Changes

Պահապանները

Ավելացվել է 2730 բայտ, 20:03, 4 Նոյեմբերի 2015
/* Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն */
=== Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն ===
Մեր գնալու ժամանակն է,— ասաց Արագորնը: Հետ նայելով՝ նա բարձրացրեց Անդրիլը և բացականչեց.— Մնաս բարո՜վ, Գանդալֆ... Չէ՞ որ ես ասում էի. «Քեզ մահացու վտանգ է սպառնում»: Դժբախտաբար, ես ճիշտ դուրս եկա, և մեր ճանապարհորդությունն անհուսալի է թվում ինձ... — Դեպի ուղեկիցները շրջվելով, Արագորնն ավելացրեց.— Բայց մենք առանց հույսի էլ կգնանք Մորդոր: Գուցե մեզ հաջողվի վրեժ լուծել: Իսկ ողբալու ժամանակ չունենք, բարեկամներ: Մեզ դժվարագույն ճանապարհ է սպասում: Ճամփորդները արցունքները սրբեցին և հետ նայեցին: Հյուսիսում, Մշուշապատի երկու ճյուղերի միջև, մութ նեղ կիրճով սանդղավանդից սանդղավանդ թռչելով գլորվում էր մոխրասպիտակ փրփրալի վտակը, իսկ քիչ այն կողմ, դեպի հյուսիս-արևելք վեր էին խոյանում երեք հսկա գագաթներ՝ Ֆանուիդոլը, Քարադրասը և Քելեբդիլը: — Տեսնու՞մ եք, դա Սևագետքի սանդղաջրվեժն է,— կիրճը ցույց տվեց Արագորնը: — Հենց այստեղից էլ մենք պետք է իջնեինք Սևագետք, եթե բախտը մեզ ժպտար Բոսոր Դարպասի մոտ:  — Իսկ դրա փոխարեն Բարազինբարը ծիծաղեց մեզ վրա: Հրեն հիմա էլ է անիծվածը խնդմնդում,— Ջիմլին բռունցքով սպառնաց լեռանը: Մշուշապատի ճյուղավորումները, որ փրփրադեզ արծաթագույն ջրվեժների շարքով կիրճ էին գոյացրել, ձգվում էին դեպի արևելք մոտ մեկուկես լիգ, իսկ հետո Արծաթաջրի հունը լայնանում էր, և այն հանդարտ հոսում էր հովտով մինչև Մշուշապատի ստվերով կիսածածկված մի մեծ, ձվաձև լճի մեջ թափվելը: Լճի հարթ մակերեսը մուգ-մուգ էր՝ նույնիսկ արևելյան մասում, որն ստվերի տակ չէր ընկնում: Լճի հայելանման, առանց ծփանքի ջուրը նման էր երեկոյան երկնքի, ինչպես այն երևում է լուսավորված սենյակից: Լճի մուգ երկնագույն շրջանակը եզերում էին վառ կանաչ մարգագետինները:
Վստահելի
1342
edits