Changes

Պահապանները

Ավելացվել է 20 689 բայտ, 17:31, 19 Հունիսի 2015
/* Գլուխ երկրորդ. Խորհուրդ */
— Մենք կարծում էինք, թե նա թաքնվում է լեռներում ինչ-որ տեղ, խուզարկեցինք համարյա յուրաքանչյուր կիրճ, և այնուամենայնիվ չկարողացանք գտնել, և ինձ մռայլ հուսահատություն պատեց: Բայց հենց հուսահատությունը թարմացրեց իմ հիշողությունը, և ես հանկարծ հիշեցի Սարումանի խոսքերը, որ ականջի ծայրով լսել էի Խորհրդում: «Մոգական Մատանիները,— ասաց նա այն ժամանակ,— մեկը մյուսից տարբերվում են թանկագին քարերով: Իսկ իր Մատանին Սաուրոնը ձուլել է բոլորովին հարթ, սակայն վրան գաղտնագիր կա, և իմաստունը կարող է կարդալ այն»:
Սարումանն այլևս ոչինչ չասաց: Եվ ահա նրա խոսքերը հիշելով սկսեցի մտածել, թե ով կարող է իմանալ, ինչպես է հայտածվում գաղտնագիրը: Գիտեր Մատանու ստեղծողը՝ Սաուրոնը: Իսկ Սարումա՞նը... Իր ողջ խոր իմաստնությամբ հանդերձ, նա այդ գաղտնագիրը հասկանալ չէր կարող, քանզի երբևէ տեսած չկար Մատանին, ուրեմն և ինչ-որ չափով լուծումը գտել է: Բացի Սև Տիրակալից էլ ո՞վ է տեսել Մատանին մինչև դրա անհետանալը... Միայն մեկ մարդ՝ Իսիլդուրը: Ես հրաժարվեցի Գոլլումին գտնելու անհույս որոնումներից և, ժամանակ չկորցնելով, ուղևորվեցի Գոնդոր: Մի ժամանակ այնտեղ իմաստուններին պատվում էին, իսկ Սարումանի նկատմամբ հատուկ հարգանք էին տածում՝ նա երկար ժամանակ հյուընկալվում էր Մեծ Տիրակալի մոտ: Գերագույն տիրակալ Դենեթորն ինձ շատ ավելի զուսպ ընդունեց, քան առաջներում և բավական տհաճությամբ թույլ տվեց մտնել հնամյա ձեռագրերի և հնագույն գրքերի Մատենադարան:
«Եթե քեզ, ինչպես ինքդ ես ասում, հետաքրքում են Գոնդորի հնամյա տարեգրությունները, ինչ կա որ, կարդա,— մռայլ ասաց նա: —Իսկ — Իսկ ինձ համար անցյալն ապագայից պարզ է... Դե դա արդեն իմ գործն է: Սակայն նույնիսկ Մեծ Իմաստուն Սարումանն այստեղ գտել է միայն այն, ինչ ես գիտեմ»:
Այդպես ասաց ինձ Դենեթորը: Եվ այնուամենայնիվ ես Մատենադարանում գտա հին ձեռագրեր, որոնք քչերն են ընդունակ հասկանալ, քանի որ հին ժողովուրդների բարբառները գիտեն միայն իմաստուններից իմաստունները: Այո, Բորոմիր, ես այնտեղ փնտրեցի և գտա անձամբ Իսիլդուրի ձեռքով գրվածը, հազիվ թե որևէ մեկն այն կարդացած լիներ՝ բացի ինձանից, և կարող է պատահել՝ նաև Սարումանից: Պարզվում է, որ Թշնամու դեմ տարած հաղթանակից հետո Իսիլդուրը վերադարձել է Գոնդոր, և ոչ թե հեռացել է, որպեսզի ինչ-որ տեղ անփառունակ շունչը փչի, ինչպես հաղորդում են հյուսիսային ավանդությունները:
— Հյուսիսայինները՝ հնարավոր է,— ասաց Բորոմիրը: — Բայց մենք՝ գոնդորցիներս, հնուց գիտենք, որ Իսիլդուրը իսկապես վերադարձել է Գոնդոր, որպեսզի իշխանությունը հանձնի Մենելդիլին, իր սպանված եղբոր որդուն, և հենց այդ ժամանակ էլ, զոհված եղբոր հիշատակին նա Սպիտակ Ծառի վերջին սերմը տնկեց մեր թագավորության մայրաքաղաքում:
— Եվ այդ ժամանակ էլ կատարեց վերջին գրառումը,— Բորոմիրի պատմությունը լրացրեց Գանդալֆը,— որի մասին Գոնդորում հավանաբար մոռացել են: Այդ գրառումը վերաբերվում է Համիշխանության Մատանուն, որն Իսիլդուրը ձեռք է բերել Սաուրոնի հետ մենամարտում: Ահա թե ինչ հաջողվեց ինձ կարդալ.
''Եվ իսկույն էլ տրվում է Մատանու նկարագրությունը.''
''Այն շիկացած էր, երբ ձեռքս վերցրի, ասես հենց նոր էր հանվել Ճակատագրի Լեռան ձագարի քուրայից, և ինձ թվաց, որ իմ այրվածքը երբեք չի դարմանվի: Սակայն ձեռքս լավացավ, և Մատանին պաղեց ու աչքիս փոքրացավ, բայց այնուամենայնիվ չկորցրեց նախկին գրավչությունը, ինչպես և Թշնամու կողմից նրան տրված ձևը: Եվ դժգունեցին վրայի մոգական նշաններն ու հազիվ էին երևում: Նշաններն էլ համակ Օստրանի էլֆերի տառերն էին, սակայն մակագրության լեզուն ինձ անծանոթ էր: Սույն լեզուն հավանորեն Թշնամու լեզուն է... զի հնչում է այն, տառերն ընթերցելիս, անհաճո ու խորհրդավոր: Ինձ անհայտ է, ինչ չար միտք է թաքցնում Թշնամու մակագրությունը, բայց ես արտանկարում եմ այն, նպատակով, որ պահպանվի սերունդների հիշողության մեջ, եթե պատահի, որ արդեն հազիվ նշմարելի տառերն ամբողջովին անհետանան: Համիշխանության Մատանուն, ինչպես պատկերանում է ինձ, պակասում է Թշնամու ձեռքի ափի տապը, քանզի շիկացած վիճակում այն նմանում էր բոսոր բոցի, ընդ որում սև՝ որպես խավարն է գիշերվա, և Գիլ Գալադը սրի էր քաշված, և եթե Մատանին շիկացվի կրակով, ապա կպատահի, որ հորհրդավոր խորհրդավոր մակագրությունը նորեն երևան գա, սակայն ես սարսափում եմ նրան չարն անելուց, զի զգում եմ, որ Այն արդեն թանկ է ինձ համար և չափազանց թանկ են հատուցել Նրա համար նումենորցիք»:'' Եվ այսպես, իմ ենթադրություններն արդարացան: Թշնամին օգտագործել էր էլֆերի տառերը, բայց մակագրությունն արել էր մորդորերեն լեզվով, և այդ մակագրությունը վաղուց հայտնի է, քանի որ երբ Թշնամին դարբնում էր Մատանին, էլֆ Սելեմրիմբերը կռահել էր նրա մտահղացումները և հստակ լսել մոգական բառերը, որ Սաուրոնը մտացի կրկնել էր մակագրությունը Համիշխանության Մատանու վրա դակելիս: Ես հրաժեշտ տվեցի Դենեթորին և շտապեցի Հոբիթստան, բայց ճանապարհին էլֆերից լուր ստացա, որ Արագորնը այնուամենայնիվ բռնել է Գոլլումին, և որոշեցի սկզբում լինել Չարքանտառում: Արագորնը մահացու վտանգներ էր հաղթահարել Մորդորի սահմանների մոտ Գոլլումին հետապնդելիս: Բայց այդ մասին թող ինքը պատմի: — Իսկ ի՞նչ կարելի է պատմել այդ մասին,— խոսեց Արագորնը: — Երբ շարժվում ես Սև Դղյակի մոտով կամ ճամփորդում ես Մորգուլյան դաշտավայրերով, ծաղկուն մարգագետիններում, ակամա ստիպված ես լինում վտանգներ հաղթահարել: Ինձ չհաջողվեց Գոլլումին գտնել և, հուսահատված արդեն շրջվել էի դեպի հյուսիս, բայց հանկարծ հայտնաբերեցի այն, ինչ փնտրում էի. ափամերձ ավազի մեջ ծանծաղ լճակի մոտ երևում էին բոբիկ ոտքերի դրոշմներ, որոնց հետքը տանում էր ոչ թե դեպի հարավ՝ Մորդոր, այլ դեպի հյուսիս: Գոլլումը շարժվում էր Մեռյալ Ճահիճների երկարությամբ, և մի երկու օր հետո ես նրան բռնեցի: Նա ամբողջապես ծածկված էր կանաչավուն տիղմով և զզվելին ձեռքս կծեց, ես էլ քնքուշ չվերաբերվեցի իրեն: Այնպես որ հետագայում համառորեն լռում էր, իսկ բերանը բաց էր անում միայն ուտելու համար՝ ստիպված էի ճանապարհին նրա համար կեր ճարել, բայց իմ հարցերն անպատասխան էին մնում: Բռնված Գոլլումի հետ հյուսիս վերադառնալն ինձ համար ավելի ծանր էր, քան նրան որոնելը: Ամբողջ ճանապարհին նրան քշում էի իմ առջևից բերանը պարկի կտոր խցկած, իսկ վզին՝ պարանի օղ գցած: Եվ երբ մենք վերջապես հասանք Չարքանտառ, ու նրան հանձնեցի Թրանդուիլի էլֆերին, հոգնածությունից օրորվում էի անգամ քամուց: Հուսով եմ, մենք այլևս իրար չենք հանդիպի, ախր նա, իր բոլոր բարեմասնություններից բացի, նաև գարշահոտ է՝ սատկած գիշանգղի նման: Սակայն Գանդալֆը նրանից այնքան չզզվեց, ու նրանք բավական երկար զրուցեցին: — Երկար և օգտակար,— հաստատեց Գանդալֆը՝ չցանկանալով նկատել Արագորնի ծաղրը: — Առաջինը՝ Գոլլումի պատմությունը համընկավ Բիլբոյի այսօրվա պատմածին: Բայց դա էական նշանակություն չունի, ես ինքս էլ կռահել էի, թե ինչն ինչպես է եղել: Առավել կարևոր է մեկ այլ բան. Գոլլումն ինձ ասաց, որ Մատանին գտել է Դարաշրջանի արշալույսին, Հիրիկների հարթավայրի մոտ գտնվող Մեծ Գետում: Նա մահկանացու է, և վաղուց պետք է մահացած լիներ, բայց ապրել է աներևակայելի երկար կյանք: Անկասկած, Մատանին է երկարացրել: Հայտնի է, որ միայն Համիշխանության Մատանին է երկարացնում իր տիրոջ կյանքը: Մյուս Մատանիների ուժերից վեր է այդ բանը: Եթե այդ էլ քեզ չի համոզում,— ավելացրեց հրաշագործը Գելդորին նայելով,— ապա գոյություն ունի ևս մեկ գլխավոր ստուգում: Բոլորդ տեսել եք կոլոտիկների Մատանին՝ ոսկե, կլոր և առանց որևէ փորագրության: Սակայն երբ այն մի քիչ պահում ես կրակի վրա, թեպետ ամեն ոք չի համարձակվի այդ անել, հստակորեն սկսվում է երևալ Թշնամու Հուռութագիրը: Մի անգամ ես Մատանին գցեցի բուխարիկի կրակի մեջ, և ահա թե ինչ հաջողվեց ինձ կարդալ. '''«Էշ նազգ դուրբաթուլուգ, էշ նազգ գիմբոթուլ, էշ նազգ թհրութուլուկ, ագհ վիբիզիմ-իշի քրիմփութուլ...»:''' Հրաշագործի ձայնը հանկարծ դարձավ չարագույժ, մռայլ ու հզոր թնդաց դահլիճով մեկ, և ցնցվեցին դղյակի հաստ պատերը, մշուշով պարուրվեց պայծառ արևը: — Դեռ երբեք այդ լեզուն չէր հնչել Իմլադրիսում,— խոսեց Էլրոնդը, երբ լռություն տիրեց, և Խորհրդի մասնակիցները շունչ քաշեցին: — Եվ հուսով եմ, այլևս երբեք չի հնչի,— Ազատքի տիրակալին պատասխանեց Գանդալֆը: — Բայց քեզանից ներողություն չեմ խնդրում, քանի որ ինձանից՝ Գանդալֆ Մոխրագույնից, իմ իրավացիության ապացույցներ պահանջեցին: Եվ որպեսզի այդ լեզվի հնչյունները հավիտյանս չհեղեղեն հյուսիսային հողերը, հարկավոր է հիշել, որ կոլոտիկների Մատանին, ինչպես հնում բնորոշել են իմաստունները, Թշնամու խորհրդավոր հզորության գանձն է: Սև Տարիների խավարում Օստրանի էլֆերն առաջին անգամ լսեցին մռայլ նզովքը. <poem>Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,Որ թշնամանք ցանի, կամազրկի մարդկանց,Խառնամբոխվեն նրանք Չարչարանաց երկրում:</poem> Եվ հասկացան, որ ընկել են դավաճանության ցանցը: Այո, Գոլլումն ինձ շատ բան պատմեց, թեպետ հազիվհազ ու դժկամորեն էր խոսում: Նրան հաջողվել էր հասնել Մորդոր, որտեղ նրան բռնել էին Թշնամու սպասավորները և նրանից դուրս կորզել բացարձակապես ամեն ինչ, և Թշնամին գիտե, որ Մատանին գտնվել է: Երկար ժամանակ պահվել է Հոբիթստանում, իսկ հետո նորից անհետացել է ինչ-որ տեղ: Սակայն շուտով հայտնի կդառնա, իսկ գուցեև հիմա արդեն հայտնի է, որ հոբիթները Մատանին ուղարկել են էլֆերի մոտ, քանզի Ինը Ուրվական սպասավորները հետևել էին Ֆրոդոյին ընդհուպ մինչև Ռիվենդել: — Ուրեմն նա՞, այդ Գոլլումը, այդ պիղծ արարա՞ծը,— տիրող լռությունը խզեց Բորոմիրը: — Փոքրիկ արարած, բայց մեծ չարագո՞րծ: Եվ ի՞նչ ճակատագրի է նա դատապարտվե՞լ... — Հյուսիսային Չարքանտառում կալանքի տակ է, ընդամենը միայն այդքան,— պատասխանեց Արագորնը: — Նա շատ է տառապել: Թշնամու մոտ, ըստ երևույթին, սոսկալի տանջել են, և մինչև այժմ սարսափից ուշքի չի գալիս: Սակայն ես ուրախ եմ, որ նրան հսկում են, և այն էլ ոչ այլ ոք, քան Չարքանտառի զգոն էլֆերը: Վհատությունն ու ատելությունը, ցավն ու ահը նրան սարսափելի վտանգավոր են դարձրել: Այնպես որ եթե ազատության մեջ լիներ, ապա ես այդ չարաբախտ էակից ամեն վատ բան կսպասեի: Եվ հազիվ թե նրան Մորդորից բաց թողնեին առանց Թշնամական սև մտահղացման: Իսկ նրան, արտաքինից զարմանալի թույլ արարածին, ատելությունն ահավոր ուժ է տալիս... — Ինձ ցավալի լուր են ուղարկել,— հանկարծ բացականչեց էլֆ Լեգոլասը,— բայց դրա խորապես ահավոր իմաստը ես միայն այսօրվա Խորհրդում հասկացա: Բանն այն է, որ Գոլլում կոչված Սմեագորլը կարողացել է ոչնչացնել պահակներին ու անհետանալ: — Անհետացե՜լ է,— իրեն կորցրած բղավեց Արագորնը: — Դա իսկապես չարագույժ նորություն է: Ինչպե՞ս է պատահել, որ էլֆերն անփույթ են գտնվել: — Մեր բարությունը անհոգություն դարձավ, և նա փախավ,— ասաց Լեգոլասը: — Բայց, ամենայն հավանականությամբ, բանտարկյալին օգնել են, իսկ դա նշանակում է, որ մեր գործերի մասին հայտնի է Չարքանտառի սահմաններից դուրս ինչ-որ մեկին: Մենք բարեխղճորեն հսկում էինք Գոլլումին, թեպետ պահակապետը մեզ դուր չէր գալիս: Բայց հեռանալիս Գանդալֆը խնդրեց Թրանդուիլին շատ չնեղել բանտարկյալին, և մենք նրան թույլ էինք տալիս դուրս գալ ման գալու, որ ամբողջ ժամանակ զնդանում չպահենք... — Իմ նկատմամբ դուք ավելի դաժան էիք,— աչքերը փայլեցնելով ընդհատեց նրան Գլոինը: Նա հիշեց իր բանտարկությունը, էլֆերը ախր նրան ամբողջ ժամանակ զնդանում էին պահում: — Հանգստացիր, բարեկամս,— ընդմիջեց Գանդալֆը,— անցած գնացած վեճերը հիշել հարկավոր չէ: Եթե մենք թույլ տանք, որ էլֆերն ու թզուկները սկսեն մաքրել իրենց հին հաշիվները, ապա Խորհուրդը երբեք չի ավարտվի: Գլոինը վեր կացավ և լուռ խոնարհվեց, իսկ էլֆը շարունակեց ընդհատված պատմությունը. — Լավ եղանակներին մենք բանտարկյալին բերում էինք դաշտ, որի մեջտեղում մի մեծ ծառ կար, և նա մագլցելով բարձրանում էր ծառի կատարն ու սաղարթով ծածկված երկար նստում այնտեղ, իսկ պահակներն սպասում էին ներքևում: Բայց մի անգամ նա հրաժարվեց իջնել, իսկ պահակները չուզեցին նրան ուժով քաշել ներքև. նա կարողանում էր ամուր կառչել ճյուղերից՝ բռնվելով և՛ ոտքերով, և՛ ձեռքերով, դրա համար էլ նրանք պարզապես նստել էին ծառի տակ՝ միևնույնն է, նա փախչելու տեղ չուներ: Եվ հենց այդ ամառային, անլուսին գիշերը հանկարծ մեզ վրա հարձակվեցին օրքերը: Մարտ սկսվեց, և միայն լուսադեմին մեզ հաջողվեց հետ մղել հարձակումը՝ օրքերի հորդաները կատաղորեն էին մարտնչում, բայց նրանք Անդրլեռնաստանի տափաստանների բնակիչներն են ու անտառում կռվելու սովոր չէին... Ստացվում է, որ այդ անսպասելի հարձակումը կատարվել էր նրան ազատելու նպատակով, և այդ մասին նախապես նրան տեղեկացրել էին, բայց թե ինչ կերպ՝ մեզ անհայտ է: Գոլլումը շատ խորամանկ արարած է, իսկ Թշնամու լրտեսները գնալով ավելանում են: Երբ Բարդ Նետաձիգը ոչնչացրեց վիշապին, մենք Չարքանտառից վռնդեցինք Մութ ուժերին, սակայն այժմ նրանք նորից են ի հայտ եկել, և մեր բնակավայրը դարձել է բոլոր կողմերից շրջապատված մի կղզի: Փախստականի հետքերը հետագայում մենք գտանք, չնայած օրքերը համարյա տրորել էին դրանք, և այդ հետքերը տանում էին դեպի հարավ, դեպի Դուլ Գուլդուր՝ Չարքանտառի ամենավտանգավոր տեղը, որտեղ մտնել չենք համարձակվում... — Կարճ ասած, նա թաքնվեց,— եզրակացրեց Գանդալֆը,— և հիմա նրան հետապնդելու ժամանակը չէ: Ուրեմն դա էլ նրա բախտն է: Եվ գուցե ո՛չ նա. ո՛չ էլ Մորդորի Տիրակալը չգիտեն, թե ապագայում նրան ինչ է վիճակված: — Իսկ այժմ պատասխանում եմ Գելդորի հարցին,— քիչ լռելուց հետո շարունակեց Գանդալֆը: — Եվ այսպես, ինչու՞ մեզ հետ չէ Սարումանը, և նա ի՞նչ խորհուրդ կարող էր տալ մեզ: Դա բավական երկար պատմություն է և այդ մասին առայժմ միայն Էլրոնդը գիտե: Ի դեպ, նրան էլ համառոտ եմ պատմել, իսկ դա մանրամասն շարադրանք է պահանջում, քանի որ Միջերկրի նախորդ աղետներին ավելացել է ևս մեկը՝ մեծագույն աղետ, որն այսօր վերջակետ է դնում Մատանու պատմությանը: Այս ամառ, երբ գտնվում էի Հոբիթստանում, սիրտս մշտապես կրծում էր տագնապը, և ես ուղևորվեցի այդ փոքրիկ, խաղաղ երկրի հարավային սահմանները, որովհետև զգում էի, որ վտանգն արագ մոտենում է, թեպետ որոշել չէի կարող, թե ինչ վտանգ է: Հարավում ինձ պատմեցին Գոնդորում ընթացող կռվի մասին և այն մասին, որ գոնդորցիները նահանջել են Գետից այն կողմ: Իսկ երբ լսեցի Սև Հեծյալների մասին, մոտեցող վտանգի զգացումն ավելի ուժեղացավ: Սակայն ասես նրանց ոչ ոք չէր տեսել՝ նույնիսկ մի քանի հոգնած փախստականները հարավից, որ ինձ հանդիպեցին ճանապարհին: Եվ այնուամենայնիվ իմ տագնապն աճում էր, քանի որ հարավի փախստակաները խիստ ահաբեկված էին, իսկ վախի պատճառը, չգիտես ինչու, գաղտնի էին պահում: Այն ժամանակ ես թեքվեցի Կանաչ Ուղի և Լեռնամոտում ինձ հանդիպեց Ռադագասթ Թուխը, նա էլ ինձ պես Իմաստունի տիտղոս ունի: Մի ժամանակ Ռադագասթն ապրում էր Ռոսգոբելում՝ Չարքանտառի կողքը, բայց հիմա տեղափոխվել է ուրիշ տեղ: Ուրեմն, նա նստել էր ճանապարհի եզրին, իսկ մարգագետնում արածում էր նրա ձին: — Գանդա՜լֆ,— ուրախացած գոռաց Ռադագասթը: — Ես էլ հենց քեզ էի փնտրում: Ինձ ասել էին, որ բնակվում ես արևմուտքում, անհեթեթ Հոբիթստան անունով մի երկրում, ես ախր այս տեղերին բնավ ծանոթ չեմ: — Ճիշտ են ասել,— պատասխանեցի ես,— այստեղից Հոբիթստան երկու քայլ է: Այնպես որ անհեթեթ անվան մասին զգույշ՝ հոբիթները շատ նեղացկոտ ժողովուրդ են: Իսկ դու, հավանաբար, կարևոր նորություննե՞ր ունես... Ախր դու երբեք ճանապարհորդել չես սիրել և հազիվ թե քո սովորությունները փախված լինեն: — Շատ կարևոր,— ասաց Ռադագասթը: Ապա, տագնապահար շուրջը նայելով, ավելացրեց. — շատ կարևոր ու շատ սոսկալի: Նազգուլները: Նրանք նորից հայտնվել են: Այս անգամ որպես Սև Հեծյալներ: Նրանց հաջողվել է Գետն անցնել և այժմ շարժվում են դեպի հյուսիս-արևմուտք: Ահա թե ինչու էր տագնապն ինձ կրծում,— Ֆրոդոյին նայելով ասաց Գանդալֆը: — Թշնամին այստեղ մի գաղտնի մտադրություն ունի,— ասաց Ռադագասթը:  — Ի՞նչը նկատի ունես,— հարցրի ես: — Իսկ Ուրվական Հեծյալների ինչի՞ն է պետք Հոբիթստանը: Այստեղ, խոստովանում եմ, ես ինձ կորցրի, որովհետև Նազգուլների ջոկատի հետ ճակատամարտելը Իմաստուններից ամենաքաջին անգամ կսարսափեցնի. նրանք բոլորը վաղեմի հմուտ ռազմիկներ են, իսկ նրանց առաջնորդը՝ կախարդ ու արքա, սարսափ էր սփռում թշնամիների վրա նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ ուրվական չէր: — Ո՞վ է ուղարկել քեզ ինձ մոտ,— հարցրի ես: — Սարուման Ճերմակը,— պատասխանեց Ռադագասթը: — Եվ խնդրեց հաղորդել քեզ, որ եթե օգնության կարիք ունես, մեկնիր Օրթհանք, նրա մոտ, սակայն չդանդաղես: Այս խոսքերն ինձ ոգևորեցին, քանզի Սարումանը Իմաստուններից Իմաստուն է... Կամ այդպես էր թվում ինձ այն ժամանակ: Ռադագասթը նույնպես հզոր հրաշագործ է, բույսերի ու կենդանիների պապենական հրամանատուն (հատկապես եռանդագին են նրան ծառայում թռչունները), բայց Սարումանը հնուց ի վեր հետևում է Թշնամուն, լավ ուսումնասիրել է նրա սովորություններն ու հաճախ է մեզ օգնել նրանց ջախջախելու գործում: Դուլ Գուլդուրից մենք Թշնամուն հեշտությամբ դուրս քշեցինք Սարումանի իմաստուն խորհուրդների շնորհիվ, միայն ափսոս, որ այն ժամանակ մեզ չզարմացրեց Թշնամու պատասխան հաղթանակը հարավում... — Ես կգնամ Սարումանի մոտ,— ասացի ու մտածեցի, որ Սարումանը գիտի, թե ինչպես կարելի է Նազգուլներին քշել Անդուինից այն կողմ:  
Վստահելի
1342
edits