Վերջին թարմացում 7 Մարտի 2015, 12:51

Մարտին Իդեն, Գլուխ VII

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ VI Մարտին Իդեն, Գլուխ VIII ▶


Մի շաբաթ էր անցել այն օրից, երբ Մարտինը ծանոթացել էր Ռութի հետ, բայց դեռ չէր համարձակվում այցելել աղջկան։ Երբեմն նա գրեթե վերջնականապես վճռում էր գնալ նրա մոտ, բայց ամեն անգամ էլ կասկածները գերակշռում էին։ Նա չգիտեր, թե ինչ ժամկետից հետո պատշաճ է կրկնել այցելությունը, և չկար մեկը, որ կարողանար ասել այդ, իսկ ինքը վախենում էր անուղղելի սխալ գործելուց։ Նա հեռացավ բոլոր իր նախկին ընկերներից և իր բոլոր նախկին սովորություններից խզեց կապերը, իսկ նոր ընկերներ չուներ, և մնում էր միայն զբաղվել ընթերցանությամբ։ Նա ընթերցում էր այնքան, որ մարդկային սովորական աչքերը վաղուց հոգնած կլինեին այդպիսի լարվածությունից։ Սակայն Մարտինը տոկուն աչքեր և ամուր, դիմացկուն օրգանիզմ ուներ։ Բացի այդ, նա մինչև այժմ ապրել էր գրքերի վերացական մտքերից հեռու, և իր ուղեղը հանդիսանում էր խոպան, ցանքսի համար բարեբեր հող։ Նա հոգնած չէր գիտությունից և այժմ սուր ատամներով պինդ կառչել էր գրքերի իմաստությանը։

Շաբաթվա վերջին Մարտինին թվաց, թե դարեր է ապրել․ այնքան հեռու թվացին իր նախկին կյանքն ու նախկին հայացքները, բայց պատրաստականության պակասը շարունակ խանգարում էր նրան։ Նա փորձում էր կարդալ այնպիսի գրքեր, որոնք պահանջում էին շատ տարիների հատուկ պատրաստվածություն։ Այսօր կարդում էր հին փիլիսոփայության գրքեր, իսկ վաղը՝ նոր փիլիսոփայության, այնպես որ նրա գլխում շարունակ մտքերի շփոթություն էր տիրում։ Նույն բանը տեղի էր ունենում նաև տնտեսական գիտելիքների մարզում։ Գրադարանի միևնույն դարակում նա գտավ կողք-կողքի Կարլ Մարքսի, Ռիկարդոյի, Ադամ Սմիթի և Միլլի գրքերը, որոնցից մեկի անհասկանալի բանաձևերը հիմք չէին տալիս նրան հաստատելու մյուսների գաղափարների ճշտությունը։ Նա բոլորովին կորցրեց գլուխը, բայց և այնպես ուզում էր գիտենալ ամեն բան՝ միաժամանակ տարվելով և՛ տնտեսագիտությամբ, և՛ արդյունաբերությամբ, և՛ քաղաքականությամբ։ Մի օր Սիթի-Հոլլ զբոսայգով անցնելիս նա տեսավ մի բազմություն՝ հինգ-վեց մարդկանց շուրջ, որոնք ըստ երևույթին ինչ-որ բանի մասին տաք վիճաբանում էին։ Մարտինը մոտեցավ նրանց և այստեղ առաջին անգամ լսեց՝ իր համար դեռևս անծանոթ ժողովրդական փիլիսոփայության լեզուն։ Նրանցից մեկը թափառաշրջիկ էր, երկրորդը՝ արհեստակցական միության ագիտատոր, երրորդը՝ իրավաբանական ֆակուլտետի ուսանող, իսկ մյուսները պարզապես վիճաբանություն սիրող բանվորներ։ Նա առաջին անգամ լսեց անարխիզմի, սոցիալիզմի, միասնական տուրքի մասին. հասկացավ, որ գոյություն ունեն սոցիալիստական փիլիսոփայության այլազան, իրար հանդեպ թշնամական սիստեմներ։ Նա լսեց հարյուրավոր նոր տերմիններ գիտության այնպիսի ճյուղերից, որոնք նա դեռ երբեք չէր շոշափել իր աղքատիկ ընթերցումների ժամանակ։ Այդ պատճառով նա չէր կարող հետևել վիճաբանության ընթացքին և միայն բնազդով էր գուշակում այդ տարօրինակ բառերի տակ թաքնված գաղափարները։ Վիճաբանողներից մեկը ճաշարանի սևաչյա մի մատուցող էր՝ թեոսոֆ, հացթուխների արհմիության անդամը՝ ագնոստիկոս մի ծերունի, որը բոլորին ջախջախեց այն գաղափարի վրա հիմնված իր զարմանալի փիլիսոփայությամբ, թե ճիշտ ու արդարացի է այն ամենը, ինչ գոյության ունի և, մի ուրիշ ծերունի, որը երկարապատում խորհրդածում էր տիեզերքի, հայր-ատոմի և մայր-ատոմի մասին։

Մարտին Իդենի գլուխն ուռել էր այդ դատողություններից․ և նա մի քանի ժամ անց վազեց գրադարան՝ ստուգելու մի տասնյակ, և իր հիշողության մեջ տպավորված բառերի նշանակությունը։ Գրադարանից դուրս գալով, նա կռնատակին դրած տանում էր չորս հատոր՝ տիկին Բլավատսկայայի երկերից «Գաղտնի դոկտրինան» և «Առաջադիմություն և աղքատություն», «Սոցիալիզմի բուն էությունը», «Պատերազմ կրոնի և գիտության միջև» գրքերը։ Դժբախտաբար նա սկսեց «Գաղտնի դոկտրինայից»։ Այս գրքի ամեն մի տողը լի էր բազմավանկ բառերով, որոնց նշանակությունը նա չգիտեր։ Իր մահճակալին նստած, նա ավելի հաճախ նայում էր բառարանը, քան կարդում էր գիրքը․ նա այնքան շատ նոր բառեր նայեց բառարանում, որ երբ դրանք նորից էին հանդիպում, արդեն մոռացած էր լինում նշանակությունը, և կարիք էր լինում դարձյալ դիմել բառարանին։ Նա վճռեց անծանոթ բառերը գրել առանձին տետրակում և կարճ ժամանակում ամբողջ էջեր լցրեց այդպիսի բառերով։ Այնուամենայնիվ նա ոչինչ չէր կարողանում հասկանալ. ընթերցեց մինչև առավոտյան ժամը երեքը, քիչ էր մնում, որ ցնորվի, բայց և այնպես բնագրի ոչ մի էական միտք չըմբռնեց։ Նա բարձրացրեց գլուխը և իրեն թվաց, թե ամբողջ սենյակը բարձրանում, թեքվում և ընկղմվում է, ինչպես նավը՝ ծովում։ Նա հայհոյեց, դեն շպրտեց «Գաղտնի դոկտրինան», հանգցրեց գազը և վճռեց քնել։ Մյուս երեք գրքերի գործը դրանից ավելի հաջող չգնաց։ Բանն այն չէր, որ նրա ուղեղը տկար կամ անընդունակ էր. նա կարող էր լրացնել բոլոր այդ մտքերը, բայց նրան պակասում էին մտածելու սովորույթը և բառապաշարը։ Վերջապես նա հասկացավ այդ և մի ժամանակ մինչև անգամ մտածում էր ընթերցել միայն բառարանը՝ մինչև բերանացի կսովորի բոլոր անծանոթ բառերը։

Մարտինի համար միակ մխիթարությունը բանաստեղծությունն էր. նա հիացմունքով էր կարդում այն պարզ բանաստեղծներին, որոնց յուրաքանչյուր տողը հասկանալի էր իրեն։ Նա սիրում էր գեղեցկությունը, որն առատորեն գտնում էր այդ բանաստեղծություններում։ Բանաստեղծությունն ազդում էր նրա վրա նույնքան ուժեղ, որքան երաժշտությունը, և աննկատելիորեն նախապատրաստում էր նրա միտքը ապագայում ավելի դժվար աշխատանքի։ Նրա հիշողության էջերը դատարկ էին, և նա առանց որևէ ճիգ թափելու հիշում էր կարդացած ամեն մի տունը, այնպես որ շուտով կարող էր արդեն արտասանել ամբողջ ոտանավորներ՝ հրճվելով տպագրական կենդանացած տողերի ներդաշնակ հնչյուններով։ Մի օր նա պատահմամբ գտա Հոյլիի «Կլասիկ առասպելները» և Բելֆինչի «Առասպելական դարը»։ Կարծես պայծառ լույսի մի ճառագայթ հանկարծ ճեղքեց նրա տգիտության խավարը, և նա ավելի ևս կլանվեց բանաստեղծությամբ։

Սեղանի առաջ նստած մարդը արդեն գիտեր Մարտինին, շատ սիրալիր էր նրա նկատմամբ և բարեկամաբար գլխով էր անում, երբ Մարտինը գալիս էր գրադարան։ Այդ պատճառով Մարտինը մի օր վճռեց մի հանդուգն քայլ անել։ Նա վերցրեց մի քանի գիրք և երբ գրադարանապետը դրոշմում էր նրա քարտերը, մրմնջաց.

— Լսեք, կարելի՞ է մի քանի բան հարցնել։

Գրադարանապետը ժպտաց և գլխով քաջալերանքի նշան արեց։

— Եթե դուք ծանոթացել եք մի երիտասարդ լեդիի հետ և նա խնդրել է ձեզ այցելել... ուրեմն... ե՞րբ կարելի է անել այդ։

Մարտինը զգաց, որ իր շապիկը կպել է հուզմունքից քրտնած կռնակին։

― Իմ կարծիքով՝ միևնույն է, թե երբ,— պատասխանեց գրադարանապետը։

— Ո՛չ, դուք չեք հասկանում,— առարկեց Մարտինը։— Բանն այն է, որ նա կարող է տանը չլինել, նա համալսարան է հաճախում ։

— Լա՛վ, կգնաք մի ուրիշ անգամ։

— Ես այդ չէի ուզում ասել,— խոստովանեց Մարտինը վարանոտ, վերջապես վճռելով ամբողջովին հանձնվել խոսակցի ողորմածությանը։— Ես միայն մի հասարակ տղա եմ և կյանքումս չեմ եղել այդպիսի հասարակության մեջ։ Այդ աղջիկը բոլորովին այն չէ, ինչ ես եմ, և ես բոլորովին այն չեմ, ինչ նա է․․․ Դուք մի՛ կարծեք, որ ես հիմար եմ ձևանում,― հանկարծ ընդմիջեց ինքն իրեն։

― Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում,— բողոքեց գրադարանապետը։— Ճիշտ է, որ ձեր այդ հարցապնդումը չի մտնում տեղեկանքների բաժնի իրավասության մեջ, բայց ևս հաճույքով կաշխատեմ օգնել ձեզ։

Մարտինը հիացմունքով նայեց նրան։

— Է՛հ, եթե ես էլ կարողանայի այդպես խոսել, շատ լավ կլիներ,— ասաց նա։

— Ներեցե՛ք, ինչ ասացի՞ք․․․

— Ես ուզում եմ ասել, որ ամեն ինչ լավ կլիներ, եթե ես կարողանայի այնպես գողտրիկ և քաղաքավարի խոսել, ինչպես դուք։

— Հա՜,— համակրանքով պատասխանեց գրադարանապետը։

— Ե՞րբ է ամենից հարմար գնալ նրա մոտ, ցերեկո՞վ, բայց ոչ ճաշից անմիջապես առաջ, թե՞ երեկոյան։ Թերևս կիրակի օրը։

— Գիտե՞ք ինչ,— ասաց գրադարանապետը Ժպտադեմ։— Այդ մասին դուք հեռախոսով հարցրեք աղջկան։

— Այդպես էլ կանեմ,— գոչեց նա և հավաքելով գրքերը՝ ուղղվեց դեպի դուռը։

Շեմքին նա շրջվեց և հարցրեց.

— Երբ դուք խոսում եք երիտասարդ լեդիի, ենթադրենք միսս Լիզզի Սմիթի հետ, ինչպե՞ս պիտի ասել ― միսս Լի՞զզի, թե՞ միսս Սմիթ։

— Ասացեք «միսս Սմիթ»,— պատասխանեց գրադարանապետը հեղինակավոր տոնով,— ասացեք «միսս Սմիթ» մինչև ավելի մոտիկ ծանոթանաք նրա հետ։

Այսպես, ուրեմն, խնդիրը վճռված էր։

― Եկեք, երբ կուզեք։ Ճաշից հետո ես միշտ տանն եմ,— հեռախոսով պատասխանեց Ռութը նրա այն ամաչկոտ հարցին, թե ե՞րբ կարող է վերադարձնել նրանից վերցրած գրքերը։

Աղջիկն անձամբ դիմավորեց նրան, և կանացի աչքն անմիջապես նկատեց Մարտինի տաբաթի արդուկված ծալքը, և նրանում ինչ-որ անըմբռնելի փոձոխություն դեպի լավը։ Սակայն ամենազարմանալին Մարտինի դեմքի արտահայտությունն էր։ Թվում էր, թե նրանից հորդում էր մի առողջ ուժ, որի ալիքները ողողում էին իրեն՝ Ռութին։ Նա դարձյալ ցանկություն զգաց սեղմվել Մարտինին, զգալ նրա մարմնի ջերմությունը, և նորից ապշեց, թե ինչպես է նրա ներկայությունն ազդում իր վրա։ Իսկ տղան իր հերթին նորից զգաց մի երանավետ սարսուռ, երբ սեղմեց աղջկա ձեռքը։ Նրանը մեջ զանազանությունն այն էր, որ աղջիկը արտաքուստ ոչնչով չէր արտահայտում իր հուզմունքը, իսկ տղան կարմրեց մինչև մազերի արմատները։

Նա հետևեց աղջկան՝ այս անգամ ևս քայլելիս անշնորհք օրորվելով, բայց երբ նրանք նստեցին հյուրասենյակում, Մարտինը, հակառակ սպասածին, բավական ազատ զգաց իրեն։ Աղջիկը աշխատում էր նրա մեջ ստեղծել ազատ պահելու զգացում և անում էր դա այնքան փափկանկատ և զգույշ, որ տղայի համար հարյուրապատիկ ավելի սիրելի դարձավ։ Նախ նրանք զրուցեցին գրքերի, Սուինբեռնի մասին, որով Մարտինը սքանչանում էր, և Բրաունինգի մասին, որը նրա համար անհասկանալի էր։ Զրույցին ուղղություն էր տալիս Ռութը, որը շարունակ մտածում էր, թե ինչպես օգնի Մարտինին։ Աղջիկը հաճախ էր մտածել այդ մասին՝ հենց առաջին հանդիպումից հետո։ Ռութն անպայման ուզում էր օգնել նրան։ Նա Մարտինին նկատմամբ համակված էր քնքշության ու կարեկցության զգացումով, բայց այդ կարեկցության մեջ վիրավորական ոչինչ չկար, դա համարյա մայրական մի զգացում էր, որ մինչև այդ երբեք չէր ունեցել։ Մի՞թե դա կարող էր լինել պարզ, սովորական կարեկցություն, եթե այդ զգացումը զարթեցրած մարդու մեջ աղջիկն զգում էր տղամարդուն այն աստիճան, որ մրայն նրա մոտիկությունն էլ վախեցնում էր նրան կուսական անգիտակից երկյուղով և ստիպում էր սիրտը բաբախել՝ զարթեցնելով տարօրինակ մտքեր ու գրգիռներ։ Ռութը դարձյալ ցանկություն ունեցավ փաթաթվելու Մարտինին կամ իր ձեռքը դնելու նրա ուսին, և առաջվա նման այդ ցանկությունը վրդովում էր նրան, բայց աղջիկն արդեն սովորեց դրան։ Նրա մտքովն էլ չէր անցնում, որ սաղմնավորվող սերը կարող է այդպիսի տարրական ձևեր ընդունել։ Սակայն աղջկա մտքով չէր անցնում նաև այն, որ իրեն համակած զգացումը կարելի է կոչել սեր։ Նրան թվում էր, որ Մարտինն իրեն հետարրքրել է պարզապես իբրև ոչ բոլորովին սովորական մարդ՝ մեծ, անմշակ հնարավորություններով, և որ նա ղեկավարվում է Մարտինի նկատմամբ գրեթե մարդասիրական դրդումներով։

Ռութը չէր հասկանում, որ ցանկանում է նրան․ իսկ Մարտինի համար հարցը տարբեր էր։ Նա գիտեր, որ սիրում է Ռութին, որ նրան ցանկանում է այնպես, ինչպես դեռ երբեք չի ցանկացել իր կյանքում։ Նա առաջ էլ սիրում էր բանաստեղծությունը, սիրում էր այն ամենը, ինչ գեղեցիկ է, բայց Ռութին հանդիպելուց հետո նրա առջև բացվեց սիրո պոեզիայի լայնածավալ աշխարհը։ Ռութը նրան ավելին տվեց, բան Բելֆինչն ու Հեյլին։ Մի շաբաթ առաջ նա չէր մտածի, օրինակ, այսպիսի մի տողի վրա․ «Երջանի՜կ պատանի, նա տառապում է սիրուց և պատրաստ է մեռնել համբուրելիս». իսկ հիմա այդ բառերը նրա գլխից դուրս չէին գալիս։ Նա հիանում էր այդ բառերով, ինչպես ամենամեծ ճշմարտությամբ. նա նայում էր Ռութին և մտածում, որ ուրախությամբ կմեռնի համբուրելիս։ Նա զգում էր իրեն իբրև այն վշտոտ պատանին, որը «տառապում է սիրուց» և հպարտանում էր դրանով ավելի շատ, քան եթե նրան ասպետության աստիճան շնորհեին։ Ի վերջո նա ըմբռնեց կյանքի իմաստը, աշխարհի երեսին իր գոյության իմաստը։

Երբ Մարտինը նայում և լսում էր նրան, մտքերն ավելի համարձակ էին դառնում։ Նա մտաբերում էր այն վայելքը, որ ունեցավ ինքը աղջկա ձեռքը սեղմելիս և ծարավի էր մի անգամ ևս զգալու այդ։ Նա երբեմն ագահ տենչանքով նայում էր աղջկա շրթունքներին։ Բայց այդ տենչանքում չկար ոչինչ կոպիտ ու երկրային։ Մարտինն անասելի վայելք էր զգում․ որսալով նրա շրթունքի ամեն մի շարժումը, երբ նա խոսում էր․ դրանք սովորական շրթունքներ չէին, ինչպես բոլոր կանանցն ու տղամարդկանցը։ Դրանք մսից ու արյունից չէին․ դրանք անմարմին ոգու բերան էին և դրանք համբուրելու ցանկությունը բոլորովին նման չէր ուրիշ կանանց հարուցած ցանկությանը։ Իհարկե, նա ուրախությամբ կուզենար սեղմել այդ բերանին իր մարդկային շրթունքները, բայց դա համազոր կլիներ աստծո պատկերը համբուրելուն։ Նա չէր կարողանում հասկանալ արժեքների այն յուրահատուկ վերագնահատությունը, որ կատարվում էր իր մեջ և չէր իմանում, որ վերջին հաշվով, երբ նայում է աղջկան, իր աչքերը վառվում են այն միևնույն հրով, որով վառվում են սիրո ծարավի յուրաքանչյուր տղամարդու աչքերը։ Նա հասկացողություն չուներ, թե ինչքա՜ն վառվռուն և առնական է իր հայացքը, ինչքա՜ն խորն է հուզում նա աղջկա ամբողջ էությունը։ Նրա կուսական անբիծությունը ազնվացնում էր Մարտինի սեփական զգացումները և հասցնում էր դրանք մինչև աստղերի սառը ողջախոհության բարձունքը։ Նա կցնցվեր, եթե իմանար, որ իր աչքերը փայլատակում են մի խորհրդավոր ջերմությամբ, որը թափանցում է աղջկա էության ընդերքը, և այնտեղ վառում միևնույն հուրը։ Նրա հայացքից շփոթվելով ու հուզվելով՝ աղջիկը քանիցս կորցրեց խոսակցության թելը և բավական դժվարությամբ կարողացավ նորից ամփոփել իր մտքերի բեկորները։ Սովորաբար Ռութը շատ ընդունակ էր ամեն տեսակ տպավորություններ յուրացնելու, և վերջ ի վերջո ոչինչ չկար զարմանալու, որ մի այլ աշխարհից եկած մարդ ալեկոծում է նրան։

Աղջիկը մտածում էր, թե ինչպե՜ս օգնի նրան և ուզում էր զրույց սկսել այդ ուղղությամբ, բայց Մարտինը կանխեց նրան։

— Չգիմեմ, թե կարո՞ղ եմ ձեզանից խորհուրդ հարցնել,— սկսեց նա և քիչ էր մնում խեղդվեր ուրախությունից, երբ աղջիկը պատրաստակամություն հայտնեց անել նրա համար ամեն բան՝ իր ուժերի սահմաններում։— Հիշո՞ւմ եք, որ ես այն ժամանակ, երբ այստեղ էի, ասացի, թե չեմ կարող խոսել գրքերի և այդպիսի բաների մասին, որովհետև ոչինչ չի դուրս գալիս դրանից։ Ահա այդ ժամանակից ի վեր ես շատ բանի մասին եմ խորհրդածել։ Ես սկսեցի հաճախել գրադարան, վերցրի այնտեղից ամեն տեսակ գրքեր, բայց դրանք իմ խելքի բանը չեն։ Թերևս ավելի լավ կլիներ սկզբից սկսել։ Չէ՞ որ ես երբեք չեմ սովորել, ինչպես հարկն է։ Ես ստիպված եմ եղել աշխատել հենց մանկությունից, իսկ հիմա գնացի գրադարան, նոր աչքերով նայեցի գրքերին, և տեսնում եմ, որ առաջներում ես բոլորովին էլ այն չեմ կարդացել, ինչ հարկավոր է։ Հասկանո՞ւմ եք, մի որևէ ֆերմայում և կամ շոգենավի կամրջակին այդպիսի գրքեր չես գտնի, ինչպես, օրինակ, ձեր տանը։ Այնտեղ ընթերցանության այլ նյութեր կան, որոնց ես սովոր եմ։ Ի միջի այլոց, առանց պարծենկոտության կասեմ, որ ես տարբեր եմ եղել այն մարդկանցից, որոնց հետ ընկերություն եմ արել։ Ես չեմ ասում, որ ավելի լավն եմ եղել, քան մյուս նավաստիներն ու քավբոյները (ես եղել եմ նաև քավբոյ)․ բայց միշտ էլ սիրել եմ գիրքը և կարդացել եմ այն ամենը, ինչ ձեռքս է րնկել, և ինձ թվում է, որ իմ գլուխն այլ կերպ է աշխատում, քան իմ ընկերներինը։ Բայց հարցն այդ չէ։ Տեսեք, թե բանն ինչումն է։ Ես երբեք չեմ եղել այնպիսի տներում, ինչպիսին ձեր տունն է։ Երբ ես անցյալ շաբաթ եկա այստեղ և տեսա ձեզ, ձեր մորը, ձեր եղբայրներին, և այն, թե ինչպես եք դուք ապրում, շատ հավանեցի։ Առաջներում միայն գրքերում էի կարդացել այսպիսի բաների մասին, և պարզվեց, որ գրքերը սուտ չեն գրում. և դա ինձ դուր եկավ։ Ես ցանկացա այդ ամենը, ցանկում եմ և այժմ։ Կուզենայի շնչել այնպիսի օդ, ինչպիսին կա ձեր տանը, կուզենայի, որ ամեն տեղ լինեն նկարներ և ամեն տեսակ սիրուն առարկաներ, որ մարդիկ չգոռան, այլ խոսեն մեղմ ձայնով, լավ հագնված լինեն, մարդկանց մտքերը ևս մաքուր լինեն։ Ես ամբողջ կյանքումս շնչել եմ այնպիսի օդ, որից խոհանոցի, գինու, հայհոյանքի և բնակարանային վարձ պահանջելու հոտ է գալիս։ Երբ դուք վեր կացաք ձեր մորը համբուրելու, դա ինձ այնքան գեղեցիկ թվաց, որ աշխարհում դրանից ավելի գեղեցիկ բան չեմ տեսել։ Ես շատ բան եմ տեսել կյանքում և կարող եմ ասել, որ ավելին եմ տեսել, քան ուրիշները։ Ես շատ եմ սիրում դիտել և միշտ ուզում եմ տեսնել նորանոր բաներ։

Բայց դեռ չասացի գլխավորը։ Գլխավորն այն է, որ ես կուզենայի հասնել այնպիսի մի կյանքի, ինչպիսի կյանքով դուք ապրում եք այս տանը։ Չէ՞ որ կյանքը չի կայանում միայն հարբեցողության, դժնդակ աշխատանքի և տուրուդմբոցի մեջ։ Այժմ հարցն այն է, թե ինչպե՛ս հասնել այդ նպատակին։ Ինչի՞ց պետք է սկսեմ։ Ես ուզում եմ հասնել դրան իմ աշխատանքով. իսկ ինչ վերաբերում է աշխատանքին, ես կհաղթեմ ամեն մարդու։ Մի անգամ որ սկսեմ, գիշեր-ցերեկ կաշխատեմ։ Թերևս ծիծաղելի է ձեզ համար, որ ես խոսում եմ այս ամենի մասին։ Գիտեմ, որ դուք միակ մարդն եք, որին ես կարող եմ դիմել, և այլևս՝ ոչ ոքի, թերևս բացի Արթուրից։ Գուցե հարկավոր էր, որ նրան դիմեի։ Եթե ես լինեի...

Նա հանկարծ լռեց։ Նա սարսափեց այն մտքից, որ իսկապես պետք է դիմեր Արթուրին և իրեն չդներ այսպիսի հիմար վիճակի մեջ։ Ռութը անմիջապես չխոսեց. նա կլանված էր այն բանով, թե նրա խառնաշփոթ խոսքն ու պարզունակ մտքերը ինչպես կապակցել այն բանի հետ, որ կարդում էր Իդենի աչքերում։ Նա դեռ ոչ մի անգամ չէր տեսել այնպիսի աչքեր, որոնք արտահայտեին այսքան անընկճելի ուժ։ Այս մարդն ընդունակ է անել ամեն ինչ․ ահա թե ինչ էր ասում նրա հայացքը․ իսկ դա թույլ էր արտահայտվում Մարտինի անկապ խոսքերում։ Աղջկա սեփական խելքն այնքան նուրբ և բարձր էր, որ չէր կարող, ինչպես հարկն է, գնահատել պարզությունն ու անմիջականությունը։ Այնուամենայնիվ մինչև անգամ Մարտինի մտքերի այդ թոթովանքում զգացվում էր նրա ուժը։ Մարտինը պատկերանում էր նրան իբրև մի հսկա, որը ճգնում է կտրատել իր շղթաները։ Աղջկա դեմքը համակված էր գորովանքով, երբ նա ասաց․

— Դուք ինքներդ դիտեք, թե ինչ է պակասում ձեզ․ ձեզ պակասում է կրթությունը։ Դուք պետք է սկսեք հենց սկզբից․ ավարտեք դպրոցը, ապա հաճախեք համալսարանական դասընթացները։

— Դրա համար դրամ է հարկավոր,— ընդհատեց նրան Մարտինը։

— Օ՜,— գոչեց աղջիկը,— ես չէի մտածել այդ։ Բայց մի՞թե ձեր հարազատներից ոչ ոք չի կարող օգնել ձեզ։

Նա բացասաբար շարժեց գլուխը․

— Իմ հայրն ու մայրը վախճանվել են։ Ունեմ երկու քույր․ մեկը ամուսնացած է, իսկ մյուսը հավանաբար շուտով կամուսնանա։ Եղբայրներ շատ ունեմ, ես կրտսերն եմ, բայց նրանք երբեք չեն օգնել ոչ ոքի։ Եվ նրանք արդեն վաղուց ցրվել են աշխարհի չորս կողմը բախտ որոնելու, ամեն մեկն իր համար։ Մեծ եղբայրս մեռել է Հնդկաստանում։ Այս րոպեիս երկու եղբայրներս Հարավային Աֆրիկայում են, մեկը աշխատում է կետորսական նավի վրա, իսկ մյուսը ճամփորդում է շրջիկ կրկեսի հետ իբրև մարզիկ։ Ես էլ նրանց նման եմ․ տասնմեկ տարեկան հասակից, մորս մահից հետո, ինքս եմ կերակրում ինձ։ Ինքս եմ սովորել այն, ինչ գիտեմ, և ինքս էլ պետք է հասնեմ այնտեղ, ուր ցանկանում եմ, միայն ուզում եմ իմանալ, թե ինչի՞ց սկսեմ։

— Ամենից առաջ հարկավոր է, որ ուշադրություն դարձնեք ձեր լեզվի վրա։ Երբեմն արտահայտվում եք (նա ուզում էր ասել «սոսկալի», բայց զսպեց իրեն) ոչ այնքան ճիշտ։

Քրտինքը պատեց Մարտինի ճակատը։

— Գիտեմ, որ ես երբեմն այնպիսի բառեր եմ գործածում, որ դուք չեք հասկանում, բայց ես միայն դրանք կարող եմ ուղիղ արտասանել։ Գրքերից սովորած մի շարք բառեր կան գլխումս, բայց չգիտեմ, թե ինչպես են արտասանվում, այդ պատճառով էլ չեմ գործածում։

— Հարցը ոչ այնքան այն է, թե դուք ի՛նչ եք խոսում, այլ այն, թե ինչպե՛ս եք խոսում։ Կարելի՞ է ձեզ հետ անկեղծ լինել, դուք չե՞ք վիրավորվի։

— Ո՛չ, ո՛չ,— բացականչեց նա, մտովի օրհնելով աղջկա բարեսրտությունը։— Սեղմեցեք։ Ինձ համար ավելի լավ է այդ բոլորն իմանալ ձեզանից, քան թե մի ուրիշից։

— Ուրեմն, այսպես։ Դուք հաճախ սխալ եք կազմում նախադասությունները․ այնպիսի դարձվածքներ եք օգտագործում, որոնք գրական լեզվում ընդունված չեն։ Ձեր խոսելու ընթացքում ես շատ բառեր եմ նկատել, որոնցից դուք պետք է հրաժարվեք։ Բայց ավելի լավ կլինի, եթե սկսեք քերականությունից։ Ես հիմա դասագիրք կբերեմ ձեզ համար։

Երբ Ռութը վեր կացավ, Մարտինը հիշեց քաղաքավարության մի կանոն, որ նա կարդացել էր գրքում, և տղան անշնորհք կերպով ոտքի կանգնեց, բայց անմիջապես վախեցավ. չլինի՞ թե աղջիկը կարծի, որ նա ուզում է հրաժեշտ տալ։

Ռութը բերեց քերականության դասագիրքը և իր աթոռը մոտեցրեց նրա աթոռին. ընդսմին Մարտինը մտածեց, որ հավանաբար պետք էր օգնել աթոռը մոտեցնելու գործում։ Աղջիկը բացեց գիրքը, և նրանց գլուխները մոտեցան։ Մարտինը դժվարությամբ էր հետևում աղջկա բացատրություններին․ այնքա՜ն, որ հուզված էր Ռութի հրապուրիչ մոտիկությունից։ Բայց երբ աղջիկը սկսեց բացատրել նրան բայի խոնարհումների գաղտնիքները, մոռացավ ամեն ինչ։ Նա դեռ երբեք չէր լսել խոնարհումների մասին, և խոսքի խորհրդավոր գաղտնիքների մեջ այդ առաջին թափանցումը դյութեց նրան։ Նա ավելի ևս հակվեց գրքին, և հանկարծ աղջկա մազերը դիպան նրա այտերին։

Մարտին Իդենն իր կյանքում միայն մի անգամ էր ուշագնաց եղել․ այստեղ նա կարծեց, որ հիմա դա կկրկնվի։ Նրա շնչառությունը կանգ առավ, իսկ սիրտը այնքան ուժգին բաբախեց, որ կարծես այդ րոպեին դուրս պիտի թռչի։ Դեռ երբեք Ռութը այնքան մատչելի չէր թվացել իրեն։ Նրանց բաժանող անդունդի վրա մի պահ կամուրջ էր ձգված։ Բայց դրանից Մարտինի զգացմունքների վեհությունը չնվազեց։ Աղջիկը չցածրացավ մինչև նա, Մարտինն էր, որ բարձրացավ ամպերից վեր և մոտեցավ աղջկան։ Մարտինի սերը առաջվա պես լի էր կրոնական պատկառանքով։ Նրան թվաց, որ մտել է սրբության սրբոցը, և զգույշ հեռացրեց իր գլուխը, որպեսզի խուսափի այդ հպումից, որն ազդում էր նրա վրա, ինչպես էլեկտրական հոսանքը։ Սակայն Ռութը ոչինչ չնկատեց։