Changes

Պահապանները

Ավելացվել է 4356 բայտ, 10:11, 15 Դեկտեմբերի 2015
/* Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին */
=== Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին ===
Հալդիրը Պահապաններին առաջ տարավ: Արևը թեքվեց Մշուշապատ լեռների կողմը, իսկ արևելքում սկսեցին թանձրանալ երեկոյան ստվերները: Արահետը խորացավ հացենու անտառում, որտեղ կիսամութն արդեն գիշեր էր դառնում: Էլֆերը վառեցին աղոտ իրենց արծաթավուն լապտերները:
Բայց շուտով մութը նորից թուլացավ՝ Պահապանները մի ընդարձակ դաշտ դուրս եկան: Առջևում դաշտը սահուն լայնանում էր՝ բաց անելով համարյա զառիկող զմրուխտ լանջերով ու լայն խանդակով ճամփորդներից բաժանված բարձր պատը: Պատի հետևում, արծաթե աստղերից պտավոր դարձած մթնող երկնքի հովանու տակ այնպիսի հսկայական հացենիներև էին բարձրանում, որպիսիք նրանք չէին տեսել նույնիսկ Լորիենում: Այդ աժդահաների ճյուղերը բոլորաձև աճում էին տարբեր բարձրությամբ, ասես հարկեր գոյացնելով: Յուրաքանչյուր հարկի խիտ տերևների միջից փայլփլում էին բազմաթիվ գույնզգույն կրակներ՝ արծաթե, կապույտ, կանաչ և ոսկի: Հալդիրը շրջվեց Պահապանների կողմը և ասաց.
 
— Բարի գալուստ Քարաս Գալադոն կամ Անտառաբերդ: Ձեր առջև Գալադրիմների քաղաքն է, որտեղ հնուց ապրում են Լորիենի տիրակալներ Սելեբորնն ու Գալադրիելը... Բայց այստեղից բերդ ընկնել հնարավոր չէ, քանի որ դարպասը հարավային կողմում է և այնքան էլ մոտիկ չէ՝ Գալադոնը մեծ է:
 
Խանդակի երկարությամբ վեցանիստ մոլոշաքարով սալարկված լայն ճանապարհ էր ձգվում: Շրջանցելով զմրուխտե պատը՝ նկատեցին, որ սախարթների կանաչ ամպը ձախ կողմում գնալով ավելի է բարձրանում դեպի երկինք: Վերջապես բլուրն ամբողջությամբ երևաց և Պահապանները տեսան կրակներով գունազարդված Գալադոնը: Սաղարթներում վառվում էին նորանոր կրակներ, և երբ ճամփորդները մոտեցան կամրջին, բլրի թեք լանջը գունավոր աստղալից երկնքի արտացոլում էր թվում:
 
Սպիտակ քարից կամարակապ կամուրջը ճամփորդներին մոտեցրեց մի հոծ պատի, որի երկարությամբ Հալդիրը գնաց դեպի արևելք: Մի երեսուն քայլից հետո պատը վերջացավ, բայց նրա հետևում, առաջինից չորս քայլ հեռավորության վրա և զուգահեռ ձգվում էր երկրորդ պատը, իսկ դրանց արանքում նեղ միջանցք էր: Միջանցքով հետ վերադառնալով՝ ճամփորդները մոտեցան դարպասին: Ֆրոդոն հիացավ: Հարավային պատի մեջ բացված դարպասը նայում էր Անդուին Մեծին: Իսկ այդպես էր ստացվել, որովհետև հին վարպետները քաղաքի շուրջը կառուցած պատը չէին պարփակել, այլ ծայրերը կանգնեցրել էին մեկը մյուսին զուգահեռ՝ մեջտեղում նեղ միջանցք թողնելով: Ահա այդ միջանցքում էր գտնվում դարպասը:
 
Դարպասից աջ, բրոնզե շղթայից փայտե կոթով մուրճ էր կախված: Մուրճով բախելով՝ Հալդիրն ինչ-որ բան գոռաց, և ծանր դարպասն անաղմուկ բացվեց, բայց Ֆրոդոն ոչ մի պահակ չտեսավ: Ճամփորդները մտան, և դարպասը փակվեց: Էլի մի քսան-երեսուն քայլ հետո աջ կողմի բարձր պատն ընդհատվեց: Պահապանները մտան Անտառաբերդ՝ էլֆերի հինավուրց քաղաք: Քաղաքի բնակիչները չէին երևում, բայց ամեն տեղ լսվում էին նրանց զրնգուն ձայները, իսկ բլրի վրա գարնան անձրևի նման մեղմալուր և ուրախ երգ էր տարածվում:
Վստահելի
1342
edits