― Ես հավանում եմ վեպին, ― ասաց քահանան, ― միայն թե ես բնավ չեմ կարող հավատալ, որ դա ճշմարտություն է։ Իսկ եթե այդ ամենը հնարովի է, ապա անհաջող է հնարած, որովհետև չի կարելի երևակայել աշխարհիս երեսին այդքան անխոհեմ ամուսնու գոյությունը, որը սիրտ աներ այդքան վտանգավոր փորձի։ Եթե սիրահարների միջև նման բան կարող է պատահել, ապա մարդ ու կնոջ միջև՝ դա ուղղակի անհնար է։ Իսկ շարադրության եղանակին ես բավական հավանում եմ։
==Գլուխ XXXVI==
Ուր պատմվում է պանդոկում պատահած այլ հազվադեպ անցքերի մասին
Այդ միջոցին պանդոկի դապարսի մոտ կանգնած պանդոկապանն ասաց․
― Ահա ճամփորդների մի լավ խումբ։ Եթե նրանք այստեղ իջևանելու լինեն լա՜վ կշահվեինք։
― Ի՞նչ տեսակ մարդիկ են, ― հարցրեց Կարդենիոն։
― Չորսը՝ ձիավոր թեթև հեծելասարքով՝ ծածկված սև դիմակներով,<ref>Ծածկված սև դիմակներով ― XVI դարում ազնվատոհմ իսպանացիք հաճախ ճանապարհորդում էին թեթև կտորից պատրաստած դիմակներով, որպեսզի պահպանեն իրենց երեսը ճանապարհի փոշուց և կեղտից։ </ref> նիզակներով ու վահաններով, հետներն էլ մի կին, կնոջական թամքի վրա նստած, ճերմակ զգեստով և նույնպես դիմակով, իսկ ետևներից երկու ծառա։
― Նրանք արդեն մո՞տ են, ― հարցրեց քահանան։
― Այնքան մոտ, ― պատասխանեց պանդոկապանը, ― որ ըհը՛ ― այստեղ կլինեն։
Այդ լսելով Դորոթեան երեսը շղարշ քաշեց, իսկ Կարդենիոն գնաց դոն Կիխոտի սենյակը։ Հազիվ էին նրանք այդ նախազգուշական միջոցները ձեռք առել, որ ճամբորդները, որոնց մասին ասաց պանդոկապանը, կանգ առան պանդոկի դարպասի առջև։ Չորս ձիավոր՝ գեղեցիկ շարժ ու ձևերով, վայելչակազմ, իջան ձիուց, օգնեցին իրենց ուղեկցուհուն իջնել ձիուց և նրանցից մեկը, բռնելով նրա ձեռքը, նստացրեց բազկաթոռի վրա, որ դրած էր այն սենյակի դռան առջև, ուր անհետացավ Կարդենիոն։ Այդ ամբողջ ժամանակի ընթացքին ո՛չ տղամարդիկ, ո՛չ կինը մի բառ չարտասանեցին և չհանեցին դիմակները։ Միայն, բազկաթոռի վրա նստելիս, անծանոթ կինը խորը հոգվոց քաշեց և ձեռնաթափ եղավ, ասես թե հիվանդ ու ուժասպառ լիներ։ Ծառաները, որ ոտով էին եկել, ձիերին գոմ քաշեցին։
Այդ տեսնելով՝ քահանան հետաքրքիր եղավ հարցնելու, թե այդ դիմակավոր ու լուռ մարդիկ ովքե՞ր են։ Նա գնաց ծառաների հետևից և նրանցից մեկին հարցրեց այն, ինչ որ ուզում էր իմանալ։ Ծառան պատասխանեց․
― Ճիշտն ասած, սինյոր, չեմ կարող ասել, թե դա ինչ սինյորներ են։ Մի բան միայն գիտեմ, որ, ըստ երևույթին, շատ կարևոր մարդիկ են, մանավանդ նա, որ բռնեց կնոջ ձեռքից, որին դուք տեսաք։ Ես նրանից եմ հետևցնում, որ բոլոր մնացածները նրան հարգանք են ցույց տալիս և ինչ որ կատարվում է՝ բոլորը նրա կարգադրությամբ ու հրամանով է։
― Իսկ կի՞նն ով է, ― հարցրեց քահանան։
