― Այո՛, այո՛, հասկացա քեզ, Սանչո։ Շա՜տ։ Հիմա էլ հենց ուզում եմ։ Ազատի՛ր ինձ․ խնդրեմ, թե չէ տեղս արդեն աղտոտել է։
==Գլուխ XLIX==
Որ պարունակում է խելացի խոսակցություն Սանչո Պանսայի և նրա տիրոջ՝ դոն Կիխոտի միջև
Ըհը՛, ― ասաց Սանչոն, ― հո բռնեցի՜։ Հենց այդ էլ, արևս վկա, ուզում էի ես իմանալ։ Կարո՞ղ եք, սինյոր, հիմա ժխտել, որ սովորաբար, երբ մեկն ու մեկը տկար է, ասում են․ «Չգիտեմ, թե ֆլանին ինչ է պատահել ― ո՛չ ուտում է, ո՛չ խմում, ո՛չ քնում, ոչ էլ հարցերին հանգիստ պատասխանում, երևի՝ կախարդված է»։ Հետևաբար կախարդվածը նա՛ է, ով որ չի ուտում, չի խմում, չի քնում, չի բավարարում իր բնական պահանջը, որի մասին ես արդեն ակնարկեցի, և ո՛չ թե նա, ով որ ձերդ ողորմածության պես բնական պահանջն զգում է, խմում է, երբ որ տալիս են, ուտում է, երբ որ առաջարկում են և պատասխանում իրեն տված բոլոր հարցերին։
― Ճիշտ ես ասում, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն ես քեզ արդեն ասացի, որ կախարդության բազմաթիվ եղանակներ կան, և շատ հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այդ եղանակները փոխվել են, և հիմա կախարդվածներն անում են այն, ինչ որ ես եմ անում և ինչ որ առաջ չէին անում, իսկ ընդունված սովորության դեմ ո՛չ կարելի է առարկել, ո՛չ էլ զանազան փաստարկումներ բերել։ Ես գիտեմ, և հավատացած եմ, որ ինձ կախարդել են, ուստի իմ խիղճը հանսգիտ է։ Խիղճս հանգիստ չէր լինի, եթե ես կարծեի, թե կախարդված չեմ և որ նստած եմ մնում այս վանդակի մեջ, որպես պարապ ու փոքրոգի մարդ, զրկելով խեղճ ու տկարներին իմ օգնությունից, որոնք այս իսկ ժամին իմ պաշտպանության ու օգնության ծայրաստիճան և սուր անհրաժեշտությունն են զգում։
― Այնուհանդերձ, ― պատասխանեց Սանչոն, ― ինձ թվում է, թե ձերդ ողորմածության ավելի բավական և գոհ լինելու համար պետք է փորձել ազատվել այդ բանտից, և ես պարտավորվում եմ իմ ողջ կարողությամբ դյուրացնել և անգամ դուրս բերել ձեզ այստեղից և փորձել նորից հեծնել քյահլան Ռոսինանտին, որ կարծես թե նույնպես կախարդված է, նայած նրա թախծոտ ու մելամաղձոտ տեսքին։ Եվ գլուխ բերենք այդ թե չէ, նորից մենք կփորձենք մեր բախտը արկածախնդրության մեջ։ Իսկ եթե գործը գլուխ գալու չլինի, ժամանակ կունենանք վերադառնալու վանդակը և, խոստանում եմ իբրև բարի և հավատարիմ զինակիր, որ ինքս էլ ձեր ողորմածության հետ կնստեմ վանդակի մեջ, եթե ձերդ ողորմածությունն այնքան դժբախտ լինի և ինքս այնքան անշնորհք, որ ասածս չկարողանանք գլուխ բերել։
