==== գ) Հուշեր սրբահայր Զոսիմայի պատանեկութան ու երիտասարդության տարիներից, երբ դեռ ապրում էր աշխարհիկ կյանքով: Մենամարտը ====
Երկար մնացի Պետերբուրգի կադետական դպրոցում, համարյա ութ տարի, և նոր դաստիարակությունը շատ բան մշուշապատեց իմ մանկական տպավորություններից, թեև ոչինչ չմոռացա։ Դրա փոխարեն բազում նոր սովորույթներ ու նույնիսկ կարծիքներ որդեգրեցի, և այնքան, որ դարձա գրեթե վայրի, դաժան ու անհեթեթ մի արարած։ Ֆրանսերենի հետ միասին ձեչք բերեցի նաև բարեկրթության ու բարձրաշխարհիկ վարվելակերպի արտաքին փայլը, սակայն բոլորս էլ կատարյալ անասուններ էինք համարում մեզ ծառայող զինվորներին, ու ես՝ նույնպես։ Ու գուցե ես անձամբ ամենից ավելի էի այդպես համարում, որովհետև իմ բոլոր մյուս ընկերներից ավելի շուտ էի ընկալում ամեն ինչ։ Երբ շրջանավարտ եղանք որպես սպաներ, պատրաստ էինք մեր արյունը թափելու մեր գնդի պատվին հասցված վիրավորանքի համար, բայց մեզնից գրեթե ոչ ոք չգիտեր, թե ինչ բան է իսկական պատիվը, իսկ եթե իմանար դիցաք, առաջինն ինքը իսկույն ծաղրանքի առարկա կդարձներ այդ բանը։ Հարբեցողությունը, ցոփ ու շվայտ կյանքը, կտրիճությունը հպարտության պես մի բան էին մեզ համար։ Չեմ ասի, թե վատ էինք մենք. բոլոր այդ երիտասարդները լավ մա րդիկ էին, բայց վատ էին պահում իրենց, ու ես՝ բոլորից ավելի, մանավանդ որ իմ սեփական դրամագլուխն ունեցա, ուստի և սկսեցի ապրել իմ հաճույքի համար, պատանեկան ամբողջ թափով, անսանձորեն անձնատուր եղա այդ զեղխ կյանքի հոսանքին։ Արդ, զարմանալի բան, այն ժամանակ գրքեր էլ էի կարդում ու նույնիսկ մեծ հաճույքով, բայց Աստվածաշունչն այն միակ գիրքն էր, որ գրեթե երբեք չէի բացում, թեև երբեք չէի բաժանվում նրրանից, ամեն տեղ հետս էի տանում, արդարև, ինքս էլ չիմանալով, պահպանում էի այդ գիրքը՝ գալիք «օրվա և ժամի, ամսվա ու տարվա համար»։ Չորս տարի այդպես ծառայելուց հետո, վերջապես պատահեց, որ ընկա Կ. քաղաքը, ուր օթևանել էր մեր գունդն այն ժամանակ։ Քաղաքի հասարակությունը բազմամարդ էր ու այլազան, կենսուրախ, հյուրասեր ու հարուստ, իսկ ինձ ամենուրեք լավ էին ընդունում, որովհետև ի բնե օժտված էի ուրախ բնավորությամբ և, բացի այդ, ունևոր մարդ էի համարվում, մի հանգամանք, որ բավական կարևոր նշանակություն ունի բարձրաշխարհիկ կյանքում։ Եվ ահա պատահեց մի բան, որից և ծայր առավ ամեն ինչ։
Բարեկամացա մի երիտասարդ ու գեղեցիկ, խելացի ու արժանավոր օրիորդի հետ, որ պայծառ, ազնիվ նկարագրի տեր էր, պատվարժան ծնողների դուստր։ Ականավոր մադիկ էին՝ հարուստ, դիրքի տեր ու ազդեցիկ, ինձ ընդունում էին սիրալիր ու գրկաբաց։ Ու մեկ էլ ահա ինձ թվաց, թե օրիորդը սրտագին հակում ունի իմ նկատմամբ, և բռնկվեց սիրտն իմ այդպիսի ցնորքից։ Հետագայում, անշուշտ, ինքս վերահասու եղա ու լրիվ հասկացա, որ գուցե բնավ էլ այնքան ուժեղ չէի սիրում նրան, այլ լոկ մեծարում էի նրա վսեմ միտքն ու նկարագիրը, և արդարև՝ չէի կարող չմեծարել։ Անձնասիրությունը, սակայն, խանգարեց ինձ այն ժամանակ նրա ձեռքը խնդրելու, ծանր ու սարսափելի թվաց հրաժարվել ամուրի և ազատ, անառակ կյանքի գայթակղություններից՝ այդպիսի ծաղկուն տարիքում, երբ նաև փող ունեի ի լրումն ամենայնի։ Բայց և այնպես որոշ ակնարկություն արեցի։ Համենայն դեպս, առժամապես հետաձգեցի որևէ վճռական քայլի դիմելը։ Եվ այդ օրերին էլ հանկարծ այնպես պատահեց, որ ինձ մի ուրիշ գավառ գործուղեցին երկու ամսով։ Վերադառնում եմ երկու ամիս հետո և հանկարծ իմանում, որ օրիորդն արդեն ամուսնացել է քաղաքամերձ հարուստ մի կալվածատիրոջ հետ, այդ մարդը թեև ինձնից ավելի տարեց էր, բայց երիտասարդ էր տակավին, կապեր ուներ մայրաքաղաքում և լավագույն հասարակության մեջ, մի բան, որ ես չունեի, շատ սիրալիր ու առավել ևս զարգացած մարդ էր, իսկ զարգացում ասված բանը ես բոլորովին չունեի։ Այնպես էի ցնցվել այդ անակնկալ դեպքից, որ նույնիսկ գիտակցությունս մթագնեց։ Իսկ գլխավորն այն էր, որ, ինչպես հենց այն ժամանակ էլ իմացա, երիտասարդ կալվածատերն արդեն վաղուց օրիորդի նշանածն էր եղել, և որ ինքս նրան բազմիցս հանդիպել էի այդ տանը, բայց ոչինչ չէի նկատել, իմ սեփական արժանիքներով կուրացած։ Բայց ճիշտ ա՛յդ էր, որ ամենից ավելի վիրավորեց ինձ. ինչպե՜ս թե, համարյա բոլորը գիտեին, և միայն ե՞ս ոչինչ չգիտեի։ Ու հանկարծ անտանելի զայրույթ զգացի։ Կարմրած դեմքով սկսեցի հիշել, թե ինչպես շատ անգամ գրեթե իմ սերն էի արտահայտել օրիորդին, և քանի որ նա չէր կանգնեցրել ինձ ու չէր նախազգուշացրել, ուրեմն, եզրակացրի, ծիծաղում էր ինձ վրա։ Հետագայում, անշուշտ, կշռադատեցի և հիշեցի, որ նա բնավ երբեք չէր ծիծաղել, այլ ընդհակառակն՝ ինքն իսկ կատակով ընդհատում էր այդպիսի խոսակցություները և դրանց փոխարեն ուրիշ բաների մասին էր սկսում խոսել միշտ։ Բայց այդ պահին անկարող եղա կշռադատելու և սկսեցի վրիժառությամբ վառվել։ Զարմանքով եմ հիշում, որ իմ այդ վրիժառության զգացումն ու զայրույթը ինձ համար իսկ ծայր աստիճան տաժանելի էին ու նողկալի, որովհետև, անոխակալ բնավորություն ունենալով, ոչ ոքի վրա չէի կարող երկար ժամանակ բարկանալ, ուստի և ինքս էի կարծես արհեստականորեն բորբոքում ինձ և ի վերջո դարձա այլանդակ ու անհեթեթ։ Հարմար առիթի սպասեցի և մի անգամ, բազմամարդ հասարակության մեջ, կարողացա հանկարծ վիրավորանք հասցնել իմ «ախոյանին», իբրև թե բոլորովին կողմնակի մի պատճառով, ծիծաղեցի իր մի կարծիքի վրա, որ նա հայտնեց՝ այն ժամանակ կարևոր նշանակություն ունեցող մի իրադարձության մասին,— քսանվեց թվականին էր,— և կարողացա սրամիտ ու ճարտար ծաղրի ենթարկել նրան, այդպես էին ասում մարդիկ։ Ապա ստիպեցի, որ բացատրություն պահանջի ինձնից, և բացատրության ժամանակ արդեն այնքան կոպիտ վարվեցի, որ նա ընդունեց իմ մարտահրավերը, հակառակ մեր միջև եղած հսկայական տարբերության, քանզի թե՛ ավելի երիտասարդ էի, թե՛ ցածր աստիճան ունեցող աննշան մի մարդ։ Հետագայում արդեն հաստատ իմացա, որ նա մարտահրավերն իմ ընդունել էր նույնպես մի տեսակ խանդի զգացումից մղված, առաջ ևս փոքր ինչ խանդում էր ինձ իր կնոջ նկատմամբ, որ այն ժամանակ հարսնացուն էր տակավին, իսկ այս առթիվ մտածել էր, որ եթե ինձնից վիրավորանք կրելուց հետո սիրտ չանի մենամարտելու, ապա կինը կարող է իմանալ և ակամա կսկսի արհամարհել իրեն ու կխախտվի նրա սերն իր նկատմամբ։ Շուտով մարտավկա ճարեցի՝ մեր գնդի սպա էր, իմ ընկերը։ Թեև մենամարտերը խստագույնս հետապնդվում էին այն ժամանակ, բայց զինվորականների միջև կարծես նույնիսկ նորաձևություն էին դրանք. երբեմն ա՜յն աստիճան վայրենաբար ուռճանում ու զորանում են նախապաշարումները։ Հունիսի վերջն էր, և ահա պետք է հաջորդ օրը հանդիպեինք քաղաքից դուրս, առավոտյան ժամը յոթին, ու հիրավի, հանկարծ մի տեսակ ճակատագրական բան պատահեց ինձ այդ միջոցին։ Երեկոյան, կատաղած ու այլանդակ տրամադրությամբ տուն վերադառնալով, զայրացա իմ համհարզ Աֆանասիի վրա և ամբողջ ուժով հարվածեցի նրա դեմքին երկու անգամ, այնպես որ արյունաշաղախ արեցի դեմքը։ Վաղուց չէ, որ նա ծառայում էր ինձ, և առաջ էլ պատահել էր, որ հարվածել էի նրան, բայց երբեք այդպիսի գազանային դաժանությամբ։ Եվ կհավատա՞ք, սիրեցյալներ իմ, քառասուն տարի է անցել, բայց այժմ ևս ամոթով ու ցավով եմ հիշում այդ։ Պառկեցի ու քնեցի մոտ երեք Ժամ, և երբ զարթնեցի՝ լույսը բացվում էր արդեն։ Հանկարծ վերկացա, չուզեցի այլևս քնել, մոտեցա լուսամուտին, բացեցի՝ պարտեզն էր առաջըս. տեսնում եմ՝ ծագում է արևը, տաք