրը բավարարելու համար։
Մենք սկսեցինք խորհել, թե ինչ պատրվակի դիմենք՝ Գ․ Մ․-ին այդքան երկար պահելու համար։ Ես նրան խորհուրդ տվի նախ երկտող գրել, հրավիրելով Գ․ Մ․-ին անհապաղ գալ մի գինետուն՝ շատ կարևոր և անհետաձգելի գործով։
— Ես կսպասեմ,— ավելացրի ես,— մինչև որ նա դուրս գա, և առանց դժվարության կմտնեմ տուն, ուր ինձ ճանաչում են միայն Մանոնը և Մարսելը՝ իմ սպասավորը։ Իսկ դուք այդ ժամանակ մնալով Գ․ Մ․-ի հետ, կարող եք ասել, որ այն գործը, ինչի մասին ցանկանում եք հետը խոսել, դրամին վերաբերող հարց է։ Կասեք, որ խաղի միջոցին դուք ձեր ունեցած բոլոր դրամը տանուլ եք տվել և, նույն անհաջողությամբ շարունակելով խաղալ ազնիվ խոսքի վրա, ավելի մեծ գումար եք կորցրել։ Որպեսզի նա ձեզ տանի այնտեղ, ուր իր դրամի արկղն է, նրան ժամանակ է պետք, և դա բավ է ինձ մտադրությունս իրագործելու համար։
Պարոն դը Տ․-ն կետ առ կետ կատարեց իմ ասածները։ Ես նրան թողեցի գինետանը, որտեղ էլ հապճեպ գրեց իր նամակը։ Ես գնացի սպասելու Մանոնի տնից մի քանի քայլ հեռավորության վրա. տեսա, երբ նամակաբերը հայտնվեց, և մի րոպե անց Գ․ Մ․-ն մի սպասավորի ուղեկցությամբ դուրս եկավ տնից։ Ես ժամանակ տվի, որ նա հեռանա և ուղղվեցի դեպի սիրուհուս տունը, և, չնայած իմ ամբողջ ցասմանը, ակնածանքով այնպես բախեցի դուռը, ասես տաճարի դուռ լիներ։ Բարեբախտաբար դուռը բացողը Մարսելն էր։ Ես նրան նշան արի, որ լռի։ Թեպետ ես առիթ չունեի վախենալու մյուս ծառաներից, բայց և այնպես շշուկով հարցրի, թե նա կարո՞ղ է ինձ առաջնորդել Մանոնի սենյակն այնպես, որ ոչ ոք չնկատի։ Նա պատասխանեց, որ դա հեշտ է․ միայն պետք է կամացուկ բարձրանալ գլխավոր սանդուղքով։
— Ուրեմն շուտ գնանք,— ասացի ես նրան,— և աշխատիր թույլ չտալ, որ որևէ մեկը բարձրանա, քանի դեռ այստեղ եմ։
Անարգել ես մտա Մանոնի սենյակը։ Նա ընթերցանությամբ էր զբաղված։ Այստեղ առիթ ունեցա մի անգամ ևս ապշել ու զմայլվել այս տարօրինակ աղջկա բնավորությամր։ Նա ոչ ահաբեկվեց, ոչ էլ շփոթվեց, երբ ինձ տեսավ, այլ միայն թեթև զարմանք արտահայտեց, որն անխուսափելի է, երբ հանկարծ տեսնում ես մի մարդու, որին հեռու էիր կարծում։
— Օ՜, այդ դո՞ւ ես, սեր իմ,— ասաց նա սովորական քնքշությամբ գրկելով ինձ։— Աստված իմ, որքան հանդուգն ես։ Ո՞վ կարող էր այսօր քեզ այստեղ սպասել։
Ես դուրս պրծա նրա գրկախառնությունից․ հեռու նրա փաղաքշանքներին պատասխանելու մտադրությունից, ես արհամարհանքով հրեցի նրան և մի քանի քայլ ետ-ետ գնացի։ Իմ շարժումը նրան շփոթեցրեց։ Նա քարացավ իր կանգնած տեղում և, գունաթափ դեմքով, աչքերը սևեռեց ինձ վրա։
Իմ սրտի խորքում ես այն աստիճան հիացած էի նրան տեսնելով, որ բարկության այդքան արդարացի պատճառներով հանդերձ, ես հազիվ ուժ ունեի նրան կշտամբելու։ Սակայն սրտիցս արյուն էր ծորում ինձ հասցրած նրա սուր վիրավորանքից։ Այդ վիրավորանքը ես վերակենդանացրի իմ հիշողության մեջ, որպեսզի գրգռեմ զայրույթս։ Ես աշխատում էի իմ աչքերում ցոլացնել մի այլ կրակ, քան սիրո կրակն է։ Միառժամանակ լուռ մնացի, և նա զգաց իմ հուղմունքը. նկատեցի, որ, ըստ երևույթին, վախի ազդեցության տակ նա սարսեց։
Ես չկարողացա տանել այս տեսարանը։
— Օ՜հ, Մանոն,— ասացի նրան քնքշանքով,— ուխտադրուժ ու անհավատարիմ Մանոն։ Ինչի՞ց սկսեմ իմ գանգատները։ Ես քեզ տեսնում եմ գունատ ու դողդոջուն, և տակավին այնքան զգայուն եմ քո ամենաթեթև տառապանքների հանդեպ, որ վախենում եմ քեզ չափից դուրս վշտացնել իմ կշտամբանքներով։ Սակայն, Մանոն, հավատացնում եմ քեզ, որ իմ սիրտը խոցվել է քո դավաճանության ցավով։ Այդպես չեն հարվածում սիրեկանին, եթե կանխապես չեն որոշել նրա մահը։ Սա արդեն երրորդ անդամն է, Մանոն, ես լավ եմ հաշվել. սա երբեք չի մոռացվում։ Անհրաժեշտ է, որ դու հենց այս րոպեին որոշես, թե այսուհետև ինչպես ես վարվելու, որովհետև իմ վշտահար սիրտն այլևս չի կարող տանել նման դաժան հարվածներ։ Զգում եմ, որ սիրտս ուժասպառ է և շուտով կտոր-կտոր կլինի ցավից։ Ես այլևս չեմ կարող դիմանալ,— շարունակեցի ասելիքս, նստելով աթոռին,— հազիվ եմ ի վիճակի խոսել կամ կանգնած մնալ ոտի վրա։
Նա ոչինչ չպատասխանեց, բայց երբ ես նստեցի, նա ծունկ չոքեց և գլուխը հենեց իմ ծնկներին՝ երեսը ծածկելով ձեռներովս։ Անմիջապես զգացի, որ նա իր արցունքներով թրջում է ձեռներս։ Աստվածներ, ինչ հույզերով ասես, որ ես չհամակվեցի։
— Օ՜, Մանոն, Մանոն,— շարունակեցի ես հառաչանքով,— շատ ուշ են հորդում քո արցունքները, դու արդեն մահ ես պատճառել ինձ։ Դու ձևացնում ես, թե վշտացած ես, բայց իրականում ոչ մի վիշտ չես զգում։ Քո վշտերից մեծագույնը, անկասկած, իմ ներկայությունն է, որը միշտ խոչընդոտ է հանդիսացել քո հաճույքներին։ Բացիր աչքերդ։ Նայիր, ինչ եմ դարձել. այդքան ջերմ արցունք չեն թափում մի թշվառականի համար, որին դավաճանել են, որին լքում են այդքան անգթորեն։
Նա համբուրում էր ձեռներս՝ մնալով ծնկաչոք։
— Սիրադրուժ ու փոփոխամիտ Մանոն,— շարունակեցի ես,— երախտամոռ ու անհավատարիմ աղջիկ, ո՞ւր են քո խոստումներն ու երդումները։ Բյուր անգամ թեթևամիտ ու անողորմ սիրուհի, ի՞նչ արիր դու այն սերը, որով դեռ այսօր երդվում էիր ինձ։ Արդար երկինք,— ավելացրի ես,— ահա թե ինչպես է քեզ ծաղրում մի անհավատարիմ կին՝ սրբությամբ և ակնածանքով քեզ վկա կանչելուց հետո։ Այսպես, ուրեմն, ուխտադրժությունը պարգևատրվում է, իսկ հավատարմությանը և հարատևությանը սպասում են լքում ու վհատություն։
Այս խոսքերից հետո այնպիսի դառն խոհեր ունեցա, որ աչքերս ակամա լցվեցին արցունքով։ Մանոնն այդ նկատեց ձայնիս փոփոխումից։ Վերջապես նա խզեց լռությունը։
— Երևի շատ մեղավոր եմ,— ասաց նա տխրագին, քանի որ կարողացել եմ այդքան վիշտ ու հուզմունք պատճառել քեզ։ Սակայն թող ինձ պատժի երկինքը, եթե ես գիտակցել կամ կշռադատել եմ իմ մեղքը։
Այս խոսքերն այն աստիճան զուրկ թվացին ողջամտությունից ու արժանահավատությունից, որ ես չկարողացա զսպել ամենասաստիկ զայրույթիս բռնկումը։
— Զարհուրելի՜ կեղծություն,— գոչեցի ես,— ավելի ակներևորեն եմ տեսնում հիմա, քան երբևէ, որ դու սոսկ մի խաբեբա և նենգ կին ես։ Այժմ գիտեմ քո ստորաքարշ բնավորությունը։ Մնաս բարով, անարգ արարած,— շարունակեցի ես ոտքի կանգնելով։— Ես գերադասում եմ հազար անգամ մեռնել, քան թե այսօրվանից որևէ առնչություն ունենալ քեզ հետ։ Թող երկինքը պատժի ինձ, եթե ես երբևէ քեզ արժանացնեմ իմ ամենաթեթև հայացքին։ Մնա քո նոր սիրեկանիդ հետ, սիրիր նրան, արհամարհիր ինձ, ձեռք քաշիր պատվից, ողջամտությունից․ ես ծիծաղում եմ քո վարմունքի վրա․ ինձ համար ողջը մեկ է։
Նա այն աստիճան սարսափեց իմ կատաղությունից, որ տակավին ծունկ չոքած աթոռի մոտ, որից ես վեր էի կացել, դողդողալով ինձ էր նայում, առանց համարձակվելու մինչև իսկ շունչ քաշել։ Ես մի քանի քայլ ևս արի դռան ուղղությամբ, գլուխս շրջած դեպի նա և աչքերս սևեռած նրա վրա։ Սակայն պետք է կորցրած լինեի մարդկային վերջին զգացումը, որպեսզի անզգա ու անդրդվելի մնայի նրա հմայքների առաջ։
Ես այնքան հեռու էի այդ բարբարոս ու քարասիրտ անզգայությունից, որ հասնելով հանկարծ հակադիր ծայրահեղության, վերադարձա կամ ավելի շուտ դեպի նա նետվեցի առանց մտածելու․․․ Ես նրան իմ գիրկն առա, հազար քնքուշ համբույր տվի, իմ կատաղության համար ներում խնդրեցի և խոստովանեցի, որ կոպիտ եմ եղել և որ արժանի չեմ նրա նման մի աղջկանից սիրվելու երջանկությանը։
Ես նրան նստեցրի և, իմ հերթին ծունկ չոքելով, աղաչեցի այդ դիրքով ունկնդրել ինձ։ Ապա ներողության հայցումիս մեջ հակիրճ կերպով բովանդակեցի այն բոլոր հարգալիր ու քնքուշ խոսքերը, որ մի հլու և գորովալիր սիրեկան ի վիճակի է հնարելու։ Ես նրան խնդրեցի շնորհ անել ասելու, թե ներում է ինձ։ Նա իր ձեռները դրեց իմ ուսերին, ասելով, որ ինքը կարոտ է իմ բարությանը, որպեսզի կարողանա ինձ մոռացնել տալ իր պատճառած ցավերը, և որ նա հիմա երկյուղի մեջ է ոչ պակաս հիմունքով, որ այն, ինչ նա ուզում է ասել իր արդարացման համար, ինձ դուր չպիտի գա։
— Ես,— ընդհատեցի նրան անմիջապես,— օ՜, ես քեզնից ոչ մի արդարացում չեմ պահանջում։ Իմ հավանությունն եմ տալիս քո բոլոր արարքներին։ Ես ոչ մի իրավունք չունեմ քեզնից բացատրություն պահանջելու՝ քո վարմունքի վերաբերյալ։ Ես չափազանց ուրախ կլինեմ և երջանիկ, եթե անգին Մանոնս ինձ չզրկի իր սրտի քնքշությունից։ Սակայն,— շարունակեցի ես, չմտածելով իմ կացության վրա,— ամենակարող Մանոն, դու, որ քո քմահաճությամբ բերկրանք ու տառապանք ես պատճառում ինձ, արդյոք թույլ կտա՞ս նվաստացումովս ու զղջումովս քեզ բավարարելուց հետո խոսել իմ վշտի ու տանջանքի մասին։ Կլսե՞մ արդյոք քեզնից, թե այսօր ո՞րն է լինելու իմ վիճակը և թե արդյոք վճռե՞լ ես անդարձ ստորագրելու իմ մահվան դատավճիռը, գիշերն անցկացնելով իմ ախոյանի հետ։
Նախքան պատասխանելը նա փոքր-ինչ մտածեց։
—— Ասպետս,— ասաց նա, վերստին հանդարտված,— եթե դու հենց սկզբից բացատրված լինեիր այսպես պարզ, դու քեզ զերծ կպահեիր բյուր հուզումներից, իսկ ինձ՝ անչափ ցավալի մի տեսարանից։ Քանի որ քո վիշտը բխում է խանդից, ապա ես այդ կամոքեմ, առաջարկելով հենց այս ժամին հետևել քեզ թեկուզ աշխարհի ծայրը։ Բայց ես կարծեցի, որ քո դառնության պատճառն այն նամակն է, որը ես գրեցի քեզ պարոն դը Գ․ Մ․-ի աչքի առջև, և այն աղջիկը, որին մենք ուղարկեցինք քեզ մոտ։ Ես մտածեցի, թե միգուցե դու իմ նամակն ընդունել ես իբրև ծաղր, և կարծել, թե այդ աղջկան ես քեզ մոտ ուղարկել եմ որպես խոստովանություն, թե հրաժարվում եմ քեզնից, Գ․ Մ․-ի հետ կապվելու համար։ Ահա այս միտքն է, որ ընկճել էր ինձ հանկարծ, որովհետև, թեպետ անմեղ էի, այնուամենայնիվ, մտածելով իմ վարմունքի մասին, գտնում էի, որ արտաքուստ դեպքերն աննպաստ էին ինձ համար. սակայն,— ավելացրեց նա,— ես ուզում եմ, որ դու իմ դատավորը լինես, երբ քեզ կբացատրեմ իրերի բուն եղելությունը։
Այն ժամանակ նա ինձ պատմեց այն ամենը, ինչ պատահել էր իրեն Գ․ Մ․-ի հետ հանդիպելուց հետո, որը նրան սպասել էր հենց այն տանը, ուր հիմա մենք գտնվում էինք։ Գ․ Մ․-ն, հիրավի, նրան ընդունել էր որպես աշխարհիս ամենաանվանի մի իշխանուհու։ Նա ցույց էր տվել բոլոր սենյակները, որոնք զարմանալի ճաշակով ու մեծ խնամքով էին կահավորված։ Իրեն հատկացված առանձնասենյակում նա տվել էր նրան տասը հազար ֆունտ և, բացի դրանից, նվիրել էր մի քանի գոհարներ, որոնց թվում և այն մարգարտե ապարանջաններն ու մանյակը, որոնք մի անգամ արդեն ինքը ստացել էր Գ․ Մ․-ի հորից։ Այնուհետև նրան առաջնորդել էր դեպի մի դահլիճ, որն ինքը Մանոնը տակավին չէր տեսել և ուր ճոխ ու ընտիր ճաշ էր սպասում նրան։ Ճաշին սպասարկել էին նոր ծառաները, որոնց նա վարձել էր հատկապես Մանոնի համար, հրամայելով նրանց, որ այսուհետև նրան ընդունեն որպես իրենց տիրուհին. ի վերջո ցույց էր տվել կառեթը, ձիերը և մնացած բոլոր նվերները, որից հետո առաջարկել էր թուղթ խաղալ մինչև ընթրիք։
— Խոստովանում եմ,— շարունակեց նա,— խելքս կորցրի այս հոյակապ փարթամությունից։ Ես մտածեցի, որ ափսոս է միանգամից զրկվել այսքան բարիքներից, բավականանալով միայն ինձ հետ տասը հազար ֆրանկ ու գոհարներ տանելուց, որ այս ամենը պատրաստի մի կարողություն է մեր երկուսի համար, և որ մենք կկարողանանք հաճելի կյանք վարել Գ. Մ․-ի հաշվին։ Փոխանակ առաջարկելու թատրոն գնալ, իմ մտքով անցավ նրան հարցուփորձ անել քո մասին, իմանալու համար, թե որքան դյուրությամբ մենք կարող կլինենք տեսնվել միմյանց հետ իմ ծրագիրն իրագործվելու դեպքում։ Ես համոզվեցի, որ նա հեզաբարո և դյուրաբեկ բնավորություն ունի։ Նա ինձ հարցրեց, թե ինչ եմ մտածում քո մասին և ափսոսո՞ւմ եմ արդյոք, որ լքել եմ քեզ։ Ես պատասխանեցի, որ դու այնքան քնքուշ ես եղել և միշտ այնպես ազնվաբար վարվել ինձ հետ, որ անբնական կլիներ, եթե քեզ ատեի։ Սա խոստովանեց, որ դու իրոք մեծ արժանիքներ ունես, և որ ինքը ցանկացել է քեզ հետ մտերմություն հաստատել։ Նա կամեցավ իմանալ, թե իմ կարծիքով դու ինչ վերաբերմունք ցույց կտաս իմ մեկնումին, մանավանդ, երբ իմանաս, որ ես նրա մոտ եմ։ Ես պատասխանեցի, որ մեր սերը հին պատմություն է և արդեն փոքր-ինչ սառել է, բացի այդ, ասացի, որ դու այժմ դժվար պայմաններում ես գտնվում և թերևս ինձ կորցնելը քո աչքում մեծ դժբախտություն չի երևա, քանի որ քեզ ազատում է մի ճնշող բեռից։ Այնուհետև ավելացրի, որ ես այն աստիճան համոզված եմ քո քաղցրաբարո ու խաղաղասեր բնավորության մեջ, որ մի րոպե անգամ չեմ տատանվել քեզ ասելու, որ գործով եմ գնում Փարիզ, որ դու ոչ մի դժվարություն չես հարուցել և թույլ ես տվել ինձ մեկնելու, նույնիսկ ինքդ ես եկել այստեղ, իսկ բաժանվելիս առանձնապես մեծ անհանգստություն չես ցուցաբերել։ «Եթե ես գիտենայի,— ասաց Գ․ Մ․-ն,— թե ձեր ասպետը հակամետ է ինձ հետ հաշտ ապրելու, ինքս առաջինը կառաջարկեի նրան իմ ծառայությունն ու բարեկամությունը։ Ես նրան վստահեցրի, որ ճանաչելով քո բնավորությունը, բնավ չեմ կասկածում, թե դու ամենայն անկեղծությամբ կընդունես նրա առաջարկությունը, մանավանդ, ավելացրի ես, եթե նա, Գ․ Մ․-ն, կարողանա քեզ օգնել քո գործերում, որոնք ծայր աստիճան ձախողվել են այն օրից ի վեր, ինչ դու ընդհարվել ես քո ընտանիքի հետ։ Գ․ Մ․-ն ինձ ընդհատեց, հայտարարելով, որ նա պատրաստ է քեզ մատուցել ամեն տեսակ ծառայություն, ինչ կախված է իրենից, և որ եթե դու ցանկանաս սիրային նոր կապ հաստատել, ապա նա քեզ կտրամադրի մի գեղեցկուհի, որին թողել է հանուն իմ սիրո։
— Ես հավանություն ավի այդ մտքին,— ավելացրեց Մանոնը,— որպեսզի լիովին կանխեմ նրա բոլոր կասկածները․ և ավելի ու ավելի ամրապնդվելով իմ մտադրության մեջ, ես սոսկ տենչում էի մի հնար գտնել քեզ այս ամենի մասին իրազեկ դարձնելու համար, որովհետև վախենում էի, թե դու չափից դուրս կհուզվես, եթե ինձ չտեսնես ժամադրված վայրում։ Հենց այս նպատակով էր, որ ես առաջարկեցի նույն երեկոն ևեթ քեզ մոտ ուղարկել այդ նոր սիրուհուն, որպեսզի առիթ ունենամ քեզ գրելու. ես ստիպված եղա դիմել այս խորամանկությանը, չունենալով ոչ մի հույս, որ նա թեկուզ մի ակնթարթ մենակ կթողնի ինձ։ Նա ծիծաղեց իմ առաջարկության վրա, կանչեց իր սպասավորին ու հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք իսկույն ևեթ գտնել իր նախկին սիրուհուն, և ուղարկեց քաղաքի բոլոր մասերում որոնելու նրան։ Գ․ Մ․-ն կարծում էր, թե այդ աղջիկը քեզ կգտնի Շայոյում։ Սակայն ես նրան հաղորդեցի, որ քեզանից հեռանալիս խոստացել եմ քեզ հանդիպել թատրոնում կամ, եթե որևէ պատճառ արգելք հանդիսանա ինձ այնտեղ լինելու, դու ինձ պիտի սպասես կառեթում՝ Սենտ-Անդրե փողոցի անկյունում։ Եվ որ հետևաբար, ավելի լավ կլինի այնտեղ էլ ուղարկել քո նոր սիրուհուն, հենց թեկուզ այն նպատակով, որ գիշերը տաղտկալի չանցնի քեզ համար։ Ես նրան ասացի նաև, որ հարկավոր է մի երկտող գրել քեզ՝ հայտնելու սույն փոփոխությունը, որն առանց դրան դու դժվար կհասկանաս։ Նա համաձայնեց, սակայն ես հարկադրված էի գրել նրա ներկայությամբ և զգուշացա նամակումս ակնհայտ բացատրությունից։ Ահա թե իրերն ինչ ընթացք ստացան,— ավելացրեց Մանոնը։— Ես քեզնից ոչինչ չեմ թաքցնում, ոչ իմ վարմունքը և ոչ էլ դիտավորություններս։ Ջահել աղջիկը հայտնվեց․ նա ինձ գեղեցիկ թվաց, և որովհետև ես բնավ չէի կասկածում, որ իմ բացակայությունը քեզ վիշտ կպատճառի, ապա անկեղծորեն ցանկանում էի, որ նա գեթ մի քանի րոպե կարողանա քո ձանձրույթը փարատել և զվարճացնել քեզ, որովհետև իմ տենչած հավատարմությունը, որ դու ևս ունես, դա սրտի հավատարմությունն է։ Ես մեծ հաճույք զգացած կլինեի, եթե կարողանայի Մարսելին ուղարկել քեզ մոտ։ Սակայն ինձ չհաջողվեց մի հարմար րոպե գտնել նրան ասելու այն, ինչ ուզում էր քեզ հաղորդել։
Վերջապես նա ավարտեց իր պատմությունը, հայտնելով ինձ, թե Գ․ Մ․-ն որքան էր վրդովվել ստանալով պարոն դը Տ․-ի նամակը։ Մանոնի խոսքերով, նա դեռ վարանում էր․ լքի՞ արդյոք իրեն, թե ոչ, և վստահեցրեց, որ առանց հապաղելու կվերադառնա։ «Հենց դրա համար էլ քո ներկայությունը հիմա ինձ անհանգստացնում է, այդ պատճառով էր, որ քո գալուստը զարմացրեց ինձ»։
Ես մեծ համբերությամբ լսեցի նրա պատմությունը։ Նրա մեջ ինձ համար բազմաթիվ անողոք ու վիրավորական խոսքեր կային, որովհետև նրա անհավատարմությունն այն աստիճան ակներև էր, որ նա մինչև իսկ չջանաց այն թաքցնել։ Նա չէր կարող հուսալ, որ Գ․ Մ․-ն ամբողջ գիշեր նրան մենակ կթողնի իբրև վեստալուհի։ Ուրեմն նա որոշել էր Գ․ Մ․-ի հետ գիշերն անցկացնել։ Ինչ խոստովանություն մի սիրեկանի համար։ Սակայն մտածեցի, թե մասամբ ես եմ նրա հանցանքի պատճառը, քանի որ ես էի նրան պատմել Գ․ Մ․-ի դեպի նա ունեցած զգացմունքի մասին և այնքան թույլ գտնվել, որ կուրորեն համաձայնել էի մասնակցելու նրա արտառոց ու հանդուգն ծրագրի իրականացմանը։ Բացի այդ, շնորհիվ իմ դյուրազգաց բնության, սիրտս փափկեց նրա անկեղծ ու անպաճույճ պատմությունից և այն բարի ու սրտաբաց եղանակից, որով նա պատմում էր մինչև անգամ ինձ համար ամենանվիրական հանգամանքները։
«Մանոնը մեղանչում է առանց չարամտության,— ասում էի ինքս ինձ,— նաև թեթևամիտ է ու անխոհեմ, սակայն շիտակ ու անկեղծ»։ Ավելացրեք և այն, որ իմ սերը բավական էր, որպեսզի ստիպեր ինձ փակել աչքերս նրա բոլոր հանցանքների հանդեպ։ Ես չափից դուրս գոհ էի հենց նույն երեկո նրան իմ ախոյանից հափշտակելու հույսից։ Այնուամենայնիվ ասացի նրան․
— Իսկ գիշերը ո՞ւմ հետ դու պետք է անցկացնես։
Տխուր ձայնով տված այս հարցը նրան շփոթեցրեց։ Նա ինձ պատասխանեց կցկտուր բառերով— «սակայն», «եթե»․․․ Նա տանջվում էր իր հարցումից․ ես խղճացի նրան և ընդհատելով մեր զրույցը՝ կտրուկ հայտարարեցի, որ սպասում եմ անմիջապես ինձ հետևելու նրա որոշմանը։
— Ամենայն սիրով,— ասաց նա,— սակայն մի՞թե դու չես հավատում իմ ծրագրին։
— Ա՜խ, բավական չէ՞ միթե,— առարկեցի ես,— որ հավանում եմ այն ամենը, ինչ դու արել ես մինչև հիմա։
— Ի՞նչ, մի՞թե մենք չպիտի վերցնենք այն տասը հազար ֆրանկը,— հարցրեց Մանոնը,— նա ինքն է տվել․ դրանք իմն են։
Ես նրան խորհուրդ ավի ամեն ինչ թողնել և միայն մտածել այն մասին, թե ինչպես շուտափույթ հեռանանք, որովհետև թեպետ ընդամենը կես ժամ էր, ինչ նրա մոտ էի, բայց արդեն երկյուղ էի կրում Գ․ Մ․-ի վերադարձից։ Սակայն նա այնպիսի բուռն թախանձանքով համոզեց ինձ ձեռնունայն չհեռանալ, որ ես պարտքս համարեցի որոշ բաներում տեղի տալ նրան, քանի որ շատ զիջումներ էի ստացել նրանից։ Մինչ մենք մեկնումի պատրաստություն էինք տեսնում, լսեցի, որ փողոցի դուռը բախեցին։ Ես բնավ չէի տարակուսում, որ դա Գ. Մ․-ն է. այդ միտքն ինձ խիստ անհանգստություն պատճառեց, և ես դրա ազդեցության տակ Մանոնին ասացի, որ եթե Գ․ Մ․-ն մտնի սենյակ, կենդանի չի մնա։ Հիրավի, ես դեռևս բոլորովին չէի սթափվել իմ կատաղությունից, որպեսզի կարողանայի նրա ներկայությամբ զսպել ինձ։ Մարսելը վերջ տվեց իմ մտատանջությանը, հանձնելով ինձ մի նամակ, որը նա ստացել էր շքամուտքի դռանը։ Երկտողը պարոն դը Տ․-ից էր։ Նա ինձ գրում էր, որ Գ․ Մ․-ն գնացել է տուն իր համար դրամ բերելու, ուստի ինքն օզտվում է նրա բացակայությունից, որպեսզի մի շատ զվարճալի միտք հաղորդի ինձ։ Նրան թվում է, որ ես կարող եմ վրեժս առնել իմ ախոյանից ավելի հաճելի եղանակով՝ ուտելով նրա ընթրիքը և հենց նույն գիշերը պառկելով այն անկողնում, որտեղ նա հույս ուներ անցկացնել իմ սիրուհու հետ։ Նրա կարծիքով այս ծրագիրը դյուրությամբ կարելի էր իրագործել, եթե միայն ես կարողանամ ապահովել երեք կամ չորս մարդու աջակցություն, որոնք բավականին վճռականություն ունենան Գ․ Մ․-ին փողոցում կանգնեցնելու, և բավականաչափ հավատարմություն՝ մինչև առավոտ նրան աչքից չհեռացնելու։ Իսկ ինչ վերաբերում է իրեն, նա խոստանում է առնվազն մի ժամ նորից նրան զբաղեցնել զրույցով՝ զանազան նյութերի շուրջը, որը արդեն նախապատրաստել է նրա վերադարձի համար։
Սույն երկտողը ես ցույց տվի Մանոնին և հաղորդեցի նրան, թե ինչպիսի խորամանկության եմ դիմել նրա մոտ ազատ մտնելու համար։ Թե՛ իմ և թե՛ պարոն դը Տ․-ի հնարամտությունը մեծ հիացմունք պատճառեց Մանոնին։ Մենք մի քանի րոպե սրտագին ծիծաղեցինք այդ առթիվ, սակայն երբ ես պարոն դը S.-ի վերջին ծրագրի մասին խոսեցի որպես կատակի, ապշած մնացի, տեսնելով, թե նա ինչպես է լրջորեն պնդում իրագործելու այդ առաջարկությունը, որի միտքը սքանչացնում էր նրան։ Ես իզուր էի հարցնում, թե նրա կարծիքով մի վայրկյանում որտեղ կարող եմ գտնել մարդիկ, որոնք ընդունակ լինեն բռնել Մ․-ին և բաց չթողնել։ Նա ինձ պատասխանեց, որ, համենայն դեպս, պետք է փորձել, քանի որ պարոն դը Տ․-ն մեզ ապահովում է մի ժամ ևս, և իբրև պատասխան իմ մյուս առարկությունների, ինձ հայտարարեց, որ ես բռնակալի պես տանջում եմ և բնավ չեմ կամենում հաճոյանալ իրեն։ Այս ծրագիրը ծայր աստիճան հրապուրիչ էր թվում նրան։
— Ընթրիքին դու կնստես նրա տեղը,— կրկնեց նա ինձ,— դու կքնես նրա անկողնում և վաղ լուսադեմին կհափշտակես նրա սիրուհուն ու դրամը։ Դու կատարելապես քո վրեժն առած կլինես թե՛ հորից և թե՛ որդուց։
Ես զիջեցի նրա թախանձանքներին, չնայած սրտիս գաղտնի վայրիվերումներին, որոնք ասես ինձ չարաբաստիկ աղետ էին նախագուշակում։ Ես տնից դուրս եկա այն դիտավորությամբ, որ գնամ խնդրեմ երկու-երեք գվարդիականների, որոնց հետ ինձ ծանոթացրել էր Լեսկոն, որպեսզի իրենց վրա վերցնեն Գ․ Մ․-ին բռնելու հոգսը։ Ես տանը միայն մեկին գտա․ սակայն դա մի եռանդուն ու նախաձեռնող մարդ էր, որը գործի եղելությունն իմանալով, իսկույն երաշխավորեց դրա հաջողությունը։ Նա ինձնից ընդամենը տասը պիստոլ խնդրեց՝ վարձատրելու գվարդիայի երեք զինվորներին, որոնց նա որոշեց հրավիրել իր գլխավորությամբ մասնակցելու մեր ձեռնարկին։ Ես խնդրեցի նրան ժամանա չկորցնել։ Քառորդ ժամ չանցած նա հավաքեց այդ զինվորներին։ Ես նրան սպասում էի իր տանը, և երբ նա վերադարձավ ընկերակիցների հետ, ես անձամբ նրան առաջնորդեցի դեպի այն փողոցի անկյունը, որով անհրաժեշտաբար պիտի անցներ Գ․ Մ․-ն՝ Մանոնի գտնված փողոցը գնալու համար։ Գվարդիականին պատվիրեցի վատ չվարվել Գ․ Մ․-ի հետ և միայն աչալուրջ ու ապահով պահել մինչև առավոտյան ժամը յոթը, որպեսզի ես հանգիստ լինեմ, որ նա ոչ մի հնարավորություն չունենա փախչելու։
Գվարդիականն ինձ ասաց, որ մտադիր է նրան իր սենյակը տանելու և ստիպելու շորերը հանել կամ մինչև իսկ պառկել իր անկողնում, մինչդեռ ինքը և իր կտրիճները գիշերը պիտի անցկացնեն կոնծաբանելով ու թղթախաղով։ ես նրանց հետ մնացի, մինչև որ երևաց մոտեցող Գ․ Մ․-ն և այն ժամանակ միայն այնտեղից փոքր-ինչ հեռացա դեպի ցած՝ մի մութ տեղ, որպեսզի վկա լինեմ այդպիսի արտասովոր մի տեսարանի։ Գվարդիականն ատրճանակը ձեռին մոտեցավ նրան և քաղաքավարությամբ բացատրեց, որ ինքը ոչ նրա կյանքին է սպառնում, ոչ էլ քսակին, սակայն, եթե նա առանց դիմադրության և հոժարակամ չհետևի իրեն կամ փորձի օգնություն կանչել, ապա ինքը իսկույն կգնդակահարի նրան։ Գ․ Մ․-ն տեսնելով, որ գվարդիականի հետ երեք զինվոր ևս կան և, անշուշտ, վախենալով լիքը ատրճանակից, չդիմադրեց։ Ես տեսա, թե ինչպես զինվորները ոչխարի նման տարան նրան։ Ես անհապաղ վերադարձա Մանոնի մոտ և, որպեսզի ծառաները ոչ մի կասկած չտանեն, ներս մտնելով ասացի, որ պարոն Գ․ Մ․-ին չպետք է սպասել ընթրիքի, քանի որ անակնկալ գործերը նրան թույլ չեն տվել վերադառնալու, նա ինձ խնդրել է գալ իր ներողությունը հայտնելու և ընթրելու տիկնոջ հետ, որը ես մեծ երջանկություն եմ համարում ինձ համար, մանավանդ որ տիկինն անասելի գեղեցիկ է։ Մանոնը մեծ ճարպկությամբ օգնեց իմ մտադրության իրագործմանը։
Մենք սեղան նստեցինք։ Քանի դեռ ծառաները մեզ սպասարկում էին՝ մենք լուրջ ու վայելուչ տեսք ունեինք։ Վերջապես նրանց արձակելով, մենք անցկացրինք մեկը մեր կյանքի ամենասքանչելի երեկոներից։ Մանոնից գաղտնի ես հրամայեցի Մարսելին մի կառեթ որոնել և պատվիրել կառապանին, որ հետևյալ օրը առավոտյան ժամր վեցին սպասի տան առաջ։ Կեսգիշերի մոտերքը ես ձևացրի, թե բաժանվում եմ Մանոնից. սակայն կամացուկ կրկին Մարսելի օգնությամբ սենյակ վերադառնալով՝ պատրաստվեցի գրավել Գ․ Մ․-ի անկողինը, ինչպես քիչ առաջ նստել էի նրա տեղը սեղանի շուրջը։
Մինչդեռ նույն այդ ժամանակ չար բախտը կործանում էր պատրաստել մեզ համար։ Մենք անձնատուր եղանք հեշտալի վայելքներին, սակայն սուրն արդեն կախված էր մեր գլխին: Այդ պահող թելը կտրվելու վրա էր։ հայց, որպեսզի հասկա՛նալի լիներ մեր կործանման բոլոր հանգամանքները, պետք £ լուսաբանել դրա պատճառը։
Գ. Մ․-ին ուղեկցում էր մի սպասավոր, երբ գվարդիականը նրան բռնեց։ Այս տղան, ահաբեկված իր տիրոջ գլխին եկած փորձանքից, փախուստի դիմեց, և առաջին քայլը, որ նա արեց տիրոջն օգնելու համար, այն էր, որ գնաց պատահածի մասին իմաց տվեց ծեր Գ․ Մ․-ին։ Այդպիսի անախորժ լուրը չէր կարող սաստիկ չանհանգստացնել ծերուկին։ Դա նրա միակ որդին էր, և այդ պատճառով նա ցուցաբերեց իր տարիքի համար արտասովոր ձեռներեցություն։
Ամենից առաջ սպասավորից պահանջեց իմանալ, թե որդին ինչպես է անցկացրել երեկոն. արդյոք կռվի չի՞ բռնվել որևէ մեկի հետ. արդյոք ուրիշի կռվին չի՞ խառնվել կամ որևէ կասկածելի տուն չի՞ հաճախել։ Սպասավորր, կարծելով, թե իր տերը ծայրահեղ վտանգի մեջ է գտնվում և ենթադրելով, որ ինքը ոչ մի բան չպիտի խնայի տիրոջն օգնելու համար, ծեր հորը պատմել է իր բոլոր գիտեցածը՝ որդու դեպի Մանոնը ունեցած սիրո և նրա համար արված բոլոր ծախսերի մասին. նա նրան հաղորդում է, թե իր տերն ինչպես է անցկացրել ժամանակը կեսօրից հետո՝ մինչև ժամը իննի մոտերքը, ինչպես է դուրս եկել տնից և վերադարձին ինչ դժբախտություն է պատահել նրան։ Այս տեղեկությունը բավական էր, որպեսզի ծերուկը կասկածեր, թե իր որդու արկածը սիրային ընդհարման հետևանք է։
Թեպետ ժամը տասն անց էր կես, բայց նա առանց տատանվելու անմիջապես գնում է պարոն ոստիկանապետի մոտ, նրանից խնդրում է բոլոր գիշերապահ պահակախմբերին հատուկ հրամաններ ու հրահանգներ տալ։ Այնուհետև, ոստիկանապետի թույլտվությամբ, իր հետ վերցնելով մի պահակախումբ, շտապում է դեպի այն փողոցը, ուր բռնել էին իր որդուն։ Հետո լինում է քաղաքի բոլոր մասերում, որտեղ հույս է ունենում գտնել նրան և, ոչ մի տեղ նրա հետքը չգտնելով, հրամայում է իրեն առաջնորդել որդու սիրուհու տունը, որտեղ, նրա կարծիքով, որդին երևի արդեն վերադարձած կլինի։
Ես պատրաստվում էի անկողին մտնել, երբ նա եկավ։ Մեր սենյակի դուռը փակ լինելու պատճառով ես չէի լսել փողոցի դռան բախումը։ Սակայն նա ներս մտավ երկու պահակների ընկերակցությամբ և իր որդու վիճակի մասին արած հարցուփորձից հետո կամեցավ տեսնել նրա սիրուհուն՝ որևէ տեղեկություն ստանալու նպատակով։ Նա բարձրացավ սանդուղքով։ Մենք պատրաստվել էինք անկողին մտնելու․ նա բացեց դուռը, և երբ մենք նրան տեսանք, արյունը սառեց մեր երակներում։
— Ա՜խ, աստված իմ, ծեր Գ․ Մ․-ն է,— ասացի Մանոնին։ Ես նետվեցի դեպի իմ սուսերը․ դժբախտաբար այն պինդ մխրճվել էր պատյանի մեջ։ Տեսնելով իմ շարժումը, պահակներն իսկույն մոտեցան ինձ բռնելու։ Մարդը, որի հագինը միայն մի շապիկ է, անկարող է դիմադրել։ Նրանք ինձ զրկեցին պաշտպանվելու բոլոր միջոցներից։
Թեպետ Գ. Մ.-ն գլուխը կորցրել էր այս տեսարանից, այնուամենայնիվ իսկույն ճանաչեց ինձ։ Առավել դյուրությամբ նա ճանաչեց և Մանոնին։
— Մի՞թե պատրանք է սա,— ասաց նա մեզ խստորեն։— Մի՞թե ես տեսնում եմ ասպետ դե Գրիյոյին և Մանոն Լեսկոյին։
Ես այն աստիճան էի կատաղել ամոթից ու վշտից, որ ոչինչ չպատասխանեցի նրան։ Միառժամանակ թվաց, թե նա զանազան խոհեր է կշռադատում իր մտքում, և հանկարծ դրանք ասես բռնկեցին նրա զայրույթը, և նա գոռաց, խոսքն ինձ ուղղելով․
— Օ՜, թշվառական, այժմ ես հավատացած եմ, որ դու ես սպանել իմ որդուն։
Այս մեղադրանքը սաստիկ խոցեց իմ սիրտը։
— Ծեր ավազակ,— հպարտ պատասխանեցի նրան,— եթե ես հարկ ունենայի սպանել քո ընտանիքի անդամներից որևէ մեկին, ապա քեզնից կսկսեի։
— Դրան պինդ պահեցեք,— դիմեց նա պահակներին։— Ես դրան կստիպեմ պատմելու, թե ինչ է պատահել իմ որդուն, ես դրան վաղն ևեթ կախաղան կհանեմ, եթե հիմա իսկույն չասի, թե ինչ է արել որդուս։
— Դո՞ւ ինձ կախել կտաս,— գոռացի ես։— Անզգամ քո նմաններին պետք է կախաղան հանել։ Իմացիր, որ ես ավելի ազնիվ, ավելի զտարյուն տոհմի զավակ եմ, քան դու։ Այո,— ավելացրի ես,— ինձ հայտնի է, թե ինչ է պատահել քո որդու հետ և եթե դու շարունակես ինձ զայրացնել, ապա ես կհրամայեմ, որ վաղն ևեթ այգաբացին նրան խեղդեն և քեզ էլ նույն վիճակն եմ խոստանում նրանից հետո։
Ես անխոհեմություն արի, խոստովանելով, որ դիտեմ նրա որդու ուր լինելը․ սակայն ծայրահեղ բարկությունն ինձ դրդեց այս անզգույշ քայլն անելու։ Նա անմիջապես կանչեց հինգ թե վեց պահակների, որոնք սպասում էին դռան մոտ և նրանց հրամայեց տան բոլոր ծառաներին ձերբակալել։
— Օ՜, պարոն ասպետ,— ասաց նա ծաղրանքով,— դուք գիտեք, թե ուր է իմ որդին և կհրամայեք, որ նրան խեղդե՞ն, ասում եք։ Հավատացած եղեք, մենք կկանխենք ձեր դիտավորությունը։
Ես իսկույն հասկացա գործած սխալս։ Ծեր Գ․ Մ․-ն մոտեցավ Մանոնին, որն անկողնում նստած լաց էր լինում, և մի քանի հեգնոտ հաճոյաբանություններ ասաց հոր և որդու վրա նրա ունեցած իշխանության նկատմամբ և այն լավ չարաշահելու մասին։ Այս ծեր անժուժկալ հրեշն ուզեց ընտանեվարի վարվել Մանոնի հետ։
— Փորձիր միայն նրան դիպչել,— գոչեցի ես,— և ոչ մի սրբություն չի գտնվի, որ կարողանա քեզ փրկել իմ ձեռքից։
Նա դուրս եկավ, թողնելով սենյակում երեք պահակների, որոնց հրամայեց ստիպել մեզ շուտափույթ հագնելու մեր շորերը։
Չգիտեմ, թե այդ միջոցին նա ինչ դիտավորություն ուներ մեր նկատմամբ։ Թերևս մենք ձեռք կբերեինք մեր ազատությունը, եթե հայտնեինք նրա որդու ուր լինելը։ Շորերս հագնելիս ես խորհում էի, թե գուցե ամենալավ ելքը դա լիներ. սակայն, եթե նա այդպիսի դիտավորություն ուներ մեզնից հեռանալիս, ապա այն բոլորովին փոխվել էր, երբ սենյակ վերադարձավ։ Նա գնացել էր հարցուփորձ անելու Մանոնի սպասավորներին, որոնց ձերբակալել էին պահակները։ Նա ոչ մի բան չէր կարողացել իմանալ իր որդու՝ Մանոնի համար վարձած սպասավորներից․ սակայն երբ իմացել էր, որ Մարսելը մեզ սպասարկել է նաև անցյալում, սպառնալիքներ տալով ստիպել էր նրան խոսելու։
Մարսելը հավատարիմ սպասավոր էր, սակայն պարզամիտ էր ու անտաշ։ Արգելատնից Մանոնին ազատելու իր վարմունքի հիշողությունը և Գ․ Մ․-ի ներշնչած ահաբեկությունը այնպիսի մի տպավորություն էին գործել նրա թույլ մտքի վրա, որ նա կարծել էր, թե իրեն ահա կտանեն կախելու կամ անիվահարելու։ Նա խոստովանում է հայտնել այն ամենը, ինչ գիտեր, եթե միայն իր կյանքը խնայեն։ Գ․ Մ․-ն այս խոսքերից գալիս է այն եզրակացության, որ մեր արարքները շատ ավելի լուրջ են ու հանցավոր, քան ինքը պատկերացրել է իրեն մինչ այդ։ Նա Մարսելին խոստանում է ոչ միայն կյանքը խնայել, այլև վարձատրել իր խոստովանության համար։
Այս թշվառ արարածը նրան պատմում է մեր ծրագրի մի մասյ, որի շուրջր մենք առանց քաշվելու խոսակցել էինք նրա ներկայությամբ, որովհետև որոշ չափով նա ևս պիտի մասնակցեր դրա գործադրմանը։ Ճիշտ է, նրան միանգամայն անհայտ էին այն փոփոխությունները, որոնց ենթարկվել էր մեր ծրագիրը Փարիզում։ Սակայն Շայոյից հեռանալու պահին նա տեղյակ էր մեր ձեռնարկի ծրագրին և գիտեր, թե ինքն ինչ դեր պիտի խաղա նրա իրագործման մեջ։ Ուստի նա հայտնում է Գ․ Մ․-ին, որ մեր մտադրությունն է եղել՝ խաբել նրա որդուն, որ Մանոնը պետք է ստանար կամ արդեն ստացել է տասը հազար ֆրանկ, որոնք, ըստ մեր դիտավորութչան, երբեք չպիտի ընկնեին Գ․ Մ․-ի տոհմի ժառանգների ձեռքը։
Այս խոստովանությունից հետո կատաղած ծերուկն անմիջապես մեր սենյակը բարձրացավ։ Առանց մի խոսք ասելու, նա մտավ առանձնասենյակը, ուր և հեշտությամբ գտավ դրամը և գոհարները։ Կարմրատակած դեմքով նա վերադարձավ մեր սենյակը և ցույց տալով, ինչպես ինքը կամեցավ անվանել, մեր կողոպուտը։ Նա մեր գլխին թափեց իր վիրավորական կշտամբանքները։ Նա Մանոնի աչքերին մոտեցրեց մարգարտե մանյակն ու ապարանջանները։
— Դուք ճանաչում եք սրանք,— ասաց նա հեգնական ժպիտով։— Առաջին անգամը չէ, որ դուք տեսնում եք։ Իսկ և իսկ նրանք են, ազնիվ խոսք։ Դրանք ձեզ դուր են գալիս, գեղեցկուհիս,— այժմ ես հեշտությամբ համոզվում եմ դրանում։ Խեղճ երեխաներ,— ավելացրեց նա,—իրավ, երկուսն էլ դեմքով հրաշալի են, սակայն բնությամբ՝ փոքր-ինչ խաբեբա։
Այս վիրավորական խոսքերից իմ սիրտը պատառ-պատառ էր լինում։ Միայն մի ակնթարթ ազատ լինելու համար ես կտայի․․․ օ՜, արդար երկինք, ինչեր չէի տա։ Վերջապես ես բռնություն գործ դրի ինձ վրա և ասացի զսպված զայրույթով, որը ցասման նուրբ արտահայտություն էր․
— Վերջ դնենք, պարոն, այս տմարդի և ամբարտավան ծաղրին։ Ինչի մասին է խոսքը։ Ի՞նչ եք մտադիր անելու մեզ հետ։
— Իմ ասածն այն է, պարոն ասպետ,— պատասխանեց նա,— որ ձեզ անմիջապես Շաթելե պետք է ուղարկեմ։ Վաղն առավոտյան մենք ավելի դյուրին կլուսաբանենք եղելությունը, և ես հույս ունեմ, որ դուք ի վերջո շնորհ կանեք ասելու, թե որտեղ է իմ որդին։
Առանց երկար մտածելու ես հասկացա, որ Շաթելեում բանտարկվելը մեզ համար սարսափելի հետևանքներ կունենա։ Սարսուռով ես նախազգացի բոլոր վտանգները։ Իմ բոլոր հպարտությամբ հանդերձ ես ըմբռնեցի, որ պետք է հոժարակամ կրել բախտի ծանրությունը և շողոքորթել ամենաոխերիմ թշնամուս՝ իմ հեզությամբ նրանից մի բան ստանալու համար։ Քաղաքավարությամբ ես նրան խնդրեցի մի րոպե լսել ինձ։
— Ես գիտակցում եմ իմ հանցանքը, պարոն, ասացի նրան։— Խոստովանում եմ, որ երիտասարդությունն ինձ ստիպեց մեծ սխալներ գործե, որոնք ձեզ էլ են այն աստիճան վիրավորել, որ տեղի են տվել ձեր արդար գանգատներին։ Սակայն եթե ձեզ անհայտ չէ սիրո ուժը, եթե դուք ի վիճակի եք դատելու այն մասին, թե ինչ է կրում մի խեղճ, թշվառ պատանի, որից խլում են նրա սիրո առարկան, դուք, թերևս, ինձ թողության արժանի կհամարեք՝ մի չնչին վրեժխնդրության բավարարությունը փնտրած լինելուս համար կամ, թերևս, առնվազը բավականաչափ պատժված կհամարեք ինձ՝ հենց այստեղ հասցրած նախատինքով։ Հարկ չկա դիմելու ո՛չ տանջանքների և ո՛չ էլ բանտարկության, որպեսզի ինձ ստիպեք ասելու, թե որտեղ է գտնվում ձեր որդին։ Նրան ոչ մի վտանգ չի սպառնում։ Իմ մտադրությունը չի եղել նրան վնասել, ոչ էլ ձեզ վիրավորել։ Ես պատրաստ եմ ձեզ հայտնելու այն վայրը, ուր նա անվտանգ կանցկացնի գիշերը, եթե դուք բարի լինեք ինձ ազատություն շնորհել։
Ծեր վագրը, որ բնավ չզգացվեց իմ աղերսանքից, ծիծաղելով թիկունքն ինձ դարձրեց։ Նա շրթներից միայն մի քանի խոսք թռցրեց՝ ինձ հասկացնել տալու, որ մեր դիտավորությունը նա գիտե իր սկզբնավորությունից։ Ինչ վերաբերում է իր որդուն, կոպտությամբ ավելացրեց անողորմ ծերուկը, նա շուտով կգտնվի, քանի որ ես չեմ սպանել նրան։
— Դրանց տարեք փոքր Շաթելե,— ասաց նա պահակներին,— և զգուշացեք, որ ասպետը ձեր ձեռքից չփախչի։ Նա խորամանկ է և մի անգամ արդեն փախել է Սեն-Լազարից։
Նա դուրս եկավ սենյակից և ինձ թողեց, կարո՞ղ եք երևակայել, ինչ վիճակում։
— Օ՜, երկինք,— բացականչեցի ես,— հլու-հնազանդ կընդունեմ բոլոր քո հարվածները․ սակայն այն, որ մի թշվառական ու ապիկար ծերուկ բռնությամբ է վարվում ինձ հետ, ծայրահեղ հուսահատության է մատնում ինձ։ Պահակները խնդրեցին մեզ փութալ։ Դրսում կառեթն արդեն սպասում էր։ Սանդուղքներից իջնելիս ես բռնեցի Մանոնի ձեռքը։
— Գնանք, իմ սիրելի թագուհի,— ասացի ես նրան, գնանք հնազանդվելու մեր դաժան բախտին։ Թերևս երկինքը բարեհաճի մեզ ավելի երջանիկ օրեր շնորհել։
Մենք միասին մեկնեցինք միևնույն կառեթով։ Մանոնն ընկավ իմ գիրկը։ Նա մի խոսք անգամ չէր արտասանել Գ․ Մ․-ի գալուց ի վեր։ Սակայն, երբ ինձ հետ մենակ մնաց, հազար քնքուշ խոսքեր ասաց, անդադար հանդիմանելով իրեն, թե ինքն է եղել իմ դժբախտության պատճառը։ Ես հավատացրի նրան, որ երբեք չեմ գանգատվի իմ բախտից, քանի դեռ նա չի դադարել ինձ սիրելուց։
— Դու չպիտի անհանգստանաս ինձ համար ու խղճաս ինձ,— ավելացրի ես։— Մի քանի ամսվա բանտարկությունն ամենևին չի սարսափեցնում ինձ, և ես բոլոր դեպքերում Շաթելեն կգերադասեմ Սեն-Լազարից։ Սակայն քո վիճակը, անգին հոգյակս, անհանգստացնում է ինձ ու խոցում սիրտս։ Ինչպիսի վիճակ այսքան չքնաղ մի արարածի համար։ Օ՜հ, երկինք, ինչպես ես դու կարողանում այդպես դաժան վարվել քո ամենակատարյալ ստեղծագործության հետ։ Ինչո՞ւ ի բնե մեզ չեն տրված մեր թշվառ վիճակին համապատասխանող հատկություններ։ Մեզ շնորհել են խելք, ճաշակ, նրբազգացություն․ ավա՜ղ, որքան տխուր պարագաներում ենք կիրառում դրանք, մինչդեռ մեր այս վիճակին արժանի՝ բազմաթիվ ստոր հոգիներ վայելում են բախտի բոլոր շնորհները։
Սույն խորհրդածությունները խոր վշտով համակեցին ինձ։ Սակայն այս բոլորը ոչինչ էր, համեմատած ապագայի մասին ունեցած իմ խոհերի հետ, որովհետև ես տոչորվում էի Մանոնի վիճակի համար։ Նա մի անգամ արդեն եղել էր արգելատանը ու, թեպետ նրան հաջողվել էր այնտեղից ազատվել, բայց ես գիտեի, որ այս կարգի մի կրկնություն չափազանց մեծ վտանգների հետ է կապված։ Ուզում էի նրան հաղորդել իմ մտավսոխությունը, բայց երկյուղում էի չափից դուրս վհատեցնել նրան։ Ես դողում էի նրա համար, չհամարձակվելով զգուշացնել նրան սպառնացրղ վտանգի մասին։ Հառաչելով գրկում էի նրան՝ գոնե հավաստիացնելու համար իմ սերը, միակ զգացումը, որ ես համարձակվում էի արտահայտել։
— Մանոն,— ասում էի ես նրան,— անկեղծ ասա, մի՞շտ պիտի սիրեք ինձ։
Նա պատասխանեց, որ ինքը չափազանց անբախտ է համարում իրեն, որ ես կասկածում եմ այդ մասին։
— Լավ,— ավելացրի ես,— այլևս չեմ կասկածում և վստահությամբ արհամարհում եմ բոլոր վտանգներն ու չեմ վախենում մեր թշնամիներից։ Ես կդիմեմ իմ ընտանիքի աջակցությանը, որպեսզի դուրս գամ Շաթելեից և իմ բոլոր արյունը ոչ մի արժեք չպիտի ունենա, եթե անմիջապես չփրկեմ քեզ, երբ ինքս ազատվեմ բանտարկությունից։
Մենք հասանք բանտ։ Մեզ տեղավորեցին առանձին խցերում։ Այս հարվածն ինձ բոլորովին չշշմեցրեց, որովհետ և ես նախատեսել էի այն։ Բարապանին հանձնարարեցի հոգ տանել Մանոնի համար, հասկացնելով նրան, որ ես բարձր դիրքի տեր մարդ եմ, և խոստանալով մեծ վարձատրություն։ Ես գրկեցի իմ անգին սիրուհուն նախքան նրանից անջատվելը, թախանձեցի չափից դուրս չվշտանալ և ոչ մի բանից չվախենալ, քանի դեռ ես կենդանի եմ։ Մոտս բավականաչափ դրամ ունեի. մի մասը Մանոնին տվեցի, իսկ մնացածից մի մեծ գումար, ավելի քան մեր ամսական ծախսը, նախապես վճարեցի բարապանին՝ ինձ և Մանոնին սպասարկելու համար։
Իմ դրամը մեծ ազդեցություն գործեց։ Ինձ մի մաքուր սենյակ հատկացրին և հավատացրին, որ Մանոնին էլ նույնպիսի սենյակում են տեղավորել։ Ես անմիջապես սկսեցի խորհել, թե ինչ միջոցներով արագացնեմ իմ ազատությունը։
Պարզ է, որ իմ գործում, իրոք, ոչ մի հանցավոր արարք չկա, և անգամ եթե ենթադրենք, որ մեր գողության դիտավորությունն ապացուցվել է Մարսելի վկայությամբ, այնուամենայնիվ լավ գիտեի, որ գողության սոսկ դիտավորությունը չի պատժվում։ Ես որոշեցի մի շտապ նամակ դրել հորս, խնդրելով նրան անձամբ գալ Փարիզ։ Ինչպես ասացի, ինձ համար ավելի քիչ ամոթալի էր լինել Շաթելեում, քան Սեն-Լազարում։ Բացի այդ, թեև մեջս վառ էր մնացել հարգանքր դեպի հայրական հեղինակությունը, այնուհանդերձ, տարիների փորձառությունը զգալի չափով պակասեցրել էին իմ երկչոտությունը։ Անմիջապես նամակը գրեցի. Շաթելեում դժվարություն չհարուցեցին այն ուղարկելու թույլտվության խնդրում։ Սակայն ես նեղություն չէի կրի այդ անելու, եթե իմանայի, որ հաջորդ օրն իսկ հայրս ժամանելու է Փարիզ։
Նա ստացել էր մի շաբաթ առաջ գրած իմ նամակր և չափազանց ուրախացել։ Սակայն, չնայած պարտաճանաչ դառնալու իմ հուսատու խոսքերին, նա երևի մտածել էր, թե սոսկ խոստումներին չի կարելի հավատ ընծայել։ Նա որոշել էր անձամբ գալ Փարիզ, համոզվելու իմ վարք ու բարքի փոփոխության և զղջման անկեղծության մեջ և ըստ այնմ վարվել ինձ հետ։ Իմ բանտարկության հետևյալ օրը նա քաղաք էր ժամանել։
Ամենից առաջ նա այցելել էր Տիբերժին, որին խնդրել էի ուղղել իր պատասխանը։ Տիբերժից նա ոչինչ չէր կարողացել իմանալ․ ո՛չ իմ բնակատեղի հասցեն, ո՛չ էլ ներկա վիճակիս մասին։ Նրանից իմացել էր միայն իմ գլխավոր արկածները Սեն-Սյուլպիսից փախչելուց հետո։ Տիբերժը մեծ գոհունակությամբ էր խոսել մեր վերջին տեսակցության միջոցին իմ ցուցաբերած բարի ու ջերմեռանդ դիտավորությունների մասին։ Նա ավելացրել էր, որ իր կարծիքով ես խզել եմ բոլոր իմ կապերը Մանոնի հետ, սակայն նրան զարմացնում է այն, թե ինչու ահա ութ օր է, ինչ ես նրան ոչ մի լուր չեմ հաղորդում իմ մասին։ Հայրս միամիտ մարդ չէր։ Նա իսկույն հասկանում է, որ իմ լռությունը, որից գանգատվում էր Տիբերժը, ինչ-որ բան է թաքցնում, որը վրիպել էր բարեկամիս կորովամտությունից, և նա այնքան ճիգ է թափում իմ հետքը գտնելու համար, որ իր ժամանումից երկու օր հետո իմանում է իմ՝ Շաթելեում լինելը։
Նրա այցելությունից առաջ, որին ես բնավ չէի սպասում, ինձ մոտ եղավ ոստիկանության պետը կամ, եթե իրերն իրենց իսկական անունով կոչենք, ես ենթարկվեցի հարցաքննության։ Նա փոքր-ինչ հանդիմանեց ինձ, սակայն ոչ խիստ և ոչ էլ վիրավորական ձևով։ Մեղմաբար ասաց, որ ցավում է իմ վատ վարքի համար, և որ ես անզգույշ եմ վարվել պարոն դը Գ․ Մ․-ի պես մարդուն դարձնելով իմ թշնամին։ Նրա խոսքերից երևում էր, որ իմ գործում ավելի շատ անխոհեմություն և թեթևամտություն կա, քան չար դիտավորություն։ Սակայն, ահավասիկ երկրորդ անգամն է, որ ես ենթարկվում եմ նրա դատաստանին, մինչդեռ ինքը հուսացել է, որ Սեն-Լազարում անցկացրած երկու-երեք ամիսներն ինձ խելքի կբերեն։
Անսահման ուրախացած, որ գործ ունեմ մի ողջախոհ դաաավորի հետ, ես նրան բացատրություններ տվի այնքան հարգալիր ու համեստ կերպով, որ կարծես նա շատ գոհ մնաց իմ պատասխաններից։ Նա ինձ հորդորեց այնքան էլ չվշտանալ և ասաց, որ ինքը պատրաստ է ինձ որոշ ծառայություն մատուցելու՝ ի սեր իմ տոհմի ու երիտասարդության։ Ես համարձակություն ունեցա նրա ուշադրությունը հրավիրել Մանոնի վիճակի վրա, գովասանքով խոսելով նրա հեզության ու քաղցրաբարո բնավորության մասին։ Նա ծիծաղելով ինձ պատասխանեց, որ ինքը դեռևս չի տեսել այդ աղջկան, սակայն լսել է, որ նրան շատ վտանգավոր մի անձնավորություն են համարում։ Այս խոսքերն այնպիսի մի քնքշանք առաջացրին իմ մեջ, որ ես հազար ու մի ջերմ խոսքեր ասացի խեղճ սիրուհուս պաշտպանության համար, և մինչև իսկ չկարողացա ինձ զսպել լաց լինելուց։ Նա հրամայեց նորից բանտ տանել ինձ։
— Սե՜ր, սե՜ր,— բացականչեց այս պատկառելի դատավորն իմ ետևից,— մի՞թե դու երբեք հաշտ չպիտի ապրես իմաստության հետ։
Ես անձնատուր եղա իմ տխուր մտքերին և խորհում էի ոստիկանապետի հետ ունեցած խոսակցությանս մասին, երբ լսեցի սենյակիս դռան բախումը․ դա հայրս էր։ Թեպետ պետք է պատրաստ լինեի նրա այցելությանը, քանի որ ես նրան այսպես թե այնպես սպասում էի մի քանի օր հետո, այնուամենայնիվ այն աստիճան հուզվեցի, որ գետնի խորքը ինձ նետած կլինեի, եթե դա բացվեր իմ ոտքերի առաջ։ Մեծ շփոթությամբ ես գրկեցի նրան։ Նա անխոս նստեց․ լուռ էի և ես։
Ես կանգնել էի նրա առջև՝ աչքերս գետին հառած, գլուխս բաց։
— Նստիր պարոն,— ասաց նա ինձ լրջորեն,— նստիր։ Շնորհիվ քո անառակ կյանքի և խարդախությունների բարձրացրած աղմուկի՝ ես իմացա քո օթևանի տեղը։ Քո արարքներն այն առավելությունն ունեն, որ անհայտ մնալ չեն կարող․ դու ուղիղ ճանապարհով ես գնում դեպի համբավ։ Պետք է հուսալ, որ քո վարմունքը շուտով քեզ Գրևի հրապարակը կտանի և դու, հիրավի, կհասնես քո փառքին՝ ի սքանչացումն բոլոր ժողովրդի այնտեղ ցուցադրվելով։
Ես ոչինչ չպատասխանեցի։ Նա շարունակեց․
— Օ՜հ, որքան դժբախտ է այն հայրը, որը գորովանքով սիրել է իր որդուն և ոչ մի բան չի խնայել նրան բարեկիրթ մարդ դարձնելու և որը, ի վերջո, հանձին այդ որդու գտնում է իրեն անպատվող մի խաբեբայի։ Կարելի է մխիթարվել չար բախտի պատճառած դժբախտությունից։ ժամանակը մոռացնում է այն և վիշտը մեղմացնում. սակայն, ո՞ւր գտնել բուժիչ միջոցներ այն չարիքի դեմ, որն օրեցօր մեծանում է, մի չարիք, որպիսին առաջանում է պատվի զգացումը լիովին կորցրած արատավոր որդու անկարգություններից։ Դու լռո՞ւմ ես, թշվառական,— ավելացրեց նա։— Դիտեցեք այս կեղծ համեստությունը, այս խորամանկ հեզությունը․ ասես ձեր առաջ կանգնել է իր տոհմի ամենապատվավոր ներկայացուցիչը։
Թեպետ ես ստիպված եղա ընդունել, որ մասամբ արժանի եմ այս վիրավորանքներին, այնուամենայնիվ, ինձ թվաց, որ դրանք չափից ավելի խիստ են։ Ես կարծեցի, որ ինձ թույլատրելի է անկեղծորեն և պարզ բացատրել իմ միտքը։
— Հավատացնում եմ ձեզ, պարոն,— ասացի ես,— որ իմ համեստությունը բնավ կեղծ չէ․ դա բնական է և հատուկ մի ազնվատոհմիկ մարդու, որն անսահման հարգում է իր հորը և առավել ևս՝ իր զայրացած հորը։ Ես հավակնություն չունեմ ինձ համարելու մեր տոհմի ամենապատվավոր ներկայացուցիչը։ Խոստովանում եմ, որ արժանի եմ ձեր կշտամբանքին․ սակայն, թախանձում եմ ձեզ, փոքր-ինչ ավելի բարի եղեք դեպի ինձ և մի վարվեք որպես բոլոր մարդկանցից ամենանվաստի հետ։ Ես արժանի չեմ այդքան դաժան խոսքերի։ Բnլոր իմ սխալների պատճառը սերն է, ձեզ հայտնի չէ դրա ուժը։ Մի՞թե ձեր արյունը, որն իմ արյան աղբյուրն է, երբեք կրքի բռնկումներ չի ունեցել։ Սերն ինձ դարձրեց չափազանց քնքուշ, չափազանց գորովալիր, առավել հավատարիմ և թերևս անչափ հաճոյակատար՝ իմ չքնաղ սիրուհու ցանկությունների հանդեպ․ ահա իմ հանցանքները։ Դրանից որն է ձեզ անպատվում։ Սիրելի հայր,— ավելացրի ես քնքշագին,— մի փոքր խղճացեք ձեր որդուն, որը միշտ հարգանք ու սեր է տածել դեպի ձեզ, որը երբեք չի հրաժարվել, ինչպես դուք եք կարծում, պատվից և պարտաճանաչությունից և որը հազար անգամ արժանի է կարեկցանքի, քան դուք կարող եք երևակայել։— Այս խոսքերը ես վերջացրի արտասվաթոր։
Հայրական սիրտը բնության ստեղծագործության գլուխգործոցն է․ նա այնտեղ իշխում է, այսպես ասած, որպես արդար դատավոր և կառավարում է նրա բոլոր հույզերը։ Իսկ իմ հայրը, բացի այդ, լինելով խելացի ու նրբաճաշակ մարդ, այնքան զգացվեց արդարացումներիս մասին լսած խոսքերից, որ չկարողացավ թաքցնել իր տրամադրության փոփոխությունը։
— Եկ, իմ խեղճ ասպետ,— ասաց նա ինձ,— եկ, գրկիր ինձ, ես քեզ խղճում եմ։
Ես գրկեցի նրան։ Զգալով, թե ինչ ջերմությամբ է հայրս ինձ սեղմում իր կրծքին, ես կարողացա դատել, թե ինչ է կատարվում նրա սրտում։
— Սակայն, ի՞նչ միջոցների պետք է դիմել,— շարունակեց նա,— որպեսզի քեզ այստեղից ազատենք։ Պատմիր ինձ քո բոլոր գործերի մասին, առանց մի բան թաքցնելու։
Իմ արարմունքի մեջ, եթե այն համեմատենք որոշ կարգի աշխարհիկ երիտասարդների արարքների հետ, վերջին հաշվով մի այնպիսի բան չկար, որն ինձ միանգամայն անպատվեր։ Եվ քանի որ մեր դարում սիրուհի ունենալն ամոթալի բան չի համարվում, ինչպես նաև թղթախաղում ճարպկորեն բախտն իր կողմը թեքելը, ապա ես ամենայն անկեղծությամբ հորս պատմեցի իմ կյանքի բոլոր մանրամասնությունները։ Յուրաքանչյուր մեղքիս խոստովանության հետ ես օրինակ էի բերում որևէ ականավոր մարդու արարքը՝ իմ ամոթալի հանցանքը մեղմացնելու նպատակով։
— Ես ապրում եմ մի սիրուհու հետ,— ասացի հորս, առանց ամուսնական ծիսակատարության։ Պարոն դուքս ․․․-ը ողջ Փարիզի աչքի առաջ երկու սիրուհի է պահում, իսկ պարոն Դ․-ն ահա տասը տարի է, ինչ ապրում է մի սիրուհու հետ, որին այնպիսի մի հավատարմությամբ է նվիրված, որը երբեք չի ունեցել իր կնոջ նկատմամբ։ Ֆրանսիայի ազնվատոհմիկ մարդկանց երկու-երրորդ մասը պատիվ են համարում սիրուհի ունենալը։ Ես թղթախաղում խարդախություն գործադրեցի․ պարոն մարկիզ ․․․-ի և կոմս ․․․-ի եկամուտները նույն աղբյուրներն ունեն․ պարոն իշխան ․․․-ը և պարոն դուքս ․․․-ը ասպետախմբի նույնպիսի մի ընկերության պարագլուխներն են։
Ինչ վերաբերում է երկու Գ․ Մ․-ների քսակի նկատմամբ նյութած իմ ծրագրերին, ապա ինձ դժվար չէր ապացուցել, որ այս դեպքում ևս ունեցել էի օրինակներ։ Սակայն ես բոլորովին պատվազուրկ չէի, որպեսզի ի վիճակի չլինեի ինձ հետ դաաապարտելու բոլոր նրանց, ովքեր օրինակ էին հանդիսացել ինձ։ Այդ պատճառով ես խնդրեցի հորս ներել սույն իմ թուլությունը, որը հետևանք էր ինձ համակած երկու բուռն կրքերի՝ վրեժխնդրության և սիրո։
Նա հարցրեց, թե արդյոք չե՞մ կարող միջոցներ նշել, որոնց շնորհիվ կարելի լինի ամենակարճ ժամանակում ազատվել, միաժամանակ և խուսափելով անցանկալի աղմուկից։ Ես նրան հաղորդեցի ոստիկանապետի դեպի ինձ տածած բարեհաճ զգացումների մասին։
— Եթե դուք դիմումներ անելիս որևէ դժվարության հանդիպեք,— ասացի ես նրան,— ապա դա միայն երկու Մ․-ները կարող են ձեզ պատճառել․ ուստի և ինձ թվում է, որ անհրաժեշտ է նեղություն կրել նրանց տեսնելու։
Հայրս խոստացավ այդպես վարվել։
Ես չհամարձակվեցի խնդրել նրան միջնորդել նաև Մանոնի համար։ Այդ ես չարի ոչ թե համարձակության պակասությունից, այլ վախի ազդեցության տակ, ենթադրելով, որ այդպիսի մի առաջարկությամբ կարող եմ նրան վրդովել և որևէ կործանարար միտք ներշնչել իմ և Մանոնի նկատմամբ։ Մինչև այսօր էլ չգիտեմ, թե արդյոք այդ երկյուղը չէ՞ր իմ ամենամեծ դժբախտությունների պատճառը, մի երկյուղ, որն արգելք հանդիսացավ ինձ փորձել հորս տրամադրելու՝ հօգուտ իմ թշվառ սիրուհու և ջանալ բարենպաստ մի վերաբերմունք ներշնչել դեպի նա։
Թերևս մի անգամ էլ ինձ հաջողվեր շարժել նրա գութը։ Այսպիսով, ես նրան կնախազգուշացնեի հավատ ընծայել Գ․ Մ․-ի ասածներին, որոնց տպավորության տակ նա ընկավ ամենայն դյուրությամբ։ Ով գիտե, թերևս, իմ չար բախտը խափաներ բոլոր ջանքերս և դրանք ապարդյուն դարձներ. սակայն ես, իմ դժբախտության մեջ, համենայն դեպս, կմեղադրեի միայն չար բախտս ու թշնամիներիս անգթությունը։
Ինձնից հեռանալով, հայրս գնաց այցելելու պարոն դը Գ․ Մ․-ին։ Հոր մոտ է լինում նաև երիտասարդ Գ․ Մ․-ն, որին գվարդիականն ազնվաբար արձակել էր։ Ես երբեք չիմացա նրանց զրույցի մանրամասնությունները․ սակայն, դժբախտաբար, հեշտությամբ կարողացա դատել այդ խոսակցության մասին՝ շնորհիվ դրա մահացու հետևանքների։ Նրանք՝ երկու հայրերը, միասին գնում են ոստիկանապետի մոտ, որից երկու բան են խնդրում․ նախ՝ անմիջապես ինձ ազատ արձակել Շաթելեից․ երկրորդ՝ Մանոնին ցմահ բանտարկության ենթարկել կամ արտաքսել Ամերիկա։ Հենց այդ ժամանակները սկսել էին մեծ թվով անհայտ ու կասկածելի մարդկանց Միսսիսիպի աքսորել։ Ոստիկանապետը նրանց խոստանում է առաջին իսկ մեկնող նավով Մանոնին ուղարկել Ամերիկա։
Պարոն դը Գ․ Մ․-ն և հայրս իսկույն եկան ինձ մոտ՝ հաղորդելու իմ ազատության լուրը։ Պարոն դը Գ․ Մ․-ն քաղաքավարությամբ խնդրեց անցյալի վիրավորանքները մոռանալ, ինձ շնորհավորեց այդպիսի մի հայր ունենալուս համար և հորդորեց օգտվել նրա խրատներից և օրինակից։ Հայրս ինձ հրամայեց ներողություն խնդրել Գ․ Մ․-ից այն կարծեցյալ վիրավորանքի համար, որ ես իբր թե պատճառել եմ նրա ընտանիքին, և շնորհակալություն հայտնել ազատությունս ձեռք բերելու գործում նրա ցույց տված աջակցության համար։
Մենք բոլորս դուրս եկանք, առանց որևէ խոսքով հիշելու Մանոնին։ Նրանց ներկայությամբ ես նույնիսկ չհամարձակվեցի նրա մասին խոսել բարապանների հետ։ Ավաղ, միևնույն է, իմ սրտահույզ խոսքերն անօգուտ պիտի մնային։ Աքսորի դաժան ու անագորույն հրամանը ստացվել էր իմ ազատության հրամանի հետ միասին։ Մի ժամ հետո այս անբախտ աղջկան տարան արգելատուն, որտեղ նա միացավ նույն վիճակին դատապարտված մի քանի թշվառ կանանց խմբին։
Հայրս ինձ ստիպեց հետևելու իրեն՝ դեպի իր իջևանատեղը, և միայն երեկոյան ժամը վեցին ինձ հաջողվեց հարմար րոպե գտնել ու հեռանալ նրա մոտից Շաթելե վերադառնալու համար։ Ես մտադիր էի միայն մի քիչ ուտելիք տանել Մանոնին և հանձնարարել նրան բարապանի խնամքին, որովհետև ոչ մի հույս չունեի, թե կարող եմ նրան անձամբ տեսնելու թույլտվություն ստանալ։ Նույնպես և դեռ ժամանակ չէի ունեցել խորհել նրան ազատելու միջոցների մասին։ Ես խնդրեցի կանչել բարապանին։ Իմ առատաձեռնությունից ու բարի վերաբերմունքից նա շատ գոհ էր մնացել. ուստի միանգամայն պատրաստ լինելով ինձ ծառայություն մատուցել, նա Մանոնի վիճակի մասին խոսեց արդեն որպես մի կատարված դժբախտության մասին, որը մեծապես անհանգստացրել է իրեն, քանի որ դա չի կարող չվշտացնել և ինձ։ Ես գլխի չընկա, թե նա ինչ է ասում ինձ։ Մի քանի րոպե մենք զրուցում էինք առանց միմյանց հասկանալու։ Ի վերջո, երբ նա համոզվեց, որ ես ոչինչ չգիտեմ և որ անհրաժեշտ է ճիշտ տեղեկություն տալ, ինձ հաղորդեց այն, ինչ արդեն ես ձեզ պատմեցի սարսափով, և որի կրկնումը նույնպիսի սարսափ է պատճառում ինձ։
Նույնիսկ ամենաուժգին կաթվածը բնավ չի ունեցել այնպիսի մի հանկարծական ու սոսկալի ներգործություն, ինչպիսին ես ապրեցի այս լուրը լսելիս։
Սիրտս այնպես ցավագին ճմլվեց, որ երբ ես ուշաթափ վայր ընկա, կարծեցի, թե առհավետ զրկվում եմ կյանքից։ Այս միտքը դեռևս հարատևում էր իմ մեջ, երբ ուշքի եկա։ Նայեցի շուրջս, սենյակի պատերին, նայեցի և ինձ վրա, որպեսզի համոզվեմ, թե արդյոք տակավին կենդանի՞ եմ։ Ճիշտն այն է, որ հետևելով սոսկ տառապանքներից ազատվելու բնական մղման, ինձ համար հուսահատության ու սարսափի այս վայրկյանին ավելի քաղցր և ցանկալի բան չկար, քան ինքը մահը։ Մինչև իսկ կրոնը չէր կարող ինձ պատկերել հանդերձյալ աշխարհում ավելի անտանելի տանջանքներ, քան այն ծանր ցնցումները, որոնք խոշտանգում էին իմ հոգին։ Այնուամենայնիվ, շնորհիվ սիրո կատարած հրաշքի, ես շուտով բավականաչափ ուժ ունեցա շնորհակալ լինելու երկնքին գիտակցությունս ու բանականությունս վերադարձնելու համար։
Մահս կարող էր օգտակար և ցանկալի լինել միմիայն ինձ համար։ Մինչդեռ իմ կյանքը պետք էր Մանոնին՝ նրան ազատելու, օգնելու և նրա վրեժն առնելու համար։
Բարապանն ինձ այնպիսի օգնություն ցույց տվեց, որը կարելի է սպասել միայն ամենամտերիմ բարեկամից։ Նրա ծառայությունն ընդունեցի ամենաջերմ շնորհակալությամբ։
— Ավա՜ղ,— ասացի նրան,— ուրեմն իմ տառապանքները դուք այդքան մոտ եք ընդունում ձեր սրտին։ Բոլորն ինձ լքում են․ անգամ հայրս մեկն է իմ ամենաանգութ հալածողներից։ Ոչ ոք ինձ չի կարեկցում․ դաժանության ու բարբսրոսության այս վայրում միայն դուք եք ցավակցում բոլոր մարդկանցից ամենաթշվառին։
Նա ինձ խորհուրդ տվեց փողոցում չերևալ, քանի դեռ չի մեղմել իմ հուզումը։
— Հոգ չէ, հոգ չէ,— ասացի ես դուրս գալով։— Մենք, նորից միմյանց հետ կտեսնվենք և ավելի շուտ, քան դուք կարծում եք։ Պատրաստեցեք ձեր խուցերից ամենախավարը․ ես կաշխատեմ արժանանալ դրան։
Հիրավի, իմ առաջին միտքը եղավ սպանել երկու Գ․ Մ․-ներին և ոստիկանապետին և այնուհետև զինված հարձակում գործել արգելատան վրա՝ բոլոր այն մարդկանց օգնությամբ, որոնց կհաջողվի գրավել իմ կողմը։ Տարված իմ արդար վրեժխնդրությամբ, ես հորս անգամ չպիտի խնայեի, որովհետև բարապանն ինձ հաղորդել էր, որ հայրս և Գ․ Մ-ն էին իմ կորստյան հեղինակները։
Սակայն, երբ ես մի քանի քայլ արեցի փողոցում, և օդը փոքր-ինչ զովացրեց արյունս և հանգստացրեց ինձ, իմ ցասումը տեղի տվեց ավելի ողջամիտ զգացումների։ Մեր թշնամիների մահը ոչ մի օգուտ չպիտի բերեր Մանոնին, մինչդեռ, անկասկած, ինձ պիտի զրկեր նրան օգնելու հնարավորությունից։ Բացի այդ, արդյոք ես ընդունա՞կ էի ստոր սպանության դիմելու։ Ուրիշ ի՞նչ ուղի կարող էի ընտրել իմ վրեժխնդրության համար։ Ես բոլոր ուժերս ու արիությունս հավաքեցի, որպեսզի նախ ջանամ ազատել Մանոնին և միայն այս կարևոր ձեռնարկության հաջողությունից հետո մտածել հետագա քայլերի մասին։
Մոտս քիչ դրամ կար։ Այնինչ, ամեն բանի անհրաժեշա հիմքը դա էր, որից և պետք էր սկսել։ Ես միայն երեք անձնավորություն գիտեի, որոնք կարող էին ինձ դրամական օգնություն ցույց տալ․ պարոն դը Տ․-ն, հայրս և Տիբերժը։ Քիչ հավանականություն կար որևէ բան ստանալ վերջին երկուսից․ իսկ ես ամաչում էի նորից առաջինին դիմել բազմիցս կրկնված մի այսպիսի խնդրանքով։ Սակայն հուսահատությունը հարկադրում է մարդուս խեղդել պատվասիրության ամեն զգացում։ Ես անմիջապես ուղևորվեցի դեպի Սեն-Սյուլպիսի սեմինարիան, առանց վախենալու, որ այնտեղ ինձ կարող են ճանաչել։ Ես դուրս կանչեցի Տիբերժին։ Նրա առաջին իսկ խոսքերից հասկացա, որ նա տակավին տեղյակ չէ իմ վերջին արկածների մասին։ Այս հանգամանքը ստիպեց փոխել իմ դիտավորությունը՝ շարժել նրա կարեկցանքը դեպի ինձ։ Ես նրա հետ խոսեցի ընդհանրապես հորս տեսնելու իմ ուրախության մասին և հետո խնդրեցի փոխարինաբար մի փոքր գումար տալ ինձ, պատրվակ բերելով, թե Փարիզից մեկնելուց առաջ ես ուզում եմ հատուցել մի քանի պարտքեր, որոնք ցանկալի էր, որ անհայտ մնային։ Նա իսկույն ևեթ իմ տրամադրության տակ դրեց իր քսակը։ Ես այնտեղ եղած վեց հարյուր ֆրանկից վերցրի հինգ հարյուրը։ Առաջարկեցի ստացական․ նա չափազանց վեհանձն գտնվեց այն չընդունելու համար։
Այնտեղից ես գնացի պարոն դը Տ․-ի մոտ։ Նրանից ես ոչինչ չթաքցրի։ Պատմեցի նրան իմ դժբախտությունների և տանջանքների մասին․ սակայն նա արդեն տեղյակ էր իմ պատմության ամենաչնչին հանգամանքներին, որովհետև հետևել էր երիտասարդ Գ․ Մ․-ի արկածախնդրության բոլոր դեպքերին։ Այնուամենայնիվ, նա լսեց իմ պատմածը և շատ կարեկցեց։ Իսկ երբ նրանից խորհուրդ հարցրի Մանոնին ազատելու միջոցների մասին, նա տխրությամբ պատասխանեց, որ ոչ մի ելք չի տեսնում և որ պետք է հրաժարվել այդ մտքից, եթե միայն երկինքը չօգնի մի արտասովոր ու անսպասելի եղանակով։ Նա ավելացրեց, որ ինքը դիտմամբ արգելատուն է գնացել Մանոնի բանտարկությունից հետո, սակայն մինչև իսկ իրեն թույլ չեն տվել նրան տեսնելու, որովհետև ոստիկանապետի հրամանն այդ մասին չափազանց խիստ է․ բացի այդ ի լրումն բոլոր դժբախտությունների՝ այն ողորմելի խմբակը, որին միացրել են Մանոնին, երրորդ օրը պիտի մեկնի։
Ես այն աստիճան ընկճված էի նրա պատասխանից, որ նա կարող էր ժամերով խոսել, և ես ի վիճակի չլինեի ընդհատել նրան։ Նա շարունակեց պատմել, թե ինքը չի եկել ինձ Շաթելեում տեսնելու, որպեսզի հարկ եղած դեպքում ավելի դյուրությամբ կարողանա ծառայություն մատուցել, եթե ոչ ոք չկասկածի մեր բարեկամությանը։ Նա ասաց, որ մի քանի ժամ հետո, իմանալով իմ ազատության լուրը, նա շատ է ցավել տեղս չիմանալու համար, որովհետև ցանկացել է շուտափույթ տեսնել, տալ ինձ միակ խորհուրդը, որից, թերևս, կարելի լինի որևէ փոփոխություն ակնկալել Մանոնի համար։ Սակայն այդ խորհուրդը վերին աստիճանի վտանգավոր է, ուստի նա խնդրում է ինձ հավիտյանս գաղտնի պահել, որ ինքն է դրա հեղինակը։ Նա խորհուրդ է տալիս գտնել մի քանի խիզախ մարդիկ, որոնք արիություն ունենան հարձակվելու Մանոնի պահակների վրա, երբ սրանք Փարիզից դուրս կգան արտաքսվող աղջիկների հետ։
Նա ժամանակ չտվեց խոսելու իմ փող չունենալու մասին և, մեկնելով ինձ դրամապանակը, ասաց․
— Ահա հարյուր պիստոլ, որոնք կարող են ձեզ որոշ օգնություն ցույց տալ. ինձ կվերադարձնեք այդ գումարը, երբ բախտը կհարթի ձեր գործերը։
Նա ավելացրեց, որ եթե իր բարեհամբավի մտահոգությունը թույլ տար իրեն անձամբ ձեռնարկել սիրուհու ազատությունը, ապա իմ տրամադրության տակ կդներ իր բազուկն ու սուսերը։
Նրա բացառիկ մեծահոգությունն արտասվելու չափ հուզեց ինձ։ Ես իմ երախտագիտությունը հայտնեցի նրան այնպիսի մի ջերմությամբ, որը թույլ էր տալիս իմ վիշտը։ Ես նրան հարցրի, թե չկա՞ արդյոք որևէ հույս՝ միջնորդել ոստիկանության պետի առաջ։ Նա պատասխանեց, որ ինքն արդեն մտածել է այդ մասին, սակայն այս ուղին նրան անհուսալի է թվում, որովհետև չի կարելի դիմել առանց լուրջ հիմունքի այդպիսի մի միջնորդության, և ինքը չգիտե, թե ինչպես պետք է հիմնավորել նման մի խնդրանք, եթե հայցելու լինի ականավոր ու հզոր մի անձի միջնորդությունը։ Եթե այս ճանապարհով կարելի լինի որևէ բան ձեռք բերել, ապա դա պետք է անել միայն այն դեպքում, եթե հաջողվի ստիպել պարոն Մ․-ին և իմ հորը՝ փոխելու իրենց որոշումն ու համոզել նրանց, որ իրենք դիմեն ոստիկանապետին, խնդրելով նրան դատավճռի վերացումը։ Նա խոատացավ ամեն մի ջանք գործ դնել՝ հօգուտ մեզ տրամադրելու երիտասարդ Գ․ Մ․-ին, թեպետ իրեն թվում է, թե այս վերջինս կասկածելով, որ ինքը որոշ մասնակցություն է ունեցել մեր գործում, փոքր-ինչ սառել է իր նկատմամբ։ Այնուհետև պարոն դը Տ․-ն ինձ հորդորեց ոչ մի բանի առաջ կանգ չառնել հորս սիրտը մեղմացնելու համար։
Սակայն այս պատվերն այնքան էլ հեշտ չէր ինձ համար։ Ես աչքի առաջ ունեի ոչ միայն հորս համառությունը հաղթահարելու միանգամայն բնական դժվարությունը, այլ նաև մի ուրիշ հանգամանք, որն ստիպում էր ինձ վախենալ նրան դիմելուց․ ես նրա բնակարանը թողել էի հակառակ իր հրամանի ու նրանից թաքուն, և հիմա լսելով Մանոնի տխուր վիճակի մասին, հաստատապես որոշել էի այլևս չվերադառնալ այնտեղ։ Ես հիմք ունեի եզրակացնելու, որ նա կարող է, հակառակ իմ կամքի, ինձ տանը պահել և, թերևս, բռնի իր հետ գավառ տանել։ Իմ անդրանիկ եղբայրը մի անգամ անցյալում արդեն այդպես վարվել էր ինձ հետ։ Ճիշտ է, այժմ ես ավելի հասուն էի, բայց տարիքը թույլ պատճառաբանություն է ուժի դեմ։ Այնուամենայնիվ, ես գտա մի այլ ուղի, որն ինձ ազատում էր վտանգից. ես մտածում էի ուրիշի անվան տակ հորս կանչել որևէ հասարակական վայր և այնտեղ հայտնվել նրան։ Ես անմիջապես կանգ առա այս որոշման վրա։ Պարոն դը Տ․-ն գնաց Գ․ Մ․-ի մոտ, իսկ ես դիմեցի դեպի Լյուքսենբուրգյան այգի, որտեղից մարդ ուղարկեցի հորս հայտնելու, որ մի ազնվական խոնարհաբար սպասում է նրան այգում։ Ես երկյուղում էի, թե նա չի կամենա նեղություն կրել գալու, որովհետև օրն արդեն մթնում էր։ Սակայն մի քիչ անց նա եկավ մի սպասավորի ուղեկցությամբ։ Ես նրան խնդրեցի առանձնանալ ծառուղիում, ուր կարող էինք երես առ երես խոսել։ Մոտ հարյուր քայլ առաջ գնացինք, առանց մի բառ անգամ արտասանելու։ Նա, իհարկե, հասկանում էր, որ այսքան զգուշություն ձեռք է առնվում անկասկած մի որևէ կարևոր մտադրության համար։ Նա սպասում էր իմ խոսքերին, իսկ ես կշռադատում էի դրանք։ Վերջապես խոսեցի։
— Պարոն,— ասացի դոդդոդալով,— դուք բարի հայր եք, դուք առատորեն շնորհներ եք տվել ինձ և բազմիցս ներել իմ անթիվ սխալները. ուստի, երկինքը վկա, ես դեպի ձեզ տածում եմ բոլոր այն զգացմունքները, որոնք վայել են ամենաքնքուշ և ամենահարգելի որդուն։ Սակայն, ինձ թվում է, թե․․․ ձեր խստասրտությունը․․․
— Լավ, հետո, իմ խստասրտությունն ի՞նչ,— ընդհատեց հայրս, անշուշտ գտնելով, որ ես իր ցուցաբերած անհամբերության համար չափազանց դանդաղ եմ խոսում։
— Ա՜խ, պարոն,— շարունակեցի ես,— ինձ թվում է, թե ձեր խստասրտությունը, որը պատճառ եղավ դժբախտ Մանոնի անարդար դատապատժին, չափազանց դաժան է։ Դուշ հավատ եք ընծայել պարոն Գ․ Մ․-ի հերյուրանքին։ Դրդված ատելությունից, նա ձեզ ամենամռայլ գույներով է պատկերացրել նրան։ Դուք նրա մասին սոսկալի վատ կարծիք եք կազմել։ Մինչդեռ Մանոնը ամենաքնքուշ և ամենադուրեկան արարածն է, որ երբևէ ստեղծվել է աշխարհում։ Օ՜, ինչո՞ւ երկինքը չբարեհաճեց գեթ մի ակնթարթ սիրուհուս տեսնելու ցանկություն ներշնչել ձեզ։ Որքան ես համոզված եմ, որ նա մի չքնաղ ու հմայիչ աղջիկ է, նույնքան և հավատացած եմ, որ դուք ևս նրան այդպիսին կգտնեք և, անկասկած հօգուտ նրա կտրամադրվեք։ Դուք կարհամարհեք Մ․-ի սև խարդավանքները՝ կարեկցությամբ կհամակվեք դեպի ինձ և նա: Այո, ես վստահ եմ դրանում։ Ձեր սիրտը անզգա չէ, ի տես նրա գրավչության դուք չեք կարող անտարբեր մնալ։
Հայրս կրկին ընդհատեց ինձ, տեսնելով, որ ես խոսում եմ այնպիսի մի եռանդով, որն ինձ թույլ չի տա շուտով վերջացնելու։ Նա կամեցավ իմանալ, թե որն է իմ ոգեշունչ խոսքերի բուն նպատակը։
— Կյանք եմ հայցում ձեզնից,— պատասխանեցի նրան,— կյանք, որից ես իսկույն կզրկվեմ, եթե Մանոնը մեկնի Ամերիկա։
— Ոչ, ոչ,— ասաց նա խստությամբ,— ես գերադասում եմ քեզ տեսնել մեռած, քան՝ պատվազուրկ ու խելակորույս։
— Այդ դեպքում հեռու չգնանք,— գոչեցի ես, բռնելով նրա ձեռքը,— զրկեցեք ինձ կյանքից, զրկեցեք այս ատելի ու անտանելի կյանքից։ Որովհետև դուք ինձ այնպիսի մի վհատության մեջ եք նետում, որ մահը մի շնորհ է ինձ համար, հայրական ձեռքին արժանի մի շնորհ։
— Ես քեզ շնորհում եմ այն, ինչին արժանի ես,— պատասխանեց նա,— ես բազմաթիվ հայրեր գիտեմ, որոնք այսքան երկար չէին սպասի քո դահիճը լինելու համար։ Սակայն իմ անսահման բարեսրտությունը կործանեց քեզ։
Ես ծունկ չոքեցի նրա առաջ։
— Օ՜, եթե ձեր սրտում գեթ մի փոքր բարություն կա դեպի ինձ,— ասացի ես, համբուրելով նրա ծնկները,— անողոք մի լինեք իմ արցունքների հանդեպ։ Մտածեցեք, որ ես ձեր որդին եմ։ Ավա՜ղ, հիշեցեք իմ մորը։ Դուք այնպիսի քնքշանքով էիք սիրում նրան։ Մի՞թե կարող էիք հանգուրժել, որ նրան խլեն ձեր ձեռքից։ Դուք մինչև, ձեր վերջին շունչը կպաշտպանեիք նրան. և մի՞թե կարծում եք, թե ուրիշը չի կարող ձեր սրտի նման սիրտ ունենալ։ Մի՞թե մարդ կարող է այսքան բարբարոս էինել, երբ ինքը գեթ մի անգամ զգացել է իսկական քնքշությունն ու վիշտը։
— Մի խոսիր մորդ մասին,— ասաց նա ցասկոտ ձայնով,— նրա հիշատակը բորբոքում է իմ զայրույթը։ Քո անառակությունները վշտից կմահացնեին նրան, եթե կենդանի մնար և տեսներ դրանք։ Վերջ դնենք մեր խոսակցությանը,— ավելացրեց նա,— դա անհաճո է ինձ և չի կարող ստիպել փոխելու իմ որոշումը։ Ես տուն եմ վերադառնում և քեզ էլ հրամայում եմ հետևել ինձ։
Այն չոր ու հատու շեշտը, որով նա արձակեց այս հրամանը, ինձ համոզեց, որ նրա սիրտն անդրդվելի է։ Ես մի քայլ հեռացա նրանից, վախենալով, թե, թերևս, նա կփորձի իր իսկ ձեռքերով բռնել ինձ։
— Մի խորացնեք իմ վհատությունը,— ասացի ես,— հարկադրելով ինձ չհնազանդվել ձեզ։ Ես չեմ կարող հետևել ձեզ։ Ինձ համար նաև անհնարին է ապրել դեպի ինձ ցուցաբերած ձեր քարսրտությունից հետո։ Ուստի առհավետ հրաժեշտ եմ տալիս ձեզ։ Իմ մահը, որի մասին շուտով կլսեք,— ավելացրի ես տրտմությամբ,— թերևս վերստին հայրական զգացումներ արթնացնի ձեր մեջ։ Երբ ես շրջվեցի, որ հեռանամ նրանից, նա զայրույթով գոչեց.
— Ուրեմն դու չե՞ս կամենում հետևել ինձ․ ինչ արած, գնա դեպի քո կործանումը։ Գնաս բարով, ապերախտ և ըմբոստ որդի։
— Մնաք բարով,— ասացի ես մոլեգին,— մնաք բարով, տմարդ ու բարբարոս հայր։
— Ես անմիջապես դուրս եկա Լյուքսեմբուրգյան այգուց։ Խելագարի պես փողոցներում թափառելով հասա պարոն դը Տ․-ի տունը։ Քայլելիս ես աչքերս ու ձեռքերս վեր էի բարձրացնում, դիմելով երկնային զորության օգնությանը։ «Օ՜, երկինք,— ասում էի ես,— մի՞թե դու էլ այնքան անողորմ ես, որքան մարդիկ։ Քեզանից բացի, ուրիշ ոչ ոքից ես օգնություն չեմ ակնկալում»։
Պարոն դը Տ-ն տակավին չէր վերադարձել տուն։ Սակայն մի քանի րոպե անց եկավ։ Նրա բանակցությունը ևս ոչ մի հաջողություն չէր ունեցել։ Այդ մասին նա վշտահար դեմքով պատմեց ինձ։ Երիտասարդ Գ․ Մ․-ն թեպետ հորից սակավ չէր չարացած Մանոնի և իմ դեմ, այնուամենայնիվ, չէր կամեցել հանձն առնել հոր առաջ մեր մասին բարի միջամտություն անելու հոգսը։ Նա չէր համաձայնել մեզ պաշտպանել, որովհետև ինքը ևս վախենում էր վրեժխնդիր ծերուկից, որն առանց այդ էլ սաստիկ բարկացած էր որդու վրա, հանդիմաննելով նրան Մանոնի հետ սիրային կապեր հաստատելու, դիտավորություն ունենալու մեջ։
Ինձ մնում էր միայն գնալ բռնի ուժի ճանապարհով, որի ծրագիրն ուրվագծել էր պարոն դը Տ․-ն։ Իմ ամբողջ հույսը դա էր։