— Մեր կյանքում անհրաժեշտ են ավելի շատ իսկական գաղտնիքներ, Հեմ,— մի անգամ ասաց նա ինձ,— սնապարծությունից միանգամայն զերծ գրող եւ իրոք լավ, չհրապարակված բանաստեղծություններ՝ ահա թե մենք այժմ ամենից շատ ինչի կարիք ենք զգում։ Ճիշտ է, կա նաեւ մի այնպիսի պրոբլեմ, ինչպիսին է հոգսը առ հացն հանապազօրյա։
==Սկոտ Ֆիցջերալդ==
:::Նրա տաղանդը այնքան բնական էր, ինչպես փոշուց գոյացող նախշը թիթեռնիկի թեւերին։ Մի ժամանակ նա այդ հասկանում էր ոչ ավելի, քան թիթեռնիկը, եւ չնկատեց, թե ինչպես նախշը մաշվեց ու խունացավ։ Ավելի ուշ նա հասկացավ, որ իր թեւերը վնասվել են եւ հասկացավ, թե դրանք ինչպես են կառուցված, սովորեց մտածել, բայց թռչել այլեւս չէր կարող, որովհետեւ չքացել էր թռչելու սերը, իսկ հիշողության մեջ միայն մնացել էր այն, թե դա որքա՜ն հեշտ էր մի ժամանակ…
Երբ ես ծանոթացա Սկոտ Ֆիցջերալդի հետ, շատ տարօրինակ մի բան տեսա։ Նրան բազմաթիվ տարօրինակություններ էին պատահում, բայց հիշողությանս մեջ մխրճվել է հենց այդ դեպքը։ Սկոտը մտավ Դելամբր փողոցի վրա գտնվող «Դինգո» բարը, որտեղ ես նստած էի ինչ֊որ սակավ արժանապատիվ անձնաց հետ, ներկայացավ ինքը եւ մեզ ներկայացրեց իր ուղեկցին՝ բարձրահասակ, համակրելի մի մարդու, որ նշանավոր բեյսբոլիստ Դանկ Չապլինն էր։ Ես պրինստոնյան բեյսբոլին չէի հետեւում եւ երբեք լսած չէի Դանկ Չապլինի մասին, բայց նա իրեն պահում էր շատ լավ, հանգիստ ու սիրալիր եւ ինձ ավելի դուր եկավ, քան Սկոտը։
Այն տարիներին Սկոտը թողնում էր պատանու տպավորություն՝ ավելի շուտ սիրունիկ, քան գեղեցիկ։ Շատ բաց գույնի ալիքաձեւ մազեր, բարձր ճակատ, վառվռուն, բայց բարի աչքեր եւ իռլանդացու երկար շուրթերով նուրբ բերան, գեղեցկուհու բերան, եթե կանացի լիներ։ Նա հղկված ծնոտ ուներ, գեղեցիկ ականջներ եւ գրեթե անբասիր, ուղիղ քիթ։ Այդպիսի քթով դեմքը հազիվ թե հնարավոր լիներ սիրուն անվանել, եթե չլիներ դեմքի գույնը, շատ բաց գույնի մազերը եւ բերանի ձեւը։ Այդ բերանը աղոտ անհանգստություն էր առաջացնում, քանի դեռ Սկոտին մոտիկից չես ճանաչում, իսկ ճանաչելուց հետո անհանգստությունդ ավելի էր սաստկանում։
Ես վաղուց արդեն ուզում էի ծանոթանալ նրա հետ։ Այդ ամբողջ օրը լարված աշխատել էի եւ ինձ իսկական հրաշք թվաց, երբ սրճարանում երեւացին Սկոտ Ֆիցջերալդն ու մեծ Դանկ Չապլինը, որի մասին ես երբեք չէի լսել, բայց որն այժմ դարձել էր իմ բարեկամը։ Սկոտն անվերջ խոսում էր եւ քանի որ նրա խոսքերը ինձ սաստիկ շփոթում էին,— նա միայն իմ ստեղծագործությունների մասին էր խոսում եւ դրանք անվանում հանճարեղ,— ես լսելու փոխարեն ուշադիր տնտղում էի նրան։ Ըստ այն ժամանակվա մեր վարվելակերպի, երեսին ասվող գովասանքը ուղղակի վիրավորանք էր համարվում։ Սկոտը շամպայն պատվիրեց, եւ նա, Դանկ Չապլինն ու ես խմեցինք սակավ արժանապատիվ այդ անձնավորություններից ինչ֊որ մեկի հետ։ Դանկն ու ես, հավանաբար, առանձնապես ուշադիր չէինք լսում Սկոտի ճառը,— դա ամենաիսկական ճառ էր,— իսկ ես շարունակում էի ուսումնասիրել Սկոտին։ Նա նիհարավուն էր, երեսը թեթեւակի ուռած եւ առողջ մարդու տպավորություն չէր թողնում։ Բրուկս<ref>Ունիվերսալ խոշոր խանութ Նյու֊Յորքում։</ref> եղբայրներից գնված կոսնյումը նրա վրա լավ էր նստում, հագել էր սպիտակ շապիկ՝ կոճկովի օձիգով, կրում էր գվարդիական փողկապ<ref>Անգլիայում տարածված է մի սովորություն, ըստ որի մի շարք համալսարանների շրջանավարտներ, որոշ ակումբների անդամներ, նախկին զինծառայողներ եւ ուրիշներ հատուկ գույնի փողկապ են կրում, որով ճանաչում են միմյանց։</ref>։ Ես մտածեցի՝ չասե՞մ նրան փողկապի մասին։ Չէ որ Փարիզում անգլիացիներ կային եւ նրանք կարող էին մտնել «Դինգո», երկուսը նույնիսկ արդեն նստած էին այնտեղ, բայց հետո միտքս փոխեցի․ «Դե, թող սատանի գիրքը կորչի այդ փողկապը»։ Ավելի ուշ պարզվեց, որ նա փողկապը Հռոմում է գնել։
Նրան տնտղելով, ես ինձ համար գրեթե ոչինչ չհայտնաբերեցի բացի այն, որ նա ուներ ոչ այնքան փոքր, գեղեցիկ, եռանդուն ձեռքեր, իսկ երբ նա վաճառասեղանի մոտ նստեց աթոռակին, ես նկատեցի, որ նրա ոտքերը շատ կարճ են։ Եթե նրա ոտքերը բնականոն լինեին, նա երկում մատնաչափ բարձր կլիներ։ Մեք խմեցինքշ շամպայնի առաջին շիշը, անցանք երկրորդին, եւ Սկոտի պերճախոսությունը սկսեց սպառվել։