― Կշարունակեմ արդեն ձեռնարկածս աշխատանքները։
― Այդպես էլ գիտեի, սակայն խոսելն ավելորդ է արդեն։
― Ես մի անգամ ևս կփորձեմ։― Փաստաբանի խոսելու տոնից կարելի էր կարծել, թե Կ֊ին անհանգստացնող պատմությունը ոչ թե Կ֊ի, այլ իր հետ է կատարվում։― Ես ենթադրում եմ, որ այն հանգամանքը, որ թեև Դուք մեղադրյալ եք, բայց Ձեզ հետ լավ են վարվում կամ, ավելի ճիշտ, անուշադիր են՝ արտաքնապես անուշադիր են Ձեր հանդեպ, իմ իրավախորհրդատվության մասին սխալ կարծիք կազմելուն է գայթակղում և պայմանավորում է Ձեր առօրյա վարքը։ Անուշադիր վերաբերմունքը ևս իր պատճառն ունի․ հաճախ շատ ավելի լավ է լինել շղթայված, քան ազատ։ Բայց ես կուզենայի ցույց տալ, թե ինչպես են վարվում մյուս մեղադրյալների հետ․ գուցե Ձեզ հաջողվի որևէ խրատ քաղել։ Հիմա ես Բլոկին կկնաչեմ։ Բացեք դուռը և նստեք մահճակալի մոտ։
― Հաճույքով։― Փաստաբանի խոսքին հետևելով, ասաց Կ֊ն․ նա միշտ պատրաստ էր սովորել։ Համենայնդպես, ինքիրեն ապահովագրելու համար հարցրեց։― Սակայն Դուք ի գիտություն ընդունեցի՞ք, որ պաշտպանությունը վերցնում եմ Ձեզնից։
― Այո։ Կարող եք հենց այսօրվանից չեղյալ համարել։― Փաստաբանը նորից պառկեց, վերմակը քաշեց մինչև կզակը, շուռ եկավ պատի կողմը և զանգեց։
Զանգը հնչելու հետ համարյա միաժամանակ հայտնվեց Լեննին, հայացքը արագ շրջելով փորձեց հասկանալ կատարվածը, երբ տեսավ մահճակալի մոտ հանգիստ նստած, իրեն նայող Կ֊ին, հանգստացավ կարծես և ժպտալով գլխով արեց։
― Բլոկին բեր,― ասաց փաստաբանը։ Վաճառականի հետևից գնալու փոխարեն Լեննին դռանը մոտեցավ։
― Բլո՛կ, փաստաբանի մոտ,― կանչեց նա և, հավանաբար օգտվելով առիթից, որ դոկտոր Հուլդը շարունակ դեպի պատն էր շրջված, ոչ մի բանի ուշադրություն չէր դարձնում, սահեց Կ֊ի բազկաթոռի թիկունքը։ Այդ պահից սկսած նա խանգարում էր Կ֊ին․ խոնարհվել էր բազկաթոռի թիկնակին և մատները զգույշ ու քնքշորեն սահեցնում էր նրա մազերի միջոց կամ այտերն էր շոյում։ Ի վերջո Կ֊ն փորձեց խանգարել ու բռնեց Լեննիի մի ձեռքը։ Մի քիչ դիմադրելուց հետո վերջինս հանգիստ թողեց ձեռքը։
Կանչի հետ իսկույն հայտնվեց Բլոկը, սակայն մնաց դռան մոտ կանգնած և կարծես մտորում էր, թե արդյոք պե՞տք է ներս մտնել։ Նա բարձրացրեց հոնքերը, թեքեց գլուխը, երևի լարել էր լսողությունը․ փաստաբանի մոտ մտնելու հրամանը կկրնկվի՞։ Կ֊ն կարևող էր քաջալերել նրան, ներս կանչել,ս ակայն որոշել էր ոչ միայն փաստաբանի, այլ նաև նրա տան հետ առնվչող ամեն ինչի հետ վերջնականապես խզել կապերը․ այդ պատճառով նա չշարժվեց տեղից։ Լեննին էլ էր լռում։ Բլոկը նկատեց, որ գոնե չեն քշում իրեն և ոտնաթաթերի վրա ներս մտավ․ դեմքը լարված էր, ձեռքերը ջղաձգորեն դրել էր մեջքին, հնարավոր նահանջն ապահովելու համար դուռը բաց թողեց։ Նա բնավ չնայեց Կ֊ի կողմը, նրա հայացքը շարունակ ուղղված էր բարձր վերմակին, որի տակ փաստավանը՝ որովհետև շատ մոտ էր պառկել պատին, չէր երևում։ Միայն ձայնը լսվեց։
― Բլոնկն այստե՞ղ է։― Հարցը կարծես նախ խփեց ահագին տարածություն առաջ եկած Բլոկի կրծքին, հետո՝ մեջքին։ Նա երերաց, խորը կռացած կանգնեց և ասաց․
― Ճիշտ այդպես։
― Ի՞նչ ես ուզում։ Դու անպատեհ ժամի ես եկել։
― Ինձ չկանչեցի՞ն։― Ավելի շուտ ինքնիրեն, քան փաստաբանին հարցրեց Բլոկը։ Նա՝ կարծես պաշտպանվելու համար, ձեռքերը պահել էր դիմացը և պատրաստ էր փախչել։
― Կանչեցին,― ասաց փաստաբանը։― Բայց քո գալն անպատեհ է։ Դու միշտ անպատեհ ժամի ես գալիս։― Կարճատև դարդարից հետո ավելացրեց նա։
Երբ փաստաբանը սկսեց խոսել, Բլոկն այլևս չէր նայում մահճակալի կողմը, այլ ավելի շուտ աչքերը հառել էր անկյանը՝ ինչ֊որ տեղ, և միայն ականջ էր դնում (կարծես դիմացինի հայացքը կուրացնող էր, և ինքը չէր կարողանա դիմանալ դրան)։ Բայց ականջ դնելը նույնպես դժվար էր, որովհետև դեմքով դեպի պատը շրջված փաստաբանը ցածրաձայն ու արագ էր խոսում։
― Ուզում եք, որ գնա՞մ։
― Դե արդեն եկել ես, մնա,― ասաց փաստաբանը։ Կարելի էր կարծել, թե նա ոչ թե Բլոկի ցանկությունը կատարեց, այլ ծեծել սպառնաց․ Բլոկն իսկույն սկսեց դողացնել։― Մնա։ Երեկ ես իմ ընկերոջ՝ երրորդ դատավորի մոտ էր և խոսակցությունն աստիճանաբար քո կողմը թեքեցի։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ ասաց նա։
― Խնդրում եմ։― Որովհետև փաստաբանը անմիջապես չշարունակեց, Բլոկը մի անգամ ևս կրկնեց խնդրանքը և կռացավ, կարծես ծնկի գալ էր ուզում։
― Այդ ի՞նչ ես անում,― բացականչեց Կ֊ն։ Լեննին փորձեց խանգարել Կ֊ին, սակայն Կ֊ն նրա երկրորդ ձեռքն էլ բռնեց․ այդ ձեռքսեղմումը սիրո դրսևորում չէր, Լեննին ավելի շուտ տնքում էր և փորձում ազատել ձեռքերը։ Բլոկը, սակայն, պատժվեց Կ֊ի բացականչության համար, որովհետև փաստաբանը հարցրեց նրան․
― Ո՞վ է քո դատապաշտպանը։
― Դուք։
― Ինձնից բացի՞։
― Ձեզնից բացի՝ ոչ ոք։
― Այդ դեպքում ուրիշ ոչ ոքի էլ մի հետևիր,― ասաց փաստաբանը։ Բլոկը հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել, սուր հայացքներով չափեց Կ֊ին և ուժեղ թափ տվեց գլուխը։ Եթե նրա գլխի տատանումները խոսքերի վերածելիս լինեին, կոպիտ հայհոյանքներ կստացվեին։ Եվ այդ մաչդու հե՞տ էր Կ֊ն ուզում մտերմաբար զրուցել անձնական գործերի մասին։
― Այլևս չեմ խանգարի։― Բազկաթոռի մեջ ետ ընկնելով ասաց Կ֊ն։― Ուզում ես ծնկի եկ, ուզում ես չորեքթաթ սողա։ Ուշադրություն չեմ դարձնի բոլորովին։
Վաճառակաը ձգտում էր գոնե Կ֊ի մոտ իր պատիվը պահել․ բռունցքները թափ տալով նրա կողմը գնաց և, ինչքան որ փաստաբանի ներկայությամբ էր համարձակվում, բարձրաձայն փնթփնթաց․
― Դուք ինձ հետ այդպես խոսելու իրավունք չունեք։ Ես թույլ չեմ տա։ Ինչո՞ւ եք վիրավորում ինձ և այն էլ այստեղ՝ պարոն փաստաբանի ներկայությամբ, ուր մենք՝ երկուսս էլ, միայն շնորհիվ նրա բարեսրտության ենք ներկա։ Դուք ինձնից ավելի լավ մարդ չեք, որովհետև մենք երկուսս էլ մեղադրյալ ենք և դատ ունենք։ Եթե չնայած այդ ամենին Դուք դեռ պարոն եք զգում Ձեզ, ապա ես էլ եմ պարոն և իհարկե, եթե ոչ շատ ավելի մեծ։ Եվ ես ուզում եմ, որ ինձ հետ որպես այդպիսի մարդու հետ խոսեն, և առաջին հերթին՝ Դուք։ Իսկ եթե այն հանգամանքը, որ Դուք նստած եք, իսկ ես՝ ինչպես ինքներդ արտահայտվեցիք, չորեքթաթ եմ սողում, առավելություն եք համարում, ապա դատարանային մի հին առած հիշեցնեմ Ձեզ․ «Կասկածի տակ գտնվող անձի համար շարժվելն ավելի լավ է, քան դադարը, որովհետև նա, ով հանգստանում է, միշտ էլ աննկատ կհայտնվի կշեռքի նժարին և նրան կարող են կշռել մեղքերի հետ մեկտեղ»։
Կ֊ն ոչինչ չասաց, միայն աչքերը հառեց այդ հոգեխռով մարդուն։ Ի՜նչ փոփոխություններ տեղի ունեցան նրա հետ հենց միայն այս վերջին ժամվա ընթացքում։ Դատավարությո՞ւնն էր նրան աջուձախ շպրտում ու հնարավորություն չէր տալիս կողմնորոշվել, թե որտեղ է բարեկամը, որտեղ՝ թշնամին։ Արդյոք չէ՞ր կռահում, որ փաստաբանը նվաստացնում է դիտավորյալ, որ այս անգամ Կ֊ին հնազանդեցնելուց բացի, ուրիշ ոչ մի մտադրություն չունի։ Սակայն, եթե Բլոկն անկարող էր այդ բանն հասկանալ կամ եթե այնքան էր վախենում փաստաբանից, որ հասկանալն անգամ չէր կարող օգնել նրան, ինչպե՞ս եղավ, որ այդքան խորամանկ կամ խելամիտ գտնվեց ու խաբեց փաստաբանին, ասաց, թե ուրիշ ոչ մի դատապաշտպան չի աշխատում իր համար։ Ինչպե՞ս համարձակվեց հարձակվել Կ֊ի վրա, երբ վերջինս իսկույն կարող էր նրա սւոտը մերկացնել։ Բայց Բլոկը համարձակվեց նույնիսկ ավելին անել․ մոտեցավ մահճակալին և սկսեց գանգատվել Կ֊ից։
― Պարոն փաստաբան,― ասաց նա։― Լսեցի՞ք, թե այս մարդը ինչպես էր խոսում ինձ հետ։ Նրա դատավարությունն սկսելու ժամերը կարելի է մատերի վրա հաշվել, բայց արդեն ուզում է ինձ, որ արդեն հինգ տարի դատի մեջ եմ, խրատներ տալ։ Նա նույնիսկ հայհոյում է ինձ։ Ոչինչ չգիտե և վիրավորում է ինձ, մի մարդու, որ թեև թույլ է, բայց ուժերի ներածի չափ ուսումնասիրում է այն, ինչ պարտքը, պատշատճությունն ու դատարանի սովորույթներն են պահանջում։
― Ոչ մեկի վրա ուշադրություն մի դարձրու և վարվիր՝ ինչպես ինքդ ես ճիշտ համարում,― ասաց փաստաբանը։
― Իհարկե։― Բլոկն այնպես խոսեց, կարծես թե ինքնիրեն էր քաջալերում և, փաստաբանի թռուցիկ հայացքի տակ, կիպ մահճակալի մոտ, ծնկի իջավ։
― Ես արդեն ծնկի եմ եկել, փաստաբան իմ,― ասաց նա, սակայն փաստաբանը լռում էր։ Բլոկի մի ձեռքը զգուշորեն շոյում էր փետրաներքնակը։ Վրա հասած լռության մեջ ձեռքերն ազատելով, Լեննին ասաց․
― Դու ցավեցնում ես։ Թո՛ղ, ես Բլոկի մոտ եմ գնում։― Նա մոտեցավ ու նստեց մահճակալի եզրին։ Բլոկը շատ ուրախացավ Լեննիի գալու համար և անձայն, բայց աշխույժ նշաններով անմիջապես խնդրեց միջներդել փաստաբանի մոտ։ Պարզ երևում է, որ փաստաբանից մի բան իմանալը նրան շատ էր անհրաժեշտ, սակայն երևի մյուս՝ աղմկարարներիկողմից կիրառելի դարձնելու նպատակով միայն։ լեննին հավանաբար գիտեր, թե դոկտոր Հուլդի հետ ինչպես կարելի է վարվել․ նա ցույց տվեց փաստաբանի ձեռքը և շուրթերով համբուրելու նշան արեց։ Բլոկն իսկույն համբուրեց, Լեննիի պահանջով ևս երկու անգամ կրկնեց համբույրը, սակայն փաստաբանը շարունակ լռում էր։ Այդ ժամանակ Լեննին կռացավ փաստաբանի վրա (երբ արդեն ձգվեց, նրա գեղեցիկ մարմինը հստակ գծագրվեց) և փաստաբանի դեմքին լավ խոնարհված՝ շոյեց նրա սպիտակ, երկար մազերը․ դա փաստաբանին ստիպեց խոսել։
― Ես վարանում եմ հայտնել նրան,― ասաց նա և երևաց, թե ինչպես՝ հավանաբար Լեննիի գգվանքից ավելի երկար օգտվելու համար, թեթևակի թափ տվեց գլուխը։ Բլոկը գլուխը կախ գցած ականջ էր դնում, և դա այն տպավորությունն էր թողնում, թե հենց միայն ականջ դնելով որևէ պատվիրան է խախտում;
― Իսկ ինչո՞ւ ես վարանում,― հարցրեց Լեննին։ Կ֊ին թվաց, թե արդեն բազմիցս կրկնված, դեռ բազմաթիվ անգամ կրկնվելու ենթակա և միայն Բլոկի համար թարմությունը չկորցրած, անգիր արված երկխոսություն է լսում։
― Այսօր իրեն ինչպե՞ս էր պահում։― Պատասխանելու փոխարեն հարցրեց փաստաբանը։ Նախքան պատմելը Լեննին նայեց ներքև՝ Բլոկի կողմը, և մի կարճ պահ զննում էր իրար քսվող ձեռքերը թախանձագին վեր պարզած վաճառականին։ Ի վերջո, նա լուրջ դեմքով գլխով արեց և շրջվեց փաստաբանի կողմը։
― Հանգիստ էր, ջանասեր։
Տարեց վաճառականը, երկար մորուքով մարդը ջահել աղջկանից նպաստավոր վկայություն էր աղերսում։ Թող նա այդպես վարվելով նաև հետին մտքեր ունենար, միևնույն է, ոչինչ չէր արող արդարացնել նրան կողին նստած մարդու աչքերում։ Կ֊ն չէր հասկանում․ ինչպե՞ս կարող էր փաստաբանը մտածել, թե այդ ներկայացումով կարող է գրավել իրեն։ Եթե ինքը պաշտպանությունը քիչ առաջ չեղյալ համարած չլիներ, ապա հենց այս տեսարանով փաստաբանը կհասցներ դրան։ նա համարյա վիրավորում էր ներկա գտնվողի արժանապատվությունը։ Ուրեմն, փաստաբանի մեթոդը այդպիսի ազդեցություն էր թողնում, որ պաշտպանություն հայցող այցելուն մոռանում էր շրջակա աշխարհը, հույս էր տածում, թե նման խոտոր ճանապարհով մինչև դատավարության ավարտը քարշ կգա։ Լավ է, որ Կ֊ն բավական երկար չէր ենթարկվել նման տեսարանների տհաճությանը։ Այդ հայցվորը հայցվոր չէր այլևս, այլ փաստաբանի շունն էր։ Եթե սա հրամայեր շան նման մտնել մահճակալի տակ՝ ինչպես շունն էր իր տնակը մտնում, և այնտեղից հաչել, այս մարդը կաներ հաճույքով։ Կ֊ն կարծես այստեղ խոսվող ամեն բան մաս առ մաս մտապահելու, տեղեկագիր կազմելու, մի ավելի բարձր տեղ զեկուցագիր ներկայացնելու առաջադրանք ուներ․ քննախույզ և մտախոհ լսում էր։
