-Այդ Սանդուղքը արդեն վաղուց մոռացված է,— հոգոց հանեց Ջիմլին: —Ոմանք ասում են, որ այն երբեք էլ չի եղել, և դա ուղղակի հեքիաթ է, իսկ մյուսները կարծում են, որ եղել է, բայց վաղուց ավերվել
է:
—Դա հեքիաթ չէ, և ոչ էլ Սանդուղքը ավերված է,— ասաց Գենդալֆը: —Այն հազարավոր աստիճաններ ունի և . ամենախորը ընդերքից սկսվելով, գալարաձև բարձրանում է ամենաբարձր գագաթը ևվերջանում Դուրինի աշտարակում, որը փորված է Զիրագ-Զիգիլի գագաթին ապառաժի մեջ(Զիրագ-Զիգիլ. էլֆերեն Քելեբդիլ. համընդհանուր լեզվով Արծաթատամ.-Լեռնագագաթ Մշուշապատ լեռներում, երեք գագաթներից (Քարադրաս, Ֆանուիդոլ, Քելեբդիլ) ամենաարևմտյանը): Այնտեղ՝ քելեբդիլի գագաթին, ձյան մեջ մի միայնակ պատուհան կար, որին հասնել կարելի էր միայն գլխապտույտ բարձրության վրա կախված նեղ քիվով, նման ամպերից էլ վեր գտնվող արծվի բույնի: Արևը անգթորեն այրում էր լեռան գլուխը, բայց ներքևում լանջերն ու հաթավայրերը ծածկված էին ամպերի հաստ շերտով: Իմ թշնամին նետվեց պատուհանից ներս, և ես հետևեցի նրան: Եվ ահա նա նորից բռնկվեց կրակով: Եթե ինչ որ մեկը տեսներ մեր ահեղ մենամարտը, այդ մասին գրված երգերը կհնչեին դարեդար... —Գենդալֆը հանկարծակի ծիծաղեց: —Թեպետ ի՞նչ կպատմեն նրանք այդ երգում: Եթե ինչ որ մեկը տեսներ էլ, կմտածեր որ Քելեբդիլի գլխին ահեղ փոթորիկ է: նա միայն կլսեր որոտի ձայնը և կտեսներ լեռան գագաթին բռնկվող կայծակներն ու լանջերին պարող կրակի լեզուները... Մեր շուրջն ամեն ինչ կորել էր թանձր ծխի և տաք գոլորշոու մեջ, իսկ երկնքից սառույց էր թափվում: Վերջապես ես ցած գցեցի իմ հակառակորդին: նա ընկնելով բարձունքից ջարդեց լեռան լանջը և կորավ տեսողությունից: Խավարը կլանեց ինձ, և ես երկար թափառում էի Ժամանակից ու մտքից դուրս ճանապարհներով, որոնց մասին ոչինչ չեմ խոսի: Մերկ վիճակում ինձ նորից վերադարձրեցին աշխարհ, կարճ ժամանակով, որպեսզի վերջացնեմ սկսածս գործը, և այդպես մերկ էլ պառկած էի ես լեռան գագաթին: Ես միայնակ էի և մոռացված ամենքի կողմից: Այդ քարե բարձունքից դեպի ներքև ճանապարհ չկար. Դուրինի աշտարակն ավերվել էր, պատուհանն անհետացել, իսկ փլուզված սանդուղքը զմռսվել էր այրված քարաբեկորներով: Այդպես պառկած ես նայում էի երկնքին. աստղերը պտույտ էին գործում իմ գլխավերևում, և ամեն օրը թվում էր մի ամբողջ կյանք: Աշխարհի բոլոր ծայրերից ապրող աշխարհի շշունջն էր հասնում իմ ականջներին. նորածինների ճիչն ու մեռնողների վերջին շունչը, երգը և լացը, քարերի հավերժական տրտունջը... Այդպես էլ ինձ գտավ Գվահիր Քամիխեղդը: Նա բարձրացրեց ինձ, դրեց իր մեջքին և տարավ այդտեղից: –Դու իսկական նեղության ընկեր ես, իսկ ես քո հավերժական բեռը,– ասացի ես նրան: