— Դուրս է գալիս... որ այն բոլորովին էլ թշնամի՞ն չէ ստեղծել:
— Ոչ, թշնամին չի ստեղծել,— ասաց հրաշագործը: — Եվ ոչ էլ Սարումանը: Նման հմտությունը հասանելի չէ ո՛չ Սաուրոնին, ո՛չ էլ Սարումանին: Պալանտիրները բերվել են Միջերկիր հեռավոր Էլդեմար երկրից, որը գտնվում է արևմուտքում, արևից էլ այն կողմ: Այդ քարերը ստեղծել են Նոլդոր էլֆերն են ստեղծել դրանք, կամ հնարավոր է նույնիսկ Ֆեանորն ինքը: Դա շատ վաղուց է եղել, այնքան վաղուց, որ տարիների հաշիվը մոռացվել է...Սակայն չկա մի այնպիսի բան, որ Սաուրոնը չկարողանա օգտագործել իս չար նպատակների համար: Հենց այդ պատճառով էլ Սարումանը բռնվել է: Պալանտիրն է կործանել նրան: Օգտագործել իրը, որի մեջ ավելի մեծ իմաստություն է դրված, քան քո սեփականն է, միշտ էլ կործանարար է: Բայց նա ինքն է մեղավոր: Հիմա՛ր: Նա թաքցրել է այդ քարը և օգտագործել իր սեփական նպատակների համար: Խորհրդում էլ ոչ մի անգամ պալանտիրների մասին բառ անգամ չի ասել: Իսկ մենք ժամանակ չունեինք մտածելու Գոնդորի պալանտիրների մասին, և այն մասին, թե ինչ ճակատագրի են արժանացել դրանք այդ թագավորությունը ցնցած ավերիչ պատերազմների ժամանակ: Մարդկանց հիշողության մեջ էլ չեն դրանք պահպանվել. նույնիսկ Գոնդորում շատ քչերն են հիշում դրանց մասին, իսկ Արնորի դունադանների գլխում պահպանվել է միայն այդ միակ երգը: — Իսկ ինչպե՞ս էին անցյալի մարդիկ օգտագործում այդ քարերը,— հարցրեց Փինը, զարմացած, որ իր բոլոր հարցերին պատասխանում են, և մտածելով, թե որքան երկար կտևի Գենդալֆի այդ տրամադրությունը: — Դրանց օգնությամբ նրանք տեսնում էին, թե ինչ է կատարվում հեռվում և կարուղանում էին մտովի խոսել միմյանց հետ: Պալանտիրների շնորհիվ էր, որ նրանց հաջողվում էր այդքան երկար պահպանել Գոնդորի ամբողջականությունը: Պալանտիրները տեղադրված էին Մինաս Անորում, Մինաս Իթիլում և Օրթհանքում: Սակայն բոլորը ենթարկվում էին գլխավոր պալանտիրին, որը գտնվում էր Օսգիլիաթում՝ աստղազարդ գմբեթի տակ, որը հիմա ավերված է: Մնացած երեքը պահպանվում էին հեռավոր հյուսիսում: Էլրոնդի տանը պատմում են, որ դրանցից մեկը գտնվում էր Անումինասում, մյուսը՝ Ամոն Սուլում, և երրորդը՝ Էլենդիլի քարը, Աշտարակների Բլուրներում, որտեղից երևում են Միտլոնդ գետը և մոխրագույն նավերը, որ գտնվում են Լունի ծովածոցում: