― Այնուհանդերձ, ― պատասխանեց քահանան, ― այս անգամ դուք նրան չեք կալանավորի։ Ասենք՝ նա ինքն էլ թույլ չի տա, որ կալանավորեք։
Վերջ ի վերջո քահանան այնքան ասաց ու խոսեց, դոն Կիխոտն էլ այնքան խենթություններ արեց, որ եթե հրացանաձիգները չհավատային մեր ասպետի խելագարությանը, դրանով նրանք ապացուցած կլինեին, որ իրենք նրանից խելագար են։ Ուստի բարվոք համարեցին խաղաղվել և անգամ հանդես գալ որպես միջնորդ դալլաքին Սանչո Պանսայի հետ հաշտեցնելու գործում, որոնք դեռևս մեծ համառությամբ շարունակում էին կռիվը։ Արդարադատության սպասավորները կայացրին մի վճիռ, որ եթե լիովին չհաշտեցրեց էլ երկու կողմերին, դարձյալ շատ թե քիչ բավարարեց նրանց՝ նրանք փոխանակեցին փալանները, բայց ամեն մեկը պահեց իր փորկապներն ու նոխտան։ Գալով Մամբրինի սաղավարտին՝ քահանան ծածուկ, այնպես, որ դոն Կիխոտը չնկատի, դալլաքին լագանի համար ութ ռեալ տվեց, դալլաքն էլ գիր գրեց, որով պարտավորվում էր գանգատ չանել կեղծիքի համար ո՛չ հիմա, ո՛չ էլ հավիտյանս հավիտենից, ամեն։ Այս երկու ամենախոշոր ու ամենանաշանավոր վեճերը հարթելուց հետո մնաց միայն համոզել դոն Լուիսի ծառաներին, որ նրանցից երեքը վերադառնան տուն, իսկ չորրորդը մնա և իր տիրոջ հետ գնա, ուր որ դոն Ֆերնանդոն նրան տանելու լինի։ Բարի բախտը և հաջողությունը, նիզակ ճոճելով և վերացնելով դժվարությունները ի հաճույս սիրահարվածների և խիզախների, որ գտնվում էին հյուրանոցում, կամեցան հասցնել վախճանին իրենց բարի գործը՝ ծառաները համաձայնեցին կատարել դոն Լուիսի խնդիրքը, և դոնյա Կլարան այնքան ուրախացավ, որ բավական էր նրա երեսին նայել՝ նրա սրտի բերկրանքը կարդալու համար։ Զորաիդան, թեև քիչ բան էր հասկանում իրադարձություններից, որ տեղի էին ունենում իր աչքերի առջև, այնուհանդերձ վշտանում ու խնդում էր, համեմատ ներկա եղողների դեմքի արտահայտության և հատկապես հետևում էր իր իսպանացու դեմքին, որին կաշկանդված էր նրա հայացքը և կապված՝ հոգին։ Պանդոկպանը, որի հայացքից չխուսափեց այն, որ քահանան դալլլաքին վարձատրություն ու նվեր տվեց, դոն Կիխոտից պահանջեց օթևանության վարձը և գինու և տիկերի վնասի հատուցումը՝ երդվելով, որ գոմից դուրս չի թողնի ո՛չ Ռոսինանտին, ո՛չ էլ Սանչոյի էշին, մինչև որ լրիվ վճարված չլինի մինչև վերջին կոպեկը։ Քահանան այդ էլ հարթեց՝ վճարեց դոն Ֆերնանդոն, թեև աուդիտորն էլ մեծ պատրաստակամությամբ առաջարկեց, որ ինքը վճարի։ Այսպես ահա հաստատվեց հաշտություն ու համաձայնություն, և այլևս չէր թվում, թե Ագրամանտեի բանակի պառակտումը, ինչպես արտահայտվեց դոն Կիխոտը, բռնկել է պանդոկում, ընդհակառակը՝ Օկտավիանոսի ժամանակի<ref>Օկտավիանոս ― այսինքն՝ Օգոստոս Օկավիանոսի Օկտավիանոսի ժամանակների։</ref> հաշտությունն ու հանգստությունն էր տիրում։ Ամենքը միաբերան ընդունեցին, որ այդ ամենի համար պետք է շնորհակալ լինեն բարյացակամ և ճարտարալեզու քահանայից և իր առատաձեռնությամբ անզուգակակն դոն Ֆերնանդոյից։
Երբ որ դոն Կիխոտը տեսավ, որ վերջապես ազատվեց ու պրծավ, ինչպես իր անձնական, այնպես էլ իր զինակրին վերաբերող բոլոր անախորժություններից, խորհեց, թե լավ կլիներ շարունակել սկսած ուղին և ավարտել այն մեծ գործը, որի համար ինքը կոչված և ընտրված էր։ Խիզախ վճռականությամբ նա ծունկ չոքեց Դորոթեայի առջև, սակայն աղջիկը հայտարարեց, որ նա թույլ չի տա խոսք անգամ արտասանել, մինչև որ վեր չկենա։ Դոն Կիխոտը հնազանդեց, ոտի կանգնեց և ասաց․
Այնուհետև վանդակը, ուսերի վրա դրին և, երբ որ դուրս էին բերում սենյակից, դալլաքը՝ փալանի տերը չէ՛, այլ մյուսը, ձայնին ահասաստ շեշտ հաղորդելով ասաց․
― Օ՜, Տխուր պատկերի Ասպետ, մի վշտանար, որ գերի ես ընկել, դա անհրաժեշտ է շուտափույթ ավարտելու համար սխրագործությունը, որին պարտավորեցրել է քեզ քո արիությունը, և որը կհանգի իր վախճանին, երբ որ Լամանչի ամեհի առյուծն ու տոբոսցի ճերմակ աղավնին միանան, և նրանց հպարտ գլուխները կխոնարհվեն ամուսնության քաղցր լծի տակ։ Այդ անլուր միությունից լույս աշխարհ կգան և կփայլեն արի կորյուններ՝ հուժկու ճիրաններով, իրենց հզոր հոր նման։ Եվ դա տեղի կունենա ավելի շուտ, քան խուսափող նիմֆային հետապնդողը<ref>Երբ արեգակը (Ապոլլոնը, որ հետապնդում է Դաֆնա հավերժահարսին) երլոի երկու անգամ շրջան քաշի երկնքում, անցնելով կենդանակերպի նշանները, այսինքն՝ երկու ժամից հետո։ </ref> իր բնական ու սրընթաց վազքով երկու անգամ կանցնի աստղազարդ երկնակամարի նշանները։ Եվ դո՛ւ, կողքին՝ թուր, ծնոտին՝ միրուք, քթածակերում հոտառություն ունեցող զինակիրներից ամենաազնիվն ու հնազանդը աշխարհիս երեսին, մի՛ վշտանար և մի՛ դժգոհիր՝ տեսնելով, որ քո աչքի առաջ այսպես են տանում թափառական ասպետության ծաղկին։ Շուտով, եթե կամենա աշխարհիս արարիչը, դու կտեսնես քեզ այնքան բարձր ու վեհ, որ ինքնդ քեզ չես ճանաչի և քո բարի տիրոջ տված խոստումները ապարդյուն չեն մնա։ Հավատացնում եմ քեզ իամստուն Մենտիրոնիանայի անունից,<ref>Mentironiana ― ազատ թարգմանությամբ «ստախոս» (mentira ―ստախոսություն)։</ref> որ քո ռոճիկը վճարված կլինի, ինչպես դու կտեսնես գործնականում։ Հետևի՛ր զորավոր ու կախարդված ասպետին, որովհետև պետք է դու նրան ուղեկցես մինչև այն տեղը, որտեղ երկուսդ էլ պիտի կանգ առնեք։ Եվ որովհետև ինձ թույլ չի տրված ուրիշ բան ասելու, ուստի մնաս բարով, իսկ ես վերադառնամ իմ լավ գիտցած տեղը։
Այս մարգարեական խոսքերը դալլաքն արտասանեց սկզբում սաստիկ բարձր ձայնով, ապա ձայնը մեղմացրեց և հասավ այնքան քնքուշ շեշտի, որ անգամ այս կատակին նախօրոք տեղյակները պատրաստ էին հավատալու, թե իրենց լսածը լուրջ բան է։ Գալով դոն Կիխոտին՝ մարգարեի խոստումները նրան մխիթարեցին, որովհետև նա լրիվ ըմբռնել էր նրանց իմաստը և տեսնում էր, որ նրան հուսադրում են, թե նա կզուգորդվի ամուսնական սրբազան ու օրինավոր կապերով իր սիրեցյալ Դուլսինեա Տոբոսցու հետ, թե նրա օրհնյալ արգանդից կորյուններ կծնվեն, զավակներ՝ Լամանչի մշտնջենական փառքի համար։ Հաստատ ու վերջնական կերպով հավատալով դրան՝ նա բարձրացրեց ձայնը և, խորը հոգվոց քաշելով ասաց․