― Ղա՜, ղա՜... ղա՛, ղա՛, ղա՜, — ասաց Ագռավը և թևերով մի քանի անգամ ծափ տալով, թռավ մւսրգագետնի կողմ, երեխաներին ընդառաջ։
== գլուխ երրորդ. Թզուկի արահետով ==
=== Ա. ԱՆՏԱՌԻ ԹԱՎՈՒՏՈՒՄ ===
Նրանք անտառ մտան ճիչով ու աղաղակով։ Տարոնը, որ իսկի երգել չգիտեր էլ, սկսեց երգել։ Երգում էր բարձր, ձայնը գլուխը գցած։ Ոչ խոսքերն էին կարգին խոսքեր, ոչ էլ եղանակ կար կարգին, բայց նա երգում էր անզուսպ, ինքնամոռաց։ Հասմիկն ու Մանուշն էլ էին երգում, ամեն մեկն իր համար ու ամեն մեկը երգում էր իր երգը։ Կարծում եք անտառ մտնելիս միայն երեխանե՞րն են երգում։ Երգում են բոլորը՝ մեծ ու փոքր, կին ու տղամարդ, փայտահատ ու հովիվ։ Այդպես է անտառը, երգել է տալիս բոլորին։ Երևի հենց դրա համար էլ անտառում բոլոր թռչունները երգում են, նույնիսկ բվեճը, երբ վրա է հասնում նրա համար երանելի պահը։ ճիշտ է, նրա երգը բոլորովին էլ երգի նման չէ, բայց ինչ կարող ես անել, բվեճի երգն էլ այդ է։
Այսպես երգելով, թռչկոտելով, երեխաները թփից թուփ էին անցնում, վայելում էին անտառի զովությունն ու խորհրդավորությունը և բոլորովին ուշադրություն չէին դարձնում իրենց գլխավերևում թռչող Ագռավին, որը ի տարբերություն բոլորի, թռչում էր առանց երգի։ Ասենք, որ ուշադրություն էլ դարձնեին՝ ոչինչ չէին կասկածի։ Սովորական ագռավ էր, որ կար։ Ինչ է, ագռավ քի՞չ էին տեսել։ նրանք ինչ իմանային, որ այդ ագռավն ուրիշ էր, հեքիաթի Ագռավ էր և որ նրանից ամեն ինչ կարելի է սպասել։ Իսկ Ագռավն ուզում էր, որ երեխաները գնան դեպի չորացած կաղնու բացատը։ Նա կլոր շրջան էր անում երեխաների գլխավերևում և առայժմ գոհ էր, քանի որ նրանք գնում էին հենց նրա ուզած կողմը։ Նա մտածում էր միայն, թե երեխաներից որին կարող է ճանապարհից շեղել, և ընդհանրապես որը հեշտությամբ թակարդ կընկնի։ Եվ հասկանալի է, որ նա ընտրեց Տարոնին։ Ախր Մանուշն ու Հասմիկը շատ լուրջ տեսք ունեին, և Ագռավն զգաց, որ այնքան էլ հեշտ չի լինի նրանց հետ գործ ունենալը։ Իսկ Տարոնը ոչ միայն փոքր էր աղջիկներից, այլև ձեռքին երկու զամբյուղ ուներ։ Ամեն ինչից երևում էր, որ ագահ տղա է, իսկ ագռավները, մանավանդ հեքիաթի Ագռավը, այդ բաները լավ են հասկանում։
Եվ Ագռավը վայր իջավ ու նստեց մի թփի վրա ու առաջին անգամ կռավեց՝ ղա՜, ղա՜։ Անտառի ներդաշնակ, ականջ շոյող ձայների մեջ Ագռավի կռավյունն իսկույն գրավեց Տարոնի ուշադրությունը, և նա շատ զարմացավ, երբ իրենից մի քանի քայլի վրա տեսավ հասած հաղարջով ծանրաբեռնված թուփը։ Տարոնին էլ հենց այդ էր պետք, վրա հասավ ու... չլինի՞ կարծում եք սկսեց զամբյուղը լցնել... ոչ, մինչև զամբյուղներին հասնելը նրա փորում շատ տեղ կար։ Ու նա սկսեց ագահորեն ուտել։
Իսկ աղջիկներն հանկարծ նկատեցին, որ Տարոնն էլի անհետացել է։
― Քիչ առաջ այստեղ էր, ― ասաց Հասմիկը, ― ո՞ւր կարող էր կորչել։
― Տարո՜ն, — ձայն տվեց Մանուշը։ — Տարո՜ն, որտե՞ղ ես...
Տարոնն, իհարկե, լսեց Մանուշի ձայնը, բայց չպատասխանեց, ընդհակառակը, պահվեց թփի հետևում, որ հանկարծ չտեսնեն իրեն։
― Տարո՜ն... ― այս անգամ Հասմիկն էր կանչողը։
Չէ, Տարոնը միտք չուներ արձագանքելու։ Քանի դեռ թուփը չէր մաքրազարդել, ձայն հանողը չէր։ Բա ինչ, թող գնան իրենց համար լավ թուփ ճարեն, այս թուփը ես եմ ճարել, ― մտածում էր նա։ Իսկ աղջիկներն անհանգստացած այս ու այն կողմ էին վազվզում։ Մի անգամ Մանուշը նույնիսկ մոտեցավ Տարոնի թփին, բայց նրա աչքին հաղա՞րջ կերևար, երբ Տարոնը կորել էր, և նա նետվեց դեպի մոտակա ձորակը, մտածելով, թե տղան ձորակում է, դրա համար էլ չի երևում։ Քիչ հետո աղջիկների ձայները բավական հեռացան, և Տարոնը թաքստոցից դուրս գալով, սկսեց քաղել հաղարջը և այդպես ողկույզներով էլ կուլ տալ։
― Տարո՜ն, Տարո՜ն, — ձայն էր տալիս Մանուշը։
― Տարո՜ն, ո՞ւր կորար, Տարո՜ն, ― կանչում էր Հասմիկը։
― Օյ, էս ի՞նչ եղավ, ի՞նչ պիտի անենք, ի՞նչ պատասխան պիտի տանք մորաքույր Պարզիկին, ― մղկտում էր Մանուշը։
― Մի մտածիր, Մանուշ, ― հանգստացնում էր նրան Հասմիկը։ ― Ով գիտի ինչ լավ թուփ է գտել ու հիմա խժռում է։ Ես դրան գիտեմ, ձայն չի հանում, որ մենակ ինքը հավաքի։
Մանուշը դժգոհեց։
― Հասմիկ, դու էլ միշտ մի վատ բան կասես։ Տարոնը լավ տղա է. ճիշտ է, մի քիչ չարաճճի է, բայց լավ տղա է։
― Ես ի՛նչ եմ ասում, ասում եմ՝ վա՞տ տղա է... Ես ասում եմ բկլիկ է... Հո չես կարող ժխտել։ Բա սա գո՞րծ է, որ նա անում է, չի մտածում, որ կանհանգստանանք։
― Գուցե ինքն էլ մեզ է փնտրում, բայց այնքան հեռու է, որ ձայնը մեզ չի հասնում։
― Ախր ե՞րբ հասցրեց այնքան հեռանալ, որ ձայնը չլսենք։ Չէ, Մանուշ, նա այստեղ մոտերքում մի տեղ պահ է մտել, կտեսնես։
― Որ կորցրեցինք՝ մոր ձեռքից չենք պրծնի։ Չէ՛, նա անպայման գնացել է ձորակի կողմը։
― Հազար անգամ ասացի, էդ բկլիկին չվերցնենք։
― Հիմա որ հետներս բերել ենք, պիտի տեր կանգնե՞նք, թե չէ, ― ասաց Մանուշը։
― Լավ, արի այսպես անենք՝ դու կգնաս դեպի անտառի խորքը, իսկ ես հակառակ կողմը, եղա՞վ։
― Չէ, այդպես մենք էլ իրար կկորցնենք։ Դու սպասիր այստեղ, այ, այս մեծ կաղնուց չհեռանաս, ― ասաց Մանուշը, ― ես գնամ ձորակի կողմը, գուցե գնացել է աղբյուրից ջուր խմելու։ ե
― Նա ի՞նչ գիտեր աղբյուրի տեղը, որ գնար
― Ի՞նչ իմանամ, ասում եմ՝ աղբյուրի մոտ կարող է լինել, գնամ տեսնեմ։
― Այստեղ մոտերքում կլինի, մի թփի տակ պահ է մտել, համոզված եմ։
― Դե դու էլ այստեղ փնտրիր, բայց չհեռանաս, ես գնացի։
Մանուշն անցավ դարավոր կաղնիների մոտով, անցավ հաճարուտն ու հացենիների պուրակը անընդհատ «Տարո՜ն, Տարո՜ն» գոռալով, բայց պատասխան չէր ստանում, նրան պատասխանում էր միայնակ մի ագռավ, որը կարծես առջևից ընկած ճանապարհ էր ցույց տալիս Մանուշին։ Այսպես նւս հասավ ձորակին և զառիթափով իջավ ցած, հասավ աղբյուրին, նայեց աղբյուրի մոտի մեծ-մեծ քարերի ետևը, բայց Տարոնը չկար ու չկար։ Մի պահ շվար կանգնել էր, նայելով մթին ծմակներին և չգիտեր, թե որ կողմը գնա, երբ Ագռավը ձորակի մյուս կողմում այնպիսի մի աղմուկ բարձրացրեց, որ Մանուշը ստիպված շարժվեց աղմուկի կողմը։ Եվ երբ ձորակն անցավ ու բարձրացավ վեր, հանկարծ նրան այնպես թվաց, թե անտառի խորքում մեկը մի ծառից մյուսը նետվեց։ «Երևի Տարոնն էր, ― մտածեց նա, ― տեսնո՞ւմ ես այդ անպիտանին, թե ուր է հասել»։ Եվ նա ձեռքի ափերը բերանին մոտեցնելով արդեն խզված ձայնով կանչեց. «Տարո՜ն, Տարո՜ն... տեսա քեզ, Տարո՜ն»։
Իսկ Ագռավը թպրտալով գալիս հասնում էր Մանուշին ու նորից թռչում դեպի անտառի խորքը Մանուշն էլ գնում էր նրա հետևից, մանավանդ որ Ագռավը թռչում էր այն ուղղությամբ, ուր Մանուշի աչքին քիչ առաջ ինչ-որ մեկը երևացել էր։
===Բ. Երեսուն տարի առաջ ===
Իսկ այդ ի՞նչ ագռավ էր. ինչո՞ւ էր հետևում երեխաներին, ի՞նչ գործ ուներ կախարդ պառավների հետ ինչո՞ւ էր այդքան հլու-հնազւսնդ ծառայում նրանց։
Այսքան ինչուների պատասխանը տալու համար մենք պետք է մի անգամ ևս երեսուն տարով ետ գնանք, հասնենք այն երանելի ժամանակները, երբ Ծիպիլին ու Տիմբական դեռևս տիրապետում էին կախարդանքի բոլոր հնարներին և ապրում էին ինչպես իսկական կախարդներ, կախարդների շրջանում պատիվ ու հարգանք ունեին, իսկ Ծիպիլին իր անվանը կարողացել էո ավելացնել նաև «Պինդո» մականունը, որը ամենաբարձր կոչումն էր կախարդների մոտ։ Դրա համար կախարդը պիտի մի երևելի բան արած լիներ։ Ծիպիլին էլ, դե գիտեք, կախարդների մւսրաթոնի չեմպիոն էր և հենց դրա համար էլ ստացել էր «Պինդո» կոչումը։ Ահա հենց այդ օրերին էլ Ծիպիլին ու Տիմբական որոշեցին իրենց համար նոր խրճիթներ շինել։ Հներն արդեն խարխլվել էին, բացի դրանից, այն բացատը, որտեղ նրանց հին խրճիթներն էին, արդեն հայտնաբերվել էր մարդկանց կողմից, իսկ կախարդները դա չեն սիրում։ Ամենակարևորն, իհարկե, այն էր, որ տնակները շատ էին խարխլվել, հնարավոր չէր նրանց մուտքը ցանկացած ուղղությամբ շուռ տալ։ Իսկ էլ ի՞նչ կախարդի տուն, որ շուռ չգա։ Ախր կախարդներն իրենց խրճիթները շինում են ժայռերի տակ և երբ գիշերները պառկում են քնելու, խրճիթի մուտքը շուռ են տալիս ժայռի կողմը, որպեսզի ապահով քնեն։ Իսկ առավոտյան բավական է. որ ասեն, «խրճիթ իմ խրճիթ, պտտվիր»՝ տնակը մուտքով շուռ կգա մարգագետնի կողմը։
Նրանք որոշեցին տնակներ շինել լեռան մյուս կողմում փռված մի խուլ անտառի բացատում, որտեղ դեռևս մարդու ոտք կպած չկար և չէր էլ կարող կպչել քանի որ երեք կողմից շրջապատված էր խոր կիրճով, իսկ չորրորդ կողմում ցից-ցից ժայռեր էին, ու ոչ ոք սիրտ չէր անի այնտեղ մտնել։ Եվ որովհետև միասին էհն բացատը հայտնաբերել, որոշեցին երկու խրճիթն էլ նույն բացատում շինել մեկը հարավային ծայրին, մյուսը հյուսիսային։ Ծիպիլին իսկույն ընտրեց բացատի հյուսիսային ժայռը, իսկ Տիմբական՝ հարավային։ Այստեղ նրանք, որ ամեն ինչի համար սիրում էին վիճել, բոլորովին վեճ չունեցան։ Ծիպիլին քանի որ շատ ծեր էր, ուժեղ հոդացավ ուներ, սիրում էր, որ ամբողջ օրը արևի ճառագայթները ներս ընկնեն պատուհանից․ Տիմբական ընդհակառակը՝ մթություն էր սիրում. «Կախարդը պիտի սև գործը մթության մեջ անի», ― հաճախ կրկնում էր նա։
Որոշելը որոշեցին, բայց ո՞վ պիտի նրանց համար տնակ շիներ։ Երկուսն էլ ծերացել էին, երկուսն էլ դժվարությամբ էին ծանրություն վերցնում, ուր մնաց թե գերաններ կտրեին, քարեր տեղափոխեին։ Պետք էր. որ մեկ ուրիշը զբաղվեր դրանով և այդ մեկը գտնվեց, ավելի ճիշտ իրենք գտան նրան։ Արդեն վաղուց էին նկատել այդ մարդուն, փայտահատին, որը անտառի արևելյան փեշերի տանձուտում փայտ էր կտրում և հենց տեղում էլ կտրած փայտից զանազան իրեր շինում։ Նա գալիս էր իր եղբոր հետ, որը օգնում էր նրան ծառը շուռ տալու։ Հետո կրտսերը շարունակում էր ճյուղերը կտրատել, իսկ ինքը նստում էր կանաչների վրա, խուրջինից հանում էր գործիքներն ու հենց այդտեղ, ծառերի ստվերում նստած զանազան իրեր էր շինում։ Նրանք հատկապես տանձի ծառեր էին կտրում և այնքան գեղեցիկ էին տանձի փայտից վարպետի շինած իրերը, որ մեր կախարդները հաճախ հեռվում նստած նայում էին, թե փայտահատն ինչպես է աշխատում։ Իսկ նա աշխատում էր եռանդով, ոգևորված։ Նրա ուրագի ու կեռ դանակների տակից ինչե՜ր ասես, որ դուրս չէին գալիս՝ գդալներ ու շերեփներ, գրտնակներ ու օխլավիներ. աղամաններ ու գուշեր։ Կախարդները նայում էին վարպետի պատրաստած այդ հիասքանչ իրերին ու մտածում, թե նա էլ մի կախարդ է, որ կարողանում է հասարակ փայտից այդքան գեղեցիկ իրեր շինել։
Սի օր էլ, երբ փայտահատը հավաքեց ու իր խուրջինի մի աչքում դրեց պատրաստած առարկաները, մյուսում՝ գործիքները և բռնեց տան ճամփան, իսկ կրտսեր եղբայրը իր խուրջինի մեջ հավաքեց կիսապատրաստուկներն ու հետևեց փայտահատին, նրանց դեմ հանդիման դուրս եկան երկու պառավ։ Ցնցոտիներ հագած խեղճ ու կրակ պառավներ էին, և փայտահատն ու եղբայրը շատ զարմացան նրանց տեսնելով։ Գլուխ չէին հանում, թե նրանք, որ ոտքի վրա հազիվ են կանգնում, ինչպես են հասել անտառ ու դեռ թափանցել են խորքերը։
Վարպետը մոտեցավ պառավներից մեկին նրան, որ առջևում էր, ու հարցրեց.
― Բարև, մարե, էս ի՞նչ եք անում այստեղ։
― Մե՞նք. ― հարցրեց Ծիպիլին... ― ը՜ը՜, մենք...
Եվ որովհետև նման հարցի երբեք չէր սպասում ու գլուխը մի կարգին բան չէր գալիս, դարձավ ու Տիմբակային հարցրեց.
― Մենք ի՞նչ ենք անում այստեղ, Տիմբակա։
― Պարզ չէ՞, տանձ ենք հավաքում։
― Հա՛, իհարկե, տանձ ենք հավաքում. — հաստատեց Ծիպիլին։
Բայց փայտահատը նկատեց, որ պառավները զամբյուղ չունեն և ամեն մեկի ձեռքին մի ցախավել կա միայն։
― Դուք աման չունեք, ինչի՞ մեջ եք հավաքում տանձը։
― Ոնց թե աման չունենք... ամանն ինչ ենք անում, մենք հավաքածը ուտում ենք։
― Իսկ ցախավելներն ինչի՞ համար են։
― Ցախավելները... — մտածեց Ծիպիլին ու էլի հարմար պատասխան չգտնելով դիմեց Տիմբակային. ― Տիմբակա, ցախավելներն ինչի՞ համար են։
― Ծառի տակի տանձը հավաքելու, էլ ինչի՞։
Փայտահատը ծիծաղեց։
― Լավ եք մտածել։ Բայց մի բան պիտի ունենա՞ք, որ հավաքած տանձը տուն տանեք։
― Ի՞նչ տուն, ― զարմացան պառավները և միաբերան ասացին, ― մենք տուն չունենք, անտուն, անտեր պառավներ ենք։
Ինչպես թե անտուն, ― իր հերթին զարմացավ փայտահատը, ― բա դուք որտե՞ղ եք ապրում։
― Անտառում... որտեղ հասնի, այնտեղ էլ գիշերում ենք, — խեղճ-խեղճ ասաց Ծիպիլին։
― Ի՞նչ անենք, ― շարունակեց Տիմբական, — մեր տնակները խարխլվեցին, փուլ եկան, հիմա տուն չունենք, և մի փոքր մտածելուց հետո, ավելացրեց։ ― Եթե մեկը գտնվեր, որ մեզ համար տուն կարողանար շինել․․․ Հա, բարի մարդ, իսկ դու չե՞ս կարող օգնել խեղճ պառավներին, դու չե՞ս կարող տուն շինել մեզ համար։
Փայտահատը մտածմունքի մեջ ընկավ։
― Ինչպե՞ս ասեմ, — ասաց նա, ― մեծ տուն շինելն ինձ համար, անշուշտ, դժվար կլինի, բայց փոքրիկ փայտե խրճիթ գուցե և կարողանամ շինել։
Պառավներն ուրախությունից նույնիսկ վեր ցատկեցին.
― Իսկ մեզ մեծ տուն իսկի պետք էլ չի, ― ասացին նրանք; ― Մեզ երկու փոքրիկ տնակ է պետք, բոլորովին փոքրիկ, — ու պառավները ձեռքով ցույց տվեցին իրենց ուզած տնակի մեծությունը՝ այնքան ցածր, որ հազիվ իրենց գոտկատեղին կհասներ։
Մինչ փայտահատը խոսում էր պառավների հետ, նրա եղբայրը խուրջինը շալակին շարունակում էր ճանապարհը և հիմա բավական հեռացած կանգնել ու անհամբեր նայում էր եղբորը, թե երբ է վերջացնում զրույցը այդ գջլոտ պառավների հետ։ Նա իսկապես մի քիչ խելքից պակաս էր և բավական անտարբեր էր ամեն ինչի նկատմամբ։
― Այ ապեր, պրծի է՜, — ձայն տվեց Նա։
― Հա, հրես գալիս եմ, ― պատասխանեց փայտահատը ու դառնալով պառավներին ասաց. — Դա արդեն չեղավ, այդքան փոքրիկ տնակներն ո՞ւմ են պետք, չեք էլ տեղավորվի մեջը։
― Քո գործը չի, մեզ շատ փոքրիկ տնակներ են պետք... Ասենք, որ շատ ես պնդում, կարելի է մի քիչ մեծ շինել։ Եթե դու մեզ համար տնակ շինես, մենք քեզ... քեզ... Տիմբակա, մենք ի՞նչ կանենք նրան։
― Մենք շնորհակալ կլինենք, ինչ կանենք, շատ շնորհակալ կլինենք։
― Մենք քեզ համար... քեզ համար... այսինքն քեզ մի լավ նվեր կտանք, ― ավելացրեց Ծիպիլին։
― Ինձ նվեր պետք չի, ― ասաց Փայտահատը։ ― Եվ ի՞նչ նվեր կարող եք տալ դուք, խեղճ ու կրակ պառավներ։
― Օ, այդպես մի ասա, ― ասաց Ծիպիլին։ ― Մենք քեզ այնպիսի նվեր կարող ենք տալ, որ ամբողջ կյանքում չես մոռանա մեզ։
Փայտահատը ծիծաղեց։
― Պետք չի, մարե, ինձ նվեր պետք չի։ Վաղը շուկա պիտի գնամ, տեսնո՞ւմ եք, մի քանի մանր-մունր բաներ եմ սարքել, պիտի վաճառեմ։ Մյուս օրը կգամ ձեզ համար տուն կշինեմ։ Միայն թե չգիտեմ, որտե՞ղ գտնեմ ձեզ։
― Հենց այստեղ, այս կաղնու մոտ, — ուրախ բացականչեցին պառավները։
― Լավ, պայմանավորվեցինք, մյուս օրը մենք այստեղ կհանդիպենք։
― Էլ ինչո՞ւ մյուս օրը, — ասաց Տիմբական։ — Մենք հրես այստեղ ենք։
Փայտահատը նորից ծիծաղեց պառավների միամտության վրա, բայց քիչ հետո համոզվեց, որ չարաչար սխալվել է նրանց միամիտի տեղ դնելով։ Տիմբական գետնից վերցրեց ցախավելն ու ասաց.
― Հանկարծ ու չեկար, ի՞նչ պիտի անենք։
― Ոնց թե, ախր խոսք եմ տալիս, — զարմացավ Փայտահատը։
― Էէ՜, գիտես քանի հոգի են մեգ խոսք տվել ու չեն եկել, ― ասաց Ծիպիլին,― մենք ձեզ չենք հավատում։
― Վա՛յ, մարեներ, վա՜յ... Ուզո՞ւմ եք երդվեմ։
― Հա՛, երդվիր, ― ասաց Տիմբական ու ավելացրեց։ ― Մենք այս ցախավելի վրա ենք երդվում, ա՛յ այսպես։ — Նա հեծավ ցախավելն ու ասաց.
― Արի դու էլ հեծիր, երբ ինձ հետ ցախավելով երեք քայլ արեցիր, ուրեմն կգաս։
― Երեք քայլն ի՞նչ է, որ չանեմ։ ― Միամիտ Փայտահատը Տիմբակայի ետևից հեծավ ցախավելը ու միայն այդ տեսավ։ Մի քանի վայրկյան հետո նա օդ էր բարձրացել և որպեսզի վայր չընկնի, պինդ կպել էր պառավի փեշից։ Ծիպիլին էլ սլացավ նրանց ետեից։
Հենց այդ ժամանակ Փայտահատի անհամբեր եղբայրը շուռ եկավ, որպեսզի մի անգամ էլ կանչի և տեսավ, թե ինչպես պառավները եղբորը օդ բարձրացրեցին և թե ինչպես նա անհայտացավ երկնքի կապույտում։ Մի որոշ ժամանակ նա չէր հասկանում, թե ինչ է կատարվել և վազեց այնտեղ, ուր քիչ առաջ եղբայրն էր, սակայն խուրջինից բացի ոչինչ չտեսավ։ Մի քանի անգամ նա աչքերը տրորեց, նայեց վեր, և երբ վերջնականապես հասկացավ, թե ինչ է եղել, իր ուսի խուրջինն էլ ցած գցեց, անմարդկային ձայներ հանելով փախավ դեպի գյուղ։
Իսկ խեղճ Փայտահատը մի անգամ միայն նայեց ցած և քանի որ գլուխը պտտվեց, այնուհետև թռչում էր փակ աչքերով։ Դրա համար էլ երբ պառավներն իրենց ցախավելներն արգելակեցին ու պտույտներ կատարելով իջան իրենց ընտրած բացատում, նա այդպես էլ գլխի չընկավ, թե անտառի որ մասում է գտնվում։ Ասենք, բացատում վայրէջք կատարելուց հետո էլ նա սիրտ չէր անում աչքերը բացել։ Մի որոշ ժամանակ հետո, այնուամենայնիվ, աչքերը բացեց և վախվխելով նայեց շուրջը։ Ամեն ինչ օտար էր, և միայն նրա դեմ դիմաց կանգնած պառավներն էին ծանոթ, այն էլ այնպիսի մարտական դիրքով էին կանգնել, աչքերն այնպես էին պլպլացնում, որ կարծես ուզում էին ասել. «Հիմա հասկացա՞ր, թե մենք ինչի ենք ընդունակ, այնպես որ չփորձես մեզ հետ կատակ անել»։ Այո, խեղճ Փայտահատն արդեն հասկացել էր, որ իր առջև կանգնածները սովորական պառավներ չեն, այլ կախարդներ, ու նրա լեղին ջուր էր կտրել։
― Լավ բացատ է, չէ՜է՜, ― խորամանկ ժպտալով ասաց Ծիպիլին։ Բայց Տիմբական կատակ անելու տրամադրություն չուներ և շատ գործնական ասաց.
― Իմ տնակը կշինես ա՛յ, այն հարավային ժայռի տակ, հասկացա՞ր...
― Իսկ իմը՝ հյուսիսային ժայռի տակ կշինես, — անմիջապես վրա տվեց Ծիպիլին։ — Չմոռանաս պատուհանս մեծ անես, ես արև եմ սիրում։
Կախարդները խոսում էին, իսկ Փայտահատը պապանձված ոչինչ չէր կարողանում ասել։ Նա դեռ մինչև, վերջ չէր գիտակցել, թե ինչ է կատարվել։ ճիշտ է, արդեն հասկացել էր, որ կախարդների ճանկն է ընկել բայց թե ի՞նչ է սպասվում իրեն, ի՞նչ պիտի անի, դեռ չէր պատկերացնում։ Մտքում հանդիմանում էր իրեն, ախր քո ինչ գործն էր հեծնել այդ անիծյալ ցախավելը, ի՞նչ երդում, ի՞նչ բան․․․ Մյուս օրը կգայիր և վերջ։ Բայց այդ մասին մտածելն արդեն ավելորդ էր հարկավոր էր զգույշ լինել այդ խարդախ կախարդների հետ, խելքը գլուխը հավաքել և սառնարյուն մտածել ծուղակից դուրս պրծնելու մասին։ Իսկ դրա համար հարկավոր էր ժամանակ շահել։
― Հը, ինչո՞ւ ես լալկվել քեզ բան ենք ասում ― իր երկար քիթը Փայտահատի դեմքին մոտեցնելով, հարցրեց Տիմբական։
― Հը՞․․․ հա՛, հա՛...
― Շինելու ես մեր տները, թե չէ, ― հարցրեց Ծիպիլին։
― Այո... իհարկե... մենակ թե գործիքներս
― Ի՞նչ գործիքներ, ի՞նչ ես մռթմռթում, բարձր ասա։
― Գործիքներս մնացին այնտեղ... տանձուտում, ձայնը մի փոքր բարձրացրեց Փայտահատը։
― Գործիքնե՞րդ... ո՞ր գործիքներդ, հա՜ա՜, խուրջինդ...
Ու մինչ վարպետը կբացատրեր ինչն ինչոց է, Տիմբական օդ, բարձրացավ։ Փայտահատը միայն անքանը տեսավ, որ կախարդը վերածվեց մի փոքրիկ կետի, հսկ հետո այդ կետն էլ չքացավ։
― Հիմա գործիքներդ կբերի, ― ասաց Ծիպիլին։ ― Դու հանգիստ մնա, մենք քեզ վատ բան չենք անի։ Գործդ կանես կվերջացնես, քեզ էլի կտանենք քո Տանձուտը։ Մենակ թե խելոք կլինես, փախչելու փորձ չանես, մանավանդ որ դա համարյա անհնարին է։
Փայտահատը շուոջը նայեց, նայեց հեռվում երևացող սարերին, բայց նրանցից ոչ մեկը ծանոթ չէր։ Գոնե մի սար որ ճանաչեր՝ հեշտ կլիներ կողմնորոշվելը։ Իհարկե, երևացող սարերը բոլորն էլ նրան ծանոթ էին. բայց հակառակ կողմից ուրիշ կերպ էին երևում։
― էս որտե՞ղ եմ, — Ծիպիլիի հանգիստ տոնից սրտապնդվելով, հարցրեց Փայտահատը։
― Ըը՜-մմ... հասկանում ես... Մենք հիմա այնտեղ ենք, որտեղ քիչ առաջ չէինք, գլխի ընկա՞ր, հա՛, հա՛, հա՛... հո՜ւ, հո՜ւ, հո՜ւ, ― խուլ ծիծաղեց Ծիպիլին։ ― Իսկ որ ճիշտ ասեմ, ես կարգին չգիտեմ, մի խոսքով անտառում ենք, պատկերացրի՞ր.. Ա՛յ, ապրես։ Ուրեմն, այնտեղ ենք, հո՛, հո՛, հո՛... Համդա չամդա՜, դի՛-դի՛-դի՛...
«Լավ բացատրեց, խոսք չունեմ, — մտքում ասաց Փայտահատը։ ― Ինչպես տեսնում եմ, սրանք ինձ հետ անկեղծ չեն, հարկավոր է զգույշ լինել»։
― Իսկ դու որ իմանաս, թե որտեղ ես, կփախչե՞ս... ― հարցրեց Ծիպիլին։
― Ինչու պիտի փախչեմ։ ես աշխատող մարդ եմ, գործ եք տալիս՝ կանեմ։ Չէ՞ որ պիտի վճարեք։
― Օ՜, վճարելն անպայման է... Բա ո՛նց, դիփ-միլի՜, բիմ բոմ-բո՛մ։
― Չհասկացա։
― Հի՛-հի՛, հի՛... դու կախարդավարի որտեղի՞ց պիտի իմանաս, ես կախարդերեն ասացի՝ կվճարենք։
Այդ ժամանակ էլ հենց Տիմբական սկսեց պտույտներ կատարել բացատի վրա։ Նա երկու խուրջիններն էլ կախել էր ցախավելից, ձեռքերով պինդ բռնել և պտտվելով, կարծես հարմար տեղ էր փնտրում իջնելու համար։ Քիչ հետո վայրէջք կատարեց բացատի հարավային ժայռի տակ ու մնաց տեղում կանգնած։
― Տեսնո՞ւմ ես, այդ խորամանկ կաթնակերին, — ասաց Ծիպիլրն, ուզում է, որ առաջ իր տնակը սարքես։ Դե լավ, մենք էլ իր մոտ չենք գնա, դու կմնաս հյուսիսային մասում ու առաջ իմ տունը կշինես։
― Ինչո՞վ պիտի շինեմ, — ասաց Փայտահատը, ― գործիքներս այնտեղ են։
― Այդ էլ ճիշտ է, ― ասաց Ծիպիլին։ ― Լավ, դու մնա այստեղ, ես գնամ դրա սևը տամ։
Այն է, ուզում էր հեծել իր ցախավելը միտքը փոխեց։
― Կփախչես, ես քեզ գիտեմ։
― Ինձ որտեղի՞ց գիտես։
֊― Դու ի՜նչ ես որ, ես մարդկանց գիտեմ, դու էլ մարդ ես ես ձեր ցեղը գիտեմ, ա| կորչեն դրանք, հա..
― Ո՞ւր պիտի փախչեմ, ես տան ճանապարհը չգիտեմ։ Հետո՝ գործիքներս այստեղ են, առանց գործիքի գնամ ի՞նչ անեմ;
― Այդ էլ է ճիշտ, բայց մեկ է, արի նստենք ցախավելը, թռչենք այդ հարամ կաթնակերի մոտ։
― Չէ՛, ― ասաց Փայտահատը, ես այդ սատանի ձին էլ չեմ նստի, վախենում եմ։ Ավելի լավ է ոտքով գամ։
Ծիպիլրն ստիպված ցախավելը քարշ տալով առաջ ընկավ։ Փայտահատը գնում էր նրա հետևից ու մտածում, թե հնչպես ազատվի կախարդների ձեռքից։ Գնում էր ու նայում շուրջը, մի՞թե մի բան չպիտի մտածի, որ գոնե իմանա, թե անտառի որ մասում է գտնվում։ Չէ, որևէ կողմնորոշիչ առարկա չկար։ Տեղանքն այնքան անծանոթ էր, անտառն այնքան մթին էր ու խիտ, որ նա նույնիսկ անտառ փախչելու մտքից հրաժարվեց «Ի՞նչ օգուտ դրանից, ― մտածեց նա, ― կախարդներից ազատվեմ, գելուգազանի բաժին կդառնամ։ Ավելի լավ է ես դրանց տնակները շինեմ, իրենք ինձ կհասցնեն իմ Տանձուտը, իսկ այնտեղից արդեն ինքս տուն կգնամ»։
Եվ Փայտահատն սկսեց կախարդների համար տնակներ շինել։ Վարձի մասին արագ պայմանավորվեցին Ասենք, առանձնապես վարձ էլ չկար, պայմանն այն էր, որ տնակներն ավարտելուց հետո Փայտահատին իր գործիքներով պետք է իջեցնեին Տանձուտ, որտեղից որ վերցրել էին։
Տնակներից մեկը արագ եղավ։ Դա Տիմբակայի տնակն էր։ Մի շաբաթում նա կառուցեց և դեռ ոգևորված սկսեց զարդատախտակներով գեղեցկացնել մուտքը և պատուհանը։ Թող գոհ լինեն, մտածեց նա, ինչքան գոհ մնան, այնքան շուտ ինձ տուն կհասցնեն։ Բայց հարավային տնակի գործն ավելի հեշտ էր, անտառն ուղղակի կպած էր ժայռին։ Այստեղ Փայտահատը ծառը կտրում էր, այստեղ էլ տնակը շինում, որևէ դժվարություն չկար։ Ա՛յ, Ծիպիլիի տան համար ստիպված էր շատ չարչարվել, ծառերը շատ հեռու էին, կտրելուց հետո դեռ պետք է գերանները քարշ տար բերեր տնակի մոտ։ Հասկանալի է, որ կախարդները նրան չէին օգնում, զբաղված էին իրենց կախարդական գործերով։ Թռչում գնում էին ինչ-որ տեղ, հետո վերադառնում ինչ-որ պարկեր շալակներին և իջնում բացատի մյուս ծայրին, այնպես, որ Փայտահատը ոչինչ չնկատի։ Փայտահատն էլ շատ էր ուզում տեսնել, թե ինչ են բերում, ինչ են քարշ տալիս թավուտ, որտեղից երբեմն լսվում էին նրանց ճիչերն ու քաշքշոցի ձայները։ Իսկ երբ թավուտից դուրս էին գալիս, հարբածի նման ճոճվում էին ու գոհ երգում կախարդական անհասկանալի երգեր։ Մի անգամ էլ, երբ նրանք թավուտում խրախճանքի մեջ էին, փայտահատը գաղտագողի մոտեցավ, որ տեսնի, թե ինչ են անում։ Իհարկե, նա վախեցավ շատ մոտենալ, իսկ հեռվից այդպես էլ ոչինչ չտեսավ։ Դրա փոխարեն նա տեսավ բացատի ծայրին ընկած ցախավելները։ Առանց երկար բարակ մտածելու վերցրեց նրանցից մեկը և վրան հեծնելով փորձեց թռչել։ Սակայն ցախավելը տեղից այդպես էլ չշարժվեց։ Ոնց որ սովորական ցախավել լիներ, ուրիշ ոչինչ։ Խեղճ Փայտահատը չգիտեր, որ թռչելու համար պետք է իմանար կախարդական խոսքեր։
Երբեմն կախարդները ամբողջ օրը չէին երևում, թռչում գնում էին ու մեկ էլ հայտնվում էին ուշ գիշերին։ Ո՞ւր էին թռչում, ի՞նչ էին անում ամբողջ օրը, Փայտահատը, բնական է, չէր կարող իմանալ։ Միայն մի անգամ, երբ նրանք իջնում էին, երեխայի լացի ձայն լսեց, նայեց ձայնի կողմը և տեսավ, որ պառավները դեպի թավուտն են քարշ տալիս մի փոքրիկ խափշիկ երեխայի։ «Աստվա՜ծ իմ, ― մտածեց Փայտահատը, ― մի՞թե նրանք գնում հասնում են մինչև Աֆրիկա»։ Ճիշտն ասած, Փայտահատն իզուր էր զարմանում, որովհետև կախարդներն իրենց ցախավելներով ռեակտիվ ինքնաթիռից ավելի արագ էին թռչում։
Երբեմն երեկոները վերադառնալիս նրանք մոտենում էին Փայտահատին, նայում արած գործին, գլուխները տմբտմբացնելով մտնում էին անտառ և բարձրանում մի որևէ չոր ծառի, հոգնած կախվում էին ճյուղերից ու քնում։ Հա, նրանք Փայտահատին երբեմն ուտելիք էին բերում։
― Դուք, — հենց առաջին օրն ասաց Ծիպիլին, — այսինքն մարդիկդ, առանց ուտելու չեք կարող աշխատել, գիտեմ, դրա համար էլ բերել եմ այս կաթսան։ Ճիշտ ասած, չգիտեմ էլ, թե մեջը ինչ կա, բայց մարդու կերակուր է, կարող ես չկասկածել։
Փայտահատը բաց արեց կաթսայի կափարիչը, և. ամբողջ բացատով մեկ տարածվեց շոգեխաշուի անուշ բուրմունքը։ «Լավ է, որ մարդու կերակուր են բերում,― մտածեց Փայտահատը, ― թե չէ ի՞նչ պիտի անեի»։ Ու նա մեծ ախորժակով կերավ շոգեխաշուն, կեսն էլ թողնելով մյուս օրվա համար։
Մի օր էլ այնպիսի բան պատահեց, որ խեղճ Փայտահատը, քիչ մնաց կաթված ստանար։ Ամբողջ օրը չարչարվել էր, հազիվ մի գերան էր քարշ տվել բերել տնակի մոտ և հոգնած ու քաղցած նստել էր հենց նոր բերած գերանի վրա, երբ կախարդները վայրէջք կատարեցին։ Քիչ հետո Տիմբական մի փոքրիկ կճուճ դրեց նրա առաջ ու ինքը չքացավ։ Կճուճի տեսքից տակնուվրա եղավ փայտահատի սիրտը, աչքերը մի պահ մթնեցին։ նրան նույնիսկ թվաց, թե երազ է տեսնում, բայց երբ աչքերը տրորեց ու նորից նայեց կճուճին, հասկացավ, որ տեսածը երազ չէ։ Կասկած չկար, կճուճը իրենց կճուճն էր։ Ահա կոտրված խուփը, որ ինքն էր կպցրել, ահա չկա կանթի մեկը՝ կինը շատ էր ուզում, որ այդ էլ կպցնի, բայց այդպես էլ ժամանակ չգտավ դրա համար։ Դողացող ձեռքերով նա բաց արեց խուփը։ Կինը լոբի էր եփել և նույնիսկ դեռ չէր հասցրել վրան յուղ դնել, կամ գուցե այդպես էր արել խնայողությունից։Եթե կինը իմանար, որ այդ կճուճը իրեն է հասնելու... Մի բան պարզ էր, տանը ուրիշ բան չի եղել։ Նրանք միայն նման դեպքերում էին լոբի եփում, այն էլ ձմռանը։ Եվ Փայտահատը չկարողացավ իրեն զսպել. տաք կճուճը կրծքին սեղմած, երեխայի նման լաց եղավ, անիծելով իր չար բախտն ու անիծյալ կախարդներին։
Հաջորդ օրը, երբ կախարդները թռել գնացել էին իրենց բանին, Փայտահատը փախչելու փորձ արեց։ Հենց որ պառավները օդ բարձրացան, նա միայն կացինը և ուրագը վերցրեց ու գնաց դեպի արևելք։ Քանի որ արևելյան կողմում լեռները ցածր էին, նա որոշեց, որ այդ կողմով ավելի շուտ դուրս կգա մեծ աշխարհ։ Բայց նրան դառը հիասթափություն էր սպասում։ Ընդամենը մի քանի հարյուր մետր էր խորացել անտառում, երբ առաջը կտրեց մի խոր կիրճ։ Այս կողմ վազեց, այն կողմ՝ սակայն որևէ հնար չկար կիրճը անցնելու։ Հուսահատ վերադարձավ բացատ։ Հաջորդ օրը փորձեց հակառակ կողմը գնալ, այստեղ էլ դեմը պատի պես կտրեցին լերկ ու անանցանելի ժայռերը։ Երրորդ օրը... Երրորդ օրը նա ճիշտ ճանապարհի վրա էր և անպայման կհասներ հաջողության, բայց ընկավ խիտ մացառուտի մեջ ու ճանապարհի կեսից հետ դառավ։ Սակայն հենց այդ ժամանակ էլ ուրուրի նման նրա վրա խոյացան կախարդները։
Քիչ հետո նրանք Փայտահատին արդեն նետել էին բացատի հյուսիսային կողմի մարգագետնին ու ծեծում էին իրենց սեփական նժույգներով՝ այսինքն ցախավելներով։
― Դու այդ ի՞նչ էիր ուզում անել, հը՞, ― ֆշշացնում էր Տիմբական։ ― Ուզում ես քեզ մողե՞ս դարձնենք, հը...
― Չէ, դարձնենք դոդոշ, ― առարկեց Ծիպիլին, ― սա իսկական դոդոշի բան է։ Էս ի՞նչ է դարձել աշխարհը, ոչ ոքի վստահել չի կարելի... Թուո՜ւ, լավությունն էլ չի անցնում հիմա։
― Ես մողես եմ ուզում դարձնել, թող խրատվի... համդա-չամդա դի՛-դի՛-դի՛... Դիլի-դիմ բո՛... դիլի մի՛...
― Ես դոդոշ եմ ուզում... Անդա-վանդա Տիմբա կո՜ւմ, Տիմբո բի՛մ...
Եվ խեղճ Փայտահատը նախ դարձավ մի փոքրիկ կանաչ մողես, հետո զգաց, որ պոչը կարճանում է, մարմինը մեծանում և ահա մի դոդոշ թռչկոտում էր կանաչների վրա։ Այսպես նա մր քանի անգամ մերթ մողես էր դառնում, մերթ դոդոշ, մերթ մողես, մերթ դոդոշ, մինչև պառավները հոգնեցին ու ընկան կանաչների վրա։
― Հը , էլ կփախչե՞ս, էլ կփորձե՞ս տունը կիսատ թողնել, ― հևալով ասաց Ծիպիլին։ Խեղճ Փայտահատը իր դոդոշային դուրս պրծած աչքերով մերթ մեկին էր նայում, մերթ մյուսին ու չգիտեր ինչ անի։ Մի՞թե իրեն կթողնեն այս վիճակում, մի՞թե նա ստիպված պիտի լինի իր ողջ կյանքում թռչկոտել այս անհայտ բացատի ճահճուտներում։
երբ պառավ կախարդների կատաղությունն անցավ ու բավականաչափ հանգստացան, Տիմբական ասաց.
― Նորից Փայտահատ դարձրու դրան, բավական է, ես կարծում եմ, որ խրատվեց։
― Դու դարձրու, ես դրան այլևս չեմ ուզում տեսնել, ― ասաց Ծիպիլին։ Նրա ջղայնությունը դեռ չէր անցել։
― Ցնդած պառավ, դոդոշ քո կախարդանքով դարձավ, միայն դու կարող ես ետ բերել նրան, ես մողես էի դարձրել։ Եվ հետո՝ դու պիտի շահագրգռված լինես, քո տնակն է մնացել կիսատ։
― Ճիշտ որ... ես բոլորովին այդ մասին մոռացել էի։
Հսւմդա-չամդա՜ դի՛-դի՛-դի՛...
Տիրիմ բո՜, չիրիմ բո՜...
Եվ նրանց առջև հայտնվեց ընկճված, խեղճացած Փայտահատը ե անմիջապես ընկավ պառավների ոտքերը.
― Ես... ես էլ չե՛մ անի... ես տնակը կավարտեմ... Ես մոշ էի հավաքում... ախր մոռացել էիք, քանի օր է ուտելիք չեք բերում... Ես էլ չե՛մ անի... տնակը կշինե՛մ...
― Լա՛վ, լա՛վ, մի թնկթնկա, հրեն ուտելիք բերել ենք։
Եվ իրոք, կիսատ տնակի մոտ դրված էր մի փոքրիկ կճուճ։
Երբ կախարդները թռան գնացին իրենց բանին, Փայտահատը կճուճը բաց արեց և տեսավ, որ մեջը միայն կանաչած ժաժիկ է։
― Կեղտոտ կախսյրդներ, առանց հացի ժաժիկն ի՞նչ անեմ, ֊֊ հիսաթափված փնթփնթաց Փայտահատը, բայց քիչ հետո սկսեց ագահորեն ուտել։ Ճիշտ է, դա բանի նման չէ, բայց քաղցած մարդու համար առանց հացի ժաժիկն էլ մի բան արժե։
Աշխարհում ամեն ինչ սակայն վերջ է ունենում, և Ծիպիլիի տնակն էլ ավարտվեց։ Դա մեծ ուրախություն էր Փայտահատի համար։ Վերջապես իրեն կտանեին իր հարազատ Տանձուտը, և նա, փոխանակ այդ անսիրտ կախարդների համար քոսոտ տնակներ շինելու, կզբաղվի իր սիրած գործով, մարդկանց համար շերեփ ու հավանգ կշինի, գուշ ու աղաման։ Ախ, ինչքա՜ն էր նա սիրում իր արհեստը։ Նրա կարծիքով՝ աշխարհի ամենամաքուր, ամենահետաքրքիր և ամենահանգիստ արհեստը։ Ախր իրենից բացի ո՞վ է այդպես հասկանում փայտի լեզուն և ո՞վ գիտի, որ իր պատրաստած իրերն աշխարհ են գալիս իր և. փայտի այդ կտորի համաձայնությամբ, որ փայտը իր բարեկամն է և երբ ինքը իր կեռ դանակով մտնում է փայտի մարմնի մեջ, ամենևին էլ ցւսվ չի պատճառում նրան, այլ թեթևություն։ Փւսյտն ուրախ է, որ ազատվում է ավելորդությունից և ընդունում է այն կերպարանքը, ինչի համար որ աշխարհ է եկել։ Փայտը շատ լավ գիտի, որ եթե չլինի փայտահատ վարպետը, կգան ուրիշ փայտահատներ, և այն ժամանակ ինքը կդառնա ընդամենը վառելիք։ Իսկ նախշերը... այն նախշերը, որ ինքը դնում էր հավանգների կամ գուշի վրա, շերեփների պոչերին՝ ուղղակի հիացմունք էին պատճառում։ Այդ էր պատճառը, որ հենց հասնում էր շուկա, նրա պատրաստած իրերն անմիջապես թռցնում էին։
Ահա թե ինչու էր Փայտահատն այդքան ուրախացել։ Ախր ամեն անգամ, երբ հիշում էր կնոջն ու երեխաներին, մինուճար եղբորը, տանջվում էր, շատ էր տանջվում։ Շատ էր մտածում հատկապես եղբոր մասին, որովհետև սրա խելքը տեղը չէր, և դրա համար Փայտահատը իրեն էր մեղադրում։ Դեռ Գառնիկը մեկ տարեկան էր, երբ խաղացնելիս Փայտահատը ցած գցեց նրան, այն էլ գլխի վրա։ Երբ երեխան մեծացավ և պարզվեց, որ խելքից պակաս է, Փայտահատը սկսեց մտածել, թե գլխիվայր գցելն է պատճառը։ Օ՞վ գիտե, գուցե դա չէր պատճառը, բայց նրա խիղճը տանջում էր։ Բանն այն է, որ երբ ինքը ամուսնացավ և անտառին մոտիկ տուն շինեց իր համար, եղբայրը մնաց պապական տանը՝ գյուղում։ Ու հիմա նա մենակ է ապրում։ Տեսնես ի՞նչ է անում հիմա, ոնց է այդ աստծու ոչխարը, քաղցած է, թե կուշտ։
Շատ էր մտածում Փայտահատը բոլորի մասին։ Ախր որ շատ ուշանա, չի կարողանա ձմեռվա պաշար տեսնել, իսկ այդ կողմերում ձմեռը երկար ու խիստ է լինում, հարկավոր է նախօրոք պաշար հավաքել։
Եվ ահա տունն ավարտելուց հետո նա անհամբեր սպասում էր կախարդների վերադարձին։ Նրա սիրտը ուրախությունից ճխում էր։ Չէ՞ որ վերջապես տուն էր գնալու, հարազատների մոտ, վերջապես պետք է լքեր այս անձուկ բացատը։
Նրա բախտից կախարդներն այդ օրը շուտ վերադարձան։
Ծիպիլին պտտվեց տան շուրջը, մտավ ներս, դուրս եկավ ծխնելույզից, հետո նորից պտույտներ կատարեց տան վրա, նորից ներս մտավ, այս անգամ արդեն մտավ ծխնելույզից, դուրս եկավ դռնից։ Գլուխը տմբտմբացրեց ու հանկարծ, ցախավելին հեծելով, անհայտացավ։ Փայտահատը հուսահատությունից չգիտեր ինչ անի, ախր ո՞ւր գնաց այդ փտած պառավը, ախր դժգոհելու ոչ մի պատճառ չուներ, ամեն ինչ կարգին է արել և չի մոռացել անգամ դռների ու պատուհանների զարդատախտակները։ Իսկ կախարդը չկար ու չկար։ Բավական ժամանակ անցավ մինչև նա հայտնվեց ցախավելը բեռնած զանազան կենդանիների մորթիներով։
― Այդ հարամ կաթնակերը, ― ասաց նա ցույց տալով Տիմբակայի տնակը, ― այդ անպետք Տիմբական ծղոտի վրա է քնում։ Դե նա ինչ է տեսել կյանքում որ... Իսկ ես, ես ազնվական կախարդ եմ, ես Պինդո եմ։ Գիտե՞ս ինչ բան է Պհնդոն։ Դե դու որտեղի՞ց պիտի իմանաս, հետամնաց գյուղացի։ Հա, ես ծղոտի վրա քնելու սովոր չեմ, ես մորթի եմ սիրում։ ― Ու նա բերած մորթիները քարշ տալով տարավ խրճիթ։ Քիչ հետո դուրս եկավ, նորից պտտվեց տնակի շուրջն ու ասաց.
― Խոսք չունեմ, լավ ես շինել, միայն թե ծխնելույզը ոնց որ թե նեղ է։
― Չէ՛, չէ՛, — վախեցավ Փայտահատը, — նեղ չէ, քո ասած չափով եմ շինել։
― Ես շատ բան կասեմ, դու ես վարպետը, պիտի հասկանայիր, որ նեղ է։
― Բայց դու հեշտությամբ ներս մտար ծխնելույզով։
― Այո, բայց...
― Էլ ի՞նչ բայց, — ասաց մոտեցող Տիմբական։ — ես էլ տեսա, որ հեշտությամբ ներս ու դուրս էիր անում, էլ ո՞ւր ես անուն կպցնում։
― Դե ես բան չեմ ասում... ոչինչ, վատ չի ստացվել... լա՜վ է... լա՛վ է, լա՛վ է... Դու պայմանը կատարեցիր, մենք քեզ դոդոշ չենք դարձնի։
― Չէ, մեղք է, — ասաց Տիմբական։ — Մենք նրան արծիվ կդարձնենք, իբրև պարգևատրություն։
Փայտահատի սիրտը ահ ընկավ, և նա թուքը կուլ տալով հազիվ կարողացավ շշնջալ,
― Մեր պւսյմանի համաձայն...
― Հո՛, հո՛, հո՛... պայման, չէ՜ մի պայմանագիր... լա՛վ, գնա քնի՛ր, առավոտյան պայմանի մասին կմտածենք, ― այս խոսքերի հետ Տիմբական թռավ դեպի իր հարավային տնակը, որի պատուհանը նայում էր հյուսիսային կողմը, իսկ Ծիպիլին մտավ իր նոր շինած հյուսիսային տնակը։
Ամբողջ գիշեր Փայտահատը աչք չկպցրեց։ Եվ մի՞թե մարդու աչքին քուն կգար նման խոսակցությունից հետո։ Միայն լուսադեմին մի փոքր նիրհեց։ Իսկ երբ աչքերը բացեց, արդեն սարսափելին կատարված էր... Նախ նա զգաց, որ գտնվում է մի տարօրինակ անտառում։ Ծառերը սովորական ծսսռեոր նման կլոր բներով չէին, այլ տափակ ու սուր, ասես հսկայական դանակներ լինեին վեր ցցված, բները ոչ թե շագանակագույն էին, այլ կանաչ։ Կային նաև կլոր բներով ծառեր, որոնց վերևում գույնզգույն պսակաձև ճյուղեր էին տարածված։ Այս բոլորը նրան շատ զարմացրեց, սակայն շուտով հասկացավ, որ դա անտառ չէ, որ պարզապես ինքն է փոքրացել և դրա համար խոտերը մեծ են երևում, ծառերի չափ։ Հիշեց, որ երբ ինքը մողես էր ու դոդոշ, էլի խոտերն այդպես էին երևում իր աչքին։ Հիշեց ու սարսափեց։ Մի՞թե պառավներն էլի իրեն մողես են դարձրել։ Ուզեց վեր կենալ և դրա համար փորձեց ձեռքերով հենվել գետնին։ Եվ հենց այդ ժամանակ էլ նկատեց, որ թռչնի թևեր ունի։ Այդ րոպեին նա ուզեց մեռնել, ուզեց ճչալ։ Եվ ճչաց։ Սայկայն ճիչի փոխարեն «Ղա՜» ստացվեց։ Ուրեմն ագռավ են դարձրել իրեն։ Նա թևերը թափահարեց և հեշտությամբ թռչելով օդ, այնտեղից տեսավ բացատը, իր շինած երկու տնակները, իսկ պառավների հետքն անգամ չկար։ Մի պտույտ կատարեց բացատի շուրջը և նստեց Տիմբակայի տնակի կտուրին։ Այդ րոպեին նա ուզում էր ինքնասպանություն գործել, բայց չգիտեր, թե ագռավներն ինչպես են ինքնասպանություն գործում։
Իսկ այդ ժամանակ կախարդները հեռու էին, շատ հեռու, նրանք թռչում էին դեպի հյուսիս-արևմուտք և ահա թե ինչ էին խոսում.
― Մենք լավ չարեցինք, ― ասում էր Ծիպիլին։ ― Մանավանդ քնած ժամանակ։ Հիմա որ արթնանա լեղին կճաքի։
― Տեղն է իրեն, ինչո՞ւ էր փախչում... Նրան որ թողնեինք գնար՝ մեր տեղը կպատմեր մարդկանց, ― ասում էր Տիմբական։ ― Հազիվ կախարդավարի նոր տնակներ ենք ձեռք բերել այդպիսի գեղեցիկ, անմարդաբնակ բացատում։
― Մենք կարող էինք նրան քնած ժամանակ տանել իր Տանձուտը։ Հազար տարի մնար, չէր գտնի մեր տեղը։
― Այդպե՞ս ես կարծում... Դու մարդկանց լավ չգիտես, նրանք շան հոտառություն ունեն, կգան կգտնեն... Այդ ժամանակ ի՞նչ պիտի անենք։
― Այդ ժամանակ էլ կկերպարանափոխենք, ինչո՞ւ առաջ ընկանք, ― բողոքում էր Ծիպիլին։
― Չէ, տեսնում եմ դու քանի գնում չարությունդ կորցնում ես, իմացիր, հա՜, սարսափելի պատիժ կա։
― Գիտեմ, դիրի-դիմ բո, գիտեմ։ Բայց չէ՞ որ մենք այդ մարդու հետ պայման ունեինք։
― Պայմա՜ն... մոռացե՞լ ես, թե մարդիկ երկու հարյուր տասնհինգ տարի առաջ ինչպես գրավեցին մեր բացատը...
― Չեմ մոռացել, բայց այս Փայտահատը ոչ մի մեղք չուներ, քո կեղտոտ պապը պատճառ եղավ... չէ՛, երեկոյան որ վերադառնամ նորից կկերպարանափոխեմ նրան... Ինչ ուզում ես ասա, էլի բարեխիղճ մարդ էր և լավ վարպետ, ուրիշը լիներ, կարող էր չանել և մանավանդ այդքան լավ չսարքել։
― Քո գործն է, ուզում ես կերպարանափոխի... Ի միջի այլոց, դու ես ագռավ դարձրել, դու էլ կարող ես մարդ դարձնել, չնայած ես անձամբ խորհուրդ չէի տա։ Համ էլ՝ ինչո՞ւ կերպարանափոխեցիր։
― Ես քեզ լսեցի, հարամ կաթնակեր։ Բայց որ վերադարձա, կկերպարանափոխեմ ու կտանեմ իր Տանձուտը։
― Ե՞ս եմ կաթնակերը, հա՞, ― ու Տիմբական հասավ Ծիպիլիի վրա։ Բայց Ծիպիլին այնպես պոկվեց տեղից, այնպես արագ սլացավ, որ Տիմբական հասնելու հույսը կտրեց։
― Կա՜ց, ― գոռում էր նա, ― սպասիր, ես քեզ այնպես կկծեմ, որ հարյուր տարի չլավանա։
― Թե կարող ես, հասի՛ր, ― Ծիպիլին ավելի արագացրեց ընթացքը։
― է-հե՜յ, Դիրի-դիմ-բո, կանգնի՜ր, կանգնի՜ր, ասում եմ, ցնդած պաոավ, թե չէ որ հասել եմ՝ փոշի կդարձնեմ, քեզանից պարան կհյուսեմ,― գոռում էր Տիմբական առջևից սլացող Ծիպիլիի հետևից։
Արդեն երևի դուք գլխի ընկաք, թե այս ամբողջ պատմությունը երբ է եղել։
Այո, էսկիմոս տղային փրկելու օրը։ Այնպես որ, երբ կախարդ պառավները վերադարձան բացատ, Ծիպիլին չկարողացավ իր խոստումը կատարել, նա արդեն կերպարանափոխելու և կերպարանափոխվելու ընդունակությունը կորցրել էր ու թեև շատ էր զղջում, բայց ի՞նչ կարող էր անել, եղածն եղել էր։
Այդպես էլ Փայտահատը մնաց ագռավ, սակայն մարդկային կյանքին վերադառնալու հույսերը դեռ չէր կորցրել, դրա համար էլ պոկ չէր գալիս պառավներից, օգնում էր նրանց, որ շուտ վերականգնեն իրենց կախարդական զորությունը և այն ժամանակ, ո՞վ գիւոե, գուցե խղճան ու իրեն էլ նորից դարձնեն մարդ։
=== Գ. Հանդիպում ===
Մանուշի գնալուց հետո Հասմիկն, այնուամենայնիվ, սկսեց մեկ-մեկ նայել մոտակա թփերի տակ։ Նա այդպես էլ չհավատաց, թե Տարոնը կւսրող էր հեռու գնացւսծ լինել։ Եվ ինչպե՛ս հավատար, երբ իսկապես շատ քիչ ժամանակ էր անցել։ Մեկը որ հեռվից նայեր, կզարմանար, ախր Հասմիկը նույնիսկ խոտերի մեջ էր Տարոնին փնտրում, կարծես նա մկնիկ էր, որ խոտերի մեջ պահվեր։ Փնտրում էր ու ինքն իրեն հանդիմանում, որ չկարողացավ կարգին դիմադրել ու թույլ տվեց, որ Տարոնին հետները վերցնեն։ Ախր նույնիսկ մոտակա թփուտները գնալիս նա հոգի էր հանում, ուր մնաց մեծ անտառում։ Այս մտքերի հետ էր, երբ թփի տակ տեսավ Տարոնր զամբյուղներից մեկը։
― Տարո՜ն, — ձայն տվեց Հասմիկը հուսադրված։
Պատասխան չեղավ, բայց ահա հենց հաջորդ թփի տակ տեսավ Տարոնին։ Ամբողջովին հաղարջոտված բերանով, ուռեցրած թշերով նա կծկվել էր հաղարջի թփի տակ, այնպես, որ իրեն չտեսնեն։
― Ա՛յ դու անպիտան տղա, այսքան կանչում ենք չե՞ս լսում։
― Ո՛ւ― հո՜ւ, հո՜ւ-ուո՜ւ-հո՜ւ... — փակ շրթունքներով հազիվ արտաբերեց Տարոնը։
― Ի՞նչ, ի՞նչ։
― Ըմ-ո՛ւմ... ո՛ւ-հուո՜ւ...
― Էլ ոնց պիտի խոսես, երբ բերանդ լիքը հաղարջ է... Կուլ տուր, կուլ տուր, թե չէ կխեղդվես... Սրան տես, կարծես մեր ներկւսյությամբ չի կարող հավաքել իր հաղարջը, որ թաքնվել է։
Տարոնը մի կերպ կուլ տվեց բերանի հաղարջը և հարձակվեց Հասմիկի վրա.
― Ի՞նչ եք ուզում ինձանից... Ամեն մարդ թող իր համար հավաքի, թե չէ՝ Տարո՜ն, Տարո՜ն... Ես ձեր ամեն կանչելուն որ պատասխանեմ՝ ձայնս կկտրվի։
Հասմիկը նման հանդգնություն չէր սպասում։ Կարծում էր, թե Տարոնը կզղջա իր արածի համար, ներողություն կխնդրի, մինչդեռ դուրս է գալիս, որ մի բան էլ իրենք են պարտք մնում։
― Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում... չէ՛, չէ՛, դու քեզ հաշիվ տալի՞ս ես, ախր մենք քեզ համար պատասխան ենք տալու... Չտեսա՞ր, եթե մենք չուզենայինք կամ չխոստւսնայինք, որ քեզ կհետևենք, մայրդ չէր թողնի գաս։ Իսկ դո՞ւ փոխանակ հաղարջ հավաքելու՝ փորդ ես լցնում։
― Մայրիկն ասաց՝ քո բերած հաղարջն ինձ պետք չի, չլսեցի՞ր, մենակ ողջ-առողջ տուն արի։
― Բա մենք ի՛նչ ենք ուզում, մենք էլ ուզում ենք, որ ողջ-առողջ տուն հասնես։
― Ես քաղցած եմ, — տրտնջաց Տարոնը։
― Քաղցած ես, հաց կեր, հաղարջո՞վ պիտի կշտանաս։ Այդքան որ հաղարջ ուտես, փորդ կցավի... — Հետո նա ձեռքերը բերանին տարավ և բարձր կանչեց.
― Մանո՜ւշ... Մանո՜ւշ, Տարոնն այստե՜ղ է...
Բայց Մանուշն արդեն ձորը անցել էր և Հասմիկի ձայնը լսել չէր կարող։
Տեսնելով, որ Մանուշը չի պատասխանում, Հասմիկը նորից հարձակվեց Տարոնի վրա.
― Ամոթ չունես դու, ահա թե ինչ։ Հիմա որ Մանուշին կորցնենք, ի՞նչ պիտի անենք։
― Չենք կորցնի, արի գնանք նրա հետևից։
― Անտառում այդպես չի կարելի անել, պետք է տեղում սպասել, թե չէ կկորցնենք իրար, — կրկնեց նա Մանուշի խոսքերը։
― Դե արի հաղարջ հավաքենք։
― Հավաքիր, հավաքիր, թե չէ դատարկ զամբյուղներով հո տուն չես գնա, — ասաց Հասմիկն ու նորից ձայն տվեց. ― Մանո՜ւշ, Մանո՜ւշ, Տարոնը գտնվե՜ց...
― Հենց որ կշտանամ, զամբյուղներս կլցնեմ, երկու զամբյուղն ինչ է որ։
― Տես, արևը ուր հասավ, էլ ո՞նց պիտի լցնես...
― Ուզենամ, մի կողով կհավաքեմ։
― Հիմա էլ կողով... Բավական է գլուխ գովես, կողո՜վ... դու դեռ զամբյուղներդ լցրու։
Հենց այդ ժամանակ էլ ծառի հետևից դուրս եկավ Տիմբական։ Նա շատ բարի դեմք ուներ, և նրա աչքերը ժպտում էին։ Երեխաները մնացին զարմացած․ այս պառավը որտեղի՞ց հայտնվեց։
― Աղջիկ ջան, ինչո՞ւ ես անհանգստանում, — ասաց պառավը մոտենալով։ — Տղան ճիշտ է ասում, մի կողովի եղածն ի՞նչ է, որ չհավաքի։
― Վա՜յ, տատի՛կ, ինչպե՞ս եկաք, որ ձեզ չտեսա, — ասաց Հասմիկը։
― Իսկ ես ձեզ տեսա՜, ― ասաց պառավը՝ շարունակելով ժպտալ։ -― Ես ցախ եմ հավաքում, բալիկներս... Եթե ուզում եք, հաղարջուտ ցույց կտամ ձեզ... Այնքան հաղարջ կա, այնքան հաղարջ կա՝ կարմիր, սև...
― Չէ, ինչո՞ւ չարչարվեք, մենք կգտնենք, տատիկ, ― առարկեց Հասմիկը՝ իսկապես խղճալով պառավին։ ― Ձեզ համար դժվար կլինի։
― Ոչ մի դժվարություն, դժվարությո՞ւնս որն է, մի երկու քայլ է այստեղից։
― Չէ, չենք կարող, մենք կսպասենք, ― պնդեց Հասմիկը։
― Թող ցույց տա, — բողոքեց Տարոնը։ — Տեսնո՞ւմ ես, ասում է շատ կա։
― Շա՜տ, շատ կա... արագ կլցնեք զամբյուղները։ Տեղում կկանգնեք ու կհավաքեք, իսկի ման գալ պետք չի։
Տարոնն իրեն կորցրեց.
― Գնանք, տատիկ, գնանք ցույց տուր, ― ասաց նա։
Բայց Հասմիկն անդրդվելի էր, և նա համառորեն պնդում էր իրենը.
― Չէ, Մանուշին կսպասենք, մինչև նա չգա՝ ոչ մհ տեղ էլ չենք գնա։
― Մանուշը ո՞վ է, աղջիկս, — հարցրեց Տիմբական։
― Մեր ընկերն է... Գնաց սրան փնտրելու, կորել էր անպիտանը։ Մտել էր թփի տակ ու ձայն չէր հանում։
― Վա՜յ-վա՜յ, վա՜յ, ― գլուխն օրորեց Տիմբական, ― բա եղա՞վ, տղա ջան, անտառում կորչելը ոնց որ մի բաժակ ջուր խմես։ Քույրիկդ ճիշտ է ասում, հարկավոր է խելացի լինել։
― Նա իմ քույրիկը չի, ― կտրեց Տարոնը։
― Քույրիկդ չի, ընկերդ է, ի՞նչ աարբերությոն։ Տեսնո՞ւմ ես, ինչպես է քեզ համար անհանգստանում, ոնց որ հարազատ քույրդ լինի։
― Ի՛նչ անենք, ես ուզում եմ հաղարջուտ գնալ։ Ցույց տուր տեղը, տատիկ։
― Չէ, ինչպես կարելի է, եթե ընկերուհիդ չի ուզում։
― Ես ուզում եմ, ― ասաց Հասմիկը։ ― Ես ուզում եմ, միայն թե մեր մյուս ընկերոջը կկորցնենք, վախենում եմ։
― Մի՛ վախեցիր, աղջիկս, դրա համար մի վախեցիր։ Հենց որ գա, քույրիկս կբերի հաղարջուտ։
― Ի՞նչ քույրիկ, որտե՞ղ է նա, ― հարցրեց Հասմիկը։
Ծառի հետևից դուրս եկավ Ծիպիլին, բարի-բարի դեմքով և մեղրածոր ձայնով ասաց.
― Ես այստեղ եմ, աղջիկս, ես էլ հաղարջուտի տեղը գիտեմ։ Հենց որ քույրիկդ գա կբերեմ ձեզ մոտ, ― ասաց նա։
― Ահա, տեսա՞ր, Մանուշին կբերի այնտեղ, ― Տարոնը զամբյուղները վերցնելով առաջ անցավ։
― Հեռու չի, ― շարունակեց Ծիպիլին։ ― Ա՛յ, այն ձորակն անցնենք կսկսվի հաղաոջուտը։ ― Եվ նա մատով ցույց տվեց անտառի խորքը։
― Այնքան շա՜տ կա, այնքան շա՜տ, միայն կանգնիր ու հավաքիր...
― Բա որ ասում եմ, ― ավելացրեց Տիմբական, ― գնացինք, երեխաներ։
-― Գնա՛նք, գնա՛նք, ― անհամբեր ասաց Տարոնը։ Բայց Հասմիկը դեռ տատանվում էր.
― Ախր սա անելու թան չի... պիտի սպասենք Մանուշին։
― Լավ, ուզո՞ւմ եք չգնանք։ Ես ձեզ համար եմ ասում։ ― Տիմբական մի քանի քայլ հեռացավ և սկսեց չոր ճյուղեր հավաքել։
Բայց այստեղ արդեն Տարոնը ձայնը գլուխը գցեց.
― Ես ուզում եմ գնալ, ես ուզում եմ հաղարջ հավաքել։ Չես ուզում, դու մնա, ես կգնամ,― ասաց նա։ ― Գնանք, տատիկ, ես գալիս եմ։
― էդ չեղավ, տղա ջան, ― միջամտեց Ծիպիլին։ ― Որ աղջիկը չի ուզում, դու մենակ ո՞նց գնաս։ Այդպես չի կարելի։
― Բա ինչի՞ չի ուզում... Որ չի ուզում՝ ինքը իր համար, ես ինձ համար։
― Լա՛վ, գնանք, ― վերջապես որոշեց Հասմիկը, ― միայն թե, տատիկ, այստեղից չհեռանաք, Մանուշին էլ բերեք մեզ մոտ։
― Բա ո՜նց, ― ուրախացավ Ծիպիլին։ ― Ես տեղիցս չեմ շարժվի, դուք հանգիստ գնացեք։ ― Տիմբակա, լսո՞ւմ ես, աղջիկը համաձայն է... Տար, շուտ տար հաղարջուտ, թե չէ ժամանակ է կորչում։
Տիմբակային էլ այդ էր հարկավոր, իսկույն առաջ ընկավ, ու նրանք իջան մոտակա ձորակը։
― Ցտեսություն, երեխաներ, ես այստեղ սպասում եմ, ― ավելի վստահեցնելու համար ձայն տվեց Ծիպիլին։
Նրանք գնում էին ձորակով դեպի ցած, բայց քիչ հետո Տիմբական կտրուկ շրջվեց դեպի ձախ և բարձրացավ վեր։ Խոշոր ծառերը գնալով փոքրացան ու վերածվեցին բարձր, իրար միացած թփուտների, և Տիմբական հազիվ էր ճանապարհ բացում։
― Հրես կհասնենք, ա՛յ, այս մացառուտը անցնենք, կսկսվի հաղարջուտը, ― ասում էր նա։ Քիչ հետո իսկապես սկսեցին երևալ հաղարջի թփեր, որոնց վրա բավական շատ հաղարջ կար, և Տարոնը քայլելով պոկում էր կախված ճութերը։ Մի տեղ նույնիսկ նա ուզում էր կանգնել, բայց Տիմբական չթողեց։
― Սա ի՞նչ հաղարջ է որ, կարգին չի էլ կարմրել, այ այն փոքրիկ զառիթափով որ բարձրանանք, կհասնենք հաղարջուտ։
Հենց որ զառիթափը բարձրացան, հրաշալի մի տեսարան բացվեց։ Հաղարջուտ, ի՜նչ հաղարջուտ, ուղղակի հրաշք... Պառավները չէին խաբում, այստեղ նույնիսկ կողովներով կարելի էր հավաքել։ Լիքը հաղարջ էր՝ սև, կարմիր։ Նույնիսկ Հասմիկը, որ այնքան էլ ուրախ չէր գալու համար և անընդհատ Մանուշի մասին էր մտածում, նետվեց հաղարջուտի մեջ։ Թփերը բարձր էին, և երեխաներին հաղարջուտը կարծես կուլ տվեց կանաչ ու կարմիր իր լաբիրինթոսում։
Տիմբական անմիջապես ետ դարձավ։ Նա չէր վստահում Ծիպիլիին, վախենում էր, թե կարող է գործը փչացնել։ Ցնդած պառավ է, մեկ էլ տեսար այն չասաց, ինչ որ հարկավոր է։ Համոզված էր, որ երեխաները հաղարջուտից շուտ դուրս չեն գա, եթե դուրս էլ գան՝ այլևս նույն տեղը վերադառնալ չեն կարող, քանի որ ինքը նրանց շատ էր պտտեցրել անտառում և դժվար թե ճիշտ ճանապարհը կարողանային գտնել։ Ու Տիմբական շտապեց Ծիպիլիի մոտ։
Թող շտապի։ Իսկ մենք տեսնենք, թե ինչ եղավ Մանուշը, մինչև ուր հասցրեց նրան Ագռավը։ Եվ այսպես, Մանուշը գնաց Ագռավի հետևից և շուտով մոտեցավ այն թփին, որի ետևում, ինչպես նրան թվաց, մեկը պահ է մտել։ Բայց շուտով համոզվեց, որ ոչ ոք չկա և չուզենալով ավելի խորանալ անտառում, հետ դարձավ։ «Հանկարծ Հասմիկին էլ կկորցնեմ», — մտածեց նա։ նրան հանդիպում էին ամբողջովին կարմրին տվող հաղարջի թփեր, բայց աչքին ոչինչ չէր երևում։ Մանուշն ուշիմ աղջիկ էր և խորանալով անտառում, միաժամանակ նշաններ էր թողնում, որ չմոլորվի, այդ էր պատճառը, որ նա շուտով հայտնվեց այնտեղ, որտեղ թողել էր Հասմիկին։ Հասմիկի փոխարեն նա տեսավ Ծիպիլիին, որը փեշի մեջ հաղարջ էր հավաքում։ Մանուշը շատ ուրախացավ, որ իրենք մենակ չեն անտառում, բայց անհանգստացավ Հասմիկի համար։
― Տատիկ, — հւսրցրեց նա, ― այստեղ մի աղջիկ կար, չտեսա՞ր.
― ես հո կույր չեմ, որ չտեսնեի, աղջիկս։ Միայն թե մենակ չէր, մի տղա էլ կար հետը։
― Ի՞նչ, մի տղա՞... Այսպես, փոքրիկ, կլորիկ մի տղա՞...
― Հա՛, հա՛, փոքրի՜կ, կլորի՜կ, գնդլի՜կ, ձեռքին էլ երկու զամբյուղ։
― Երկու զամբյո՞ւղ... Տարոնն է, ― բացականչեց ուրախացած Մանուշը, ― Իսկ ո՞ւր գնացին, չիմացա՞ր։
― Իմացա, սիրունիկս, իմացա... ա՛յ, այն կողմը գնացին։ ― Եվ Ծիպիլին ցույց տվեց բոլորովին հակառակ կողմը։
― Վաղո՞ւց են գնացել, որ արագ գնամ կհասնե՞մ։
― Իհարկե, կհասնես, նրանք հաղարջ հավաքելով էին գնում։ Միայն թե շտապիր, ա՛յ, այս արահետը բռնիր ու գնա։
Հենց Մանուշը կորավ ծառերի հետևում, Ծիպիլին ձեռքերը շփելով վեր-վեր թռավ և սկսեց կախարդավարի մի երգ երգել։
― Տիմբո-բումո-Տիմբակա-կում... սկիզբը լավ էր, մնում է կատաղած արջի մոտ հասցնենք։
<center>
Դիլի-դիմ բո՜, դիլի-դիմ բո՜,
Մնաց արջին հասցնենք.
Տիլի մին-գո՜, Տիլի մին-գո՜,
Արջի երախը գցենք։
</center>
Տիմբական, տեսնելով Ծիպիլիին պարելիս, լավ բան չգուշակեց. «Մի բան արել է քաֆթառը, ― մտածեց նա, ― լավ բան նրանից չի կարելի սպասել»։
― Հը, ի՞նչ ես պարում, աղջիկը գտնվե՞ց...
― Գտնվեց, այն էլ ինչպես։ Դու ասա, թե ինչ արեցիր այն երկուսին։
― Ի՞նչ պիտի անեի, հասցրեցի հաղարջուտ։ Հաղարջուտ հո չի, իսկական լաբիրինթոս։ Լավ որ խորանան, կարող է նույնիսկ անդունդը ընկնեն... ― Մանուշն ի՞նչ եղավ։
― Մանուշն եկավ, ― ձեռքերը շվւելով ասաց Ծիպիլին... ― Ուղարկեցի հակառակ կողմը, դեպի արջի տնակը, հի՛, հի՛, հի՛...
― Ապրես, Ծիպիլի... Այդ մեկը ճիշտ ես արել, բայց արի շուտ գնանք հետևից, թե չէ մեկ էլ տեսար հետ եկավ։
― Գնանք, գնանք, գործերը հաջող են գնում, ― ոգևորված առաջ ընկնելով ասաց Ծիպիլին։
Տիմբական մռայլվեց։
― Չեմ սիրում, որ գործը չավարտված վեր-վեր ես թռչում... ― Գլուխը դարձնելով դեպի ձախ և ուսի վրայից երեք անգամ թքելով, ասաց Տիմբական. — Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, աչքով չտաս... Առանց այն էլ կեղտոտ աչք ունես։
եվ նրանք շտապեցին Մանուշի ետևից։ Սակայն քիչ հետո շատ զարմացան, որ արահետը բաժանվեց երկու մասի, չգիտեին՝ ա՞ջ գնան, թե ձախ։ Օգնության հասավ Ագռավը, որը հետևել էր Մանուշին։ Նա «ղա՜, ղա՜» անելով նետվեց դեպի աջ, ու կախարդները ևս գնացին աջ։ Քիչ հետո նրանք լսեցին Մանուշի ձայնը, որը կանչում էր.
― Տարո՜ն, Հասմի՜կ... Որտե՞ղ եք, հե՜յ...
― Ահա, հասնում ենք, ― ասաց Տիմբական։ ― Արի մի կարգին մտածենք, թե ինչ ենք անելու, թե չէ ունքը սարքելու տեղ, աչքն էլ կհանենք։
― Էստեղ ի՞նչ կա մտածելու, տանում ենք կատաղած արջի մոտ և վերջ, ― ասաց Ծիպիլին։
― «Եվ վերջ»... ― նրա տնազն արեց Տիմբական։ ― Այդքան հեշտ որ լիներ, հիմա մենք էլի կախարդ կլինեինք, ամեն անգամ մի դատարկ բանի համար անհաջողության ենք մատնվում... Հա, տանենք կատաղած արջի մոտ, բայց ո՞նց...
― Շատ հասարակ, ― ցախավելը գետնին խփելով ասաց Ծիպիլին...
― «Հասարակ», «հասարակ»... մտածել է պետք։
Բայց մտածելու ժամանակ չեղավ։ Տեսնելով, որ երեխաները չկան, Մանուշը եկած ճանապարհով հետ գնաց և հանդիպեց պառավներին։
― Տես է, սիրունիկ Մանուշիկն էստեղ է, ― Ինչքան որ կարող էր քաղցր ձայնով ասաց Տիմբական։
― Վայ, էս ո՞ւր ես հասել, Մանուշիկ, ― զարմացավ Ծիպիլին։
― Տատիկ, ես այդպես էլ չհասա ընկերներիս, երևի ուրիշ ճանապարհով են գնացել, ―գանգատվեց Մանուշը։
― Դե, իհարկե, ուրիշ ճանապարհով... Բա ես քեզ չասացի՞ ― ուղիղ գնա։
― Ուղիղ գնացի, տատիկ, բայց չհասա։
― Շեղվել ես, անպայման շեղվել ես, որ ուղիղ գնայիր, այստեղ չէիր լինի, ― միջամտեց Տիմբական։
― Կամ էլ իրենք են շեղվել, ― ենթադրեց Ծիպիլին։
― Բա հիմա ես ի՞նչ անեմ, — տխուր ասաց Մանուշը։
― Ի՛նչ պիտի անես, մնա մեզ հետ, եղիր մեզ թոռնիկ... Հ.ը՜, ինչ է, լավ տատիկ չե՞նք, ― ժպտալով ասաց Ծիպիլին։
― է՜, կատակ մի արեք։
― Իսկ մենք կատակ չենք անում, մնա մեզ հետ։
― Ո՞նց մնամ, ինձ տանը սպասում են։ Ախր գնալն էլ անհարմար է, մենակ ո՞նց տուն գնամ, ի՞նչ կասեն։ Ասենք, որ ուզենամ էլ չեմ կարոդ գնալ, ճանապարհը կորցրել եմ, չգիտեմ, թե ինչպես դուրս գամ անտառից։
― Մենք կտանենք քեզ, Մանուշիկ, մենք քեզ անտառից կհանենք։
― Հա՞, կհանե՞ք, — ուրախացավ Մանուշը։
― Իհարկե, կհանենք, բա հո չենք թողնի անտառում։
Մանուշը նորից տխրեց.
― Ախր առանց Տարոնի, Հասմիկի ոնց գնամ։
― Ինչո՞ւ առանց նրանց, մենք քեզ կօգնենք, որ գտնես ընկերներիդ, ― ասաց Տիմբական։
― Տատիկներ ջան, ինչքան լա՜վն Եք... Օգնեք գտնեմ նրանց, թե չէ առանց նրանց ես ի՞նչ պիտի անեմ։
― Այս ի՞նչ է, Մանուշիկ, դեռ հաղարջ չե՞ս հավաքել, ― ասաց Ծիպիլին։ ― Տեսնում եմ, զամբյուղդ դատարկ է։
― Է, էլ ի՞նչ հաղարջ, ինչի՞ս է պետք... Ինձ հաղարջ պետք չի, մենակ Հասմիկն ու Տարոնը գտնվեին։
― Չէ, էդպես մի ասա, աղջիկս, դատարկ ձեռքով տուն չեն գնա։ Տուր, տուր զամբյուղդ։― Եվ Ծիպիլին գրեթե ուժով խլեց Մանուշի զամբյուղն ու մեջը լցրեց իր փեշի հաղարջը։
― Էդ ի՞նչ արեցիր, տատիկ, բա ձեզ...
― Մենք հաղարջն ի՞նչ ենք անում, ձեզ համար էի հավաքել։ Ախր մենք ցախ հավաքելու ենք եկել։ Բայց ոչինչ, մեր ցախը միշտ կա ու կա։ եթե ուզում ես, էլի հաղարջ կհավաքեմ քեզ համար։
Այդ ժամանակ «ղա՜, ղա՜» անելով նորից հայտնվեց Ագռավը։ Մանուշը վաղուց էր ուշադրություն դարձրել Ագռավի վրա ու հիմա վազեց նրան ընդառաջ, մտածելով, թե երեխաների տեղն է ուզում ցույց տալ։
― Էլի էս Ագռավը... Տատիկներ..., սա ինչ-որ բան է ուզում ասել, չեմ հասկանում։
― Երևի երեխաների տեղը գիտի, դու գնա նրա հետևից, մենք էլ ենք գալիս։
Օգտվելով առիթից, Տիմբական խփեց Ծիպիլիի կողքին.
― Էլի բարությունդ բռնեց... Ի՞նչ ես մեկ հաղարջ տալիս, մեկ խոստանում էլի հավաքել։
― Բա ո՜նց, գործի համար պիտի բարի լինենք։
― «Գործի համար», «գործի համար»... կարծես քեզ չգիտեմ։ Տեսնում եմ, էլի փափկեցիր... Հասկացիր, արտաքինից պիտի բարի լինես, իսկ ներսում պիտի չարություն ունենաս... Շա՜տ չարություն... Պիտի մտածես, որ այս Մանուշը քո համար առաջին թշնամին է, որ նա քեզ զրկել է կախարդելու իրավունքից, հասկացա՞ր։
― Ախր նա ի՞նչ մեղք ունի, ի՞նձ ինչ է արել, ― տրտնջաց Ծիպիլին։
― Դու անհասկացողի մեկն ես... Այսքան ասում եմ գլուխդ չի մտնում... Դու պիտի մտածես, որ հենց այս աղջկա պատճառով ես զրկվել կախարդանքից։
-― Ախր ո՞նց մտածեմ, երբ պատճառը էսկիմոս տղան էր։
Մանուշը տեսավ, որ պառավները կանգնել վիճում են, մոտեցավ.