― Օրվա ընթացքում ի՞նչ է արել։
― Ես նրան աղախնի սենյակում էի փակել, որ չխանգարի ինձ աշխատել; Նա սովորաբար այնտեղ է մնում։ Դիտանցքի միջով ժամանակ առ ժամանակ կարող էի հետևել, թե ինչ է անում։ Քո տված թղթերը բացել֊դրել էր պատուհանագոգին և, մահճակալի վրա ծնկի եկած՝ անընդհատ կարդում էր։ Դա լավ տպավորություն թողեց ինձ վրա․ պատուհանը օդափոխման փոսի մեջ է բացվում, և լույսը շատ քիչ էր, բայց որ Բլոկը՝ չնայած դրան, կարդում էր, ցույց էր տալիս, թե որքան հնազանդ է նա։
― Ուրախ եմ նման բան լսելու համար, բայց արդյոք նա ըմբռնո՞ւմ էր կարդացածը։
Խոսակցության ընթացքում Բլոկն անդադար շարժում էր շուրթերը։ Նա ակներևաբար ձևակերպում էր այն պատասխանը, որ Լեննիից էր ակնկալում։
― Այդ հարցին, իհարկե, հաստատ պատասխանել չեմ կարող; Համենայնդեպս, տեսա, որ խորասուզված կարդում էր։ Ողջ օրը նույն թերթն էր կարդում ու դեռ մի բան էլ մատը տողերի վրայով էր տանում։ Միշտ, երբ նայում էի, նա հառաչում էր, կարծես ընթերցանությունը մեծ չարչարանք էր պատճառում նրան։ Քո տված թղթերը երևի դժվար հասկանալի էին։
― Այո, դրանք դժվար հասկանալի են։ Այնուամենայնիվ, ես չեմ հավատում, որ նա դրանցից որևէ բան հասկացած լինի։ Դրանք միայն պետք է հասկացնեին, թե որքան ծանր է նրա պաշտպանության համար իմ մղած պայքարը։ Եվ ո՞ւմ համար եմ այդպես դժվարությամբ պայքարում։ Նույնիսկ արտասանելն է ծիծաղելի․ Բլոկի։ Նա պետք է սովորի հասկանալ, թե ի՞նչ է նշանակում դա։ Նա առանց ընդմիջմա՞ն էր կարդում։
― Համարյա։ Միայն մի անգամ խմելու ջուր խնդրեց, և ես մի բաժակ տվեցի։ Հետո, ժամը ութին դուրս թողեցի և մի քիչ ուտելու բան տվեցի։
Բլոկի շեղ հայացքը սահեց Կ֊ի վրայով․ կարծես նրան փառաբանող ինչ֊որ բան էր պատմվում այստեղ և պետք է Կ֊ի վրա նույնպես տպավորություն թողներ։ Այժմ նա լավ հույսեր էր փայփայում, որովհետև ավելի անկաշկանդ էր շարժվում և ծնկների վրա այսուայնկողմ էր ճոճվում։ Նրա անկաշկանդությունը ավելի հստակ երևաց, երբ փաստաբանի հաջորդ բառերից քարացավ։
― Գովում ես նրան, և հենց դա է դժվարացնում իմ խոսելը։ Դատավորը շատ անբարենպաստ կարծիք հայտնեց նրա մասին։ Ինչպես նրա, այնպես էլ՝ դատի։
― Անբարենպա՞ստ,― հարցրեց Լեննին։― Ինչպե՞ս կարող է պատահել։― Բլոկն այնպես լարված հայացքով էր նայում սպասուհուն, կարծես դատավորի վաղուց արտահայտած մտքերը այժմ ի նպաստ իրեն շրջելու ունակ էր համարում աղջկան։
― Անբարենպաստ,― ասաց փաստաբանը։― Նա նույնիսկ տհաճ ապրումներ ունեցավ, երբ ես սկսեցի Բլոկի մասին խոսել։
― Նրա մասին մի խոսեք,― ասաց։
― Բայց նա իմ պաշտպանյալն է։
― Դուք թույլ եք տալիս, որ նա չարաշահի Ձեզ։
― Ես նրա գործը տանուլ տված չեմ համարում,― առարկեցի ես։
― Նա չարաշահում է Ձեզ,― կրկնեց դատավորը։
― Չեմ հավատում,― ասացի։― Դատավարության գործում Բլոկը ջանասեր է և միշտ հետևում է գործին։ Նա համարյա թե ինձ մոտ է բնակվում, որ շարունակ ընթացքին հետամուտ լինի։ Նման ջանք ու եռանդ ոչ միշտ է կարելի տեսենլ։ Իհարկե, նա տհաճ անձնավորություն է, կեղտոտ է, զզվելի վարվելաձևեր ունի, սակայն դատավարության տեսակետից անբասիր է։ Ես անբասիր ասացի, ես դիտմամբ չափազանցրի։ Ի պատասխան նա ասաց։
― Բլոկը պարզապես խորամանկ է։ Նա շատ փորձ է կուտակել և կարողանում է դիտավորյալ ձգձգել գործը։ Սակայն նրա անտեղյակությունն ավելի մեծ է, քան խորամանկությունը։ Ի պատասխան ի՞նչ կասի նա, եթե իմանա, որ իր դատավարությունը դեռ չի սկսվել, եթե լսի, որ դատավարության սկիզբն ազդարարող զանգն անգամ դեռ չի հնչել։ Հանգիստ, Բլոկ։― Սաստեց փաստաբանը, որովհետև Բլոկն իրոք սկսեց բարձրանալ ուժ չտվող ծնկների վրա և բացահայտորեն մտադիր էր ավելի լայն պարզաբանում խնդրել։ Հանգամանալից խոսելով, փաստաբանը, այս ընթացքում առաջին անգամ, ուղղակի դիմեց Բլոկին։ Նրա հոգնած աչքերը ոչ այն է անորոշ ուղղությամբ էին նայում, ոչ ան է ներքև՝ Բլոկին, որն այդ հայացքի տակ նորից դանդաղ ծնկի իջավ։
― Դատավորի ասած խոսքը քեզ համար ոչ մի նշանակություն չունի,― ասաց փաստաբանը։― Յուրաքանչյուր բառից մի սարսափիր։ Եթե նման բան կրկնվի, այլևս ոչինչ չեմ հայտնի քեզ։ Անհնար է որևէ մի նախադասություն սկսել, առանց այն բանի, որ դու ամեն անգամ չմտածես, թե հիմա վերջնական դատավճիռը կհնչի։ Գոնե իմ հայցվորից ամաչիր։ Դրանով դու նրա հանդեպ ունեցած իմ վստահությունը ևս խախտում ես։ Քեզ ի՞նչ է հարկավոր․ կենդանի ես ու դեռ իմ հովանավորության տակ ես ապրում։ Վախն ավելորդ է։ Ինչ֊որ տեղ կարդացել ես, թե որոշ դեպքերում վերջնական վճիռը անսպասելի է վրա հասնում, կարելի է ուզած ժամանակ, ուզած մարդուց իմանալ։ Մի քանի վերապահումներով, դա, համենայնպեդս, այդպես է, բայցև նույնքան ճիշտ է, որ քո վախը զզվեցնում է ինձ, և քո վախի մեջ անհրաժեշտ վստահության պակաս եմ տեսնում։ Ես ի՞նչ ասացի որ։ Միայն դատավորներից մեկի խոսքերը կրկնեցի։ Դու գիտես, տարբեր տեսակետներն այնպես խետ են օղակել հետաքննությունը, որ հնարավոր չէ դրանց խորքը թափանցել։ Այս դատավորն, օրինակ, հետաքննության սկիզբը մի այլ ժամանակահատվածից է վերցնում, ես՝ այլ։ Տարբեր կարծիքներ են և ուրիշ ոչինչ։ Դատավարության որոշակի մի շրջանում, ըստ հին ավանդույթի, նաև զանգը կհնչեցվի։ Այդ դատավորի կարծիքով, միայն դրանից հետո կսկսվի դատը։ Դրան դեմ խոսող բոլոր փաստերը ես հիմա չեմ կարող ասել քեզ․ մեկ է, չես հասկանա։ Բավական է իմանաս, որ դրան առարկող շատ փաստարկներ կան։
Մտախոհ Բլոկը մատներով խաղում էր մահճակալի մոտ գցված մորթու հետ։ Դատավորի խոսքերի պատճառով վախը նրան ստիպել էր առժամանակ մոռանալ փաստաբանի հանդեպ ունեցած հպատակության զգացումը։ Նա միայն մի բանի մասին էր մտածում և բոլոր կողմերից քննում էր դատավորի բառերը։
― Բլոկ,― զգուծացնող տոնով ասաց Լեննին և նրա պիջակի օձիքից բռնած, փոքր֊ինչ վեր քաշեց։― Այժմ հանգիստ թող մորթին ու լսիր փաստաբանին։
<b>Այս գլուխն անավարտ է մնացել</b>
==Տաճարում==
Կ֊ի հանձնարեցին արվեստի մի քանի հուշարձաններ ցույց տալ առաջին անգամ իրենց քաղաքը ժամանած, բանկի համար շատ կարևոր իտալացի պատիրատուին։ Այդ հանձնարարությունը նա ուրիշ ժամանակ, ինչ խոսք, պատվաբեր կհամարեր, բայց այժմ, երբ միայն մեծ ջանքերի գնով էր կարողանում իր դիրքը պահպանել բանկում, ակամայից ընդունեց։ Գրասենակից հեռու ուղարկվելու ամեն մի ժամը նրան հոգս էր պատճառում։ Աշխատաժամանակը նա բնավ չէր կարողանում օգտագործել առաջվա պես։ Թեև ժամեր էին լինում, երբ մի կերպ ձևացնում էր, թե զբաղված է, բայց նրա մտամտանջություններն առավել մեծ ճափերի էին հասնում, երբ գրասենյակից դուրս էր գտնվում։ Այդ պահերին նրան թվում էր, թե տեսնում է տնօրենի տեղակալին՝ ժամանակ առ ժամանակ իր աշխատասենյակը մտնելիս (վերջինս կարծես շարունակ դարան մտած լիներ), ինչպես էր նա նստում գրասեղանի մոտ, քրքրում թղթերը, ընդունում այն այցելուներին, որոնց հետ Կ֊ի տարիներ ի վեր ունեցած ծանոթությունը մտերմության էր վերածվել, նրանց իր կողմն էր գրավում, գուցե նաև սխալներ էր բացահայտում, որոնք թվում էր, թե այժմ՝ աշխատանքի ժամանակ, սպառում էին բոլոր կողմերից, և որոնցից նա չէր կարող խուսափել։ Դրանից հետո բավական էր թեկուզ այսպիսի առանձնահատուկ դեպքերի կապակցությամբ գործնական նպատակնաեր հետապնդող կամ հենց կարճատև ճամփորդության հետ կապված որևէ հանձնարարություն տային (նման հանձնարարությունները վերջերս շատացել էին պատահաբար), որ նա սկսեր ենթադրել, թե ուզում են կարճ ժամանակով գրասենակից հեռացնել իրեն, աշխատանքը վերստուգել են ուզում կամ, առնվազն, որ գրասենյակում իերն արդեն փոխարինման ենթակա մարդ են համարում։ Նման առաջադրանքների մեծ մասը նա կկարողանար առանց դժվարության մերժել, բայց չէր համարձակվում, որովհետև եթե վախը նվազագույն չափով իսկ հիմնավորված լիներ, ապա առաջադրանքը մեչժելը սեփական վախի խոստովանություն կնշանակեր։ Այդ պատճառով նա նման հանձնարարությունները թվացյալ անտարբերությամբ էր ընդունում և, երկօրյա հոգնացուցիչ ուղևորության գնալիս, նույնիսկ լռության մատնելոցւ լրջորեն մսրած լինելու հանգամանքը, որ, այդ օրերի աշնանային անձրևային եղանակը վկայակոչելով՝ ուղևորությունից ետ պահվելու վատգին չենթարկեր իրեն։ Ուղևորությունից սարսափելի գլխացավով վերադառնալով՝ նա իմացավ, որ իրեն հաջորդ օրվա համար իտալացի պատիրատուի ուղեկցող են նշանակել։ Գոնե այս անգամ հակառավկելու գայթակղությունը ծատ մեծ էր և ամենից առաջ կապված էր այն բանի հետ, որ վաղվա համար նկատի ունեցած հանձնարարությունը գործարքների հետ անմիջական կապ ունեցող աշխատանք չէր, ու թեև իտալացի պատվիրատուի հանդեպ հասարակական աշխատանքը կատարելու պարտքը, անկասկած, բավական կարևոր էր, ապա թերևս ոչ Կ֊ի համար, քանզի նա շատ լավ գիտեր, որ ինքը միայն աշխատանքնային հաջողությունների շնորհիվ է կարող բանկում պահպանել իր դիրքը, և եթե դա չհաջողվի, թեկուզ իտալացուն անսպասելիորեն հմայել էլ կարողանա, միևնույն է, բանկում լրիվ ավելորդ մարդ կլինի։ Նա չէր ուզում նույնիսկ մի օր աշխատանքից հեռու լինել, որոհվետև այլևս ներս թողնված չլինելու վախը անսովոր մեծ էր, մի վախ, որ ավելի շուտ հաստատ էր, քան չափազանցված և նրան ծատ էր նեղում։ Սակայն այս անգամ համարյա անհնար էր որևէ համոզիչ պատրվակ գտնելը։ Կ֊ն թերև վարժ չէր տիրապետում իտալարենին, բայց բավարար գիտելիքներ ուներ, իսկ կարևորն այն էր, որ մի ժամանակ արվեստի պատմություն էր ուսումնասիրել, և դա անասելի չափազանցված կերպով բանկում հայտնի էր դարձել նրանով, որ նա երբևէ (ի դեպ, էլի զուտ գործնական նկատառումներից ելնելով) քաղաքի արվեստի հուշարձանների պահանության ընկերության անդամ էր եղել։ Իսկ իտալացին, ինչպես խոսակցություններից էին իմացել, արվեստի սիրահար էր, և դրանից հետո Կ֊ի՝ ուղեկցողի դերում հանդես գալու թեկնածույթյունն ինքնին հասկանալի էր դարձել։
Ուժեղ անձրև էր գալիս, և քամի էր, երբ Կ֊ն առավոտյան ժամը յոթին, իրեն սպասվող օրվա վրա խիստ զայրացած, գրասենյակ մտավ։ Մինչև այցելուի տրամադրության տակ անցնելը նա մտադիր էր որոշ բաներ վերջացնել։ Նա շատ էր հոգնած, որովհետև, այսօրվա համար նախապատրաստվել ցանկանալով, գիշերվա կեսն իտալերենի քերականության ուսումնասիրությամբ էր անցկացրել։ Գրասենյակի պատուհանը, ուր վերջին ժամանակներս շատ հաճախ էր նստում, ավելի էր գրավում, քան գրասեղանը, բայց նա ընդդիմացավ այդ ցանկությանն ու աշխատանքի նստեց։ Ցավոք, իսկույն ներս մտավ ծառան և զեկուցեց, որ պարոն տնօրենը իրեն ուղարկել է իմանալու՝ արդյոք պարոն հավատարմատարը եկե՞լ է արդեն, իսկ եթե եկել է, ապա թող սիրալիր լինի և անցնի ընդունարան, որովհետև իտալացի պարոնն արդեն այնտեղ է։
― Գալիս եմ,― ասաց նա, մի փոքր բառարան դրեց գրպանը, քաղաքի տեսարժան վայրերի ալբոմը, որ ինքն էր անծանոթի համար նախատեսել, առավ թևի տակ և տնօրենի տեղակալի աշխատասենյակի միջով անցավ տնօրենի առանձնասենյակը։ Թեև հավանաբար ոչ ոք էլ չհավատար, բայց նա ուրախ էր այդպես շուտ գրասենյակ գալու և անմիջապես պետք գալ կարողանալու համար։
Տնօրենի տեղակալի գրասենյակը դատարկ էր, ինչպես կարող էր լինել ուշ գիշերին։ Ծառային հավանաբար պատվիրել էին նրան ևս ընդունարան կանչել, բայց ծառայի ջանքերը ապարդյուն էին անցել։
Երբ Կ֊ն ընդունարան մտավ, երկու պարոնները վեր կացան բազմակթոռներից։ Տնօրենը բարեկամաբար ժպտաց․ նա անկեղծ ուրախ էր Կ֊ի գալու համար և անմիջապես ծանոթացրեց նրանց։ Իտալացին սեղմեց Կ֊ի ձեռքը և, ժպտալով, ինչ֊որ մեկին «շուտ արթնացող» անվանեց։ Կ֊ն ճիշտ չհասկացավ, թե իտալացին ում նկատի ուներ, դրանից բացի, բառն անսովոր էր, և դրա իմաստը նա քիչ անց նոր հասկացավ։ Կ֊ն մի քանի սահուն նախադասությամբ պատասխանեց, որոնք իտալացին ծիծաղով ընդունեց և դալուկ֊նյարդային ձեռքը բազմիցս տարավ կապտամոխրագույն, թավ բեղերի վրայով։ Բեղերը հաստատ օծանելիքով էին օծված․ քիչ էր մնում մարդ մոտենար ու հետ քաշեր։ Երբ բոլորը նստեցին, և ներածական բնույթի փոքր զրույց սկսվեց, Կ֊ն մեծ տհաճությամբ նկատեց, որ միայն տեղ֊տեղ է հասկանում իտալացուն։ Երբ դիմացինը հանգիստ էր խոսում, համարյա լրիվ հասկանում էր, բայց այդ պահերը հազվադեպ բացառություններ էին․ բառերը նրա բերանից մեծ մասամբ հորդում էին, և նա՝ կարծես դրա հաճույքից թափահարում էր գլուխը։ Այդպես խոսելու ժամանակ նա շարունակ ինչ֊որ բարբառի մեջ էր խճճվում, որն արդեն Կ֊ի համար իտալերեն չէր, մինչդեռ տնօրենը ոչ միայն հասկանում, այլ նաև խոսում էր նույն բարբառով։ Կ֊ն պետք է նախատեսած լիներ այդ հանգամանքը․ իտալացին ծագումով հարավային մարզերից էր, իսկ տնօրենը մի քանի տարի եղել էր այնտեղ։ Համենայնդպես, Կ֊ն նկատեց, որ ինքը մեծ մասամբ զրկված է իտալացու հետ բացատրվելու հնարավորությունից, որովհետև նրա ֆրանսերենը նույնպես դժվար հասկանալի էր, դրան գումարած նաև, որ բեղերը ծածկում էին շուրթերի շարժումները, իսկ շուրթերին նայելով նույնպես կարելի կլիներ որոշ բաներ հասկանալ։ Կ֊ն սկսեց բազմաթիվ տհաճություններ կանխատեսել և ժամանակավորապես վերջ տվեց իտալացուն հասկանալու ջանքերին (տնօրենքը շատ լավ հասկանում էր իտալերեն, իսկ նրա ներկայությամբ ջանքերն ավելորդ էին) և սահմանափակվեց միայն դժգոհ տեսքով հյուրին զննելով․ ինչպես էր նա խորը, բայց թեթև նստել բազկաթոռին, ինչպես մի քանի անգամ ձգեց իր կարճափեշ, սուր ձևվաշքի պիջակը, ինչպես բարձրացրեց թևերը և ազատ շարժվող ձեռքերով փորձեց ինչ֊որ բան ներկայացնել, որը Կ֊ն՝ թեև առաջ էր թեքվել ու աչքերը չէր հեռացնում ձեռքերից, ոչ մի կերպ չկարողացավ հասկանալ։ Հայացքով մեքենայաբր խոսողներին հետևող Կ֊ն աստիճանաբար զգաց նախորդ օրերի հոգնածությունը և, ի սարասփ իրեն, բարեբախտաբար ճիշտ ժամանակին ուշքի եկավ ցրված, անմիջապես ոտքի կանգնելու, շուռ գալու և դուրս գալու ցանկությունից։ Իտալացին վերջապես նայեց ժամացույցին և ոտքի ելավ։ Տնօրենին հրաժեշտ տալուց հետո նա այնպես կիպ սեղմվեց Կ֊ին, որ վերջինս շարժվել կարողանալու համար ետ քաշեց բազկաթոռը։
Տնօրենը, Կ֊ի դեմքին նայելով, հաստատ նկատել էր իտալացու ներկայությամբ նրան տիրած անհարմար վիճակը։ Նա նրբանկատորեն ու խելացի միջամտեց զրույցին, և դա այն տպավորությունը թողեց, թե հակիրճ մի քանի խորհուրդներ է տալիս, բայց իրականում Կ֊ին բացատրեց այն ամենը, ինչ իտալացին էր շարունակ զրույցին խառնվելով ասում։ Կ֊ն տեղեկացավ, որ պատվիրատուն առայժմ պետք է իր մի քանի գործերը հոգա և ցավոք, քիչ ժամանակ կունենա սակայն ոչ մի դեպքում մտադիր չէ բոլոր տեսարժան վայրերը միայն թռուցիկ կերպով նայել֊անցնել։ Եթե Կ֊ն համաձայնի՝ նա է որոշողը, ապա ինքն ուզում է նայել միայն տաճարը, բայց՝ հիմնովին։ Նա անկեղծ ուրախ է այցելությունը նման կիրթ ու սիրալիր մարդու հետ (նկատի ունենալով Կ֊ին, որի գործն այժմ իտալացու խոսքերը չլսելու տան ու սոսկ տնօրենին հասկանալն էր) կատարելու համար և խնդրում է նրան, եթե հարմար է, երկու ժամից՝ ժամը տասի կողմը, լինել տաճարում։ Ինքը հույս ունի, որ նշված ժամին հաստատ կկարողանա այնտեղ լինել։ Կ֊ն համաձայնություն տվող մի քանի բան ասաց․ իտալացին նախ տնօրենի ձեռքը սեղմեց, հետո՝ Կ֊ի, հետո՝ նորից տնօրենի, և երկուսի ուղեկցությամբ, միայն կիսով չափ նրանց կողմը շրջված, խոսելը չդադարեցնելով, դեպի դուռը գնաց։ Կ֊ն որոշ ժամանակ ևս մանց տնօրենի մոտ․ վերջինիս տեսքը այնքան էլ լավ չէր։ Տնօրենը պարտավորված էր զգում ներողություն խնդրել Կ֊ից (այդ պահին ներքն շատ մոտ էին կանգնել), որովհետև նախ մտադիր էր եղել անձամբ ուղեկցել իտալացուն, հետո, սակայն, մտածել էր, որ ավելի լավ կլինի, եթե Կ֊ն գնա։ Միաժամանակ տնօրենը ոչ մի մոտավոր հիմավորում չտվեց։ Եթե հանկարծ Կ֊ն իտալացուն հենց առաջին բառերից չհասկանա, ասաց նա, թող չանհանգստանա, որովհետև շատ շուտով կսկսի հասկանալ, իսկ եթե հանկարծ ընդհանրապես շատ բան չհասկանա էլի ոչինչ, որովհետև իտալացու համար դա այնքան էլ կարևոր չէ։ Ի դեպ, պետք է ասել, որ Կ֊ի իտալերենը հաճելի անակնկալ էր և նա, հիանալի գլուխ կհանի գործից։
Տնօրենն այսպես բաժանվեց Կ֊ից։ Ազատ մնացած ժամանակը Կ֊ն անցկացրեց տաճարում օգտագորշման համար անհրաժեշտ բառերը բառարանից դուրս բերելով։ Չափազանց զզվեցնող աշխատանք էր։ Ընթացքում ծառաները բերեցին օվրա փոստը, ծառայողներն էին գալիս տարբեր հարցերով, և, տեսնելով, որ Կ֊ն զբաղված է, մնում էին դռան մոտ կանգնած, չէին հեռանում, սակայն, մինչև Կ֊ն լսում էր նրանց, տնօրենի տեղակալն էլ իրեն չզրկեց Կ֊ին խանգարելու հաճույքից․ հաճախ էր ներս գալիս, ձեռքից վերցնում էր բառարանը, աննպատակ թերթում։ Երբ դուռը բացվում էր, այցելուներ էին երևում նախասենայկի կիսախավարի մեջ և, վարանելով, խոնարհվում էին, նրանք ուզում էին իրենց վրա հրավիրել Կ֊ի ուշադրությունը, բայց այնքան էլ վստահ չէին, թե նա տեսել է իրենց։ Այդ ամենի առանցքը կարծես Կ֊ն լիներ, բոլորը նրա շուրջն էին պտտվում, մինչդեռ նա բառարանն էր քրքրում, բառեր դուրս գրում, անհրաժեշտ բառակապակցություններ էր կազմում, փորձում էր դրանց հնչողությունը և ձգտում անգիր սովորել։ Ինչ֊որ ժամանակ նա լավ հիշողություն էր ունեցել, բայց այժմ թվում էր, թե այդ շնորհը լրիվ լքել է իրեն։ Նա երբեմն այնպես էր զայրանում նման չարչարանք պատճառող իտալացու վրա, որ այլևս չնախապատրաստվելու հաստատ մտադրությամբ բառարանը թղթերի տակ էր թաղում, բայց հետո մտածում էր, որ ախր չէր կարող տաճարի գլուխգործոցների դիամց իտալացու ընկերակցությամբ միայն հետուառաջ քայլել և այս անգամ ավելի մեծ կատաղությամբ էր դուրս քաշում այն։
Ուղիղ ինն անց երեսուն րոպեին, երբ արդեն դուրս ելնել էր ուզում, հեռախոսը զնգաց։ Լեննին նրան բարի լույս մաղթեց, հարցրեց տրամադրությունը, Կ֊ն փութով շնորհակալություն հայտնեց և նկատեց, որ այժմ զրույցի բռնվելու հնարավորություն չունի, որովհետև պետք է տաճար գնա։
― Տաճա՞ր։
― Ճիշտ այդպես, տաճար։
― Իսկ ի՞նչ կա տաճարում։― Կ֊ն փորձեց երկու խոսքով բացատրել, բայց հազիվ էր բերանը բացել, երբ Լեննին հանկարծ ասաց․
― Նրանք հետապնդում են քեզ։
Կ֊ն ափսոսանք չզգաց, որ ոչ զանգել է, ոչ էլ սպասել, երկու բառով արագ հրաժեշտ տվեց նրան, բայց երբ լսափողը կախում էր, ոչ այն է ինքնիրեն, ոչ այն է հեռվում գտնվող աղջկան՝ որ այլևս չէր կարող լսել, ասաց․
― Այո, նրանք հետապնդում են ինձ։
Արդեն ուշ էր, և վտանգ կար, որ կարող է ճիշտ ժամանակին այնտեղ չլիներ։ Մեքենա նստեց։ Վերջին պահին էր հիշել ալբոմի մասին, որն ավելի շուտ հանձնելու ոչ մի առիթ չէր գտել և այդ պատճառով հետն էր վերցրել․ դել էր ծնկներին և ողջ ճանապարհին անհանգիստ տկտկացնում էր ալբոմի կողին։ Անձրևը թուլացել էր, բայց եղանակը խոնավ էր, ցուրտ ու ամպամած։ Տաճարում շատ բան տեսնել հնարավոր չէր լինի և, հավանաբար, սառը սալահատակին երկար կանգնելը պատճառ դառնար առանց այն էլ հիվանդ Կ֊ի վիճակի վատանալուն։
Տաճարի հրապարակն ամայի էր։ Դեռ մանկության տարիներից տպավորված մի բան հիշեց Կ֊ն․ այս փոքր հրապարակը շրջապատող տների համարյա բոլոր պատուհանների վարագույներն իջեցված էին։ Այդ հանգամանքը այսօրվա եղանակին ավելի հասկանալի էր, քան երբէև։ Տաճարը նույնպես դատարկ էր թվում։ Իհարկե, ոչ ոքի մտքով չէր անցնի այստեղ գալ։ Նա արագ աչք ածեց երկու կողմնային նավերը, նրանցից մեկում տաք գլխաշորով փաթափված մի ծեր կնոջ տեսավ, որ ծնկի էր իջել Մարիամ Աստվածածնի նկարի դիմաց ու նայում էր, դռներից մեկի մեջ անհետացող մի կաղ սպասավոր երևաց հեռվում։ Կ֊ն ճիշտ ժամանակին էր եկել, ներս մտնելիս ժամը տասն էր խփել, բայց իտալացին չկար։ Նա ետ դարձավ դեպի գլխավոր մուտքը, իր անելիքները չիմանալով, որոշ ժամանակ կանգնեց այնտեղ, անձրևի տակ մի անգամ պտտվեց տաճաչի շուրջը և ուզեց պարզել՝ արդյոք իտալացին կողային մուտքերից մեկի մո՞տ էր սպասում։ Նա ոչ մի տեղ չկար։ Գուցե տնօրենը ճիշտ չէ՞ր հասկացել ժամը։ Եվ ինչպե՞ս կարելի էր ճիշտ հասկանալ այդ մարդուն։ Ինչ ուզում է լիներ, Կ֊ն առնվազն կես ժամ պետք է սպասեր։ Որովհետև հոգնած էր և նստել էր ուզում, նա նորից վերադարձավ տաճար, աստիճաններից մեկի վրա գորգանման փալասի կտոր գտավ, կոշիկի քթով մինչև մոտակա նստարանը քաշեց, ավելի ամուր փաթաթվեց վերարկուի մեջ, բարձրացրեց օձիքը և նստեց։ Ինչ֊որ բանով զբաղված լինելու համար նա բացեց ալբոմը, մի քիչ թերթեց, սակայն շուտով ստիպված էր դադարեցնել նկարները նայելը, որովհետև ներսում այնպես մթնեց, որ վեր նայելով հազիվ կարողացավ մոտակա կողմնային նավի ներսում որևէ բան զանազանել։ Գլխավոչ զոհասեղանի վրա՝ խորքում, մոմերի լույսի եռանկյունին էր կայծկլտում։ Կ֊ն հաստատ չէր կարող ասել, թե ներս մտնելիս տեսել էր դրանք․ եկեղեցու սպասավորները հուշիկ շարժվելու մեջ մասնագիտացած էին, նրանց հնարավոր չէր նկատել։ Երբ Կ֊ն պատահաբար շրջվեց, իրենից ոչ այնքան հեռու, սյանը կպցրած երկար, հաստ, վառվող մի մոմ էլ տեսավ։ Թեկուզ դա ինչքան էլ գեղեցիկ լիներ, կողային զոհարաններում մեծ մասամբ խավարի մեջ կախված սրբապատկերների լուսավորման համար, միևնույն է, բավական չէր․ մոմերի լույսը ավելի շուտ կրկնապատկում էր խավարը։ Այն, որ իտալացին չեկավ, որքան խելացի, նույքան էլ անքաղաքավարի քայլ էր․ ոչինչ հնարավոր չէր լինի տեսնել, ստիպված պետք է Կ֊ի գրպանի լապտերով՝ մաքսատան ծառայողի նման, մի քանի նկար փնտրեին։ Կ֊ն ցակնացավ փորձել, թե ինչ կստացվեր դրանից, գնաց կողային մատուռը, մի քանի աստիճան բարձրացավ մինչև մարմարյա ցածրիկ եզրապատը և, նրա վրա կռանալով,, լապտերի լույսն ուղղեց սրբապատկերին․ անշեջ կանթեղի լույսը կուրացնելով կախվեց օդում։ Առաջին բանը, որ Կ֊ն տեսավ ու մասամբ կռահեց, նկարի առաջին պլանում պատկերված, զրահավորված մեծ ասպետն էր։ Նա հենվել էր իր առջև լերկ գետնի մեջ (այսուայնտեղ խոտի մի քանի ցողուն էին երևում միայն) խրած սրին և ուշադիր, կարծես իր աչքերի առաջ տեղի ունեցող ինչ֊որ բանի էր հետևում։ Զարմանալի էր, որ նա կանգնել էր այդպես և չէր մոտենում։ Գուցե պահակ էին նշանակել նրան։ Կ֊ն, որ վաղուց ոչ մի նկար չէր նայել, չնայած շարունակ թարթում էր աչքերը (կանաչ լույսը վատ էր ազդում տեսողությանը), երկար զննեց ասպետին։ Երբ նկարի մյուս մասն էլ լուսավորեց, տեսավ, որ այնտեղ Քրիստոսի թաղումն է պատկերված՝ սովորական մեկնաբանությամբ։ Ի դեպ, այս նկարն ավելի նոր էր։ Նա լապտերը դրեց գրպանը և գնաց դեպի իր նստարանը։
Իտալացուն սպասելն, հավանաբար, անիմաստ էր արդեն։ Դրսում հորդառատ անձրև էր տեղում, և որովհետև այստեղ այնքան էլ ցուրտ չէր, ինչպես ինքն էր կարծում, Կ֊ն որոշեց առայժմ մնալ։ Նրա հարևանությամբ եկեղեցու բարձր ամբիոնն էր, որի կլոր, փոքր տանիքին ոսկե սնամեջ՝ մի ծայրով հատվող, երկու խաչ էր դրված։ Ճաղաշարի դրսի պատը և ամբիոնը պահող սյան կողմը տանող անցումը կանաչ տերևներով էր ձևավորված, նախաշերից փոքրիկ հրեշտակներ էին բռնել՝ ոչ այն է աշխույժ, ոչ այն է՝ հանգիստ։ Կ֊ն մոտեցավ ամբիոնին և բոլոր կողմերից զննեց։ Շատ նուրբ մշակված քարի նախշերի արանքի և նրանց հետևի խիտ ստվերը գտնված և այդ վիճակում սևեռված թվաց Կ֊ին։ Նա ձեռքը դրեց այդպիսի մի բացվածքի մեջ և զգուշությամբ շոշափեց քարը․ այդ ամբիոնի գոյության մասին առայսօր չէր իմացել; Նույն պահին նա պատահաբար նկատեց նստարանների հաջորդ շարքի հետևում կանգնած եկեղեցու սպասավորին։ Նրա հագին երկար, ծալքավոր սև զգեստ էր, ձախ ձեռքում պահել էր քթախոտի տուփը և Կ֊ին էր նայում։
― Տեսնես ի՞նչ է ուզում,― մտածեց Կ֊ն։― Կասկածո՞ւմ է, թե՞ թեյի փող է ուզում։
Երբ սևազգեստ մարդը հասկացավ, որ Կ֊ն նկատել է իրեն, երկու մատների արանքում դեռ մի պտղունց քթախոտ պահած աջ ձեռքը անորոշ ուղղությամբ պարզեց։ Նրա շարժումներն անհասկանալի էին։ Կ֊ն իմ փոքր էլ սպասեց, բայց մարդը չէր դադարում ձեռքով ցույց տալ և, ի լրումն դրա, դեռ գլխով էր անում։
― Այդ ի՞նչ է ուզում,― ցածրաձայն հարցրեց Կ֊ն, որովհետև այստեղ չէր համարձակվում բղավել։ Հետո նա հանեց դրամապանակը և մոտ գնալու համար անցավ նստարանների միջով, սակայն սպասավորը մերժելու շարժում արեց անմիջապես, թոթվեց ուսերը և կաղին տալով հեռացավ։ Երեխա ժամանակ Կ֊ն շատ էր փորձել շտապ հեռացող մարդու կաղ քայլվածքին նմանվող վազքով ձի քշելու շարժումները նմանակել։
«Մանկամիտ ծերունի է»,― մտածեց Կ֊ն։― «Նրա խելքը միայն եկեղեցում ծառայելու համար է բավականացնում։ Երբ ես կանգնում եմ, նա էլ է կանգնում և նայում է, արդյոք առաջ գնալ չե՞մ ուզում»։ Կ֊ն՝ ժպտալով, մինչև գլխավոր զոհասեղանի աստիճանները հասնելը ողջ կողմնային նավով մեկ հետևեց սպասավորին։ Ծերունին շարունակ ինչ֊որ բան էր ցույց տալիս, բայց Կ֊ն չէր շրջվում․ մատնացույց անելը հետքից շեղելուց բացի, ուրիշ նպատակ ուներ հաստատ։ Ի վերջո, նա հանգիստ թողեց ծերունուն, որովհետև չէր ուզում շատ վախեցնել նրան և, դրանից բացի, չէր ուզում վերջնականապես քշել այս ուրվականին, որովհետև իտալացին դեռ կարող էր գալ։
երբ նստած տեղը փնտրելու համար Կ֊ն կենտորանակն նավը վերադարձավ (ալբոմն էլ էր այնտեղ թողել), սյան մոտ՝ երգճախմբի նստարաններին համարյա կպած, պարզ կառուցվածքի, չնախշազարդված, անգույն քարից շինված մի ուրիշ, ավելի փոքր ամբիոն տեսավ։ Կառույցն այնքան փոքր էր, որ հեռվից թվում էր, թե սրբաքանդակի համար նախատեսված, բայց առայժմ դատարկ որմնախորշ է՝ լայնությամբ քարոզչի հազիվ մի քայլին հավասար։ Դրանից բացի, ամբիոնի քարե կամարը անսովոր կախ էր և ուղիղ, թեև զարդածածկ չէր, բայց այնպես էր վեր ոլորվում, որ միջահասակ մարդն անգամ չէր կարողանա ուղիղ կանգնել այնտեղ․ պետք է շարունակ կռացած լինել։ Ամբողջական վերցրած, դա կարծես քարոզչին տանջելու համար էր մտածված և հասկանալի չէր, թե ինչ նպատակի էր ծառայելու այս ամբիոնը, երբ մյուսը՝ մեծ ու ճաշակով զարդարված, արդեն կար։
Կ֊ն փոքր ամբիոնը, անշուշտ, չէր էլ նկատի, եթե դրա վերևում մի փոքր լամպ ամրացված չլիներ․ սովորաբար միայն քարոզ կարդալուց անմիջապես առաջ էին այդպես անում։ Դատարկ եկեղեցում քարո՞ղ էին կարդալու հիմա։ Նա նայեց սյունը գրկած, դեպի ամբիոնը ոլորվող աստիճաններին․ այնքան նեղ էին, որ կարծես ոչ թե կոնկրետ նպատակի, այլ սյունը զարդարելու համար էին նապատեսված։ Սակայն ամբիոնի տակ իրոք կանգնել էր հոգևորականը (Կ֊ն զարմացած ժպտաց) և, բարձրանալ պատրաստվելով, ձեռքը բազրիքին պահած, Կ֊ի կողմն էր նայում։ Նա հազիվ նկատելի գլխով արեց, Կ֊ն խաչ հանեց և խոնարհվեց․ ի դեպ, ավել շուտ պետք է արած լիներ։ Հոգևորականը թեթևակի թափ առավ և մանր, արագ քայլերով դեպի ամբիոնը բարձրացավ։ Իրո՞ք քարոզ է սկսվելու։ Հավանաբար սպասավորն այնքան էլ ծալապակաս չէր, ցանկանում էր քարոզչի մոտ տանել Կ֊ին, իսկ դատարկ եկեղեցում դա անհրաժեշտ էր։ Իմիջիայլոց, ինչ֊որ տեղ՝ Մարիամ Աստվածածնի նկարի մոտ, չոքած մի պառավ էլ կար, և պետք է որ նա էլ գար։ Իսկ եթե քարոզ էր լինելու, ինչո՞ւ նախ երգեհոնի նվագ չհնչեց։ Երգեհոնը լռում էր և իր բարձրությունից թույլ պսպղում խավարի մեջ։
Կ֊ն մտածեց, որ լավ կլինի, եթե հիմա շտապ հեռանա։ Չգնար, ոչ մի հեռանկար չկար, թե կկարողանար քարոզի ժամանակ հեռանալ և հետո ստիպված կլիներ մինև ավարտը մնալ։ Գրասենյակում այդքան ժամանակ կորցրեց, և հիմա յալևս պարտավոր չէր սպասել իտալացուն։ Նա ժամացույցին նայեց․ տասնմեկն էր։ Բայց իրոք հնաարվո՞ր էր, որ քարոզ կարդային։ Միայն Կ֊ն կարո՞ղ էր ողջ համայնքը ներկայացնել։ Ի՞նչ կլիներ, եթե նա սոսկ եկեղեցին զննել ցանկացող օտար մարդ լիներ։ Ճիշտն ասած, նա օտար էլ էր։ Մտածելն անգամ ավելորդ էր, որ այժմ՝ աշխատանքային օրով, ժամը տասնմեկին, այս անտանելի եղանակին քարոզ էին կարդալու։ Հոգևորականը (նա անկասկած հոգևորական էր, թուխ, հարթ դիմագծերով երիտասարդ էր) հաստատ միայն սխալմամբ վառած լամպը հանգցնելու մտադրությամբ էր վեր բարձրանում։
Սակայն Կ֊ն սխալվեց։ Հոգևորականն ավելի շուտ ստուգեց լուսավորությունը, մի փոքր բարձրացրեց պատրույգը, հետո դանդաղ շրջվեց դեպի ճաղաշարը և երկու ձեռքով բռնեց անկյունավոր եզրաքարը։ Այդպես նա որոշ ժամանակ կանգնեց և, առանց գլուխ շարժելու՝ շուրջը նայեց։ Կ֊ն մի մեծ տարածություն ընկրկել էր և կանգնել էր եկեղեցու նստարանների առաջին շարքին արմունկներով հենված։ Նրա անվստահ հայացքը անորոշ թափառեց եկեղեցու մեջ, կանգնեց ծուռմեջք սպասավորի վրա, որ, կարծես առաջադրանքը կատարելուց հետո, խաղաղված կուչ էր եկել։ Ի՜նչ անվսովոր լռություն էր տիրում տաճարում։ Բայց Կ֊ն պետք է խախտեր լռությունը, որովհետև այստեղ մնալու մտադրություն չուներ։ Եթե հոգևորականի պարտքն էր պահանջում, որ նշված ժամին՝ առանց հանգամանքներն հաշվի առնելու, քարոզ կարդար, թող աներ, առանց Կ֊ի աջակցության դա նույն հաջողությունը կունենար, ինչպես նրա ներկայությունը չէր կարողանա ուժեղացնել ազդեցությունը։ Կ֊ն, այսպիսով, դանդաղ, նստարանները շոշափելով, ոտնաթաթերի վրա դուրս եկավ լայն միջանցքը և հանգիստ գնաց․ քարե հատակը ամենազգույշ քայլի դեպքում անգամ զրնգում էր, իսկ կամարները՝ կանոնավոր առաջ ընթանալուն զուգընթաց, թույլ և անդադար բազմապատկվող արձանանք էին տալիս։ Երբ նա եկեղեցու դատարկ նստարանների միջոց դուրս էր գնում (կրոնավորը, երևի, հայացքով հետրում էր), լքվածության ակնթարթային զգացում ունեցավ, միաժամանակ նրան թվաց, թե տաճարի մեծությունը հենց այն սահմանագծի վրա է, որին մարդ դեռ կարող է դիմանալ։
Քիչ առաջ նստած տեղը հասնելով՝ նա, առանց կանգ առնելու, բառի բուն իմաստով ճանկեց ալբոմն ու ամուր սեղմեց իրեն։ Նստարանների արանքից դուրս գալուն և նստարանների ու ելքի միջև ընկած ազատ տարածությանն հասնելուն քիչ էր մնացել, երբ առաջին անգամ լսվեց հոգևորականի ձայնը։ Ազդեցիկ, փորձված ձայն էր։ Ինչպե՜ս տարածվեց ձայնին սպասող տաճարի մեջ։ Բայց հոգևորականը համայնքին չդիմեց․ դա ինքնին հասկանալի էր և հնարավոր չէր խուսափել։
― Յոզեֆ Կ․։― Գոչեց նա։
Կ֊ն արձանացավ և նայեց դիմացը՝ հատակին։ Առայժմ նա ազատ էր, դեռ կարող էր շարունակել ճանապարհը և փայտաշեն երեք փոքր, մութ դռներից մեկով, որ այնքան էլ հեռու չէին իրենից, հեռանալ։ Դա կնշանակեր միայն, որ ինքը չի հասկացել կամ եթե անգամ հասկացել է, ապա չի ուզում այդ մասին մտածել։ Իսկ եթե շուռ գար, այլևս ոչինչ չէր կարողանա անել, որովհետև դրանով իսկ կխոստովաներ, որ շատ լավ էլ հասկացել է, որ ինքն է Յոզեֆ Կ֊ն, և որ կհերտևի ձայնին։ Եթե հոգևորականը մի անգամ էլ ձայն տար, Կ֊ն անտարակույս կհեռանար, բայց որովհետև երկար սպասելուց հետո առաջվա պես լուռ էր, նա թեթևակի շրջեց գլուխը և ուզեց տեսնել, թե ինչով է զբաղված կրոնավորը։ Վերջինս հանգիստ կանգնել էր ամբիոնին, սակայն պարզ երևում էր, որ նկատել է Կ֊ի գլխի շարժումը։ Երեխայական պահմտոցի կլիներ, եթե Կ֊ն լրիվ շուռ չգար։ Նա այդպես էլ վարվեց, իսկ հոգևորականը մատը շարժելով ավելի մոտ կանչեց։ Որովհետև այժմ արդեն ոչինչ չէր կարելի թաքցնել, նա լայն քայլեորվ՝ համարյա ցատկելով, վազեց դեպի ամբիոնը։ Վազելու պատչառը հետաքրքրասիրությունն էր և, միաժամանակ՝ գործը կարճելու ձգտումը։ Առաջին նստարանների մոտ Կ֊ն կանգ առավ, բայց հեռավորությունը շատ մեծ թվաց հոգևորականին։ Նա ձեռքն առաջ պարզեց և ուղիղ ներքև թեքված ցուցամատով ամբիոնին կիպ մոտիկ տեղ ցույց տվեց։ Կ֊ն նորից հնազանդվեց։ Այդտեղ կանգնած, հոգևորականին տեսնելու համար նա պետք է լավ ետ գցեր գլուխը։
― Յոզեֆ Կ֊ն դո՞ւ ես,― ասաց հոգևորականը և, անորոշ շարժում անելով, բարձրացրեց ճաղաշարին հենված մի ձեռքը։
― Այո։― Կ֊ն մտածեց, թե նախկինում ինչպիսի պարզությամբ էր տալիս վերջերս իր համար բեռ դարձած անունը։ Նրա անունը նաև այն մարդիկ գիտեին, ում հետ ինքն առաջին անգամ էր հանդիպում։ Ինչքան լավ էր, երբ նախ՝ ներկայացնում էին և հետո նոր՝ ծանոթանում։