― Սիրով կանեմ քո ասածը, եղբայդ Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― հենց որ նպաստավոր առիթ լինի քո ծրագիրն իրագործելու և ինձ ազատելու, ես քեզ կհնազանդեմ ամեն ինչում։ Սակայն, Սանչո, դու կտեսնես, թե որքան սխալ է քո դատողությունը իմ դժբախտության մասին։
Այսպես էին զրույց անում թափառական ասպետն ու նրա դժբախտ զինակիրը, մինչև որ հասան այն տեղը, որտեղ իջել և նրանց էին սպասում քահանան, եկեղեցականն ու դալլաքը։ Սայլապանը իսկույն արձակեց եզներին և բաց թողեց, որ արածեն խաղաղ ու կանաչ դաշտում, որի զովությունը բոլորին տրամադրում էր հանգստանալու ո՛չ թե դոն Կիխոտի պես կախարդված մարդկանց, այլ նրա զինակրի պես խելահաս ու խոհեմներին, որը քահանայից խնդրեց թույլ տալ իր տիրոջը մի քիչ դուրս գալ վանդակից՝ ավելացնելով, որ եթե նա մերժելու լինի, վանդակը կարող է այնքան մաքուր չմնալ, որքան պահանջում է դոն Կիխոտի պես ասպետի արժանապատվությունը։ Քահանան իսկույն հասկացավ, թե ինչ է ուզում Սանչոն ասած լինել և պատասխանեց, որ սիրով կհամաձայներ, սակայն երկյուղ է կրում, որ դոն Կիխոտը, իրեն ազատ տեսնելով, դարձյալ իրենը կանի և կփախչի այնպես, որ այլևս հնար չի լինի նրան գտնել։
― Ես երաշխավորում եմ, որ չի փախչի, ― ասաց Սանչոն։
― Ես էլ, ― հարեց եկեղեցականը, ― մանավանդ եթե նա խոսք տա, որպես ասպետ, որ առանց մեր թույլտվության մեզնից չի հեռանա։
― Խոսք եմ տալիս, ― պատասխանեց դոն Կիխոտը, որ լսել էր այս խոսակցությունը, ― առավել ևս սիրով, որ կախարդվածները ազատ չեն իրենց ուզածն անելու, որովհետև կախադրը կարող է նրանց երեք դար միևնույն տեղում կանգնած պահել, իսկ եթե նրանք փախչելու փորձ անելու լինեն, նա կարող է նրանց ետ բերել թռչել տալով։ Ուստի դուք կարող եք ինձ հանգիստ կերպով բաց թողնել, և բոլորիդ շահն էլ է այդ պահանջում, իսկ բաց թոնելու չլինեք՝ ձեր հոտառությունը վիրավորված կլինի, եթե հեռու չքաշվեք։
Եկեղեցականը բռնեց դոն Կիխոտի ձեռքը, թեև նրա ձեռները կապկպված էին և ազնիվ խոսքի վրա նրան բաց թողեց վանդակից։ Արգելանոցից դուրս գալը անսահման ու արտասովոր ուրախություն պատճառեց դոն Կիխոտին, որ նախ և առաջ մի լավ ձգվեց ողջ մարմնով, ապա գնաց Ռոսինանտի մոտ և, ձեռքը խփելով նրա կողերին, ասաց․
― Այնուհանդերձ հույս ունեմ, որ Աստված ու նրա օրհնյալ մայրը շուտով կկատարեն մեր փափագը, ո՜հ ծաղիկ ու հայելի բոլոր ձիերի, դու՝ տերդ մեջքիդ, ե՛ս՝ քեզ վրա, կենսագործելիս այն կոչումը, որի համար Աստված ինձ աշխարհ է հանել։
Այս ասելուց հետո Դոն Կիխոտը Սանչոյի հետ մեկուսի տեղ քաշվեց և վերադարձավ թեթևացած, հաստատ մտադրությամբ՝ իրագործելու իր զինակրի մտահղացումը։
Նայում էր նրան եկեղեցականը և զարմանում նրա սաստիկ խելագարության տարօրինակությունից, որովհետև երբ նրան հարց էին տալիս, նա պատասխանում էր միանգամայն խելացի կերպով, սակայն, ինչպես այլ անգամ ասացինք, կորցնում էր հավասարակշռությունը, երբ որ խոսքը ասպետականությունից էր բացվում։ Եվ ահա, երբ որ բոլորը, նստած կանաչ խոտի վրա, սպասում էին ուտեստի գալստյան, եկեղեցականը ցավակցությունից դրդված ասաց նրան․
― Հնարավո՞ր է, արդյոք, սինյոր հիդալգո, դատարկ և անճաշակ վեպերի ընթերցումից այնպես ներգործվել, որ մարդ խելքը կորցնի և կարծի, թե իրոք, կախարդված է, հավատ ընծայի հազար ու մի այլ անհեթեթ բաների, որ նույնքան հեռու են ճշմարտությունից, որքան սուտը։ Կարո՞ղ է արդյոք մարդկային միտքը հավատալ անհամար Ամադիսների գոյությանը և հռչակավոր ասպետների այդ բազմությանը, Տրապիզոնի այնքան թագավորների, այնքան Ֆելիսմարտե դե Հիրկանացիների, այնքան նժույգների, թափառական կույսերի, օձերի, հրեշների, հսկաների, այնքան անլուր արկածների, կախարդության այնքան տեսակների, մարտերի, կատաղի կռիվների, այնքան տարօրինակ զգեստների, սիրահարված իշխանուհիների, կոմս դառած այնքան զինակիրների, ծիծաղաշարժ թզուկների, սիրային նամակների և քնքշությունների, խիզախ կանանց, մի խոսքով՝ ամբողջ այդ ցնդաբանության, որ պարունակում են ասպետական գրքերը։ Գալով ինձ՝ խոստովանում եմ, երբ որ կարդում եմ այդ գրքերը առանց մտածելու, թե հերյուրանք է, ես որոշ հաճույք եմ զգում։ Սակայն հենց որ խորհում եմ, որ դա սուտի կույտ է, ես այդ գրքերից լավագույնը պատովն եմ տալիս, իսկ եթե մոտս կրակ լիներ, կրակը կգցեի, որովհետև այն կարծիքին եմ, թե նրանք արժանի են այդ պատժին, որովհետև սուտ են, խաբեական և հակառակ մարդկային բնության, որովհետև նոր աղանդ և կյանքի նոր եղանակ են հնարում, գայթակղում են տգետ ամբոխին, որ նրանց մեջ պարփակված բոլոր անմտությունները ճիշտ և ճշմարիտ է համարում։ Այդ գրողների աներեսությունն այն աստիճանի է հասնում, որ նրանք հանդգնում են ամենախելահաս և ազնիվ հիդալգոների միտքը խռովել, ինչպես վկայում է ձերդ ողորմածության օրինակը, ― չէ՞ որ նրանք են հասցրել ձեզ այն ծայրահեղության, որ հարկ է եղել ձեզ փակել վանդակի մեջ և տանել եզներով, ինչպես գյուղից գյուղ են տանում և փողով ցույց տալիս առյուծ կամ վագր։ Ա՜խ, սինյոր դոն Կիխոտ, խղճացեք ինքներդ ձեզ, խելքի եկեք և բարին գործադրեք այն բանականությանը, որով երկինքն առատորեն օժտել է ձեզ։ Ձեր ոգու փայլուն տաղանդը գործադրեք այն ընթերցանության համար, որ ձեր հոգին էլ փրկեք, պատիվն էլ ավելացնեք։ Եվ, եթե, այնուամենայնիվ, ձեր բնական հակումը մղի ձեզ դեպի սխրագործությունների և ասպետական գործերի ընթերցանություն, կարդացեք սուրբ գրքից Դատավորքը։ Այնտեղ դուք կգտնեք իսկական մեծ անցքեր ու գործեր, նույնքան ճշմարիտ, որքան և արի։ Լուգիտանիայում՝<ref>Լուգիտանիա ― Պորտուգալիայի հին անունն է։ Այնուհետև թվարկում է Իսպանիայի լիովին պատմական ազգային հերոսներին (միացնելով դրանք երեք հնադարյան հերոսների), որին դոն Կիխոտը ստորև գրեթե ամեն քայլափոխում հակադրում է միջնադարյան առասպելների հերոսներին։</ref> եղել է Վիրիատոն, Հռովմում՝ Կեսարը, Կարթագենում՝ Հաննիբալը, Հունաստանում՝ Ալեքսանդրը, Կաստիլիայում՝ կոմս Ֆերնան Գոնսալեսը, Վալենսիայում՝ Սիդը, Անդալուզիայում՝ Գոնսալո Ֆերնանդեսը, Էստրեմադուրայում՝ Դիեգո Գարսիա դե Պադերեսը, Խերեսում՝ Գարսի Պերես դե Վարդասը, Տոլեդոյում՝ Գարսիլասոն, Սևիլյաում՝ դոն Մանուել դե Լեոնը, որոնց արի գործերի ընթերցումը կարող է գրավել, ուսուցանել, հիացնել ու զարմացնել ամենաբարձր կրթության տեր ընթերցողներին։ Ահա թե ինչ ընթերցանում է վայել ձերդ ողորմածության սուր մտքին, սինյոր դոն Կիխոտ, որ ձեզ դարձնի պատմագետ, ստիպի սիրել առաքինությունը, շատ լավ բաներ սովորեցնի։ Այդ ընթերցումը կուղղի ձեր բարքերը, թույլ կտա, որ դուք լինեք արի՝ առանց հանդգնության և վճռական՝ փոքրոգության, և այդ ամենը ի փառս Աստծո, հոգուտ ձեզ, իսկ Լամանչին, որտեղից, ինչպես ես լսել եմ, սերում եք դուք, ― զարդ։
Դոն Կիխոտը լսում էր ուշի֊ուշով եկեղեցականի դատողությունները, և երբ որ տեսավ, որ նա ավարտեց, պահ մի նայեց նրան լռելյայն, ապա թե պատասխանեց․
― Ինձ թվում է, սինյոր հիդալգո, թե ձերդ ողորմածության խոսքերի միտքն այն էր, որ ինձ համոզեն, թե թափառական ասպետներ երբեք գոյություն չեն ունեցել։ Թե բոլոր ասպետական գրքերը սուտ են, խաբեություն, վտանգավոր, անօգուտ՝ պետության համար։ Թե ես վատ եմ արել, որ կադացել եմ դրանք, ավելի վատ, որ հավատացել եմ դրանց և առավել ևս վատ, որ ընդօրինակել եմ, քանի որ նվիրվել եմ թափառական ասպետների դժվարին կոչմանը, որ այդ գրքերն ուսուցանում են։ Վերջապես, դուք ժխտում եք Ամադիս Գաղղիացու և Ամադիս Հունաստանցու գոյությունը և բոլոր այլ ասպետներինը, որոնց սխրագործություններով լի են այդ գրքերը։
― Ձերդ ողորմածությունը միանգամայն ճիշտ է վերարտադրում իմ միտքը, ― հաստատեց եկեղեցականը։
― Ձերդ ողորմածությունը դրան ավելացրեց, որ այդ գրքերը ինձ մեծ վնաս են տվել, անգամ խելքից հանել և այս վանդակին հասցրել։ Որ ես ավելի լավ արած կլինեի, եթե ուղղվեի և փոխեի ընթերցանությանս նյութը և ասպետական վեպերի փոխարեն կարդայի ավելի ճշմարտապատում գրքեր, որ միաժամանակ և՛ հաճելի են, և՛ ուսանելի։
― Հենց այդպես, ― ասաց եկեղեցանակնը։
― Որ այդպես է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― անխելքն ու կախարդվածը ձերդ ողորմածությունն է, որ հանդգնեց պարսավել այն, ինչ որ արար աշխարս ընդունում ու ճանաչում է ճշմարիտ։ Ձերդ ողորմածության պես ժխտողը արժանի է նույն պատժին, որին ձերդ ողորմածությունն իր ասելով կկամենար ենթարկել գրքերը, որոնց ընթերցումը իր ճաշակովը չէ։ Դուք կամենում եք ինձ հավատացնել, որ աշխարիս երեսին ո՛չ Ամադիս է եղել, ո՛չ էլ ուրիշ ասպետներ՝ արկածախնդիրներ, որոցով լեփ֊լեցուն են պատմությունները։ Դա նույնն է, եթե կամենայիք համոզել, թե արևը չի լուսավորում, թե սառույցը սառը չէ և որ երկիրը հաստատ չէ։ Ո՞վ կարող է աշխարհիս երեսին համոզել մեզ, թե թագաժառանգուհի Ֆլորիպեսի և Գյուի Բարզոնացու պատմությունը եղելություն չէ կամ թե մեծն Կառլոսի օրոք տեղի ունեցած Ֆիերաբրասի սխրագործությունը Մանտիբլի կամուրջի վրա սուտ է։ Դրանք նույնքան ճիշտ են, որքան այն, որ հիմա ցերեկ է։ Եվ եթե դրանք սուտ բաներ են, կնշանակի՝ ո՛չ Հեկտոր է եղել, ո՛չ Աքիլլես, ո՛չ Տրովադայի պատերազմը, ոչ Ֆրանսիայի տասներկու պերերը, ո՛չ Անգլիայի Արթուր թագավորը, որ հիմա ագռավ է կերպանարափոխված, մինչդեռ մինչև օրս իր թագավորության մեջ նրան սպասում են։ Ասել է թե՝ Գուարինի Մեսկինոյի պատմությունն էլ, սուրբ Գրաալի որոնումներն էլ սուտ բաներ են։ Որ դոն Տրիստանի և Իզոլդա թագուհու սերը հնարած բան է, ինչպես և Ջինևրայի և Լանսելոտինը, մինչդեռ դեռ կան մարդիկ, որոնք գրեթե հիշում են, ասես թե իրենց աչքով տեսած լինեին օրիորդ Կինտանյոնային, որ մեծն Բրիտանիո լավագույն մատռվակուհին է եղել։ Այդ այդպես է, և ես ինքս հիշում եմ, որ գլխին երկար ապարոշ կրող որևէ օրիորդի հանդիպելուց տատս՝ հորս մայրը, ասում էր․ «Ապա տես թոռնիկս, կարծես թե օրիորդ Կիտանյոնան լինի»։ Հեևաբար, տատս կա՛մ նրան ճանաչելիս է եղել, կա՛մ, առնվազն, տեսած նրա պատկերը։ Ով կարող է հերքել Պիերրեսի և չքնաղ Մագելոնայի պատմության ստուգությունը, երբ որ տակավին այսօր արքունի զինանոցում պահպանվում է ձողը, որով արի Պիերրեսը կառավարում էր փայտե ձին, որ նրան սլացնում էր օդով։ Այդ ձողը սայլի լծափայտից մի քիչ մեծ է։ Հենց նրա կողքին Բարիեկայի թամքն է դրած, իսկ Ռոնսևալում Ռոլանդի փողը կա՝ առաստաղի գերանի չափ մեծ։ Այստեղից բխում է, որ տասներկու պերերն էլ են գոյություն ունեցել, Պիերրեսն էլ, Սիդն էլ, մնացյալ նման թափառական ասպետներն էլ, որոնք հայտնի են մարդկանց նրանով, որ արկածների ետևից են ընկել։ Իսկ եթե ո՛չ, ապա ասացեք, որ ճիշտ չէ, թե Խուան դե Մերլո Լուզիտանացի արի ասպետ է եղել, որ նա Բուրգունդիա է գնացել և Ռաս քաղաքում կռվել է Էնրիկե Ռեմեստանի հետ, որ այդ եկուսին էլ նա չի հաղթել և փառք ու պատիվ ձեռք բերել։ Իսկ Բուրգոնյայի արկածները երկու արի