Ինքը թագավորը և իշխանազունները նույնպես միացան զորքին։ Երբ ամբողջ զորքը հավաքվել և պատրաստ էր արշավելու, թեթև հեծելազորի մի ջոկատ ուղարկեցին հետախուզության, թե չկա՞ն արդյոք մոտերքում դարանակալ թշնամիներ։ Հետախույզները եկան հայտնեցին, որ ոչ մի տեղ դարանակալություն չկա և չորս կողմը կատարյալ հանգստություն է տիրում։
Այն ժամանակ Պիկրոշոլը հրամայեց զորքին շարժվել։ Եվ ահա այդ ամբողջ զորաբանակը առանց որևէ կարգ ու կանոնի, ցաք ու ցրիվ առաջ շարժվեց, ջարդելով ու փչացնելով այն ամենը, ինչ որ ճանապարհին պատահում էր։ Ոչ մի բան չէին խնայում զինվորները։ Կով էր պատահում նրանց, կովն էին մորթում, ոչխար էր պատահում՝ ոչխարն էին քաշ տալիս տանում։ Հավ, ճուտ, բացբադ, սագ, խոզ խոճկոր, խոճկոր. ինչ պատահում էր, բոլորը բռնում տանում էին։ Ամեն ծառապտուղ՝ ընկույզ, խաղող, տանձ, խնձոր, բոլորը պոկոտում, ուտում, փչացնում էին, իսկ ծառերը ջարդում։
Բնակիչները ոչինչ չէին կարողանում անել, թալանողների ու ավերողների դեմ։ Նրանք անձնատուր էին լինում առանց դիմադրության և միայն խնդրում, աղաչում էին այդքան ավազակություն չանել։
― Մենք ձեզ ոչ մի վատություն չենք արել, ― ասում էին նրանք զինվորներին, ― ինչո՞ւ եք այդքան վնասներ հասցնում։