:ԲՈԻ՜Մ։
:Ամբողջ խրճիթը դղրդաց։ Հարրին ձիգ նստեց տեղում և անթարթ նայեց դեպի դուրս տանող դռանը։ Ինչ-որ մեկը թակում էր խրճիթի դուռը։
==Գլուխ չորրորդ․ Բանալիների պահապանը==
:ԲՈ՜ՒՄ։ Կրկին թակեցին դառը։ Դադլին ցնցվելով արթնացավ։
:― Որտեղի՞ց է թնդանոթի ձայն գալիս, ― ապշահար հարցրեց նա։
:Ուժեղ թրխկոց եկավ, և քեռի Վերնոնը մյուս դռնից կողքանց մտավ սենյակ։ Նա երկու ձեռքով մի հրացան էր բռնել։ Հիմա արդեն պարզ էր, թե ինչ կար այն երկար ու բարակ փաթեթի մեջ, որը վերադարձին նա բերել էր իր հետ։
:— Ո՞վ կա այդտեղ, — բղավեց նա, — զգուշացնում եմ, ես զինվա՛ծ եմ։
:Մի ակնթարթ դադար տիրեց։ Հետո...
:ԹՐԸ՜ՄՓ։
:Դուռը մի այնպիսի ուժգին հարված ստացավ, որ միանգամից դուրս թռավ ծխնիներից և խլացուցիչ դրմփոցով վայրէջք կատարեց հատակին։
:Մի հսկա մարդ հայտնվեց դռան բացվածքի մեջ։ Նրա դեմքը գրեթե ամբողջովին թաքնված էր սև մազերի խառնիխուռն բաշի և գզգզված վայրի մորուքի մեջ, բայց աչքերը շատ լավ էին երևում և մազերի դեզի տակից պսպղում էին սև բզեզների պես։
:Հսկան հաստատուն քալլերով ներս մտավ խրճիթ և այնպես շեշտակի կանգ առավ, որ նրա գլխի մազերը կարծես ավլեցին առաստաղը։ Նա կռացավ, թեթև շարժումով բարձրացրեց դուռը և աներևակայելի հեշտությամբ դրեց տեղը՝ ծխնիների վրա։ Որսում փոթորկի ձայնը փոքր-ինչ մեղմացավ։ Հսկան շրջվեց՝ հայացքն ուղղելով սենյակում գտնվողների վրա։
:― Գուցե մի բաժակ թեյ սարքեք, հը՞... Մի բաժակ թեյը հիմա սկի վատ չէր լինի... ճանապարհը հեշտ չէր, կարելի է ասել...
:Նա լոք֊լոք քայլերով մոտեցավ բազմոցին, որի վրա սարսափից պապանձված նստած էր Դադլին։
:— Հո՜յ, դո՛ւ, հաստափո՛ր, չլսեցի՞ր... շարժվի՛ր տեղիցդ, — ասաց անծանոթը։
:Դադլին ծվծվաց ու փախավ թաքնվեց մոր ետևում, որն էլ իր հերթին սարսափահար կուչ էր եկել քեռի Վերնոնի ետևում։
:— Ա՛յ, թե որտեղ է Հարրին, ― ասաց հսկան։ Հարրին ՝ դեռ հատակին նստած, նայեց վեր, հսկայի վայրի, ստվերապատ դեմքին և տեսավ, որ մազերի տակից բզեզների պես փայլփլող աչքերը ժպիտ էին ճառագայթում։
:— Վերջին անգամ տեսել եմ քեզ երբ, ա՛յ, էսպես պստլիկ էիր, — ասաց հսկան։ — Ու՜հ, ինչ նման ես հորդ, հենց ինքն է իր տեղը դրած... Բայց, ա՛յ, աչքերդ, մայրիկի՜նն են...
:Քեռի Վերնոնը ատամներով ծիծաղելի կրճտարեց։
:— Ես պահանջում եմ, որ անմիջապես հեռանա՛ք այստեղից, սըր, ― հոխորտաց նա։ ― Սա կոտրանքով ներխուժում է կոչվում։
:— էէ՜ըըհ, սու՜ս մնա, Դա՚րզլի... ա՛յ, լխկած դամբուլ, — ասաց հսկան։ Նա բազմոցի գլխի վրայով ձեռքը առաջ մեկնեց և թեթև շարժումով դուրս քաշեց հրացանը քեռի Վերնոնի ձեռքից։ Հետո հրացանի փողը արագ ու հեշտությամբ ծալեց ու կապ գցեց, ասես ռետինից լիներ, և դեն նետեց դեպի սենյակի մութ անկյանը։
:Քեռի Վերնոնը այս անգամ տրորված մկնիկի պես ծիծաղելի ծվծվաց։
:― Ինչևէ... Հա՛րրի, — ասաց Հսկան, մեջքով շրջվելով դեպի Դարզլիները, — ծնունդդ թող շա՜տ ու շա՜տ շնորհավո՜ր լինի... Ես քեզ համար էստեղ մի փոքր նվեր եմ բերել... Ըհ-հը՚մ, ինքս եմ թխել... Հըը~, հնարավոր է մի թեթև նստած լինեմ վրան, բայց դեհ... դրանից հո համը չի՞ փոխվի։
:Իր սև վերարկուի ներսի գրպանից նա հանեց փոքր-ինչ ծռմռված մի տուփ ու մեկնեց Հարրիին։ Վերցնելով հսկայի ընծան, Հարրին, դեռ հատակին նստած, դողդոջան մատներով բացեց տուփը։ Տուփի մեջ շոկոլադե պլպլացող գլազարով մի տորթ կար, որի վրա կանաչ քաղցրախյուսով մեծ տառերով գրված էր.
Ծնունդդ Շնորհավոր Հարրի

:Հարրին հայացքը բարձրացրեց հսկայի վրա։ Նա ուզում էր ասել շնորհակալություն, սակայն բառերը ուղեղից մինչև բերանը հասնելու ճանապարհին ինչ-որ տեղ մոլորվեցին, և փոխարենը նա ասաց.
:— Ո՞վ եք դուք։
:Հսկան ինքն իրենից գոհ քրթմնջաց.
:— Ճիշտ ես ասում, ես դեռ չեմ ներկայացել։ Ռուբե՚ուս Հա՚գրիդ, Հո՚գվարթսի հանդավարների և ամրոցի դարպասների բանալիների պահապա՛նը։
:Նա իր ահռելի ափը առաջ մեկնեց և թափ տվեց Հարրիի ամբողջ ձեռքն ու ուսը։
:— Ի՞նչ կասես մի բաժակ թեյի մասին, հը՞, — ասաց նա ձեռքերն իրար շփելով։ — Ես հիմա մի ավելի թունդ բանից էլ չէի հրաժարվի, թե առաջարկող լիներ։
:Նրա աչքերը կանգ առան բուխարու մութ կրակաճաղերի ու մոխրի մեջ կծկված փայլփլուն տոպրակների վրա, և նա արհամարհանքով փնչացրեց։ Հսկան կռացավ բուխարու առաջ։ Նրա աժդահա թիկունքի ետևից չէր երևում, թե նա ինչ էր անում, բայց երբ մի վայրկյան անց նա մեջքն ուղղեց ու ետ շրջվեց, կրակի վառվռուն լեզուները ճրթճրթոցով բոցկլտացին բուխարու մեջ։ Խոնավ ու ցուրտ խրճիթն անմիջապես լուսավորվեց թրթռացող նարնջագույն լույսով, և Հարրին զգաց, թե ինչպես բոցերի ջերմությունը մի ակնթարթում պարուրեց իրեն, և ինքը, ասես ընկղմվեց տաք ջրով լցված լոգարանի մեջ։
:Հսկան եկավ, նստեց բազմոցին, որը փոս ընկավ նրա ծանրությունից և սկսեց իրար ետևից զանազան անսպասելի իրեր հանել իր վերարկուի գրկաններից, մի հին պղնձյա թեյնիկ, մի մեծ կապոց պայտաձև ոլորված հաստլիկ երշիկներ, կրակխառնիչ, ճենապակյա թեյաման, մի քանի հատ պռունկը թռած թեյի գավաթներ և դեղին սաթի նման թափանցիկ հեղուկով լի մի շիշ, որից նա մի կում ըմպեց ՝ մինչև թեյի պատրաստությանն անցնելը։ Շուտով խրճիթը լցվեց՝ կրակխառնիչի վրա բուխարու մեջ կախված, խորովվող երշիկների ուրախ ճրթճրթոցով և ախորժաբեր հոտով։ Ոչ մեկը ոչ մի խոսք չասաց, քանի դեռ հսկան զբաղված էր ընթրիքի պատրաստությամբ։ Բայց երբ նա՝ սեղանի վրա հայտնված սկուտեղի մեջ կրակխառնիչի վրայից սահեցրեց առաջին վեց յուղալի, հյութեղ, թեթևակի այրված երշիկները, Դադլին տեղում անհանգիստ տրորվեց։ Քեռի Վերնոնը կտրուկ ասաց.
:— Ոչ մի բանի ձեռք չտա՛ս, Դադլի։ Հսկան չարախինդ քրթմնջաց։
:—էդ քո ճարպագնդին չէր խանգարի մի քիչ սոված մնալ, Դա՚րզլի։ Մի՛ անհանգստացիր, դա միայն օգտակար կլինի նրան։
:Նա երշիկները փոխանցեց Հարրիին, որին թվաց, թե այդ երշիկներից համեղ բան կյանքում դեռ չէր կերել, որովհետև անչափ քաղցած էր, բայց միևնույն է, չէր կարողանում աչքը կտրել հսկայից։ Վերջապես, երբ պարզ դարձավ, որ ոչ ոք չի պատրաստվում որևէ բացատրության տալ, Հարրին ասաց.
:— Ներեցեք, բայց ես այդպես էլ իրականամ չիմացա, թե դուք ով եք։
:Հսկան մի կում թեյ կուլ տվեց և բերանը սրբեց ափի հակառակ կողմով։
:— Կարող ես ինձ Հա՚գրիդ կոչել, — ասաց նա, — բոլորն էլ ինձ էդպես են անվանում։ Եվ, ոնց որ ասացի, ես Հոգվորթսում բանալիների պահապանն եմ... Դե՛հ, Հոգվորթսի մասին, հո՛, ամեն ինչ գիտես։
:— Աա~ըը... Հը՚-ըմ... Չգիտեմ, — ասաց Հարրին գլուխը բացասաբար թափահարելով։
:Հագրիդն անչափ զարմացավ։
:— Ներողություն, — արագ ավելացրեց Հարրին։
:— Ներողությո՞ւ՛ն, — մռնչաց Հագրիդը շեշտակի շրջվելով դեպի Դարզլիները, ովքեր ետ քաշվեցին ստվերի մեջ, — Ա՛յ, թե ո՛վ պետք է էստեղ ներողություն խնդրի։ Ես գիտեի, որ նամակները քեզ չեն հասնում, բայց ի՜նչ իմանայի, որ դու էդքա՜ն անտեղյակ ես Հոգվարթսից։ Բա մտքովդ հեչ չի՞ անցել, թե ծնողներդ որտեղ են սովորել, սկի չե՞ս էլ մտածել, թե նրանք որտեղից գիտեին էդ բոլոր բաները։
:— Բոլոր ինչե՞րը, — հարցրեց Հարրին։
:― Ինչպե՞ս թե ԲՈԼՈՐ ԻՆՉԵՐԸ, ― դղրդաց Հագրիդը. — Մը-միի րոպ-պե... Մի րոպե... Թողեք տեսնեմ, էս ի՜նչ է կատարվում էստեղ... — Նա վեր էր ցատկեց նստած տեղից։ Բարկությունից ասես առել ու իրենով լցրել էր ամբողջ խրճիթը։ Դարզլիները ծեփվել էին պատին։
:— Պարզվում է, — մռնչաց նա Դարզլիների կողմը, — որ էս տղան... Է՛Ս ՏՂԱՆ ոչ մի բանի մասին ՈՉԻՆՉ ՉԳԻՏԻ՞։
:Հարրին մտածեց, որ դա արդեն չափազանց ուժեղ էր ասված։ Ի վերջո, նա հո լրիվ անգրագետ չէր, չէ՞ որ դպրոց էր գնում, և գնահատականներն էլ բոլորովին վատը չէին։
:— Ես որոշ բաներ գիտեմ, — շտապեց ասել նա, — դե՜հ, թվաբանություն, քերականաթյուն և ուրիշ... նման բաներ...
:Բայց Հագրիդը միայն ձեռքը թափ տվեց ու ասաց.
:— Ես նկատի ունեմ մեր աշխարհի մասին՝ քո աշխարհի, իմ աշխարհի, ծնողներիդ աշխարհի մասին։
:― Ի՞նչ աշխարհ։
:Հագրիդն այնպիսի տեսք ընդունեց, ասես ուր որ է տեղում կագնած պտի պայթեր.
:— ԴԱ՚ՐԶԼԻ ― դղրդաց նա։ Քեռի Վերնոնը, որը լրիվ գունատվել էր, ինչ-որ բան մկմկաց, որը հնչեց ինչպես. «Նեբնյամ-մեբնյամ»։ Հագրիդը կատաղած շրջվեց Հարրիի կողմը։
:— Բայց ախր ո՞նց, ինչպե՞ս կարող ես չիմանալ հայրիկիդ ու մայրիկիդ մասին, — ասաց նա, — չէ՞ որ նրանք հանրահայտ մարդիկ են։ Ախր, դու՛ էլ ես հանրահայտ...
:— Ի՞նչ... Իմ հայրիկն ու մայրիկը հանրահա՞յտ են։ Այդ ինչպե՞ս:
:— Ա՜խ, դու չգիտե՜ս... դա չգիտե՜ս... քոռանա՜մ ես... — նա հայացքը բևեռեց Հարրիի վրա անօգնական ու շփոթված արտահայտությամբ։
:— Ուրեմն, դու չգիտես, թե դու ով ես, — վերջապես ասաց Հագրիդը։
:Քեռի Վերնոնի ձայնը հանկարծ տեղն ընկավ։
:— Վերջացրե՚ք, — հրամայեց նա։ — Անմիջապես վերջացրե՚ք, սըր։ Ես արգելում եմ ձեզ տղային որևէ բան պատմել։
:Մի ավելի խիզախ մարդ քան Վերնոն Դարզլին էր, երևի տեղում կմոխրանար այն կատաղի հայացքից, որով Հագրիդը ոտքից գլուխ չափեց նրան։ Եվ երբ Հագրիդը վերջապես խոսեց, նրա արտասանած յուրաքանչյուր հնչյունը դողդողում էր զայրույթից։
:— Ուրեմն դուք նրան ոչինչ չեք ասել։ Չեք ասել, թե ինչ էր գրված էն նամակում, որը Դամբլդորը թողեց նրա համար։ Ես էնտեղ էի, ես ինքս տեսա Դամբլդորի թողած նամակը։ Դա՚րզլի, ուրեմն դու էդ ամենը նրանից էսքան տարի գաղտնի՞ ես պահել։
:— Ի՞նչն է ինձնից գաղտնի պահել, ― անհանգիստ հարցրեց Հարրին։
:— ՎԵ՜ՐՋ։ ԵՍ ԱՐԳԵԼՈԻ՚Մ ԵՄ ՁԵ՜ց... ― տագնապահար աղաղակեց քեռի Վերնոնը։
:Մորաքույր Պետունիան սարսափի ճիչ արձակեց։
:— Հա՜, բա ո՜նց... Գլուխներդ էլ պատերին տաք, միևնույն է, — ասաց Հագրիդը՝ շրջվելով Հարրիի կողմը, ― Հա՛րրի, դու հրաշագործ կախարդ ես։
:Խրճիթում լռություն տիրեց։ Միայն ծովի խշշոցն ու քամու վնգոցն էին լսվում։
:— Ես ի՞նչ եմ, — հազիվ արտաբերեց Հարրին։
:— Հրաշագործ կախարդ, անշուշտ, — ասաց Հագրիդը, ետ նստելով բազմոցի վրա, որը տնքաց ու նույնիսկ ավելի կքվեց նրա ծանրությունից, — և ես կասեի լավագույններից մեկը, եթե միայն համապատասխան կրթություն ստանաս, իհարկե։ Քո մայրիկի ու հայրիկի նման ծնողներ ունենալով, ուրիշ էլ ի՞նչ պիտի լինեիր։ Եվ կարծում եմ, վաղուց արդեն ժամանակն Է, որ վերջապես նամակդ կարդաս։
:Հարրին ձեռքը մեկնեց և վերցրեց դեղնավուն մագաղաթանման ծրարը, որը զմրուխտագույն թանաքով հասցեագրված էր ՝
Պրն Հ․ Փոթթերին

Ծով, Ժայռագլխի խրճիթ

Հատուկ

:և նամակը ծրարից հանելով կարդաց.
Հոգվարթսի

Հրաշարգործության եւ դյութագիտության

մասնագիտական դպրոց

Տնօրեն՝ Ալբուս Դամբլդոր

Մեռլինի միաբանության շքանշանիակիր,

Առաջին կարգի հրաշագործ կախարդ,

Գերագույն մոգ,

Դյութագիտության դոկտոր, պրոֆեսոր,

միջազգային համադաշնության անդամ

Հարգելի պրն Փոթթեր,

Պատիվ ունենք Ձեզ հայտնելու, որ Դուք ընդունվել եք Հոգվարթսի Հրաշագործության եւ դյութագիտության մասնագիտական դպրոց։

Նամակին կցված հավելվածում կգտնեք Ձեզ անհրաժեշտ բոլոր գրքերի եւ պիտույքների ցանկը։

Դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ին։

Ձեր բվին ուղարկեք մինչեւ հուլիսի 31-ը։

Հարքանքներիս հավաստիքը։

Փոխտնօրեն՝

Միներվա Մըք Գոնագալ
:Հարցերը մեկը մյուսի ետևից հրավառության պես պայթում էին Հարրիի գլխում, իսկ նա չէր կարողանում որոշել, թե ո՞ր մեկը տար։ Մի բանի վայրկյանից նա վերջապես հարցրեց.
:— Հագրիդ, իսկ ի՞նչ է նշանակում՝ «Ձեր բվին ուղարկեք»։
:— Ա՜խ, գորգոնաներն ինձ տանեն, ո՜նց էի մոռացել, ― պատասխանեց Հագրիղը՝ ձեռքն այնպիսի ուժով ճակատին խփելով, որ կհերիքեր մի ձի կանգնեցնելու համար և իր վերարկուի անթիվ գրպաններից մեկից հանեց իսկական մի բու՝ ինքն իրենից բավականին գոհ տեսքով կենդանի մի թռչուն, որն անմիջապես նստեց նրա ուսին։ Հետո Հագրիդը մեկ ուրիշ գրպանից հանեց մի երկար սրածայր փետուր ու մագաղաթանման թղթի կտոր և լեզուն ատամների արանքից վեր ցցած, ջանասիրաբար մի երկտող գրեց մագաղաթի վրա, որը Հարրին կարողացավ ընթերցել թարս կողմից։