― Ի՞նչ է եղել, տատիկներ, ի՞նչի մասին եք վիճում։
― Մե՞նք ենք վիճում, ― ասաց Տիմբական։ ― Ընդհակառակը, մենք որոշում ենք, թե քեզ ո՞ր ճանապարհով անտառից դուրս բերենք։ Ախր երկու ճանապարհ կա։
― Ինձ համար մեկ է, ― ասաց Մանուշը։ ― Նույնիսկ պետք չի, որ դուք հետս գաք, ճանապարհը ցույց տվեք, ես կգնամ։
― Բա ընկերներդ, ընկերներիդ չգտնե՞նք, ― ասաց Ծիպիլին։
Ագռավն այդ ժամանակ մի շրջան կատարեց բոլորի գլխավերևում՝ անընդհատ կռավելով։ Ծիպիլին ականջները լարեց։ Միայն նա էր հասկանում Ագռավի լեզուն։ Տիմբական անհանգստացավ։
― Հը , ի՞նչ է ասում։
― Ո՞վ է ինչ ասում, ― հարցրեց Մանուշը։
― Ո՞վ ինչ պիտի ասի... Հարցնում եմ, թե Ծիպիլին ինչ է ասում։
― Հա, իսկապես, ի՞նչ եք ասում, չգնա՞մ...
― Իսկ դու չե՞ս վախենում, ― հարցրեց Ծիպիլին։
― Ինչի՞ց պիտի վախենամ։
― Անտառում մենակ մնալուց... ― Հանկարծ ու քեզ չար կախարդներ հանդիպեն։
― Է, տատիկներ, ախր կախարդներ չկան։
― Ինչպես թե չկան, ― զարմացավ Ծիպիլին։
― Չկան, է՛լի... Այդ բոլորը մարդիկ են հնարել։
― Ո՞նց թե հնարել են... Ուրեմն կախարդներ չկա՞ն ոչ մի տեղ։
― Չկան, իհարկե, չկան։ Հիմա կախարդներն իրենց ուժը կորցրել են։ Կախարդներ միայն հեքիաթներում են լինում։
Ուժը կորցնելու մասին լսեցին թե չէ, պառավներն իրար նայեցին։ «Սա՞ որտեղից գիտի, որ մենք մեր ուժը կորցրել ենք», ― մտածեցին նրանք։ Մի պահ նույնիսկ չէին կարողանում խոսել։ Բավական լռելուց հետո միայն Ծիպիլին հարցրեց.
― Սպասիր, քեզ ո՞վ ասաց դա։ Քեզ ով ասաց, թե ուժը կորցրել են, ո՞վ ասաց, թե կախարդներ չկան։ Այ, ես, օրինակ, կախարդ եմ, չար վհուկ, որ ուզենամ, քեզ կուտեմ։
Մանուշը ծիծաղեց.
― համա թե ասացիր, հա՜, տատիկ... Չի՞ երևում, ի՛նչ է, դու այնքան բարի ես, որ բարությունը վրայիցդ թափվում է։
Տիմբական առաջ եկավ։
― Իսկ ե՞ս, իսկ ե՞ս...
― Դու էլ ես բարի, չե՞մ տեսնում, ինչ է։
― Ճիշտ է, ես բարի եմ, ― մտազբաղ ասաց Ծիպիլին, ― իմ բարության պատճառով էլ տուժում եմ։
― Ճիշտ ես, Մանուշիկ, ճիշտ ես, ― ասաց Տիմբական. ― մենք բարի ենք։ — Հետո Ծիպիլիի ականջին շշնջալով հարցրեց. ― Ի՞նչ ասաց Ագռավը։
― Ասաց՝ արջի տանը մոտեցել ենք, ա՛յ, այնտեղ է, ― նույնպես շշնջալով պատասխանեց Ծիպիլին։
― Դե էլ ի՞նչ ենք սպասում, — հարցրեց Տիմբական։ ― Սկսիր։
― Հա, բարի ենք, Ա՚անուշիկ, ― բարձրաձայն ասաց Ծիպիլին։ ― Շատ բարի ենք, բայց այսքան ժամանակ դեռ բարի մարդու չենք հանդիպել, որ մեզ համար մի բարություն անի... Օրինակ, դու բարի՞ ես։
― Ե՞ս... ոնց ասեմ, չգիտեմ։
― Ա՛յ, հիմա կփորձենք։ Եթե դու բարի ես՝ մեզ համար մի բարի գործ կանես, ― ասաց Տիմբական։
― Ի՞նչ գործ է, եթե կարողանամ՝ կանեմ։
― Կկարողանա՜ս, կկարողանա՜ս, — ասաց Ծիպիլին։
― Չէ՜, չի անի, գործ չունես, ― ասաց Տիմբական։ հհ*
― Ասում ես չի՞ անի... Գուցե կանի։
― Ախր ես դեռ. չգիտեմ, թե ինչ պիտի անեմ, տատիկներ, առաջ ասեք, թե ինչ պիտի անեմ։
Պառավները նայեցին իրար։
― Մի՞թե չենք ասել, ― զարմացավ Տիմբական։
― Իհարկե՝ ոչ. ես դեռ չգիտեմ, թե ինչ եք ուզում։
Պառավները մի քանի քայլ հեռացան և երկար ժամանակ փսփսում էին։ Վերջապես Ծիպիլին դառնալով Մանուշին, ասաց․
― Մենք որոշեցինք, որ պետք չի։
― Այո, մենք չենք ուզում, — հաստատեց Տիմբական։
― Ախր ի՞նչ պիտի անեմ, ― անհամբեր հարցրեց Մանուշը։
Ծիպիլին մոտեցավ Մանուշին, բռնեց թևից ու տարավ դեպի աջ։
― Ա՛յ, այն տնակը տեսնո՞ւմ ես... Լավ նայիր, ծառերի հետևն է, ա՛յ, այնտեղ։
― Ո՞ւր է, — հարցրեց Մանուշը, — ահա, տեսա՛, տեսա՛։
― Տեսնում ես չէ՞, տեսնում ես չէ՞, ― գրեթե լացակումած հարցրեց Ծիպիլին։ ― Առաջ դա մեր տունն էր։ Հետո եկավ չար Արջն ու մեզ դուրս արեց... Հիմա ինքն է այնտեղ ապրում։ Բայց մեր սնդուկը մնաց վառարանի վրա։
― Ինչ ունենք-չունենք այդ սնդուկի մեջ է, բայց մենք չենք կարող գնալ մեր սնդուկի ետևից... Ասում ենք... Բայց չէ՛, չէ՛, պետք չէ, ― Տիմբական ցույց տվեց, որ իսկապես չի ուզում, նույնիսկ մի քանի քայլ հետ գնաց։
― Էէ՜, էլի սկսեցիք... մինչև վերջ ասեք տեսնեմ, ինչ է ձեր ուզածը։
― Ասում ենք... ― մռթմռթաց Ծիպիլին, ― գուցե դու գնաս բերես, բայց ճիշտն ասած վախենում ենք քեզ համար։
― Ինչո՞ւ եք վախենում, ինձ համար դժվար չէ, կբերեմ... Մենակ թե ծանր չլինի։
― Չէ, ինչ ծանր... թեթև՜, թեթև՜ սնդուկ է․․. ավելի ճիշտ՝ զարդատուփ է, այ, այսքան։ ― Եվ Ծիպիլին ձեռքերով ցույց տվեց, թե ինչ չափի է զարդատուփը։
― Որ այդպես է, գնանք... Ես կարող եմ։ Մի անգամ մեն-մենակ մտա մեր մառանը։ Մտա ու դուրս եկա։ Մո՜ւթ-մո՜ւթ էր, ոչինչ չէր երևում... ես մտա ու դեռ յուղի կճուճն էլ դուրս բերեցի... ― բլբլացնում էր Մանուշն ու առաջ ընկած, գնում ցույց տված ուղղությամբ։
― Սպասի՛ր, ― նրա հետևից կանչեց Տիմբական։ ― Մենք վախենում ենք քեզ համար։
― Հանկարծ Արջը տանը կլինի, ― ասաց Ծիպիլին։
― Է, թող լինի, արջից ես չեմ վախենում... Ես արջ սիրում եմ... քեռիս ինձ համար իմ ծննդյան օրը այ, այսքան արջ է բերել։ ― Ու Մանուշը ցույց տվեց արջի չափը, որը, եթե նրան հավատալու լինենք, իրենից մեծ պիտի լիներ։ ― Մենք իրար հետ ենք քնում։
― Չէ, տեսնում եմ՝ քաջ աղջիկ ես, ― ասաց Տիմբական։
― Քա՛ջ է, քա՛ջ, ― վրա տվեց Ծիպիլին։
― Ի՞նչ քաջություն կա դրա մեջ։ Տուն է, կմտնեմ ու դուրս կգամ, է՛լի, ― ասաց Մանուշը։
Այստեղ Ծիպիլին քիչ մնաց ամբողջ գործը փչացներ։ Նա իրեն չկարողացավ զսպել և քթի տակ մռթմռթաց.
― Որ պիտի դուրս գաս, էլ ո՞ւր ենք ուղարկում։
Այս որ լսեց Տիմբական՝ զայրացավ և այնպես խփեց Ծիպիլիի կողքին, որ սա ցավից երկտակվեց.
― Չե՞ս կարող քեզ զսպել, այդպես դու ամբողջ գործը կփչացնես։
Ծիպիլին մի պահ կողքը բռնած մնացել էր ծռված, հետո հարձակվեց Տիմբակայի վրա և սկսեց խփել ցախավելի պոչով․
― Սա քեզ, կաթնակեր կախարդ, դիրի դիմ-բո՜։
Այս ամենը Մանուշին շատ զարմացրեց, բայց լավ է, որ Տիմբական իրեն հավաքեց ու չթողեց կռիվը ավելի մեծանա։ Ավելին, նա կարողացավ ամեն բան այնպես անել, որ Մանուշը ոչինչ չհասկանա։ Նա միայն զարմացած նայեց պառավներին ու հարցրեց.
― Ի՞նչ է եղել, տատիկներ, ինչո՞ւ եք կռվում։
― Ոչինչ... ոչինչ էլ չի եղել, ― պատասխանեց Տիմբական։ ― Ծիպիլին ասում է՝ պետք չի։
― Պետք է, պետք է, օգնիր աղջիկս, խեղճ, անտեր կախարդներին։
― Տեսնո՞ւմ ես այս ցնդած պառավին՝ ինչեր է դուրս տալիս... Հիմար-հիմար խոսում է, էլի... Ուզում էր ասել՝ անտուն-անտեր պառավներին, ― ֆշշացնելով ասաց Տիմբական՝ նորից Ծիպիլիի վրա հարձակվելով։ Ծիպիլին գլխի ընկավ, թե ինչ անմիտ բան է ասել և խեղճացած ավելացրեց.
― Հա՛, խե՜ղճ, անտե՜ր պառավներ ենք, անտո՜ւն, անբո՜ւն... ― խոսում էր ու հետն էլ լալիս։
Տիմբական էլ ցույց տվեց, թե հեծկլտում է Ծիպիլիի հետ։
Ինչո՞ւ եք լալիս, տատիկներ, մի լացեք... Գնանք, ես ձեր սնդուկը կբերեմ։ Մենակ թե օգնեք, որ ընկերներիս գտնեմ, ― հանգստացրեց Մանուշը, և պառավներն անմիջապես լռեցին։
― Այդ արդեն մեզ վրա, — գործնական ասաց Տիմբական։ — Կարող ես վստահ լինել, կգտնենք ու ձեզ էլ անտառից դուրս կբերենք։
― Ախր դուք այդ Տարոնին չգիտեք, շատ անականջ տղա է, որ կորչի, մայրն էլ նրան անտառ չի թողնի։
― Այ, կտեսնես, կգտնենք, անպայման կգտնենք քո ընկերներին։
― Դե, տատիկներ, ես գնացի, բոլորովին մի մտածեք, ես հիմա կգամ։
― Գնա, բալիկ ջան, սիրունիկ Մանուշիկ, գնա, մենք քեզ այստեղ կսպասենք։ Ու Մանուշը համարձակ քայլերն ուղղեց դեպի Արջի տնակը։
== գլուխ չորրորդ․ Խեղճ ու կրակը Արջը ==
== գլուխ հինգերորդ․ Կիրճում ==
== գլուխ վեցերորդ․ Ծիծաղը ==
== գլուխ յոթերորդ․ Վերադարձ ==
[[Կատեգորիա:Հեքիաթներ]]