Վերջապէս, որոշեցինք մեր բեռները ձգել մի նշանակուած քարի տակ եւ մենք էլ շտապ֊շտապ իջանք դէպի դաշտը։ Չգիտէինք, ո՞ւր գնալ․ Վանքը հեռու է, Կարանի մտնել չենք կարող, ուրիշ գիւղ էլ չգիտէինք։
Վերջապէս, վազէվազ հասնում ենք դաշտը, որոշում ենք մտնել առաջին պատահած աճամի գիւղը։ Ձիւնով անձրեւով թրջուած ենք․ոչ մի թուրք, թաթար չի համաձայնոմւ մեզ ներս առնել։ «Սայտամ» կը լինեն, հակառակ նրան, որ դրամ էինք առաջարկում գիշերելու համար։ Երկար թափառումներից յետոյ, մի քիւրդ համաձայնում է մեզ ներս առնել իր տունը եւ թոնիր վառել մեր շորերը չորացնելու համար, պայմանով, որ մի գիշերուայ համար իրեն երկու թուման տանք։ Ճար չկայ, համաձայնւում ենք… Ներս ենք մտնում մի ցածլիկ խրճիթ․ վառում են թոնիրը ծխով լցւում է խրճիթը․ բայց այդ բոլորը մեզ համար ոչինչ է, որովհետեւ ուղղակի փայտացել էինք։ Մեր արիւնը կարծես կանգ էր առել։ Վերջապէս, տեղաւորւում ենք թոնիրի չորս կողմը։ Մարմինս տաքանում է, ոտներս հանում եմ ուրիշ գուլպայ հագնելու եւ ընկնում եմ հողէ գետնի վրայ․ մի անուշ քուն է գալիս վրաս․ քնում եմ խորունկ, հարբեցած, մի անյայտ երջանկութեան զգացմունքով… Բայց հայ գիւղացին, կամ առհասարակ արեւելցին, ոչ յոգնել գիտէ, ոչ հանգստանալ եւ, մանաւանդ, ոչ էլ ուրիշների հանգստեան արժէքը գիտէ։ Ջաֆարը, որտեղից ո՞ւր, գիւղից նաղարաջին, զուռնաջին գտել է եւ բերել մեր խրճիթը։ Հաւաքուել են գիւղի աղջիկները եւ հարսները, երգում են, պարում ու քէֆ անում… Քնել անհանարին է այլեւս․ ստիպուած եմ նստել։ Իմ կացութիւնը ծանր էր․ նախ որ քրդերէն չգիտէի, ուստի համրի դերի մէջ էի․ երկրորդ՝ պատուիրած էի, որ ամբողջ ճանապարհին, մանաւանդ օտարների ներկայութեան, ինձ որեւէ ծառայութիւն չանեն, — արդէն դիտմամբ աղքատի հագուստ էի հագել աչքի չընկնելու համար։ Ի դէպ, պէտք է ասել, որ Ջաֆարը իմ այս հանգամանքից օգտուելով՝ թէ՛ այս գիշեր եւ թէ՛ ապագային ինքն իրեն խմբի աղա էր հռչակել եւ աջ ու ձախ հրամաններ էր արձակում։ Քրդերը նկատել էին իմ տարօրինակ դիրքը, որ չեմ երգում, խաղերին չեմ միջամտում եւայլն։ Ջաֆարը փութաց երեւոյթները փրկել՝ յայտարարելով, որ ես վանեցի եմ, Մահմատ Սատըգի֊Խաչան գիւղի վարժապետը եւ բէյի <i>«քեաթիպը»</i>՝ (գրագիրը), հիւանդ եմ, քէֆ չունիմ։ Վերջապէս, ամէնքը ցրւում են, եւ մենք տան տէր քիւրդ ընտանիքի հետ մինակ ենք մնում խրճիթի մէջ, որը այնքան նեղ էր, որ ամէնքիս պառկելու տեղ չէր տալիս։ Մի քանիսը մնում են նստած եւ այնպէս ննջում։ Առաւօտեան լուսաբացին, քրդին վճարելով իրեն խոստացուած երկու թումանը եւ հացի գինը՝ ճանապարհւում ենք դարձեալ դէպի Ալագան։ Թէեւ խիստ ցուրտ է, բայց օդը արդէն պարզուել է, եւ շուտով արեւ կʼունենանք։ Մենք շտապում էինք, որովհետեւ վախենում էինք, թէ քրդերը մեզնից վաղ կարող են ելնել լեռը եւ մեր պահած բեռները գտնել։ Բայց համարեա թէ միաժամանակ ենք հասնում, վերցնում ենք բեռները եւ բարձրանում Ալագանի գլուխը։ Մեր առջեւ կամաց֊կամաց բացւում է Աբաղայի սիրուն դաշտը։ — <i>«Հրէ՜ն սահմանի նշանը»</i>… ձայնում է Ջաֆարը, ցոյց տալով մի կլոր եւ ծակ քար։ Ճիգ եմ անում ինձ ներշնչելու, թէ այսուհետեւ օդը պիտի փոխուի, տեսարանները՝ նոյնպէս։ Բայց շուտով պիտի տեսնենք սոսկալի տեսարաններ… Չէ՞ որ «արցունքի հովիտն» ենք իջնում։ Սակայն իմ ճիգերս ի զուր են անցնում․ օդը, բնութիւնը, լեռները, նոյնիսկ մարդիկ նոյնն են, ինչ որ Պարսկաստանի կողմը տեսանք։ Շուտով իջնում ենք դէպի Աբաղայ։ Իջնելը աւելի դժուար է փիւնային ճանապարհով․ յաճախ ընկնում եւ խրւում ենք ձիւնի մէջ։ Ճանապարհը, ոչ աւելի քան երկու տոաչափ լայնութեամբ, նեղ ժապաւէնի պէս պտոյտներ է անում սարի լանջերին։ Պէտք է լարուած ուշադրութեամբ գնալ, մանաւանդ ինձ պէս անփորձ մարդկանց համար, ապա թէ ոչ մի անզգոյշ քայլ, եւ կʼընկնես անդունդ․ իսկ լաւագոյն դէպքում՝ կը խրուես մարդահասակ ձիւնի մէջ, որից ելնելու համար չորս մարդու օգնութիւն է հարկաւոր։ Դեռ դաշտը չհասած՝ ճիշդ Չպուխլու գիւղի վերեւ, մեր ուղեկիցներից անձաւցի մի տղայ, որ շատ ծանր բեռ ունէր, յանկարծ սայթաքուեց ու գլորուեց։ Մէկ էլ տեսանք՝ ձիւնի մէջ ոտքով֊գլխով եւ բեռով կորաւ։ Ընկել էր մի ձորի մէջ, ուր հողմերը ահագին քանակութեամբ փափուկ ձիւն էին դիզել։ Ահագին նեղութեամբ եւ տանջանքով հազիւ կարողացանք խեղճին ձիւնի տակից հանել կիսամեռ վիճակի մէջ։ Վերջապէս երեկոյեան դէմ հասնում ենք Չպուխլու։ Գիւղից մի քիչ դուրս նստում ենք․ գիւղ մտնել վտանգաւոր էր։ Մեծ գիւղ էր․ սակաւաթիւ հայ տներով։ Ծանօթ մարդ ենք ճամբում հաց բերելու․ ամբողջ օրը բան չենք դրել բերաններս։ Բոլոր քրդերը տաիքների վրայ զբաղուած են ոչխարներով․ խոտ են ձգել ձիւնի վրայ, «<i>խեծոց</i>» են արել եւ արածեցնում են ոչխարներին։ Ձմեռը այսպէս են կերակրում ոչխարներին՝ առաւօտ եւ երեկոյ դուրս տանելով եւ ձիւնի վրայ խոտ ցանելով․ թէ՛ խոտը կը փափկանայ, թէ փոշին կը մաքրուի եւ թէ ոչխարը, թաց խոտ ուտելով, ջրի պէտք չի ունենայ։ Հաց ուտելուց յետոյ, երբ մութը արդէն կոխել էր, ուղեւորւում ենք դէպի Խաչան։ Այսօր այնտղ պիտի գիշերենք։ Հասնում ենք Խաչան։ Հազար ու մի զգուշութիւններ ձեռք առնելով մեզ ներս են տանում։ Խաչանը քրդական մեծ գիւղ է․ այնտեղ է նստում հայտարանցի յայտնի բէյերէն Մահմատ Սատըգ բէյը։ Հայերը, թէեւ թուով աւելի քիչ են, քան քրդերը, բայց Աբաղայի հայ գիւղերից ամենաուժեղը եւ ամենահարուստը Խաչանի հայերն էին։ Ինձ տանում են Ռէս Ռաշոյի «օտա»ն։ Գիւղական «օտա»ն ձմեռուայ համար ամենաախորժելի վայրն է գիւղի մէջ, ուր բնակարանի ոչ մի յարմարութիւն չկայ, ուր գաղափար անգամ չկայ լուսամուտներով սենեակի մասին, ուր հայ եւ քիւրդ տները այնպէս են, ինչպէս նկարագրում է Քսենոֆոնը․— ձմեռը մուտը կտուրիցն է, լայն եւ երկար ձգուած սանդուխներով դէպի ներս․ կենդանիները, բացի ոչխարներից եւ այծերից, ձմեռը փակուած են մնում մինչեւ գարուն՝ ախոռի մէջ կերակրուելով, մանաւանդ ջրուելով մարդու մէջքով կրուած ջրով։ «Օտա»ն կենդանիների ախոռի մէջ, մեծ մասամբ վերի գլուխը, յաճախ ճիշդ մէջտեղը, բարձր սաքուի իման մի տեղ է, ուր օջախ կայ եւ բարձր — չորս կողմից — նստելու տեղ։ «Օտա»ն հաճելի էր իր տաքութեամբ ոչ թէ ողորմելի օջախի, այլ անասունների արտաշնչութեան շնորհիւ։ «Օտա»յի մեծութիւնը մեծ մասամբ կախուած է տան տիրոջ հարստութիւնից։ Երբ շատ հարուստ է, այսինքն՝ ունի բազմաթիւ եզներ, տաւար եւ գոմէշ, գոմն էլ կը լինի ընդարձակ եւ մեծ։ Խաչանցի Ռէս Ռաշոյի տունը ինձ յիշեցրեց Րաֆֆիի «Խենթ»ի տանուտէր Խաչոյի տունը։ Ինչպէս Ջաֆարն էր ասում, նա ունէր 250֊300 կապ գոմէշ, եզներ, կովեր եւայլն․ ունէր ե՛ւ 1000ից աւելի ոչխար։ Այս հարստութիւնը ինձ շատ զարմացրեց, որովհետեւ մենք միշտ լսել ու կարդացել էինք միայն կողոպտուած, թալանուած եւ աղքատ Հայաստանի մասին, իսկ տանուտէր Խաչոյի տունը անցած գնացած էր համարւում։ Ռէս Ռաշոյի տունը հարուստ էր ե՛ւ հիւրասիրութեամբ, մանաւանդ հայրենասիրութեամբ։ Շրջանի քիչ հայ տներիցն առաջինն էր, որ մեծ գործին օգնում էր ազգասիրաբար։ Աբաղայով անցնող, գաղտնի եւ յայտնի յեղափոխական խմբերի, սուրհանդակների, ինչպէս եւ սահման անցնող կամ դարձող բազմաթիւ գաղթականների հացն ու կերակուրը Խաչանի սահմանում հոգացւում էր Ռէս Ռաշոյի տնից։ Ռէս Ռաշոյի <i>օտայում</i> մեզ հիւրասիրեցին բուլղուր փլաւով, հաւով, մածնով, կարագով, պանիրով եւ լաւ ճերմակ հացով… Սեղանը նոր էին հաւաքել, երբ յանկարծ լուր եկաւ, թէ քրդերը գալիս են մեր «օտա»ն։ Իսկոյն ինձ տեղափոխեցին «Բրախոլամ»ի տունը, որ մի աղքատ խրճիթ էր եւ շատ էլ ցուրտ։ Մոռացել եմ յիշել Բրախոլամի եւ մի այլ «շնորհքի» մասին։ Նա իր այդ հասակով երկրորդ կին էր առել, երբ առաջինը դեռ կենդանի էր։ Երկրորդ կնոջից ունէր երեք մանչ, որոնց մասին հպարտութեամբ ասում էր․ «<i>Ազ բաբէ Սերոբ, Քերոբ, Մեսրոպ․— Ես Սերոբի, Քերոբի եւ Մեսրոպի հայրն եմ…</i>»։ Աւելի զարմանալին այն էր, որ երկու կինն էլ ապրում էին միեւնոյն յարկի տակ։ Չգիտեմ, այս կրկնակի ամուսնութեա՞ն, թէ այլ պատճառով «Բրախոլամ»ը բաժանուած էր մեծ որդիներից՝ Գրիգորից եւ Կնեազից, որոնք ամուսնացած էին եւ որոնց հետ էր ապրում նաեւ իրանց մայրը։ Տան պակասութի՞ւն էր, թէ մի այլ բան, այս երկու բաժանուած եւ հակընդդէմ ընտանիքները ապրում էին միեւնոյն բնակարանում։
<references/>