Ռասկոլնիկովը գնաց։ Սոնյան նրա ետևից նայում էր այնպես, ինչպես նայում են խելագարվածին, բայց նա ինքն էլ ասես թռցրել էր խելքը և այդ զգում էր։ Նրա գլուխը պատվում էր։
*Տեր «Տեր աստված, նա գիտե, թե ով է սպանել Լիզավեատային։ Ի՞նչ էին նշանակում այդ խոսքերը։ Դա սարսափելի է»։ Բայց միևնույն ժամանակ ոչ մի կերպ, ոչ մի կերպ նրա մտքով չէր անցնում ''այդ բանը''... «Օ, երևի նա սոսկալի դժբախտ է... Նա թողել է մորն ու քրոջը։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է եղել։ Նա ի՞նչ մտադրություններ ունի։ Ի՞նչ էր ասում իրեն, Սոնյային։ Համբուրեց իր ոտքը և ասաց (այո, նա այդ պարզ ասաց)... որ առանց իրեն էլ չի կարող ապրել... օ, տեր աստված»։
Սոնյան ամբողջ գիշերն անցկացրեց տենդի ու զառանցանքի մեջ։ Երբեմն նա վեր էր թռչում, լալիս էր, հեծկլտում, մերթ էլի տենդային քուն էր մտնում ու երազում տեսնում էր Պոլեչկային, Կատերինա Իվանովնային, Լիզավետային, ավետարանի ընթերցումը և նրան․․․ նրան իր գունատ դեմքով, վառ աչքերով․․․ Նա համբուրում է իր, Սոնյայի ոտքերը, լալիս է․․․ օ, տեր աստված։