=== X։ Քրիստոսի ծննդյան տոնը ===
Վերջապես, եկան նաև տոները։ Դեռևս թաթախմանը կալանավորները համարյա չէին ելնում աշխատանքի։ Գնում էին կարի և մյուս արհեստանոցները, մնացածն ընդամենը կանգնում էին գործաբաժանին, ու թեև ինչ֊որ տեղեր նշանակվում էին, բայց համարյա բոլորը, մեկ-մեկ կամ խմբով ետ էին գալիս բանտ և ճաշից հետո արդեն ոչ ոք դուրս չէր գալիս։ Առավոտներն էլ մեծ մասը գնում էր միայն անձնական և ոչ բանտային գործերով, խմիչք անցկացնելու և նորն ապսպրելու հոգսերով, մյուսները՝ տեսնելու ծանոթ քավոր-սանամերներին կամ հավաքելու նախկինում արված գործերի դիմաց պարտքերը՝ տոնի համար։ Բակլուշինը և թատրոնի մասնակիցները՝ որոշ ծանոթների, գերազանցապես սպաների ծառաների տները շրջելու և անհրաժեշտ զգեստներ ձեռք բերելու։ Ոմանք գնում֊գալիս էին հոգսաշատ և իրարանցած տեսքով, մի պատճառով սոսկ, որ ուրիշներն էին իրարանցած և հոգսերի մեջ, թեև շատերն, ասենք, ոչ մի տեղից սպասելիք չունեին, սակայն երևցնում էին, որ իրենք էլ ինչ-որ մեկից փող պիտի վերցնեն, մի խոսքով, բոլորը կարձես սպասում էին վաղվա օրվան, ինչ-որ բանի, որևիցե փոփոխության, արտասովոր ինչ-որ բանի։ Իրիկնադեմին վետերանները, որոնք շուկա էին գնացել կալանավորական հանձնարարություններով, զանազան ուտեստեղեն էին բերում իրենց հետ. տավարի միս, խոճկորներ, անգամ բադեր։ Կալանավորներից շատերը, անգամ ամենահամեստներն ու խնայողները, կլոր տարին կուտակելով իրենց կոպեկները, պարտք էին համարում ծախսեր անել այդպիսի օրվա համար և արժանավայել տոնել թաթախումը։ Վաղվա օրը կալանավորի համար իսկական, անկապտելի տոն էր, որ նրան էր վերագրված օրենքով։ Այդ օրը կալանավորը չէր կարող ուղարկվել աշխատանքի, և այդպիսի օրեր տարվա մեջ երեքն էին։
Եվ իվերջո, ով գիտե, քանի-քանի հիշողություններ պիտի արթնանային այդ թշվառականների հոգիներում այդպիսի օրվան ընդառաջ։ Մեծ տոների օրերը շատ ամուր են դաջվում հասարակ մարդկանց հիշողության մեջ, սկսած վաղ մանկուց։ Ծանր գործերից դադար առնելու օրեր են դրանք, ընտանեկան հավաքների օրեր։ Իսկ բանտում դրանք պիաի հիշվեն տանջանքների և կարոտի հետ։ Հարգանքը հանդիսավոր օրվա հանդեպ կալանավորների համար նույնիսկ ինչ-որ ձևականության էր փոխակերպվում։ Քչերն էին քեֆ անում։ Բոլորը լուրջ էին և իբր զբաղված որևէ բանով, թեև շատերը ոչ մի գործ չունեին անելու։ Սակայն տոնը նշող և կերուխում անողներն էլ ջանում էին ինչ-ինչ կարևորություն հաղորդել իրենց... ծիծաղը կարծես թե արգելված էր։ Ընդհանրապես, տրամադրությունը հասնում էր մի տեսակ մանրախնդրության և բորբոքուն անհանդուրժողականության, և ով խախտում էր ընդհանուր երանգը, թե կուզև ոչ միտումնավոր, նրան տեղն էին դնում կշտամբանքով և բղավոցով, որպես պատասխան բուն տոնի հանդեպ անհարգալից վերաբերմունքի։ Կալանավորների այդ տրամադրությունը հիանալի էր, անգամ հուզիչ։ Բացի մեծ տոնի նկատմամբ բնածին երկյուղածության, կալանավորն անգիտակցաբար զգում էր, որ ինքն, այդ տոնը նշելով, կարծես հաղորդակցվում է ամբողջ աշխարհի հետ, որ, ուրեմն, վերջնական թշվառական չէ, կործանված մեկը, պոկված կտոր չէ, որ բանտում էլ նույնն է, ինչ մյուսները։ Նրանք դա զգում էին, ակնհայտ էր ու ըմբռնելի։
Ակիմ Ակիմիչն էլ շատ էր նախապատրաստվում տոնին։ Ընտանեկան հիշողություններ չուներ, որովհետև մեծացել էր որպես որբուկ՝ ուրիշի տանը և համարյա տասնհինգ տարեկանից գնացել ծանր աշխատանքի։ Նրա կյանքում չէին եղել նաև առանձին ուրախություններ, քանի որ ամբողջ կյանքն անց էր կացրել կանոնավոր, միապաղաղ, վախենալով մազաչափ իսկ ելնել իր համար նշված պարտականություններից։ Առանձնապես կրոնապաշտ էլ չէր, քանզի բարեմտությունը կարծես կլանել էր մարդկային բոլոր մնացյալ շնորհներն ու առանձնահատկությունները նրա մեջ, բոլոր կրքերն ու ցանկությունները՝ լավ, թե վատ։ Ի հետևանք այդ ամենի, նա պատրաստվում էր հանդիսավոր օրը դիմավորել առանց իրարանցման, առանց հուզմունքի, չնեղվելով տրտմալի և միանգամայն անօգուտ հուշերից, հանդարտ, կանոնավոր բարեմտությամբ, որ ճիշտ այնքան էր, ինչքան հարկավոր էր պարտականությունը և մեկընդմիշտ հաստատված ծեսը կատարելու համար։ Եվ ընդհանրապես, նա չէր սիրում շատ մտորել։ Փաստի նշանակությունը, թվում է, երբեք չէր մտնում գլուխը, սակայն մեկ անգամ նշված կանոնները կատարում էր սրբազան ճշտակատարությամբ։ Իսկ եթե վաղն իսկ հրամայեին անել միանգամայն հակառակը, կաներ միևնույն հնազանդությամբ և բծախնդրությամբ, ինչպես արել էր հակառակը՝ նախորդ օրը։ Կյանքում սոսկ մի անգամ նա փորձել էր ապրել սեփական խելքով և տաժանավայր էր ընկել։ Դասն իզուր չէր անցել։ Ու թեև նրան վիճակված չէր ճակատագրով հասկանալ, թեկուզ երբևիցե, թե որն էր իր մեղքը, փոխարենն իր արկածից փրկարար մի կանոնի էր հանգել՝ դատողություններ չանել երբեք և ոչ մի հանգամանքում, քանզի դատողություններ անելն «իր խելքի բանը չէ», ինչպես իրար մեջ ասում էին կալանավորները։ Կուրորեն նվիրված ծեսին, իր տոնական խոճկորի փորը լցոնել էր խաշիլով ու խորովել (իր ձեռքով, որովհետև դա էլ էր կարողանում) և դրան էր նայում մի տեսակ կանխակալ հարգանքով, ճիշտ կարծես սովորական խոճկորիկ չէր դա, որ միշտ կարելի էր գնել ու խորովել, այլ մի առանձնահատուկ, տոնական բան։ Գուցեև դեռ մանկուց սովոր էր այդ օրը սեղանին խոճկոր տեսնել ու հետևություն էր արել, որ խոճկորն անհրաժեշտ է այդ օրվա համար, և ես վստահ եմ, որ եթե գեթ մեկ անգամ այդ օրը խոճկոր չուտեր, ամբողջ կյանքում խղճի խայթ կզգար՝ չկատարած պարտքի համար։ Մինչև տոնը նա իր հին բաճկոնով էր ու հին, թեև կարգին-շնորհքին կարկատած շալվարով՝ բայց և այնպես լրիվ հնամաշ։ Պարզվեց հիմա, որ նոր հագուստը՝ տրված դեռևս չորս ամիս առաջ, խնամքով պահել էր սնդուկում և ձեռք չէր տվել, ժպտադեմ մտածելով, թե ինչպես է նոր շորերը հանդիսավորապես հագնելու տոնին։ Այդպես էլ արեց։ Դեռևս երեկոյան հանեց նոր հագուստը, փռեց, զննեց, մաքրեց, փոշին փչեց վրայից, և ամեն ինչ շտկելով, նախապես չափեց վրան։ Պարզվեց, որ ճիշտ ու ճիշտ վրայով է, ամեն ինչ կարգին էր, կիպ կոճկվում էր մինչև վերջ, օձիքը կարծես բերովի, հասնում էր ծնոտին, գոտկատեղին նույնիսկ մունդիրանման մի բան էր օղակվել, և Ակիմ Ակիմիչը նույնիսկ ատամները բացեց հաճույքից, և ոչ առանց կտրիճավայելության, շուռումուռ եկավ իր պստիկ հայելու առաջ, որին իր ձեռքով ու վաղուց, ազատ ժամերին ոսկեզօծ շրջանակ էր սոսնձել։ Միայն բաճկոնի օձիքին մի կեռիկ կարծես տեղում չէր։ Հասկանալով դա, Ակիմ Ակիմիչը վճռեց դրա տեղը փոխել, փոխեց, փորձեց և արդեն լրիվ լավ էր։ Այդժամ նա ծալծլեց ամեն ինչ նախկինի պես և հոգին հանդիստ դրեց արկղը, մինչև վաղը։ Գլուխն ածիլված էր բավարար, սակայն ուշադիր զննելով իրեն հայելու մեջ, նկատեց, որ կարծես այնքան էլ հարթ չէ՝ տեղ-տեղ երևում էին աճած մազեր, ու նա անհապաղ գնաց «մայորի» մոտ, որպեսզի ածիլվի մաքուր և պահանջված ձևով։ Ու թեև Ակիմ Ակիմիչին վաղը և ոչ ոք չէր զննելու, բայց նա ածիլվեց միայն ու միայն խղճի հանգստության համար, որ այդպես, այդպիսի օրվա համար կատարի իր բոլոր պարտականությունները։ Ակնածանքը կոճակի, բարակ ուսադիրի, մակակարի հանդեպ դեռևս մանկուց անջնջելի դաջվել էր նրա գլխում, որպես անվիճարկելի պարտականության, իսկ սրտում՝ վերին աստիճանի գեղեցկության նմուշ, ինչին կարող է հասնել օրինավոր մարդը։ Շտկելով ամեն ինչ, որպես բանտասենյակի ավագ կալանավոր, տնօրինեց հարդ բերել և բծախնդիր հետևում էր, ինչպես են դա փռում հատակին։ Նույնը կատարվում էր մյուս բանտասենյակներում։ Չգիտեմ ինչու, բայդ Ծննդյան տոներից առաջ միշտ հարդ էին փռում բանտասենյակում։ Հետո, ավարտելով իր բոլոր գործերը, Ակիմ Ակիմիչն աղոթեց Աստծուն, պառկեց իր մահճակալին և իսկույն քնեց մանկան անխռով քնով, որպեսզի հնարավորինս վաղ արթնանա առավոտյան։ Ի դեպ, ճիշտ այդպես էլ արեցին մյուս կալանավորները։ Բոլոր բանտասենյակներում սովորականից շատ ավելի վաղ պառկեցին քնելու։ Երեկոյան սովորական գործերը թողեցին։ Մայդանի մասին ակնարկ անգամ չէր կարող լինել։ Բոլորը սպասում էին վաղվա առավոտին։
Վերջապես, եկավ օրը։ Վաղ, լուսումութին, այգաբաց հնչեցնելուն պես, բացեցին բանտասենյակները, և կալանավորներին հաշվելու մտած պահախմբի ենթասպան բոլորին շնորհավորեց տոնի կապակցությամբ։ Նրան պատասխանեցին նույնպես, պատասխանեցին սրտաբաց և սիրալիր։ Փութով աղոթելով, Ակիմ Ակիմիչը և շատերը, որոնք իրենց բադերն ու խոճկորներն ունեին խոհանոցում, շտապեցին տեսնելու, թե ինչ են անում, ինչպես են խորովում-տապակում, ինչը որտեղ է և նման բաներ։ Մեր բանտասենյակի փոքր, ձյուն ու սառույցով պատված լուսամուտներից, մթան միջից երևում էր, որ երկու խոհանոցներում, բոլոր վեց վառարաններում վառ կրակ է բոցկլտում, որ վառել էին մինչև վաղորդայնը։ Բակով, ձյան միջով արդեն գնում֊գալիս էին կալանավորները՝ իրենց կիսամուշտակներով, թևքերով հագած կամ ուսերին գցած, բոլորն աճապարում էին խոհանոց։ Սակայն ոմանք, թեև շատ քչերը, հասցրել էին արդեն լինել օղեվաճառների մոտ։ Դրանք արդեն ամենաանհամբերներն էին։ Իսկ ընդհանրապես, բոլորն իրենց պահում էին բարեպաշտ, սթափ և մի տեսակ անսովոր ծանրումեծ։ Չէին լսվում ոչ սովորական հայհոյանքը, ոչ սովորական վեճերը։ Բոլորը հասկլանում էին, որ մեծ օր է և վիթխարի տոն։ Կային և այնպիսիք, որոնք ուրիշ բանտասենյակներ էին գնում շնորհավորելու ծանոթներին։ Բարեկամության պես ինչ֊որ բան էր դրսևորվում։ Հպանցիկ նշեմ․ կալանավորների միջև համարյա ամենևին չէր նկատվում բարեկամություն, չեմ ասում ընդհանուր, այդ մեկն իսպառ չկար, այլ այնպես, մասնավոր, որ կալանավորներից մեկնումեկը բարեկամանար մյուսի հետ։ Համարյա թե անենևին չկար դա մեզանում, և դա հիանալի գիծ է. այդպես չի լինում դրսում։ Մեզանում ընդհանրապես բոլորը միմյանց հաղորդակցվելիս, չոր էին, կոպիտ, հազվադեպ բացառություններով, և դա ինչ֊որ մի ձևական, մեկ անգամ ընդունված ու հաստատված երանգ էր։ Ես էլ դուրս եկա բանտասենյակից։ Քիչ-քիչ սկսել էր լուսանալ, աստղերը մարմրում էին, սառնամանիքի թեթև գոլորշին էր ելնում վեր։ Խոհանոցի վառարանային ծխնելույզներից սյուներով ծուխ էր գալարվում։ Դիմացից եկող կալանավորներից մի քանիսը հաճույքով և սիրալիր շնորհավորեցին ինձ տոնի առթիվ։ Շնորհակալություն հայտնեցի և պատասխանեցի նույնով։ Նրանց մեջ կային այնպիսիք նաև, որոնք մինչև հիմա ինձ ոչ մի բառ չէին ասել այդ ամբողջ ամիս։
Հենց խոհանոցի մոտ ինձ հասավ զինվորական բանտասենյակից մի կալանավոր՝ քուրքն ուսերին գցած։ Դեռ բակի մեջտեղից տեսել էր ինձ ու բղավում էր. «Ալեքսանդր Պետրովիչ։ Ալեքսանդր Պետրովիչ»։ Նա խոհանոց էր վազում, շատպում էր։ Կանգնեցի ու սպասեցի նրան։ Ջահել տղա էր, կլոր դեմքով, աչքերի մեղմ արտահայտությամբ, բոլորի հետ շատ չխոսկան, իսկ ինձ հետ բառ անգամ չփոխանակած և մինչև հիմա ոչ մի ուշադրություն չդարձրած բանտ մտնելու օրվանից ի վեր։ Անունն անգամ չգիտեի։ Հևիհև հասավ ինձ ու կանգնեց ճիշտ դիմացս, ինձ նայելով մի տեսակ բութ, սակայն երանելի ժպիտով։
― Ի՞նչ կա,— ոչ առանց զարմանքի, հարցրի նրան, տեսնելով, որ դեմս կանգնել, ժպտում է, աչքերը չռել վրաս, իսկ խոսակցություն չի սկսում։
― Ոնց թե, տոն է...— մրթմրթաց և կռահելով, որ խոսելու բան այլևս չկա, թողեց ինձ ու շտապեց խոհանոց։
Իմիջիայլոց, նշեմ, որ դրանից հետո էլ ամենևին չմտերմացանք և համարյա ոչ մի բառ չփոխանակեցինք, ընդհուպ մինչև, բանտից ելնելս։
Խոհանոցում, շիկացած վառարանների մոտ հրմշտոց էր, իրարանցում, իսկական խռնվածք։ Յուրաքանչյուրը հետևում էր իր բարիքին, խոհարարուհիներն անցել էին բանտային կերակուրը պատրաստելուն, քանզի այդ օրը ճաշն ավելի շուտ էր սկսվելու։ Ի դեպ, ոչ ոք դեռ չէր սկսել ուտել, թեև ոմանք կուզեին, սակայն մյուսների առաջ օրինավորություն էր պահպանվում։ Սպասում էին վանականին, և նրանից հետո միայն կարելի էր պասը բացել, թաթախվել։ Այդ ընթացքում, օրը ցերեկ չդարձած, բանտի դարպասից սկսեցին հնչել եֆրեյտորի բղավոցները. «Խոհարարները թող գան»։ Համարյա թե րոպեն մեկ հնչում էին այդ բղավոցները և տևեցին շուրջ երկու ժամ։ Խոհանոցից կանչում էին խոհարարներին, որ ընդունեն քաղաքի բոլոր ծայրերից բանտ եկած ողորմությունը։ Շատ մեծ քանակությամբ էր բերվում՝ կալաչներ, հացեր, կաթնաշոռով բլիթներ, յուղաբլիթներ, հումսերաբլիթներ և ուրիշ֊ուրիշ կաթնահունց թխվածքներ։ Կարծում եմ, ամբողջ քաղաքում վաճառականական և քաղքենիական և ոչ մի տանտիրուհի չկար, որ իր խմորեղենն ուղարկած չլիներ՝ մեծ տոնի առթիվ շնորհավորելու «թշվառականներին» և բանտարկյալներին։ Կային հարուստ ողորմություններ՝ մաքուր ալյուրից կաթնահունց հացեր՝ մեծ քանակությամբ։ Շատ չքավոր ողորմություններ էլ կային՝ ինչ֊որ գռոշանոց կալաչիկ և երկու֊երեք սև բլիթ, կաթնասերի թեթևակի շերտ քսած վրան։ Դա արդեն չունևորի նվերն էր չունևորին, վերջին ունեցածից։ Ամեն ինչ ընդունվում էր նույնանման երախտագիտությամբ, առանց տարբերելու ընծան և ընծայաբերը։ Ընդունող կալանավորները հանում էին գլխարկները, գլուխ խոնարհում, շնորհավարում տոնի կապակցությամբ և բերվածը տանում խոհանոց։ Երբ արդեն շնորհված թխվածքի ամբողջ կույտեր գոյացան, կանչեցին բոլոր բանտասենյակների ավագներին, և արդեն նրանք ամենը բաժանեցին հավասար, ըստ բանտասենյակների։ Ոչ վեճ եղավ, ոչ կռիվ գործն արեցին ազնվորեն, հավասար։ Ինչ հասավ մեր բանտասենյակ, արդեն մեզ մոտ բաժանեցին։ Բաժանողն Ակիմ Ակիմիչն էր ու մեկ ուրիշ կալանավոր՝ իրենց ձեռքով կիսեցին, իրենց ձեռքով էլ տվեցին յուրաքանչյուրին։ Չեղավ նվազագույն իսկ առարկություն, նվազագույն իսկ նախանձ որևէ մեկի հանդեպ։ Բոլորը գոհ մնացին, կասկած անգամ չէր կարող լինել, թե շնորհվածը կարող էին թաքցնել կամ անհավասար բաժանել։ Իր գործերը խոհանոցում կարգավորելով, Ակիմ Ակիմիչն անցավ իր զգեստավորմանը, հագնվեց ամենայն արժանապատվությամբ և հանդիսավորությամբ, և ոչ մի կեռիկ չթողնելով չագուցած, հագնվելուց հետո իսկույն անցավ իսկական աղոթքին։ Բավականին երկար աղոթեց։ Աղոթքի էին կանգնած արդեն շատ կալանավորներ, մեծ մասամբ տարեցներ։ Ջահելները երկար չէին աղոթում, թերևս մեկ֊մեկ կխաչակնքվեին, ոտքի ելնելով նույնիսկ տոն օրով։ Աղոթքից հետո Ակիմ Ակիմիչը մոտեցավ ինձ և որոշ հանդիսավորությամբ շնորհավորեց տոնի առթիվ։ Անմիջապես հրավիրեցի նրան թեյի, իսկ նա իր խոճկորին։ Քիչ անց մոտ վազեց նաև Պետրովը՝ շնորհավորելու։ Կարծում եմ, արդեն խմել էր ու թեև մոտ վազեց հևիհև, բայց շատ բան չասաց, այլ սոսկ կանգնեց դիմացս կարճատև, ինչ֊որ սպասումով, շուտով էլ գնաց խոհանոց։ Այդ ընթացքում զինվորական բանտասենյակում նախապատրաստվում էին վանականին ընդունելու։ Այդ բանտասենյակը մյուսների պես չէր, այստեղ թախտաշարերը ձգվում էին պատերի երկայնքով, և ոչ մեջտեղով, ինչպես մյուս բոլոր բանտասենյակներում, այնպես որ միակ սենյակն էր բանտում, մեջտեղը չխցանված։ Հավանորեն, այդպես էլ արվել էր, որպեսզի անհրաժեշտ դեպքերում կարելի լիներ խմբել կալանավորներին։ Սենյակի մեջտեղում սեղանիկ դրեցին, մաքուր ծածկոց գցեցին, սրբապատկեր դրեցին և վառեցին կանթեղը։ Վերջապես, եկավ վանականը՝ խաչով և օրհնված ջրով։ Աղոթելով ու երգելով սրբապատկերի առաջ, կանգնեց կալանավորների դիմաց, և իսկույն բոլորը երկյուղածությամբ մոտեցան խաչը համբուրելու։ Հետո վանականը շրջեց բոլոր բանտասենյակներում և օրհնված ջուր ցողեց։ Խոհանոցում նա գովեց մեր բանտային հացը, որը քաղաքում հռչակված էր իր համով, և կալանավորներն իսկույն ցանկացան նրան ուղարկել թարմ և հենց նոր թխված երկու հաց։ Դրանք ուղարկելու համար անհապաղ կանչեցին մի վետերանի։ Խաչն ուղեկցեցին նույն երկյուղածությամբ, ինչպես և դիմավորել էին, ապա համարյա նույն պահին եկան պլաց֊մայորը և պարետը։ Պարետին մեզ մոտ սիրում և անգամ հարգում էին։ Նա շրջեց բոլոր բանտասենյակներում պլաց֊մայորի ուղեկցությամբ, բոլորին շնորհավորեց տոնի առթիվ, մտավ խոհանոց և փորձեց բանտային շչին։ Փառավոր շչի էր ստացվել, այդպիսի օրվա համար մի ֆունտի չափ միս էին հատկացրել ամեն կալանավորին։ Դրանից բացի, կորեկաձավար էին խաշել, կարգին յուղ լցրած վրան։ Ճանապարհ դնելով պարետին, պլաց֊մայորը հրամայեց սկսել ճաշը։ Կալանավորները ջանում էին նրա աչքին չընկնել։ Չէին սիրում մայորին՝ ակնոցի տակից գցած հայացքի համար, որով հիմա էլ աջուձախ էր նայում, թե անկարգություն չի՞ գտնի, որևէ մեղավոր չի՞ ընկնի ձեռքի տակ։
Սկսեցինք ճաշել։ Ակիմ Ակիմիչի խոճկորը հրաշալի էր խորովված։ Եվ ահա, չեմ կարող բացատրել, թե ինչպես եղավ, որ պլաց-մայորի հեռանալուն պես, ընդամենը հինգ րոպե անց, անսովոր շատ հարբած մարդիկ հայտնվեցին, այնինչ հինգ րոպե առաջ բոլորը համարյա թե միանգամայն սթափ էին։ Ի հայտ եկան բազմաթիվ կարմրատակած, շողացող դեմքեր, մեկտեղ բերեցին բալալայկաները։ Տխեղծ լեհն իր ջութակով արդեն քայլում էր մի քեֆչու ետևից՝ վարձված ամբողջ օրով, և ուրախ պարեր էր ճզվզացնում նրա համար։ Խոսք ու զրույցը դառնում էր ավելի ու ավելի գինովցած և աղմկոտ։ Բայց ճաշեցին֊պրծան առանց մեծ անկարգությունների։ Բոլորը կուշտ էին։ Ծերուկներից և պատկառելիներից շատերը տեղնուտեղը գնացին քնելու, ինչ արեց նաև Ակիմ Ակիմիչը, կարծեմ համարելով, որ մեծ տոնին, ճաշից հետո անպայման հարկ է քնել։ Ստարոդուբովյան հնածիսականներից մի ծերուկ, քիչ ննջելուց հետո, ելավ վառարանին, բացեց իր գիրքը և աղոթում էր մինչև խոր գիշեր, համարյա չընդհատելով աղոթքը։ Նրա համար ծանր էր տեսնել այդ «խաղք ու խայտառակը», ինչպես ասում էր նա կալանավորների այդ համընդհանուր գինարբուքի մասին։ Բոլոր չերքեզները նստոտել էին առմուտքին և հետաքրքրասիրությամբ, դրա հետ մեկտեղ որոշ խորշանքով նայում էին հարբած մարդկանց։ Ինձ հանդիպեց Նուրրան. «Յաման է, յաման,— ասաց ինձ՝ գլուխն օրորելով, բարեպաշտ վրդովմունքով,— ո՜ւխ, յաման։ Ալլահ բարկանա»։ Իսայ Ֆոմիչը համառորեն և գոռոզամտությամբ մոմ վառեց իր անկյունում և սկսեց աշխատել, ըստ երևույթին, ցույց տալու, թե բանի տեղ չի դնում տոն օրը։ Այս ու այն անկյուններում ծայր առան մեյդանները։ Վետերաններից չէին վախենում, իսկ ենթասպայի հայտնվելու դեպքում, որն ինքն էր ջանում ոչինչ չնկատել, պահակներ դրեցին։ Պահախմբի սպան այդ օրը երեք անգամ երևաց բանտում։ Հարբածները թաքցվեցին, մայդանները վերացրին՝ նրա հայտնվելուն պես, իսկ սպան կարծես վճռել էր ուշադրություն չդարձնել մանր֊մունր անկարեգություններին։ Հարբած մարդն այդ օրը համարվում էր թեթև անկարգություն։ Կամաց֊կամաց մարդիկ տաքանում էին։ Ծայր առան վեճ ու կռիվներ։ Այնուամենայնիվ, սթափ մնացածները շատ ավելի մեծ թիվ էին կազմում, և հարբածներին հետևողներ կային։ Փոխարենը՝ քեֆչիները խմում էին այլևս անչափ։ Գազինը ցնծում էր։ Ինքնագոհ տեսքով նա շրջում էր թախտաշարի վրա իր տեղի չորսբոլորը, որի տակ անվախ տեղափոխել էր խմիչքը, որը մինչ այդ օրը թաքցվել էր բանտասենյակներից հեռու, ձների մեջ մի գաղտնի տեղ և խորամանկորեն խնդմնդում էր, նայելով իր մոտ եկած հաճախորդներին։ Ինքը միանգամայն սթափ էր և կաթիլ անգամ չէր խմել։ Մտադիր էր իր քեֆն անել տոնի ավարտին, նախապես գռփելով կալանավորական գրպանների բոլոր փողերը։ Բանտասենյակներում երգեր էին հնչում։ Բայց հարբածությունն արդեն անցնում էր մշուշոտ մլարի, և երգն անարտասուք չէր լինում։ Շատերն էին շրջում սեփական բալալայկաներով, քուրքերն ուսերին գցած, և կտրիճավարի խփում էին լարերին։ Հատուկ բաժանմունքում նույնիսկ երգչախումբ գոյացավ՝ մի ութը հոգի։ Նրանք փառավոր էին երգում՝ բալալայկաների և կիթառների նվագակցությամբ։ Զուտ ժողովրդական երգեր քիչ էին երգում։ Հիշում եմ միայն մեկը՝ շատ կրակոտ երգվածը.
<poem>
Երեկվա ջահել֊ջիվան,
Քեֆի մեջ էի...
</poem>
Այստեղ էլ լսեցի այդ երգի նոր տարբերակը, որ նախկինում էի լսել։ Վերջում ավելացել էին մի քանի տուներ.
<poem>
Ինքս ջահել ու ջիվան,
Տունուտեղս հավաքած,
Աման֊չաման լվացած,
Ճաշ ու մաշերս եփած,
Տաշտերս քերքրեցի,
Քաղցր խմոր սարքեցի...
</poem>
Մեծ մասամբ երգում էին մեզանում այդպես կոչված կալանավորական երգեր, իմիջիայլոց՝ բոլորը հայտնի։ Դրանցից մեկը կոչվում էր «Ժամանակին...», կատակերգ էր, ուր նկարագրվում էր, թե ինչպես նախկինում մարդն ուրախ֊զվարթ, աղայի պես ապրում էր ազատության մեջ, իսկ հիմա ընկել էր բանտ և երդվում էր, թե ինչպես առաջ «բլամանժեն» խառնում էր «շենպանսկուն», իսկ հիմա՝
<poem>
Կաղամբը կտան՝ ջրի հետ խառնված,
Կուտեմ, կերածս քթովս կգա։
</poem>
Տարածված էր նաև չափազանց հայտնի՝
<poem>
Ինձ համար ապրում էի ուրախ֊զվարթ,
Տղա-երեխա, կոպիտալս կար,
Կոպիտալս ձեռքիցս թռավ-գնաց,
Ընկա բանտերը, կյանքս վերջացավ․․․
</poem>
և այսպես շարունակ։ Միայն թե մեզ մոտ ասում էին «կոպիտալ», և ոչ «կապիտալ», բառը գոյացնելով «копить» ― «կուտակել» բայից։ Թախծալի երգեր էլ էին երգում։ Մեկը զուտ տաժանակրային էր, կարծեմ նույնչափ հայտնի.
<poem>
Լույսը շողաց երկինքներից,
Թմբուկը զարկեց լուսաբաց,
Ավագը դռները բացեց,
Գրագիրը՝ իր ցուցակը։
Չենք երևում պարսպից ներս,
Ոնց ենք ապրում՝ չգիտենք։
Վերից Աստված մեզ է նայում,
Էստեղ էլ կանք, չենք կորչի,
</poem>
և այլն։
Մյուս երգը, շատ ավելի թախծալի, ի դեպ, սքանչելի եղանակով, հավանորեն ինչ-որ աքսորյալի հորինած, ծեքծեքուն ու բավական անգրագետ խոսքերով։ Մի քանի տող եմ հիմա հիշում.
<poem>
Աչքս էլ չի տեսնի երկիրը,
Որտեղ ծնվել եմ ես,
Անմեղ տեղս տանջանք տարել,
Մինչև մահս չարչարվել։
Կարին թառած բուն կկանչի,
Ցրիվ կտա անտառով,
Տխուր-տրտում սիրտս ցավի,
Էլ չեմ լինի երևի։
</poem>
Այս երգը հաճախ էր երգվում մեզ մոտ, սակայն ոչ խմբով, այլ մենակ։ Քեֆի ժամին մեկնումեկը գուրս կգար բանտասենյակի առմուտք, կնստեր, մտքերի մեջ կընկներ, այտը կհեներ ձեռքի ափին ու կձգեր բարձր ֆալցետով։ Կլսեիր ու հոգիդ տակնուվրա կլիներ։ Մեզ մոտ կարգին ձայն ունեցողներ կային։
Մինչ այդ մթնշաղը վրա հասավ։ Տխրություն, թախիծ ու մրուր ի հայտ եկան գինարբուքի մեջ։ Դրանից մի ժամ առաջ քրքջացողը, չափից ավելի խմած, արդեն հեկեկում էր մի որևէ տեղ, մյուսներն արդեն հասցրել էին մի երկու անգամ կռվշտել։ Երրորդները՝ գունատ և ոտքերի վրա հազիվ կանգնելով, թափառում էին բանտասենյակներում, վեճուկռիվ սարքում։ Իսկ նրանք, ում հարբածությունը ոչ կռվազան հատկություն ուներ, ապարդյուն փնտրում էին ընկերների, նրանց առաջ հոգին դատարկելու և իրենց արբեցած վշտի արցունքները թափելու։ Այդ բովանդակ թշվառ ժողովուրդն ուզում էր զվարճանալ, ուրախ անցկացնել մեծ տոնը, և Տեր Աստվա՜ծ, ինչ ծանր ու տրտում է այդ օրը, համարյա յուրաքանչյուրի համար։ Ամեն մեկն անցկացնում էր օրը, կարծես ինչ֊որ բանից հուսախաբ։ Պետրովը մեկ֊երկու անգամ եկավ ինձ մոտ։ Նա շատ քիչ էր խմել ամբողջ օրվա ընթացքում և համարյա լրիվ սթափ էր։ Սակայն մինչև վերջին ժամը դեռևս ինչ֊որ բանի էր սպասում, ինչ անպայման պիտի կատարվեր, անսովոր, տոնական, շատ ուրախ մի բան։ Թեև չէր խոսում այդ մասին, բայց աչքերից էր երևում։ Սակայն առանձնահատուկ ոչինչ չէր կատարվում ու չէր հանդիպում, բացի գինարբուքից, հարբած ու անմիտ հայհոյանքից և հարբածությունից կրակվող գլուխներից։ Սիրոտկինն էլ էր շրջում բանտասենյակներում, նոր կարմիր շապիկը հագած, սիրունացած, լողացած և նույնպես մեղմ ու միամիտ, կարծես սպասում էր որևիցե մի բանի։ Բանտասենյակներում վիճակը կամաց֊կամաց դառնում էր անտանելի ու նողկալի։ Հարկավ, ծիծաղելի բան էլ շատ կար, բայց ես մի տեսակ տրտում էի ու խղճում էի բոլորին՝ ծանր էր ու հեղձուցիչ նրանց մեջ։ Ահա, երկու կալանավոր վիճում են, թե ով ում հյուրասիրի։ Երևում էր, որ արդեն վաղուց են վիճում և դրանից առաջ նույնիսկ գժտվել են։ Մեկը վաղուց, հատկապես, ատամ ուներ մյուսի հանդեպ։ Բողոքում և փաթ ընկնող լեզվով ճգնում էր ապացուցել, որ մյուսն անարդար է վարվել իր հետ. ծախվել էր ինչ֊որ կիսամուշտակ, ժամանակին ինչ֊որ փողեր էին թաքցվել՝ անցյալ տարի, բարեկենդանին։ Դրանից զատ էլի ինչ֊որ բան էր եղել... Մեղադրողը բարձրահասակ, մկանուտ երիտասարդ էր, ոչ անխելք, սթափ, սակայն խմած ժամանակ բարեկամանալու և դարդը մեկնումեկին պատմելու հակված։ Նա վիճում և պահանջներ էր ներկայացնում, կարծես դիմացինի հետ առաջիկայում ավելի հիմնավոր հաշտվելու ցանկությամբ։ Մյուսը պնդակազմ էր, գիրուկ, կարճահասակ, կլորերես խորամանկ և ծակամուտ։ Գուցեև ավելի շատ էր խմել ընկերոջից, բայց թեթևակի էր հարբած։ Հաստատակամ էր և ունևորի համբավ ուներ, բայց չգիտես ինչու, հիմա ձեռնտու չէր գտնում բորբոքել իր անզուսպ ընկերոջը և տանում էր նրան օղեվաճառի մոտ։ Ընկերը պնդում էր, թե ինքը պետք է և պարտավոր է պատվել, «թե որ դու ազնիվ մարդ ես որ կաս»։
Օղեվաճառը որոշ հարգանք դրսևորելով պահանջողի և արհամարհանք՝ անզուսպի հանդեպ, քանզի իր փողով չէր խմում, այլ պատիվ էին տալիս, մի գավաթ օղի լցրեց։
― Չէ, Ստյոպկա, էդ դու ես պարտք,— ասաց անզուսպ ընկերը, հանկարծ տեսնելով, որ դիմացինը հաղթեց,— քանի որ էդ քո պարտքն է։
― Ախր, ես քեզ հետ ձրի էլ լեզու չեմ թրջի,— պատասխանեց Ստյոպկան։
― Չէ, Ստյոպկա, էդ մեկը սուտ ասիր,— հաստատեց առաջինը, օղեվաճառից վերցնելով գավաթը,— քանի որ ինձ փող ես պարտք։ Խիղճ չունես ու աչքերդ էլ ոնց որ քոնր չլինեն, վերցնովի են։ Սրիկա ես դու, Ստյոպկա, քեզ ասեմ՝ իսկական սրիկա։
― Ինչ ես ճոճում, խմիչքը թափեցիր։ Պատիվ են տալի, ուրեմն՝ խմի,— գոռաց օեղավաճառն անզուսպի վրա,— մինչև էգուց հո չեմ կանգնելու գլխիդ։
― Կխմեմ, ինչ ես գոռում։ Տոնդ շնորհավոր, Ստեպան Դորոֆեյիչ,— քաղաքավարի և թեթևակի խոնարհումով, գավաթը ձեռքին, դիմեց նա Ստյոպկային, ում կես րոպե առաջ սրիկա էր անվանել։— Ողջ լինես հարյուր տարի, ապրածդ էլ հաշվի մեջ չի։— Խմեց, կռնչաց ու սրբեց բերանը։— Առածներում, տղերք, շատ էի կարենում խմել,— նշեց լուրջ կարևորությամբ, դիմելով ասես բոլորին և հատկապես ոչ մեկին,— բայց հիմա, երևում է, տարիքս առաջանում է։ Շնորհակալ եմ, Ստեպան Դորոֆեյիչ։
― Եղածը մի բան չէր։
― Ստյոպկա, ամեն ինչ քեզ ասելու եմ, ու բացի էն, որ դու մեծ սրիկա ես իմ առաջ, էլի կասեմ...
― Տես, ես քեզ ինչ եմ ասում, հարբած ռեխ,— ընդհատեց համբերությունը հատած Ստյոպկան։— Լսի, ու ամեն խոսքս հաշիվ արա. հրես, աշխարհը քեզ՝ կես արած, կեսը քեզ, կեսն՝ ինձ։ Գնա ու էլ դեմս չելնես։ Զզվացրիր։
― Ուրեմս, կտա՞ս փողս։
― Էլ ի՞նչ փող քեզ, այ հարբեցող։
― Էյ, էն աշխարհում կգաս՝ տալու, չեմ վերցնի։ Մեր եղած փողն աշխատավորական է, քրտինք ու կոշտուկախռը։ Իմ հնգանոցով տանջվելու ես էն աշխարհում
― Դե, գնա կորի գրողի ծոցը։
― Ինչ ես մի գլուխ քոքել։
― Գնա, գնա։
― Սրիկա։
― Փախստական։
Ու նորից ծայր առավ հայհոյանքը, ավելի շատ, քան մինչ պատվելը։
Ահա, թախտաշարին ջոկ-ջոկ նստած են երկուսը. մեկը բարձրահասակ է, ամրակազմ, մսեղ, իսկը մսագործ, դեմքը կարմրատակած։ Քիչ է մնում արտասվի, քանզի շատ է հուզված։ Մյուսը՝ տխեղծ, նիհարիկ, բարալիկ, քիթը երկար, որից ինչ-որ բան էր կաթում, ցած հառած մանրիկ, խոզի աչքերը։ Քաղաքական է, կրթված։ Ժամանակին գրագիր էր եղել և ընկերոջը բացատրում էր փոքր֊ինչ վերևից, ինչը դիմացինին շատ էր տհաճ՝ քողարկված։ Ամբողջ օրն իրար հետ խմել էին։
― Նա ինձ անպատվեց,— բղավեց մսեղ ընկերը, ձախ ձեռքով գրկելով ու թափահարելով գրագրի գլուխը։ «Անպատվեց»՝ ասել է թե խփեց։ Մսեղ ընկերը, որ ենթասպաներից էր, գողունի նախանձում էր իր տխեղծ ընկերոջը, այդ պատճառով երկուսն էլ միմյանց առաջ ձևեր էին թափում խոսքի բարեկրթությամբ։
― Իսկ ես քեզ ասում եմ, որ դու ևս իրավացի չես,— անառարկելի սկսեց դավանաբան գրագիրը, աչքերը համառորեն չբարձրացնելով դիմացինի վրա և ծանրակշիռ ցած նայելով։
― Նա ինձ անպատվեց,— ընդհատեց մյուսը, ավելի ու ավելի անհանգստացնելով իր սիրելի բարեկամին։— Հիմա մենակ դու ես մնացել ինձ համար ամբողջ աշխարհում, լսո՞ւմ ես։ Դրա համար եմ մենակ քեզ ասում. նա ինձ անպատվեց...
