Եվ այսպես, կասեմ, որ Աստվածորդու բարերար մարգարեությունից 1348 տարի էր անցել, երբ փառաշուք Ֆլորենցիային, իտալական քաղաքներից սքանչելագույնին, պատուհասեց ժանտախտը, որը, չգիտեմ երկնային լուսատուների ազդեցությամբ, թե մեր մեղքերի համար մահկանացուների գլխին իջած աստվածային արդար բարկության պատճառով, դրանից մի քանի տարի առաջ ի հայտ գալով արևելքի մարզերում և, դրանց զրկելով անթիվ ու անհամար բնակիչներից, անդադար տեղից տեղ անցնելով, սաստկանալով ողբալիորեն, եկավ ու հասավ նաև արևմուտք: Նրա դեմ ոչինչ չկարողացան անել ո՛չ մարդու իմաստությունը, ո՛չ կանխատեսությունը, որոնց շնորհիվ քաղաքը, այդ նպատակով նշանակված մարդկանց ձեռքով, մաքրվել էր աղտեղությունից, արգելվել էր հիվանդներին քաղաք բերելը, հրատարակվել էին բազմաթիվ հրահանգներ առողջությունը պահպանելու մասին: Չէին օգնում նաև հաճախ կրկնվող խանդաղատագին թափորամաղթանքներն ու այլ տեսակի մաղթանքները, որ կազմակերպում էին բարեպաշտ մարդիկ: Հիշյալ տարվա գարնան մոտավորապես սկզբներին հիվանդությունն սկսեց իր ողբալի ազդեցությունը երևան բերել սարսափելի ու տարօրինակ ձևով. ո՛չ այնպես, ինչպես արևելքում, որտեղ քթից արյուն հոսելն ստույգ նշան էր անխուսափելի մահվան. այստեղ հիվանդության սկզբում տղամարդկանց ու կանանց աճուկներում և կռնատակերին առաջանում էին ինչ-որ ուռուցքներ, որոնք աճում էին սովորական խնձորի կամ ձվի մեծությամբ, լինում էին և փոքրերը: Ժողովուրդը դրանց gavoccioli (ժանտախտի գեղձուռուցքներ) անունն էր տալիս: Կարճ ժամանակամիջոցում այդ մահաբեր ուռուցքը մարմնի հիշյալ մասերից անցնում էր անխտիր նաև մյուս մասերը, իսկ այնուհետև հիշյալ ախտի նշանը փոխվում էր սև ու կապույտ բծերի, որոնք շատերի մոտ երևում էին ձեռքերի ու ազդրերի և մարմնի մյուս մասերի վրա, ոմանց մոտ խոշոր ու սակավաթիվ, ոմանց մոտ՝ մանր ու խիտ-խիտ: Եվ ինչպես սկզբում և դրանից հետո էլ ուռուցքը համարվում էր մոտալուտ մահվան անկասկածելի նշան, այդպիսին էին և բծերը՝ ում մարմնի վրա որ երևում էին:Թվում էր, որ այդ ախտերի դեմ անզոր ու անօգուտ էին թե՛ բժշկի խորհուրդը, թե՛ այս կամ այն դեղի զորությունը: Արդյոք այդպիսի՞ն էր հիվանդության հատկությունը, թե՞ բուժողների տգիտությունը (որոնց մեջ, բացառությամբ ուսյալ բժիշկների, կային շատերը, տղամարդ թե կին, որոնք ոչ մի հասկացողություն չունեին բժշկությունից) չէր հայտնաբերել նրա պատճառը, դրա համար էլ չէր գտել պատշաճ միջոցներ, միայն թե քչերն էին ապաքինվում, և գրեթե բոլորն էլ մեռնում էին հիշյալ նշանները երևալու երրորդ օրը, ոմանք ավելի շուտ, մյուսները փոքր-ինչ ուշ, և մեծ մասն առանց տենդային կամ այլ երևույթների: Ժանտախտի տարածումը սաստկանում էր նրանով, որ այդ ախտը շփման միջոցով հիվանդներից անցնում էր առողջներին, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես բոցը կլանում է չոր կամ ճարպոտ առարկաները, երբ վերջիններս մոտեցվում են նրան:Եվ առավել մեծ չարիքն այն էր, որ հիվանդությունը և ընդհանուր մահացության պատճառը առողջներին անցնում էր ոչ միայն հիվանդների հետ ունեցած խոսակցության կամ շփման միջոցով, այլև հիվանդի հագուստին կամ գործածած և ձեռք տված որևէ իրին դիպչելն իսկ փոխանցում էր հիվանդությունը: Եվ զարմանալի պիտի թվա, ինչ որ հիմա պիտի ասեմ, և եթե շատերն ինձ պես իրենց աչքով դա տեսած չլինեին, մտքովս անգամ չէր անցնի հավատալ, ուր մնաց թե գրել, փեկուզև լսած լինեի արժանահավատ մարդուց: Կասեմ, որ այդ վարակը մեկից մյուսին փոխանցվելիս այնպիսի հատկություն ուներ, որ ոչ միայն մի մարդուց մյուսին էր անցնում, այլև հաճախ տեսնում էին է՛լ ավելի զարմանալին. այդ ախտով հիվանդացած կամ նրանից մեռած մարդուն պատկանած իրը, եթե դրան դիպչում էր մարդու տեսակին չպատկանող որևէ կենդանի էակ, ոչ միայն նրան վարակում, այլև սպանում էր կարճ ժամանակի ընթացքում: Այդ բանի մեջ, ինչպես ասված է վերևում, ես համոզվեցի սեփական աչքերով, մի անգամ, ի միջի այլոց, այսպիսի դեպքի ականատես լինելով. այդ հիվանդությունից մեռած մի աղքատ մարդու լաթերը փողոց էին նետված. երկու խոզեր, պատահաբար գտնելով դրանք, իրենց սովորության համաձայն, երկար ժամանակ ծվիկ-ծվիկ արին դնչերով, ապա ժանիքներով դեսուդեն քաշքշեցին և կարճ ժամանակից հետո, փոքր-ինչ պտույտ-պտույտ գալով, ասես թույն կերած, անշնչացած ընկան չարաբաստիկ լաթեր վրա:
Այդօրինակ և առավել սոսկալի շատ ուրիշ դեպքեր զանազան ահեր ու ցնդի մտքեր էին առաջացնում այն մարդկանց մեջ, որոնք, դեռևս ողջ մնացած լինելով, գրեթե ամենեքյան մի դաժան նպատակի էին ձգտում՝ հեռու փախչել հիվանդներից և խուսափել ինչպես նրանց, այնպես էլ նրանց պատկանող իրերի հետ շփում ունենալուց. և այդպես վարվելով՝ կարծում էին, թե կպահպանեն իրենց կյանքը: Ոմանք գտնում էին, թե սակավապետ ապրուստը և բոլոր ավելորդություններից հրաժարվելը շատ են օգնում չարիքի դեմ կռվելուն: Փոքրիկ խմբեր կազմելով, նրանք ապրում էին մյուսներից առանձնացած, թաքչելով ու փակվելով այն տներում, որտեղ հիվանդներ չկային, և որոնք հարմարավետ էին իրենց համար: Մեծ չափավորությամբ օգտագործելով ընտիր ուտելիքներ և լավագույն գինիներ, խուսափելով ամեն մի շռայլությունից, ոչ ոքի թույլ չտալով խոսել իրենց հետ և չցանկանալով դրսից ոչ մի լուր առնել մեռածների կամ հիվանդների մասին, նրանք իրենց ժամանակն անց էին կացնում երաժշտության և այն բավականությունների մեջ, որ կարող էին պատճառել իրենց: Ոմանք էլ, ունենալով հակառակ կարծիք, պնդում էին, թե հիվանդության ամենաստույգ ճարը սա է. խմել ու վայելել, թափառել երգեր ասելով և զվարճախոսելով, ըստ կարելույն բավարարել ամեն մի ցանկություն և ծիծաղել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում շուրջը: Եվ սրանք, ինչպես ասում, այնպես էլ վարվում էին ըստ հնարավորին, զօր ու գիշեր թափառելով գինետնից գինետուն, կոնծելով անչափ ու անսահման. ավելի հաճախ դա անում էին ուրիշների տներում, միայն թե լսած լնեին, որ այնտեղ իրենց ճաշակը գոհացնող կամ հաճելի որևէ բան կա: Եվ նրանց համար հեշտ էր այդ անել, քանի որ բոլորը, այլևս կենդանի մնալու հույսը կտրած, ճակատագրի քմահաճույքին էին հանձնել և՛ իրենց, և՛ իրենց ունեցվածքը. ուստի տների մի մասը ընդհանուրի սեփականությունն էր դարձել, և կողմնակի մարդը ոտք դնելով այնտեղ՝ օգտվում էր ճիշտ այնպես, ինչպես կօգտվեր իսկական տան տերը: Եվ այդ մարդիկ, անասնական հակումների հետամուտ, ըստ կարելույն խուսափում էին հիվանդներից: Եվ մեր քաղաքի այդ թշվառ ու ընկճված վիճակի հետևանքով գրեթե անկավ ու վերացավ ինչպես աստվածային, այնպես էլ մարդկային օրենքների հեղինակությունը, որովհետև այդ օրենքների սպասավորներն ու ի կատար ածողները մյուսների նման կա՛մ մեռած էին, կա՛մ նրանց ձեռքի տակ այնքան քիչ պաշտոնյաներ էին մնացել, որ նրանք չէին կարողանում կատարել ոչ մի պարտականություն, ուստի և յուրաքանչյուրին թույլ էր տրված անել՝ ինչ որ լավ կհամարեր: Շատերն էլ ընտրել էին վերոհիշյալ երկու ճանապարհերի միջինը. չչափավորելով իրենց ուտելիքը, ինչպես առաջինները, խմելու և այլ շռայլությունների մեջ չանցնելով չափն ու սահմանը, ինչպես անում էին մյուսները, նրանք այդ ամենից օգտվում էին բավարար չափով և ըստ կարիքի, չէին փակվում տների մեջ, այլ զբոսնում էին, ձեռքներին բռնած ո՛րը ծաղիկ, ո՛րը անուշաբույր խոտեր, ո՛րը այլ բուրումնավետ բան, որ հաճախ հոտոտում էին, օգտակար համարելով իրենց ուղեղը թարմացնել այդ բուրմունքներով,- քանի որ դիակների, հիվանդների և դեղորայքի հոտից օդը վարակված էր ու գարշահոտ: Ոմանք էլ ավելի դաժանամիտ, բայց գուցե և ավելի ճիշտ համոզում ունեին և ասում էին, թե չկա վարակից ազատվելու ավելի լավ միջոց, քան նրանից փախչելը: Հետևելով այդ համոզմանը, իրենց անձից բացի, ոչևէ այլ բանի մասին չմտածելով, բազմաթիվ տղամարդիկ ու կանայք լքեցին հայրենի քաղաքը, իրենց տներն ու կացարանները, իրենց ազգականներին ու իրենց ունեցվածք և դիմեցին քաղաքից դուրս՝ դեպի ուրշների կամ իրենց կալվածքները, կարծես թե Աստծո զայրույթը, որ մեղավորներին պատժել էր այդ ժանտախտով, չպիտի գտներ նրանց, որտեղ էլ որ լինեին, և չպիտի հատուցեր, այլ դիտմամբ պիտի թափվեր քաղաքի պատերի մեջ մնացածների վրա. կարծես համոզված էին, որ այնտեղ ոչ ոք ողջ չի մնալու, և արդեն հասել է նրա վերջին ժամը: Թեև այդքան տարբեր կարծիքներ ունեցող մարդկանցից բոլորը չմեռան, բայց և փրկվեցին նույնպես ոչ բոլորը: Ընդհակառակն, յուրաքանչյուր խմբից հիվանդանում էին շատերը, և ամենուրեք, ինչպես առողջ ժամանակ իրենք էին օրինակ տվել մյուսներին, նրանք հալումաշ էին լինում