=== Գլուխ չորորդ. Ծառմորուսը ===
Այդ ընթացքում հոբիթները արագորեն, ինչքան որ թույլ էր տալիս խճճված անտառը, խորանում էին մթին թավուտներում՝ , բարձրանալով Էնտուոշի հոսանքն ի վեր , դեպի արևմտյան լեռների լանջերը: Մահացու սարսափը կամաց-կամաց մնաց հետևում, և հոբիթները դանդաղեցրին ընթացքը: Ինչ-որ տարօրինակ զգացում համակեց նրանց, շնչելը դժվարացավ, դժվարացավ՝ օդը չէր հերիքում:
Վերջապես Մերին կանգ առավ:
— Էսպես մենք հեռու չենք գնա,— ասաց նա շնչահեղձ լինելով: — Գոնե մի քիչ թարմ օդ լիներ:
— Կամ, ծայրահեղ դեպքում, մի կում ջուր,— ասաց Փինը,— կոկորդս չորացել է:
Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը, և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց, և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և չլմփացնելով ջրին հանգստացնում էին ոտքների ցավը՝ նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած, շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին:
— Եթե ոտքներս ճանապարհին չդավաճանեն,— ասաց Մերին,— և եթե շնչահեղձ չլինենք:
— Հա, այստեղ ահավոր հեղձուկ է ու մութ,— ընդունեց Փինը: — Տուկբորոյի մոտակայքում՝ Սմիալում, գտնվող Տուկերի մեծ բույնն է հիշեցնում, նրանց հին սրահը: Այդ սրահում արդեն քանի սերունդ է, ոչ ո՛չ կահույքն են վերադասավորել, ոչ էլ ո՛չ ընդանրապես ինչ-որ բան են փոխել: Հին ժամանակներում այդտեղ ապրում էր ծեր Տուկը: Նա այնքան երկար ապրեց, որ սրահն էլ հասցրեց նրա հետ ծերանալ: Հարյուրավոր տարիներ են անցել՝ անցել ինչ նա մեռել է, բայց մահից հետո էնտեղ ոչ մի բանի ձեռք չեն տվել: Իսկ ծերուկ Գերոնթիուսը, ինքդ էլ գիտես, իմ նախապապն էր: Հինավուրց պատմություն է... Բայց այս անտառի համար, ինձ թվում է, մեր տարիները ոչինչ են: Հապա մի նայի՛ր էս մորուքներին ու բեղերին, բա տերևնե՜րը: Ոնց որ չորացած ցնցոտիներ լինեն: Եվ ասես երբեք էլ չեն թափվել: Թափթփված, անհյուրընկալ... Հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի այս անտառում գարունը, եթե, իհարկե, էստեղ գարուն ընդհանրապես լինում է:
— Համենայն դեպս էստեղ գոնե արև է թափանցում,— վստահ ասաց Մերին,— ոչ թե Սև Անտառի պես: Հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները: Չարքանտառում անթափանց մութ է ու խավար, էնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ էստեղ ուղղակի մութ է ու ինչ-որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե էստեղ գազաններ ապրեն, չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է էստեղ երկար մնալ ու ապրել: