Այսպէս, շատ եմ խնդրում քեզ, թանկագին Պետր, խորհրդակցել Ռաֆայէլի հետ անձամբ, եթէ այդ քեզ յաջողի, կամ գրաւոր եւ անել բոլորը, որ կախուած է քեզնից, որպէսզի գրքում մեղանչումներ չլինեն։ Լաւ չի՞ լինի արդեօք գիրքը ցոյց տալ հենց նրան։ Քանի որ, ո՞վ, բացի նրանից, աւելի լաւ կարող է ուղղել սխալները, եթէ այդպիսիք այնտեղ սպրդել են։ Դրա համար նրան հարկաւոր է միայն թերթել իմ գիրքը, ի միջի այլոց կարելի կը լինի նրանից իմանալ, թէ արդեօք նա հաւանութիւն տալի՞ս է իմ աշխատութեան, քանի որ կարող է պատահել, որ նա ինքն է պատրաստուել նկարագրել իր ճանապարհորդութիւնները եւ կարող է զայրանալ իմ վրայ այն պատճառով, որ ես կանխել եմ իրեն եւ թուլացրել նորութեան հետաքրքրականութիւնը․ լոյս ընծայելով «Ուտոպիայի պետութիւնը», ես չէի ցանկանայ նման բազխումներ ունենալ։ Սակայն, անկեղծ ասած, ես ինքս էլ դեռեւս չեմ իմանում, թէ արդեօք հրապարակե՞մ այս գիրքը, թէ ոչ․ մարդկանց ճաշակներն այնքան բազմազան են, իւրաքանչիւր մարդու բնութիւնն այնքան անհատական, կարծիքներն այնքան ապականուած, խորհելու ունակութիւնն այնքան աննշան, որ մարդիկ, որոնք օգտւում են զգայական բոլոր հաճոյքներով եւ բաւարարում են իրենց մարմնական պահանջները, թւում է թէ աւելի լաւ վիճակում են, քան գիտնականները, որոնք հոգ են տալում, որպէսզի բոլոր կողմերով օգտակար եւ հաճելի գիրք գրեն եւ հրատարակեն։ Բայց, հակառակ նրանց ճիգերին, առաջին կատեգորիայի մարդիկ այնուամենայնիւ դէպի գիրքը վերաբերւում են արհամարհանքով եւ անշնորհակալութեամբ ու չեն գնահատում այն։ Մարդկանց մեծամասնութիւնը անկիրթ է եւ հեգնում է գիտութիւնը։ Անտաշ մարդուն միայն կարող է հաճոյք պատճառել ա՛յն, ինչ կոպիտ է ու վայրենի։ Իսկ գիտնական մարդն ընկնում է միւս ծայրայեղութեան մէջ․ նա անարժան եւ գռեհիկ է համարում այն բոլորը, որ ժամանակակից է, կենդանի, որը գունազարդուած չէ գործածութիւնից վաղուց դուրս եկած բառերով։ Այդպիսին սիրում է միայն հնոտին, նա բաւարարւում է իր սեփական դատողութիւններով։ Մէկը մռայլ է, չի հասկանում կատակներ, նրան գրգռում են ամէն տեսակի զուարճանքներ․ միւսը չի հասկանում վերացական, փոխաբերական ոչ մի բան, ոմանք վախենում են երգիծանքից, ինչպէս ջրավախը սարսափում է ջրից․ ուրիշներ հանդէս են գալիս որպէս անկայուն մարդիկ, շարունակ փոխում են իրենց դատողութիւնը եւ կանգնած ժամանակ ասում են մի բան, իսկ հենց որ նստեն՝ նրանց մտքում արդեն բոլորովին այլ բան է լինում։ Վերջապէս, կարելի է հանդիպել նաեւ այլ տեսակի ընթերցողների․ սրանք նստում են պանդոկներում եւ, ծծելով թասերից, քննադատում են գրականագէտներին՝ դատափետելով նրանց ամենահեղինակաւոր տոնով, ծաղրում են նրանց եւ իրենցից վեր չընդունելով ոչ ոքի, այսպիսով խուսափում են դատաստանից։ Երանի թէ նրանք ունենային կարգին մարդու գեթ մի մազ, որից կարելի լինէր կառչել։ Վերջապէս կայ անշնորհակալ ընթերցողների մի տեսակ էլ, որ գրքի ընթերցումից ստանում է մեծ հաճոյք, բայց այնուամենայնիւ փնթփնթում է հեղինակի հասցէին եւ նրան շնորհակալութիւն չի արտայայտում։ Իրենց անշնորհակալութեամբ նրանք յիշեցնում են որովայնապաշտներին, որոնք տրաքելու աստիճան լափում ու լակում են հիւրատեղում՝ տանտիրոջ մինչեւ իսկ շնորհակալութիւն չասելով։ Ահա՛, արի ու այս բոլորից յետոյ հեղինակ դարձիր, կազմակերպիր խնջոյքներ բազմերանգ եւ ընդհանրապէս չար ու ապերախտ հասարակութեան համար։ Բայց եւ այնպէս, թանկագին Պետր, մի՛ զլանայ Հիթլոդից իմանալ այն բոլորը, ինչ ես քեզ խնդրում եմ այս նամակում— ես չեմ կարող չխորհրդակցել նրա հետ։ Չէ՞ որ ես այս երկասիրութեան վրայ այսպէս թէ այնպէս աշխատել եմ եւ եթէ նա դէմ ոչինչ չունի, կուզենայի հրատարակել այն։ Ես միայն առաջնորդւում եմ իմ մտերիմների եւ մանաւանդ քո խորհրդով։
Եղի՛ր առողջ, իմ թանկագին բարեկամ, Պետր Էգին Էգիդ քո հրաշագեղ կնոջ հետ միասին տածիր իմ նկատմամբ միեւնոյն սէրը, ինչպէս առաջ, իսկ ես քեզ սիրում եմ աւելի շատ, քան երբեւիցէ։