գրեթե բոլորից լքված: Էլ չասած, որ մի քաղաքացին փախչում էր մյուսից, որ դրացին դրացու մասին գրեթե չէր հոգում, որ ազգականները սակավ էին այցելում կամ բնավ չէին այցելում միմյանց, կամ տեսնվում էին հեռվից-հեռու: Այդ աղետը այնպիսի մի սոսկում էր ձգել տղամարդկանց ու կանանց սիրտը, որ եղբայրը եղբորն էր լքում, հորեղբայրը՝ եղբորորդուն, քույրը՝ եղբորը, և հաճախ կինը՝ ամուսնուն: Դեռ ավելի զարմանալին ասեմ. հայրերն ու մայրերը խուսափում էին այցելել և խնամել իրենց երեխաներին, ասես թե դրանք նրանց զավակները չլինեին: Այդ պատճառով էլ հիվանդությամբ տառապող անթիվ ու անհամար տղամարդկանց ու կանանց համար չկար որևէ այլ օգնություն, բացի մտերիմների (որոնց թիվը մեծ չէր) գթասրտությունից կամ չափազանց մեծ վարձով հրապուրված սպասավորների շահամոլությունից. ասենք՝ դրանց թիվն էլ պակասում էր, և դրանք գռեհիկ բարքերի տեր տղամարդիկ ու կանայք էին, որ անընտել էին հիվանդ խնամելու գործին, և ոչինչ չէին կարողանում անել, բացի պահանջվածը հիվանդներին մատուցելուց և դիտելուց, թե ինչպես են նրանք մեռնում: Եվ կատարելով այդպիսի ծառայություն, նրանք հաճախ վաստակի հետ միասին կորցնում էին նաև իրենց կյանքը: Եվ որովհետև հիվանդները լքված էին դրացիներից, հարազատներից ու բարեկամներից, իսկ ծառաներն էլ քիչ էին, առաջացավ մինչև այդ չլսված այն սովորությունը, որ գեղեցիկ ու ազնվատոհմիկ տիկինները հիվանդանալիս չէին քաշվում տղամարդու մատուցած ծառայությունից, ով էլ որ նա լիներ, երիտասարդ կամ ծեր, առանց ամաչելու նրա առաջ մերկացնելով մարմնի ամեն մի մասը, ինչպես կանեին կնոջ ներկայությամբ, միայն թե այդ պահանջեր հիվանդությունը,- մի բան, որ թերևս հետագայում դարձավ ապաքինված կանանց նվազ ողջախոհության պատճառը: Բացի դրանից մեռնում էին շատ այնպիսիները, որոնք օգնություն ստանալու դեպքում թերևս կենդանի մնային: Այդ ամենի՝ թե՛ հիվանդներին վատ խնամելու և թե՛ ախտի սաստկության պատճառով քաղաքում ցերեկով ու գիշերով մեռնողների թիվը այնքան մեծ էր, որ սարսափելի էր այդ մասին լսելն իսկ, ուր մնաց թե տեսնելը: Դրա հետևանքով, ասես թե անհրաժեշտության դրդումով, ողջ մնացած քաղաքացիների մեջ առաջ եկան որոշ նոր սովորություններ, որ հակառակ էին հներին: Առաջներում ընդունված էր (ինչպես այդ հիմա էլ ենք տեսնում), որ ազգական ու դրացի կանայք հավաքվում էին հանգուցյալի տանը և այնտեղ լացուկոծ անում նրա ամենամերձավոր հարազատների հետ միասին. մյուս կողմից էլ, հանգուցյալի տան առաջ հավաքվում էին նրա ազգականները, դրացիները և շատ ուրիշ քաղաքացիներ ու հոգևորականությունը, նայած ննջեցյալի կարողությանը, և տարեկիցները նրա դիակն իրենց ուսերի վրա առած, մոմերով ու հոգևոր երհերով, հուղարկավորության թափորով տանում էին այն եկեղեցին, որ կենդանության օրով ընտրել էր հանգուցյալը:
[[Կատեգորիա:Արձակ]]