Changes
/* Գլուխ ութերորդ. Հրաժեշտ Լորիենին */
Ճաշն ավարտվեց, բայց դեռ ոչ ոք չէր շտապում վեր կենալ: Սելեբորնը ձեռքը բարձրացրեց և ցույց տվեց հարավ:
— Հոսանքն ի վար անտառը շուտով կնոսրանա ու կվերջանա,— ասաց նա: — Հետո ամայի տափաստան կսկսվի: Գետը կթեքվի դեպի արևելք, իսկ հետո, մի քանի վիթխարի ոլորաններից հետո, աստիճանաբար նեղանալով, կթեքվի հարավ: Ապա, կտրելով ամայի սարահարթը, կհասնեք մի բարձր կղզու, որը կոչվում է Ժայռոտ կամ էլֆերեն՝ Թոլ Բրանդիր: Կղզին գետը բաժանում է երկու կատաղի վտակի, որոնք մեծ աղմուկով ու որոտով, ջրի ամպ բարձրացնելով գահավիժում են Նենդալֆի հովիտը կամ ձեր լեզվով՝ Ցածրահովիտ: Ռաուրոսը՝ այդ ջրվեժը, իհարկե նավակներով հաղթահարել հնարավոր չէ, ստիպված կլինեք շրջանցել այն: Ցածրահովիտը ճահճոտ վայր է, այնտեղ որտեղ Գետը բաժանվում է բազմաթիվ վտակների: Այնտեղ Այնտեղ Անդուինին է միանում Էնտուոշ գետը, որը հոսում է արևմուտքից, Ֆենգորնյան անտառից: Էնտուոշի ափերը պատկանում են Ռոհանին: Ռոհանցիների հողերը գետի Գետի մյուս ափին են: Այս ափին Էմին Մուիլի լերկ ժայռերն են: Այդ բարձրավանդակի մյուս կողմում փռված են Մեռյալ Ճահիճները, որոնց մյուս կողմում իսկ դրանցից այն կողմ գտնվում են Քիրիթ Գորգորն ու Մորդորի Սև դարպասը: Սակայն Բորոմիրը և ձեզանից նրանք, ովքեր պետք է գնան Մինաս Թիրիթ, ավելի լավ է Անդուինին հրաժեշտ տան մինչև Ռաուրոս հասնելը և հատեն Էնտուշը նրա ճահճոտ բերանից վերև: Միայն թե Էնտուոշի հոսանքով շատ վեր չբարձրանաք և, առավել ևս, պետք չէ խորանալ Ֆենգորնի անտառում, քանզի այդ հինավուրց անտառի մասին բավական տարօրինակ բաներ են պատմում: Այդ երկրամասի մասին քիչ բան է հայտնի՝ հատկապես հիմա: Ձեզ համար այն օտար է և վտանգավոր, բայց Բորոմիրն ու Արագորնը իրենք էլ այդ մասին արդեն գիտեն : — Իսկապես, Մինաս Թիրիթում Ֆենգորնի մասին տարօրինակ առասպելներ են շրջում,— համաձայնեց Բորոմիրը: — Սակայն դրանց մեծ մասը ծեր շաղակրատների հնարանքներ են: Մենք այդ հեքյաթները երեխաներին ենք պատմում: Ռոհանից դեպի հյուսիս ընկած այդ հողերը այնքան են ժամանակի ընթացքում հեռացել մեզանից, որ մարդկանց երևակայությունը ինչով ասես բնակեցնում է դրանք: Հինավուրց Ֆենգորնը գտնվում է մեր թագավորության սահմանների մոտ, բայց արդեն շատ սերունդներ գոնդորցիներն այնտեղ չեն եղել, ուստի և ժամանակի խորքերից եկած այդ առասպելները հերքել ոչ ոք չի կարող, սակայն հաստատել էլ ոչ ոք չի կարող: Ես անցել եմ Ռոհանով, բայց նրա հյուսիսային սահմաններին չեմ մոտեցել: Երբ ինձ ուղարկեցին Իմլադրիս, ես ընտրեցի Լեռնանցքով գնացող ուղին և, հետևում թողնելով Սպիտակ Լեռները, Իզենն ու Մոխրաջուրը, հասա հյուսիսային հողեր: Դա շատ երկար ու հյուծիչ արշավ էր. ես հաղթահարեցի առնվազն չորս հարյուր լիգ և ամսից ավելի անցկացրի ճանապարհներին, քանզի Թարբադում Մոխրաջուրը հատելիս կորցրի ձիուս: Բայց այժմ, հաղթահարելով այդ ուղին և այն, որն անցա Ջոկատի հետ, կարծում եմ, որ հեշտությամբ կգտնեմ տան ճանապարհը Ռոհանի հարթավայրերով և, եթե կարիք լինի, նաև Ֆենգորնով կանցնեմ: — Այդ դեպքում ես ավելացնելու ոչինչ չունեմ,— ասաց Սելեբորնը: — Սակայն պետք չէ այդպես թեթևամտորեն վերաբերվել հնագույն առասպելներին: Իսկ ծեր շաղակրատների խոսքերի մեջ ճշմարտության մասնիկներ շատ կան: Տեսնելով, որ գոնդորցին էլ չի շարունակելու, Գալադրիելը վեր կացավ, վերցրեց սպիտակ մեղրով լի գավաթը և, մեկնելով Սելեբորնին, հանդիսավոր հայտարարեց. — Ժամանակն է խմել հրաժեշտի թասը: Խմի՛ր, օ՛ գալադրիմների տիրակալ, կեսօրից հետո գիշեր է գալիս, բայց թող չտխրի քո սիրտը, որ մեր երեկոն արդեն մոտ է: Հետո նա գավաթը ձեռքին հերթով մոտեցավ հյուրերին, առաջարկեց նրանց կում անել մեղրից և հաջողություն ցանկացավ ամենքին առանձին: Երբ բոլորը խմեցին, տիրուհին առաջարկեց նորից նստել: — Մենք հրաժեշտ տվեցինք միմյանց,— երկար լռությունից հետո խոսեց նա,— և մեզ արդեն անջրպետում է կայանալիք բաժանման անտեսանելի ստվերը: Բայց Լորիենից հեռանալուց առաջ ընդունեք էլֆերի հրաժեշտի նվերները: Սկզբում նա դիմեց Արագորնին. — Քեզ համար, Պահապանների Ջոկատի առաջնորդ, մեր վարպետները պատրաստել են փառապանծ Էլենդիլի սրին վայել պատյան: Պատյանը ծածկված էր խորամանկորեն իրար միահյուսված ոսկե և արծաթե ծաղիկներով ու տերևներով, իսկ տերևների արանքում թանկարժեք քարերով էլֆական ռունագրեր էին, որոնք կազմում էին սրի անունը՝ Անդրիլ, և պատմում նրա պատմությունը: — Այդ պատյանից հանվող թուրը չի կարող կոտրվել կամ բթանալ, նույնիսկ եթե պարտություն կրի... Սակայն շուտով մեր միջև կփռվի անթափանց ու սև Խավարի Վարագույրը: Ուրեմն չունե՞ս արդյոք որևէ նվիրականք իղձ, որ կարող եմ իրականացնել միայն ես: Եվ Արագորնը պատասխանեց նրան. — Տիրուհի, իմ երազանքը քեզ հայտնի է: Դու երկար ժամանակ պահպանել ես քո մոտ այն միակ գանձը, որին ես տենչում եմ: Բայց նույնիսկ եթե ցանկանաս էլ, քո ուժերից վեր է տալ այն ինձ: Միայն անցնելով Խավարի միջով, ես կգտնեմ այն: — Լավ, ասաց տիրուհին,— բայց գուցե այն, ինչ կտամ փոխարենը, մխիթարանք դառնա քեզ համար: Այս իրը թողնված է է ինձ մոտ, որպեսզի ես պահպանեմ այն ու փոխանցեմ քեզ այն դեպքում, երբ դու անցնես մեր հողերով: Նա Արագորնին մեկնեց թափանցիկ կանաչ քարից պատրաստված մի կրծքազարդ: Այն նման էր բացված թևերով արծվի ու մեղմ լույս էր ճառագում: — Ժամանակին ես այս զարդը նվիրել եմ իմ աղջկան՝ Սելեբրայնին, իսկ նա՝ իր դստերը: Սակայն այժմվանից այն քոնն է, քանզի ահա թե ինչ է կանխագուշակված. Կգա ժամանակը և կկոչեն քեզ Էլեսար՝ էլֆական բյուրեղ Էլենդիլի տոհմից: Արագորնը խոնարհվեց, ընդունեց կրծքազարդն ու ամրացրեց կրծքին. հանկարծ նա ասես աճեց, և բոլորը տեսան նրա իսկական արքայական դեմքը, և ասես ուսերն ազատվեցին կործանարար հողերում դեգերելու բազմամյա լուծից: — Երախտապարտ եմ քեզ, օ՜ Լորիենի տիրուհի, որ կյանք ես տվել Սելեբրայնին ու Արվենին,— գոչեց նա: Տիրուհին լուռ գլուխը խոնարհեց: Երկու հոբիթներին՝ Փինի ու Մերիին, Գալադրիելը խոշոր ծաղկաձև ճարմանդներով արծաթե գոտիներ նվիրեց, Բորոմիրին՝ մեծ ոսկե գոտի, Լեգոլասը լորիենյան աղեղ ստացավ, որն ավելի ձիգ ու հզոր էր, քան չարքանտառի էլֆերի աղեղները, և նետերով լի կապարճ: — Իսկ քեզ, փոքրկ իմ այգեպան,— տիրուհին քնքուշ ասաց Սամին,— հատուկ նվեր եմ պատրաստել, համեստ, սակայն հուսով եմ, օգտակար: — Նա հոբիթին մեկնեց մի փոքրիկ տուփ, որի վրա ոչինչ չկար, բացի կափարիչին փորագրված ռունագիր «Գ» տառից: — «Գ» նշանակում է Գալադրել,— բացատրեց տիրուհին: — Այդ տուփիկում ես մի քիչ հող եմ դրել իմ այգուց և օրհնել եմ բերքառատությամբ: Այն քեզ չի պաշտպանի ճանապարհի վտանգներից, չի փրկի թշնամու նետից ու թրից, բայց եթե դու երբևէ վերադառնաս տուն և այս հողով պարարտեցնես նույնիսկ ավերված ու լքված այգիդ, ապա այն չտեսնված փարթամորեն կծաղկի: Եվ այն ժամանակ գուցե հիշես Լորիենը ու տեսնես նրա պայծառ լույսը, թեև հանդիպեցիր մեզ մեր ձմեռվա օրերին: Գարունն ու աշունը վաղուց հեռացել են, դարձել հիշողություն և այլևս չեն վերադառնա այս աշխարհ: Սամը մինչև ականջների ծայրը կարմրեց և, շփոթված շնորհակալական խոսքեր քրթմնջալով, խոնարհվեց էլֆերի տիրուհուն: — Իսկ ի՞նչ հիշատակ կուզենար ստանալ էլֆերից թզուկը,— հարցրեց Գալադրիելը Ջիմլիին: — Ոչ մի, տիրուհի,— ասաց Ջիմլին: — Ինձ համար բավակն է, որ սեփական աչքերով տեսել եմ Լորիենի հրաշագեղ տիրուհուն: — Լսեցի՞ք,— էլֆերին դիմեց Գալադրիելը: — Հիմա, ես կարծում եմ, ձեզ այևս չի թվա, որ թզուկները ագահ են ու շահախնդիրներ: Սակայն առանց նվեր մենք քեզ բաց չենք թողնի, Ջիմլի, որդի Գլոյնի,— ավելացրեց նա: Ասա ինձ, ի՞նչ հիշատակ կուզեիր ստանալ գալադրիմներից: — Ոչինչ չեմ խնդրում, տիրուհի,— պատասխանեց թզուկը,— եթե միսյն... — և հանկարծ լռեց: Բայց հետո սիրտ արեց ու խոսեց. — Եթե խոսենք անիրականալի երազների մասին... ապա ես կուզեի որպես ընծա ստանալ Լորիենի տիրուհու մազափունջը: Թզուկները թանկարժեք իրերի հարկը լավ գիտեն, տիրուհի, բայց քո վարսերի համեմատությամբ ոսկին ժանգոտ երկաթ է թվում: Մի բարկացիր, որ ուրիշ ոչինչ չեմ խնդրում... — թզուկը խոնարհվեց և լռեց: Լսվեց էլֆերի վախեցած փսփսոցը, իսկ Սելեբորնը զարմացած նայեց թզուկին: Բայց տիրուհին ժպտաց ու մեղմ հարցրեց. — Իսկ ի՞նչ կանեիր այդ ընծան: — Կպահպանեի այդ գանձը, տիրուհի, ի հիշատակ այն խոսքերի, որոնք արտասանեցիր մեր առաջին հանդիպման ժամանակ: Եվ եթե երբևէ վերադառնամ հարազատ դարբնոցներ, կտեղադրեմ քո ընծան ամենաամուր բյուրեղի մեջ, որը ոչ ոք չի կարողանա կոտրել և կկտակեմ իմ սերունդներին որպես անտառների ու լեռների ժողովուրդների բարեկամության հավերժ հիշատակ: Եվ տիրուհին արձակեց իր մազափնջերից մեկը, կտրեց այն, տվեց թզուկին ու ասաց. — Ես ոչինչ կանխագուշակել չեմ ուզում, քանզի Միջերկրի վրա Մութն է իջնում, և մենք չգիտենք, թե ինչ է սպասում մեզ ապագայում: Բայց եթե վիճակված է, որ Մութը ցրվի, ապա ոսկին ինքը կհոսի քո ձեռքերի մեջ, սակայն վրադ իշխանություն չի ունենա: — Քեզ, Պահապան, վերջում եմ ընծա տալիս,— Ֆրոդոյին նայելով ասաց Գալադրիելը,— թեև դու վերջինը չես իմ մտքերի շղթայում: Ահա թե ինչով եմ ուզում թեթևացնել քո ճանապարհը գոնե մի փոքր: — Նա վեր կացավ և հոբիթին մեկնեց ներսից լուսավորվող մի բյուրեղապակե անոթ: