― Ես հավատացած էի, սինյոր, որ ըստ ձեր անսահման ազնվության դուք ինձ չեք մերժի, ― ասաց դոն Կիխոտը։ ― Արդ, ձեզնից խնդրածս շնորհը, որ դուք, ըստ ձեր առատաձեռնության խոստացաք ինձ, այն է, որ վաղը արևածագին, դուք ինձ ասպետ կարգեք։ Այսօրվա ողջ գիշերը ես հսկում կկատարեմ ձեր դղյակի մատուռում՝ զենքի առջև, իսկ վաղը, ինչպես ես արդեն ասացի, վերջապես կկատարվի իմ վառ ցանկությունը, և ես ի վիճակի կլինեմ օրինավոր կերպով աշխարհիս չորս կողմերը թափառել, արկածներ որոնել՝ զրկվածներին և թշվառներին օգնելու համար, որովհետև թափառական ասպետների օրենքն ու բոլոր ինձ նման ասպետների նպատակը այդ է՝ ձգտել կատարելու հիշածս սխրագործությունները։
Մենք արդեն ասացինք, որ պանդոկապետը խելքը գլխին մարդ էր և մի քիչ կռահում էր, որ իր հյուրը խելագար է․ լսելով այսքան տարօրինակ խոսքեր, նա վերջնականապես համոզվեց այդ բանում և գիշերը զվարճացած լինելու համար վճռեց թև տալ նրա խելագարությանը։ Ուստի նա պատասխանեց դոն Կիխոտին, թե նրա ցանկությունն ու խնդիրքը միանգամայն բանական են, թե, դատելով նրա հպարտ արտաքինից և շարժուձևերից, նա, ըստ երևույթին, ազնիվ ասպետ է, թե նման մտադրությունը միանգամայն բնական է և արժանի նրա կոչմանը, թե ինքն էլ, երիտասարդ հասակում, զբաղվել է այդ պատվաբեր գործով և թափառել է աշխարհիս զանազան կողմերում արկածներ որոնելով, չզլանալով հաճախել Մալահայի Պերչելեսը, Ռիարանի կղզիները, Սեվիլիայի Կոմպասը, Սեգովինիայի Ասոգեխոն, Վալենսիայի Օլիվերան, Գրենադայի Ռոնդիլյան, Սանլո՛ւկարի ծովափը, Կորդովայի Պոտրոն, Տոլեդոյի պանդոկները <ref>Իսպանիայի զանազան քաղաքներում եղած կասկածելի թաղամասերի, քեֆատեղերի և անառականոցների թվարկում։</ref> և շատ ուրիշ վայրեր, որտեղ նա վարժվել է ոտների արագաշարժության և ձեռների հմտության մեջ և շատ օյիններ է խաղացել՝ վիրավորել է որբևայրի կանանց, նեղել է աղջիկներին, խաբել է մանկահասակներին, մի խոսքով՝ անուն է հանել Իսպանիայի բոլոր դատարաններում և բանտերում։ Սակայն իր օրերի մայրամուտին նա բնակվել է այս դղյակում և ապրում է այստեղ իր հաշվով, այլև ուրիշների հաշվին, հյուրընկալելով բոլոր թափառական ասպետներին, ինչ կոչման և կարողության տեր էլ լինեն նրանք, դրդված միմիայն դեպի նրանց իր ունեցած մեծ սիրուց, իհարկե պայմանով, որ, ի հատուցումն իր լավ վերաբերմունքի, նրանք իրեն բաժին հանեն իրենց ունեցածից։ Ապա նա ավելացրեց, որ դղյակում մատուռ չկա, որտեղ կարելի լիներ գիշերը հսկում կատարել զենքի առջև, որովհետև ինքը հինը քանդել է տվել, կամենալով կառուցել նորը, սակայն նրան հայտնի է, որ անհրաժեշտության դեպքում կարգվելու նախընթաց գիշերը կարելի է անցկացնել որտեղ էլ լինի, որ դոն Կիխոտը կարող է անցկացնել դղյակի բակում, իսկ վաղը, եթե հաճելի լինի Աստծուն, նա բոլոր պարտադիր արարողություններով կարգված կլինի ասպետ, այն էլ այնպիսի ասպետ, որ ավելի լավը գոյություն չի ունենում։ Վերջապես նա հարցրեց՝ դոն Կիխոտը ունի՞ արդյոք փող։ Սա էլ պատասխանեց, թե գրոշ չունի, որովհետռ ոչ մի վեպում նրան չի պատահել կարդալ, թե թափառական ասպետները հետները փող են ունենում․ պանդոկապանը դրան պատասխանեց, թե նա սխալվում է, թե, ճիշտ է, վեպերում այդ մասին չի գրվում, որովհետև հեղինակները անհրաժեշտ չեն համարում հիշատակելու այդքան պարզ ու անհրաժեշտ իրերի մասին, ինչպես օրինակ փողը կամ մաքուր շապիկները, սակայն դրանից բնավ չի բխում, թե ասպետները չեն ունենում ո՛չ այս, ո՛չ այն․ ընդհակառակը՝ նա ստույգ ու հաստատ գիտե, որ բոլոր թափառական ասպետները, որոնց սխրագործություններով լեփ լեցուն են այնքան վեպեր, միշտ ունենալիս են եղել հետները լիքը֊լիքը քսակներ, ինչպես և շապիկներ և մի սրվակ դեղ, որով բուժելիս էին լինում իրենց վերքերը՝ դաշտ ու անապատներում, որտեղ նրանք մարտնչում և ընկնում էին վիրավոր, հո միշտ հնարավոր չե՛ր լինում բժիշկ կանչել։ Իհարկե, նրանցից ոմանք բարեկամություն էին ունենում որևէ իմաստուն կախարդի հետ, այն ժամանակ վերջինս ուղղակի օդի միջով ամպի վրա ուղարկելիս է եղել որևէ աղջիկ կամ թզուկ՝ մի սրվակ անմահական ջուր հետը․ հենց որ ասպետը խմելիս էր լինում մի քանի կաթիլ, իսկույն նրա վերքերն ու խոցերը անհետանում էին, ասես չէին էլ եղել, բայց երբ որ նրանք նման հովանավորող չէին ունենում, հինավուրց ասպետները համարում էին միանգամայն տեղին, որ իրենց զինակիրները հետները ունենան փող և այլ անհրաժեշտ իրեր, ինչպես օրինակ վիրավորվելու դեպքի համար, իսկ եթե պատահում էր, որ նրանց զինակիրները չէին ունենում (ասենք՝ դա շատ քիչ էր պատահում), նրանք իրենք էին հետները վերցնում փոքրիկ խուրջինների մեջ, որ խմամքով թաքցնում էին ձիու ետևին՝ իբրև այլ առաջնակարգ անհրաժեշտության առարկա, որովհետև, բացառությամբ նման դեպքերի, թափառական ասպետները սովորություն չունեին հետները խուրջին ման ածել։ Այսպիսով, պանդոկապետը դոն Կիխոտին խորհուրդ տվեց (թեև նա կարող էր նրան անգամ հրամայել, որպես կրտսեր եղբորը, որովհետև շուտով նա պետք է այդպիսին դառնար) այլևս ճամփա չընկնել առանց փողի և անհրաժեշտ իրերի՝ նա ինքը կտեսնի, այդ բաները իրեն հարկավոր կգան այն ժամանակ, երբ ամենքից քիչը նրանց վրա դրած լինի իր հույսը։
Դոն Կիխոտը խոստացավ կետ առ կետ հետևել նրա խորհուրդներին և իսկույն պատրաստվեց հսկելու զենքի առջև՝ պանդոկին կից մեծ բակում։ Նա հավաքեց իր զենքը ու զրահը, դրեց ջրհորի մոտի կոճղի վրա և բռնելով նիզակն ու վահանը սկսեց մեծ արժանապատվությամբ ետ ու առաջ անցնել կոճղի առջև։ Գիշերն արդեն վրա էր հասնում, երբ նա սկսեց այդ զբոսանքը։
Դոն Կիխոտը հարցրեց նրա անունը, որովհետև նա ապագայի համար կամենում էր գիտենալ՝ ինչ տիկնոջ է պարտական այսպիսի մեծ ողորմածության համար, որպեսզի ժամանակ անց նրա հետ կիսի պատիվները, որոնց նա հույս ուներ հասնելու իր բազկի զորությամբ։ Տիկինը խորին խոնարհությամբ պատասխանեց, որ իր անունը Լա Տոլոսա է, որ ծնվել է Տոլեդոյում, հայրը կոշկակար է, որ ապրում է Սանչո Բրենայի շուկայում և որ որտեղ էլ ինքը լինի, միշտ պատրաստ կլինի ծառայելու և համարելու դոն Կիխոտին իր տերը։ Դոն Կիխոտը խնդրեց նրան, եթե սիրում է իրեն, ողորմածություն շնորհի իրեն՝ այսուհետև իր անվանը ավելացնի դոն և կոչվի դոն Տոլոստա։ Աղջիկը համաձայնեց։ Ապա մյուս տիկինը կապեց խթանը, սրա հետ էլ նույն խոսակցությունը տեղի ունեցավ, ինչպես և առաջինի հետ, որ նրան գոտեպնդեց թրով։ Դոն Կիխոտը հարցրեց, թե ինչ է նրա անունը և նա պատասխանեց, որ իր անունը Լա Մոլիներա է և ինքը Անտեկերզի ազնիվ ջրաղացպանի աղջիկն է։ Սրանից էլ դոն Կիխոտը խնդրեց, ավելացնել իր անվանը դոն և կոչվել դոն Մոլիներա։ Միաժամանակ նա շատ և շատ շնորհակալ եղավ և առաջարկեց իր ծառայությունը։ Երբ որ այս չտեսնված ծեսերը կատարված էին այսպիսի արագությամբ, դոն Կիխոտը աճապարեց ձի հեծնելու՝ այնքան անհամբեր էր նա արկածախնդրությանը։ Նա թամքեց Ռոսինանտին, թռավ վրան և, գրկելով պանդոկապետին, շնորհակալություն հայտնեց կարգելու համար այնպիսի արտասովոր խոսքերով, որ ամենևին հնար չկա վերարտադրելու։ Իսկ պանդոկապանը, ուրախացած, որ նա գնում է, պատասխանեց նրա խոսքերին ավելի կարճ, բայց ոչ պակաս հռետորական ֆրազներով, օթևանի համար բան չվերցրեց և բաց թողեց, որ գնա բարով։
==Գլուխ IV==