է, գեղեցիկ, սկսել են ճռվողել թռչունները։ Բայց ի՞նչ է այս, մտածեցի, ինչո՞ւ ամոթալի և ստոր մի բան եմ զգում սրտիս մեջ։ Չլինի՞ այն պատճառով, որ գնում եմ արյուն թափելու։ Ոչ, մտածեցի, կարծես թե այդ չէ պատճառը։ Չլինի՞ թե մահից եմ վախենում, վախենում եմ, թե կսպանվեմ։ Ոչ, բոլորովին այդ չէ, բնավ էլ այդ չէ, բնավ... Եվ հանկարծ միանգամից հասկացա, թե ինչ էր. այն, որ երեկոյան ծեծել էի Աֆանասիին։ Ամեն ինչ վերստին պատկերացավ աչքիս, կարծես կրկնվեց նորից, կանգնել է նա իմ առաջ, ես թափով հարվածում եմ ուղղակի դեմքին, իսկ նա ձեռքերը պահել է կողերն ի վար, գլուխը բարձր, աչքերը չռած՝ ասես զգաստ կանգնել է շարքում, ցնցվում է ամեն մի հարվածի հետ և նույնիսկ չի համարձակվում ձեռքերը բարձրացնել պաշտպանվելու համար. և մա՜րդն է այդ վիճակին հասցված, և մա՜րդն է ծեծում մարդուն։ Ինչպիսի՜ հանցագործություն։ Կարծես մի սուր ասեղ մխրճվեց հոգվույս մեջ ու ծակեց անցավ։ Կանգնել էի ցնդածի նման, մինչ փայլում էր արևը, տերևները ցնծում էին, փայլում, իսկ թռչուննե՜րը, թռչունները գովքն էին երգում աստուծո... Երեսն իմ ծածկեցի երկու ափերով, ընկա իմ մահճին և աղի արցունք թափեցի։ Ու այդ պահին հիշեցի եղբորն իմ՝ Մարկելին, և այն խոսքերը, որ մահվան շեմին ասաց նա ծառաներին, «Սիրելինե՛ր իմ, թանկագիննե՛ր, ինչո՞ւ եք ծառայություն մատուցում ինձ, ինչո՞ւ եք ինձ սիրում, և արժանի՞ եմ արդյոք, որ ինձ ծառայություն մատուցեն»։— «Այո, արժանի՞ եմ արդյոք»,— փայլատակեց հանկարծ իմ մտքում։ Արդարև, ինչո՞վ եմ արժանի, որ ինձ նման մի ուրիշ մարդ, նույնպես աստուծո պատկերով ու նմանությամբ ստեղծված, ինձ ծառայի։ Եվ այդ հարցն ուղղակի մխվեց իմ ուղեղի մեջ այդ պահին՝ առաջին անգամ իմ կյանքում։ «Մայրի՛կ, դու իմ սրտի՜կ սիրասուն, իսկապես յուրաքանչյուր ոք մեղավոր է բոլորի առաջ բոլորի համար, միայն թե մարդիկ չգիտեն այդ, իսկ եթե իմանային՝ դրա՜խտ կլիներ իսկույն»։ Աստված իմ, միթե ա՞յս էլ կարող է սխալ լինել,— մտածում էի արտասվելով,— գուցե իրոք, ես բոլորից ավելի մեղավոր եմ բոլորի համար, և ավելի վատթար, քան աշխարհի բոլոր մարդիկ։ Եվ հանկարծ ամբողջ ճշմարտությունը երևաց ինձ՝ իր լրիվ պայծառությամբ. ի՞նչ եմ գնում անելու։ Գնում եմ սպանելու մի բարի, խելացի, ազնիվ մարդու, որ ոչ մի հանցանք չի գործել իմ դեմ, և այդպիսով նրա կնոջն ևս ընդմիշտ զրկած կլինեմ երջանկությունից, տանջանքների մատնած ու սպանած կլինեմ։ Այդպես մահճիս վրա պառկել էի երեսնիվայր, դեմքս բարձին, և չնկատեցի ամենևին, թե ինչպես անցավ ժամանակը։ Հանկարծ, ատրճանակը ձեռքին, ներս մտավ իմ ընկեր սպան՝ ինձ մենամարտի տանելու, «Ա՜յ, լավ է, որ արդեն վեր ես կացել,— ասաց,— ժամանակն է, գնա՛նք»։ Սկսեցի այս ու այն կողմ նետվել, գլուխս կորցրի բոլորովին, բայց և այնպես դուրս եկանք, որ կառք նստենք»։ «Սպասիր այստեղ մի քիչ,— ասացի նրան,— ներս վազեմ մի վայրկյան, դրամապանակս մոռացել եմ»։ Ու ետ վազեցի առանձին, ուղղակի Աֆանասիի նեղլիկ սենյակը։ «Աֆանասի,— ասացի,— երեկ ես երկու անգամ հարվածեցի քո դեմքին, ներիր ինձ»,— ասացի։ Ուղղակի ցնցվեց նա, կարծես վախեցավ, նայեց երեսիս, ու տեսա, որ քիչ է այդ, քիչ, և հանկարծ, տեղն ու տեղը, հենց սպայական համազգեստով և ուսադիրներով, շիփ-շիտակ ընկա ոտքերը, ճակատս գետնին։ «Ների՜ր ինձ»,— ասացի։ Այստեղ արդեն կատարելապես շշմեց նա. «Զերդ ազնվություն, տե՜ր իմ, բայց ինչպե՞ս դուք... արժանի՞ եմ որ...», և հանկարծ նա փղձկաց ու սկսեց արտասվել ճիշտ այնպես, ինչպես ինքս էի աղի արցունք թափել մի ժամ առաջ, երկու ափերով ծածկեց դեմքը, դարձավ լուսամատին և ամբողջ մարմնով սկսեց ցնցվել հեծկլտանքներից, իսկ ես վազեցի ընկերոջս մոտ, ցատկեցի կառքը, «քշի՜ր» գոռացի։ «Տեսե՞լ ես հաղթական մարդու,— դիմեցի ընկերոջս գոռաչով,— ահա՛ հիմա տեսնում ես քո առաջ»։ Այնպիսի՜ մի ցնծություն էր մեջս, ծիծաղում էի, խոսում ամբողջ ճանապարհին, էլ չեմ հիշում, թե ինչեր էի ասում։ Նայում էր նա ինձ ու «է՜հ,ախպերըս, ասաց,-ապրե՛ս, կտրիճ տղա ես. տեսնում եմ՝ բարձր կպահես համազգեստիդ պատիվը»։ Այդպես հասանք նշանակված տեղը, իսկ մյուսներն այնտեղ էին արդեն, մեզ էին սպասում։ Կանգնեցրին մեզ իրարից տասներկու քայլ հեռու, առաջին կրակոցը նրանն էր. ուրախ կանգնել էի նրա դիմաց, ուղղակի դեմառդեմ, հանգիստ ու սիրազեղ հայացքով նայում էի նրրան, գիտեի, թե ինչ եմ անելու։ Կրակեց. դույզն ինչ քերծվեց այտս և մի քիչ էլ ականջիս դիպավ, ուրիշ ոչինչ։ «Փա՜ռք աստուծո,- գոռացի,— մարդ չսպանեցինք»։ Ու վերցրի իմ ատրճանակը, ետ դարձա, վեր շպրտելով նետեցի անտառի մեջ. «Ա՛յդ է քո տեղը»,— գոռացի։ Դարձա իմ հակառակորդին. «Մեծահարգ տիա՛ր,— ասացի,— ներեցե՛ք ինձ՝ հիմար երիտասարդիս, ներեցե՛ք, որ ինքս մեղավոր լինելով՝ ծանր վիրավորանք պատճառեցի ձեզ, իսկ այժմ էլ ստիպեցի, որ կրակեք ինձ վրա։ Ինքս տասնապատիկ վատթար եմ ձեզնից, գուցե և ավելի։ Հաղոր դեցեք այս բանը այն անձնավորության, որին ամենից ավելի եք հարգում աշխարհիս երեսին»։ Հազիվ էի ասել այս խոսքը, իսկույն երեքը միասին սկսեցին գոռգոռալ։ «Բայց ներեցեք խնդրեմ,— ասաց հակառակորդն իմ ու բարկացավ նույնիսկ,— եթե չէիք ուզում մենամարտել, ինչո՞ւ ինձ անհանգստացրիք»։― «Երեկ հիմար էի տակավին,— ասացի նրան,— իսկ այսօր խելոքացա»։ Այդպես պատասխանեցի ուրախ սրտով։ «Երեկվա մասին հավատում եմ,— ասաց,— բայց այսօրվա մասին դժվար է ձեր կարծիքին հանգել»։— «Բռավո՜,— գոռացի ծափ զարնելով,— այդ բանում էլ համաձայն եմ ձեզ հետ, արժանի եմ դրան»։— «Կրակելո՞ւ եք թե չէ, հարգելի տիար»։— «Չեմ կրակելու,— ասացի,— իսկ դուք, եթե ուզում եք, նորից կրակեցեք, միայն թե ավելի լավ կլիներ, որ չկրակեիք»։ Գոռում էին նաև մարտավկաները, հատկապես իմը. «Այսպես խայտառակե՜լ մեր գունդը, պատնեշի՜ վրա ներողություն խնդրել. եթե սկզբից իմանայի՜»։ Լսելով այդ, արդեն առանց ծիծաղելու կանգնեցի բոլորի առաջ։ «Պարոնայք իմ,— ասացի,— միթե իրո՞ք մեր այս օրերին այնքան զարմանալի է հանդիպել մի մարդու, որ զղջում է իր հիմարության համար և հրապարակով խոստովանում է իր իսկ գործած հանցանքը»։— «Բայց ո՜չ թե պատնեշի վրա»,— գոռաց նորից իմ մարտավկան։ «Հենց այդ է ահա,— պատասխանեցի,— այդ է զարմանալին, որովհետև ես պետք է իմ հանցանքը խոստովանեի անմիջապես, որ եկանք այստեղ, դեռ նրա կրակելուց առաջ, ու պետք չէ նրան առիթ տայի մի մեծ ու մահացու մեղք գործելու. բայց մենք այնքա՛ն այլանդակ մի կյանք ենք ստեղծել մեզ համար, որ այդպես վարվելն անհնար էր գրեթե, որովհետև հիմա՛ միայն, տասներկու քայլից նրա կրակոցը դիմագրավելուց հետո, իմ խոսքերը կարող են արդեն որևէ նշանակություն ստանալ նրա համար, իսկ եթե կրակոցից առաջ խոսեի, երբ նոր էինք եկել այստեղ, նա պարզապես կասեր՝ վախկոտ է, ատրճանակից սոսկաց, չարժե նրան լսել։ Պարոնա՜յք,— բացականչեցի հանկարծ ի խորոց սրտի,— նայեցեք չորս կողմ՝ աստուծո բարիքներին. պայծառ երկինք, վճիտ օդ, քնքուշ խոտեր, թռչնակներ, գեղեցիկ ու անմեղ բնություն, և մենք, մե՛նք ենք միայն անաստված ու հիմար և չենք հասկանում, թե դրախտ է կյանքը, որովհետև բավական է, որ ուզենք հասկանալ, և իսկույն կտիրի դրախտն իր ամբողջ գեղեցկությամբ, կգրկենք իրար ու կարտասվենք...»։ Ուզում էի շարունակել տակավին, բայց չկարողացա, նույնիսկ շունչս կտրվեց այնպե՜ս քաղցրորեն, պատանեկան այնպիսի ավյունով, և սիրտն իմ լեցուն էր այնպիսի երջանկությամբ, որի նմանը երբեք չէի զգացել իմ ամբողջ կյանքում։ «Այս բոլորը ողջամիտ ու բարեպաշտ խոսքեր են,— ասաց հակառակորդն իմ, — և համենայն դեպս դուք ինքնատիպ մարդ եք»։— «Ծիծաղեցեք,— ասացի ես էլ ծիծաղելով,— իսկ հետո ինքներդ կգովեք»։— «Բայց ես հիմա էլ պատրաստ եմ գովելու,— ասում է,— համեցեք, ձեռքս եմ մեկնում ձեզ, որովհետև ինձ թվում է, թե դուք իսկապես անկեղծ մարդ եք»։— «Ոչ,— ասում եմ,— հիմա պետք չէ. երբ ավելի լավ մարդ դառնամ և արժանի լինեմ ձեր հարգանքին, այն ժամանակ կմեկնեք ձեր ձեռքը, և լավ կանեք»։ Վերադարձանք տուն, իմ մարտավկան ամբողջ ճանապարհին նախատում էր ինձ, իսկ ես համբուրում էի նրան։ Բոլոր ընկերներս իսկույն լսեցին պատահածը, նույն օրն իսկ հավաքվեցին իմ դատաստանը տեսնելու, այսինքն թե՝ «Համազգեստն է արատավորել, թող հրաժարական տա»։ Պաշտպանողներ էլ եղան. «Համենայն դեպս կանգնել է կրակոցի դեմ»,— ասացին նրանք։ «Այո, բայց վախեցել է հաջորդ կրակոցներից և պատնեշի վրա ներողություն է խնդրել»։— Եթե վախենար կրակոցներից,— առարկում էին պաշտպանողները,— ներողություն խնդրելուց առաջ նախ իր ատրճանակից կկրակեր, այնինչ նա անտառն է նետել իր լեցուն ատրճանակը. չէ՜, մի ուրիշ բան է եղել այստեղ, ինքնատիպ մի բան»։ Լսում էի և ուրախանում նրանց նայելով։ «Իմ շատ սիրելի բարեկամներ ու ընկերներ,— ասացի,— մի՛ անհանգստանաք իմ հրաժարական տալու առնչությամբ, որովհետև արել եմ արդեն այդ բանը, արդեն հրաժարական եմ տվել, այսօր իսկ առավոտյան, գրասենյակում, և երբ իմ հրաժարականն ստանամ, իսկույն ևեթ վանք եմ մտնելու, այդ պատճառով էլ հեռանում եմ զինվորական ծառայությունից»։ Հազիվ էի ասել այդ, բոլորը միանգամից քահ֊քահ ծիծաղեցին. «Դե հենց սկզբի՜ց ասեիր, հիմա ամեն ինչ պարզ եղավ, վանականին չի կարելի դատել»։ Ծիծաղում էին, չէին կարողանում զսպել, և բնավ հեգնական չէր նրանց ծիծաղը, այլ սիրալիր էր մի տեսակ, ուրախ, սիրեցին հանկարծ ինձ բոլորը, նույնիսկ ամենամոլի մեղադրողները, կարծես ձեռքի վրա էին պահում ինձ. «Ա՜յ դու վանական»,— ասում էին։ Եվ ամեն մեկը սիրալիր մի խոսք էր ասում ինձ, սկսեցին տարհամոզել, ափսոսալ նույնիսկ, «Ի՞նչ օրի ես մատնում ինքդ քեզ»։— «Չէ,— ասում էին,— նա քաջ տղա է, կրակոցի դեմ կանգնեց և իր ատրճանակից էլ կարող էր կրակել, Բայց նախորդ գիշերը երազ է տեսել, որ վանական դառնա, ա՜յ թե ինչն է եղել պատճառը»։ Համարյա նույն բանը կատարվեց նաև քաղաքի հասարակության մեջ։ Առաջ հատուկ ուշադրություն չէին դարձնում ինձ, այլ պարզապես սրտաբաց ընդունում էին, իսկ այժմ հանկարծ բոլորը միանգամից նկատեցին ու սկսեցին իրար ձեռքից խլելով հրավիրել. ծիծաղում էին ինձ վրա, այլև սիրում էին ինձ։ Ասեմ իսկույն, որ թեև բոլորն այն ժամանակ բացեիբաց խոսում էին մեր մենամարտի մասին, բայց հրամանատարությունը կոծկեց այդ գործը, որովհետև իմ հակառակորդը մեր գեներալի մոտիկ ազգականն էր. ու քանի որ արյունահեղություն չէր եղել, այլ կատակի նման մի բան, և վերջապես ես էլ հրաժարական էի տվել, ուստի իրոք կատակի վերածեցին խնդիրը։ Այդ պարագային ես էլ սկսեցի խոսել բացեիբաց և աներկյուղ, չնայած նրանց ծիծաղին, որովհետև այդ ծիծաղը չարամիտ չէր այնուամենայնիվ, այլ բարի։ Իսկ այդ խոսակցությունները տեղի էին ունենում առավելապես երեկոյան, կանանց շրջանակում, կանայք ավելի էին սիրում լսել ինձ այն ժամանակ և տղամարդկանց ևս ստիպում էին 1լսել։ «Բայց ինչպե՞ս կարելի է, որ ես մեղավոր լինեմ բոլորի փոխարեն,— ծիծաղում էր ամեն ոք իմ երեսին,— ա՜յ, օրինակ, ձեր փոխարեն կարո՞ղ եմ մեղավոր լինելս։— «Բայց ինչպե՞ս կարող եք ըմբռնել այդ,— պատասխանում էի,— երբ վաղուց արդեն ամբողջ աշխարհը հակառակ ուղիով է ընթացել, և երբ իսկական սուտը ճշմարտություն ենք համարում ու դեռ ուրիշներից էլ նույնպիսի սուտ ենք պահանջում։ Ահա ես իմ կյանքում մեկ անգամ ելա ու անկեղծ վարվեցի, և ի՞նչ, կարծես աստուծո խենթը դարձա բոլորիդ համար, թեև սիրում եք ինձ, բայց այնուամենայնիվ ծիծաղում եք իմ վրա»։— «Բայց ինչպե՞ս կարելի է չսիրել ձեզ նման մարդուն»,— բարձրաձայն ծիծաղեց տանտիրուհին, և նրա տանը շատ մարդ էր հավաքվել այդ օրը։ Հանկարծ տեսնում եմ՝ տիկնանց շրջանակից ոտքի է ելնում այն նույն երիտասարդ տիկինը, որի պատճառով մենամարտի էի հրավիրել իմ ախոյանին, և որին դեռ վերջերս իմ հարսնացուն էի համարել. չէի էլ նկատել, որ նա եկել է այդ երեկոյին։ Ոտքի ելավ, մոտեցավ ինձ, ձեռքը մեկնեց. «Թույլ տվեք հայտնել ձեզ,— ասաց,— որ ես, ամենից առաջ ե՛ս չեմ ծիծաղում ձեզ վրա, այլ, ընդհակառակը, արցունքն աչքերիս շնորհակալություն եմ ասում և իմ հարգանքն եմ արտահայտում ձեզ՝ այդ օրվա ձեր արարքի համար»։ Նրա ամուսինը ևս մոտեցավ իսկույն, և հետո հանկարծ բոլորն էլ շրջապատեցին ինձ, համարյա համբուրում էին։ Այնպե՜ս ուրախ զգացի, բայց այդ բոլորի մեջ հանկարծ ամենից ավելի ուշադրությունս գրավեց մի պարոն՝ արդեն տարեց մի մարդ, որ նույնպես մոտեցել էր ինձ. թեև առաջ էլ գիտեի նրան անունով, բայց երբեք չէի ծանոթացել և մինչև այդ երեկո մի բառ անգամ չէի փոխանակել նրա հետ։
==== դ) Խորհրդավոր այցելուն ====