Changes

Պահապանները

Ավելացվել է 11 239 բայտ, 12:36, 29 Հուլիսի 2014
/* Գլուխ վեցերորդ․ Հավերժական անտառ */
― Դեռ հարցնում է․․․ ― զարմացավ Մերին։ ― Վեր կենալու ժամանակն է, չորսն անց է կես։ Դրսում անթափանց մառախուղ է։ Վեր կաց, վեր կաց։ Սամն արդեն նախաճաշ է պատրաստում։ Փինը, որ Փին է, էլի ոտքի վրա է։ Ես գնացի պոնիները թամբելու։ Արթնացրու թամբալ Գիրուկին, գոնե թող ճանապարհի մեզ։
Ժամը յոթի մոտ հինգն էլ պատրաստ էին ճանապարհ ընկնելու։ Գիրուկը բերանով մեկ հորանջում էր։ Նրանք անաղմուկ դուրս եկան տնից եւ կածանով քայլեցին Մերիի հետեւից, որը սանձից բռնած տանում էր ծանր բարձված պոնին։ Խոնավ տերեւները պսպղում էին, ճյուղերից կաթկթում էր, եւ սառը ցողը մոխրագույն շղարշի պես պարուրում էր խոտը։ Անդորր էր, եւ հեռավոր ձայները բոլորովին մոտիկ էին լսվում․ հավերը կռթկռթում էին, մեկի դուռը փակվեց, ցանկապատի մի դռնակ ճռռաց։  Պոնիները ախոռում էին, ամրակազմ, մեկը մյուսից սիրուն, դանդաղաշարժ, բայց դիմացկուն, իսկը հոբիթների պես։ Փախստականները հարմար նստեցին, ձիերը խթանեցին, եւ խորացան թանձր մառախուղի մեջ, որն ասես նահանջում էր նրանց առջեւ, իսկ հետո նորից փակվում։ Մեկ ժամ կամ մոտ մեկ ժամ գնալուց հետո վերջապես մառախուղից անսպասելիորեն դուրս լողաց Պատնեշը՝ շղարշված բարձր արծաթե սարդոստայնով։  ― Դեհ, ինչպե՞ս եք անցնելու դրա վրայից, ― հարցրեց Ֆրեդեգարը։  ― Իմ հետեւից, ― պատասխանեց Մերին։ ― Կտեսնես։  Նա շրջվեց ձախ ու գնաց Պատնեշի երկարությամբ, որը շուտով դեմ առավ ձորի բերանին։ Դեպի ձորն իջնող լանջը հանկարծ դարձավ աղյուսե պատերով ստորգետնյա մուտք, որից սկիզբ առնող արահետը սուզվում էր Պատնեշի տակ եւ դուրս բերում ձորի մյուս կողմը։  Գիրուկ Կուղբոնցը կանգնեցրեց պոնին։  ― Մնաս բարո՜վ, Ֆրոդո, բացականչեց նա։ ― Դու իզուր գնացիր Անտառ, դա կործանարար տեղ է, կարող է հենց այսօր էլ փորձանքի մեջ ընկնեք։ Այնուամենայնիվ, ձեզ հաջողություն եմ ցանկանում՝ ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը, ե՛ւ միշտ․․․  ― Եթե իմ առջեւում միայն Հավերժական Անտառը լիներ, ես բախտավոր կլինեի, ― ձայնեց Ֆրոդոն։ ― Գանդալֆին հաղորդիր, որ շտապ գա Արեւմտյան Ուղի՝ մենք էլ Անտառից կգնանք այնտեղ եւ այնտեղից կծլկենք։ Մնաս բարո՜վ։ ― Այստեղ նրա ձայնը խլացավ արձագանքից, եւ Ֆրեդեգարը վերեւում մենակ մնաց։  Մութ ու խոնավ անցուղու վերջում երկաթե դարպասն էր։ Մերին իջավ ձիուց եւ բացեց այն, իսկ երբ բոլորն անցան, փակեց։ Դարպասի դռները ծածկվեցին եւ փականը չարագուշակ չխկաց։  ― Դե, վերադարձի ճանապարհը փակված է, ― ասաց Մերին։ ― Մնաս բարով, Հոբիթստան, մեր առջեւ Հավերժական Անտառն է։  ― Իսկ սրա մասին ճի՞շտ բաներ են պատմում, ― հարցրեց Փինը։  ― Նայած ի՜նչ են պատմում, ― պատասխանեց Մերին։ ― Եթե դու նկատի ունես այն սարսափելի հեքիաթները, որոնցով վախեցրել են Գիրուկին մանկության տարիներին՝ անտառի ոգիների, գայլերի եւ ամեն տեսակ չարքերի մասին, ապա հազիվ թե։ Ես այդ հեքիաթներին չեմ հավատում։ Բայց Անտառն իսկապես սովորական չէ։ Ամեն ինչ այստեղ զգուշավոր է, ոչ թե Հոբիթստանի պես։ Ծառերն այստեղ օտարներին չեն սիրում եւ հետեւում, հետեւում, հետեւում են նրանց իրենց բոլոր․․․ երեւի տերեւներո՞վ, հո աչքեր չունե՞ն։ Ցերեկը այնքան էլ սարսափելի չէ, թող հետեւեն իրենց համար։ Ճիշտ է, երբեմն նրանցից մեկը ճյուղ է վրադ գցում, մյուսը հանկարծ արմատն է ցցում, երրորդը բաղեղով է փաթաթվում քեզ։ Դե դրանք դատարկ բաներ են, իսկ ա՜յ գիշերը, ինձ ասել են․․․ Ես ինքս էլ գիշերն այստեղ եղել եմ մեկ կամ երկու անգամ, այն էլ բացատում։ Ինձ թվում էր, ծառերը փսփսում են, չարախոսում անհասկանալի լեզվով եւ ինչ֊որ չար բան են գուշակում․ քամի չկար, բայց ճյուղերը օրորվում էին ու շրշում։ Ասում են, ծառերը կարող են տեղաշարժվել ու պատի պես շրջապատել օտարներին։ Ինչ֊որ ժամանակ նրանք նույնիսկ Պատնեշին են մոտեցել․ հայտնվել են պատնեշի կողքը, սկսել են ճեղքել ու սեղմել, վերեւից թեքվել են պատնեշի վրա։ Այդ ժամանակ հոբիթները դուրս են եկել, կտրել հարյուրավոր ծառեր, մեծ կրակ արել եւ Պատնեշի երկարությամբ մի լայն շերտ վառել։ Անտառը նահանջել է, բայց վիրավորանքը չի մոռացել։ Իսկ շերտը հիմա էլ դեռ երեւում է։  ― Միայն ծառերն ու վե՞րջ, ― նորից հարցրեց Փինը։  ― Դե չէ, իբրեւ թե նաեւ զանազան անտառային հրեշներ են բնակվում, ― պատասխանեց Մերին, ― միայն թե ոչ այստեղ, այլ Գալարի հովտում։ Ինչ֊որ մեկն անընդհատ տրորում է արահետները, անտառ ես մտնում, իսկ էստեղ նոր արահետ է բացվել, միայն անտառի ոգին գիտի, թե ուր է տանում եւ ամեն անգամ՝ տարբեր տեղեր։ Էստեղ մոտերքում առաջ կար մեկը, թեպետ հիմա երեւի ծածկվել է խոտով, այդ մեծ արահետը տանում էր դեպի Հրդեհի բացատը եւ հետո իջնում էր մոտավորապես մեզ հարկավոր կողմը՝ հյուսիս֊արեւելք։ Թերեւս, գտնեմ։  Անվերջանալի ձորից դեպի վեր, անտառ էր հասնում հազիվ նկատելի ճամփան, հասնում էր ու իսկույն էլ անհետանում։ Ծառերի տակ դուրս գալով նրանք հետ նայեցին․ հետեւում սեւին էր տալիս Պատնեշի աղոտ շերտը՝ ահա ուր որ է կծածկվի աչքից։ Իսկ առջեւում միայն բներ են ու բներ, ուղիղ ու խոտոր, սլացիկ ու ծուռումուռ, ողորկ ու խթոտ, ճյուղավոր ու ոստավոր, մոխրականաչ, մամռակալած ու քարաքոսապատ։  Միայն Մերին էր, որ չէր վհատվում։  ― Դու փնտրի՛ր, փնտրի՛ր, քո մեծ արահետը, ― մռայլ շտապեցրեց նրան Ֆրոդոն։ ― Մեկ էլ տեսար մեկս֊մեկիս կորցրեցինք կամ բոլորս միասին մոլորվեցինք․․․  Պոնիները առաջ էին շարժվում ծառերի միջով, զգուշորեն անցնելով գալարուն, իրար հյուսված արմատների վրայով։ Զառիկող արահետը նրանց տանում էր սարն ի վեր, ու ծառերն ավելի ու ավելի բարձր, մութ ու խիտ էին կախվում նրանց վրա։ Խուլ լռություն էր տիրում․ երբեմն անշարժ սաղարթի վրայով գլորվում ու ցածր էր ճլմփում ուռճացած կաթիլը։ Ճյուղերն ասես քարացել էին, ոչ մի տեղից շրշյուն անգամ չէր լսվում, բայց հոբիթները գիտեին, որ իրենց տեսնում են, որ իրենց զննում են՝ սառը, կասկածով, թշնամաբար։ Ըստ որում, քանի գնում՝ ավելի թշնամաբար էին նայում՝ նրանք անընդհատ ջղաձգորեն շրջվում էին ու գլուխները ցնցում, ասես անսպասելի հարձակումից զգուշանալով։  Արահետը կորչում էր, ծառերը ճանապարհը խոչընդոտում էին, եւ Փինը հանկարծ զգաց, որ այլեւս չի կարող առաջ գնալ։  ― Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ― աղեկտուր գոռաց նա։ ― Ես ոչ մի վատ բան չեմ անում, թողեք անցնե՜մ, խնդրո՜ւմ եմ․․․  Բոլորը վախից շունչները պահեցին, բայց ճիչը չթնդաց անտառում, այլ տեղնուտեղը խլացավ, ասես խեղդեցին։ Ոչ արձագանք, ոչ կրկնահնչյուն, միայն անտառն ավելի խտացավ եւ ասես չարախնդորեն խշշաց։  ― Ես քո տեղը լինեի՝ չէի գոռա, ― ասաց Մերին։ ― Մի գրոշի օգուտ չկա, իսկ վնաս կգա։  Ֆրոդոն մտածեց, որ ճանապարհն էլ չեն գտնի եւ որ ինքն իզուր բարեկամներին բերեց այս չարագուշակ անտառը։ Մերին հայացքով որոնում էր արհետը, սակայն՝ շատ անվստահ, եւ Փինն այդ նկատեց։  ― Դե դու հենց սկզբից մոլորվել ես, ― փնթփնթաց նա, իսկ Մերին ի պատասխան թեթեւացած սուլեց ու մատով ցույց տվեց դեպի առաջ։  ― Ա՜յ թե գործ է, հա՜, ― մտածկոտ ասաց նա։ ― Ծառեր են, բայց ախր տեղում կանգնած չեն մնում։ Գրեն, թե ուր է, էդ Հրդեհի Բացատը, իսկ այնտեղ տանող արահետն, ա՜խ, ո՞ւր է կորել․․․  Նրանց ճանապարհը լուսավորվեց, ծառերը նահանջում էին։ Նրանք հանկարծ դուրս սահեցին ճյուղերի արանքից ու հայտնվեցին մի լայնարձակ բացատում։ Նրանց գլխավերեւում անսպասելի բացվեց կապուտ ու մաքուր երկրինքը։ Արեւը չէր հասցրել շատ բարձրանալ, բայց արդեն ցած էր հղում բարեհամբույր շողերը։ Բացատը եզերող ծառերի սաղարթն ավելի խիտ ու ավելի կանաչ էր, ասես այն անջրպետում էր անտառից։ Բացատում ոչ մի ծառ չկար․ կոշտ խոտ, իսկ սրանց մեջ ցցված չորուկ գինազոխեր, գորշ մոլախոտ, թոռոմած մոլեխինդ ու ուղտափուշ։ Ամեն ինչ քայքայվում էր ու թափվում, փոշի դառնում, բայց Հավերժական Անտառի մթին թավուտներից հետո այստեղ հրաշալի էր։  
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]