Գրազ կգամ, որ արթնացրի բոլոր այդ պնակալեզներին։ Հետո ցած վազեցի աստիճաններով։ Տխմարի մեկը մի ինչ֊որ ընկույզի կեղև էր գցել ոտքի տակ, ու ես քիչ մնաց կոտրեի վիզս և գրողի ծոցը գնայի։
==8==
Պարզվեց, որ ուշ է տաքսի կանչելու համար, ու ես ստիպված ոտքով գնացի կայարան։ Կայարանը հեռու չէր, բայց սոսկալի ցուրտ էր ու դժվար էր ձյան վրայով քայլելը, ճամպրուկներն էլ մի կողմից էին զարկվում ոտքերիս, ասես դիտմամբ։ Բայց հաճելի էր օդը։ Վատն այն էր, որ սառը օդից քիթս ու վերին շրթունքս մրմռում էին, Ստրեյդլեյթերը հասցրել էր դնչիս։ Շրթունքս պատռվել էր ատամներիս խփվելուց, դա շատ ցավոտ բան է։ Փոխարենը ականջներս տաք էին։ Գլխարկս ականջակալներ ուներ, և իջեցրել էի դրանք։ Թքած ունեի, թե ինչպիսի տեսք եմ ստացել։ Միևնույն է, շուրջս ոչ ոք չկար։ Բոլորն էլ վաղուց խռմփացնում էին։
Բախտս բերեց, երբ եկա կայարան։ Ընդամենը տասը րոպե սպասեցի գնացքին։ Մինչև գնացքի գալը ձյուն հավաքեցի և շփեցի դեմքս։
Ընդհանրապես սիրում եմ գնացքով տեղ գնալ, հատկապես գիշերը, երբ վագոնում լույս է, իսկ դրսում՝ խավար, և վագոնում սուրճ, սանդվիչներ ու ամսագրեր են բաժանում։ Սովորաբար ես ապուխտով սանդվիչներ և չորս հատ ամսագիր եմ վերցնում։ Երբ գնացքով գնում ես, կարելի է նույնիսկ առանց զզվանքի անենաապուշ պատմվածքները կարդալ։ Դուք գիտեք ինչպիսի։ Քառակուսի ծնոտներով զանազան ցուցադրական Դեվիդների ու ցուցադրական գեղեցկուհի Լինդաների կամ Մարսիաների մասին․ սրանք միշտ վառում են այդ Դեվիդների տխմար ծխամորճները։ Գիշերը վագոնում ես կարող եմ կարդալ նույնիսկ նման աղբը։ Բայց հիմա չէի կարողանում։ Չգիտեմ ինչու, կարդալու տրամադրություն չունեի։ Ուղղակի նստել էի ու ոչինչ չէի անում։ Միայն հանեցի որսորդական գլխարկս ու դրեցի գրպանս։
Մեկ էլ Տրենտոնում մի տիկին բարձրացավ վագոն և նստեց կողքիս։ Վագոնը գրեթե դատարկ էր, ժամը ուշ, իսկ նա միևնույն է, եկավ ու նստեց կողքիս և ոչ թե ազատ նստարանին, որովհետև ես նստել էի առջևում, իսկ նա մի վիթխարի պայուսակ ուներ։ Եվ նա իր այդ պայուսակը ուղղակի անցուղու վրա դրեց, այնպես որ ուղեկցողի կամ ուղևորներից որևէ մեկի ոտքը կարող էր կպչել դրան։ Երևում էր, ինչ֊որ ընդունելությունից կամ պարահանդեսից էր վերադառնում, զգեստի վրա օրխիդեաներ կային։ Նա մոտ քառասուն֊քառասունհինգ տարեկան կլիներ, բայց շատ գեղեցիկ էր։ Կանայք ինձ վրա շշմեցուցիչ տպավորություն են թողնում։ Ազնիվ խոսք։ Չէ, ոչ այն իմաստով, ես կնամոլ չեմ, թեև բավական տպավորվող եմ։ Պարզապես նրանք ինձ դուր են գալիս։ Ու միշտ նրանք իրենց այդ հիմար պայուսակները դնում են անցուղու վրա։
Այդպես նստած էինք, մեկ էլ նա ասաց․
― Ներեցեք, բայց, կարծեմ, այս պիտակը Փենսիի դպրոցինն է։
Նա վերևի ցանցին էր նայում, որտեղ դրված էին իմ ճամպրուկները։
― Այո, ասում եմ։ Նա իրավացի է, ճամպրուկներիցս մեկի վրա իրոք մնացել էր դպրոցական պիտակը։ Էժանագին բան է։
― Ա՜խ, ուրեմն դուք Փենսիո՞ւմ եք սովորում, ― ասում է նա։ Շատ հաճելի ձայն ունի։ Այդպիսի ձայնը լավ է հնչում հեռախոսով։ Արժե որ հետը փոքրիկ հեռախոս ման ածի։
― Այո, այնտեղ եմ սովորում, ― ասում եմ։
― Որքա ՜ն հաճելի է։ Գուցե ճանաչո՞ւմ եք իմ որդուն։ Էռնեստ Մորոուին։ Նա էլ է Փենսիում սովորում։
― Ճանաչում եմ, մեր դասարանից է։
Նրա որդին այդ գարշելի դպրոցի անենազզվելի սողուններից մեկն էր։ Ցնցուղ ընդունելուց հետո միշտ անցնում էր միջանցքով ու թաց սրբիչով խփում բոլորին։ Այ թե ինչպիսի սողուն էր։
― Ի՜նչ եք ասում, շատ հաճելի է, ― ասաց տիկինը։ Ու այնպե՜ս անմիջական, առանց ձևականությունների։ Շատ բարեհամբյուր տիկին էր։ ― Անպայման կասեմ Էռնեստին, որ հանդիպել եմ ձեզ։ Ի՞նչ է ազգանունդ, բարեկամս։
― Ռուդոլֆ Շմիտ, ― ասում եմ։ Չէի ուզում ողջ կենսագրությունս պատմել նրան։ Իսկ Ռուդոլֆ Շմիտը մեր մասնաշենքի ծերունի դռնապանն էր։
― Ձեզ դո՞ւր է գալիս Փենսին, ― հարցրեց նա։
― Փենսի՞ն։ Ինչպես ասեմ։ Վատ չէ։ Իհարկե, դրախտ չէ, բայց մյուս դպրոցներից վատ չէ։ Բավական բարեխիղճ ուսուցիչներ կան այնտեղ։
― Իմ Էռնեստը ուղղակի պաշտում է դպրոցը։
― Այո, գիտեմ, ― ասում եմ։ Ու սկսում եմ վրա տալ։ ― Նա շատ հեշտությամբ է հարմարվում։ Ուզում եմ ասել՝ կարողանում է լեզու գտնել մարդկանց հետ։
― Իսկապե՞ս, դուք այդպե՞ս եք գտնում, ― հարցրեց նա։ Երևում է, դա շատ էր հետաքրքրում նրան։
― Էռնե՞ստը։ Դե, իհարկե, ― ասացի ես։ Ու նայում եմ, թե ինչպես է հանում ձեռնոցները։ Ա՜յ թե մատանիներ ունի նա։
― Եղունգս ջարդեցի տաքսու մեջ, ― ասում է։ Նայում է ինձ ու ժպտում։ Նա զարմանալիորեն հաճելի ժպիտ ունի։ Շատ հաճելի։ Չէ՞ որ մարդիկ ընդհանրապես չեն ժպտում կամ մի տեսակ գարշելի են ժպտում։
― Ես ու Էռնեստի հայրը հաճախ ենք անհանգստանում նրա համար, ― ասում է։ ― Երբեմն ինձ թվում է, թե նա այնքան էլ չի կարողանում յոլա գնալ մարդկանց հետ։
― Ի՞նչ իմաստով։
― Հասկանո՞ւմ եք, նա շատ նրբազգաց տղա է։ Նա երբեք իսկական ընկերություն չի արել ուրիշ տղաների հետ։ Գուցե ամեն ինչին շատ ավելի լրջորեն է վերաբերվում, քան վայել է նրա տարիքին։
«Նրբազգա՜ց, այ քեզ զարմանք»։ Լվացարանակոնքի կափարիչը շատ ավելի նրբազգաց է, քան Էռնեստը։
Ես նայեցի այդ կնոջը։ Արտաքուստ այնքան էլ հիմարի տպավորություն չէր թողնում, կարելի էր կարծել, որ շատ լավ էլ հասկանում է, թե ինչպիսի սողունն է իր որդին։ Բայց այստեղ ուրիշ խնդիր կա, խոսքս ընդհանրապես մայրերին է վերաբերում։ Բոլոր մայրերն էլ մի փոքր խախտված են։ Եվ այնուամենայնիվ, այդ ստոր Մորոուի մայրն ինձ դուր էր գալիս։ Շատ լավն էր։
― Սիգարետ չէի՞ք կամենա, ― հարցնում եմ։
Նա աչք ածեց ամբողջ վագոնը։
― Իմ կարծիքով, այս վագոնը չծխողների համար է, Ռուդոլֆ, ― ասում է նա։ «Ռուդո՜լֆ», ես կմեռնեմ, ազնիվ խոսք։
― Ոչինչ, կարելի է ծխել, մինչև որ կգոռան մեզ վրա, ― ասում եմ։ Նա մի սիգարետ վերցրեց, ու ես վառեցի նրա սիգարետը։
Նա շատ հաճելի էր ծխում։ Ներս էր քաշում, իհարկե, բայց ոչ ագահաբար, ոչ իր տարիքի ուրիշ կանանց նման։ Նա շատ հմայիչ էր։ Եվ որպես կին՝ նույնպես, եթե անկեղծ խոսենք։
Հանկարծ նա շատ ուշադիր նայեց ինձ։
― Կարծես թե ձեր քթից արյուն է հոսում, բարեկամս, ― ասաց նա հանկարծ։
Ես գլխով արեցի ու հանեցի թաշկինակս։
― Ձնագունդը կպել է քթիս, ― ասում եմ, ― հասկանում եք, սառցակտորով ձնագունդը։
Հավանաբար, ամբողջ ճշմարտությունը կպատմեի նրան, միայն թե դա շատ երկար կտևեր։ Բայց նա ինձ շատ դուր եկավ։ Նույնիսկ ափսոսացի, որ որպես Ռուդոլֆ Շմիտ եմ ներկայացել։
― Այո, ձեր Էռնին մեր դպրոցի սիրելին է, դուք այդ բանը գիտեի՞ք։
― Ոչ, չգիտեի։
Ես գլխով արեցի։
― Մենք միանգամից չճանաչեցինք նրան։ Նա հետաքրքիր տղա է։ Ճիշտ է, տարօրինակություններ ունի, հասկանո՞ւմ եք։ Վերցնենք թեկուզ մեր ծանոթությունը։ Երբ ծանոթացանք, ինձ թվաց, թե նա մի քիչ քիթը ցցում է։ Սկզբում այդպես թվաց։ Բայց նա այդպիսին չէ։ Պարզապես շատ յուրորինակ տղա է, միանգամից դժվար է նրան ճանաչել։
Խեղճ միսիս Մորոուն ոչինչ չէր ասում, բայց մի տեսնեիք նրան։ Ուղղակի մնացել էր սառած։ Մայրերը միշտ էլ այդպես են, միայն թե ասա, որ նրանց որդին հրաշալի տղա է։
Այստեղ ես չափն անցկացրի։
― Նա ձեզ ոչինչ չի՞ ասել ընտրությունների մասին, ― հարցնում եմ։ ― Մեր դասարանային ընտրությունների մասին։
Նա տարուբերեց գլուխը։ Աստված վկա, ես ուղղակի հիպնոսել էի նրան։
― Հասկանո՞ւմ եք, շատերն էին ուզում Էռնիին դասարանի ավագ ընտրել։ Այո, բոլորը միաձայն տվեցին նրա թեկնածությունը։ Հասկանո՞ւմ եք, ոչ ոք նրանից լավ չէր անի այդ գործը, ― ասում եմ։ Օ՜հ, այ թե փչեցի ես։ ― Բայց մեկ ուրիշին ընտրեցինք, գիտեք, Հարրի Ֆենսներին։ Եվ ընտրեցինք միայն այն պատճառով, որ Էռնին թույլ չտվեց իր թեկնածությունը առաջադրել։ Ու բոլորն այն պատճառով, որ նա այդպես համեստ է, ամաչկոտ։ Լավ կլինի, դուք նրան մի քիչ փոխեք, գիտե՞ք, ազնիվ խոսք։ ― Ես նայեցի նրան։ ― Մի՞թե նա ձեզ ոչինչ չի պատմել։
― Չէ, չի պատմել։
Ես գլխով արեցի։
― Դա նման է նրան։ Այո, նրա ամենամեծ թերությունն այդ է, որ չափից ավելի համեստ է, ամաչկոտ։ Ազնիվ խոսք, դուք նրան ասացեք, որ այդքան շատ չամաչի։
Այդ պահին ուղեկցորդը ներս մտավ, որպեսզի ստուգի միսիս Մորոուի տոմսը, ու նա ինձ նշան արեց, որպեսզի լռեմ։ Իսկ ես ուրախ եմ, որ այդ ամենն ասացի։ Ընդհանրապես, իհարկե, այնպիսի տիպերը, ինչպիսին այդ Մորոուն է, որ մարդկանց խփում են թաց սրբիչով և դեռ ուզում են ցավ պատճառել, այդպիսինները ոչ միայն մանկության օրերին են սրիկա, այլև ամբողջ կյանքում։ Բայց գլուխս կտամ, որ իմ այդ զառանցանքներից հետո խեղճ միսիս Մորոուն իր տղային միշտ պատկերացնելու է այդպես համեստ ու ամաչկոտ, որը թույլ չի տվել նույնիսկ իր թեկնածությունն առաջադրել։ Դա միանգամայն հնարավոր է։ Ի՛նչ իմանաս։ Մայրերն այդպիսի հարցերից լավ գլուխ չեն հանում։
― Չէի՞ք կամենա կոկտեյլ խմել, ― հարցնում եմ։ Ես ինքս էլ խմելու ցանկություն ունեցա։ ― Կարելի է գնալ վագոն֊ռեստորան։ Գնա՞նք։
― Բայց, սիրելիս, մի՞թե ձեզ թույլատրվում է կոկտեյլ պատվիրել, ― հարցնում է նա։ Ու բոլորովին էլ ոչ բարձրից։ Նա այնքա՜ն լավն էր, որ երբեք վերևից չէր խոսի։
― Ընդհանրապես չի թույլատրվում, բայց ինձ մատուցում են, որովհետև ես բարձրահասակ եմ, ― ասում եմ։ ― Բացի այդ, մազերս ճերմակել են։ ― Ես թեքեցի գլուխս ու ցույց տվի ճերմակ մազերս։ Նա ուղղակի ապշեց։ ― Իսկապես, ինչո՞ւ չխմենք միասին։ ― Հարնցում եմ։ Ես շատ էի ուզում նրա հետ խմել։
― Չէ, թերևս, չարժի։ Շնորհակալ եմ, բարեկամս, ացելի լավ է չգնանք, ― ասում է։ ― Համ էլ ռեստորանն այս ժամին փակ է լինում, ախր հիմա շատ ուշ է, չգիտե՞ք։
Նա իրավացի է։ Բոլորովին մոռացել էի ժամը քանիսն է։
Այստեղ նա նայեց ինձ և հարցրեց այն, ինչից վախենում էի։
― Էռնեստը գրել էր, որ վերադառնալու է տուն չորեքշաբթի օրը, որ Ծննդյան տոներն սկսվում են միայն չորեքշաբթի։ Հո ձեզ շտապ տուն չե՞ն կանչել, հուսով եմ, տանը հիվանդ չունե՞ք։
Երևում էր, որ նա իսկապես անհանգստանում էր ինձ համար, հենց այնպես հետաքրքրասիրությունից չէր հարցնում, լրջորեն անհանգստանում էր։
― Չէ, տանը բոլորն էլ առողջ են, ― ասում եմ։ ― Պատճառը ես եմ։ Ինձ պետք է վիրահատեն։
― Ախ, ի՜նչ եք ասում։ ― Ես տեսա, որ նա իսկապես ցավում է ինձ համար։ Ինքս էլ ափսոսացի, որ այդպիսի հիմարություններ դուրս տվի, բայց արդեն ուշ էր։
― Ոչի՜նչ, առանձնապես լուրջ բան չէ։ Պարզապես մի փոքրիկ ուռուցք կա ուղեղիս վրա։
― Չի՛ կարող պատահել, ― նա սարսափից ձեռքով փակեց բերանը։
― Դատա՜րկ բան է։ Մակերեսային ուռուցք է։ Ու բոլորովին փոքրիկ։ Երկու րոպեում կհեռացնեն։
Այդ ժամանակ գրպանիցս հանեցի չվացուցակն ու սկսեցի կարդալ, որպեսզի վերջ տամ փչոցին։ Որ սկսում եմ փչել, էլ ժամերով չեմ կարողանում կանգ առնել։ Ուղղակի ժամերով։
Այնուհետև գրեթե էլ չխոսեցինք։ Նա «Վոգ» էր կարդում, իսկ ես պատուհանից նայում էի դուրս։ Նա իջավ Նյու֊Յորքում։ Բաժանվելիս ցանկացավ, որ վիրահատությունս հաջող անցնի և այլն։ Ու ինձ Ռուդոլֆ անվանեց։ Իսկ վերջում հրավիրեց ամռանը գնալ Էռնիի մոտ՝ Գլոստեր, Մասաչուսետս։ Ասաց, որ իրենց տունը ուղղակի ափին է, իսկ այնտեղ թենիսի հրապարակ կա, բայց ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ տատիկիս հետ մեկնում եմ Հարավային Ամերիկա։ Ես թունդ փչեցի, որովհետև մեր տատիկը նույնիսկ տնից դուրս չի գալիս, բացի երբեմն առավոտյան աղոթքի գնալուց։ Բայց միևնույն է, ես երբեք չէի գնա այդ սողուն Էռնեստի մոտ, ոչ մի գնով, եթե նույնիսկ գնալու տեղ չունենայի։