― Այդ էլ չեմ կարող ասել, ― պատասխանեց ծառան, ― որովհետև ողջ ճամփան անցնելով ես նրա երեսն էլ չեմ տեսել։ Միայն թե շատ անգամ լսել եմ, ինչպես նա հոգվոց է քաշում ու հառաչում, որ ասես թե ահա՛ շունչը կփչի։ Զարմանալի էլ չէ, որ մենք բան չգիտենք, որովհետև ես ու ընկերս միայն երկու օր է, ինչ ուղեկցում ենք նրանց։ Նրանք մեզ պատահեցին ճամփին և սկսեցին խնդրել ու համոզել, որ մենք ուղեկցենք նրանց մինչև Անդալուզիա և խոստացան լավ էլ վարձատրել։
― Չե՞ք էլ լսել, թե ինչպես են նրանցից մեկն ու մեկին կոչում, ― հարցրեց քահանան։
― Աստված վկա, չեմ լսել, ― պատասխանեց ծառան։ ― Նրանք այնքան լուռ են գնում, որ ուղղակի զարմանալի է։ Լսել է միայն, թե ինչպես հառաչում ու հեկեկում է խեղճ սինյորան, այնպես որ մարդու մեղքն է գալիս։ Թվում է, թե նրան, երևի, բռնի են տանում։ Եվ, եթե կարելի է դատել նրա հագուստից, նա կամ միանձնուհի է, կամ թե վանք է ուղևորվում։ Վերջինս ավելի հավանական է։ Եվ, երևի, իր կամքով չի ձեռնադրվում, դրանից է, երևի, որ այդքան տխուր է։
― Կարող է պատահել, ― ասաց քահանան և, թողնելով նրանց, վերադարձավ Դորոթեայի մոտ։
Իսկ Դորոթեան, լսելով դիմակավոր տիկնոջ հառաչանքը, բնական ցավակցության մղումով մոտեցավ անծանոթին և ասաց․
― Ձեր դարդն ի՞նչ է, սինյորա։ Խորհեցեք, չի՞ կարող դարմանել արդյոք մի ուրիշ կին, որ շատ բան է կրել և փորձառու է։ Ի բոլոր սրտե առաջարկում եմ ձեզ իմ ծառայությունը։
Վշտահար տիկինը չպատասխանեց այդ խոսքերին։ Եվ, թեև Դորոթեան առաջարկեց նրան իր օգնությունը ավելի թախանձագին, նա շարունակեց պահպանել լռություն, մինչև որ վերադարձավ դիմակավոր տղամարդը, նա, որին, ծառայի ասելով, բոլորը հնազանդում էին և ասաց Դորոթեային․
― Նեղություն մի կրեք, սինյորա, և այդ կնոջը ոչինչ մի առաջարկեք, որովհետև նրա բնավորությունն այնպես է, որ ինչ էլ նրա համար անելու լինեք, նա շնորհակալ չի լինի։ Միք ձգտի պատասխան ստանալու, եթե չեք կամենում սուտ լսած լինել։
― Ես երբեք չեմ ստել, ― ասաց տիկինը, որ մինչ այդ լուռ էր, ― ընդհակառակը՝ այն իսկ պատճառով, որ ես ճշմարտասեր կին եմ եղել և չեմ իմացել սուտ ու խորամանկ հնարքներ, հիմա այսպիսի ցավի մեջ եմ ընկել։ Ես պահանջում եմ, որ դուք ինքներդ վկայեք այդ, որովհետև իմ զուտ ճշմարտությունն է հարկադրում ձեզ ստել ու խաբել։
Կարդենիոն պարզ ու որոշ լսեց այդ խոսքերը, որովհետև գտնվում էր նրանց կողքի՝ դոն Կիխոտի սենյակում և մի դուռ էր միայն նրան բաժանում խոսող կնոջից։ Այդ խոսքերը լսեց թե չէ, նա բարձրաձայն աղաղակեց․
― Տեր ողորմյա՛։ Ի՜նչ եմ լսում։ Այդ ո՞ւմ ձայնը հասավ իմ ականջին։
Այդ խոսքերից զարմացած՝ անծանոթ կինը գլուխը շուռ տվեց և, խոսողին չտեսնելով, վեր կացավ ու կամեցավ դուռը բանալ, բայց տղամարդը, նկատելով այդ, բռնեց նրա ձեռքից և թույլ չտվեց քայլ անգամ անելու։ Շփոթմունքից և աճապարանքից նա վեր գցեց մետաքսե քողը, որ ծածկում էր նրա դեմքը, և բոլորը տեսան նրա աննման գեղեցկությունը, նրա չքնաղ դեմքը, որ թեև նիհար ու դժգույն էր։ Նրա աչքերը մի առարկայից մյուսն էին անցնում այնպիսի արագությամբ, որ, ասես թե, նա խելքը կորցրած լիներ։ Չըմբռնելով այդպիսի տարօրինակ վարքի պատճառը, Դորոթեան և բոլոր մնացած ներկա եղողները խորապես խղճացին նրան։ Տղամարդը ամուր բռնել էր նրա ուսերից և այնքան էր մտահոգված, որ նա դուրս չպրծնի, որ չկարողացավ պահել իր իսկ դեմքից վայր ընկնող դիմակը, որ վերջապես բոլորովին վայր ընկավ։ Դորոթեան, որ գրկել էր անծանոթ կնոջը, աչքը բարձրացրեց և տեսավ, որ տիկնոջ բռնողը իր սեփական ամուսինն էր, դոն Ֆերնանդոն և, հազիվ էր նրան տեսել, որ հոգու խորքից ձիգ ու ցավագին «ախ» հանելով, վայր ընկավ ուշագնաց։ Եթե նրա կողքին կանգնած դալլաքը նրան բռնած չլիներ, նա կփռվեր գետնին։ Իսկույն մոտ վազեց քահանան, բարձրացրեց նրա քողը և երեսին ջուր սրսկեց։ Երբ որ նրա երեսը բաց արին, դոն Ֆերնանդոն (նա էր, որ գրկում պահում էր անծանոթ կնոջը) ճանաչեց Դորոթեային և զարմանքից ապուշ կտրեց։ Սակայն նա շարունակում էր իր գրկում պահել Լյուսինդային, որը աշխատում էր դուրս պրծնել, որովհետև հառաչանքից ճանաչել էր Կարդենիոյին, ինչպես և Կարդենիոն նրան էր ճանաչել։ Վերջինս, լսած լինելով Դորոթեայի բացականչությունը ուշագնացության միջոցին և կարծելով, որ իր Լյուսինդան է բացականչողը, վախեցած դուրս վազեց սենյակից և առաջին մարդը, որին նա տեսավ, Լյուսինդային գրկած դոն Ֆերնանդոն եղավ։ Սա էլ ճանաչեց Կարդենիոյին և երեքով՝ Լյուսինդան, Կարդենիոն ու Դորոթեան, մնացին տեղն ու տեղը՝ լուռ ու մունջ, ասես թե չէին հասկանում, թե ինչ է կատարվում։
Բոլորը լուռ նայում էին իրար՝ Դորոթեան՝ դոն Ֆերնանդոյին, դոն Ֆերնանդոն՝ Կարդենիոյին, Կարդենիոն՝ Լյուսինդային, Լյուսինդան՝ Կարդենիոյին։ Վերջապես Լյուսինդան, առաջինը խզելով լռությունը, դարձավ դոն Ֆերնանդոյին հետևյալ խոսքերով․
― Թողեք ինձ, սինյոր դոն Ֆերնանդո, հարգելով ձեր իսկ արժանապատվությունը, քանի որ բոլոր ուրիշ նկատառումները ձեզ համար գոյություն չունեն։ Միք խանգարի, թո՛ղ բաղեղը փաթաթվի պատին։ Ոչ ձեր ոտնձգությունները, ոչ սպառնալիքները, ոչ խոստումները, ոչ էլ նվերները չկարողացան ինձ պոկել իմ հենարանից։ Տեսեք, թե ինչ արտասովոր և մեզ համար անտեսանելի ուղիներով երկինքը ինձ բերեց հասցրեց իմ իսկական ամուսնուն։ Հազար ու մի ձեզ վրա թանկ նստած փորձերից հետո դուք լավ գիտեք, որ լոկ մահն է կարող պոկել նրան իմ հիշողությունից։ Թող այս բացահայտ մերկացումը ձեր սերը կատաղության վերածելով և ցանկությունը՝ ատելության, քանի որ այլ զգացումներ անմատչելի են ձեզ, առիթ դառնան ձեզ համար սպանելու ինձ։ Բաժանվելով կյանքից իմ ամուսնու առջև ես կհամարեմ այդ բարի վախճան։ Գուցե թե իմ մահը համոզի նրան, որ ես հավատարիմ եմ եղել և մնացել մինչև վերջին շունչս։
Այդ միջոցում Դորոթեան ուշքի եկավ։ Լսելով Լյուսինդայի խոսքերը, նա կռահեց, թե ասողն ով է և, տեսնելով, որ դոն Ֆերնանդոն բաց չի թողնում Լյուսինդային և նրա խոսքերին ոչինչ չի պատասխաանում, Դորոթեան, բոլոր ուժերը հավաքելով, վեր կացավ և ընկավ նրա ոտների տակ, քնքշագին ու հուզիչ արցունքների վտակներ թափելով, այսպես խոսեց․
― Եթե, ով տեր իմ, այն արևը, որ մռայլած քո գրկի մեջ է, իր ճառագայթներով քեզ կուրացրած չլիներ տեսողությունից, դու վաղուց հետև նկատած կլինեիր քո ոտների տակ դժբախտ Դորոթեային, որի դարդը չի վերջանա, մինչև որ դու այդ չկամենաս։ Ես այն համեստ գեղջկուհին եմ, որին դու քո բարությամբ կամ սեփական բավականության համար արժանացրեցիր մեծ պատվի՝ քոնը կոչելով։ Ես այն երջանիկ, վայելչության սահմաններում պարփակված կինն եմ, որ քո հայցումների կանչից, քո, թվում էր, անկեղծ սիրո զգացմունքից, բաց արեց իր համեստության դռները և քեզ հանձնեց իր ազատության բանալին։ Իսկ դու այնպես շնորհակալ եղար այդ նվերի համար, որ ես հարկադրված եղա թափառելու այս վայրերում և հանդիպելու քեզ ահա՛ այս պարագաներում։ Այնուհանդերձ չկարծես, թե ես խնդրում եմ քեզնից, թե ես եկել եմ այստեղ իմ անպատվության մտքիս հետ։ Ոչ, ինձ այստեղ է բերել դառը մտածմունքը այն մասին, որ դու ինձ մոռացել ես։ Դու կամեցար, որ ես քոնը դառնամ և կամեցար այնքան ուժգին, որ հիմա, որքան էլ այլ բան կամենալու լինես, դու երբեք չես դադարի իմը լինելուց։ Խորհիր, տեր իմ, միթե իմ աննման նվիրվածությունը չի վարձատրի քեզ այն կնոջ գեղեցկության ու ազնվականության համար, որի պատճառով դու ինձ լքեցիր։ Դու չես կարող պատկանել չքնաղ Լյուսինդային, որովհետև դու իմն ես, նա էլ չի կարող քոնը լինել, որովհետև Կարդենիոյին է պատկանում, ինքդ դատիր՝ ավելի դյուրին չի՞ լինի աշխատես սիրել ինձ, որ երկրպագում է քեզ, քան հարկադրել սիրելու քեզ մի կնոջ, որ ատում է քեզ։ Ես պարզամիտ եմ եղել և դու փափագել ես ինձ, ես մաքուր էի և դու աղաչում էիր ինձ։ Քեզ հայտնի էր իմ ծագումը, դու գիտես, թե ես ինչպես հնազանդեցի քո կամքին և դու ոչ պատճառ ունես, ոչ հիմք գանգատվելու, թե քեզ խաբել են։ Եվ եթե այն ամենը, ինչ որ ես ասում եմ, ճշմարիտ է, և եթե դու ասպետ ես և քրիստոնյա, ինչո՞ւ ես ապա զանազան հնարքների դիմում և ի վերջո հապաղում ես նվիրելու ինձ այն երջանկությունը, որ դու սկզբից ևեթ նվիրել ես ինձ։ Իսկ եթե դու չես կամենում, որ ես լինեմ այն, ինչ որ կամ, այսինքն՝ քո իսկական և օրինավոր ամուսինը, ապա թույլ տուր գեթ քո ստրկուհին լինել՝ հնազանդելով քեզ ես ինձ գոհ ու երջանիկ կհամարեմ։ Մի՛ թույլ տուր, որպեսզի ես քեզնից լքված ու թողնված, պախարակելի ասեկոսների առարկա դառնամ։ Իմ ծնողները միշտ ազնվորեն ծառայել են քո ծնողներին, որպես բարի հպատակներ և արժանի չեն դառնացած ծերության, որ դու նախապատրաստում ես նրանց համար։ Եթե դու կարծում ես, թե կստորացնես քո արյունը, խառնելով իմի հետ, ապա մտաբերեիր, որ բոլոր կամ գրեթե բոլոր ազնվական տոհմերը նույն շավղով են ընթացել և որ մոր արյունից չեն որոշում ծագման ազնվությունը։ Ավելին կասեմ՝ իսկական ազնվությունը՝ առաքինությունն է և երբ դու դավաճանելու լինես առաքինությանդ, մերժելով իմ այնքան արդարացի խնդիրքը, ես ազնվության ավելի իրավունքով կմնամ, քան քո ունեցածն է։ Արդ, տեր, ահա՛ թե ինչ կասեմ քեզ խոսքս եզրափակելու համար՝ կամենաս դու թե չկամենաս, ես քո ամուսինն եմ։ Իմ վկան քո խոսքն է, որ չի լինի և չպիտի լինի սուտ, եթե միայն դու հպարտանում ես նրանով,<ref>Եթե միայն դու հպարտանում ես նրանով ― այսինքն՝ «իրենց ազնվությամբ և ազնվատոհմ լինելով»։</ref> ինչի համար դու արհամարհում ես ինձ։ Վկա է քո ստորագրությունը, վկա է երկինքը, որ դու քո խոստումների ճշտության վկա ես կանչել։ Բայց, եթե այդ ամենը բավական չէ, ապա իմացած եղիր, որ այդ վկաներին կմիանա քո խղճի անխոս ձայնը, որ կխեղդի ուրախության աղմուկը և, հիշեցնելով արդարությունը, որ ես ասացի քեզ, կխռովի քո բոլոր ուրախություններն ու վայելքները։
Ուրիշ բաներ էլ ասաց վշտացած Դորոթեան այնպիսի զգացմունքով ու արցունքներով, որ անգամ դոն Ֆերնանդոյի ուղեկիցները և բոլոր ներկա եղողները նրա հետ լաց եղան։ Դոն Ֆերնանդոն լսում էր, առանց ընդհատելու, մինչև որ նա վերջացրեց։ Ապա Դորոթեան սկսեց այնպես հառաչել ու հեկեկալ, որ պետք էր բրոնզե սիրտ ունենալ, որպեսզի նրա վիշտը տեսնելով մարդ չզգացվեր։ Լյուսինդան նայում էր Դորոթեային և ցավակցությունը նրա վշտի համար նույնքան մեծ էր նրա մեջ, որքան և հիացումը նրա խելքից և գեղեցկությունից։ Նա ուզում էր մոտենալ Դորոթեային և նրան մի քանի մխիթարանքի խոսք ասել, բայց դոն Ֆերնանդոն նրան բաց չէր թողնում և շարունակում էր սեղմել իր գրկում։ Նա երկար աչքը հառել էր Դորոթեային և, վերջապես, շփոթված ու խռովահույզ կռներն արձակեց, ու, բաց թողնելով Լյուսինդային, ասաց․
― Դու հաղթեցիր, չքնաղ Դորոթեա, դու հաղթեցիր, որովհետև ոչ ոք սիրտ չէր անի ժխտել, որ քո բոլոր ասածները ճշմարտություն են։
Լյուսինդան գրեթե ուշագնաց էր եղել և երբ դոն Ֆերնանդոն նրան բաց թողեց, նա անշուշտ վայր էր ընկնելու, եթե Կարդենիոն մոտ չվազեր և չբռներ նրան։ Չկամենալով, որ դոն Ֆերնանդոն իրեն ճանաչի, նա նրա ետևից էր կանգնել, ոչ հեռու Լյուսինդայից, սակայն այդ պահին, մոռանալով ամեն երկյուղ և վճռելով ամեն բան ռիսկ անել, նա բռնեց նրան, գրկեց և ասաց․
― Եթե բարեգութ երկինքը թույլ է տալիս, որ մի քիչ հանգիստ առնես, ով իմ հավատարիմ և չքնաղ տիրուհի, ապա որտե՞ղ կհանգստանաս դու ավելի անվրդով, քան իմ գրկում, որի մեջ քեզ պահում էի այն պահին, երբ բախտը թույլ էր տալիս քեզ իմը կոչելու։
Լսելով այս խոսքերը, Լյուսինդան նայեց Կարդենիոյին, որին արդեն առաջուց ճանաչել էր ձայնից և, սեփական աչքերով համոզվելով, որ դա, իրոք, նա է, առանց քաղաքավարությունը հաշվի առնելու, ուրախությունից աշխարհով մեկ եղած, փաթաթվեց նրան, դեմքը սեղմեց նրա դեմքին ու բացականչեց․
― Ո՜վ տեր իմ, դուք իմ իսկական տերն եք, ես՝ ձեր գերին, որքան էլ թշնամի բախտը հակառակի դրան և որքան էլ մարդիկ սպառնան իմ կյանքին, իմ կյանքս դուք եք։
Դա մի անսպասելի տեսարան էր դոն Ֆերնանդոյի և մյուսների համար և բոլորը զարմացած էին մնացել այդպիսի չտեսնված մի դեպքից։ Դորոթեային թվաց, թե դոն Ֆերնանդոն գունատվեց և ձեռքը դրեց թրի երախին, ասես թե մտադիր լիներ հաշիվ մաքրելու Կարդենիոյի հետ։ Հազիվ էր նա նկատել այդ բանը, որ իսկույն, արտասովոր արագությամբ ընկավ նրա ոտները, գրկեց և այնքան ամուր սեղմեց, որ նա չէր կարող շարժվել և, առանց դադարելու արտասվելուց, սկսեց խոսել․
― Ով իմ միակ ապաստան, ի՞նչ ես ուզում արած լինել այս արտասովոր վայրկյանին։ Քո ոտների տակ պառկած է քո ամուսինը, իսկ նա, որին դու ձգտում ես տիրանալ, իր ամուսնու գրկում է։ Խորհիր, վայե՞լ է քեզ արդյոք և հնարավո՞ր էլ է խանգարել այն, ինչ ինքը երկինքն է դասավորել։ Ավելի լավ չի՞ լինի, եթե դու բարձրացնես և վեր հանես մինչև քո բարձրությունը այն կնոջը, որ, արհամարհելով բոլոր խոչընդոտները և ապացուցելով քեզ իր ճշմարտախոսությունն ու հավատարմությունը, նայում է քո աչքերին և թրջում սիրային արցունքներով երեսը և կուրծքը իր ճշմարիտ ամուսնու։ Աղաչում եմ քեզ հանուն Աստծու և քո պատվի, թող այս հրապարակային մերկացումը չսաստկացնի քո ցասումը, այլ ընդհակառակը՝ մեղմացնի։ Պաղարյուն և առանց զայրույթի թույլ տուր այս սիրահարներին անարգել վայելեն խաղաղությունը բոլոր օրերում, որ կառաքի նրանց գթառատ երկինքը։ Արտահայտիր դրանով քո վեհ ու ազնիվ սրտի մեծահոգությունը և թող աշխարհս տեսնի, որ քո հոգու վրա բանականությունն ավելի իշխանություն ունի, քան կիրքը։
Դորոթեայի այս ճառի միջոցին Կարդենիոն, սեղմելով իր կրծքին Լյուսինդային, աչքը չէր հեռացնում դոն Ֆերնանդոյից, որպեսզի նրա առաջին իսկ սպառնացող շարժումի պահին պատրաստ լինի ոչ միայն պաշտպանվելու, այլև հարձակվելու իր դեմ ելնող յուրաքանչյուրի վրա, անգամ եթե այդ պայքարը կյանքի գնով լինի։ Սակայն այդ վայրկյանին մոտ վազեցին դոն Ֆերնանդոյի բարեկամները, հետները քահանան ու դալլաքը, որոնք նույնպես ներկա էին այս տեսարանին և նրանք բոլորն էլ, ոչ բացառյալ ամենաբարի Սանչո Պանսայի, շրջապատեցին դոն Ֆերնանդոյին և սկսեցին աղաչել, որ նա գթա Դորոթեայի արցունքներին։ Եթե նրա ասածը ճիշտ է, իսկ նրանք հաստատ հավատացած էին, որ ճիշտ է, դոն Ֆերնանդոն չպիտի թույլ տա, որ նրա արդարացի հույսերը խաբվեն։ Նրանք խնդրեցին, որ նա հավատա, որ դեպքը չէ, ինչպես այդ կարող է թվալ, այլ երկնքի հատուկ կամքն է նրանց բոլորին ի մի բերել այնպիսի մի տեղում, որտեղ նրանք ամենից քիչ կարող էին ենթադրել հանդիպել իրար։
― Հավատացած եղեք, ― ավելացրեց քահանան, ― որ միմիայն մահն է կարող բաժանել Կարդենիոյին ու Լյուսինդային և եթե մեկ սուր նրանց խողխողելու լինի, նրանք կմեռնեն երջանիկ լինելով։ Անհաղթահարելի պարագաներում նա է մեծագույն իմաստություն ցուցաբերում, ով, հաղթահարելով և ճնշելով ինքն իրեն, իր սրտի վեհանձնությունն է հայտնաբերում։ Թող ձեր համաձայնությամբ լինի, որ այս սիրահարները վայելեն երջանկությունը, որ առաքված է նրանց վերուստ։ Ուղղեցեք ձեր հայացքը Դորոթեային և համոզվեցեք, որ դժվար է կամ միանգամայն անհնար է գտնել մի կին, որ ոչ թե գերազանցեր, այլ գեթ հավասարվեր գեղեցկությամբ նրան։ Ավելացրեք այդ գեղեցկությանը նրա հեզությունը և անսահման սերը դեպի ձեզ։ Եվ նախ և առաջ հիշեցեք, որ ձեզ ասպետ ու քրիստոնյա համարելով, դուք չեք կարող խոստումնազանց լինել, իսկ, ձեր խոսքի տերը լինելով, դուք կատարած կլինեք ձեր պարտքը Աստծու հանդեպ և կբավարարեք բոլոր խելահաս մարդկանց։ Որովհետև ամենքը գիտեն և ըմբռնում են, որ առաքինությամբ զարդարված գեղեցկությունը, ինչ համեստ ծագում էլ ունենալու լինի, կարող է բարձրանալ ամեն տեսակ ազնվականության և հավասարվել առանց ստորացնելու նրան, ով բարձրացնում և հավասարեցնում է իրեն։ Եվ նա, ով հետևում է իր ձգտման հրամայողական օրենքներին, եթե միայն այստեղ մեղք չկա, չի կարող դատապարտվել իր հնազանդության համար։
Այս փաստարկումներին մնացյալ ներկա եղողները ուրիշ փաստարկումներ ավելացրին, և վերջապես դոն Ֆերնանդոյի վեհանձն սիրտը (զուր չէր նրա մեջ ազնվականի արյուն հոսում) մեղմացավ և խոնարհվեց ճշմարտության առջև, որ նա չէր կարող ժխտել, անգամ եթե կամենար։ Եվ որպեսզի ցույց տված լինի, որ ինքը անձնատուր է լինում ու ենթարկվում արդարացի հորդորներին, դոն Ֆերնանդոն թեքվեց Դորոթեային և գրկելով նրան ասաց․
― Վեր կացեք, իմ տիրուհի, որովհետև վայել չէ, որ իմ առջև չոքած լինի նա, ով իշխում է իմ հոգու վրա։ Եվ եթե ես մինչև հիմա ոչ մի բանով չեմ ապացուցել այս խոսքերիս արդարացիությունը, ապա, թերևս, դա նրանից է, որ այդպես է եղել երկնքի կամքը։ Ձեզ ըստ արժանվույն հարգել սովորելու համար ես պետք է որ նախապես տեսնեի, թե որքան հավատարիմ դուք սիրում եք ինձ։ Մի բան եմ խնդրում ձեզնից՝ մի նախատեցեք ինձ իմ չար ու արհամարհական վերաբերմունքի համար ձեր նկատմամբ, քանի որ նույն ուժը, որ դրդեց ինձ ձեզ իմը կոչելու, հարկադրեց ինձ փորձելու դադարել ձերը լինելուց։ Դուք կհավատաք ինձ, եթե շուռ գաք և նայեք հիմա երջանիկ Լյուսինդայի աչքերին։ Նրանց մեջ դուք կգտնեք իմ բոլոր մոլորությունների արդարացումը։ Սակայն քանի որ նա հասավ իր կամեցածին, իսկ ես ձեզնով գտա իմ ցանկությունների կատարումը, ապա թող Աստված նրան խաղաղ ու բարեկեցիկ կյանք տա, որ նա երջանիկ ապրի իր Կարդենիոյի հետ, իսկ ես ծնկաչոք կխնդրեմ Աստծուց, որ ինձ ու իմ Դորոթեային երջանկություն բաշխի։
Այդ ասելով նա սկսեց գրկել ու համբուրել նրան այնպիսի քնքույշ զգացմունքով, որ նա հարկադրված էր մեծ ճիգ գործադրելու, որպեսզի, իբրև անտարակույս ապացույց իր սիրո և զղջումի, աչքերիցը արցունքներ չթափվեն։ Բայց Լյուսինդան, Կարդենիոն և բոլոր ներկա եղողոները չկարողացան զսպել իրենց և այնքան արցունք թափեցին՝ ոմանք իրենց ուրախությունից, ոմանք՝ ուրախանալով ուրիշների համար, որ կարող էր թվալ, թե նրանց մեծ դարդ է վրա հասել։ Անգամ Սանչո Պանսան լաց էր լինում, թեև հետագայում պնդում էր, որ այն պատճառով էր անում այդ, որ դուրս եկավ, որ Դորոթեան իսկի էլ Միկոմիկոնի թագուհի չէ, որից նա այնքան շնորհներ էր ակնկալում։ Արցունքներն ու զարմանքը տևեցին պահ մի, ապա Կարդենիոն ու Լյոսինդան, չոքելով դոն Ֆերնանդոյի առջև, այնպիսի ընտիր ոճով շնորհակալություն հայտնեցին իրենց արված բարերարության համար, որ դոն Ֆերնանդոն չգիտեր, թե ինչ պատասխանի։ Նա նրանց վեր կացրեց, և գրկեց մեծ քնքշությամբ ու սիրով։
Ապա նա խնդրեց Դորոթեայից, որ պատմի, թե ինչպես է նա տնից այսքան հեռու տեղ ընկել։ Սա կարճառոտ ու վարպետորեն պատմեց, ինչ որ առաջ պատմել էր Կարդենիային։ Նրա պատմությունը շատ դուր եկավ դոն Ֆերնանդոյին և նրա ուղեկիցներին և նրանք ափսոսացին, որ այնքան կարճ էր՝ այնքան հաճելի պատմեց Դորոթեան իր աղետների մասին։ Իսկ երբ ավարտեց, դոն Ֆերնանդոն պատմեց, թե ինչ պատահեց քաղաքում, Լյուսինդայի ծոցում տոմս գտնելուց հետո, որի մեջ հայտնվում էր, որ պսակված է Կարդենիոյի հետ, ուստի և չի կարող նրա կինը դառնալ։ Նա կամեցավ սպանել նրան և, անշուշտ, կաներ էլ, եթե նրան ետ չկանգնեցնեին Լյուսինդայի ծնողները։ Վշտից ու զայրույթից նա գնաց քաղաքից, վրեժ հանելու մտադրությամբ, հենց որ դեպքը բերի։ Սակայն հետևյալ օրն իմացավ, որ Լյուսինդան անհայտացել է ծնողների տնից և ոչ ոք չգիտե, թե նա ուր է գնացել։ Վերջապես մի քանի ամիս հետո նրան լուր հասավ, որ Լյուսինդան վանք է քաշվել, որտեղ մտադիր է ապրելու մինչև մահը, եթե նրան թույլ չտրվի միանալու Կարդենիոյի հետ։ Հենց որ դոն Ֆերնանդոն իմացավ այդ բանը, նա օգնական վերցրեց երեք կաբալյերո և նրանց հետ ուղևորվեց վանք։ Լյուսինդայի հետ նա չտեսնվեց, որովհետև վախենում էր, որ, իմանալով իր գալստյան մասին, վանքում կխստացնեն հսկողությունը։ Եվ ահա, սպասելով, որ գա օրը, երբ դարպասը բաց լինի, նա իր ուղեկիցներից երկուսին թողեց որպես պահակ մուտքի մոտ, իսկ ինքը երրորդի ուղեկցությամբ գնաց գտնի Լյուսինդային։ Լյուսինդան վանքի բակում կանգնած է լինում, խոսակցելով մի կույսի հետ։ Նրանք բռնեցին նրան և ժամանակ չտալով, որ ուշքի գա, այնպիսի մի տեղ տարան, որտեղ կարելի էր պատրաստություն տեսնել ճամփի համար բոլոր կարևոր իրերի։ Այդ ամենը հաջողեց անել առանց որևէ արգելքի, որովհետև վանքը գտնվում էր դաշտում, հեռու քաղաքից։ Երբ որ Լյուսինդան համոզվեց, որ դոն Ֆերնանդոյի ձեռքն է ընկել, իսկույն ուշաթափվեց և, ուշքի գալով մնաց լուռ և միայն հառաչում ու լալիս էր։ Այդպես լուռ ու արտասվաթոր նրանք բերին հասցրին այս պանդոկը և թվում է հիմա, որ ինքը երկինքն է ընկել, որտեղ հաղթահարվում ու ավարտվում են բոլոր երկրային աղետները։