— Եթե ես պետք շարունակեմ գնալ,— ասաց նա բարձրաձայն,— ուրեմն ստիպված եմ վերցնել ձեր թուրը, պարոն Ֆրոդո, մեծահոգաբար ներող եղեք: Փոխարենը ձեզ մոտ կթողնեմ իմը, ահա էստեղ, ձեր կողքին՝ ինչպես գերեզմանոցի այն մեռած թագավորի կողքին էր դրված: Եվ միթրիլե օղազրահն էլ եմ թողնում ձեզ՝ ծեր պարոն Բիլբոյի նվերը: Մեկ էլ ձեր ապակե աստղիկը տեր իմ. դուք ինքներդ եք դա տվել ինձ, և այն ինձ դեռ շատ պետք կգա՝ խավարն ախր էստեղ ամենուր է, և ես նրանից ոչ մի կերպ չեմ կարող ազատվել: Ես այդ նվերին արժանի չեմ. տիրուհի Գալադրիելն այն ձեզ է նվիրել, բայց նա, երևի, կհասկանա: Իսկ դուք, գոնե դուք ինձ հասկանու՞մ եք, տեր իմ: Եթե ես պետք է շարունակեմ...
Բայց հենց այդպես թողնել հեռանալը նրա ուժերից վեր էր: Ծնկի գալով՝ նա բռնեց տիրոջ ձեռքը և ոչ մի կերպ չէր կարողանում բաց թողնել: Ժամանակն անցնում էր, իսկ նա հապաղում էր ու չէր կարողանում որոշել: Սկզբում նա փորձեց հավաքել ուժերը և կենտրոնանալ վրեժի վրա: Այո, վճռականությունը չէր հերիքում, բայց հարկավոր էր միայնակ ճանապարհ ընկնել: Պետք է գտնել Գոլլումին ու վրեժխնդիր լինել: Ինքը կանգ չի առնի, կանցնի ցանկացած արահետով, ոտքի տակ կտա ողջ Միջերկիրը, չի ուտի, չի խմի, մինչև չգտնի Գոլլումին ու չսպանի նրան... Բայց չէ՞ որ ինքը դրա համար չէ գնացել տիրոջ հետևից, և չարժե հանուն դրա լքել նրա մարմինը: Սպանությամբ տիրոջը չես վերադարձնի: Ոչ, տիրոջն այլևս ոչնչով չես վերադարձնի: Ուրեմն, ավելի լավ է մեռնել նրա հետ... Բայց չէ՞ որ մահվան ճանապարհներում էլ են մենակ թափառում...
Սեմը նայեց վառ երկնագույն լուսարձակող թրի շեղբին: Մտածեց լեռնային խորխորատների մասին, սև անդունդի մասին դեպի անհատակ ոչինչ, որի եզրով իրենք եկել-հասել էին այստեղ... Ո՛չ, դա ելք չէ: Դա նշանակում է բոլորովին ոչինչ չանել, ավելի ճիշտ անել ավելի քիչ, քան ոչինչ: Միևնույնն է, Ֆրոդոն կմնա այստեղ պառկած, ու ոչ ոք չի սգա նրա մահը: Ոչ, ինքը դրա համար չէ եկել-հասել էստեղ:
— Բա էդ դեպքում ի՞նչ անել,— կրկին բացականչեց նա: Եվ հանկարծ հասկացավ, որ պատասխանը պարզ է, բայց դաժան. խոստացել է օգտակար լինել՝ ուրեմն պետք է գնալ մինչև վերջ: Կատարել հանձնարարությունը նրա փոխարեն՝ ահա քո ճանապարհը: Նույնպես միայնակ ու ամենից սարսափելի:
— Էդ ինչպես՞, ես, ուրեմն, մենակ պետք է գնամ Ճակատագրի լեռ ու ամեն ինչ ավարտե՞մ: — Նա սարսափից դողաց, բայց վճռականությունն արդեն ամրապնդվում էր: — Բայց էդ դեպքում ստիպված կլինեմ վերցնել նրանից Մատանին... Ե՞ս, նրանի՞ց: Բայց ախր Խորհուրդը նրան է Պահապան նշանակել:
Պատասխանը չուշացավ.
«Խորհուրդը նշանակեց նրան գլխավոր Պահապան և ուղեկիցներ տվեց, որպեսզի նրանք օգնեն նրան գործն ավարտին հասցնել: Դու՝ Պահապաններից վերջինն ես, բացի քեզանից էլ ոչ ոք չի մնացել ջոկատից. էնպես որ գործն ավարտին հասցրու»:
— Ինչու՞ է էդպես պետք, որ ես լինեմ վերջինը,— տնքաց նա: