— Կարծում եմ ձեր օրենքները գրված են այլ դեպքերի համար,— առարկեց Արագորնը: — Սակայն, արդյո՞ք ես իրոք օտարական եմ: Ես քիչ անգամներ չեմ եղել ձեր երկրում և նույնիսկ կռվել եմ Ռոհանի ռազմիկների շարքերում, սակայն՝ ուրիշ անունով: Ճիշտ է, քեզ երբեք չեմ հանդիպել՝ այն ժամանակ դու դեռ երեխա էիր, բայց հորդ՝ Էոմունդի հետ, շատ եմ զրուցել: Թեոդենի, Թենգելի որդու հետ՝ նույնպես:Այն ժամանակներում ռոհանցի բարեխիղճ հրամանատարը երբեք չէր կանգնեցնի մի մարդու, ով շտապում է ընկերներին օգնության: Մի խոսքով, իմ պարտքն է շարունակել ուղիս, իսկ դու, Էոմունդի որդի, կարող ես ընտրե՛լ: Կա՛մ օգնիր մեզ, կա՛մ բաց թող, եթե չես ուզում օգնել: Կամ էլ շարժվիր օրենքով, բայց այդ դեպքում թագավորի մոտ կվերադառնան ոչ թե հարյուր ռազմիկ, այլ շատ ավելի քիչ:
Էոմերը մի քանի վարկյան վայրկյան լռեց և վերջապես որոշում ընդունեց:
— Երկուսս էլ շտապում ենք: Իմ ջոկատն անհամբեր սպասում է հրամանի, որ ինչքան հնարավոր է արագ հեռանանք այստեղից, իսկ քո հույսը գնալով ավելի եթերային է դառնում: Ես իմ ընտրությունը կատարեցի: Գնա՛ցեք ձեր ճանապարհով և, բացի այդ, ես ձեզ ձիեր էլ կտամ: Միայն մի բան եմ խնդրում, երբ կատարեք ձեր պարտքը, կամ հասկանաք որ ապարդյուն էիք փնտրում, վերադարձրե՛ք ձիերին Էդորաս: Դա թագավորին ապացույց կլինի, որ ես ճիշտ եմ վարվել: Դրանից կարող է կախված լինել իմ պատիվը և, հնարավոր է, նույնիսկ, կյանքը: Ինձ հուսախաբ չանես: