— Մեզ հայտնի է, թե ինչու եք արշավանք դուրս եկել,— Ֆրոդոյին նայելով, ասաց Գալադրիելը,— և չնայած չգիտեմ, թե ինչպես կվերջանա այն, բայց այնուամենայնիվ հույս ունեմ, որ Գանդալֆն անտեղի չէր համառորեն Պահապաններին բերում Լորիեն: Շատ հնարավոր է, որ դուք անտեղի չեք եկել մեզ մոտ օգնություն խնդրելու: Գալադրիմների տիրակալը համարվում է Միջերկրի ամենաիմաստուն էլֆերից մեկը, և այն նվերները, որոնք դուք կստանաք նրանից, ուրիշ ոչ ոք չի կարող տալ: Նա շատ վաղուց է բնակություն հաստատել այստեղ, և այդ բոլոր անհամար տարիների ընթացքում ես եղել եմ նրա կողքին: Քանզի մենք անցել ենք լեռները և եկել այստեղ այն ժամանակ, երբ ընկան Նորգոտրոնդն ու Գոնդոլինը: Եվ ահա արդեն շատ դարեր, պարտության դատապարտված, բայց աննահանջ դիմադրում ենք չարին: Այդ ես եմ Դարաշրջանի սկզբում հավաքել Միջերկրի լուսավոր ուժերի առաջին Խորհուրդը, որը հետագայում անվանեցին Իմաստունների Խորհուրդ, և եթե այն ժամանակ, ինչպես ես էի առաջարկում, Գանդալֆը դառնար Խորհրդի Գերագույն Իմաստունը, հնարավոր է, որ կյանքն այլ կերպ ընթանար: Ի դեպ, Միջերկրի համար դեռ ամեն ինչ կորած չէ, շատ բան կախված է ձեր արշավանքից, և ես կարծում եմ, որ կարող եմ որոշ հարցերում օգնել ձեզ, քանզի ինձ հայտնի է ոչ միայն անցածը, ոչ միայն այն, ինչ հիմա տեղի է ունենում, այլ մասամբ և այն, ինչ պետք է պատահի: Ես չեմ կարող ձեզ խորհուրդ տալ, միայն կասեմ, որ գնում եք դանակի սայրի վրայով: Բավական է կորցնեք հավասարակշռությունը և դուք, իսկ ձեզ հետ միասին ողջ Միջերկիրը կկործանվի... Եվ կփրկի միայն փոխադարձ հավատարմությունը:
Տիրուհին լռեց, ապա հայացքով գամեց Պահապաններին և սկսեց յուրաքանչույուրին առանձին-առաձին զննել: Նրանք զգում էին, որ շարժվել չեն կարող, և բացի Արագորնից ու Լեգոլասից ոչ ոք չդիմացավ նրա հայացքին: Սեմը կաս-կարմիր կտրաց խոնարհեց գլուխը: Վերջապես տիրուհին հայացքն իջեցրեց և հանգստացնող, մեղմ տոնով ասաց.
— Իսկ այժմ, բարեկամներ, ժամանակն է, որ հանգստանաք:
Պահապանները թեթևացած ու հոգնած շնչեցին: Սկզբում, տիրուհու կախարդող հայացքի ներքո, նրանց բոլորին, բացի էլֆ Լեգոլասից և Արագորնից, տագնապալի անհանգստություն համակեց, իսկ հիմա խաղաղ հոգնածություն պատեց, ասես երկար ժամանակ նրանց հարցաքննել էին, թեև ոչ մի խոսք չէր ասվել:
— Բարի գիշեր ձեզ,— խոսեց Սելեբորնը: — Վիշտն ու ծանր փորձությունները տանջել են ձեզ, բայց մենք կօգնենք, որ վերականգնեք ձեր ուժերը և պայքարեք չարի անթիվ ծառաների դեմ:
Այդ գիշեր հուրախություն հոբիթների քառյակի, Պահապանները ստիպված չեղան բարձրանալ ծառի վրա: Էլֆերը շատրվանի մոտ վրան խփեցին, հյուրերի համար փափուկ անկողիններ գցեցին և, զրնգուն ձայներով բարի գիշեր մաղթելով, հեռացան: Երբ էլֆերի ձայները լռեցին, ճամփորդները քննարկեցին երեկվա դեպքերը, Ամրոթի դամբանաբլուրը, խոսեցին այսօրվա դեպքերի մասին, Լորիենի տիրակալների մասին, բայց Մորիայի դեպքերի մասին ոչինչ չխոսեցին՝ դրա համար առայժմ ուժ չունեին:
— Ասա խնդրեմ, ինչու կարմրեցիր տիրուհու մոտ, հը՞,— հանկարծ Սամին հարցրեց հետաքրքրասեր Փինը: — Էլֆ-տանտերերը կարող էին մտածել, թե ինչ-որ չարամտություն ունես: Հուսով եմ, քո չարագործ գլխում ոչ մի առանձնապես վտանգավոր միտք չկա, բացի իմ վերմակը գողանալու ստոր ցանկությունից:
— Վերմակը նրանից կծածկի՞ որ,— կատակին չպատասխանելով, փնթփնթաց Սամը: — Ախր նա ուղիղ հոգուս մեջ էր նայում... Նայում էր ու հարցնում. իսկ ի՞նչ կասես, եթե առաջարկեմ քեզ ուղևորվել Հոբիթստան... Դեռ մի տնակ ու տնամերձ էլ խոստանում էր...
— Ա՜յ քեզ բան,— զարմացավ Փինը: — Նա... չէ՞ որ ինձ էլ էր... Դե լավ, ինչ ասեմ... — ընդհատեց նա ինքն իրեն և շփոթված լռեց: Պարզվեց, որ արշավանքի յուրաքանչյուր մասնակցի, ինչպես մեկը մյուսին նայելով հասկացան Պահապանները, առաջարկվել էր պարզ, բայց անողոք ընտրություն հավատարմության և ամենանվիրական երազանքի միջև, Համընդհանուր Թշնամու դեմ մահացու վտանգավոր պայքարը դիր ուրիշի վրա, ճանապարհից շեղվիր՝ և երազանքդ կկատարվի:
— Նույնիսկ պատմել չարժե,— քրթմնջաց Ջիմլին: — Ինձ թվում է՝ այդպես ավելի ճիշտ կլինի:
— Ինձ այդ ամենը չափազանց տարօրինակ թվաց,— խոսեց Բորոմիրը: — Կարող է պատահել, տիրուհին ուզում էր փորձել մեզ, մեզ անհայտ, բայց բարի մտադրություններով... Եվ այնուամենայնիվ, ինչու՞ էր նա գայթակղում մեզ: Ինչու՞ էր այդքան վարպետորեն հավատ ներշնչում, որ կկատարի իր խոստումները: Գուցե որ մեր մտքե՞րն իմանա: Ավելորդ է ասել, որ ես նրան չլսեցի: Խոսքի տերը լինելը գոնդորցու համար օրենք է...
Սակայն Պահապաններն այդպես էլ չիմացան, թե ինչ էր նրան խոստացել տւրուհին:
Ֆրոդոն չէր ուզում խոսել, բայց Բորոմիրը նրա վրա հարցերի տարափ տեղաց:
— Իսկ քեզ ինչո՞վ էր հրապուրում տիրուհին, Մատանու Պահապան,— կրկնում էր նա:
Ֆրոդոն չցանկացավ պատասխանել Բորոմիրին:
— Այդ մասին չարժե պատմել,— համոզված ասաց նա՝ կրկնելով Փինին և Ջիմլիին:
— Զգոն եղիր... — խորհուրդ տվեց նրան գոնդորցին: — Նրա մտադրությունները հայտնի չեն...
— Հայտնի են,— Բորոմիրին ընդհատեց Արագորնը: — Իսկ այ դու չգիտես ինչ ես խոսում: Այս հողի վրա չարին տեղ չկա, այն մահանում է նույնիսկ չարարկուների մտահղացումներում...