— Հե՞տ վերցնել խոսքերս,— մտահոգ ու զարմացած կրկնեց նա: — Ինչու՞ հետ վերցնեմ: Քեզ համար անհանգստանալով, քո մասին հոգ տանելով, փորձում էի օգնել քեզ իմաստուն խորհուրդներով, բայց դու չէիր ուզում ինձ լսել: Դու հպարտ ես, և չես սիրում, երբ քեզ խորհուրդներ են տալիս, բայց ես քեզ չեմ դատապարտում, չէ՞ որ դու իմաստուն ես: Բայց այն ժամանակ, իմ կարծիքով, դու սխալվեցիր: Դու չուզեցար ինձ հասկանալ, իսկ ես բոլորովին այլ բան էի ուզում: Ես, ուղղակի, այնպես էի ուզում քեզ դարձի բերել ճիշտ ուղու վրա, որ կորցրեցի համբերությունս... Հավատա, ես զղջում եմ կատարվածի համար և թշնամանք չեմ տածում քո հանդեպ: Նույնիսկ հիմա, թեև դու այստեղ ես եկել մի խումբ անգրագետ վայրենիների ուղեկցությամբ, ես պատրաստ եմ գրկել քեզ: Մի՞թե մենք կարող ենք վիճել, չէ՞ որ մենք միևնույն հնագույն եղբայրության, Միջերկրի իմաստունների խորհրդի անդամ ենք: Մեր բարեկամությունը երկուսիս էլ ձեռնտու է: Մենք դեռ շատ բան կարող էինք անել միասին: Թողնենք անիմաստ վեճերը, հասկանանք միմյանց և չներգրավենք կողմնակի անձանց մեր գործերին: Թող մեր որոշումները օրե՛նք լինեն նրանց համար: Մի խոսքով, ես պատրաստ եմ մոռանալ անցյալը և ընդունել քեզ: Հանուն ընդհանուր բարորության, զսպի՛ր հպարտությունդ, լսիր իմ խորհուրդը: Բարձրացիր ինձ մո՛տ:
Այնքան զորություն և գայթակղություն կար այդ վերջին փորձի մեջ, որ ներկաները , լսածից ցնցված , լուռ քարացել էին: Այս անգամ կախարդական ձայնը բոլորովին այլ ազդեցություն ունեցավ: Նրանք լսում էին, թե ինչպես է բարի, մեծահոգի թագավորը հոգնած նկատողություն անում անհնազանդ, բայց դեռ իր սրտին սիրելի իշխանավորներին, և նույնիսկ նրա շուրթերից հնչող այդ կշտամբանքները թվում էին ողորմած բարություն: Նրանք իրենց ավելորդ էին զգում, ինչպես երեխաները, որոնք մեղավոր տեսքով ականջ են դնում մեծերի զրույցին՝ փորձելով իրենց համար հասկանալի բառեր գտնել այդ զրույցից և գուշակել, թե ինչ պատիժ է իրենց սպասվում և ինչ ճակատագիր է իրենց համար որոշվում: Այո, այդ երկու իմաստունները ավելի ազնվածին են, քան բոլոր մահկանացու թագավորները: Իհարկե, նրանք կհասկանան միմյանց: Հիմա Գենդալֆը կբարձրանա աշտարակ, և այնտեղ՝ Օրթհանքի վերին սենյակներում, երկու ճերմակահեր կախարդները կզրուցեն հասարակ մտքին անհասկանալի բաների մասին, իսկ մնացած բոլորը կմնան փակ դռների մոտ՝ սպասելով պատժի և հետագա կարգադրությունների: Նույնիսկ Թեոդենը, մի պահ կասկածով լցված, ակամա մտածեց. «Այո, նա կդավաճանի և կլքի մեզ, մենք կորած ենք»:
Սակայն Գենդալֆը միայն ծիծաղեց: Պատրանքը ցրվեց, ինչպես ծխի ամպը:
— Ա՜խ, Սարուման, Սարուման,— շարունակելով ծիծաղել ասաց նա: — Ոչ, Սարուման, դու բաց թողեցիր քո հնարավորությունը: Դու պետք է ծաղրածու լինեիր, հարգելիս, վաստակեիր քո հացը՝ կրկնօրինակելով արքայական խորհրդականներին, և մեծ հաջողություն կունենաիր արքունիքում: Հասկանա՞նք, ասում ես, միմյանց: Վախենում եմ, դու ինձ այլևս չես հասկանա, Սարումա՛ն: Դե, իսկ ես քեզ չափազանց լավ եմ հասկանում: Ես հիշում եմ քո խոսքերը շատ ավելի լավ, քան դու կարծում ես, դե, գործերի մասին էլ չխոսեմ: Իմ վերջին այցելության ժամանակ դու Մորդորի բանտապանն էիր, որտեղ էլ ուզում էիր ինձ ուղարկել: Ո՛չ, չես խաբի: Հյուրին, որ մի անգամ փախել է տանիքով, կրկին դռնով մտնել այլևս չես համոզի: Թերևս, ես չեմ բարձրանա: Սակայն դու ևս վերջին անգամ լսիր ինձ, Սարումա՛ն: Գուցե ի՞նքդ իջնես ինձ մոտ: Ինչպես տեսնում ես, քո անմատչելի Իզենգարդը ավերակ է դարձել: Գուցե քո մյուս հույսերը ևս նույն ճակատագրի՞ն արժանանան: Ավելի լավ չէ՞ թողնել դրանք: Սթափվիր և շուրջդ նայիր, Սարումա՛ն: Մի խոսքով, չե՞ս կարծում, որ պետք է իջնես:
Սարումանի դեմքի վրայով ստվեր անցավ, և նա մահացու գունատվեց: