— Դուք եղել եք Թաքնված երկրում,— ասաց Ֆարամիրը,— բայց, ինձ թվում է, այդպես էլ չեք հասկացել, թե որքան հզոր է այդ երկրի կախարդանքը: Նրանք, ովքեր տեսել են Ոսկե Անտառի թովիչ տիրուհուն, չպետք է զարմանան, եթե հետևանքներ լինեն: Մահկանացուների համար վտանգավոր է լքել մեր իրական աշխարհը. վերադարձից հետո նրանք այլևս այն չեն լինի, ինչ որ առաջ էին: Այդպես է ասվում ասույթներում:
Բորոմիր, օ՛ Բորոմիր,— բացականչեց նա,— ի՞նչ է ասել քեզ տիրուհին, որի նկատմամբ մահն իշխանություն չունի: Ի՞նչ է տեսել նա քո աչքերում, ի՞նչ է արթնացրել քո սրտում, ինչու՞ ես գնացել Լաուրելինդորենան, ինչու՞ չես վերադարձել քո ճանապարհով՝ ճանապարհով, սլանալով ռոհանյան նժույգին հեծած, որ վաղ առավոտյան ոտք դնես հայրենի շեմ: Նա կրկին շջվեց դեպի Ֆրոդոն և մեղմացավ. — Եվ այդ բոլոր հարցերին դու, երևի, կարող ես պատասխանել, Ֆրոդո, որդի Դրոգոյի: Բայց ո՛չ այստեղ և ո՛չ հիմա: Սակայն, որպեսզի դու չմտածես, որ ինձ ուղղակի տեսիլք է այցելել, իմացիր, որ Բորոմիրի եղջերափողը վերադարձել է իրականում, բայց տապարով կամ սրով երկու մասի բաժանված: Կտորները գտնվել են առանձին-առանձին. մեկը գտել են շամբուտում Գոնդորի հյուսիսային սահմանի պահապանները՝ Էնտվեյի գետաբերանից ներքև, մյուսը լողում էր Անդուինի հոսանքն ի վար՝ այն գտել է մի լողորդ: Տարօրինակ զուգադիպություններ են, սակայն, ինչպես ասում են, մահը չես կարող թաքցնել: Եվ ահա ավագ որդուն պատկանող եղջերափողի երկու կտորները հայտնվել են Դենեթորի ծնկներին: Այժմ նա իր բարձր գահին նստած սպասում է սոսկալի լուրերի: Դու չե՞ս խոսի այն մասին, թե ինչպես է երկու մասի բաժանվել եղջերափողը: — Չեմ խոսի այն մասին, ինչը չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Սակայն, եթե դու չես սխալվում քո հաշվարկներում, ապա ձայնը լսել ես այն նույն օրը, երբ մենք բաժանվեցինք, երբ ես ու իմ ծառան լքեցինք ջոկատը: Քո պատմությունից իմ սիրտը լցվում է սարսափով: Եթե Բորոմիրն ընկել է փորձանքի մեջ և սպանվել, ապա վախենում եմ, որ մնացած իմ ուղեկիցներն էլ են զոհվել՝ և՛ ընկերները, և՛ ցեղակիցները: Գուցե դու դադարե՞ս ինձ կասկածել և թողնես գնամ իմ ճանապարհո՞վ: Ես հոգնել եմ, ինձ տանջում է վիշտը և կրծում սարսափը: Բայց ինչ-որ բան կա, որ ես պետք է անեմ կամ գոնե փորձեմ անել, նախքան ինձ կսպանեն ինչպես նրանց: Եթե մեր ջոկատից մնացել ենք միայն մենք՝ երկու կոլոտիկներս, ապա առավել ևս հարկավոր է շտապել: Վերադարձիր քո երկիր, օ՜ Ֆարամիր, Գոնդորի քաջարի զորավար, պաշտպանիր այն մինչև արյան վերջին կաթիլը, իսկ թույլ տուր գնալ իմ ճակատագրին ընդառաջ: — Քո խոսքերն ինձ չմխիթարեցին,— ասաց Ֆարամիրը,— սակայն իզուր ես դու վախենում ու ընկճվում: Եթե ոչ Լորիենի էլֆերը, ո՞վ է այդ դեպքում հանդերձել Բորոմիրին վերջին ուղևորության: Հաստատ ոչ օրքերը, Թշնամու կամակատարները, թո՛ղ չհնչի նրա անունը: Նշանակում է ոչ բոլորն են սպանվել: Բայց անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել մեր հյուսիսային սահմանի մերձակայքում, քեզ, Ֆրոդո, ես այլևս չեմ կասկածում: Տարիների փորձությունները սովորեցրել են ինձ ճանաչել մարդկանց իրենց դեմքերով ու զրույցներով, այնպես որ, կարծում եմ, որ կոլոտիկների հարցում էլ չեմ սխալվում: Թեպետ,— այստեղ նա վերջապես ժպտաց,— քո մեջ ինչ-որ տարօրինակ բան կա, Ֆրոդո, հնարավոր է, էլֆական: Եվ մեր զրույցն էլ շատ ավելի կարևոր է, քան ինձ թվում էր սկզբում: Համաձայն մեր օրենքների, ես պարտավոր եմ տանել ձեզ Մինաս Թիրիթ, Դենեթորի գահ մոտ: Ըստ արդարության, ես արժանի կլինեմ մահապատժի, եթե գործեմ ի վնաս իմ ժողովրդի: Այդ պատճառով էլ չեմ ուզում շտապ որոշում ընդունել: Իսկ հիմա հարկավոր է այստեղից անհապաղ հեռանալ: Նա թեթևորեն ոտքի ցատկեց և արագ հրահանգներ տվեց: Ռազմիկները մի ակնթարթում մանր ջոկատների բաժանվեցին և արագ անհետացան ծառերի ու ժայռերի ստվերում: Շուտով մնացին միայն Մաբլունգն ու Դամրոդը: — Դուք, Ֆրոդո և Սեմուայս, կգաք իմ թիկնապաների և ինձ հետ,— ասաց Ֆարամիրը: — Միևնույնն է դեպի հարավ ճանապարհը ձեզ համար առայժմ փակ է: Այսօրվա ծուղակից հետո այն կրկնակի ուշադրությամբ կհսկեն: Բայց դուք առանց այդ էլ այսօր հեռու չէիք գնա՝ հազիվ եք ոտքի վրա մնում: Մենք էլ ենք հոգնել: Այստեղից տասը մղոն հեռու մենք գաղտնի ապաստարան ունենք և հիմա ուղևորվում ենք այնտեղ: Օրքերը և թշնամու լրտեսները դեռևս չեն հայտնաբերել այն, բայց եթե նույնիսկ հայտնաբերեն, հեշտությամբ այն չեն գրավի, ինչպիսի զորք էլ որ ուղարկեն: Այնտեղ մենք կհանգստանանք, իսկ մեզ հետ էլ՝ դուք: Իսկ առավոռյան ես կորոշեմ ինչպես վարվել ձեզ հետ, որ հա՛մ րնձ համար լավ լինի, հա՛մ ձեր: Ֆրոդոյին մնում էր միայն ընդունել առաջարկը՝ իսկ ըստ էության, հրամանը: