Երբ ստվերները միմյանց խառնվելով վերածվեցին մոխրագույն մթնշաղի, նրանք կրկին ճանապարհ ընկան: Շուտով Գոլլումը համարձակվեց դուրս գալ ճանապարհ, և այժմ նրանք նրանք գնում էին ավելի արագ, թեև ոչ առանց վախի: Գնում էին ամբողջ էությամբ լսողություն դարձած՝ յուրաքանչյուր պահի առջևից կամ հետևից սպասելով սմբակների դոփյունի և ծանր կոշիկների հարվածների: Սակայն ո՛չ հեծյալներ, ո՛չ էլ հետյոտն զինվորներ չհայտնվեցին՝ գիշերն անցավ խաղաղ: Ճանապարհը կառուցվել էր վաղուց մոռացված ժամանակներում: Մորանոնի մոտ, երևում է, վերանորոգել էին, բայց Դարպասից երեսուն լիգ այն կողմ այն ծածկված էր խիտ բուսականությամբ՝ վայրի բնությունն իր գործն արել էր: Սակայն մարդկային աշխատանքի հետքերը դեռ չէին վերացել. սալահատակի հին քարերը դեռ պառկած էին իրենց տեղերում, և ճանապարհը ուղիղ գծով ձգվում էր դեպի հարավ-արևմուտք՝ հատելով ու երկու մասի բաժանելով իր առջև հայտնված բլուրները և անցնելով առուների վրա գցված հինավուրց, քարե լայն կամուրջների վրայով: Բայց շուտով կառուցապատման բոլոր հետքերն աստիճանաբար անհետացան, և միայն երբեմն-երբեմն ճամփեզրին թփերի արանքից կոտրված սյուն էր երևում, կամ ոտքերի տակ՝ ճաքճքած մամուռով պատված սալաքար: Ճամփեզրը և, հետզհետե, նաև ճանապարհը ծածկվեցին հավամրգու թփերով, պտերով ու մատղաշ ծառերով, և ի վերջո ուղին վերածվեց լքված երկրամասի ամայի ճանապարհահատվածի, սակայն այն ևս առաջվա պես ուղիղ, առանց գալարվելու, տանում էր նրանց դեպի նպատակադրված կետը ամենակարճ երթուղով:
Այդպես նրանք հասան հյուսիսային եզրը երկրի, որը մարդիկ մի ժամանակ կոչում էին Իթիլիեն՝ երանելի երկիր՝ երկիր, զառիվայր լանջերով մագլցող անտառներով և շառաչող ջրվեժներով: Զարմանահրաշ գիշեր էր, լուսինը գրեթե բոլորել էր, երկինքն աստղազարդ էր, և օդը գնալով ավելի բուրավետ էր դառնում: Սակայն դա Գոլլումին ակնհայտ դուր չէր գալիս. նա փնչացնում էր ու դժգոհ փնթփնթում: