Նրանք շրջվեցին ու շարունակեցին գնալ, ապա սկսեցին վազել: Թունելը կտրուկ բարձրանում էր, և գարշահոտ ամպը, որով լցված էր որջը, արագորեն նոսրանում էր: Հոբիթների ոտքերը կրկին լցվեցին ուժով, սրտերը թեթևացան: Սակայն թունելը պահպանող արարածի չարությունը չէր մեղմանում: Մի ակնթարթ կուրացած, բայց դեռ չպարտված այդ արարածը թաքնված էր ինչ-որ տեղ հետևում և չէր պատրաստվում հոբիթներին կենդանի բաց թողնել: Վերջապես սառը, թույլ քամի փչեց: Ահա՛ և թունելի վերջը: Հասա՛ն: Հոբիթները շնչակտուր նետվեցին առաջ՝ հույս ունենալով կրկին երկինք տեսնել գլխավերևում, բայց, հարվածելով ինչ-որ առաձգական բանի, շպրտվեցին հետ: Անցումի ելքը փակ էր, բայց խոչնդոտը ոչ թե քարից էր, այլ ինչ-որ փափուկ ու առաձգական նյութից: Այն ո՛չ կտրվում էր, ո՛չ ձգվում, և անցնել հնարավոր չէր: Օդն անցնում էր այդ պատնեշի միջով, իսկ լույսը՝ ոչ: Հոբիթները մի անգամ էլ փորձեցին ճեղքել այն՝ ու կրկին հետ շպրտվեցին:
Անոթը բարձրացնելով վերև, Ֆրոդոն իր առջև մոխրագույն թաղանթ տեսավ: Այն կլանում էր աստղային անոթի լույսը և չէր լուսավորվում. թվում էր թե դա ստվեր է՝ ստվեր, որը գույություն ունի անկախ լույսից, և հետևաբար լույսն անկարող էր ցրել այն: Հոբիթներն ուշադիր նայելով հասկացան, որ դա սարդոստայն հիշեցնող հյուսվածք է, միայն թե սովորական սարդոստայնից ավելի խիտ ու յուրաքանչյուր թելը պարանի հաստությամբ:
Սեմը մռայլ ծիծաղեց:
— Սարդոստա՛ն է,— բացականչեց նա: — Ընդամե՞նը սարդոստա՞յն: Հըմ... Բայց հո՛ սարդ չի գործողը: Արա՛գ, եկեք կտրե՛նք այն:
Նա բարձրացրեց սուրը և ցասումով հարվածեց թաղանթին, բայց այն անվնաս մնաց. միայն աղեղնալարի պես տատանվեց և վերադարձավ նախկին տեղը՝ հետ շպրտելով Սեմի ձեռքը: Հոբիթը երեք անգամ ամբողջ ուժով հարվածեց, և վերջապես անհամար թելերից մեկը կտրվեց: Այն սուլելով ցատկոտեց ոդում և մտրակի պես հարվածեց Սեմի ձեռքին: Սեմը ցավից ճչաց, հետ ցատկեց ու վնասված ձեռքը մետեցրեց բերանին՝ փչելու:
— Էս տեմպերով մի շաբաթում էլ չենք վերջացնի,— ընկճված ասաց նա: — Ի՞նչ անենք: Աչքերը դեռ չե՞ն երևում:
— Ոչ, դեռ չեն երևում,— պատասխանեց Ֆրոդոն: — Բայց ես դեռևս զգում եմ նրանց հայացքը. եթե նույնիսկ նրանք այս պահին ինձ չեն նայում, ապա հաստատ մտածում են իմ մասին: Երևի ինչ-որ բան են ծրագրում: Եթե հակարծ աստղիկի լույսը թուլանա կամ հանգչի, կրկին կհայտնվեն ու վայրկենապես կհարձակվեն: