Երբ նրանք գնացին, ես ափսոսացի, որ ընդամենը տաս դոլլար տվեցի բարեգործության համար։ Բայց այլ կերպ հնարավոր չէր․ պայմանավորվել էի Սալլի Հեյսի հետ ցերեկային ներկայացում գնալ, դրա համար էլ չպետք է ծախսեի բոլոր փողերս։ Բայց միևնույն է, վրդովվեցի։ Գրողը տանի այդ փողերին։ Միշտ դրանց պատճառով տրամադրությունս ընկնում է։
==16==
Ժամը տասներկուսին մոտ էր, երբ ավարտեցի նախաճաշս, իսկ Սալլիին պետք է հանդիպեի երկուսին, դրա համար էլ որոշեցի մի քիչ զբոսնել։ Այդ երկու միանձնուհիները դուրս չէին գալիս ուղեղիցս։ Անվերջ աչքիս առաջ էր ծղոտե հին զամբյուղը, որով նրանք գնում էին մանրադրամ հավաքելու, երբ դասեր չէին ունենում։ Ջանում էի պատկերացնել, թե ինչպես մայրս կամ մեր ծանոթներից որևէ մեկը, մորաքույրս կամ այդ թեթևսոլիկը՝ Սալլի Հեյսի մայրը, հանրախանութի մոտ կանգնած, փող են հավաքում աղքատների համար, մաշված ծղոտե զամբյուղով։ Նույնիսկ դժվար է պատկերացնել։ Իմ մայրիկին դեռ կարելի է մի կերպ պատկերացնել, իսկ այն երկուսին՝ չէ։ Թեև մորաքույրս հաճախ է զբաղվում բարեգործությամբ (և՛ կարմիր խաչով, և՛ այլ բաներով), բայց նա միշտ հրաշալի հագնված է լինում, շրթունքները ներկված ու ամեն ինչ տեղը տեղին։ Ես չէի կարողանում պատկերացնել, որ նա կարող է զբաղվել բարեգործությամբ, եթե հարկ լիներ միանձնուհու պարեգոտ հագնել ու չներկել շրթունքները։ Իսկ Սալլիի Մայրի՜կը։ Տեր աստվա՜ծ։ Նա կհամաձայներ գավաթը ձեռքին շրջել ու փող հավաքել, միայն եթե յուրաքանչյուր փող տվող համաձայներ քծնել նրան։ Իսկ եթե մարդիկ պարզապես փող գցեին ու թողնեին գնային առանց մի խոսք ասելու, առանց նրան ուշադրություն դարձնելու, ապա նա մի ժամ հետո կհրաժարվեր այդ գործից։ Անմիջապես կձանձրանար։ Գավաթը կհանձներ ու կգնար մի որևէ շքեղ ռեստորանում ճաշելու։ Դրա համար էլ ինձ դուր էին գալիս այդ միանձնուհիները։ Անմիջապես երևում է, որ նրանք երբեք չեն ճաշում շքեղ ռեստորաններում։ Ու տրամադրությունս ընկավ, երբ մտածեցի, որ նրանք երբեք չեն ճաշի շքեղ ռեստորաններում։ Հասկանում էի, որ դա այնքան էլ կարևոր չէ, բայց միևնույն է, տխրեցի։
Ես Բրոդվեյ գնացի, պարզապես հաճույքի համար, հարյուր տարի կլիներ, որ այնտեղ չէի եղել։ Բացի այդ, գրամոֆոնի ձայնապնակների խանութ էի որոնում, որը կիրակի օրերը բաց է լինում։ Ուզում էի Ֆիբիի համար մի ձայնապնակ գնել՝ «Պստլիկ Շերլի Բինգը»։ Այդ ձայնապնակը շատ դժվար է ճարվում։ Դա մի փոքրիկ աղջնակի մասին է, որն ամաչում է տնից դուրս գալ, որովհետև ատամներն ընկել են։ Ես այդ երգը Փենսիում էի լսել, մի տղայի մոտ, որ ինձնից մի հարկ վերևում էր ապրում։ Ուզում էի նրանից գնել այդ ձայնապնակը, գիտեի, որ իմ Ֆիբին ուրախությունից ուղղակի կգժվի, բայց նա չվաճառեց։ Ցնցող ձայնապնակ էր, թեև արդեն մաշված, քսան տարի առաջ երգել էր նեգրուհի Էսթելա Ֆլետչերը։ Նա երգում էր հարավային ձևով, նույնիսկ փողոցային ձևով, որից երգը բոլորովին նվնվան ու ողբաձայն չէր դառնում։ Եթե սովորական սպիտակամորթ երգչուհի երգեր, հավանաբար, կնվնվար, բայց այդ Էսթելա Ֆլետչերը իր գործը գիտեր։ Կյանքումս նման հրաշալի ձայնապնակ չեմ լսել։ Որոշեցի, որ ձայնապնակը կգնեմ մի որևէ խանութում, որտեղ կիրակի օրերին էլ են առևտուր անում, իսկ հետո կտանեմ զբոսայգի։ Կիրակի օրերին Ֆիբին հաճախ է գնում զբոսայգի, այնտեղ չմուշկներով սահում է։ Գիտեի որտեղ է լինում սովորաբար։
Եղանակն ավելի տաքացավ, քան երեկ, բայց արևը չէր երևում, և զբոսնելն այնքան էլ հաճելի չէր։ Ինձ միայն մի բան էր դուր գալիս։ Իմ առջևից մի ամբողջ ընտանիք էր քայլում, հավանաբար, եկեղեցուց էին դուրս եկել, հայրը, մայրը և մոտ վեց տարեկան մի տղա։ Երևում էր, որ բավական աղքատ էին։ Հոր գլխին բաց գորշագույն շլյապա էր․ նման գլխարկներ աղքատներն էին կրում, երբ ցանկանում էին զարդարվել։ Նա քայլում էր կնոջ հետ ու զրուցում, իսկ տղայի վրա ոչ մի ուշադրություն չէին դարձնում։ Իսկ տղան հիանալի երեխա էր։ Նա քայլում էր ոչ թե մայթով, այլ մայթեզրի երկարությամբ սալարկի վրայով։ Նա ջանում էր ուղիղ գծի վրայով քայլել․ երեխաները սիրում են այդպես քայլել։ Գնում էր ու իր համար քթի տակ երգում։ Ես դիտմամբ շատ մոտեցա, որպեսզի լսեմ ինչ է երգում։ Նա այսպիսի երգ էր երգում․ «Եթե դու մեկին բռնել ես երեկոյան տարեկանի արտում․․․»։ Ձայնն էլ շատ հետաքրքիր էր։ Երգում էր սեփական հաճույքի համար, դա պարզ զգացվում էր։ Մեքենաներն անցնում են կողքից, արգելակում այնպես, որ ճռնչում են արգելակները, ծնողները ոչ մի ուշադրություն չեն դարձնում, իսկ նա իր համար քայլում է ճամփեզրով ու երգում․ «Երեկոյան տարեկանի արտում․․․» Տրամադրությունս բարձրացավ։
Բրոդվեյում մարդիկ հրմշտում էին իրար, աղմկում։ Կիրակի էր, բոլորը գնում էին կինո «Պարամաունտ» կամ «Աստոր», «Սթրենդ» կամ «Կապիտոլի», մի խոսքով, որևէ մարդաշատ վայր։ Բոլորը զարդարվել էին։ Կիրակի օր էր։ Ու դա ավելի զզվելի էր։ Իսկ ամենազզվելին այն էր, որ անհամբեր շտապում էին կինո։ Նրանց նայելուց սիրտ էր խառնում։ Ես դեռ հասկանում եմ, երբ կինո են գնում անգործությունից, բայց զզվելի է մտածել, որ մարդիկ վազում են, շտապում, որովհետև իսկապես ուզում են կինո ընկնել։ Հատկապես, երբ միլիոնավոր մարդիկ հերթի են կանգնել մի ամբողջ թաղամաս երկարությամբ, որպեսզի տոմս գնեն, ինչպիսի՜ համբերություն է հարկավոր։ Ես չկարողացա սպասել, այնպես էի ուզում հեռանալ այդ անիծյալ Բրոդվեյից։
