— Չգիտեմ,— քնկոտ ձայնով ասաց Ֆրոդոն: Թվում էր, թե նա դեռ վերջնականապես չի սթափվել: — Ես էլ տեսա նրանց: Նրանք հայտնվեցին, երբ վառվեցին կրակները: Նրանք պառկած են ջրի սև խորքում և նայում են իրենց մեռած աչքերով: Չար, սարսափազդու դեմքեր, բայց կան նաև ուրիշներ՝ տխուր ու ազնվածին: Մեռելներից շատերը գեղեցիկ ու հպարտ դեմքեր ունեն, արծաթավուն մազեր, իսկ մազերի մեջ՝ ջրիմուռեր... Բայց նրանք բոլորը մեռած են, ամբողջությամբ փտած և անդրշիրիմյան լույս են արձակում: — Ֆրոդոն ձեռքերով փակեց աչքերը: — Չգիտեմ ովքեր են նրանք, բայց ինձ թվաց, թե տեսնում եմ մարդկանց ու էլֆերի: Եվ օրքերի նրանց կողքին:
— Այո, այո,— ասաց Գոլլումը: — Բոլորը մեռած են, բոլորը փտած են՝ էլֆերը, օրքերը, մարդիկ: Դրա համար էլ ճահճուտն անվանվում է Մեռյալ: Այստեղ մեծ ճակատամարտ է տեղի ունեցել, փոքրիկ Սմեագորլին այդ մասին պատել են, ինձ տատիկս է պատմել, երբ դեռ սքանչելին չէր գտնվել: Մե՛ծ ճակատամարտ է եղել: Բարձրահասակ մարդիկ մեծ սրերով, սարսափելի էլֆերն ու ոռնացող օրքերը կռվել են այս հարթավայրում շատ օրեր, շատ ամիսներ, Սև Դարպասների մոտ: Հետո հայտնվել են ճահիճները, մեծացել ու կուլ են տվել սպանված ռազմիկների մարմինները:
— Բայց այդ ճակատամարտը շատ դարեր առաջ է եղել,— կասկածեց Սեմը: — Այդ մեռելներից միայն ոսկորներ պետք է մնացած լինեին, իսկ մենք տեսանք նրանց դեմքերը: Դա ի՞նչ կարող է լինել: Չար կախարդա՞նք:
— Չգիտեմ, չգիտեմ, Սմեագորլը չգիտի,— պատասխանեց Գոլլումը: — Նրանց չես կարող հասնել, շոշափել, ոչ: Մենք մի անգամ փորձել ենք, չէ՞, իմ սքանչելի: Այո, ես մի անգամ փորձել եմ: Աչքը նրանց տեսնում է, բայց ատամը չի բռնում, իմ սքանչելի: Ոչ, իմ սքանչելի, նրանք մեռած են, նրանք տեսիլքներ են:
Սեմը մռայլ ու զզվանքով լի հայցքով նայեց Գոլլումին՝ հասկանալով թե ինչու էր նա ուզում շոշափել մեռելներին:
— Դե, ես մինչև կոկորդս կուշտ եմ էդ մեռելներից,— փնթփնթաց նա: — Ո՞նց անենք, որ էստեղից ինչքան հնարավոր է արագ դուրս պրծնենք:
— Այո, այո, արագ, ինչքան հնարավոր է արագ,— գլխով արեց Գոլլումը: — Բայց շտապել չի կարելի: հարկավոր է գնալ արագ, բայց զգույշ, թե չէ հոբիթսները կսուզվեն մեռելների մոտ և իրենց սեփական փոքրիկ կրակները կվառեն: Հետևե՛ք Սմեագորլին, մի՛ նայեք կրակներին:
Նա սողաց դեպի աջ՝ արահետ փնտրելով լճակը շրջանցելու համար: Հոբիթները աշխատում էին հետ չմնալ նրանից և, ակամա կրկնելով Գոլլումի շարժումները, մինչև գետին կռացած սողում էին նրա հետևից: «Մի քիչ էլ, ու մենք կվերածվենք ևս երկու փոքրիկ Գոլումների, այո, այո, իմ սքանչելի,— մտածեց Սեմը»:
Վերջապես արահետ գտնվեց, և նրանք, մեկ սողալով, մեկ ճումբից ճումբ թռչկոտելով առաջ շարժվեցին ճահճուտի միջով: