Երրորդ. դրամատնտեսությունն ընդհանուր է ամեն ապրանքարտադրության համար, և արդյունքն իբրև ապրանք երևան է գալիս արտադրության հասարակական ամենատարբեր օրգանիզմներում։ Հետևաբար, կապիտալիստական արտադրության համար բնորոշ հատկանիշ կլիներ այն ծավալը միայն, որով արդյունքն արտադրվում է որպես առևտրի առարկա, իբրև ապրանք, ուրեմն նրա սեփական կազմիչ տարրերն էլ դարձյալ որպես առևտրի առարկաներ, իբրև ապրանքներ պետք է մտնեն այն տնտեսության մեջ, որից ծագում է արդյունքը։
Իրականում կապիտալիստական արտադրությունն, իբրև արտադրության ընդհանրական ձև, ապրանքարտադրություն է, բայց նա այսպիսին է և, որքան զարգանում, այնքան ավելի ու ավելի է այսպիսին դառնում լոկ այն պատճառով, որ հենց աշխատանքն ինքն այստեղ հանդես է գալիս իբրև ապրանք, որ բանվորը յուր աշխատանքը, այսինքն յուր աշխատույժի ֆունկցիան ծախում է և այն էլ, ինչպես մենք ընդունում ենք, ծախում է սրա արժեքի համաձայն, որը որոշված է լինում սրա վերարտադրածախքերով։ Այն ծավալով, որով աշխատանքը դառնում է վարձու աշխատանք, արտադրողն արդյունաբերական կապիտալիստ է դառնում. ուստի կապիտալիստական արտադրությունը (ուրեմն և ապրանքարտադրությունը) յուր ամբողջ ծավալով հանդես է գալիս այն ժամանակ միայն, երբ անմիջական գյուղական արտադրողը վարձու բանվոր է։ Կապիտալիստի ու վարձու բանվորի միջև եղած առնչության ասպարեզում դրամահարաբերությունը, գնորդի ու վաճառորդի հարաբերությունը, դառնում է բուն իսկ արտադրությանը ներհատուկ հարաբերություն։ Բայց այս հարաբերությունն ըստ յուր պատվանդանի հիմնված է արտադրության հասարակական բնույթի վրա, ոչ թե հարաբերակցության եղանակի վրա. սա, ընդհակառակը, նրանից է ծագում։ Իդեպ, բուրժուական մտահորիզոնին, որտեղ ամբողջ ուշն ու միտքը կլանված է գործարքներ կատարելով, համապատասխանում է ոչ թե արտադրության եղանակը սրան համապատասխանող հարաբերակցության եղանակի պատվանդան նկատելը, այլ ընդհակառակը77ընդհակառակը<ref>Մինչև հիմա V ձեռագիրն էր։— Հաջորդը, մինչև գլխի մեկ ծանոթագրություն է, որը գտնվում է 1877 կամ թե 1878 թվականի մի տետրակում, գրքերից արած քաղվածքների արանքում։</ref>։
<br>