— Այո՛, այո՛, զգույշ եղեք,— Հալդիրին ձայնակցեցին մյուս էլֆերը: — Մեր նավակները խորը չեն սուզվում, եթե նույնիսկ չափից ավելի են բեռնված, և դուք դրանց միանգամից վարժվել չեք կարող: Սկզբում ափի մոտ փորձեք, ստուգեք, թե ինչպես են սահում ջրի վրա:
Պահապաններն անշտապ նստեցին մակույկները, առաջինը՝ Ֆրոդոն ու Սամը Արագորնի հետ, նրանցից հետո՝ Փինն ու Մերին Բորոմիրի հետ, իսկ վերջերս մտերմացած Ջիմլին ու Լեգոլասը նստեցին երկուսով՝ նրանց նավակում դրեցին նաև մթերքի պարկերը:
Նավակների հատակին դրված էին տերևաձև բերաններով թիեր: Արագորնը թիով հրվեց կառանատեղից և փորձի համար գնաց հոսանքին հակառակ՝ դեպի վեր: Նա թիավարել գիտեր, բայց գետն արագահոս էր և մակույկը բավական դանդաղ էր շարժվում: Սամը տեղավորվել էր առջևի նստարանին և, երկու ձեռքով նավակի կողերից կառչած, սարսափով նայում էր ջրին: Կախարդուհին ուրախ փայլփլում էր արևի տակ, երբեմն նավակի կողքով հացենու տերև էր լողում դեպի Անդուին:
Շուտով մարգագետինը վերջացավ և ճամփորդների գլխավերևում սաղարթի կամար կապվեց: Օդը չոր էր, բայց թարմ ու զով, լռությունը խզում էր միայն արտույտի երգը:
Գետը կտրուկ շրջադարձ կատարեց՝ և հեռվում երևաց հոսանքի ուղղությամբ լողացող մի հսկայական կարապ՝ հպարտ, ձյունաճերմակ պարանոցով, սաթե աչքերով, ոսկեզօծ կտուցով և թեթևակիորեն բացված թևերով: Լսվեց ցածր, քնքուշ երաժշտություն: Երբ զարմանալի թռչունը մոտեցավ, ճամփորդները հասկացան, որ դա նավակ է, էլֆերի զարմանալի վարպետության արդյունքը: Հեռվից կարապը կենդանի էր թվում, թեև անբնական մեծ էր: Ճերմակ հագուստներով երկու էլֆ վարժ աշխատում էին մեծ սև թիերով:
Նավակում նստած էր Լորիենի տիրակալը, իսկ նրա հետևում կանգնած էր Գալադրիելը: Տիրուհին քնարով ինքն իրեն ցածր նվագակցելով էլֆական թախծալուր երգ էր երգում: Նրա տխուր, բայց գեղեցիկ ձայնը մեղմորեն տարածվում էր ձմեռային սառը, մաքուր օդում:
Տիրակալների նավակը հասավ Պահապաններին:
— Մենք եկել ենք հաջողություն մաղթելու ձեզ ձեր վտանգավոր ու դժվարին ճանապարհին,— ասաց Գալադրիելը: — Թո՛ղ որ բոլոր արգելքները վերանան ձեր ճանապարհից:
— Դուք երկար ժամանակ մեր հյուրը եղաք,— ավելացրեց Սելեբորնը,— բայց մենք ոչ մի անգամ միասին խնջույք չարեցինք: Ուստի և խնդրում ենք մասնակցել հրաժեշտի ճաշկերույթին սահմանային գետի ափին:
Կարապը դանդաղ լողաց դեպի կառանատեղին: Նավակները շրջելով՝ ճամփորդները հետևեցին նրան: Մարգագետնում, կանաչ խոտի վրա, դրված էին ճաշկերույթի պարագաները:
Ֆրոդոն ճաշկերույթի ընթացքում համարյա ոչինչ չկերավ: Նա տխուր նայում էր էլֆերի տիրուհուն ու լսում նրա ձայնը: Տիրուհին հզոր ու ահազդու չէր թվում այլևս, բայց ինչ-որ բան նրա մեջ փոխվել էր՝ ասես, մոտ լինելով, միաժամանակ հեռացել էր ու անհասանելի դարձել՝ վերածվելով վաղուց ժամանակի ալիքների հետևում մնացած դարաշրջանի կենդանի տեսիլքի: Ու մինչ այսօր էլ այդպիսին են թվում էլֆերը հետագա դարերում ծնված մարդկանց:
Ճաշն ավարտվեց, բայց դեռ ոչ ոք չէր շտապում վեր կենալ: Սելեբորնը ձեռքը բարձրացրեց և ցույց տվեց հարավ:
— Հոսանքն ի վար անտառը շուտով կնոսրանա ու կվերջանա,— ասաց նա: — Հետո ամայի տափաստան կսկսվի: Գետը կթեքվի դեպի արևելք, իսկ հետո, մի քանի վիթխարի ոլորաններից հետո, աստիճանաբար նեղանալով, կթեքվի հարավ: Ապա, կտրելով ամայի սարահարթը, կհասնեք մի բարձր կղզու, որը կոչվում է Ժայռոտ կամ էլֆերեն՝ Թոլ Բրանդիր: Կղզին գետը բաժանում է երկու կատաղի վտակի, որոնք մեծ աղմուկով ու որոտով, ջրի ամպ բարձրացնելով գահավիժում են Նենդալֆի հովիտը կամ ձեր լեզվով՝ Ցածրահովիտ: Ռաուրոսը՝ այդ ջրվեժը, իհարկե նավակներով հաղթահարել հնարավոր չէ, ստիպված կլինեք շրջանցել այն: Ցածրահովիտը ճահճոտ վայր է, այնտեղ Գետը բաժանվում է բազմաթիվ վտակների: Այնտեղ Այնտեղ Անդուինին է միանում Էնտուոշ գետը, որը հոսում է արևմուտքից, Ֆենգորնյան անտառից: Էնտուոշի ափերը պատկանում են Ռոհանին: Ռոհանցիների հողերը գետի մյուս ափին են: Այս ափին Էմին Մուիլի լերկ ժայռերն են: Այդ բարձրավանդակի մյուս կողմում փռված են Մեռյալ Ճահիճները, որոնց մյուս կողմում գտնվում են Քիրիթ Գորգորն ու Մորդորի Սև դարպասը: Սակայն Բորոմիրը և ձեզանից նրանք, ովքեր պետք է գնան Մինաս Թիրիթ, ավելի լավ է Անդուինին հրաժեշտ տան մինչև Ռաուրոս հասնելը և հատեն Էնտուշը նրա ճահճոտ բերանից վերև: Միայն թե Էնտուոշի հոսանքով շատ վեր չբարձրանաք և, առավել ևս, պետք չէ խորանալ Ֆենգորնի անտառում, քանզի այդ հինավուրց անտառի մասին բավական տարօրինակ բաներ են պատմում: Այդ երկրամասի մասին քիչ բան է հայտնի՝ հատկապես հիմա: Ձեզ համար այն օտար է և վտանգավոր, բայց Բորոմիրն ու Արագորնը իրենք էլ գիտեն այդ մասին:
— Իսկապես, Մինաս Թիրիթում Ֆենգորնի մասին տարօրինակ առասպելներ են շրջում,— համաձայնեց Բորոմիրը:
[[Կատեգորիա:Հեքիաթ]]