Յուրաքանչյուր աչքի տեսողական նյարդը պրոյեկցվում է ուղեղի վրա։ Նյարդաթելերը հանդիպում են իրար մի գոյացության մոտ, որը կոչվում է տեսողական խաչվածք։ Նյարդաթելերի կեսը «խաչվում է» այդտեղ` անցնելով հակառակ կողմ, որտեղ միանում է այդ կողմի մնացած` «չխաչված» կեսին։ Միասին, թելերի այս խրձերը ձևավորում են տեսողական ուղիները, որոնք տանում են իրենց հետ թելեր երկու աչքերից էլ։ Այս ուղիներն արդեն ողղվում են (լատերալ ծնկային կորիզ կոչվող գոյացությունում առաջացող սինապտիկ հաղորդումից հետո) դեպի գլխուղեղի կեղև։ Հենց այստեղ էլ ձևավորվում են մեզ շրջապատող տեսողական աշխարհի ներքին «արտապատկերները»։ Շոշափելիքի օրինակով (Տես նախորդ գլուխը), այստեղ նույնպես տեսողական աշխարհի աջ կողմը վերարտադրվում է ձախ կիսագնդում, իսկ ձախը` աջում։ Այս նյարդային արտապատկերների ձևավորմանը մասնակցող ազդակներն ուղեղ են գնում երկու աչքերից էլ, և այդ իսկ պատճառով ուղեղի թիկնային մասում տեղակայված տեսողական շրջանների ( V1, V2 շրջան և այլն ) բջիջները կարող են ակտիվանալ` ի պատասխան աչքերից յուրաքանչյուրի կողմից ընկալված պատկերի։ Սա կոչվում է երկակնություն (բինոկուլյարություն)։
[[Պատկեր:Neuro6-3.png|312px]]
Տեսողական կեղևը բաղկացած է մի շարք շրջաններից, որոնք զբաղվում են տեսողական աշխարհի տարբեր կողմերով, ինչպիսիք են օրինակ` առարկայի ձևը, գույնը,շարժումը, հեռավորությունը և այլն։ Այս բջիջները կանոնավոր կերպով դասավորված են սյուների ձևով։ Տեսողության համար պատասխանատու բջիջներին վերաբերող կարևոր հասկացություններից է նաև ռեցեպտիվ
դաշտի հասկացությունը։ Այն ցանցենու մի շրջան է, որի շրջանակներում բջիջը պատասխանում է իր նախընտրած տեսակի պատկերին։ V1֊ում, ուր ընթանում է կեղևային մշակման առաջին փուլը, բջիջները լավագույնս պատասխանում են որոշակի կողմնորոշմամբ գծերին և եզրագծերին։ Կարևոր հայտնագործություն էր նաև այն փաստի բացահայտումը, որ բջիջների ամեն մի սյան մեջ տեղակայված բոլոր նեյրոններն ակտիվանում են` ի պատասխան միևնույն կողմնորոշումն ունեցող գծերի և եզրագծերի, իսկ հարևան սյուների բջիջները՝ մի փոքր այլ կողմնորոշմանը, և այդպես շարունակ V1֊շրջանի ողջ մակերեսի երկայնքով։ Սա նշանակում է, որ կեղևի տեսողական բջիջներն ունեն իրենց ներքին կանոնավորությունը` շրջապատող աշխարհը
մեկնաբանելու համար, որը սակայն անփոփոխ չէ։ Փորձի ձեռք բերմանը զուգահեռ` փոփոխվում են այն շրջանակները, որոնց
սահմաններում առանձին բջիջը կարող է ղեկավարվել աջ կամ ձախ աչքի ակտիվությունից կախված։ Այդպիսով` ինչպես և մնացած բոլոր զգայական համակարգերը, տեսողական կեղևը նույնպես դրսևորում է այն, ինչն անվանում են պլաստիկականություն։