իսպանացիների՝ Պեդրո Բարրայի և Գուտիերրե Կիխադայի (որի տոհմից, տղամարդկանց ուղիղ գծով, սերում եմ ես) ― նույնպե՞ս հեյրուրանք են։ Մի՞թե նրանք չհաղթեցին կոմս դե Սեն Պոլոյի երկու որդիներին։ Դե, ժխտեցեք նաև այն,<ref>Դե, ժխտեցեք նաև այն ― նրանց ժխտողը զուրկ է բանականությունից և առողջ դատողությունից ― Երևակայական հերոսների իր թվարկումը դոն Կիխոտը վերջացնում է՝ վկայակոչելով մի քանի պատմական անձնավորությունների։ Կաստելիացի ասպետ (ծագմամբ պորտուգալացի) Խուան դե Մերլոն՝ դոն Կիխոտի իրական նախատիպերից մեկը, 1433 թվին մի ճանապարհորդություն է նախաձեռնել դեպի Ֆրանսիա՝ փայլուն սխրագործություններ կատարելու նպատակով՝ մենամարտության հրավիրելով ամենահռչակավոր ասպետներին։ Դրանց թվում նա հաղթանակորեն կռվել է այստեղ հիշվող Պյեռ դո Բոֆրեմոնի, Բարգունդիայի հերցոգի ասպետ սենյոր դե Շարնիի (այստեղից էլ դոն Կիխոտի անճշգրիտ «գնացել է Բուրգոնդիա» արտահայտությունը) և մոսեն Էնրիկե դե Ռոմեստանի հետ (մոսենը արագոնյան տիտղոս է, որ համազոր է իսպանական «դոն» կամ ֆրանսիական «մսյո» դիմումին): Պեդրո Բարբան և Գյուտերին Կիխադան կաստիլիացի ասպետներ են, որոնք 1435 թվին նմանօրինակ մի արշավանք են ձեռնարկել, նպատակ ունենալով կռվել օտարերկրյա ասպետների հետ՝ ի պատիվ իրենց դամաների։ Ֆերնանդո դե Գևարի մենամարտը ավստրիական ասպետ Գեորգի հետ տեղի է ունեցել Վիեննայում 1436 թվին։ 1434 թվին Օրբիգայի կամրջի մոտ Աստորգա քաղաքից երեք մղոն հեռու տեղի է ունեցել մի նշանավոր տուրնիր (զինխաղ), որը կազմակերպել է Լեոնի ասպետ Սուենո դե Կինյոնեսը։ Տուրնիրն այնուհետև գովերգվել է Խուան դե Պինեդայի կողմից «Libro del Paso Honroso»֊ի մեջ (1588), այսինքն, որ Սուերոն 9 ընկերների հետ 30 օրվա ընթացքում հաջողությամբ մրցել է ինչպես իսպանական, այնպես էլ Իտալիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից եկած 60 ասպետների հետ։ Նավարրայի ասպետ Լուիսա դե Ֆալսեսի մենամարտը կաստիլիացի Գոնսալո դե Գուսմանի հետ տեղի է ունեցել Վայլադոլիդում 1428 թվին։</ref> որ Ֆերնանդո դե Գևարան, արկածախնդրության նպատակով գնաց Գերմանիա և այնտեղ մարտնչեց մեսեր Խորգեի՝ ավստրիական հերցոգի ասպետի հետ։ Դուք կասեք, թե դրանք բոլորը հնարած բաներ են՝ Սուերո դե Կինյոնեսի զինախաղն էլ, դե Պասոյի նկարագրածը, մոսեն Լուիս դե Ֆալսեսի արշավանքն էլ կաստիլցի ասպետ դոն Գոնսալո դե Գուսմանի վրա և ընդհանրապես այլ բազմաթիվ գործերը, որ կատարել են բազմաթիվ քրիստոնյա ասպետները մեր և օտր թագավորություններում, որոնք այնքան ճշմարտապատում են և ստույգ, որ մեկ էլ կասեմ՝ նրանց ժխտողը զուրկ է բանականությունից և առողջ դատողությունից։
Եկեղեցականը մնացել էր զարմացած՝ լսելով, թե ինչպես դոն Կիխոտը խառնում է իրար ճշմարիտն ու սուտը և տեսնելով, թե որքան տեղյակ է նա այն ամենին, ինչ որ կապ ունի և վերաբերում է իրեն սիրելի թափառական ասպետետությանը և պատասխանեց այսպես․
― Ես չեմ կարող ժխտել, սինյոր դոն Կիխոտ, որ ձեր բերած օրինակներից մի քանիսը ստույգ են, մանավանդ իսպանացի թափառական ասպետների վերաբերմամբ ձեր ասածները։ Նմանապես ես պատրաստ եմ համաձայնել ձեզ, որ Ֆրանսիայի տասներկու պերերը գոյություն են ունեցել։ Սակայն ես չեմ կարող հավատալ, որ նրանք արած լինեն այն ամենը, ինչ որ արքեպիսկոպոս Տուրպինը վերագրում է նրանց։ Իրականում նրանք ասպետներ են եղել, որոնց ֆրանսիական թագավորներն ընտրել և կոչել են պերեր, որովհետև նրանք ծագումով արիությամբ ու քաջությամբ հավասար են եղել<ref>Ֆրանսերեն pair, իսպաներեն par նշամակում է «հավասար»։</ref> կամ առնվազն պետք է լինեին։ Դա այժմյան Սանտյագոյի կամ Կալատրավայի ուխտի պես մի բան էր, որտեղ պահանջվում է, որ նրանց պատկանող բոլոր ասպետները ազնիվ ծագում ունենան, արի և քաջ լինեն։ Եվ ինչպես հիմա մենք ասում ենք՝ Սան Խուանի միաբանության ասպետ կամ Ալկա՛նտարայի ուխտի ասպետ, այնպես էլ այն ժամանակ էին ասում տասներկու պերերի ուխտի ասպետ, նկատի չառնելով, որ այդ ռազմական ուխտի մեջ ընդգրկված բոլոր տասներկուսն էլ հավասար են իրար։ Իհարկե, Սիդի գոյությունը ոչ մի կասկած չի հարուցանում, ոչ էլ Բերնարդել Կապրիոյինը։ Բայց թե նրանք արած լինեն բոլոր այն սխրագործությունները, որոնց մասին մեզ պատմում են, դա շատ և շատ կասկածելի է։ Գալով կոմս Պիերրեսի ձողին, որը, ըստ ձեր ողորմածության խոսքերի, պահվում է թագավորական զինանոցում, Բարիեկայի թամքի կողքին, ապա, խոստովանում եմ, մեղքը իմս է՝ ես կամ տգետ եմ, կամ կույր, միայն թե թամքը նկատել եմ, իսկ ձողը աչքս չի ընկել, թեև, ձերդ ողորմածության ասելով, փոքր չափի չէ։
― Այնտեղ է, ո՛չ մի կասկած, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Կավելացնեմ, որ, ըստ լուրերի, կաշվե պատյանի մեջ է դրված, որ չժանգոտի։
― Հնարավոր է, ― պատասխանեց եկեղեցականը, ― սակայն երդվում եմ իմ հոգևոր կոչումով, չեմ հիշում, որ տեսած լինեմ։ Սակայն ենթադրենք, թե այնտեղ է․ այդ չի նշանակի, որ դրանից ես հարկադրված եմ հավատ ընծայելու բոլոր այդ Ամադիսների և այլ անհամար ասպետների պատմություններին, որոնց մասին մեզ պատմում են, ոչ էլ դուք, ձերդ ողորմածություն, որպես հարգելի, ողջամիտ և այնքան բարձր հատկություններով օժտված մի մարդ, չպետք է ճշմարտության տեղ դնեք բոլոր այդ ցնդաբանությունները, որոնցով լի են ասպետական այդ անմիտ վեպերը։