Բայց իմ բախտը բերեց։ Գրամձայնապնակների առաջին իսկ խանութում ես ձեռք բերի «Պստլիկ Շերլի Բինգը»։ Հինգ դոլար պոկեցին ինձնից, հազվադեպ ձայնապնակ էր, ես չափսոսացի։ Այնպես ուրախացա, որ չէի դիմանում, ուզում էի շուտ հասնել զբոսայգի և ձայնապնակը տալ քրոջս։
Դուրս եկա խանութից։ Մի սրճարան պատահեց, ներս մտա։ Մտածեցի՝ չզանգահարե՞մ Ջեյնին, գուցե նա արդեն տուն է վերադարձել արձակուրդին։ Մտա ավտոմատ ու զանգահարեցի։ Դժբախտաբար, հեռախոսին մոտեցավ մայրը, սիտպված եղա կախել լսափողը։ Երկար֊բարակ խոսելու տրամադրություն չունեի։ Առհասարակ չեմ սիրում աղջիկների մայրերի հետ խոսել։ Այնուամենայնիվ, հարկավոր էր հարցնել, թե տա՞նն է արդյոք Ջեյնը։ Դրանից ես չէի մեռնի։ Բայց, չգիտեմ ինչու, չուզեցի։ Այդպիսի խոսակցությունների համար տրամադրություն է պահանջվում։
Սակայն հարկավոր էր այդ անիծյալ թատրոնի տոմս ճարել, ստիպված եղա թերթ գնել և նայել, թե որտեղ ինչ է գնում։ Կիրակի օրվա կապակցությամբ բեմադրվում էին միայն երեք պիես։ Ես մոտեցա և երկու տոմս գնեցի «Ես գիտեմ սերը» ներկայացման համար։ Բարեգործական ներկայացում էր հոգուտ ինչ֊որ բանի։ Առանձնապես ցանկություն չունեի այդ պիեսը դիտելու, բայց գիտեի, որ Սալլին ապրել չի կարող առանց կոտրատվելու, անպայման հիացմունք կարտահայտի, երբ ասեմ, որ պիեսում մասնակցում են Լանտերը<ref>Ալֆրեդ Լանտը և նրա տիկին Լին Ֆոնտանը ԱՄՆ֊ի հանրահայտ դրամատիկ դերասաններ են։</ref> Սալլին պաշտում է լուրջ և նրբաճաշակ համարվող պիեսները, Լանտերի մասնակցությամբ և այլն։ Իսկ ես չեմ սիրում։ Ընդհանրապես, անկեղծ ասած ես այնքան էլ չեմ սիրում թատրոն գնալ։ Իհարկե, կինոն ավելի վատ է, բայց դե թատրոնում էլ ոչ մի լավ բան չկա։ Նախ՝ ես ատում եմ դերասաններին։ Նրանք բեմի վրա իրենց բոլորովին մարդու նման չեն պահում։ Միայն երևակայում են, թե նման են։ Լավ դերասանները երբեմն բավական նման են լինում, բայց ոչ այնքան, որ հետաքրքիր լինի նայել։ Բացի այդ էլ, եթե դերասանը լավն է, անմիջապես երևում է, որ նա այդ բանը գիտակցում է, իսկ դա անմիջապես փչացնում է ամեն ինչ։ Վերցնենք, օրինակ, սըր Լոուրենս Օլիվյեին։<ref>Անգլիացի նշանավոր արտիստ, որ նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։</ref> Ես նրան տեսել եմ «Համլետում»։ Դ․ Բ֊ն անցյալ տարի ինձ ու Ֆիբիին տարավ նայելու։ Սկզբում նա մեզ տարավ նախաճաշելու, իսկ հետո՝ կինո։ Նա արդեն տեսել էր «Համլետը» ու նախաճաշի ժամանակ այնպես էր պատմում դրա մասին, որ ես մեծ ցանկություն ունեցա դիտելու։ Բայց ընդհանրապես ինձ դուր չեկավ։ Չեմ հասկանում, ի՜նչ մի առանձնահատուկ բան կա այդ Լոուրենս Օլիվյեի մեջ։ Ձայնը ցնցող է, նա չափից դուրս գեղեցիկ է, և հաճելի է նրան նայել, երբ քայլում է կամ մենամարտում, բայց բոլորովին այնպիսին չէր, ինչպիսին Դ․ Բ֊ի ասելով պետք է լիներ Համլետը։ Նա ավելի շատ նման էր մի որևէ գեներալի, քան մի քիչ խախտված տարօրինակություններով մարդու։ Այդ ֆիլմում ինձ ամենից շատ դուր էր գալիս այն մասը, երբ Օֆելյայի եղբայրը, նա, որ վերջում մենամարտում է Համլետի հետ, մեկնում է, իսկ հայրը նրան բազմապիսի խորհուրդներ է տալիս․ մինչ հայրը նրան տալիս է այդ խորհուրդները, Օֆելյան ամբողջ ընթացքում խաղում է, մեկ նրա դաշյունն է դուրս քաշում պատյանից, մեկ ծաղրում է նրան, իսկ նա ջանում է ձևացնել, թե ուշադիր լսում է հիմար խորհուրդները։ Այդ մասը շատ լավ էր։ Ինձ շատ դուր եկավ։ Բայց նման տեղեր քիչ կային։ Իսկ քրոջս՝ Ֆիբիին, դուր էր եկել միայն, երբ Համլետը շոյում է շանը։ Նա ասաց՝ ի՜նչ հետաքրքիր է, ի՜նչ լավ շուն է, և իսկապես շատ լավ շուն էր։ Այնուամենայնիվ, ստիպված կլինեմ կարդալ «Համլետը»։ Վատն այն է, որ պիեսը անպայման պետք է կարդամ ինքս ինձ համար։ Երբ դերասանը խաղում է, ես գրեթե բան չեմ լսում։ Անընդհատ վախենում եմ, որ նա հիմա կսկսի ծռմռվել ու ընդհանրապես ամեն ինչ անել ցուցադրաբար։
Լանտերի մասնակցությամբ ներկայացման տոմսը գնեցի, հետո տաքսի նստեցի ու գնացի զբոսայգի։ Հարկավոր էր մետրոյով գնալ, մոտս քիչ փող էր մնացել, բայց դե ուզում էի որքան հնարավոր է շուտ ազատվել այդ երիցս անիծված Բրոդվեյից։
Զբոսայգում գարշելի էր։ Այնքան էլ ցուրտ չէր, բայց արևը դուրս չէր գալիս, և շուրջն առհասարակ ոչ ոք չկար՝ միայն շների ոտնահետքեր էին, թքահետքեր ու մեկ էլ ծխախոտի մնացորդներ այն նստարանների մոտ, որոնց վրա ծերունիներ էին նստել։ Թվում էր, թե բոլոր նստարանները ամբողջովին թաց են, ու եթե նստես, խոնավությունը կներծծվի քո մեջ։ Ես շատ տխուր էի, նույնիսկ երբեմն դող էր անցնում մարմնովս։ Բոլորովին չէր զգացվում, թե շուտով սկսվելու են Ծննդյան տոները, ընդհանրապես թվում էր, թե եբեք այլևս ոչինչ չի լինելու։ Այնուամենայնիվ, ես հասա վազքուղուն։ Ֆիբին միշտ այնտեղ է գնում․ նա սիրում է նվագախմբին մոտիկ սահել։ Ծիծաղելի է, որ ես էլ էի սիրում այնտեղ սահել, երբ փոքրիկ էի։
Բայց երբ մոտեցա վազքուղուն, Ֆիբին այնտեղ չէր։ Ինչ֊որ երեխաներ կային, որ սահում էին, տղաները գնդակ էին խաղում, բայց Ֆիբին չկար։ Հանկարծ ես մի աղջնակ տեսա նրա տարիքին, նստարանին նստած՝ չմուշկներն էր ամրացնում։ Մտածեցի, գուցե ճանաչում է Ֆիբիին և կասի, թե նրան որտեղ փնտրեմ, ու մոտեցա նստեցի կողքին։
― Պատահաբար, դու չե՞ս ճանաչում Ֆիբի Քոլֆիլդին։
― Ո՞ւմ, ― հարցնում է։ Նրա հագին տաբատ էր և մի քսան հատ սվիտեր։ Երևում էր, որ նրա սվիտերները տանն էին գործում, այնպես անճոռնի էին, մեծ֊մեծ։
― Ֆիբի Քոլֆիլդին։ Ապրում է Յոթանասունմեկերորդ փողոցում։ Չորրորդ դասարանում է սովորում։
― Իսկ դուք ճանաչո՞ւմ եք Ֆիբիին։
― Դե իհարկե։ Ես նրա եղբայրն եմ։ Չգիտե՞ս որտեղ է նա։
― Նա միսս Քելլոնի դասարանի՞ց է, ― հարցնում է աղջիկը։
― Չգիտեմ։ Կարծեմ, այո։
― Նշանակում է, հիմա նրանք թանգարանում են։ Մեր դասարանը անցյալ շաբաթ էր գնացել։
― Ո՞ր թանգարանում, ― հարցնում եմ։
Նա ուսերն է թոթվում։
― Չգիտեմ, ― ասում է, ― պարզապես թանգարանում։
― Հասկանում եմ, բայց դա այն թանգարանո՞ւմ է, որտեղ նկարներ են, թե՞ որտեղ հնդկացիներ են։
― Որտեղ հնդկացիներ են։
― Շատ շնորհակալություն։
Ես ելա, ուզում էի գնալ, բայց հանկարծ հիշեցի, որ այսօր կիրակի է։
― Ախր այսօր կիրակի է, ― ասում եմ ես այդ աղջկան։ Նա նայեց ինձ։
― Ըհը՛։ Ուրեմն այնտեղ չեն։
Նրան ոչ մի կերպ չէր հաջողվում ամրացնել չմուշկը։ Ձեռնոցներ չուներ, թաթիկները կարմրել էին, սառել։ Ես օգնեցի պտտել չմուշկը։ Գրողը տանի, հարյուր տարի կլինի, բանալին ձեռքս չեմ առել։ Բայց դա ոչինչ չի նշանակում։ Հիսուն տարի հետո էլ կարելի է չմուշկի բանալին իմ ձեռքը տալ, թեկուզ խավարում, ու ես անմիջապես կիմանամ, թե դա ինչ բան է։ Աղջիկը շնորհակալություն հայտնեց, որ ամրացրի չմուշկը։ Քաղաքավարի աղջիկ էր, բարեհամբյուր։ Շատ հաճելի բան է, երբ այդպիսի փոքրիկին օգնում ես ամրացնել չմուշկը, ու նա քեզ ասում է՝ «շնորհակալություն», այնպես քաղաքավարությամբ, սիրալիր։
Փոքրիկներն առհասարակ բոլորն էլ լավն են։ Ես նրան հարցրի, թե չի՞ ուզում արդյոք տաք շոկոլադ խմել, նա պատասխանեց՝ շնորհակալություն, չեմ ուզում։ Ասաց, որ ընկերուհին սպասում է իրեն։ Այդ փոքրիկներին միշտ որևէ մեկը սպասում է։ Շատ հետաքրքիրն են։
Թեև օրը կիրակի էր ու Ֆիբին իր դասարանի հետ թանգարան չէր գնացել, ու թեև գարշելի եղանակ էր, խոնավ, այնուամենայնիվ, ես ամբողջ զբոսայգու երկարությամբ գնացի դեպի ազգագրական թանգարան։ Դրա մասին էր ասում աղջիկը։ Ես այդ թանգարանային էքսկուրսիաներն անգիր գիտեի։ Ֆիբին սովորում էր այն նույն տարրական դպրոցում, որտեղ հաճախում էի ես փոքր ժամանակս, ու մենք միշտ գնում էինք այդ թանգարանը։ Մեր ուսուցչուհի միսս Էգլենտինգերը գրեթե ամեն շաբաթ օր մեզ տանում էր այնտեղ։ Երբեմն կենդանիներ էինք նայում, երբեմն հնկական զանազան իրեր՝ ամանեղեն, ծղոտե զամբյուղներ և այլ շատ բաներ։ Նույնիսկ հիմա էլ հաճույքով եմ հիշում այդ թանգարանը։ Հիշում եմ, թե ինչպես հնդկական իրերի դիտումից հետո մեզ համար մի որևէ կինոնկար էին ցուցադրում մեծ լսարանում։ Կոլումբոսի մասին։ Սովորաբար, ցույց էին տալիս, թե Կոլումբոսն ինչպես հայտնաբերեց Ամերիկան, թե ինչպես տանջվեց, մինչև որ կարողացավ Ֆերդինանդից ու Իզաբելլայից փող պոկել նավերի համար, իսկ հետո նավաստիները խռովություն բարձրացրին նրա դեմ։
Կոլումբոսն առանձանպես ոչ ոքի չէր հետաքրքրում, բայց երեխաներն իրենց հետ սառնաշաքար ու ծամոն էին բերում, և դահլիճում հրաշալի բուրմունք էր տարածվում։ Այնպիսի բուրմունք, ասես դրսում անձրև էր տեղում (թեև գուցե անձրև չկար էլ), իսկ դու նստած ես այդտեղ, ու դա աշխարհիս միակ չոր ու տաքուկ անկյունն է։ Շատ էի սիրում այդ հիմար թանգարանը, ազնիվ խոսք։ Հիշում եմ, նախ մենք անցնում էինք հնդկական դահլիճով, հետո մտնում լսարան։ Դա մի հսկայական երկարուկ լսարան էր, և խոսելիս պետք է շշնջայիր։ Ուսուցչուհին գնում էր առջևից, իսկ ամբողջ դասարանը նրա ետևից։ Գնում էինք զույգերով։ Ես էլ իմ զույգն ունեի։ Սովորաբար ինձ հետ կանգնեցնում էին մի աղջկա, որի անունը Գերտրուդա Լեվինա էր։ Նա միշտ բռնում էր ձեռքս, իսկ նրա ձեռքը խոնավ ու կպչուն էր։ Դահլիճի հատակը քարից էր, ու եթե փոքրիկ խճաքարեր էինք ունենում ու հանկարծ գցում էիր ձեռքիցդ, դղրդոցն աշխարհ էր բռնում, և ուսուցչուհին կանգեցնում էր ամբողջ դասարանն ու մոտենում տեսնելու, թե ինչ է պատահել։ Բայց երբեք չէր բարկանում մեր միսս Էգլերինգերը։ Հետո մենք անցնում էինք հնդակական երկարուկ նավակի մոտով, որ երեք «կադիլակից» ավելի երկարություն կունենար, եթե դրանք շարեին իրար հետևից։ Նավակում կային մոտ քսան հնդկացիներ, ոմանք թիավարում էին, ոմանք պարզապես կանգնած էին, նրանք կատաղի տեսք ունեին ու բոլորի դեմքերն էլ ներկված էին։ Իսկ նավախելին նստած էր դիմակով մի սարսափելի տիպ։ Դա նրանց կախարդն էր։ Նրան նայելիս ես փշաղաղվում էի, բայց, այնուամենայնիվ, նա ինձ դուր էր գալիս։ Եվ հետո, երբ անցնելիս ձեռք ես տալիս ասենք թիակին կամ մի որևէ այլ բանի, հսկիչն անմիջապես ասում է․ «Երեխաներ, չի կարելի ձեռք տալ ոչ մի բանի», ― բայց նրա ձայնը բարի է և ոչ թե ոստիկանի ձայնի նման։ Այնուհետև անցնում էինք ապակեպատ վիթխարի ցուցափեղկի մոտով, որտեղ հնդկացիները նստած փայտի կտորներ էին շփում, որպեսզի կրակ ստանան, իսկ մի հնդկուհի էլ գորգ էր գործում։ Այդ կինը, որ գորգ էր գործում, կռացել էր, ու երևում էր կուրծքը։ Մենք բոլորս նայում էինք նրան, նույնիսկ աղջիկները․ նրանք դեռևս փոքրիկ էին ու դեռևս կուրծք չունեին, ինչպես տղաները։ Իսկ անմիջապես լսարանի դռան մոտ դրված էր էսկիմոսը։ Նա նստած էր լճի սառցանցքի մոտ և ձուկ էր որսում։ Սառցանցքի կողքին ընկած էին բռնած երկու ձկները։ Որքա՜ն այդպիսի ցուցափեղկեր կային այդ թանգարանում։ Իսկ վերին հարկում ավելի շատ կային․ այնտեղ եղջերուները ջուր էին խմում առվակից, թռչունները չվում էին հարավ՝ ձմեռելու։ Ավելի մոտ գտնվող թռչուննեըը խրտվիլակներ էին, մետաղալարերից կախված, իսկ հեռվում գտնվողները պարզապես նկարված էին պատի վրա, բայց թվում էր, թե բոլորն էլ իրականում թռչում են դեպի հարավ։ Բայց այդ թանգարանում ամենալավն այն էր, որ ամեն ինչ մնում էր իր տեղում։ Չէր շարժվում։ Կարելի էր հազար անգամ էլ գալ, ու էսկիմոսը միշտ էլ ձուկ էր բռնում ու երկուսն արդեն բռնել էր, թռչունները թռչում էին հարավ, եղջերուները ջուր էին խմում առվից և նրանց եղջույրները միշտ այնպես գեղեցիկ էին, իսկ ոտքերն այնպես բարակ, և այդ մերկկուրծք հնդկուհին միշտ գործում հա գործում էր միևնույն գորգը։ Ոչինչ չէր փոխվում։ Փոխվում ես միայն ինքդ։ Եվ ոչ թե այնպես, որ միանգամից մեծանում ես։ Չէ, դա չէ։ Դու փոխվում ես, և ուրիշ ոչինչ։ Մեկ նոր վերարկու ես հագել, մեկ ուրիշ ընկերոջ հետ ես եկել, որովհետև նախորդ ընկերդ հիվանդացել է քութեշով։ Կամ միսս Էգլետինգերի փոխարեն մեկ այլ ուսուցիչ է առաջնորդում ձեզ թանգարան, կամ առավոտյան լսել ես, թե հայրիկդ ու մայրիկդ ինչպես էին վիճում լոգարանում, կամ փողոցում ջրափոս ես տեսել, որի վրա տարածվել էին բենզինի երփներանգ բծերը։ Մի խոսքով, դու ինչ֊որ չափով այլևս այն չես․ ես չեմ կարող ինչպես հարկն է բացատրել, թե հատկապես ինչ։ Իսկ գուցեև կարող եմ, բայց չեմ ուզում։
Ճանապարհին գրպանիցս հանեցի որսորդական գլխարկս ու քաշեցի գլխիս։ Գիտեի, որ ծանոթ մարդ չեմ հանդիպելու, և շատ խոնավ էր եղանակը։ Ես քայլում էի, քայլում ու մտածում, թե քույրիկս շաբաթ օրերը ինչպես է գնում նույն թանգարանը, որ ես եմ գնացել։ Մտածեցի, որ հիմա նա դիտում է նույն բաները, ինչ որ ես եմ դիտել, ու ամեն անգամ նա փոխվում է, դառնում ուրիշ մարդ։ Այդ մտքերից ոչ թե ավելի շատ ընկավ տրամադրությունս, այլ այդ ամենի մեջ առհասարակ շատ քիչ ուրախ բան կար։ Լավ կլիներ որոշ բաներ առհասարակ չփոխվեին։ Լավ կլիներ դրանք դնել ապակեպատ ցուցափեղկում ու ձեռք չտալ։ Գիտեմ, որ դա անհնար է, բայց հենց դա էլ վատ է։ Ես ամբողջ ժամանակ դրա մասին էի մտածում, քանի դեռ ման էի գալիս զբոսայգում։
Անցնելով խաղահրապարակի մոտով՝ ես կանգ առա ու նայեցի, թե երկու փոքրիկներ ինչպես էին ճոճվում տախտակի վրա։ Մեկը չաղլիկ էր, դրա համար էլ ես բռնեցի տախտակի այն ծայրից, որտեղ նիհարիկն էր նստած, որպեսզի նրանց հավասարակշռեմ, բայց անմիջապես էլ զգացի, որ խանգարում եմ, ու հեռացա։
Իսկ հետո շատ հիմար բան ստացվեց։ Մոտեցա թանգարանին ու անմիջապես զգացի, որ ոչ մի տեսակ փողով ես այնտեղ չեմ կարող գնալ։ Չէր քաշում ինձ, և վերջ, մինչդեռ կտրել անցել էի ամբողջ զբոսայգին ու այնպե՜ս սպասել դրան։ Իհարկե, եթե Ֆիբին այնտեղ լիներ, կմտնեի, բայց նա այնտեղ չէր։ Եվ ես տաքսի վերցրի թանգարանի մուտքի մոտից ու գնացի «Բիլթմոր» հյուրանոցը։ Տրամադիր չէի գնալու, բայց արդեն պայմանավորվել էի Սալլիի հետ։