— Բարև, որդի և պատվիրակ Թրանդուիլի... Ես ցավում եմ, որ մեր հյուսիսային ազգակիցների համար գնալով դժվարանում է Օրհնյալ Երկիր հասնելը:
— Համեցիր, Արագորն, որդի Արաթհորնի... Դու երեսունութ տարի մեզ մոտ չես եղել և ապրել ես թափառականի դաժան կյանքով, ես այդ տեսնում եմ քո դեմքից: Բայց պայքարը, ինչպես գիտես, շուտով կավարտվի: Իսկ առայժմ մոռացիր քո հոգսերը, Լորիենում կարող ես անհոգ հանգստանալ:
— Ողջույն քեզ Ջիմլի, որդի Գլոյնի... Մեծն թագավոր Դուրինի կործանումից հետո Լորիենի սահմանները փակ են եղել թզուկների համար: Հանուն քեզ մենք զանց արեցինք այդ օրենքը: Ուրեմն թող մեր այսօրվա հանդիպումը Գալադոնում օգնի վերականգնելու մեր հին բարեկամությունը և ցրելու Միջերկրի վրա ծառացած սև ամպը...
Թզուկը խոնարհ ողջունեց տիրակալին:
Երբ Պահապանները հավաքվեցին դահլիճում, Սելեբորնը հարցական հայացքով նայեց բոլորին:
— Էլրոնդի Խորհրդում, սուրհանդակի խոսքերով, ինը Պահապան են ընտրվել,— ասաց նա,— ուրեմն հետո ինչ-որ բան փոխվե՞լ է...
— Ոչ, Խորհուրդն իր որոշումը չի փոխել,— խոսեց տիրուհին: — Նրա ձայնը հնչուն էր ու երգեցիկ, բայց անսպասելի ցածր: Պահապանները լուռ էին: — Որքան ես գիտեմ,— շարունակեց տիրուհին,— Պահապանների հետ ուղևորվել էր նաև Գանդալֆ Մոխրագույնը: Ես վաղուց էի ուզում նրան տեսնել, բայց նա Լորիենի սահմանները չի հատել, իսկ ես կարող եմ հետևել նրա ճանապարհին՝ միայն երբ նա իմ տերության մեջ է: Օտար հողերում հրաշագործին հետևելը վեր է նույնիսկ սուր Աչքի ուժերից...
— Գանդալֆ Մոխրագույնին կլանեց Մութը,— խոր հառաչելով, ասաց Արագորնը: — Նրան չհաջողվեց Մորիայից դուրս գալ:
— Դա իսկապես չարագույժ նորություն է,— ասաց Սելեբորնը և նրա դեմքը պատվեց տխրությամբ: Հալդիրին նայելով՝ նա էլֆերեն հարցրեց. — Ինչու՞ շուտ չէիք հայտնել այդ մասին...
— Հալդիրը մեր վշտի մասին չգիտե,— պատասխանեց Լեգոլասը համընդհանուր լեզվով: — Սկզբում մենք չափազանց հյուծված էինք Մորիայով անցած մեր ճանապարհի մասին պատմելու համար, իսկ հետո Լորիենի ամոքիչ խաղաղությունը ժամանակավորապես բթացրեց կորստի դառնությունը և չէինք ցանկանում այդ մասին վերհիշել:
— Բթացրեց, բայց չդարմանեց,— ավելացրեց Ֆրոդոն: — Քանի որ մեր կորուստն անփոխարինելի է, իսկ վիշտը... վիշտը երբեք չի մոռացվի: Գանդալֆը կարողացավ մեզ դուրս բերել Մորիայից և զոհվեց մարտում մեր փրկության համար:
— Բայց եթե նա կարողացել է ձեզ դուրս բերել Մորիայից, ապա ինչու ինքը ձեզ հետ միասին դուրս չի եկել,— տարակուսանքով հարցրեց Սելեբորնը:
— Որովհետև զոհվեց,— պատասխանեց Արագորնը: — Բայց ավելի լավ է հերթականությամբ պատմեմ: — Արագորնը Լորիենի տիրակալին պատմեց Քարադրասի ձնահողմի, ագռավների, գայլդարձյակների, Մորիա նահանջելու և ընդերքի Պահակի, Տարեգրության սրահի, Բալինի գերեզմանի, օրքերի և կամրջի վրա տեղի ունեցած մարտի մասին: — Դա Բալրոգն էր,— եզրակացրեց Արագորնը,— բոսոր կրակը խավարի հովանու տակ:
— Թշնամին սարատակի բոսոր ընդերքից,— վախով ավելացրեց Լեգոլասը:
— Ընդերքի Սարսափը՝ արթնացված թզուկների կողմից կամ Դուրինի Մեծ Չարքը,— վախը չթաքցնելով, քրթմնջաց Ջիմլին:
— Մենք ի սկզբանե գիտեինք, որ Քարադրասի խորքերում թաքնված է ահեղ բոսոր թշնամին,— Ջիմլիին նայելով, ասաց Սելեբորնը: — Ուրեմն թզուկները նորից են հրահրել նրան... Ափսոս, որ քեզ թույլատրեցի Լորիեն մտնել... Քեզ և բոլոր նրանց, ովքեր քեզ հետ եկել են: Իսկ Գանդալֆին հարկ է խելագար կոչել, քանզի Մորիա իջնել կարող էր միայն խելագարը... Բայց նա իմաստուն էր... Եվ ես չէ, որ պետք է որոշեմ, արդյոք վերջում համակե՞լ էր նրան խելագարություն, թե՞ ոչ:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]