Նա ընդունակ էր սովորելու, ընդսմին նրան օգնում էին բնական հաստատակամությունն ու Ռութի նկատմամբ նրա տածած սերը։ Ուսումնասիրելով քերականությունը՝ նա մի քանի անգամ կրկնեց դա, և ի վերջո լիովին տիրապետեց։ Նա այժմ նկատում էր նավաստիների խոսակցության մեջ անճշտություններ և մտքում ուղղում էր նրանց սխալներն ու արտահայտության կոպտությունը։ Նա ուրախությամբ էր նկատում, որ իր ականջը շատ զգայուն է դարձել և որ իր մեջ զարգացել է քերականական նուրբ զգացողություն։ Խոսքի ամեն մի սխալ աններդաշնակ էր հնչում նրա ականջին, թեպետ սովորության պատճառով պատահում էր, որ նրա բերանից էլ էին թռչում նման անճշտություններ։ Երևում էր, որ ժամանակ էր հարկավոր՝ դրանից վերջնականապես ազատվելու համար։
Վերջացնելով քերականությունը՝ նա ձեռքն առավ բառարանը և իր համար կանոն սահմանեց ամեն օր քսան բառ ավելացնել իր բառապաշարին։ Դա հեշտ խնդիր չէր և կանգնելով հերթապահության կամ ղեկանվի մոտ՝ նա կրկնում էր սովորած բառերը և աշխատում արտասանել դրանք ինչպես հարկն է։ Նա հիշում էր Ռութի բոլոր հրահանգները և շատ զարմացավ, երբ շուտով հայտնաբերեց, որ սկսել է անգլերեն խոոել խոսել ավելի մաքուր և ճիշտ, քան սպաները և նավասենյակում նստող այն ջենտլմենները, որոնք ֆինանասվորում էին ամբողջ այդ արկածախնդիր գործը։
Նավապետի՝ ձկան աչքերով նորվեգացու մոտ, պատահաբար ճարվեց Շեքսպիրի երկերի լիակատար ժողովածուն, որը նա, իհարկե, ոչ մի անգամ աչքի չէր անցկացնում, և Մարտինը թույլտվություն ստացավ օգտվել այդ թանկագին գրքերից՝ փոխարենը լվանալով դրանց տիրոջ սպիտակեղենը։ Ողբերգությունների առանձին տողեր նրա վրա թողնում էին այնպիսի տպավորություն, որ նա առանց որևէ դժվարության մտաբերում էր դրանք, և միաժամանակ ամբողջ աշխարհը նրա աչքին պատկերանում էր եղիսաբեթյան շրջանի թատրոնի կերպարներով ու ձևերով, իսկ նրա մտքերը ինքնաբերաբար շարունակվում էին անհանգ ոտանավորների ձևով։ Դա մի օգտակար վարժություն էր նրա լսելիքի համար և նրան սովորեցրեց գնահատել անգլերենի վայելչությունը, թեպետ միաժամանակ նրա խոսակցական լեզվի մեջ ներմուծեց հնացած և չգործածվող շատ դարձվածքներ։
Մարտինը արդյունավետ անցկացրեց այդ ութ ամիսը։ Նա սովորեց ուղիղ խոսել ու մտածել և ավելի լավ ճանաչեց իրեն։ Մի կողմից՝ նա համեստորեն գիտակցում էր իր տգիտությունը, իսկ մյուս կողմից՝ իր մեջ զգում էր մեծ ուժ։ Նա տեսնում էր իր և իր ընկերների միջև ահագին տարբերություն, բայց բավական խելացի էր հասկանալու համար, որ այդ տարբերությունը ոչ թե արդեն ձեռք բերվածի մեջ է, այլ այն բանում, որ նա հնարավորություն ունի ձեռք բերելու։ Ինչ անում էր նա, կարող էին անել և նրանք, բայց ներքին մի ձայն հուշում էր, որ նա ընդունակ էր ավելի շատին։ Նա հիանում էր աշխարհի գեղեցկությամբ և ցանկանում էր, որ Ռութն էլ կարողանար իր հետ միասին սքանչանալ այդ գեղեցկությամբ։ Նա վճռեց նկարագրել Ռութին Խաղաղ օվկիանոսի վեհությունը։ Այդ միտքը նրա մեջ արթնացրեց ստեղծագործական գրգիռ, և նա ցանկացավ հաղորդել աշխարհի գեղեցկությունը ո՛չ միայն Ռութին։ Եվ այդ շլացուցիչ շողքում նա հղացավ մի վեհ գաղափար՝ ինքը պետք է գրի։ Նա կլինի մեկն այն աչքերից, որոնցով նայում է աշխարհը, մեկն այն ականջներից, որոնցով լսում է աշխարհը, մեկն այն սրտերից, որոնցով զգում է աշխարհը։ Նա կգրի ամեն ինչ՝ բանաստեղծություն և արձակ, վեպեր և ակնարկներ, նաև պիեսներ, ինչպես Շեքսպիրը։ Դա իսկական կարիերա է, և դա դեպի Ռութի սիրտն առաջնորդող ուղին է։ Չէ՞ որ գրողներն աշխարհի հսկաներն են, որոնց չի կարող հասնել մի ոմն միստր Բեթլեր, որը տարեկան երեսուն հազար է շահում և կարող է Գերագույն դատարանի անդամ դառնալ, եթե ուզենա։
Հազիվ հղացված՝ այդ գաղափարը ամբողջովին նվաճեց նրան, և նրա վերադարձը դեպի Սան-Ֆրանցիսկո նմանվեց մի երազի։ Նա հարբած էր իր ուժի գիտակցությամբ և այն զգացումով, որ կարող է անել ամեն բան։ Մեծ օվկիանոսի խաղաղ առանձնության մեջ նա ձեռք բերեց իրերի հեռանկարը։ Նա հիմա առաջին անգամ պարզ տեսավ Ռութին և նրան շրջապատող աշխարհը։ Այդ երևույթները Մարտինի մտքում ստացան որոշակի ձև, կարծես նա կարող էր ձեռքով վերցնել դրանք, շուռ տալ ամեն կողմ, զննել։ Այդ աշխարհում շատ բան անհասկանալի ու մշուշապատ էր, բայց նայում էր ամբողջին, ոչ թե մա նրա մասներինմանրամասներին, միևնույն ժամանակ տեսնում էր նրանց բոլորին տիրանալու եղանակը։ Գրել․ այս միտքն այրում էր նրան կրակի պես։ Ինքը կսկսի գրել վերադառնալուց անմիջապես հետո։ Ամենից առաջ կնկարագրի գանձ որոնելու գնացած արշավախումբը։ Նա կուղարկի այդ պատմվածքը Սան-Ֆրանցիսկոյի որևէ հանդեսի, առանց ոչինչ ասելու Ռութին այդ մասին, և աղջիկը կզարմանա ու կուրախանա տեսնելով մամուլում նրա անունը։ Նա կարող է միաժամանակ գրել և սովորել․ չէ՞ որ օրը քսանչորս ժամ ունի։ Նա անհաղթելի է, որովհետև գիտե աշխատել, և բոլոր ամրոցները փուլ կգան նրա առաջ։ Նա արդեն կարիք չի ունենա ծովագնացությամբ պարապել իբրև սովորական նավաստի․․․ Երևակայությամբ նա հանկարծ տեսավ իր սեփական զբոսանավը։ Չէ՞ որ կան սեփական զբոսանավեր ունեցող գրողներ։ Իհարկե, նա կասեցնում էր իրեն, հաջողությունը միանգամից չի գա, լավ կլինի, որ սկզբնական շրջանում նա գրելով կարողանա շահել թեկուզ այնքան, որ բավական լինի ուսումը շարունակելու։ Իսկ հետո, որոշ ժամանակ անց (անորոշ ժամանակ անց), երբ սովորի և պատրաստվի, կսկսի գրել վեհ բաներ և իր անունը աշխարհահռչակ կդառնա։ Բայց դրանից ավելի կարևոր, ամենակարևորից էլ անսահմանորեն ավելի կարևորն այն կլինի, որ նա արժանի կդառնա Ռութին։ Փառքը ինքնըստինքյան լավ բան է, բայց այդ պատրանքները նրա մեջ ծնվեցին ոչ թե հանուն փառքի, այլ հանուն Ռութի։ Նա հետամուտ չէր փառքի, այլ միայն սիրատոչոր մի երիտասարդ էր։
Երբ Մարտինը Օքլենդ եկավ՝ գրպանում ունենալով բավականին դրամ, տեղավորվեց Բեռնարդ Գիգգինբոթամի տանը իր նախկին սենյակում և սկսեց աշխատել։ Նա չհաղորդեց Ռութին, որ վերադարձել է։ Նա վճռեց աղջկա մոտ գնալ միայն գանձ որոնողների մասին իր ակնարկը վերջացնելուց հետո։ Այդ որոշումը նա կայացրեց առանց դժվարության, որովհետև ամբողջովին համակված էր ստեղծագործական տենդով։ Բացի այդ. նրա գրած ամեն մի նախադասությունն իրեն մոտեցնում էր աղջկան։ Նա չգիտեր, թե ինչ ծավալ պիտի ունենա պատմվածքը, բայց հաշվեց բառերի քանակը մի ակնարկում, որը երկու սյունակ էր գրվել «Սան-Ֆրանցիսկոյի տեսարան» թերթի կիրակնօրյա հավելվածում, և որոշեց ղեկավարվել դրանով։ Երեք օր առանց հանգստանալու աշխատելուց հետո Մարտինը վերջացրեց իր ակնարկը, ապա խոշոր տառերով ու ամենամեծ խնամքով արտագրեց, որպեսզի ավելի ընթեռնելի դառնա։ Եվ հենց այդ ժամանակ գրադարանից վերցրած բանահյուսության դասագրքից իմացավ, որ գոյություն ունեն նոր տողեր ու չակերտներ․ իսկ ինքը այդ մասին չէր էլ մտածել։ Մարտինը իսկույն դարձյալ նստեց ակնարկն արտագրելու՝ շարունակ դիմելով այդ դասագրքի օգնությանը և մի օրվա ընթացքում այնքան շատ տեղեկություններ ձեռք բերեց շարադրության արվեստի մասին, որքան սովորական դպրոցականը ձեռք չի բերում մի տարում։ Երբ երկրորդ անգամ արտագրեց ակնարկը և զգուշությամբ գլանաձև ոլորեց, պատահմամբ կարդաց մի թերթում՝ սկսնակ հեղինակների համար դրված կանոնները, որոնց մեջ ասվում էր, որ չի կարելի գլանաձև ոլորել ձեռագիրը, և որ պետք է գրել թղթի միայն մի երեսին։ Նա խախտել էր այդ օրենքի երկու կետերն էլ։ Բայց նա կարդաց նաև, որ լավագույն հանդեսներում վճարում են ամեն մի սյունակի համար տասը դոլլարից ոչ պակաս։ Երրորդ անգամ արտագրելով՝ Մարտինը մխիթարվում էր նրանով, որ անվերջ բազմապատկում էր տասը սյունակը տասը դոլլարով։ Ամեն անգամ էլ միևնույն արդյունքն էր ստացվում՝ հարյուր դոլլար․ և նա վճռեց, որ դա, իբր նավաստի ծառայելուց շատ ավելի ձեռնտու է։ Եթե նա երկու անգամ չսխալվեր, պատմվածքը երեք օրում պատրաստ կլիներ։ Հարյուր դոլլար երեք օրում։ Նրան հարկավոր կլիներ երեք ամիս թափառել ծովերում այդպիսի գումար վաստակելու համար։ Մարդը հիմար պիտի լինի, որ ծառայի նավերի վրա, եթե կարող է գրել։ Սակայն դրամը ինքնըստինքյան առանձին նշանակության չուներ Մարտինի համար։ Դրամի նշանակությունը կայանում էր նրանում, որ այն կարող է ընձեռել ազատ ժամանակ, վայելուչ կոստյում գնելու հնարավորություն, իսկ այդ բոլորը միասին վերցրած՝ Մարտինին պետք է մոտեցներ բարեկազմ, դժգույն աղջկան, որը փոխակերպեց նրա ամբողջ կյանքը և ոգեշնչում էր նրան հետագա կատարելագործումների։
Նախաճաշից հետո Մարտինը նորից զբաղվեց վիպակով։ Բառերը սահում էին նրա գրչի տակից, թեպետ նա հաճախ ընդմիջում էր աշխատանքը՝ բառարանը կամ բանահյուսության դասագիրքը նայելու համար։ Երբեմն այդպիսի դադարների ժամանակ նա կրկին ու կրկին կարդում էր գրված գլուխը, իրեն մխիթարելով, որ ստեղծագործական մեծ գործից կտրվելով, նա օգտվում է այդ ժամանակից, որպեսզի յուրացնի շարադրության կանոնները և սովորի արտահայտել ու շարահյուսել իր մտքերը։ Նա գրում էր մինչև մութն ընկնելը, ապա գնում էր ընթերցարան և պրպտում էր շաբաթաթերթերն ու ամսագրերը մինչև երեկոյան ժամը տասը, այսինքն՝ մինչև ընթերցարանի փակումը։ Այդ շաբաթվա համար դա էր նրա ծրագիրը։ Ամեն օր նա գրում էր երեք հազար բառ և ամեն երեկո գնում էր ընթերցարան, քրքրում էր հանդեսները աշխատելով պարզել, թե ինչպիսի ոտանավորներ, վիպակներ ու պատմվածքներ են դուր գալիս հրատարակիչներին։ Անկասկած էր մի բան, նա կարող էր գրել ամեն ինչ, որ գրել են այդ անհամար գրողները, բացի այդ, ժամկետ տվեք, և նա շատ կգրի այնպիսի բաներ, որ նրանք չեն կարող գրել։ Նա հաճույքով կարդաց «գրքերի բյուլետենում» հոնորարների մասին, ուր ասված էր, թե Կիպլինգը մի դոլլար է ստանում ամեն մի բառի համար, իսկ սկսնակ գրողների համար (դա առանձնապես հետաքրքրեց Մարտինին) առաջնակարգ հանդեսներում տալիս են առնվազն երկու սենթ։ «Պատանեկության ուղեկիցը» անկասկած առաջնակարգ ամսագիր է, այնպես որ իր ամեն օր գրած երեք հազար բառի համար ինքը պետք է ստանա վաթսունական դոլլար, այսինքն՝ այնքան, ինչքան նա կարող էր ստանալ նավարկության մեջ երկու ամսում։
Ուրբաթ երեկո նա ավարտեց իր վիպակը։ Դա բաղկացած էր ճիշտ քսանմեկ հազար բառից։ Եթե նույնիսկ երկու սենթ վճարեն բառին, նա կստանա չորս հարյուր քասն դոլլար։ Դա այնքան էլ բարձր վարձատրություն չէ մեկ շաբաթվա աշխատանքի դիմաց։ Նա իր ամբողջ կյանքում միանգամից այդքան դրամ չէր ունեցել։ Մինչև անդամ անգամ չէր հասկանում, թե ի՞նչ բանի վրա կարելի է ծախսել այդքան շատ դրամը։ Նա իսկական ոսկեհանք էր գտել։ Նա կարող էր անվերջ ոսկի հանել այնտեղից։ Մարտինը վճռեց ձեռք բերել վայելուչ հագուստ, բաժանորդագրվել շատ թերթերի և հանդեսների, գնել բոլոր անհրաժեշտ տեղեկագրերը, որոնց համար նա այժմ ստիպված էր վազել գրադարան։ Եվ սակայն չորս հարյուր քսան դոլլարից դեռևս մնում էր բավականին խոշոր մի գումար, և նա գլուխ էր ջարդում, թե ինչի վրա ծախսի այն, մինչև որ վերջապես որոշեց մի սպասուհի վարձել Գերտրուդայի համար և մի հեծանիվ գնել Մերիենի համար։
Մարտինն իր մեծածավալ ձեռագրերն ուղարկեց «Պատանեկության ուղեկցին» և շաբաթ երեկոյան մարգարիտի որսի մասին ակնարկի պլանը կազմելուց հետո, գնաց Ռութի մոտ։ Նա նախօրոք զանգահարել էր աղջկան, և ինքը՝ Ռութը բացեց դուռը։ Մարտինից բխող ուժի և առողջության զգացումը դարձյալ պարուրեց նրան ոտից մինչև գլուխ։ Թվում էր, թե այդ ուժը լցնում է աղջկա ողջ մարմինը՝ հոսելով նրա երակների մեջ և հուզմունքից սարսռեցնելով նրան։ Մարտինը բռնկվեց՝ շոշափելով նրա ձեռքը և նայելով նրա ծավի աչքերին, սակայն աղջիկը չնկատեց այդ նրա սևացած, ութ ամսում արևից կիզված դեմքին։ Բայց վզին՝ օձիքի քերծած շերտը չէր ծածկվել նույնիսկ արևայրուքից, և Ռութը, նկատելով այդ, հազիվ զսպեց իր ժպիտը։ Սակայն աղջկա ծիծաղելու ցանկությունն անցավ, երբ նայեց Մարտինի կոստյումին։ Տաբաթն այս անգամ հրաշալի նստած էր նրա վրա, դա նրա առաջին կոստյումն էր՝ պատվերով կտրած և Մարտինը դրա մեջ շատ ավելի բարեկազմ ու նուրբ էր երևում։ Բացի այդ, նա փոխարինել էր իր կեպին փափուկ գլխարկով, որն աղջիկը հրամայեց դնել ու չափել գլխին, և գովեց արտաքինը։ Ռութը երջանիկ էր ավելի, քան երբևէ։ Մարտինի արտաքինի այդ փոփոխությունը աղջկա գործն էր և, հպարտանալով այդ փոփոխությամբ, Ռութը ոգևորված էր նրան հետագայում ևս օգնելու պատվախնդրությամբ։
Բայց հատկապես մի հանգամանք, այն էլ ամենակարևորը, ուրախացնում էր աղջկան՝ երիտասարդի խոսակցական լեզվի փոփոխությունը։ Նա այժմ խոսում էր ոչ միայն ավելի կանոնավոր, այլև ավելի ազատ, և նրա բառապաշարը զգալիորեն հարստացել էր։ Ճիշտ է, հափշտակության րոպեներին նա մոռանում էր իրեն և դարձյալ սկսում էր գործածել ժարգոնային բառեր և բառերի վերջին բաղաձայնները կուլ էր տալիս։ Երբեմն նա կարկամում էր, երբ պատրաստվում էր արտասանել վերջերս սովորած բառերը։ Բայց նրա խոսակցությունը բարելավվել էր ոչ միայն արտաքնապես. նրա խոսակցությունը ավելի փայլ ու սրություն էր ստացել, և դա չափազանց ուրախացրեց Ռութին։ Հայտնաբերվում էր նրա բնածին հումորը, որի համար ընկերները միշտ սիրում էին նրան, բայց որը նա առաջներում չէր կարող երևան հանել աղջկա մոտ այն պատճառով, որ հարմար բառեր չէր գտնում։ Այժմ նա իրեն արդեն չէր զգում որպես օտարոտի տարը։ տարր։ Բայց և այնպես նա շատ չափազանցված ձևով զգուշավոր էր և, Ռութին թողնելով սրամիտ խոսակցություն վարելը, թեև աշխատում էր ետ չմնալ նրանից, ոչ մի անգամ նախաձեռնությունը չէր վերցնում իր վրա։
Մարտինը պատմեց նրան, թե ինչով է զբաղված, բացատրեց գրականությամբ պարապելու իր պլանր՝ ապրուստ հայթայթելու համար և միաժամանակ շարունակելու իր ուսումը։ Սակայն նրան սպասում էր հիասթափություն՝ Ռութը չափազանց թերահավատ վերաբերվեց այդ պլանին։
— Ես շարունակ մոռանում եմ այդ,— ասաց Ռութը ծիծաղելով։— Ինչո՞ւ դուք չծնվեցիք պատրաստի եկամուտով։
— Ես գերադասում եմ առողջությունն ու երևակայությունրերևակայությունը,— պատասխանեց նա,— իսկ եկամուտն ինքն իրեն կգա։ Ես շատ բաներ կանեի...— քիչ էր մնում, որ ասեր «հանուն ձեզ»,— հանուն որևէ մեկի։
— Մի ասեք՝ «բաներ»,― բացականչեց աղջիկը կեղծ սարսափով,— դա սոսկալի է, գռեհիկ։