–Ախր ես զգուշացնում էի, չէ՞, տիրակա՛լ, որ անհրաժեշտ է խլել նրա գավազանը: Բթամիտ և դավաճան Գայման խորտակեց մեզ:
Լույսի խուրձ բռնկվեց. բոլորին թվաց, թե կայծակը խփեց հարվածեց տանիքին, հետո լռություն տիրեց: Օձի լեզուն բերանքսիվայր պառկած էր հատակին:
–Իսկ հիմա լսի՛ր ինձ Թեոդե՛ն, Թե՛նգելի որդի,– գոչեց Գենդալֆը,– դու օգնությո՞ւն էիր փնտրում: –Նա բարձրացրեց գավազանը և ցույց տվեց առաստացի առաստաղի անցքը: Խավարը սկսեց ցրվել և ամպերի հետևից երևաց կապույտ երկինքը: –Արիացի՛ր, Ռոհիրիմների՛ տիրակալ, Սև ստվերը դեռ ամենազոր չէ: Լսի՛ր իմ խոսքերը: Ավելի լավ օգնություն քեզ ոչ ոք չի առաջարկի: Ես պատրաստ եմ դառնալ քո խորհրդատուն, իսկ դու պատրա՞ստ ես լսել իմ խորհուրդները: Սակայն իմ խոսքերը բոլորի ականջների համար չեն: Դո՛ւրս արի տանդ շեմքից և շուրջդ նայիր: Չափազանց երկար ես նստել կիսախավարում, լսելով կեղծ զրույցները, որոնցով ուզում էին շեղել քեզ ճիշտ ճանապարհից: Թեոդենը դանդաղ ոտքի կանգնեց: Դահլիճը աստիճանաբար լուսավորվում էր: Երիտասարդ կինը բռնեց ծերունու ձեռքը և թագավորը հենվելով նրան, անվստահ քայլերով իջավ աստիճաններով և կաղալով քայլեց դեպի ելքը: Օձի լեզուն անշարժ պառկած էր: Մոտենալով դռներին Գենդալֆը բարձր թակեց: –Բացե՛ք,– բղավեց նա: –Ռոհիրիմների տիրակալն է գալիս: Դռները ճռռալով բացվեցին և սառը քամին ներխուժեց դահլիճ: –Կարգադրիր թիկնապահներիդ իջնել ներքև,– ասաց Գենդալֆը Թեոդենին: –Եվ դու նույնպես հեռացեք կարճ ժամանակով օրիո՛րդ, թողեք նրան իմ խնամքին: –Գնա Էովին, դո՛ւստր քրոջ,– ասաց թագավորը: –Վախի ու կասկածի ժամանակներն անցան: Երիտասարդ կինը դանդաղ վարադարձավ դահլիճ: Դռների մոտ նա կանգ առավ և շրջվեց: Նրա հայացքը խիստ էր, մտածկոտ, և լցված Թեոդենի հանդեպ տածած խղճահարությամբ ու տխրությամբ: Նա գեղեցիկ էր, բարեկազմ և բարձրահասակ, սպիտակ զգեստով, արծաթե գոտիով: Փխրուն էր թվում առաջին հայացքից, բայց միևնույն ժամանակ պողպատից էլ ամուր և ուժեղ կամքով, ինչպես վայել է հնագույն ռազմիկների արքայական տոհմի ժառանգին: Այդպիսին տեսավ առաջին անգամ Արագորնը Ռոհիրիմների արքայադուստր Էովինին, չքնաղ, բայց դեռ ոչ կանացի հասուն գեղեցկությամբ, սառը՝ ինչպես գարնանային առավոտը, որ դեռ չի հասցրել լցվել պայծառ գույներով: Իսկ նա նայեց Արագորնին՝ բարձրահասակ, մոխրագույն զգեստով վսեմ թափառականին, և տեսավ նրա մեջ հզոր ռազմիկի և դյուցազունի, իմաստնացած բազմաթիվ ծանր տարիների փորձություններից: Մի ակնթարթ Էովինը քարացավ, աչքը չկտրելով Արագորնից, ապա շրջվեց և արագ հեռացավ: –Իսկ հիմա, տիրակալ,– ասաց Գենդալֆը,– շուրջդ նայիր: Նայիր քո երկրին և շնչիր նրա թարմ օդը: