Վերջին թարմացում 19 Ապրիլի 2015, 12:02

Մարտին Իդեն, Գլուխ XXVI

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXV Մարտին Իդեն, Գլուխ XXVII ▶


Հետևյալ առավոտ Մարտին Իդենը չգնաց գործ փնտրելու։ Կեսօրից անց էր, երբ նա սթափվեց իր զառանցանքից և սենյակի չորս կողմը նայեց։ Ութամյա Մերին՝ Սիլվայի դուստրերից մեկը, օրապահություն էր անում նրա մոտ և, հենց որ նա աչքերը բացեց, ճղճղոցով վազեց մորը կանչելու։ Մարիան եկավ խոհանոցից, ուր կերակուր էր եփում։ Նա իր կոշտուկավոր ձեռքերով շոշափեց հիվանդի այրվող ճակատն ու բռնեց նրա զարկերակը։

— Ուտել ուզո՞ւմ եք։

Մարտինը բացասաբար շարժեց գլուխը։ Նա բոլորովին ցանկություն չուներ ուտելու և մինչև անգամ զարմացավ, որ մի ժամանակ քաղց էր զգում։

— Ես հիվանդ եմ, Մարիա՛,— ասաց նա թույլ ձայնով։— Ի՞նչ է եղել ինձ, գիտե՞ք։

— Հարբուխ,— պատասխանեց Մարիան,— երեք օր անցնի՝ լավ կլինի։ Ավելի լավ է առանց ուտել․ հետո ուտել վաղը։

Մարտինը հիվանդ պառկելու սովորություն չուներ և երբ Մարիան ու նրա դուստրը դուրս եկան, փորձեց հագնվել։ Նրա աչքերն այնպես էին ցավում, որ դժվարությամբ էր բաց պահում։ Կամքի ծայրահեղ լարումով նա իրեն ստիպեց վեր կենալ մահճակալից ու նստել սեղանի առաջ, բայց ուժերը դավաճանեցին. գլուխը վայր գցեց սեղանին և երկար ժամանակ չէր կարողանում վեր կենալ։ Կես ժամ անց դարձյալ մի կերպ հասավ անկողնին ու պառկեց անշարժ՝ փակելով աչքերը և փորձելով հասկանալ իր ցավերն ու հիվանդությունը։ Մարիան մի քանի անգամ մտավ նրա սենյակը և փոխեց ճակատի սառը թրջոցը։ Առհասարակ նա հանգիստ թողեց Մարտինին՝ իմաստությամբ վճռելով նրան չձանձրացնել շաղակրատությամբ։ Շնորհակալությամբ համակված Մարտրնը մրմնջաց.

— Մարիա՛, դուք կունենաք ֆերմա, լավ ագարակ և շատ դրամ։

Հետո նա հիշեց երեկվա օրը։ Թվում էր, թե մի ամբողջ դար է անցել այն ժամանակից, երբ ինքը նամակ ստացավ «Անդրցամաքային ամսաթերթից», այն ժամանակից, երբ հասկացավ իր մոլորությունը և վճռեց վերջ դնել այդ գործին և շուռ տվեց իր կյանքի գրքի էջը։ Իր հիվանդության համար ինքն է մեղավոր, որովհետև նա չափազանց հյուծեց իրեն քաղցով և զրկանքներով։ Նա ուժ չունեցավ կռվելու իր օրգանիզմը թափանցած մանրէի դեմ։ Եվ ահա պառկած է ու չի կարողանում վեր կենալ։

— Արժե՞ գրել մինչև անգամ մի ամբողջ գրադարան, երբ դրա համար պետք է կորցնել կյանքը,— հարցնում էր նա ինքն իրեն։— Չէ, դա ինձ համար չէ․ գրողի ծոցը գրականությունը։ Իմ ճակատագիրը գրասենյակային մատյաններ պահելն է, ստանալ ամեն ամիս ռոճիկ և Ռութի հետ ապրել մի տնակում։

Երկու օր հետո Մարտինը կերավ մի ձու և երկու փքոր պատառ հաց ու խմեց մի բաժակ թեյ։ Նա խնդրեց այդ ժամանակամիջոցում ստացված փոստը, բայց աչքերը դեռ չափազանց տկար էին, և նա դժվարանում էր կարդալ։

— Կարդացեք նամակները, Մարիա՛,— ասաց նա։— Մեծ ու հաստ ծրարները մի բացեք․ շպրտեցեք սեղանի տակ. կարդացեք փոքրիկ նամակները։

— Չգիտեմ կարդալ,— պատասխանեց նա,— Թերեզան կարող. նա դպրոց է գնում։

Թերեզա Սիլվան՝ ինը տարեկան մի աղջիկ, բացեց ծրարները և սկսեց կարդալ։ Մարտինը մտացրիվ լսում էր համառ պահանջներ գրամեքենայի վարձը վճարելու մասին, նրա միտքն այն ժամանակ զբաղված էր գործ փնտրելու հարցով։ Հանկարծ նրա ականջին հասան հետևյալ բառերը.

— «Առաջարկում ենք ձեզ քառասուն դոլլար ձեր պատմվածքը տպագրելու բացարձակ իրավունքի համար,— կարդում էր Թերեզան վանկ առ վանկ,— եթե դուք թույլ տաք մեզ անել հետևյալ կրճատումներն ու փոփոխությունները․․․»։

— Որտեղի՞ց է դա, ո՞ր ամսաթերթից,— գոչեց Մարտինը։– Դե՛ս տուր նամակը։

Նա միանգամից մոռացավ աչքի ցավը և սկսեց ագահաբար կարդալ։ «Սպիտակ Մուկն» էր առաջարկում նրան քառասուն դոլլար իր «Ջրապտույտի» վաղուցվա «սոսկալի» պատմվածքներից մեկի համար։ Մարտինը մի քանի անգամ աչքի անցկացրեց նամակը։ Խմբագիրը ուղղակի և բացահայտ ասում էր նրան, որ հեղինակը պատմվածքի հիմնական գաղափարը ոչ բոլորովին պարզ կերպով է հայտնաբերել, բայց գաղափարն այնքան ինքնատիպ է, որ նրանք վճռեցին տպել պատմվածքը։ Եթե նա թույլ տա կրճատել պատմվածքի մի երրորդը, նա անմիջապես կստանա քառասուն դոլլարի չեք։

Մարտինը վերցրեց գրիչն ու խմբագրին պատասխանեց, որ թույլ է տալիս կրճատել պատմվածքի թեկուզ երեք քառորդը, միայն թե չեքը հնարավոր եղածին չափ շուտ ուղարկեն։

Թերեզան վազեց նամակը գցելու փոստարկղը, իսկ Մարտինը հենվեց բարձին և խորասուզվեց մտածմունքների մեջ։ Ուրեմն, դա այնուամենայնիվ սուտ չէ։ «Սպիտակ Մուկը» պատրաստ է վճարելու գրվածքը ընդունելիս։ «Ջրապտույտ» պատմվածքը բաղկացած է երեք հազար բառից, եթե մի երրորդը դեն գցենք, կմնա երկու հազար։ Դուրս է դալիս ամեն մի բառին՝ երկու սենթ։ Գրվածքն ընդունելիս վճարվում է՝ բառին երկու սենթ, ուրեմն թերթերը ճիշտ էին ասում։ Իսկ ինքը համարում էր «Սպիտակ Մուկը» փոքրիկ, երրորդական մի ժուռնալ։ Երևում է, որ նա հանդեսների մասին ոչ մի գաղափար չունի։ Նա առաջնակարգ էր համարում «Անդրցամաքային ամսաթերթը», իսկ այնտեղ մի սենթ են վճարում տասը բառի համար։ Նա արհամարահնքով էր վերաբերվում «Սպիտակ Մուկ»֊ին, իսկ այնտեղ վճարում են քսան անգամ ավելի, այն էլ առանց սպասելու, որ գրվածքը տպվի։

Պարզ էր մի բան, երբ նա լավանա, կարիք չկա գործ գտնելու համար դեսուդեն վազելու։ Նրա գլխում «Ջրապտույտից» ոչ վատ հարյուրից ավելի պատմվածք կա և եթե ամեն մեկը հաշվենք քառասունական դոլլար, դրանցով կարող է վաստակել շատ ավելի, քան որևէ ծառայության մեջ։ Նա շահեց ճակատամարտը հենց այն պահին, երբ թվում էր, թե կորցրել է ամեն ինչ։ Նրա ընտրած ասպարեզն արդարացրեց իրեն, նրա առաջ հիմա արդեն ճամփան բաց է։ Հաղթահարելով «Սպիտակ Մուկ» հանդեսը՝ նա աստիճանաբար կսկսի իրեն հովանավորողների ցուցակում ներդնել նաև ուրիշ հանդեսների և ամսաթերթերի անունները։ Եկամտավոր մանր գրվածքներից կարելի է հրաժարվել, միևնույն է, դրանք մի դոլլար իսկ չեն բերի նրան։ Նա կզբաղվի աշխատանքով, իսկական աշխատանքով, կներդնի դրա մեջ իրոք արժեքավոր ամեն բան՝ ինչ ունի ինքը։ Մարտինը ցանկացավ, որ Ռութն այստեղ լիներ և մասնակցեր իր ուրախությանը։ Հանկարծ անկողնի վրա ցրիվ տված նամակների միջև նա գտավ Ռութի նամակը։ Ռութը քնքշաբար հանդիմանում էր նրան, որ հանկարծ անհետացավ և ահա քանի օր է չի այցելում իրեն։ Մարտինը հիացումով քանիցս կարդաց այդ նամակը և, հետազննելով ձեռագիրը և սքանչանալով ամեն մի տառով, գգվանքով համբուրում էր նրա ստորագրությունը։

Մարտինն անկեղծորեն գրեց նրան, որ իր միակ լավ կոստյումը գրավ է գրել և այդ պատճառով չկարողացավ գալ։ Նա հաղորդեց իր հիվանդության մասին, որը սակայն արդեն համարյա անցել է, և ավելացրեց, որ երկու շաբաթից (այդքան ժամանակում նա չեքը Նյու֊Յորքից կստանա) դուրս կգրի իր կոստյումը և նույն օրն իսկ կայցելի նրան։

Սակայն Ռութը երկու շաբաթ չուզեց սպասել․ չէ՞ որ իր սիրեցյալը հիվանդ է։ Հետևյալ օրն իսկ նա եկավ կառքով, Արթուրի ընկերակցությամբ, մեծ ուրախություն պատճառելով Սիլվայի երեխաներին, զարմացնելով բոլոր դրացիներին և միանգամայն սարսափեցնելով Մարիային։ Մարիան այդ անսովոր այցելուներին շրջապատած երեխաների ականջները քաշեց և, անողորմաբար աղճատելով անգլերեն լեզուն, սկսեց ներողություն խնդրել իր թափթփած արտաքինի համար։ Նրա ձեռքին չորացավ օճառի փրփուրը, թաց ճիլոպը, որ նա հագել էր իբրև գոգնոց, պարզ հասկացնում էր հյուրերին, թե նա ինչ աշխատանքով էր զբաղված, երբ իրենք եկան։ Շքեղ հագած երիտասարդների կառքով այցելությունը իր կենվորին՝ այնպես ցնցեց Մարիային, որ մինչև անգամ մոռացավ հրավիրել նրանց հյուրասենյակ։ Մարտինի սենյակը հասնելու համար նրանք ստիպված եղան անցնել մեծ լվացքի կապակցությամբ տաքացած և շոգիով լցված խոհանոցով։ Մարիան հուզմունքից չկարողացավ ծածկել դուռը, և հիվանդի սենյակը ներխուժեցին շոգու ամպեր, օճառաջրի և կեղտոտ սպիտակեղենի հոտը։

Ռութը ճարպկորեն թեքվեց դեպի աջ, հետո դեպի ձախ, հետո նորից դեպի աջ և անցավ Մարտինի սեղանի և նրա մահճակալի արանքով։ Իսկ Արթուրը բավականաչափ զգուշություն չհայտնաբերեց և թրխկոցով դիպավ խոհանոցի անկյունում դրված կաթսաներին ու թավաներին։ Բայց Արթուրը երկար չմնաց սենյակում։ Միակ աթոռին նստեց Ռութը, իսկ նրա եղբայրը՝ իր պարտականությունները կատարած համարելով, դուրս եկավ սանդուղքի գլուխը, ուր նրան անմիջապես շրջապատեց Սիլվայի բազմանդամ սերունդը, որ չափազանց հետաքրքրվում էր նրա անձնավորությամբ։ Կառքի շուրջը խռնվեցին ամբողջ թաղից եկած երեխաները՝ սպասելով ինչ-որ սարսափելի, դրամատիկ լուծումի։ Այս կողմերում կառքեր երևում էին միայն հարսանիքների կամ հուղարկավորությունների օրերին․ բայց այդ օրը ոչ ոք չէր ամուսնանում և որևէ մեկն էլ չէր մեռել․ հետևաբար, պետք է պատահեր ինչ֊որ խորհրդավոր, աղքատիկ տնակների բնակիչների երևակայության համար անմատչելի բան, որ արժեր տեսնել։

Բոլոր այդ օրերը Մարտինը հալումաշ էր լինում Ռութին տեսնելու ցանկությունից։ Ունենալով ջերմորեն սիրող սիրտ՝ նա, ավելի քան որևէ մեկը, կարիք ուներ համակրության, և ոչ միայն պարզ համակրության, այլ խորը սիրո՝ հիմնված նրբին հասկացողության վրա, բայց նա արդեն համոզվեց, որ Ռութի համակրությունը հիմնված է ոչ թե նրա՝ Մարտին Իդենի ձգտումների հասկացողության վրա, այլ պարզապես բնական, որոշ չափով սենտիմենտալ քնքշության վրա։ Երբ Մարտինը խոսում էր նրա հետ, նրա ձեռքը բռնած, Ռութը, սիրատոչոր ու գուրգուրանքով սեղմում էր նրա ձեռքը, արտասվակալած աչքերով նայում էր նրա նիհարած դեմքին և մտածում, թե նա ինչքա՜ն դժբախտ և անօգնական է։

Բայց երբ Մարտինը պատմեց Ռութին, թե ինչ հուսահատության մեջ ընկավ՝ ստանալով «Անդրցամաքային ամսաթերթի» նամակը, և ինչպես ուրախացավ «Սպիտակ Մուկ» հանդեսի առաջարկին, Ռութն անտարբեր մնաց։ Նա լսում էր Մարտինի արտասանած բառերը, հասկանում էր դրանց իմաստը, բայց չէր բաժանում ո՛չ նրա ուրախությունը, ո՛չ էլ նրա հուսահատությունը։ Ռութի համար այդ ամենը միայն մի իմաստ ուներ։ Նրան շատ քիչ էին հետաքրքրում պատմվածքները, հանդեսներն ու խմբագիրները. նա մտածում էր միայն մի բանի մասին՝ ե՞րբ հնարավոր կլինի ամուսնանալ Մարտինի հետ։ Ճիշտ է, նա ինքը չէր հասկանում այդ, չէր հասկանում նաև այն, որ Մարտինին «գործի տեղավորվել» ստիպելու նրա ցանկությունն առաջ էր գալիս մայրական ենթագիտակցական բնազդից։ Իհարկե, եթե Ռութին ուղղակի ասեին այդ․ նա առաջին հերթին կշփոթվեր, հետո կզայրանար և կժխտեր՝ հավատացնելով, որ ինքը ղեկավարվում է միայն իր սիրած մարդու հոգածությամբ։ Բայց, այսպես թե այնպես, մինչ Մարտինը, իր ընտրած ճամփի առաջին հաջողությունից հուզված, Ռութի առաջ զեղում էր իր հոգին, աղջիկը, ուշադրություն չդարձնելով նրա առանձին բառերին՝ առանց ըմբռնելու դրանք, նայում էր սենյակի չորս կողմը՝ ապշելով իր տեսածի վրա։

Ռութն առաջին անգամ էր երես առ երես հանդիպում չքավորության հետ։ Նրան միշտ էլ թվում էր, թե սերն ու քաղցրի շատ ռոմանտիկ զուգակցություն են, սակայն նա բոլորովին չէր պատկերացնում, թե սոված սիրողներն ինչպես են ապրում։ Ռութը, համենայն դեպս, այսպիսի բան չէր սպասում։ Խոհանոցից այստեղ թափանցող կեղտոտ սպիտակեղենի հոտը նրա սիրտն էր խառնում, երևի Մարտինն ամբողջովին ներծծված էր այդ հոտով, եզրակացրեց Ռութը, եթե այդ սոսկալի կինը հաճախ է լվացք անում։ Չքավորությունը վարակիչ է։ Ռութին սկսեց թվալ, որ շրջապատի իրադրության կեղտը կպած կլինի Մարտինին։ Նրա չածիլված երեսը (Ռութը առաջին անգամ էր տեսնում Մարտինին չածիլված) զզվանք էր առաջացնում աղջկա մեջ։ Նրա մազոտ կզակն ու երեսը թվում էին նույնպես մռայլ և կեղտոտ, ինչպես Սիլվայի ամբողջ բնակարանը՝ ներսից ու դրսից, և նրանում ավելի էր սաստկանում անասնական ուժի այն արտահայտությունը, որն ատելի էր Ռութին։ Հակառակի պես Մարտինի երկու պատմվածքներն ընդունել են տպագրության, որի մասին նա հպարտորեն պատմում էր։ Հիմա նա ավելի ևս կհամառի իր խելահեղ ծրագրերում։ Մի քիչ էլ որ անցներ, նա անձնատուր կլիներ և կմտներ ծառայության։ Իսկ հիմա շատ եռանդով կձեռնարկի գրելու գործին, շարունակելով սոված մնալ և ապրել այդ սոսկալի տանը։

― Այս ի՞նչ հոտ է,— հանկարծ հարցրեց Ռութը։

— Հավանաբար՝ սպիտակեղենի։ Մարիան լվացք է անում,— պատասխանեց նա.— ես արդեն սովոր եմ այդ հոտին։

— Ո՛չ, ո՛չ, ինչ-որ գարշելի և ծանր հոտի՞։

Նախքան պատասխանելը՝ Մարտինը հոտոտեց օդը։

— Ես ոչինչ չեմ զգում՝ բացի ծխախոտի հոտից,— հայտարարեց նա։

— Ճիշտ է․ ի՜նչ զզվելի է․ ինչո՞ւ դուք այդքան շատ եք ծխում, Մարտի՛ն։

— Ինքս էլ չգիտեմ․ հավանաբար մենակությունից ձանձրանում եմ, դրա համար էլ շատ եմ ծխում։ Առհասարակ դա հին սովորություն է, դեռ երեխա հասակից եմ սկսել ծխել։

— Դա լավ սովորություն չէ,— ասաց Ռութը։— Այստեղ պարզապես անկարելի է շնչել։

— Այստեղ արդեն ծխախոտն է մեղավոր․ ես ծխում եմ ամենաէժանը։ Սպասեցեք, կստանամ քառասուն դոլլարի չեքը, այն ժամանակ կգնեմ այնպիսի ծխախոտ, որ կարելի է ծխել մինչև անգամ հրեշտակների մոտ։ Բայց այնքան էլ վատ չէ, հը՞, երեք օրում ընդունվել են իմ երկու գրվածքները։ Այդ քառասունհինգ դոլլարով ես կվճարեմ գրեթե իմ բոլոր պարտքերը։

— Դա երկու տարվա աշխատանքի փոխարե՞ն,— հարցրեց Ռութը։

― Ո՛չ, մի շաբաթից էլ պակաս ժամանակում։ Խնդրեմ, տվեք ինձ այդ գրքույկը, ա՛յ այն, որ դրած է սեղանի անկյունում, գորշ կազմով։

Մարտինը բացեց գրքույկը և արագ թերթեց։

— Այո, միանգամայն ճիշտ է։ Չորս օրում գրել եմ «Զանգերի ղողանջը», իսկ երկու օրում «Ջրապտույտը»։ Քառասունհինգ դոլլար մի շաբաթվա աշխատանքի համար։ Ամիսը հարյուր ութսուն դոլլար․․․ որտե՞ղ կարող էի ստանալ այդպիսի ռոճիկ։ Ընդ որում, դա միայն սկիզբն է։ Ինձ հազար դոլլարն էլ քիչ է ձեր կյանքը բարվոքելու համար, ինչպես հարկավոր է։ Հինգ հարյուր դոլլար ռոճիկն ինձ չի բավարարի։ Բայց, իբրև սկիզբ, քառասունհինգ դոլլարն էլ լավ է։ Թույլ տվեք րնձ դուրս գալ այդ ճամփան։ Այն ժամանակ կտեսնեք, թե ինչպես կծխան մեր բոլոր ծխնելույզները։

Ռութը չհասկացավ նրա նավաստիական այդ ժարգոնը․ նրա այդ արտահայտությունը Ռութին հիշեցրեց նախկին թեման։

— Դուք հիմա էլ չափազանց շատ եք ծուխ հանում,— ասաց Ռութը։— Բանը ծխախոտի որակի մեջ չէ, ինքնըստինքյան ծխելը վատ սովորություն է՝ անկախ նրանից, թե ինչ եք ծխում։ Դուք իսկական շրջիկ ծխան եք, և կամ գործող հրաբուխ․ դա սոսկալի է։ Սիրելի Մարտին, դուք գիտեք, որ դա սոսկալի է։

Ռութը կռացավ դեպի նա, և Մարտինը, նայելով նրա մաքուր ծավի աչքերին ու քնքուշ դեմքին, նորից զգաց, որ արժանի չէ նրան։

— Ես ուզում եմ, որ դուք թողնեք ծխելը,— շշնջաց նա,— արեք այդ իմ սիրույն։

— Լա՛վ,— գոչեց նա,— ես կթողնեմ ծխելը։ Ես ձեզ համար կանեմ ամեն բան, որ դուք ցանկանում եք, սիրելիս, անուշի՜կս։

Հանկարծ Ռութին տիրեց մի գայթակղություն։ Տեսնելով, թե ինչպես հեշտ ու հնազանդ զիջումներ է անում Մարտինը, նա մտածեց՝ եթե հիմա պահանջի, որ Մարտինը թողնի գրելը, նա չի մերժի։ Բայց բառերը սառած մնացին Ռութի շրթունքներին։ Նա չկարողացավ արտասանել դրանք, չհամարձակվեց։ Դրա փոխարեն Ռութն ավելի ցած կռացավ և իր գլուխը դնելով նրա կրծքին՝ շշնջաց․

— Մարտի՜ն, սիրելի՜ս, դա ինձ համար չեմ ասում, այլ ձեր օգտին։ Անկասկած, ձեզ համար վնասակար է ծխելը, հետո՝ լավ բան չի ստրուկ լինել, մինչև անգամ սովորության ստրուկ։

— Ես կլինեմ ձեր ստրուկը,— ժպտաց նա։

— Լավ, այդ դեպքում ես կսկսեմ արձակել իմ հրամանները։

Ռութը նենգությամբ նայեց նրան՝ հոգու խորքում ափսոսալով, որ չարտահայտեց իր գլխավոր ցանկությունը։

— Պատրաստ եմ հնազանդվելու ձերդ մեծության։

— Լա՛վ։ Ահա ձեզ իմ առաջին պատվերը, մի մոռանաք ածիլվել ամեն օր։ Նայեցեք՝ ինչպես ճանկռոտեցիք իմ այտերը։

Այսպիսով, ամեն ինչ վերջացավ փաղաքշանքով և ուրախ ծիծաղով։ Այնուամենայնիվ, նա մի բան ձեռք բերեց, իսկ միանգամից չի կարելի սպասել ավելի շատ բան։ Ռութը զուտ կանացիորեն հպարտանում էր, որ ստիպեց Մարտինին հրաժարվել ծխելուց։ Հետևյալ անգամ կհամոզի նրան ծառայության մտնել, չէ՞ որ խոստացել է կատարել նրա բոլոր ցանկությունները։

Ռութը վեր կացավ և զբաղվեց սենյակը դիտելով։ Նա ուշադրություն դարձրել լվացքի պարանների վրա փռած ծանոթագրություններին, ծանոթացավ այն խորհրդավոր հարմարանքի հետ, որի վրա կախված էր հեծանիվը, տխրությամբ տեսավ սեղանի տակ թափված գրվածքների կույտը. ինչքա՜ն ժամանակ վատնված է իզուր։ Նավթավառը հիացրեց Ռութին, բայց հետո պարզվեզ, որ մթերքների դարակները դատարկ են։

— Դուք այստեղ ոչ մի ուտելիք չունե՞ք։ Ա՛հ, խեղճ մարդ,— բացականչեց նա կարեկցաբար,— դուք, անկասկած քաղցած եք։

— Ես իմ մթերքը պահում եմ Մարիայի մոտ,— ստեց Մարտինը,— այնտեղ ավելի հարմար է։ Մի՛ վախենաք, ես սոված չեմ, նայեցեք։

Ռութը մոտեցավ նրան և տեսավ, թե ինչպես Մարտինը արմունկը ծալեց, և շապիկի տակ ուռեցին երկաթի պես պինդ մկանները։ Այդ տեսարանը նրանում զզվանք առաջացրեց․ Ռութի զգայնությունը վիրավորվեց դրանով, սակայն սիրտը, արյունը, նրա էության ամեն մի նյարդը ձգտում էին այդ հզոր մկաններին, և հպատակվելով ծանոթ, անհասկանալի ուժին, փոխանակ Մարտինից ետ քաշվելու, փարվեց նրան։ Եվ երբ Մարտինը նրան սեղմից իր գրկում, Ռութի բանականությունը, որը գիտեր կյանքի միայն արտաքին արտահայտությունները, զայրանում և վրդովվում էր, իսկ սիրտը, կանացի սիրտը, որը գիտեր կյանքը, հաղթականորեն բերկրում էր։ Այդպիսի պահերին Ռութը սկսում էր զգալ Մարտինի հանդեպ իր սիրո ամբողջ ուժը, որովհետև Մարտինի հզոր կրքոտ գրկախառնումները նրան տալիս էին անասելի վայելք։ Այդպիսի պահերին նրան ներելի էր թվում ամեն ինչ՝ իր սովորական իդեալներին դավաճանելը, բոլոր հիմնական սկզբունքների խախտումը, մինչև անգամ լռելյայն անհնազանդությունն իր հորն ու մորը։ Նրանք չէին ուզում, որ Ռութն ամուսնանա այդ մարդու հետ. նրա սերը դեպի Մարտինը ինչ-որ ամոթալի բան էր թվում նրանց։ Այդ սերը երբեմն ամոթալի էր թվում նաև իրեն՝ Ռութին, երբ նա Մարտինից հեռու էր, և նորից դառնում էր սառը և լրջմիտ Ռութը, բայց երբ Մարտինը նրա կողքին էր, Ռութը սիրում էր նրան, ճիշտ է, որ երբեմն այդ սերը լի էր դառնություններով, բայց և այնպես դա սեր էր՝ տիրական ու անհաղթելի։

— Այս հարբուխը դատարկ բան է,— ասում էր Մարտինը,— ճիշտ է, որ մի քիչ գլուխս ցավում է և դողացնում եմ, բայց արևադարձային տենդի համեմատությամբ դա չնչին բան է։

— Իսկ դուք հիվանդացե՞լ եք արևադարձային տենդով,— հարցրեց Ռութը մտացրիվ, ջանալով երկարաձգել ինքնամոռացության երջանկավետ զգացումը, որը նա ապրում էր Մարտինի գրկում։ Ռութը համարյա չէր լսում, թե ինչ էր պատասխանում նա, բայց հանկարծ մի նախադասություն գրավեց նրա ուշադրությունը։ Մարտինը հիվանդացել է արևադարձային տենդով բորոտների գաղտնի գաղութում, Հավայան կղզիներից մեկում։

— Ինչպե՞ս ընկաք այնտեղ,— հարցրեց Ռութը։

Մարտինի այդպիսի արքայական անտարբերությունը դեպի իր անձը Ռութին թվում էր ոճրապարտ մի բան։

— Պատահաբար,— պատասխանեց Մարտինը,— ոչ մի բորոտ իմ մտքովն էլ չէր անցնում։ Մի անգամ ես դասալիք եղա երկկայմանավից, լողալով հասա մինչև ծովափը և գնացի կղզու խորքերը, որպեսզի ինձ համար ապահով ապաստարան գտնեմ։ Երեք օր սնվեցի գուավայի պտուղներով, վայրի խնձորներով և բանաններով, առհասարակ ամեն ինչով, որ բուսնում է ջունգլիում։ Չորրորդ օրը դուրս եկա մի կածան, որը տանում էր դեպի լեռը, և այդտեղ ես նկատեցի մարդկային թարմ հետքեր։ Մի տեղում կածանն անցնում էր լեռան գագաթով՝ այնպես սուր, ինչպես դանակի բերանը։ Այնտեղ լայնքը երեք ոտնաչափից ավելի չէր, իսկ երկու կողմից իրենց խորքերը բացել էին մի քանի հարյուր ոտնաչափ խորությամբ անդունդները։ Այստեղ մի լավ զինված մարդ կարող էր ետ մղել հարյուր հազարանոց բանակի հարձակումը։ Դա միակ ճամփան էր, որը տանում էր կղզու խորքը։ Երեք Ժամ հետո հասա մի փոքր հովիտ՝ սառած լավայի կուտակումների միջև։ Այնտեղ աճում էին պտղատու ծառեր և կային եղեգից շինած յոթ կամ ութ հյուղակներ։ Հենց որ տեսա նրա բնակիչներին. հասկացա, թե ուր եմ ընկել։ Բավական էր մի հայացք գցել նրանց վրա․․․

― Այդ դեպքում դուք ի՞նչ արեցիք,— հարցրեց Ռութը՝ լսելով, որպես Դեզդեմոնա, վախեցած, բայց կախարդված։

— Ի՞նչ կարող էին անել։ Նրանց ավագը մի բարեհոգի ծերուկ էր, որն իշխում էր իբր լիազոր արքա։ Նա էր գտել այդ հովիտը և հիմնել այնտեղ գաղութ, մի բան որ, հասկանալի է անօրինական էր, բայց նրանք ունեին հրացաններ և մարտական արկեր, իսկ բոլոր կանակաները շատ ճարպիկ նշանաձիգներ են․ նրանք սովոր են որսալ վարազներ և վայրի կատուներ, այնպես որ փախչելու մասին չէր էլ կարելի մտածել։ Մարտին Իդենը հարկադրվեց մնալ ու ապրել այնտեղ երեք ամիս։

— Բայց ինչպե՞ս հաջողվեց ձեզ փրկվել։

— Ես հիմա էլ այնտեղ նստած կլինեի, եթե չլիներ մի աղջիկ՝ ազգությամբ կես չինացի, քառորդ սպիտակ և քառորդ հավայացի։ Նա, խեղճը, շատ սիրուն էր, մինչև, անգամ, զարգացած։ Հոնոլուլուում նրա մայրը առնվազն մի միլիոնի կարողություն ուներ։ Ահա այդ աղջիկը վերջ ի վերջո ազատեց ինձ։ Հասկանո՞ւմ եք, նրա մայրը դրամ էր տալիս գաղութի ապրուստը հոգալու համար, այդ պատճառով էլ աղջիկը չէր վախենում, որ իրեն կպատժեն։ Բայց նա ինձանից երդում վերցրեց, որ ապաստարանի տեղը ոչ ոքի չեմ հայտնի․ և ես այդ երդումը պահեցի։ Հիմա առաջին անգամ է, որ խոսում եմ այդ մասին։ Եվ խեղճ աղջկա մոտ այն ժամանակ նոր էին սկսել բորոտության առաջին նշանները։ Նրա աջ ձեռքի մատները կուչ էին եկել և արմունկից վերև կար մի փոքր բիծ. ուրիշ ոչինչ։ Հիմա նա, հավանաբար, արդեն մեռած կլինի։

— Բայց դուք ինչպե՞ս չէիք վախենում, և ինչ բախտավորություն, որ ձեզ հաջողվել է չվարակվել այդ սոսկալի հիվանդությամբ։

— Սկզբում ես բավական վախենում էի,— խոստովանեց Մարտինը,— բայց հետո վարժվեցի։ Բացի այդ, ես շատ էի խղճում այդ դժբախտ աղջկան, այնպես որ մոռացա իմ վախը։ Նա այնքան լավն էր հոգով ու մարմնով, իսկ հիվանդությունը դեռ նոր էր կպել նրան։ Եվ նա գիտեր, որ դատապարտված է այլևս չտեսնելու մարդկանց, նախնադարյան վայրենու կյանք վարելու և ողջ֊ողջ աստիճանաբար քայքայվելու։ Դուք չեք էլ կարող երևակայել, թե բորոտությունն ինչքան սարսափելի բան է։

— Խե՜ղճ աղջիկ,— շշնջաց Ռութը։— Այնուամենայնիվ տարօրինակ է, որ նա ձեզ այնպես բաց է թողել։

— Ինչո՞ւ տարօրինակ է,— հարցրեց Մարտինը՝ չհասկանալով Ռութի ակնարկությունը։

— Նրա համար, որ այդ աղջիկը, անկասկած, սիրում էր ձեզ,— շարունակեց Ռութը նույնպես մեղմ։— Անկեղծ ասացեք, նա սիրո՞ւմ էր ձեզ։

Արևկիզուկը վաղուց էր անցել Մարտինի երեսից՝ շնորհիվ մշտական աշխատանքի և միայնակեցության, իսկ վերջերս շատ էր գունատվել քաղցից ու հիվանդությունից, հիմա այդ գունատության միջից սկսեց կամաց-կամաց կարմրություն երևալ։ Նա բացեց բերանը, որ խոսի, բայց Ռութը կանգնեցրեց նրան.

— Օ՜, մի՛ պատասխանեք, խնդրեմ, դա անհրաժեշտ չէ,— բացականչեց նա ծիծաղելով։

Սակայն Մարտինին թվաց, որ նրա ծիծաղում հնչեցին ինչ-որ մետաղային շեշտեր, իսկ աչքերը սառը ցոլքով փայլատակեցին։ Մարտինը հիշեց այն փոթորիկը, որի մեջ մի անգամ ընկել էր ինքը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում։ Մի ակնթարթ նրա աչքին երևացին՝ մրրիկը պարզկա գիշերով և լիալուսնի սառը լույսի տակ լեռնացող կոհակները։ Դրանից անմիջապես հետո նա տեսավ բորոտների գաղութի աղջկան և հիշեց, որ նա հնարավորություն տվեց իրեն փախչելու միայն նրա համար, որ սիրում էր իրեն։

— Նա ազնվասիրտ էր,— ասաց Մարտինը պարզապես,— նա փրկեց իմ կյանքը։

Թվում էր, թե դրանով միջադեպը փակվել էր, բայց Մարտինը հանկարծ լսեց զսպված հեկեկանք և տեսավ, որ Ռութը, կռնակը դարձրած նրան, նայում է պատուհանին։ Հաջորդ պահին Ռութը դարձյալ նայեց Մարտինի աչքերին, և նրա դեմքին փոթորկի հետքն անգամ չկար։

— Ես այնքան հիմարն եմ,— սրտաճմլիկ ասաց Ռութը,— բայց չեմ կարող հաղթահարել այդ, ես շատ եմ սիրում ձեզ, Մարտին, շատ եմ սիրում։ Թերևս աստիճանաբար վարժվեմ, բայց հիմա ես շատ եմ խանդում ձեր անցյալի բոլոր ուրվականներին, իսկ ձեր անցյալը լի է ուրվականներով։ Այո՛, այո՛, այլ կերպ չի էլ կարող լինել,— արագ շարունակեց նա՝ չթողնելով, որ Մարտինն առարկի։— Իսկ խեղճ Աոթուրն ինձ նշաններ է անում։ Նա ձանձրացավ սպասելով։ Մնաք բարով, սիրելիս։ Դեղավաճառի մոտ կա մի տեսակ փոշի, որը օգնում է ետ վարժվելու ծխելուց,— ասաց Ռութն արդեն դռնից,— ես կուղարկեմ ձեզ։

Ռութն իր հետևից փակեց դուռը, հետո նա նորից կիսով չափ բանալով․

— Սիրո՜ւմ եմ, սիրո՜ւմ եմ,– շշնջաց նա և միայն դրանից հետո հեռացավ։

Մարիան հարգանքով ուղեկցեց Ռութին մինչև կառքը՝ աշխատելով ճամփին հետազննել նրա զգեստի բոլոր մանրամասնությունները։ Մարիան երբեք չէր տեսել այդպիսի տարազ, որը նրան անսովոր գեղեցիկ թվաց։ Հիասթափված երեխաների բազմությունը նայում էր կառքի հետևից՝ մինչև որ սա անհետացավ շրջադարձում։ Հետևյալ պահին բոլորի ուշադրության առարկան դարձավ Մարիան, որը միանգամից դարձավ թաղի ամենակարևոր անձնավորությունը։ Բայց նրա սեփական երեխաներից մեկը փչացրեց ամբողջ գործը՝ հայտարարելով, թե այդ նշանավոր հյուրերը բոլորովին էլ Մարիայի մոտ չէին եկել, այլ նրա կենվորի մոտ։ Դրանից հետո Մարիան առաջվա պես նորից ոչնչություն դարձավ, իսկ Մարտինը սկսեց նկատել բոլոր դրացիների կողմից չափազանցված հարգանք իր անձի հանդեպ։ Մարիայի աչքին նա հարյուր տոկոսով բարձրացավ, և եթե խանութպանը նույնպես տեսած լիներ հիանալի կառքը, անկասկած, Մարտինին էլի երեք դոլլար ութսունհինգ սենթի վարկ կբանար։