=== Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ ===
Այդպես գարնանային պարզկա առավոտյան Հելմյան գետկի գետակի ափին կանաչ մարգագետնում կրկին հանդիպեցին Թեոդեն արքան և Սպիտակ Ձիավորը: Նրանց հետ էին նաև Արագորնը՝ Արաթհորնի որդին, էլֆ արքայազն Լեգոլասը, Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդը և Ոսկեզօծ ապարանքի մյուս բարձրաստիճան իշխանները, իսկ նրանց շուրջը հավաքվել էին Ռոհիրրիմները: Բայց զարմանք զարմանքն ավելի մեծ էր, քան ուրախությունը, և բոլորն ակամա հայացքները հառեցին դարձեցին դեպի կախարդական անտառինանտառը:
Հանկարծակի հաղթական ճիչեր լսվեցին, և Հելմյան կիրճից երևացին քարանձավներից դուրս եկած ռազմիկները, որոնց հետ էին նաև ծեր Գամլինգը, Էոմունդի որդի Էոմերը և թզուկ Ջիմլին: Ջիմլիի գլխին սաղավարտ չկար, և գլուխը փաթաթված էր արյունոտ լաթի կտորով, բայց ձայնն առաջվա պես հնչում էր առույգ ու բարձր:
–Քառասուներկու, թանկագին ընկեր Լեգոլաս,– դեռ հեռվից ձայնեց նա: Ավա՛ղ, իմ տապարի սայրը բթացել է, վերջին օրքը պողպատյա օձիք ուներ:
–Իսկ ի՞նչ պատահեց այդ չարաբաստիկ օրքերին,– հարցրեց Լեգոլասը:
–Այդ մասին, կարծում եմ, ոչ ոք երբևէ ոչինչ չի իմանա,– պատասխանեց Գենդալֆը:
Որոշ ժամանակ նրանք ընթանում էին լուռ: Լեգոլասն անընդհատ աջ ու ձախ էր նայում և մի անգամ նույնիսկ ցանկացավ կանգնեցնել ձիուն, որ ականջ դնի անտառի շշունջին, բայց Ջիմլին չհամաձայնեց:
–Այսպիսի տարօրինակ ծառեր կյանքումս չեմ տեսել,– զարմանում էր էլֆը,– ախր ես բազմաթիվ զորեղ կաղնիներ եմ տեսել, հետևել նրանց կաղինից մինչև խոր ծերություն... Կուզենայի թափառել այստեղ: Այս ծառերը կարողանում են միմյանց հետ զրուցել իրենց ուրույն ձևով, գուցե ժամանակի ընթացքում սովորեի հասկանալ նրանց լեզուն:
–Միայն ոչ դա,– վախեցավ Ջիմլին: –Ավելի լավ է արի այս ծառերին հանգիստ թողնենք: Ես այսպես էլ եմ նրանց հասկանում: Նրանք խորը ատելություն են տածում բոլոր երկոտանիների նկատմամբ և հիմա զրուցում են միայն մի բանի մասին. ինչ տարբերակով ճզմեն ու խեղդեն մեզ, որ ավելի ճիշտ լինի:
–Սխալվում ես, ոչ բոլորին համատարած,– առարկեց Լեգոլասը: –Նրանք ատում են միայն օրքերին: Բան այն է, որ այս ծառերը այս կողմերից չեն: Իմ կարծիքով նրանք Ֆենգորնի խորքերից են եկել և էլֆերի և մարդկանց մասին շատ քիչ բան գիտեն: Այո Ջիմլի, ահա թե որտեղից են նրանք, ինձ այդպես է թվում:
–Դե հա, Ֆենգորնը Միջերկրի բոլոր անտառներից ամենավտանգավորն է,– փնթփնթաց Ջիմլին: –Ճիշտ է նրանք մեզ շատ են օգնել, և ես կարծես թե պետք է երախտապարտ լինեմ նրանց, բայց սիրել նրանց... Չէ, չեմ կարող: Հիացիր նրանցով ինչքան ուզում ես, բայց ես այս կողմերում շատ ավելի մեծ հրաշալիքի եմ հանդիպել: Ես բոլոր ժամանակների ծառերն ու անտառները կտայի դրանց համար: Մինչև հիմա հիացմունքս չի անցնում: Մարդիկ տարօրինակ արարածներ են, Լեգոլա՛ս: Ամբողջ հյուսիսում նման հրաշալիք գոյություն չունի, և դրանք պատկանւմ են մարդկանց: Իսկ ի՞նչպես նրանք անվանում դրանց: «Քարանձավնե՜ր»: Քարանձավներ, որոնք պատերազմի օրերին որպես ապաստարան են ծառայում, իսկ խաղաղ օրերին հացահատիկի շտեմարան: Թանկագին Լեգոլաս, արդյոք գիտե՞ս թե ինչ լայնարձակ հիասքանչ սրահներ են թաքնված Հելմյան Իջվածքը շրջապատող լեռների ընդերքում: Եթե թզուկները դրանց մասին իմանային, անվերջանալի շարքերով կհոսեին այստեղ տեսնելու այդ քարանձավները, այո, այո, և մուտքի համար կվճարեին մաքուր ոսկով:
Իսկ ես ոսկի չեմ խնայի դուրս գալու համար, եթե պատահաբար այնտեղ ընկնեմ,– հայտարարեց Լեգոլասը:
–Դու չես տեսել այդ քարանձավները, այդ պատճառով էլ ներում եմ հիմար կատակդ,– ասաց Ջիմլին: –Մի՞թե Չարքանտառի էլֆերի ստորգետնյա ապարանքը հրաշալի չէ, որն ի դեպ թզուկներն են օգնել կառուցել: Դե ուրեմն իմացիր, այդ ապարանքն ընդամենը մի խղճուկ որջ է այստեղի քարանձավների համեմատությամբ: Ինչե՜ր արժեն միայն այն վիթխարի սրահները, որտեղ մշտապես հնչում է երփներանգ շիթերի հանգիստ մեղեդին և հավերժական կաթոցքը լճերի գլխին, որոնք չքնաղ են, ինչպես Քելեդ-Զարամը աստղերի լույսի ներքո... Իսկ երբ վառում են ջահերը, և մարդիկ քայլում են արձագանքող սրահների ավազե հատակի վրայով, Լեգոլաս, ողորկ պատերի վրա սկսում են կայծկլտալ ադամանդները, լեռնային բյուրեղները և թանկարժեք հանքաքարերի երակները: Այնուհետև երբ լույսը տաքացնում է մարմարի շերտերը, նրա ծալքերը սկսում են փայլել ու խորհրդավոր լույս արձակել, կիսաթափանցիկ, ինչպես տիրուհի Գալադրիելի ձեռքերը: Բա ոլորաձև սյուները, Լեգոլաս, որոնց վրա հենված են սրահի կամարները... Սպիտակ, մանուշակագույն, վարդագույն՝ ինչպես այգաբացը... Այդ տարօրինակ սյուները աճում են գույնզգույն հատակից և բարձրանում վեր՝ միանալու առաստաղից կախված կայծկլտացող շթաքարերին, այդ սառցե բյուրեղներին, թևերին, սառցակալած ամպերին, հարվածելու պատրաստ նիզակներին, գլխիվայր շրջված պալատի աշտարակներին, որոնք անդրադառնում են սառույցի բարակ շերտով ծածկված անշարժ լճերի մակերևույթին... Իսկ մակերևույթի սառցե հայելու մեջ զարմանահրաշ տեսիլքներ են երևում, քաղաքներ են ուրվագծվում, որոնք նույնիսկ Դուրինը չի տեսել իր երազներում: Պարզորոշ երևում են նրանց փողոցները, հեռուն գնացող սյունազարդ կամարները՝ որոնք ներքև իջնելով կորչում են սև անդունդում, որտեղ լուսը չի կարողանում թափանցել: Հանկարծ կա՛թ, ընկնում է արծաթե կաթիլը. մակերևույթի հայելին կնճռոտում են տարածվող շրջանաձև ալիքները, աշտարակները ճկվում ու տատանվում են, ինչպես ջրիմուռները և կորալները ծովային քարաձավներում: Հետո գալիս է երեկոն, տեսիլքները թարթում են ու կորչում, և ամեն ինչ սուզվում է մթության մեջ. ջահերը տեղափոխվում են հաջորդ սրահ և սկսվում է հաջորդ զարմանահրաշ տեսիլքը: Իսկ սրահներն անհաշիվ են, Լեգոլաս, դահլիճը փոխարինում է դահլիճին, գմբեթը գմբեթին, հետո աստիճաններ են սկսվում, որոնք տանում են դեպի ոլորապտույտ անցումները, իսկ նրանք ձգվում են դեպի լեռների սիրտը... Քրանձավնե՛ր: Ոչ թե քարանձավներ, այլ Հելմյան Իջվածքի ստորգետնյա պալատնե՛ր: Օրհնյալ է ուղին, որ բերեց ինձ այս կողմերը, և ես հնարավորություն ունեցա տեսնելու այդ պալատները: Լաց էի լինում, երբ հեռանում էի այնտեղից...