Սիրելի պրն Դամբլդոր

Նամակը հանձնեցի Հարրիին։

Վաղը կգանք Լոնդոն՝ ցուցակում եղած֊չեղածը առնելու։

Եղանակը զզվելի է։

Հուսով եմ, որ լավ եք։

Հագրիդից

:Հագրիդը երկտողը ոլորեց ու տվեց բվին, որն անմիջապես կտուցով բռնեց այն։ Հսկան մոտեցավ դռանը և բվին դուրս թռցրեց փոթորկի մեջ։ Հետո նա վերադարձավ ու նստեց իր տեղում, կարծես, մի այնպիսի սովորական բան էր արել, ինչպես, ասենք, հեռախոսով զանգահարելը։
:Հարրին գլխի ընկավ, որ այդ ամբողջ ժամանակ իր բերանը բաց էր եղել և արագ փակեց։
:— Ինչի" մասին էինք խոսում... Հա՛, ― սակայն այդ պահին քեռի Վերնոնը դեռևս հողագույն դեմքով, սակայն շատ զայրացած, դուրս եկավ բուխարուց ճառագայթող լույսի մեջ։
:— Նա ոչ մի տեղ էլ չի՛ գնա, — ասաց նա։
:— Շատ կուզենայի տեսնել, թե էդ ո՞նց պիտի քո նման անմխիթար մագլի մեկը խանգարի նրան — գռմռաց Հագրիդը։
:— Ո՞վ, ո՞վ... — անչափ հետաքրքրված հարցրեց Հարրին։
:— Մագլի մեկը, — ասաց Հագրիդը, — մենք մագլ ենք անվանում սրանց նման կախարդանքից հեռու մարդկանց։ Եվ ասեմ քեզ, բարեկամս, որ բախտդ հե՛չ չի բերել, որ սրանց պես բացարձակ մագլների ընտանիքում ես մեծացել։ Սրանցից ավելի մագլ կյանքումս դեռ չեմ հանդիպել։
:― Երբ տուն վերցրինք նրան, երդվեցինք, որ վերջ կտանք այդ ապուշ բարբաջանքին, — ասաց քեռի Վերնոնը, — երդվեցինք, որ կվերացնենք նրա ուղեղից այդ զավեշտական ցնդաբանությունը։ Հրաշագործ կախարդ, բա չէ՜...
:― Ուրեմն դուք գիտեի՞ք... Դուք գիտեի՜ք, որ ես... ես հրաշագործ կախարդ եմ...
:— Գիտեի՞նք․․․ — հանկարծ տեղից ծղրտաց մորաքույր Պետունիան։
:― Այդ ինչպե՞ս կարող էինք չիմանալ։ Իհարկե, գիտեինք։ Այդ ինչպե՞ս կարող էիր նորմալ ծնվել՝ իմ անիծյալ քրոջ զավակը լինելով։ 0՜հ, նա նույնպես ճիշտ սրա նման մի նամակ ստացավ ու անհետացավ այդ... այդ դպրոց կոչեցյալում... և հետո ամեն արձակուրդների տուն էր գալիս գրպանները լիքը զանազան գարշելի բաներով, ու ամեն քայլափոխի... ա՜ա-ըխբ... գորտ-մորտ էր դուրս թռցնում թևքերից։ Արած-չարածն ի՞նչ էր, որ... Մեկ էլ տեսար թեյի գավաթից առնետ կսարքեր... Միայն ես էի տեսնում նրա այլանդակությունը, իսկ հայրիկն ու մայրիկը՝ ընդհակառակը. օ՜խ, Լիլին այսպե՜ս արեց, ա՜խ, Լիլին այնպե՜ս արեց... Նրանք պարզապես հպարտ էին, որ իրենց ընտանեկան վհուկ ունեն։
:Նա մի պահ դադար տվեց շունչը տեղը բերելու համար, իսկ հետո շարունակեց արագ-արագ ճարճատել։ Կարելի էր կարծել, որ նա տարիներ շարունակ կուտակել էր ասելիէը, որն արդեն անզուսպ դուրս էր ժայթքում նրա կոկորդից։
:— Հետո նա այդ Փոթթերին հանդիպեց դպրոցում, և նրանք թողին գնացին, ամուսնացան ու քեզ ունեցան... Իհարկե ես գիտեի, որ դու ճիշտ նրանց նման ես լինելու... ճիշտ ու ճիշտ նրանց պես տարօրինակ... նրանց... նրանց պես աննորմա՚լ, իսկ հետո... հետո ուրիշ բան չէր էլ կարող լինել, նա անշուշտ պետք է ինքն իր գլխին նման փորձանք բերեր ու քեզ կապեր մեր վզին։
:Հարրին ճեփ-ճերմակ էր կտրել։ Եվ երբ, վերջապես, ձայնը տեղն ընկավ, նա հազիվ շշնջաց.
:— Ի՞նչ փորձանք... Դուք ինձ ասել եք, որ նրանք ավտովթարից են մահացել։
:— ԱՎՏՈՎԹԱՐԻ՞Ց, ― որոտաց Հագրիդը, այնպես զայրագին տեղից վեր ցատկելով, որ Դարզլիները ետ գլորվեցին դեպի իրենց անկյունը։
:— Էդ ինչպե՞ս կարող էր ավտովթարը սպանել Լիլի ու Ջեյմս Փոթթերներին, հը՞... Չէ՛, սա խայտառակություն է։ Սա լինելու բան չէ։ Հարրի Փոթթերը չգիտի իր կյանքի պատմությանը, մինչդեռ յուրաքանչյուր երեխա մեր աշխարհում ճանաչում է նրան։
:— Բայց ինչու՞։ Բայց ի՞նչ է իրականում կատարվել, — հարցրեց Հարրին անհամբերությամբ։
:Զայրույթը միանգամից անհետացավ Հագրիդի դեմքից, որն արդեն շատ մտահոգ արտահայտություն էր ընդունել։
:— Ես, ճիշտն ասած, չէի սպասում, որ ամեն ինչ էսպես լուրջ կլինի, — ասաց նա ցածր ու անհանգիստ ձայնով, — երբ Դամբլդորն ինձ ասաց, որ հնարավոր է խնդիրներ ծագեն քեզ բերելու ժամանակ, ես գաղափար էլ չունեի, թե դու էդքան անտեղյակ ես։ Ա՛խ, Հա՚րրի, չգիտեմ, ճի՞շտ է արդյոք, որ էդ պատմությանը ինձնից իմանաս, սակայն, ի վերջո, մեկն ու մեկը պետք է քեզ ճշմարտությունը պատմի, թե՝ ոչ։ Սխալ կլինի, եթե դու Հոգվորթս մտնես ամեն ինչից էդպես անտեղյակ։
:Նա մի խեթ հայացք նետեց Դարզլիների վրա։
:— Դեհ, ի՞նչ․․․ ճիշտ կլինի, եթե իմանաս գոնե էնքանը, ինքբան ես գիտեմ։ Սակայն իմացած լինես, որ ես էլ շատ բան չգիտեմ։ Դա մի մե՜ծ առեղծված է, որը ոչ ոք մինչև վերջ չգիտի...
:Նա նստեց, հայացքը մի պահ սևեռեց կրակին ու ասաց.
:— Էս պատմությունը թերևս սկսվում է մի անձնավորությունից, որի անունը... Բայց դա ուղղակի անհավատալի է, որ դու չգիտես նրա անունը, մեր աշխարհում բոլորը գիտեն...
:— Ու՞մ անունը։
:— Հը՜ը... չէի ուզենա նրա անունը բարձրաձայն ասել։ Ոչ ոք նրա անունը բարձրաձայն չի ասում։
:— Ինչու՞։
:— Ա՜խ, գարգոյլների բաժին դառնա էդ սրիկան... Հա՛րրի, մարդիկ դեռ վախեցած են։ Հավատա, որ հեշտ չէ։ Ուրեմն էսպես... ժամանակին մի հրաշագործ կախարդ կար, որը... որը, կարելի է ասել, մի օր չարացավ... Մի անտանելի, մի սաստիկ չար կախարդ դարձավ, նույնիսկ դրանից էլ վատը, նույնիսկ վատից էլ վատը։ Նրա անունը... — Հագրիդը օդ կուլ տվեց, սակայն չկարողացավ անունը արտասանել։
:— Միգուցե գրե՞ք անունը, — առաջարկեց Հարրին։
:— Նե՜եյ... Ուղղագրությունը չգիտեմ։ Դեհ, լավ... հըըը~... Վոլդեմորթ, — Հագրիդն ամբողջ մարմնով դողդողաց։
:— Չստիպես ինձ նորից ասել էդ գրողի տարածի անունը։ Ինչևէ, էս... էս կախարդը մոտ քսան տարի առաջ սկսեց համախոհներ հավաքել։ Եվ գտնվեցին էնպիսիք, որ գնացին նրա ետևից։ Շատերը պարզապես վախեցած էին, շատերն ուզում էին նրա պես զորեղ լինել, որովհետև նա իսկապես շա՜տ հզոր էր...Կային նաև էնպիսիք, որ համախոհ էին նրա սև մագիային։ Ի՜նչ սև օրեր էին, Հա՛րրի... Մարդ չգիտեր, ում վստահեր, շատ վտանգավոր էր անծանոթ կախարդների ու վհուկների հետ ընկերանալը...
:Սարսափելի բաներ էին կատարվում... էս կախարդը օրեցօր զորություն էր հավաքում և իշխանություն ձեռք բերում։ Իհարկե, բոլորը չէին գնում նրա ետևից, բայց ով համարձակվում էր բացեիբաց ընդդիմանալ էդ չարքին, նա բոլորին սպանում էր։ Ահավոր էր։ Ապահով տեղ միայն Հոգվորթսն էր մնացել։ Պատկերացրու, որ Դամբլդորը միակ հրաշագործն էր, ումից Գիտես-թե– ովը վախենում էր։ Նա չէր համարձակվում նույնիսկ մոտիկ գալ դպրոցին։
:Քո ծնողների նման համակրելի հրաշագործ ընտանիք ես երբեք չեմ ճանաչել։ Դեռևս Հոգվորթսում սովորելու ժամանակ դպրոցի առաջին աշակերտներն էին ու երբևէ իմ իմացած լավագույն զյուգն ա դյութանույշը։ Գիտես-թե-ովը նույնիսկ չփորձեց էլ նրանց իր կողմը գրավել, որովհետև երևի գիտեր, որ նրանք անչափ նվիրված են Դամբլդորին ու երբեք չեն համաձայնի սև ուժերին ծառայել։ Գուցե նա պարզապես ուզում էր համոզել կամ գայթակղել նրանց, գուցե ուղղակի ուզում էր իր ճանապարհից հեռացնել... Հայտնի է միայն, որ էդ չարաբաստիկ օրը նա հայտնվել էր ձեր գյուղում, և դա բոլոր սրբերի օրն էր, սրանից ուղիղ տաս տարի առաջ։ Դու դեռ ընդամենը մեկ տարեկան էիր։ Նա եկել էր ձեր տուն և... և... — Հագրիդը հանկարծ մի մեծ ու աննկարագրելի կեղտոտ պտավոր թաշկինակ հանեց իր վերարկուի գրպանից ու քիթը սրբեց ՝ որսորդական եղջերափողի կանչ հիշեցնող ձայնային աղմուկով։
:— Ների՛ր, բայց էս ամենը էնքա՜ն տխուր է... Ախր, ես շատ լավ էի ճանաչում հայրիկիդ ու մայրիկիդ... Ի՜նչ լավ ու բարի մարդիկ էին... Նման լավ մարդկանց հաճախ չես հանդիպի։ է՜հ... Գիտես֊թե-ովը սպանեց նրանց ու հետո... իսկ դա ամենամեծ առեղծվածն է, էդ ոճրագործը փորձել էր քեզ էլ սպանել, բայց չէր կարողացել... Ո՜վ իմանա, գուցե նրան արդեն սկսել էր դուր գալ մարդ սպանելը... Գուցե ուզեցել էր գործը մինչև վերջ հասցնել...
:Երբևէ մտածե՞լ ես, արդյոք, թե որտեղից է ճակատիդ հայտնվել էդ սպին։ Դա սովորական սպի չէ։ Նման սպի մարդ ստանում է միայն, երբ շա՜տ զորեղ անեծքի տակ է ընկնում։ էդ անեծքը սպանեց ծնողներիդ և հիմնովին քարուքանդ արեց ձեր տունը, սակայն ոչինչ չկարողացավ անել քեզ հետ... Ահա թե ինչու էս դու էդքան հանրահայտ, Հա՛րրի... Դեռ ոչ ոքի չէր հաջողվել կենդանի մնալ Գիտես-թե-ում անեծքի տակ ընկնելով։ Ոչ ոքի, բացի քեզնից, իսկ նա կարողացել էր հաշվեհարդար տեսնել մեր ժամանակների էնպիսի հզոր հրաշագործ ընտանիքների հետ, ինչպիսիք էին Մըք Քինոնները, Բոունզները, Փրյաեթները, իսկ դու ընդամենը մի պստլիկ երեխա էիր... ու կենդանի մնացիր, — Հագրիդը տխուր ու մտախոհ գլուխը կախեց։ Իսկ Հարրիի ուղեղում ինչ-որ շատ ցավագին բան էր կատարվում։ Մինչ Հագրիդը պատմում էր, նա կրկին վերհիշեց իր մանկական մղձավանջները՝ կուրացնող կանաչ լույսի մի ուժեղ ճառագայթ, բայց այս անգամ նույնիսկ ավելի պարզ ու հստակ, քան երբևէ և կյանքում առաջին անգամ մի բան էլ մտաբերեց՝ մի բարձրաձայն, սառնաշունչ, դաժան քրքիջ։ Հագրիդը տխուր դիտում էր նրան։
:— Ես ինքս եմ Դամբլդորի հրամանով քեզ դուրս բերել ձեր քարուքանդ եղած տան ավերակներից։ Ե՛ս եմ քեզ բերել սրանց մոտ...
:— Հին ստերի երկար շարան, — մեջ ընկավ քեռի Վերնոնը։
:Հարրին ցնցվեց, նա գրեթե մոռացել էր Դարզլիների մասին։ Քեռի Վերնոնը այնպիսի տեսք ուներ, ասես լրիվ վերականգնել էր իր քաջությունը։ Նա սեղմած բռունցքներով, աչքերը չռած նայում էր Հարրիին։
:— Հիմա ինձ լսի՛ր, տղա՛, — հոխորտաց նա, — ես ընդունում եմ, որ ինչ-որ տարօրինակություն կա քո մեջ։ Ամենայն հավանականությամբ, մի լավ ծեծը բոլոր տարօրինակություններդ կվերացնի։ Իսկ ինչ վերաբերվում է ծնողներիդ, միանշանակ պարզ է, որ երկուսն էլ մերժված խեղկատակներ էին, ու ես չեմ առարկում, որ աշխարհը միայն շահել է առանց նրանց։ Իմ կարեիքով, նրանք ստացան արժանին՝ իրենց նման խեղկատակների հետ գործ ունենալու համար։ Ես միշտ էլ գիտեի, որ վաղ, թե ուշ նրանց վերջը վատ է լինելու։
:Սակայն այդ պահին Հագրիդը վեր թռավ բազմոցից և մի հնամաշ վարդագույն հովանոց հանեց իր վերարկուի տակից։ Հովանոցի սուր ծայրը թրի պես քեռի Վերնոնի կրծքին ուղղելով, նա բարկությունից խռպոտած ձայնով ասաց.
:— Զգուշացնում եմ քեզ, Դարզլի... Զգուշացնում եմ քեզ, ևս մեկ բառ և...
:Հովանոցի սար ծայրով մորուքավոր հսկայի կողմից սրախողխող լինելու ակնհայտ վտանգից քեռի Վերնոնի խիզախությանը կրկին լքեց նրան, և նա ծեփվեց պատին ու ձայնը կտրեց։
:— էդպես ավելի լավ է, — ծանր շնչելով ասաց Հագրիդը ու նստեց բազմոցին, որն այս անգամ կքվելով գրեթե հասավ հատակին։
:Մինչ այդ Հարրիի աղեղում հարյուրավոր հարցեր արդեն հերթի շարան էին կազմել։
:― Իսկ ի՞նչ եղավ Վոլ... ներեցեք, Գիտեք-թե-ում հետ։
:— Լավ հարց է, Հարրի։ Նա անհետացավ։ Չքվեց, հենց նույն գիշեր, երբ փորձել Էր սպանել քեզ։ Դրանից դու նույնիսկ ավելի հանրահայտ դարձար։ Եվ դա ամենամեծ առեղծվածն էր, հասկանո՞ւմ ես... Նա գնալով ավելի ու ավելի էր ուժեղանում... էդ ինչու՞ պիտի հանկարծ վերցներ ու չքանար։ Շատերն ասում են, որ նա մեռել է։ Հա՜, բա չէ՞, զանգի-զրնգի՛... Սկի չեմ հավատում։ Չգիտեմ էլ, թե մեջը որևէ մարդկային բան մնացե՞լ էր, արդյոք, որ մեռնելու ընդունակ լիներ։ Ուրիշներն ասում են, որ մի տեղ իր ժամին է սպասում, բայց դա էլ դժվար է պատկերացնել։ Նրա կողմն անցածներն ապաշխարանքով ետ վերադարձան։ Նրանցից շատերն ինչ-որ անբացատրելի տրանսի մեջ էին ընկել, ասես հիպնոսվել կամ դիվահարվել էին։ Չեմ կարծում, որ նրանք կվերականգնվեին կամ կվերադառնային, եթե էդ չարքն ընդմիշտ չքացած չլիներ։ Շատերը մտածում են, որ նա դեռ ինչ-որ տեղ թաքնված է, բայց կորցրել է իր երբեմնի զորությանն ու կախարդական ուժերը, ու հիմա շատ թույլ է ինչ-որ մեկի հետ մրցելու համար, որովհետև քո մեջ եղած ինչ-որ բան չեզոքացրել ու ոչնչացրել է նրա զորությունը։ Պարզ է, որ այդ գիշեր մի բան է կատարվել, որին նա բնավ չէր սպասում։ Չգիտեմ, թե ինչ... Ոչ ոք չգիտի... բայց քո մեջ եղած կամ քեզ հետ կապված ինչ-որ բան կարողացել է նրա վերջը տալ։
:Հագրիդը ՝ աչքերից ջերմություն ու հարգանք ճառագելով, նայում էր Հարրիի վրա, բայց Հարրին ուրախ կամ հպարտ լինելու փոխարեն միանգամայն համոզված էր, որ ինչ-որ շատ մեծ թյուրիմացություն է կատարվում։ Հրաշագործ կախա՞րդ... այդ ի՞նքը... Ինչպես կարող է դա ճիշտ լինել։ Իր ամբողջ կյանքում նա միայն մի գլուխ դնգստոց է կերել Դադլիից և ենթարկվել մորաքույր Պետունիայի ա քեռի Վերնոնի հոգեբանական կտտանքներին։ Եթե նա իսկապես կախարդ է, ապա ինչո՞ւ Դարզլիներն ամեն անգամ իրեն խորդանոցի մեջ փակելիս զզվելի դոդոշ չէին դառնում։ Եթե նա երբևէ կարողացել է հաղթել աշխարհում ամենաուժեղ ու ամենաչար կախարդին, ապա ինչպե՞ս բացատրել, որ Դադլին միշտ անպատիժ դնգստում է իրեն և աջ ու ձախ տշմշում՝ ֆուտբոլի գնդակի պես։
:— Հագրիդ, — ասաց նա կամացուկ, — վախենամ եմ, որ դու սխալվում ես։ Դժվար թե ես կախարդ լինեմ։
:Ի զարմանս իրեն, Հագրիդը քրքջաց։
:— Կախարդ չես, հա՞... Երբեք ոչ մի բան չե՞ս արել, հա՞, երբ վախեցած կամ ջղայնացած ես եղել։
:Հարրին հայացքը սևեռեց կրակին։ Նա սկսեց ինչ-որ բան մտաբերել... Ամեն մի տարօրինակ պատահար, որ երբևէ կատաղության աստիճան բարկացրել էր մորաքրոջն ու մորաքրոջ ամուսնուն, իսկապես պատահել էր իր հետ, երբ ինքը վախեցած կամ բարկացած էր եղել։ Երբ փախչում էր Դադլիի ավազակախմբից, անհասկանալիորեն կարողացավ այնպիսի տեղ բարձրանալ, որ ոչ ոք իրեն չհասնի... Երբ սարսափած էր խուզած մազերով դպրոց մտնելու հեռանկարից, մի գիշերվա մեջ, հայտնի չէ թե ինչպես, կարողացավ մազերը երկարացնել... Եվ, վերջապես, այն վերջին դեպքը, երբ Դադլին նրան հարվածել ու գետնին էր գցել կենդանաբանական այգում... Մի՞թե դա վրեժ չէր, նույնիսկ առանց հասկանալու, թե ինքն ինչ էր անում։ Ինքը չէ՞ր, որ «բոա կոնստրիկտոր» հսկա օձին բաց թողեց Դադլիի վրա...
:Հարրին ժպտալով շրջվեց Հագրիդի կողմը և տեսավ, որ նա հավանությամբ գլխով է անում իրեն։
:— Տեսա՞ր, — ասաց Հագրիդը, — Հարրի Փոթթերը կախարդ չէ՛... Բա ի՞նչ է... Շա՜տ կուզենայիր, որ չլիներ,.. տե՛ս, թե հետո ինչե՜ր են լինելու... Դեռ կտեսնես՝ Հոգվորթսում առաջին աշակերտն ես լինելու։ Սակայն ակնհայտ Էր, որ քեռի Վերնոնը հակված չէր առանց պայքարի հանձնվելու։
:— Ես ձեզ չասացի՞, որ նա ոչ մի տեղ էլ չի գնա, — հոխորտաց նա կրկին, — Հարրին Սթոանվոլի միջնակարգ դպրոցն է գնալու, և մի օր շնորհակալ կլինի ինձ դրա համար։ Ես այդ բոլոր նամակները կարդացել եմ։ Ու՜ր էր թե մի ողջամիտ մարդ տեսներ, թե ինչե՜ր են այնտեղ պահանջվում... Ի՜նչ տեսակի ասես ցնդած, մոգական գրքեր ու զիբիլ-միբիլ բաներ...
:— Եթե նա ուզենա գնալ, նույնիսկ քո նման անուղղելի մագլը չի կարողանա խանգարել նրան, — գռմռաց Հագրիդը, — Խելքը թռցրել է, հը-հը... Լիլի ու Ջեյմս Փոթթերների տղային չի ուզում Հոգվորթս թողնել... Ախր, նրա անունը էնտեղ ծնված օրվանից է գրված։ Դա հրաշագործության և դյութագիտաթյան լավագույն դպրոցն է աշխարհում։ Յոթ տարի անց նա ինքն իրեն նույնիսկ չի ճանաչի։ Էնտեղ նա իր նման երեխաների հետ կլինի և Հոգվորթսի անզուգական տնօրեն, պրոֆեսոր Ալբուս Դամբլդորի հսկողության տակ։
:― ԵՍ ՈՉ ՄԻ ԼՈԻՄԱ ԷԼ ՉԵՄ ՏԱ, ՈՐՊԵՍԶԻ ԻՆՉ-ՈՐ ԱՊՈԻՇ, ՑՆԴԱԾ ՊԱՌԱՎ ՍՐԱՆ ՖՈԿՈՒՍՆԵՐ ՍՈՎՈՐԵՑՆԻ, ― ոռնաց քեռի Վերնոնը։
Սակայն նա արդեն չափն անցել էր։ Հագրիդը ձեռքն առավ հովանոցը և ուժեղ թափով պտտեցրեց գլխավերևում։
:— ԵՐԲԵ՛Ք, ― որոտաց նա, ― ՉՀԱ - ՄԱՐ - ՁԱԿ - ՎԵ՚Ս ԻՄ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՎԻՐԱՎՈՐԵԼ Ա՚ԼԲՈԻԱ ԴԱ՚ՄԲԼԴՈՐԻՆ։
:Նա իր հովանոցը գլխից վեր թրի պես պտտեցնելով շեշտակի վայր իջեցրեց՝ սուր ծայրն ուղղելով Դադլիի վրա։ Հովանոցի ծայրից մանուշակագույն լույս ճառագեց, մի ճրթոց լսվեց, ինչպես հրավառության փամփուշտի պայթյունից, և մի սուր ծղրտոց ծակեց օդը։ Հաջորդ պահին Դադլին ՝ իր հաստ հետույքը ափերով բռնած, ցավից ոռնալով դոփում էր տեղում և, երբ Դադլին շրջվեց, Հարրին տեսավ նրա շալվարից դուրս ցցված խոզի փոքրիկ խուճուճիկ պոչիկ։
:Քեռի Վերնոնը անմարդկային աղաղակ արձակեց։ Նա՝ մորաքույր Պետունիային ու Դադլիին ճանկելով, հապշտապ հրեց մյուս սենյակ, մի վերջին սարսափահար հայացք նետեց Հագրիդի վրա և իր ետևից շրխկոցով փակեց սենյակի դուռը։
:Հագրիդը նայեց իր հովանոցին ու մորքուը քորեց։
:― Է՜խ, չպետք է զայրույթիս հագուրդ տայի, ― ընկճված ասաց նա, ― բայց ինչևէ, միևնույն է ուզածս էլ չստացվեց։ Ճիշտն ասած, ուզում էի նրան գոճի դարձնել, բայց երևի նրա մեջ խոզայինն արդեն էնքան շատ էր, որ անելիք էլ չէր մնացել։
:Հագրիդն իր խիտ հոնքերի տակից կողքանց նայեց Հարրիին։
:― Շատ շնորհակալ կլինեմ, եթե Հոգվորթսում սրա մասին ոչ մեկին ոչինչ չասես, ― կամացուկ ասաց նա, — ես, ըը~... մի խոսքով ինձ, հը՛մ... եթե ճիշտը խոսենք, ինձ թույլ էր տրված քիչ ու միչ կախարդանք անել քեզ հետևելու, նամակը հասցնելու և էլի դրա պես գործ-մործերի... բայց ոչ սրա նման... հը՛մ... լուրջ բանի համար։ Ճիշտն ասած, հենց դա էր պատճառը, որ ուզում էի ինձ վստահեն էս գործը։
:― Իսկ այդ ինչո՞ւ ձեզ չի կարելի կախարդանք անել, — հարցրեց Հարրին։
:― Դե՜հ... ի միջի այլոց, ես էլ եմ Հոգվորթսում սովորել, բայց... հըըը~... էնպես ստացվեց, որ երրորդ տարուց ինձ հեռացրի՜ն... Իմ կախարդական փայտիկը երկու կե՜ս արին... և նման, կարճ ասած, վատ բաներ... Բայց Դամբլդորն ինձ թույլ տվեց մնալ Հոգվարթսում որպես դարպասների պահապան։ Դամբլդորը մե՜ծ մարդ է։
:— Իսկ ձեզ ինչու՞ հեռացրին։
:— Արդեն ուշ է, իսկ մենք վաղը շատ անելիքներ ունենք, — ասաց Հագրիդը առարկության չհանդարժող տոնով։ ― Վաղը պիտի քաղաք գնանք ու բեք համար գնենք անհրաժեշտ բոլոր գրքերն ու պիտույքները։
:Նա հագից հանեց իր հաստ սև վերարկուն ու նետեց Հարրիին։
:― Կարող ես սրա մեջ փաթաթվել ― ասաց նա, ― չվախենաս, եթե հանկարծ սկսի թպրտալ՝ գրպաններիցս մեկում դեռ մի զույգ կապիկ-լեմուրիկներ պիտի լինեն։