― Իսկ ես դարձյալ կասեմ, նման անդուր արդարացումը, սիրելի բարեկամս, սոսկ ամոթ է դառնում քո գլխին,— բարակ ու ծվծվան ձայնով առարկեց գրագիրը,— այնինչ, ավելի լավ կլինի համաձայնես, սիրելի բարեկամս, որ այդ համակ հարբածությունը քո սեփական անհետևողականությունից է գալիս...
Մսեղ բարեկամը քիչ ետ մղվեց, գինովցած աչքերով բութ֊բութ նայեց ինքնագոհ գրագրին ու հանկարծ, միանգամայն անսպասելի, խոշոր բռունցքի ուժով խփեց գրագրի փոքրիկ դեմքին։ Դրանով էլ վերջացավ բարեկամությունը մի ամբողջ օրով։ Սիրելի բարեկամը՝ ուշագնաց, թռավ թախտաշարի տակ...
Ահա, բանտասենյակ մտավ իմ ծանոթներից մեկը հատուկ բաժանմունքից, անսահման բարեհոգի և զվարթ մի ջահել, ոչ անխելք, չվիրավորող ծաղրասեր և արտաքնապես անսովոր հասարակադեմ։ Հենց նա, ով բանտում իմ առաջին օրը, խոհանոցում, ճաշի ժամին փնտրում էր, թե որտեղ է ապրում հարուստ մուժիկը, հավատացնում, թե ինքը «հավագնություններ ունի», և ինձ հետ թեյ խմեց։ Քառասուն տարեկան էր, անսովոր հաստ շրթունքով, անսովոր մսեղ, բշտիկապատ քթով։ Բալալայկա ուներ ձեռքին, անփութորեն հնչեցնում էր լարերը։ Ճիշտ պոչից կպածի պես, չափազանց փոքրամարմին, մեծագլուխ մի կալանավոր, ում շատ քիչ գիտեի մինչ այդ։ Իմիջիայլոց, նրա վրա և ոչ ոք ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Մի տեսակ տարօրինակ, չվստահող, մշտապես լուռ ու լուրջ մեկն էր, աշխատելու էր գնում դերձականոց և, ըստ երևույթին, ջանում էր ապրել մեկուսի և ոչ մեկի հետ կապ չունենալ։ Իսկ հիմա, գինովցած, ստվերի պես կպել էր Վառլամովին հետևում էր նրան՝ ահավոր հուզված, ձեռքերն էր թափահարում, բռունցքով խփում պատերին, թախտաշարերին և նույնիսկ համարյա թե լալիս էր։ Վառլամովը կարծես ոչ մի ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ասես կողքին չէր։ Նշենք, որ նախկինում այդ երկուսը համարյա երբեք կողք֊կողքի չէին եղել, թե՛ զբաղմունքով, թե՛ բնավորությամբ նրանց միջև ընդհանուր ոչինչ չկար։ Տարբեր կարգեր ունեին և ապրում էին տարբեր բանտասենյակներում։ Փոքրամարմին կալանավորի ազգանունը Բուլկին էր։
Ինձ տեսնելով, Վառլամովը լայն բացեց բերանը։ Նստած էի իմ թախտաշարին, վառարանի մոտ։ Նա կանգնեց քիչ հեռու, դիմացս, ինչ֊որ բան մտմտալով, ճոճվեց և անհաստատ քայլերով մոտենալով, մի տեսակ կտրիճավարի, ամբողջ մարմնով կողքի թեքված, թեթևակի դիպավ լարերին, սկսեց ասերգել, կամացուկ կտկտացնելով սապոգով.
<poem>
Կլորերես, ճերմակերես,
Երգում է նա արտույտի պես՝
Իմ սիրելին։
Ատլաս շորով է նա եկել,
Հագուկապը՝ փառավոր,
Սիրունիկ ու անուշիկ...
</poem>
Երգը, թվում է, հավասարակշռությունից հանեց Բուլկինին։ Նա թափահարեց ձեռքերը և դիմելով բոլորին, բղավեց.
― Լրիվ ստեր է ասում, ախպեր տղերք, լրիվ ստեր։ Մի խոսք անգամ ճիշտ չի ասի, լրիվ սուտ է, լրիվ։
― Պատիվ, հարգանք ծերուկ Ալեքսանդր Պետրովիչին,— ասաց Վառլամովը, խորամանկ ծիծաղով նայելով աչքերիս ու համարյա թե ձգվեց՝ պաչվելու։ Լավ հարբած էր։ «Հարգանք, պատիվ այսինչին...», ասել է թե՝ վերաբերմունքս մեկին կամ մյուսին, օգտագործվում է հասարակ ժողովրդի մեջ ամբողջ Սիբիրում, թեկուզև վերաբերի քսանամյա ջահելի։ «Ծերուկ» բառը նշանակում է ինչ֊որ պատկառելի, հարգարժան, նույնիսկ շողոքորթ մի բան։
― Է, ի՞նչ կա, Վառլամով, ինչպե՞ս եք։
― Նայած օր։ Ով էլ ուրախ է տոնի համար, առավոտ ծեգից հարբած է, դուք ինձ կներեք,— Վառլամովը փոքր֊ինչ երգեցիկ էր խոսում։
― Լրիվ ստեր է ասում, նրրից լրիվ ստեր,— բղավեց Բnւլկինը, մի տեսակ բորբոքված, ձեռքով խփելով թախտաշարին։ Սակայն Վառլամովն ասես խոսք էր տվել նվազագույն իսկ ուշադրություն չդարձնել նրա վրա, և դրա մեկ չափազանց շատ էր կոմիզմը, որովհետև Բուլկինը կպել էր Վառլամովի պոչից միանգամայն անտեղի, դեռևս առավոտից, հենց մի պատճառով, որ Վառլամովը «լրիվ ստեր է փչում», ինչ թվացել էր նրան՝ չգիտես ինչու։ Ստվերի պես թափառում է նրա ետևից, կպչում ամեն խոսքից, վնասում ձեռքերը, արնոտելով խփում պատերին և թախտաշարերին և ըստ երևույթին, տառապում համոզումից, որ Վառլամովը «լրիվ ստեր է փչում»։ Եթե գլխին մազ ունենար, թվում է, մազերն էլ կպոկոտեր դառնացածությունից։ Ճիշտ կարծես պարտականություն էր ստանձնել պատասխան տալ Վառլամովի արարքների համար, ճիշտ կարծես իր խղճին էին ծանրացած Վառլամովի բոլոր թերությունները։ Սակայն բանն այն էր հենց, որ Վառլամովը նույնիսկ վրան էլ չէր նայում։
― Լրիվ սուտ, լրիվ սուտ, լրիվ սուտ։ Ոչ մի խոսքը ոչ մի բանի չի բռնում,— բղավում էր Բուլկինը։
― Է, քե՞զ ինչ,— ծիծաղելով պատասխանում էին կալանավորները։
― Ալեքսանդր Պետրովիչ, ձեզ պիտի հայտնեմ, որ շատ գեղեցիկ տղամարդ էի և ինձ շատ էին սիրում կնանիք...— հանկարծ, անտեղի֊անհարկի սկսեց Վառլամովը։
― Սուտ է ասում։ Էլի սուտ,— մի տեսակ ծղրտալով, ընդհատեց Բուլկինը։
Կալանավորները քրքջում էին։
― Ես էլ նրանց առաջ հո ձևեր չէի թափում. շապիկս՝ կարմիր, շալվարս՝ պլիսե, պառկած ինձ համար, ոնց որ ասենք, կոմս Բուտըյլկինի պես, այսինքս՝ շվեդի պես հարբած, մի խոսքով՝ ինչ կհրամայեք։
― Սո՜ւտ է,— առավել վճռական հաստատեց Բուլկինը։
― Էն ժամանակ էլ հորիցս մնացած երկու հարկանի տուն ունեի, քարից սարքած։ Է, մի երկու տարում երկու հարկն էլ մսխեցի, ինձ մնաց մենակ դարպասը՝ առանց սյուների։ Ինչ ասեմ, փողն աղունիկի պես բան է, թև առած գալիս է, թև առած գնում։
― Սուտ է ասում,— ավելի վճռական հաստատեց Բուլկինը։
― Ուրեմս, որ էստեղ խելքս գլուխս եկավ, ծնողներիս աղաչանք գրեցի, որ վայ թե փողից-բանից զրկեն։ Քանի որ, ասին, ծնողիս դեմ եմ գնացել, հարգանք չեմ ունեցել։ Հրես, յոթը տարի կլինի, ղրկել եմ։
― Ու պատասխան չկա՞,— ծիծաղելով հարցրի ես։
― Չէ ու չէ,— պատասխանեց նա, հանկարծ ինքն իրեն ծիծաղելով և կամաց-կամաց քիթն ավելի մոտեցնելով դեմքիս։— Ալեքսանդր Պետրովիչ, ախր էստեղ սիրած ունեմ։
― Դո՞ւք։ Սիրուհի՞։
― Օնուֆիրիևն երեկ ասաց. «Իմր չնայած չեչոտ է, գեշ, բայց էնքան շոր ունի որ, քոնն էլ սիրուն է, բայց աղքատ, տոպրակով է ման գալիս»։
― Մի՞թե ճիշտ է։
― Ճիշտը որ ասեմ՝ աղքատ է,— պատասխանեց նա և խեղդվեց անձայն ծիծաղից։ Բանտասենյակն էլ էր քրքջում։ Իսկապես, բոլորը գիտեին, որ նա կապվել է ինչ-որ աղքատ կնոջ հետ և կես տարվա ընթացքում ընդամենը տասը կոպեկ տվել նրան։
― Լավ, հետո՞,— հարցրի ես, կամենայով վերջապես գլուխս ազատել նրանից։
Նա լռեց, գորովանքով նայեց ինձ ու նրբաձայն ասաց.
― Էնպես որ, չե՞ք բարեհաճի էս պատճառով մի կես շշի փող տալ, Ալեքսանդր Պետրովիչ, էսօր վրա-վրա թեյ եմ խմել մենակ,— ավեյացրեց՝ վերցնելով փողը,— ու էնքան եմ խմել, որ շունչս կտրվում է, փորիս մեջ էլ լխկլխկում...
Այդ ընթացքում, մինչ նա կվերցներ փողը, Բուլկինի բարոյական բորբոքումը հասավ վերջին աստիճանին։ Նա մոլեգնած թափահարում էր ձեռքերն ու մարմինը՝ հուսալքության հասածի պես, համարյա թե լալիս էր։
― Աստված սիրեք,— բղավեց նա, կատաղած դիմելով ամբողջ բանտասենյակին,— դրան նայեք հապա։ Լրի՜վ սուտ է ասում։ Ինչ էլ ասի, մեկ է, մեկ՝ լրիվ ստեր է փչում։
― Բայց ախր քե՞զ ինչ,— գոռում էին կալանավորները զարմացած նրա կատաղությամբ,— անհասկացող մարդ ես։
― Չեմ թողնելու ստեր ասի,— գոռում էր Բուլկինը, աչքերը շողացնելով ու ամբողջ ուժով խփելով թախտաշարերին,― չեմ ուզում, որ սուտ ասի։
Բոլորը քրքջում էին։ Վառլամովը վերցրեց փողը, խոնարհվեց ինձ և ձևեր թափելով, շտապեց բանտասենյակից դուրս՝ անշուշտ, օղեվաճառի մոտ։
Եվ այդտեղ, կարծես առաջին անգամ նկատեց Բուլկինին։
― Դե, գնացինք,— ասաց նրան, կանգ առնելով կես ճամփին, ճիշտ կարծես ինչ֊որ բանի համար Բուլկինը պետք էր իրեն։― Դանդալոշ,— ավելացրեց արհամարհանքով, առաջ թողնելով դառնացած Բուլկինին և նորից սկսեց ծլնգացնել բալալայկան...
Բայց ինչ կա նկարագրելու այդ ժանտահոտը։ Վերջապես ավարտվեց այդ հեղձուկ օրը։ Կալանավորները քուն մտան թախտաշարերին։ Քնի մեջ նրանք խոսում ու զառանցում էին մյուս գիշերներից ավելի։ Տեղ֊տեղ դեռ նստած էին՝ մայդանների շուրջ։ Վաղուց սպասված տոնն անցավ։ Վաղը կրկին առօրյա, կրկին՝ աշխատանքի...
=== XI։ Ներկայացում ===