–Ես հասկանում եմ ձեր լեզուն,– ասաց Գենդալֆը ռոհաներեն,– բայց օտարերկրացիները պարտավոր չեն այն հասկանալ: Ինչո՞ւ չեք խոսում համընդհանուր լեզվով, եթե ուզում եք, որ ձեզ պատասխանեն:
–Դա Թեոդեն արքայի կամքն է,– պատասխանեց ժամապահներից մեկը: –Այս դարպասից ներս ոչ ոք իրավունք չունի մտնել, բացառությամբ նրանց, ովքեր գիտեն մեր լեզուն: Պատերազմի օրերին մենք ներս ենք թողնում միայն մեր ցեղակիցներին և Մունբուրգից Մունդբուրգից ուղարկված գոնդորցիներին: Ովքե՞ր եք դուք, տարօրինակ զգեստներով օտարականներ, որ այդպես անվրդով զբոսնում եք մեր հարթավայրում նժույգներով, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են մեր ձիերին: Մենք վաղուց ենք այստեղ ժամապահում և երկար ժամանակ է հետևում ենք ձեզ: Առաջին անգամ ենք տեսնում ձեզ պես տարօրինակ հեծյալների և այդ ազնվազարմ նժույգին, որին երկուսով եք հեծած: Եթե իմ աչքերը կախարդված չեն և ինձ չեն խաբում, այդ նժույգը Մեարաս ցեղից է: Պատասխանի՛ր կախար՞րդ ես դու, թե՞ լրտեսն ես Սարումանի: Իսկ գուցե դուք չար ուրվականնե՞ր եք: Պատասխանի՛ր, արա՛գ:
–Մենք ուրվականներ չենք,– Գենդալֆի փոխարեն պատասխանեց Արագորնը,– և աչքերդ էլ քեզ չեն խաբում: Սրանք իսկապես ձեր նժույգներն են և դու այդ մասին նախքան հարցդ տալը արդեն գիտեիր: Քո կարծիքով ձիագողերը կվերադարձնե՞ն գողացված ձիերին: Սրանք Խասուֆելն ու Արոդն են, որոնց մեզ փոխարինաբար տվել է Էոմերը, Ռոհանի երրորդ զորավարը: Մենք խոստացել էինք ետ վերադարձնել նրանց և, ինչպես տեսնում ես, եկել ենք որ վերադարձնենք: Էոմերը դեռ չի՞ վերադարձել, թե՞ չի զգուշացրել ձեզ:
–Լավ, ես կզեկուցեմ ձեր մասին,– դանդաղ ասաց ժամապահը: –Բայց ովքե՞ր եք դուք: Ինչպե՞ս ներկայացնեմ ձեզ թագավորին: Հոգնած ծերունու տեսք ունես, բայց իմ կարծիքով այդ տեսքի տակ մեծ ուժ և վճռականություն կա թաքնված:
–Դե ինչ, սուր աչք ունես և ճիշտ ես նկատել,– ասաց հրաշագործը: –Քանզի ես Գենալֆն եմ: Ես վերադարձել եմ և ինչպես տեսնում ես հետ եմ բերել ձեր նժույգին: Նայի՛ր, սա Լուսաչ արծաթափայլն է:
Ինձանից բացի ուրիշ ոչ մեկին նա չի ենթարկվում: Ինձանից աջ Արագորնն է, Արաթհորնի որդին, Գոնդորի արքաների ժառանգորդը: Նա Մունդբուրգ է գնում: Իսկ ինձանից ձախ կանգնած են էլֆ Լեգոլասն ու թզուկ Ջիմլին, մեր բարեկամները: Գնա՛, ասա թագավորին, որ մենք կանգնած ենք դարպասի մոտ և ուզում ենք խոսել իր հետ, եթե նա մեզ թույլ կտա մտնել իր ապարանք:
–Տարօրինակ են ձեր անունները, բայց եթե դուք պնդում եք, ես կզեկուցեմ ձեր մասին,– զիջեց ժամապահը: –Սպասեք դարապասի մոտ, մինչև ես կբերեմ թագավորի պատասխանը: Բայց առանձնակի հույս չտածեք, հիմա մութ ժամանակներ են...
Եվ նա արագ քայլերով հեռացավ, թողնելով օտարականներին իր ընկերների հսկողության տակ:
Շուտով նա վերադարձավ
–Հետևեք ինձ,– ասաց նա: –Թեոդենը թույլ է տալիս ձեզ նես մտնել, բայց ստիպված եք թողնել զենքերը, ներառյալ նաև գավազանը, մուտքի մոտ՝ դռնապանների հսկողության տակ:
Անհյուրընկալ դարպասները բացվեցին և Ճանապարհորդները մեկը մյուսի հետևից ներս մտան: Դարպասի մյուս կողմում լայն, սալարկված, որորապտույտ ճանապարհ էր սկսվում: Մերթ լայն ոլորաններով, մերթ կարճ, քարե աստճաններով այն բարձրանում էր բլրի գագաթը, շրջանցելով փակ դռներով փայտյա տները: Ճանապարհի երկայնքով, իր քարե հունի մեջ քչքչալով վազում էր առվակը: Վերջապես երևաց բլրի գագաթը: Այնտեղ, կանաչ մարգագենտում, վեր էր խոյանում մի ընդարձակ թումբ, որի ստորոդին քարե ձիու գլխով աղբուր կար: Ջուրը թափվում էր մեծ քարե ավազանի մեջ, իսկ այտեղից ճանապարհի երկայքով փորված քարե հունը: Լայն, քարե աստիճաններ կային թմբի մոտ տանող: