=== I։ Հոսպիտալ ===
Տոներից անմիջապես հետո, ես հիվանդացա և գնացի մեր զինվորական հոսպիտալը։ Կանգնած էր առանձնակի, բերդից կես վերստ հեռու։ Երկարուկ, միհարկանի չենք էր, դեղին ներկված։ Ամռանը, նորոգման աշխատանքների ժամանակ, չափից ավելի դեղին ներկ էր ծախսվել։ Հոսպիտալի հսկայական բակում տեղավորված էին ծառայությունները, բժշկական ղեկավարության տները և հարկավոր այլ շինություններ։ Իսկ գլխավոր մասնաշենքում միայն հիվանդասենյակներն էին, որոնք շատ էին, սակայն կալանավորականները՝ միայն երկուսը, մշտապես լեփ֊լեցուն, հատկապես ամռանը, այնպես որ հաճախ էին ստիպված լինում մոտեցնել մահճակալները։ Մեր հիվանդասենյակները լցվում էին ամեն կարգի «անբախտ ժողովրդով»։ Մերոնք էին լինում, զանազան զինվորական ամբաստանյալներ, որոնց պահում էին տարբեր աբվախտներում, դատապարտվածներ, չդատապարտվածներ, կալանառքման ենթականեր։ Լինում էին նաև ուդղիչ վաշտից՝ տարօրինակ հաստատություն էր, ուր քշվում էին մեղք գործած և սակավ հուսալի զինվորներ՝ իրենց վարքն ուղղելու համար նախատեսված գումարտակներից և որտեղից երկու և ավելի տարիներ անց ելնում էին այնպիսի սրիկաներ, որպիսիք հազվադեպ հանդիպեիք։ Վատառողջ կալանավորները մեզ մոտ սովորաբար առավոտյան ենթասպային էին հայտնում իրենց հիվանդության մասին։ Անմիջապես գրանցում էին մատյանի մեջ և դա, հիվանդի հետ, պահնորդի ուղեկցությամբ, ուղարկում գումարտակի լազարեթ։ Այդտեղ բժիշկը նախապես զննում էր բերդում տեղավորված բոլոր ստորաբաժանումներից եկած բոլոր հիվանդներին և ում իսկապես հիվանդ էր համարում, գրանց ում էր՝ հոսպիտալ տանելու։ Ինձ գրառեցին մատյանում և ժամը երկուսին մոտ, երբ արդեն մերոնք՝ բոլորը բանտից գնում էին ետճաշյա աշխատանքի, և ես գնացի հոսպիտալ։ Հիվանդ կալանավորը սովորաբար իր հետ վերցնում էր փող՝ ինչքան կարող էր, հաց, քանի որ այդ օրը հոսպիտալում չէր կարող ուտելիքի հույս ունենալ, փոքրիկ ծխափող և ծխախոտի քսակ, կայծքար և հրահան։ Այս վերջին իրերը խնամքով թաքցվում էին սապոգների մհջ։ Հոսպիտալի պարսպից ներս մտա ոչ առանց որոշ հետաքրքրության՝ այդ նոր, կալանավորական մեր նիստուկացի՝ դեռևս ինձ անծանոթ ելևէջումի հանդեպ։
Տաք, ամպամած և թախծալի օր էր, այն օրերից մեկը, երբ հոսպիտալի նման հաստատություններն ընդունում են հատկապես գործնական, տրտում ու թթված տեսք։ Զինվորի հետ մտանք ընդունարան, ուր պղնձյա երկու լոգարան կար և ուր արդեն սպասում էին երկու հիվանդ՝ ամբաստանյալներից, նույնպես զինվորի ուղեկցությամբ։ Ներս մտավ բուժակը, ծուլորեն և տիրաբար զննեց մեզ ու էլ ավելի ծուլորեն գնաց զեկուցելու բժշկին։ Վերջինս շուտով երևաց, զննեց, շատ սիրալիր վերաբերվեց և մեզ տվեց «վշտաթերթիկներ», որոնց վրա նշված էին մեր ազգանունները։ Իսկ դրան հաջորդող հիվանդության նկարագրությունը, դեղորայքի նշանակումները, չափերը և այլն, մնում էր արդեն օրդիատորներից նրան, որը կալանավորական հիվանդասենյակներն էր տնօրինում։ Նախկինում էլ էի լսել, որ կալանավորները շատ են գովում իրենց բուժակներին։ «Հոր տեղ են գալիս»,— պատասխանում էին իմ հարցերին, երբ հիվանդանոց պիտի գնայի։ Այդ ընթացքում շորներս փոխեցինք։ Մեր ունեցած արտահագուստը և սպիտակեղենը, որոնցով եկել էինք, մեզնից վերցրին և հիվանդանոցային սպիտակեղեն հագցրին, բացի դրանից, տվեցին երկար գուլպաներ, ոտնամաններ, գդակներ և գորշագույն մահուդե հաստ խալաթներ, ներսից վրակար կտավով կամ մեկ այլ կտորով։ Մի խոսքով, ամեն ինչ վերին աստիճանի կեղտոտ էր, բայց դա գնահատեցի արդեն տեղում։ Հետո մեզ տարան կալանավորական հիվանդասենյակներ, որոնք տեղավորված էին շատ երկար, բարձրառաստաղ և մաքուր միջանցքի ծայրին։ Արտաքին մաքրությունն ամենուր շատ բավարար էր։ Առաջին հայացքից աչքի ընկնող ամեն ինչ ուղղակի փայլում էր։ Ի դեպ, այդպես կարող էր ինձ թվալ՝ մեր բանտից հետո։ Երկու, ամբաստանյալը գնացին ձախ կողմի հիվանդասենյակը, իսկ ես՝ աջ։ Երկաթյա հեղույսով կողպած դռան մոտ ժամապահն էր, հրացանով, կողքին՝ օգնականը։ Կրտսեր ենթասպան (հոսպիտալի պահախմբից) կարգադրեց ներս թողնել ինձ, և ես հայտնվեցի երկար ու նեղ սենյակում, որի երկայնակի պատերի տակ մահճակալներն էին, շուրջ քսան հատ, որոնցից երեք-չորսը դեռևս զբաղված չէին։ Մահճակալները փայտյա էին, ներկված կանաչ՝ չափից ավելի ծանոթ բոլորին և յուրաքանչյուրին մեզ մոտ՝ Ռուսաստանում, հենց այն մահճակալները, որոնք ինչ-որ նախասահմանումով չեն կարող լինել առանց մլակների։ Տեղավորվեցի անկյունում, այն կողմում, ուր պատուհաններն էին։
Ինչպես արդեն ասացի, այստեղ էին նաև մեր կալանավորները, բանտից։ Մի քանիսն արդեն ճանաչում էին ինձ, համենայն դեպս, տեսել էին նախկինում։ Ավելի շատ էին ենթադատները և ուղղիչ վաշտից բերվածները։ Ծանր հիվանդներ, այսինքն՝ անկողնուց չելնողներ, այնքան էլ շատ չէին։ Մյուսները թեթև հիվանդներ կամ ապաքինվողներ, կամ նստած էին մահճակալների վրա, կամ ետուառաջ էին քայլում սենյակում, ուր մահճակալների երկու շարքերի միջև դեռևս տարածություն էր մնում՝ զբոսնելու համար բավարար։ Սենյակում չափազանց հեղձուցիչ, հիվանդանոցային հոտ կար։ Օդը վարակված էր զանազան անդուր գոլորշիներով և դեղորայքի հոտով, թեև համարյա ամբոդջ օրը անկյունում վառվում էր վառարանը։ Իմ մահճակալին շերտավոր ծածկոց էր գցած։ Բացեցի։ Ծածկոցի տակ մահուդե կտավով վրակար վերմակ կար և խիստ կասկածելի մաքրության հաստ սպիտակեղեն։ Մահճակալի կողքին՝ սեղանիկ, որի վրա բաժակ կար և անագե աման։ Պատշաճության համար այդ ամենը ծածկված էր ինձ արամագրված սրբիչով։ Սեղանիկի ներքևում մի դարակ էլ կար. այդտեղ դրվում էին թեյ խմողների թեյնիկները, փայտյա գավերը՝ կվասի համար և այլն։ Սակայն հիվանդների մեջ թեյ խմողներ չատ քիչ կային։ Իսկ ծխափողեր և քսակներ համարյա բոլորն ունեին, չբացառած անգամ թոքախտավորներին, դրանք պահվում էին մահճակալների տակ։ Բժիշկը և մյուս ղեկավարները համարյա երբեք չէին ստուգում, իսկ եթե մեկնումեկին էլ բռնացնում էին ծխափողով, ձևացնում էին, թե չեն նկատում։
Իմիջիայլոց, հիվանդներն էլ միշտ զգույշ էին և ծխելու էին գնում վառարանի մոտ։ Փոխարենը՝ գիշերով ծխում էին հենց մահճակալների վրա, այնինչ գիշերները ոչ ոք չէր շրջում հիվանդասենյակներում, բացի երբեմն պահախմբի սպայից՝ հոսպիտալի պահախմբի պետից։
Մինչ այդ ես չէի պառկել և ոչ մի հիվանդանոցում, ուստիև շրջապատող ամեն ինչ չափազանց նոր էր ինձ համար։ Նկատեցի, որ որոշ հետաքրքրություն եմ հարուցում։ Իմ մասին արդեն լսել էին և զննում էին խիստ անփափկանկատ, նույնիսկ որոշ գերազանցության երանգով, ինչպես դպրոցներում նորեկներին են զննում կամ պաշտոնական տեղերում՝ խնդրատուին։ Աջ կողմում պառկած էր ամբաստանյալ մի գրագիր, պաշտոնաթող կապիտանի ապօրինի որդի էր։ Նա դատվելու էր կեղծ թղթադրամների համար և մի տարվա չափ պառկած էր արդեն, կարծեմ ոչ մի հիվանդություն էլ չուներ, բայց հավատացրել էր բժիշկներին, թե արյունատար անոթների լայնացում ունի։ Հասել էր նպատակին, տաժանակրությունը և մարմնական պատիժները շրջանցել էին նրան, և մեկ տարի անց ուղարկեցին Տ.-սկ, ինչ֊որ տեղ պահելու համար՝ հիվանդանոցին կից։ Ամրակազմ, թիկնեղ, քսանութ տարեկան երիտասարդ էր, մեծ խարդախ և օրենք իմացող, ամենևին ոչ անխելք, չափազանց սանձարձակ և ինքնավստահ, հիվանդագին անձնասեր, լրբորեն հավատացրել էր ինքն իրեն, թե աշխարհիս ազնվագույն և ճշմարտագույն մարդն է և անգամ ոչ մի մեղք չունի, ընդմիշտ պահպանում էր այդ վստահությունը։ Առաջինն ինքը խոսք բացեց, հետաքրքրությամբ հարցուփորձ արեց և բավականին մանրամասն պատմեց հոսպիտալի արտաքին կանոնների մասին։ Հարկավ, ամենից առաջ հայտնեց, որ կապիտանի որդի է։ Չափից ավելի էր ուզում ազնվական կամ ծայրահեղ դեպքում «ազնվատոհմներից» երևցնել իրեն։ Նրանից հետո ինձ մոտեցավ ուղղիչ վաշտից մի հիվանդ ու սկսեց հավատացնել, թե ճանաչել է նախկինում աքսորված ազնվականներից շատերին, տալով նրանց անուն հայրանունները։ Արդեն ալեհեր զինվոր էր, դեմքին գրված, որ ծայրեծայր փչում է։ Չեկունով էր ազգանունը։ Ակնհայտ էր, որ քծնում է, կասկածելով, թե փող կունենամ։ Նկատելով թեյախոտի և շաքարի փաթեթը, իսկույն առաջարկեց ծառայությունները. թեյնիկ գտնել և թեյ թրմել ինձ համար։ Թեյնիկ ինձ խոստացել էր վաղն ուղարկել Մ․-ցկին բանտից, հոսպիտալ աշխատանքի եկող կալանավորներից մեկի հետ։ Բայց Չեկունովն ամբողջ գործն արեց։ Ինչ-որ չուգունե աման գտավ, նույնիսկ գավաթ, ջուր եռացրեց, թեյ թրմեց, մի խոսքով, ծառայում էր արտասովոր ջանադրությամբ, որով իսկույն հիվանդներից մեկի թունոտ ծաղրանքը հարուցեց՝ իր հանդեպ։ Այդ հիվանդը թոքախտավոր էր, պառկած իմ դիմաց, ազգանունը՝ Ուստյանցև, ենթադատ զինվորներից, հենց նա, որը պատժից վախենալով, թունդ թրմած ծխախոտով օղի էր խմել, ինչից էլ թոքախտ ստացել։ Նրա մասին արդեն հիշատակել եմ։ Մինչ այդ նա պառկած էր լուռ, ծանր շնչելով, ակնդետ և լրբությամբ ինձ էր զննում և զայրույթով հետևում Չեկունովին։ Արտակարգ, մաղձոտ լրբությունը մի տեսակ առանձնահատուկ ծաղրական երանգ էր հաղորդում նրա զայրույթին։ Ի վերջո, չդիմացավ.
― Ճորտիս տեսե՜ք։ Պարո՜ն է գտել,— խոսեց դադարներով և անուժությունից բեկվող ձայնով։ Կյանքի վերջին օրերն էր ապրում արդեն։
Չեկունովը զայրացած դարձավ նրան.
― Էդ ո՞վ է ճորտը,— արտաբերեց նա, արհամարհանքով նայելով Ուստյանցևին։
― Դու ես ճորտը,— պատասխանեց վերջինս այնպիսի ինքնավստահ տոնով, կարծես լիակատար իրավունք ուներ շշպռել Չեկունովին և նույնիսկ այդ նպատակով էր կցված նրան։
― Ե՞ս եմ ճորտը։
― Դու ես որ կաս։ Այ ժողովուրդ, լսեք, չի հավատում։ Զարմանում է։
― Է, քո՞ ինչ գործն է։ Հրեն, անձեռ-անոտ են։ Առանց ծառա սովոր չեն։ Հայտնի բան է։ Էլ ինչի՞ չծառայի, փրչոտ մռութ ծաղրածու։
― Էդ ո՞վ է փրչոտ մռութը։
― Դու ես փրչոտ մռութը։
― Ես եմ փրչոտ մռութը։
― Դու ես որ կաս։
― Իսկ դու պատկե՞րք։ Թե ես փրչոտ մռութ եմ, քո գլուխն էլ ոնց որ ագռավի ձու լինի։
― Հենց էդ ես որ կաս։ Ախր, Աստված հոգիդ առել է, քեզ համար պառկի ու մեռի էլի։ Չէ, ո՜ւր, շաղ է տալիս։ Է, ինչ ես շաղ տալիս։
― Ինչ։ Չէ, ավելի լավ է ես սապոգին գլուխ տամ, քանց թե տրեխին։ Հերըս չի տվել, ինձ էլ չի թողել։ Ես... Ես...
Ուզում էր շարունակել, բայց զարհուրելի հազաց մի քանի րոպե, արյուն թքելով։ Շուտով սառը, տանջող քրտինք երևաց նեղ ճակատին։ Հազը խանգարում էր, այլապես էլի կխոսեր։ Աչքերից երևում էր, թե ինչպես կուզեր դեռ կռվշտել, բայց անուժությունից միայն ձեռքը թափ տվեց... Չեկունովն էլ ի վերջո մոռացավ նրան։
Ես զգացի, որ թոքախտավորի չարությունն ուղղված էր ավելի շատ ինձ, քան Չեկունովին։ Ծառայելու և դրանով մի երկու կոպեկ ձեռք բերելու Չեկունովի ցանկության համար ոչ ոք չէր բարկանա կամ առանձին արհամարհանքով չէր նայի։ Ամենքն էլ հասկանում էին, որ նա անում է դա պարզապես փողի համար։ Այդ հարցում հասարակ մարդիկ ամենևին էլ բծախնդիր չեն ու կարողանում են հստակ զանազանել բանի էությունը։ Ուստյանցևին հատկապես դուր չէի եկել ինքս, դուր չէր եկել իմ թեյը և այն, որ կալանդների մեջ էլ պարոնի պես եմ, կարծես չեմ կարող յոլա գնալ առանց ծառայի, թեև ինքս չէի կանչել և ոչ մի ծառայություն չէի կամեցել։ Իրոք, միշտ ցանկանում էի ամեն ինչ ինքս անել, անգամ հատկապես ուզում էի չհիշեցնել անգամ իմ մասին, որ փափկասուն եմ, հարմարասեր, որ պարոնություն եմ անում։ Դրա մեջ կար նաև մասամբ իմ ինքնասիրությունը, եթե խոսքը տեղն է եղել։ Բայց ահա, ամենևին չեմ հասկանում, ինչպես էր միշտ ստացվում, որ երբեք սակայն չէի կարողանում հրաժարվել զանազան ծառայողներից և ծառաներից, որոնք իրենք էին կցվում ինձ և վերջում տիրում ինձ կատարելապես, այնպես որ նրանք էին տերերը, իսկ ես՝ նրանց ծառան։ Իսկ արտաքուստ ինքնըստինքյան էր ստացվում, որ իսկապես պարոն եմ, չեմ կարող յոլա գնալ առանց սպասավորի և պարոնություն եմ անում։ Հարկավ, շատ ցավալի էր ինձ համար։ Բայց Ուստյանցևը թոքախտավոր էր, դյուրաբորբոք։ Իսկ մյուս հիվանդները պահպանում էին անտարբերություն, անգամ բաձրամտության որոշ երանգով։ Հիշում եմ, բոլորը զբաղված էին առանձին մի հանգամանքով, կալանավորների խոսակցություններից իմացա, որ հենց այս երեկո մեզ մոտ են բերելու մի ենթադատի, ում այդ իսկ պահին պատժում էին ճիպտածեծով։ Կալանավորները նորեկին էին սպասում որոշ հետաքրքրասիրությամբ։ Ի դեպ, խոսում էին, որ պատիժը մեղմ է լինելու՝ ընդամենը հինգ հարյուր հարված։
Քիչ֊քիչ զննեցի շուրջս։ Որքան կարողացա նկատել, հիվանդներն այստեղ, իրոք, պառկած էին ավելի շատ լնդախտով և աչքի հիվանդություններով՝ այդ երկրամասի տեղական ախտերն էին։ Այդպիսիք մի քանիսն էին սենյակում։ Իրապես հիվանդ մյուսներից պառկած էին դողէրոցք, տարբեր թարախախոցեր, կրծքավանդակի ցավ ունեցողները։ Այստեղ այնպես չէր, ինչպես մյուս հիվանդասենյակներում, այստեղ խմբված էին բոլոր, անգամ վեներական հիվանդությունները։ Ես ասացի ''իրապես'' հիվանդ, որովհետե կային նաև մի քանիսը, որոնք եկել էին հենց ''այնպես'', առանց որևէ հիվանդության՝ «հանգստանալու»։ Նմաններին բժիշկներն ընդունում էին հաճույքով, կարեկցանքից, հատկապես երբ շատ էին ազատ մահճակալները։ Աբվախտներում և մենախցերում պայմանները հոսպիտալայինի համեմատ այնքան վատ էին, որ շատ կալանավորներ հաճույքով էին գալիս՝ պառկելու, չնայած ծանր օդին և փակ հիվանդասենյակներին։ Կային անգամ պառկելու և հոսպիտալային ապրուստի առանձնահատուկ սիրահարներ, ի դեպ, բոլորից շատ ուղղիչ վաշտից։ Հետաքրքրությամբ էի զննում իմ նոր ընկերներին, բայց հիշում եմ, առանձնապես հետաքրքրություն հարուցեց այն ժամանակ մեր բանտից ևս մի թոքախտավոր, արդեն մաhացող, որը պառկած էր Ուստյանցևից մի մահճակալ այն կողմ, այդպիսով նույնպես իմ դիմաց։ Միխայլով էր ազգանունը, դեռևս երկու շաբաթ առաջ էի տեսել բանտում։ Վաղուց արդեն հիվանդ էր և վաղուց էր պետք բուժվելու գնալ, սակայն նա մի տեսակ համառ և բացարձակապես անհարկի համբերությամբ հաղթահարում էր ինքն իրեն, գոտեպնդվում և միայն տոներին գնաց հոսպիտալ, երեք շաբաթվա ընթացքում մեռնելու զարհուրելի թոքախտից՝ ճիշտ կարծես այրվեց մարդը։ Հիմա ինձ ապշեցնում էր նրա ահավոր փոխված դեմքը, այն դեմքը, որ առաջիններից մեկը նկատեցի բանտ մտնելուն պես. այն ժամանակ մի տեսակ աչքիս ընկավ։ Կողքը պառկած էր ուղղիչ վաշտից մի զինվոր, արդեն ծեր էր, զարհուրելի և նողկալի փնթի... Եվ ի դեպ, հո չե՞մ թվարկելու բոլոր հիվանդներին։ Հիմա այդ ծերուկի մասին հիշեցի սոսկ այն պատճառով, որ այն ժամանակ նույնպես որոշ տպավորություն գործեց ու հասցրեց մի րոպեում միանգամայն լրիվ պատկերացում տալ ինձ հոսպիտալային հիվանդասենյակի որոշ առանձնահատկությունների մասին։ Հիշում եմ, ծերուկն այն ժամանակ սաստիկ հարբուխ ուներ։ Փռշտում էր շարունակ, հետո մի ամբողջ շաբաթ փռշտաց, անգամ քնի մեջ, մի տեսակ համազարկերով, հնգական, վեցական փռշտոց ամեն անգամ և ամեն անգամ էլ բծախնդրությամբ կրկնում էր. «Տեր Աստված, էս ինչ պատիժ էր գլխիս»։ Այդ պահին նա նստած էր անկողնին և քաթանե փաթեթից ագահորեն քիթն էր խցկում քթախոտը, ավելի ուժեղ ու հավաք փռշտալու համար։ Փռշտում էր սեփական, վանդականախշ, հարյուր անգամ լվացած և ծայրաստիճան խունացած թաշկինակի մեջ, ընդ որում առանձնահատուկ կնճռոտվում էր պստլիկ քիթը՝ մանրիկ ու անհամար կնճիռներով և ի ցույց դրվում ատամների հին, սևացած բեկորները, կարմիր, թքախառը լնդերի հետ։ Փռշտալուց հետո իսկույն բացում էր թաշկինակը, ուշադրությամբ զննում կուտակված առատ խորխը և անմիջապես դա քսում բանտային գորշագույն խալաթին, այնպես որ ամբողջ խորխը մնում էր խալաթի վրա, իսկ թաշկինակը գոնե թաց մնում։ Այդպես էր անում ամբողջ շաբաթը։ Սեփական թաշկինակի՝ ժամանակ պահանջող և կծծի, ի վնաս բանտային խալաթի, հիվանդների որևիցե բողոքը չէր հարուցում, թեև մեկնումեկը նրանից հետո պիտի որ հագներ հենց այդ խալաթը։ Սակայն մեր հասարակ ժողովուրդը չզզվող և չխորշող է՝ տարօրինակության աստիճան։ Իսկ ինձ նույն պահին այնպես շփոթեցրեց, որ անմիջապես սկսեցի խորշանքով և հետաքրքրությամբ ակամա զննել հենց նոր հագած խալաթս։ Այստեղ նկատեցի, որ դա վաղուց արդեն հետաքրքրությունս է բորբոքում իր սաստիկ հոտով։ Արդեն տաքացել էր մարմնիս վրա և ավելի ու ավելի էր հոտեր արձակում՝ դեղորայքի, սպեղանիների, և ինչպես թվաց ինձ, մի տեսակ թարախահոտ, ինչ շատ պարզ էր, քանի որ անհիշելի ժամանակներից հիվանդների ուսերին էր։ Գուցեև մեջքի կտավե աստառը լվացել էին երբևիցե, բայց հաստատ չգիտեմ։ Այնինչ, ներկայումս այդ աստառը ներծծված էր հնարավոր բոլոր տհաճ հյութերով, թրջոցներով, պայթած բուշտերից արտահոսած ջրերով և այլն։ Բացի դրանից, կալանավորական հիվանդասենյակներում հաճախ էին հայտնվում հենց նոր ճիպտահարվածներ՝ խոցոտված մեջքերով, նրանց բուժում էին թրջոցներով, այդ պատճառով էլ հենց թաց շապկի վրա հագցված խալաթը ոչ մի կերպ չէր կարող չփչանալ՝ ամեն ինչ մնում էր վրան։ Եվ բանտում եղած ամբողջ ժամանակ, մի քանի տարիներ, հենց հարկ էր լինում պառկել հոսպիտալում (իսկ դա հաճախ էր լինում), ամեն անգամ վախով և անվստահությամբ էի խալաթ հագնում։ Հատկապես անդուր էին այդ խալաթների վրա երբեմն հայտնվող ոջիլները՝ խոշոր և կարգին տռզած։ Կալանավորները հաճույքով էին սատկացնում դրանց, այնպես որ երբ կալանավորական հաստ ու կոպիտ եղունգի տակ մեկ-մեկ ճտտում էր սատկացրած գազանը, ապա նույնիսկ որսկանի դեմքից կարելի էր դատել նրա ստացած գոհունակության մասին։ Մեզ մոտ շատ չէին սիրում նաև մլակներին և երբեմն նույնպես ելնում էին ամբողջ հիվանդասենյակով՝ ոչնչացնելու դրանց, ձմռան երկար, տրտում երեկոներին։ Ու թեև հիվանդասենյակներում ծանր հոտից բացի, արտաքուստ հնարավորին չափ մաքուր էր, ապա ներքին, այսպես ասած, աստառային մաքրությամբ մեզանում աչքի չէին ընկնում։ Հիվանդներն ընտելացած էին դրան և նույնիսկ գտնում էին, որ այդպես էլ պիտի լինի, նաև բուն կարգուկանոնն առանձին մաքրություն չէր ենթադրում։ Սակայն կարգուկանոնի մասին հետո կխոսեմ...
Չեկունովը նոր էր թեյը տվել (հպանցիկ ասեմ՝ հիվանդասենյակի ջրով, որը բերվում էր մեկ անգամ, ամբողջ օրուգիշերվա համար և մի տեսակ շուտ էր փչանում մեր օդում), որոշ աղմուկով բացվեց դուռը, և ուժեղացրած պահախմբով սենյակ մտցրին հենց նոր ճիպտածեծ արված մի զինվորիկի։ Առաջին անգամ էի պատժված տեսնում։ Հետագայում նրանց հաճախ էին բերում, ոմանց նույնիսկ տեղափոխում ձեռքերի վրա (չափից ավելի ծանր պատժվածների), և ամեն անգամ դա հիվանդների համար մեծ զբաղմունք էր դառնում։ Այդպիսներին մեզ մոտ ընդունում էին սովորաբար դեմքի խիստ արտահայտությամբ, անգամ որոշակի շինծու լրջությամբ։ Ի դեպ, ընդունումը կախված էր լինում մասամբ հանցանքի ծանրության աստիճանից, հետևաբար և պատժաչափից։ Շատ ցավագին ծեծված և ավելի համբավավոր հանցագործն օգտվում էր ավելի մեծ հարգանքից և շատ ուշադրությունից, քան որևէ մի փախած զորակոչիկ, ինչպիսին ահա, նոր բերվածն էր։ Սակայն թե մեկ, թե մյուս դեպքում ոչ առանձին կարեկցանք, ոչ որևէ հատկապես բորբոքված դիտողություններ չէին արվում։ Լուռ օգնում էին թշվառականին և խնամում, հատկապես, եթե չէր կարող յոլա գնալ առանց օգնության։ Բուժակներն արդեն գիտեին, որ ծեծվածին հանձնում են փորձառու և վարպետ ձեռքերի։ Օգնությունը սովորաբար սառը ջրի մեթ թրջած սավանի և շապկի հաճախակի և անհրաժեշտ փոխելն էր, որը հագցնում կամ փաթաթում էին հոշոտված մեջքին, հատկապես եթե երբ պատժվածն անուժ էր լինում հետևել ինքն իրեն, բացի դրանից, վերքերց ճարպկորեն հանում էին փշերը, որոնք հաճախ են մնում մեջքերին՝ վրան կոտրված փայտերից։ Վերջին գործողությունը սովորաբար շատ տհաճ էր լինում հիվանդին։ Սակայն ընդհանրապես ինձ միշտ զարմացրել է պատժվողների անսովոր դիմացկունությունը և ցավը կրելու ունակությունը։ Շաա-շատերին եմ տեսել, երբեմն չափից այլևս ավելի ծեծվածների, և համարյա ոչ մեկը չի տնքացել։ Միայն դեմքը մի տեսակ ամբողջովին կփոխվեր, կգունատվեր, աչքերը կկրակվեին, հայացքը թափառ ու անհանգիստ, շրթունքը կդողար, ասես խեղճը դիտավորյալ կծոտել է՝ հաճախ արնոտելով։ Ներս բերած զինվորը քսաներեք տարեկան կլիներ, ամրակազմ, ջղուտ, գեղեցկադեմ, բաձրահասակ, բարեկազմ, թխամաշկ։ Մինչև գոտկատեղ մերկ էր, ուսին թաց սավան էր գցած, որից նա սրսփում էր մարմնով մեկ, ինչպես դողէրոցքի ժամանակ, և մեկուկես ժամ ետուառաջ էր քայլում սենյակում։ Նայում էի դեմքին. թվում էր, ոչ մի բանի մասին չի մտածում այդ պահին, նայում էր տարօրինակ և շաղված հայացքով, ըստ երևույթին դժվարանալով ուշադրությունը սևեռել ինչ֊որ բանի վրա։ Ինձ թվաց, թե ակնապիշ նայում է իմ թեյին։ Թեյը տաք էր, գոլորշի էր բարձրանում, և թշվառականը սառել ու դողացնում էր՝ ատամ ատամի զարկելով։ Հրավիրեցի՝ խմելու։ Նա լուռ և կտրուկ դարձավ իմ կողմը, վերցրեց բաժակը, խմեց կանգնած և անշաքար, ըստ որում շատ էր շտապում և մի տեսակ ջանում չնայել ինձ։ Լրիվ խմեց, բաժակը տեղը դրեց և անգամ գլխով չանելով, գնաց նորից ետուառաջ անելու հիվանդասենյակում։ Բայց գլխով անելու և խոսք ասելու սիրտ չուներ։ Ինչ վերաբերում է կալանավորներին, բոլորը սկզբում, չգիտես ինչու, խուսափում էին զորակոչիկի հետ ամեն տեսակ խոսակցություններից, հակառակը՝ օգնելով նրան սկզբում, կարծես ջանում էին այլևս ոչ մի ուշադրություն չդարձնել նրա վրա, գուցեև կամենալով հնարավորինս հանգիստ թողնել նրան և չձանձրացնել հետագա բոլոր հարցուփորձերով ու «կարեկցանքով», ինչից կարծես միանգամայն գոհ էր նա։
Այդ ընթացքում մթնեց, գիշերաճրագը վառեցին։ Կալանավորներից ոմանք սեփական մոմակալներ ունեին, ի դեպ, շատ քչերը։ Ի վերջո, արդեն բժշկի երեկոյան այցից հետո, ներս մտավ պահախմբի ենթասպան, հաշվեց բոլոր հիվանդներին և հիվանդասենյակը կողպեցին, նախապես սենյակ բերելով գիշերատաշտակը... Ես զարմանքով էի իմացել, որ տաշտակն այստեղ է մնում ամբողջ գիշեր, թեև իսկական արտաքնոցը հենց այստեղ էր, միջանցքում, մի երկու քայլ այն կողմ։ Բայց դա էր ընդունված կարգը։ Ցերեկը կալանավորին դեռ բաց էին թողնում հիվանդասենյակից, ընդ որում, մեկ րոպեից ոչ ավելի, իսկ գիշերը՝ և ոչ մի կերպ։ Կալանավորական հիվանդասենյակները նման չէին սովորականներին, և հիվանդ կալանավորն այդ վիճակում էլ էր կրում իր պատիժը։ Թե ով էր սկզրնապես մտցրել այդ կարգը՝ չգիտեմ, գիտեմ սոսկ, որ իսկական կարգուկանոն դրա մեջ չկար ամենևին և որ ձևապաշտության համար անօգուտ չորությունը երրեք ավելի խոշոր չէր եղել, քան, օրինակ, տվյալ դեպքում։ Այդ կարգը գալիս էր, հարկավ, ոչ բժիշկներից։ Կրկնում եմ. կալանավորներն անձանձիր գովում էին իրենց բժիշկներին, հոր տեղ էին ընդունում նրանց, հարգում։ Յուրաքանչյուրն իր հանդեպ գորովանք էր տեսնում, մի բարի խոսք լսում, իսկ բոլորից մերժված կալանավորը գնահատում էր դա, որովհետև տեսնում էր այդ բարի խոսքի և գորովանքի ոչ սարքովիությունը և անկեղծությունը։ Դա կարող էր և չլինել․ ոչ ոք չէր պահանջի բժիշկներից, եթե նրանք վարվեին այլ կերպ, այսինքն, ավելի կոպիտ ու անմարդկային։ Հետևաբար, նրանք բարի էին իսկական մարդասիրությունից։ Եվ անշուշտ, նրանք հասկանում էին, որ հիվանդին՝ ով էլ եղավ, կալանավոր, թե ոչ, հարկավոր է նույնպիսի մաքուր օդ, ինչպես մյուս բոլոր հիվանդներին, նույնիսկ ամենաբարձր աստիճանի։ Մյուս հիվանդասենյակների հիվանդները, ապաքինվողներն, օրինակ, ազատ կարող էին քայլել միջանցքներում, ավելի շատ զբոսնել, օդ շնչել, որ այդչափ թունավորված չէր, ինչքան հիվանդասենյակներում՝ խեղդող և միշտ անհրաժեշտաբար հագեցած հեղձուցիչ գոլորշիներով։ Եվ ահավոր ու նողկալի է պատկերացնելը հիմա, թե ինչ աստիճանի թունալի պիտի լիներ առանց այդ էլ թունաշատ օդը մեզ մոտ գիշերները, երբ ներս էին բերում այդ տաշտակը, հիվանդասենյակի տաք ջերմաստիճանի և հայտնի հիվանդությունների պարագային, որոնց ժամանակ հնարավոր չէ չդատարկել ստամոքսը։ Եթե նոր ասացի, որ կալանավորը հիվանդ ժամանակ էլ է կրում իր պատիժը, ապա, անշուշտ, չէի ենթադրում ու չեմ ենթադրում, թե այդպիսի կարգը սահմանված էր հատկապես սոսկ պատժի համար։ Իհարկե, իմ կողմից դա կլիներ անմիտ զրպարտանք։ Հիվանդներին այլես պատժելու բան չկա։ Իսկ եթե այդպես է, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ դաժան ու խիստ մի անհրաժեշտություն պարտադրել է ղեկավարությանը դիմել վնասաբեր նման միջոցի։ Իսկ ինչպիսի՞։ Սակայն ցավալին այն է հենց, որ ուրիշ ոչնչով չի կարելի թեկուզև, փոքր֊ինչ բացատրել այդ միջոցի անհրաժեշտությունը, ավելին՝ բազում այլ միջոցներինը՝ նույնպես այնքան անըմբռնելի, որ ոչ միայն բացատրել, այլ անգամ բացատրությունը կռահելն է անհնարին։ Ինչո՞վ բացատրել այդպիսի անհարկի դաժանությունը։ Նրանով, որ կալանավորը, դիտավորյալ հիվանդ ձևանալով, իբր թե կգա հիվանդանոց, կխաբի բժիշկներին, գիշերը կգնա արտաքնոց և, օգտվելով մթությունից, կփախչի՞։ Նման դատողության համակ անհեթեթությունը լրջորեն բացատրելը համարյա թե անհնար է։ Ո՞ւր է փախչելու։ Ինչպե՞ս է փախչելու։ Ի՞նչ հագուստով։ Ցերեկը դուրս են թողնում մեկական, գիշերով էլ կարող էր այդպես լինել։ Դռան մոտ կանգնած է ժամապահը՝ լցված հրացանով։ Պետքարանը տառացիորեն երկու քայլ է հեռու ժամապահից։ Սակայն, չնայած դրան, հիվանդին ուղեկցում է ժամապահի օգնականը և աչքը վրան պահում ամբողջ ժամանակ։ Այնտեղ միայն մի պատուհան կա, ձմեռվա համար երկփեղկ և երկաթյա ճաղապատ։ Իսկ բակում պատուհանի տակ, կալանավորական հիվանդասենյակների պատուհանների տակ նույնպես, գիշերը մինչև լույս գնում֊գալիս է ժամապահը։ Պատուհանից դուրս գալու համար պետք է ջարդել շրջանակը և ճաղաշարը։ Ո՞վ է թույլ տալու դա։ Բայց ենթադրենք, թե փախչողը նախապես կսպանի օգնականին, այնպես որ սա ծպտուն իսկ չի հանի և ոչ ոք ոչինչ չի լսի։ Սակայն ընդունելով նույնիսկ այդ անհեթեթությունը, չէ որ պիտի կոտրել պատուհանր և ճաղավանդակը։ Նկատի առնենք, որ հենց այդտեղ, ժամապահի մոտ, քնած են հիվանդասենյակային պահակները, իսկ տասը քայլ դենը, կալանավորական մյուս հիվանդասենյակի մոտ, մեկ ուրիշ ժամապահ է կանգնած՝ հրացանով, նրա կողքին են ուրիշ մի օգնական և ուրիշ պահակներ։ Եվ ո՞ւր փախչես ձմեռով՝ գուլպաներով, կոշիկներով, հիվանդանոցի խալաթով և գդակով։ Իսկ եթե այդպես է, եթե այդքան քիչ է վտանգը (այսինքն, իրականում բացարձակապես ոչ մի վտանգ չկա), ինչի՞ համար է հիվանդների դրության այդպիսի լուրջ ծանրացումը, նրանց կյանքի թերևս վերջին օրերին ու ժամերին, որոնց թարմ օդը շատ ավելի է պետք, քան առողջներին։ Ինչի՞ համար։ Երբեք չկարողացա հասկանալ դա...
Բայց եթե «ինչի՞ համար» հարցը տվել ենք և քանի որ խոսքը տեղն է եկել, հիմա չեմ կարող չմտաբերել ևս մի տարակուսանք, քանի֊քանի տարի ծառացած իմ առաջ՝ ամենահանելուկային փաստի տեսքով, որին նմանապես ոչ մի կերպ պատասխան չգտա։ Այդ մասին չեմ կարող թեկուզ մի քանի խոսք չասել, նախքան իմ նկարագրությունը շարունակելը։ Խոսքս կալանդների մասին է, որոնցից տաժանապարտին չի ազատում և ոչ մի հիվանդություն։ Նույնիսկ թոքախտավորներ են մեռել աչքիս առաջ՝ շղթայակապ։ Այնինչ, բոլորը վարժվել էին դրան, բոլորը համարում էին որպես կատարված, անկասելի մի բան։ Որևէ մեկը հազիվ թե մտածել էր նույնիսկ, երբ անգամ բժիշկներից ոչ մեկի մտքով չէր անցել այդ մի քանի տարվա ընթացքում միջնորդել ղեկավարության առաջ՝ ծանր հիվանդ որևէ կալանավորի, հատկապես թոքախտավորի շղթայազերծ անելու մասին։ Ընդունենք, թե կալանդներն ինքնին առանձնապես ծանրություն չունեն։ Ութից տասներկու ֆունտ քաշ են ունենում։ Տասը ֆունտ կրելն առողջ մարդու համար առանձին նեղություն չէ։ Ի դեպ, ինձ ասել են, որ կալանդներ կրելուց մի քանի տարի անց ոտքերն սկսում են չորանալ֊բարակել։ Չգիտեմ, ճիշտ է դա արդյոք, թեև, իմիջիայլոց, որոշ հավանականություն կա։ Ծանրությունը թեև փոքր, թեև տասը ֆունտ, ոտքին գամած ընդմիշտ, այդուհանդերձ, աննորմալ ձևով ավելացնում է անդամի քաշր և երկար ժամանակ անց կարող է թողնել որոշ վնասակար ազդեցություն... Բայց ենթադրենք, թե առողջ մարդու համար դա ոչինչ է։ Այդպե՞ս է, արդյոք, հիվանդի համար։ Ենթադրենք, թե սովորական հիվանդի համար էլ ոչինչ։ Բայց այդպե՞ս է, կրկնում եմ, ծանր հիվանդների համար, այդպե՞ս է, կրկնում եմ, թոքախտավորների համար, որոնց ձեռքերն ու ոտքերն առանց այդ էլ չորանում են, այնպես որ ամեն մի ծեղ էլ ծանր է դառնում։ Եվ հարկավ, բժշկական ղեկավարությունը եթե թեթևացում բերեր թեկուզև միայն թոքախտավորներին, ապա հենց դա կլիներ իսկական և մեծ բարեգործություն։ Ընդունենք, թե մեկնումեկը կասի՝ կալանավորը չարագործ է և արժանի չէ բարեգործության, սակայն մի՞թե պետք է բազմապատկել պատիժը նրա, ում առանց այդ էլ հպվել է Աստծո նախասահմանումը։ Եվ հավատալ էլ չի լինի, որ այդ ամենն արվել է սոսկ պատժի համար։ Թոքախտավորը դատարանով է ազատվում մարմնական պատժումներից։ Հետեաբար, այստեղ ես ինչ֊որ մի խորհրդավոր, կարևոր միջոց կա, որպես փրկարար նախազգուշականություն։ Բայց ինչպիսի՞՝ հասկանալ չի լինի։ Չէ որ չի կարելի իսկապես երկյուղել, որ թոքախտավորը կփախչի։ Ո՞ւմ մտքով դա կանցնի, հատկապես նկատի առնելով հիվանդության զարգացման հայտնի աստիճանը։ Իսկ ձևանալ թոքախտավոր, խաբել բժիշկներին փախչելու համար՝ անհնարին է։ Ուրիշ հիվանդություն է՝ առաջին հայացքից է երևում։ Եվ տեղին է ասել՝ մի՞թե մարդու ոտքերին շղթա են հագցնում, սոսկ միայն որ չփախչի և որ դա խանգարի նրան փախչել։ Ամենևին ոչ։ Կալանդները միայն խայտառակումն են, ամոթ բեռ են դառնում, մարմնական և բարոյական։ Համենայնդեպս, այդպես է ենթադրվում։ Իսկ փախչելուն դրանք երբեք չեն կարող խանգարել և ոչ մեկին։ Ամենահմուտ, ամենաճարպիկ կալանավորը կկարողանա շատ արագ սղոցել դրանք՝ առանց մեծ դժվարության, կամ էլ քարով կոտրել գամը։ Ոտքի կալանդներն ամենևին չեն պահպանում և ոչնչից։ Իսկ եթե այդպես է, եթե տաժանապարտի ոտքերին են հագցվել սոսկ պատժելու համար, նորից եմ հարցնում. մի՞թե այդպես պատժում են մեռնողին։
Եվ հիմա ահա, երբ գրում եմ, շատ վառ հիշեցի մերձիմահ մեկին, թոքախտավոր էր, հենց այն Միխայլովը, որը պառկած էր համարյա դիմացս, ոչ հեռու Ուստյանցևից և որը մահացավ, հիշում եմ, հիվանդանոցում գտնվելուս չորրորդ օրը։ Գուցեև հիմա խոսեցի թոքախտավորների մասին, ակամա կրկնելով այն տպավորությունները և այն մտքերը, որոնք գլուխս մտան այդ մահվան առթիով։ Ի դեպ, քիչ էի ճանաչում Միխայլովին։ Դեռևս շատ ջահել էր, քսանհինգ տարեկան, ոչ ավելի, բարձրահասակ, բարալիկ, արտակարգ բարետես արտաքինով։ Ապրում էր հատուկ բաժանմունքում և տարօրինակության աստիճան լռակյաց էր, մի տեսակ մշտապես մեղմ ու մի տեսակ հանգիստ տխրադեմ։ Ճիշտ կարծես «չորանում» էր բանտում։ Համենայն դեպս, նրա մասին այդպես էին արտահայտվում կալանավորները հետագայում, որոնց սրտերում նա բարի հիշատակ էր թողել։ Հիշում եմ միայն, որ սքանչելի աչքեր ուներ և ճիշտն ասած, չգիտեմ ինչու, այդպես հստակ տպավորվեց իմ մեջ։ Նա մահացավ ցերեկվա ժամը երեքին, սառնամանիք և պարզկա օր էր։ Հիշում եմ, արևն իր շեղ և հուժկու ճառագայթներով ասես թափանցում էր մեր հիվանդասենյակի կանաչ, թեթևակի սառած պատուհաններից։ Հեղեղի պես թափվել էին դրանք թշվառականի վրա։ Նա մահացավ ուշքը տեղը չեկած և ծանր ու երկար տևեց հոգեվարքը՝ մի քանի ժամ շարունակ։ Դեռ առավոտից աչքերը սկսել էին չզանազանել իրեն մոտեցողներին։ Կամենում էինք մի կերպ թեթևացնել վիճակը, տեսնելով, որ շատ ծանր է, շնչում էր դժվարությամբ, խորը, խռխռոցով, կուրծքը բաձրանում էր, ասես չէր բավականացնում օդը։ Նա վրայից գցեց վերմակը, ամբողջ հագուստը և վերջում սկսեց պատառոտել շապիկը՝ նույնիսկ դա էր ծանր թվում նրան։ Օգնեցինք և վրայից հանեցինք շապիկը։ Սարսափելի էր նայելն այդ երկարուկ-երկարուկ մարմնին, մինչև ոսկորը չորացած ոտքերով ու ձեռքերով, ներս ընկած փորով, փքված կրծքով, հստակ գծագրված կողոսկրերով՝ իսկը կմախքի պես։ Ամբողջ մարմնի վրա երևում էր միայն փայտյա խաչը խնկաքսակով և կալանդները, որոնց միջով, թվում է կանցկացներ իր չորացած ոտքերը։ Մահից կես ժամ առաջ մեզ մոտ բոլորը կարծես համրացան, սկսեցին խոսել համարյա շշուկով։ Ով էլ քայլում էր, մի տեսակ անձայն էր ոտքը գնում հատակին։ Իրար հետ քիչ էին խոսում կողմնակի բաներից, երբեմն միայն նայելով մեռնողին, որը խռխռացնում էր ավելի ու ավելի։ Վերջապես նա պրպտող ու անհաստատ ձեռքով կրծքի վրա շոշափեց-գտավ խնկաքսակը, սկսեց պոկել վրայից, ասես դա էլ էր նեղում նրան, անհանգստացնում և ճնշում։ Խնկաքսակն էլ հանեցին։ Մի տասը րոպե անց նա մահացավ։ Թակեցին բանտապահի դուռը, հայտնեցին։ Ներս մտավ պահակը, բութ հայացքով նայեց մեռյալին և գնաց բուժակի մոտ։ Բուժակը՝ ջահել և բարեսիրտ, փոքր-ինչ ավելի զբաղված իր, ի դեպ, երջանիկ արտաքինով, շուտով հայտնվեց։ Փութկոտ քայլերով, սսկված հիվանդասենյակում բարձր-բարձր դոփելով, մոտեցավ հանգուցյալին և մի տեսակ առանձնահատուկ սանձարձարկ, ասես հենց այդ դեպքի համար հորինված տեսքով, բռնեց զարկերակը շոշափեց, թափ տվեց ձեռքը և դուրս գնաց։ Տեղնուտեղը շտապեցին իմաց տալ պահախմբին. կարևոր հանցագործ էր, հատուկ բաժանմունքից, նրան մահացած համարելն էլ էր պետք հատուկ արարողություններով։ Պահախմբին սպասելիս, կալանավորներից մեկը միտք հայտնեց, որ վատ չի լինի փակել հանգուցյալի աչքերը։ Մյուսն ուշադիր լսեց նրան, մոտեցավ մահացածին և փակեց աչքերը։ Տեսնելով բարձին ընկած խաչը, վերցրեց, զննեց և լուռ հագցրեց Միխայլովի վզով, հագցրեց և խաչակնքվեց։ Այդ ընթացքում մեռյալի դեմքը քարացավ, լույսի շող էր թրթռում վրան, բերանը կիսաբաց էր, երկու շարք ճերմակ, ամուր ատամները փայլում էին բարակ լնդերին կպած շրթունքների տակից։ Վերջապես եկավ պահախմբի ենթասպան, կարճ թրով ու սաղավարտով, ետևից՝ երկու պահակ։ Ավելի ու ավելի դանդաղեցնելով քայլերը, նա մոտենում էր, տարակուսանքով նայելով սսկված և բոլոր կողմերից խստորեն նայող կալանավորներին։ Մի քայլի վրա մոտենալով մահացածին, կանգ առավ մեխվածի պես, ճիշտ կարծես երկնչեց։ Լիովին մերկացված, չորացած դիակը, միայն կալանդներով, ապշեցրեց նրան, և նա հանկարծ արձակեց թրակապը, հանեց սաղավարտը, ինչ ամենևին չէր պահանջվում և լայն շարժումով խաչակնքվեց։ Խստահայաց, ալեհեր, երկար ծառայած մարդու դեմք։ Հիշում եմ, որ այդ պահին այնտեղ կանգնած էր Չեկունովը, նույնպիսի ալեհեր մի ծերուկ։ Ամբողջ ժամանակ լուռ, ակնդետ նայում էր ենթասպայի դեմքին, անքթիթ, տարօրինակ մի ուշադրությամբ հետևելով նրա յուրաքանչյուր շարժումին։ Սակայն նրանց աչքերը հանդիպեցին, և հանկարծ Չեկունովի ներքևի շրթունքը ցնցվեց։ Մի տեսակ տարօրինակ ծռմռվեց դեմքը, ատամները մերկացան և արագ-արագ, ասես ոչ դիտավորյալ գլխով անելով ենթասպային՝ մեռյալի կողմը, մրմնջաց.
― Ախր, չէ որ նա էլ մայր ուներ,— ու հեռացավ։
Հիշում եմ, այդ բառերն ասես շամփրեցին ինձ... Եվ ինչի համար նա ասաց, ինչպես անցան նրա մտքով այդ բառերը։ Բայց ահա դիակը սկսեցին բարձրացնել, բարձրացրին մահճակալի հետ։ Ծղոտը խշրտաց, համընդհանուր լռության մեջ շղթաները զնգուն խփվեցին հատակին... Շղթաները վերցրին։ Մարմինը տարան։ Հանկարծ բոլորը բարձրաձայն խոսեցին։ Լսվեց, թե ինչպես ենթասպան՝ արդեն միջանցքում, ինչ֊որ մեկին ուղարկեց դարբնին կանչելու։ Պետք էր շղթայազերծել մահացածին...
Բայց ես շեղվեցի նյութից...
=== II։ Շարունակությունը ===
=== III։ Շարունակությունը ===